Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պատվիրակության անդամները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։   Նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:    
18:36 - 27 հոկտեմբերի, 2022
«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ

«Պաշտպան հայրենյաց»․ գործադիրն առաջարկում է ներդնել պարտադիր զինվորական ժառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ

Նախատեսվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որը կոչվելու է «Պաշտպան հայրենյաց»։ Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։  Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։  Նրա խոսքով՝ նոր ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի․ «Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն։  Պայմանագիրը կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սամանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը։ Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինածառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը»։  Պապիկյանը հավելեց՝ ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայում ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36 ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ․-ի հունվարին։ Սուրեն Պապիկյանը առաջարկեց նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի։ Պաշտպանության նախարարը հավելեց, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ այստեղ նույնպես կան որոշակի փոփոխություններ․ «Դա այն ծրագիրն է, որ բուհեր ընդունվում են, կնքվում է պայմանագիր, և ուսումնառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,-նշեց Դումանյանը։  Պապիկյանն էլ արձագանքելով ասաց՝ չի շտապի գնահատական տալ ու ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի․ «Բայց, ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որը նաև մեր իրավապահ համակարգի գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է, այն կարելի է լավարկել, բարելավել»։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ խորհրդակցությունների ժամանակ բազմիցս այդ խնդրին անդրադարձել են․ «Ես այսպիսի մի միտք շատ կարևոր եմ համարում։ Ընդհանրապես, ցանկացած երկրում սպայական դասը պետության կարևորագույն հենասյուներից մեկն է, և մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանվարժ են, գիտնական են, ինժեներ են։ Եվ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ։ Սա անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ՝ 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է, որովհետև սպայական դասը բոլորովին ուրիշ երևույթ է, և սպայական դասը պիտի լինի սպայական դաս»։  Փաշինյանը հայտարարեց նաև՝ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկում են, որ Հայաստանում պետք է, պայմանական ասած, սպայական կրթական հաստատություն լինի․ «Այն սովորական բուհերից կտարբերվի, չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի։ Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, և պետության կայացման և պետության ինտիտուտների և պետականակենտրոն խավերի ձևավորման խնդիր է»։
11:33 - 27 հոկտեմբերի, 2022
Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|

Եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու նախագիծը դեռ մշակված չէ, ընդունված չէ․ ՊՆ խոսնակ |hraparak.am|

hraparak.am: Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաև ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։  ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ, մշակված չէ, ընդունված չէ։ Երբ պատրաստ լինի, կհրապարակեն։ Այս պահին հայտնի էլ չէ, թե երբ է պատրաստ լինելու։ Հիմա երկամսյա հավաքներ են, որը մինչև նոյեմբերի 22-ն է տևելու։ Իսկ մյուս վարժական հավաքների մասին կառավարությունն արդեն առանձին որոշում կկայացնի։
09:26 - 18 հոկտեմբերի, 2022
Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան
 |1lurer.am|

Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից, դրանք դարձնել 25-օրյա: Նա տեղեկացրեց, որ կարգը շուտով կլինի, դրա մասին կհայտարարվի: «Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Դա լինելու է ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Պետությունն ունի պարտավորություն, և տրամաբանական է դա. բացի մշտական, կանոնավոր ԶՈՒ-ից՝ մենք ունենք պահեստազոր: Պահեստազորը պետք է ժամանակ առ ժամանակ պատրաստվի: Հին համակարգով մենք անում ենք եռամսյա հավաքներ: Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ այդ գործը պատշաճ չէր արվել, և մենք դրա հետևանքները տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում: Խնդիրն այն էր, որ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել: Որոշեցինք իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, որովհետև մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիրներ են լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն: Սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են: Հետագայում եկանք եզրակացության, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, և պետք է հավաքները դարձնել մեկամսյա»: Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։ «ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։
11:08 - 13 հոկտեմբերի, 2022
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կրկնապատկվել. բանակում կամավոր ատեստավորում է մտնում
 |news.am|

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կրկնապատկվել. բանակում կամավոր ատեստավորում է մտնում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին: Ներկայացնելով փաթեթը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սրանով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաև նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: «Ատեստավորման արդյունքում հավելավճար ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ: Այդ դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ստանալու օրվանից: Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող  պյմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ նախագծերի փաթեթի ընդունում համարվում է անհետաձգելի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս նախաձեռնությունը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է. «Բայց այս դեպքում էլ մենք պետք է արձանագրենք, որ անցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում: Հենց օրենքը մտնի ուժի մեջ, կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը: Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողը կստանա աշխատավարձի կրկնապատկում եւ գուցե ավելին: Այս պրոցեսը կլինի շարունակական»,-ասաց Փաշինյանը:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:
09:42 - 11 հոկտեմբերի, 2022
 Ֆրանսիայի պաշտպանության նախարարը  վերահաստատել է Ֆրանսիայի պետական դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի պետական դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։   Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։   Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։
15:30 - 28 սեպտեմբերի, 2022