Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը․ «Սիրելի զավակներ Մեր,Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ: Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։ Պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազում փորձություններ է դիմագրավել, երբեք չի ընկրկել դժվարությունների առջև և միշտ դրսևորել է հաղթանակներ կերտելու անպարտելի ոգի ու զորություն։ Մեր հայրերը համբերել են նեղությունների, արիությամբ հեռու են վանել վախն ու հուսահատությունը, մահվանը հաղթել Քրիստոսի Հարության շնորհով ու հավատով և կերտել փառապանծ հաղթանակները հայրենի մեր երկրի։ Ճշմարիտ է ասված. «Քաջերի սերունդները քաջերն են»։ Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավառ օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը մեր ժողովրդին և հայրենիքին։ Նույն քաջությունն ու հերոսությունը դրսևորում են նաև հայոց բանակին խիզախ մարտիկներ պարգևած սիրասուն ծնողները: Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին։Այսօր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, ժխտական կեցվածքը մարդասիրական հրադադարի հանդեպ, վերջնագրային դիրքորոշմամբ բանակցությունների խափանումը, Արցախի բնակավայրերի ու բնակչության հրետակոծումը և պատճառած բազմաթիվ ավերներն ու մարդկային կորուստները, Արցախի հարցը ռազմական ուղիով վճռելու նկրտումները, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմությունը բավարար են փաստելու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները։ Խաղաղության ու ազատության ձգտումներում մեզ աջակից է Աստված, ով մեր հոգու և հավատքի զորությամբ, ինչպես առաքյալն է ասում, Քրիստոս Հիսուսով հաղթություն պիտի պարգևի (հմմտ. Բ Կորնթ. Բ 14): Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր։ Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանց փառապանծ ոգուն և անմահ սխրանքին։ Հայրական Մեր պատգամն ենք ուղղում նաև հոգևոր սպասավորներին, հայոց բանակի գնդերեցներին՝ քաջալերելու և ոգեշնչելու ազգիս զավակներին հայրենյաց պաշտպանության պայքարում, հավատքով զորացնելու մեր ժողովրդին և աղոթք ու ջանք բերելու մեր ընդհանուր հաղթանակին։ Արդ, ազգովի, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, միաբան և համախումբ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության։ Եվ ինչպես որ մենք ենք ոգեշնչվում մեր հերոս նախնիներով և առանձնակի հպարտությամբ արտաբերում պատմահոր խոսքերը, այնպես էլ գալիք սերունդները պիտի հռչակեն, որ քաջերի սերունդներն են, զավակները՝ հերոսական ժողովրդի։ Մեր սրտաբուխ աղոթքն է, որ անկոտրում լինեն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հաղթանակի կամքն ու վճռականությունը, ամուր՝ թիկունքը, և զորավոր՝ ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան զինվորի։ Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը պահի, պահպանի ու ազատի մեր ժողովրդին չարի փորձություններից, երևելի և աներևույթ թշնամիներից և շնորհի խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին և համայն ազգիս հայոց, այսօր և հավիտյան. ամեն»։
19:41 - 25 հոկտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հայոց Հովվապետն ընդգծել է, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելել է՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։ Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։ Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցել են նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։
16:23 - 20 հոկտեմբերի, 2020
Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետևանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին

Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետևանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին․ - Ձերդ Սրբություն Կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ: - ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները՝ բացահայտ աջակցությամբ Թուրքիայի և վարձկան գրոհայինների։ Ակնհայտ նպատակ է հետապնդվում ամեն գնով հայաթափել Արցախը, վերացնել հայկական ներկայության բոլոր վկայությունները, ինչը մեր ժողովրդի նկատմամբ կատարվեց նաև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում։ Ձեռագիրը նույնն է։ Ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, խաղաղ բնակչության ռմբակոծումն ու հրետանակոծությունը, խաղաղ բնակավայրերի հետևողական ավերումը, նաև թիրախավորումը եկեղեցիների և մշակութային հուշարձանների՝ այդ առնչությամբ բոլոր միջազգային պարտավորությունների անտեսումով։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես տեսնում ենք, չի հանդուրժում և պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ առիթ չընծայելով անգամ Կարմիր Խաչին կատարելու՝ ռազմի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու իր հանձնառությունը։ Այո՛, այս գործողությունները Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության, այդ եզրի ողջ բովանդակությամբ։ - Քրիստոնյա հայերը պե՞տք է վախ ունենան: - Մեր ժողովուրդը քաջ և խիզախ է, միասնական ու վճռական։ Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջև՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի։ Սակայն խաղաղասեր մեր ժողովուրդը դա արել է պաշտպանելու իր ինքնությունն ու գոյությունը, իր արարածն ու ստեղծածը, իր սրբությունն ու մշակույթը։ Մեր արիությանը վախկոտություն և վախ երբեք չի խառնվել, որովհետև թիկունքում եղել է հայրենիքը, հայրենի քաղաքն ու գյուղը, մատուռն ու վանքը, հարազատ օջախը, սիրելի անձինք։ Մեր ժողովուրդը մահվան աչքերին հարության հույսով ու հավատով է նայել և երբեք չի վարանել իր արյունը հեղել։ Այդ արյամբ է սրբագործված մեր հայրենի հողը, այդ արյամբ է իրականություն դարձել դարերով փայփայած անկախությունը։ Այսօր Արցախի մեր ժողովրդի պայքարը ազատ ու անկախ կյանքով ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու համար է, պայքար է հանուն արդարության։ Այս օրերին մենք ականատեսն ենք նույն ոգու և գիտակցության, երբ մեր ողջ ժողովուրդը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի տարբեր երկրներում հնարավոր բոլոր միջոցներով իր ձայնն է բարձրացնում, լծվում նոր համազգային պայքարի հանուն արդարության։ Այդտեղ վախ չկա և չի կարող լինել։ - Ինչպե՞ս է կազմակերպվում Հայ Եկեղեցին օգնելու համար Լեռնային Ղարաբաղի փախստականներին, որոնք մեծաթիվ ժամանում են Հայաստան: - Հակամարտության սրացման այս օրերին, բնականաբար, Հայոց Եկեղեցին իր հերթին միջոցներ ձեռնարկեց զորավիգ լինելու արցախահայությանը։ Արցախի ժողովրդի կարիքների համար Սուրբ Էջմիածնի կողմից նախ կես միլիոն գումար փոխանցվեց բացված հատուկ հաշվեհամարին, նույն նպատակով Մեր կողմից կոչ ուղղվեց աշխարհասփյուռ մեր թեմերին ու համայնքներին՝ կազմակերպելու դրամահավաքներ։ Արդեն իսկ նվիրատվություններ ստացվում են Մայր Աթոռում, որոնք ևս փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ի զորակցություն հայ զորականների և Արցախի՝ մեր բոլոր համայնքներում ժողովուրդը հոգևոր հովիվների գլխավորությամբ հումանիտար օգնություն է հավաքում և պատկան կառույցների միջոցով առաքում Արցախ։ Պատճառվող ավերածությունների հետևանքով բազում արցախցիների հարկադրված են եղել թողնել իրենց տները, շատերը մնացել են անտուն։ Բազում մարդիկ, թողնելով ռազմական գործողությունների շրջանները, փոխադրվել են Հայաստան և այժմ կարիք ունեն իրենց բազմապիսի խնդիրների լուծման։ Այս առումով Հայոց Եկեղեցին ևս որոշակի քայլեր ձեռնարկել է։ Մայր Աթոռում և նաև մի շարք թեմերում առկա համապատասխան կառույցներում ապաստան է տրվել նման ընտանիքների, ապահովվել է անհրաժեշտը նրանց ապրուստի համար։ Նույնը արվել է բազում մեր համայնքներում։ Այս փորձությունը մեր ժողովուրդը բազմիցս է դիմագրավել և այսօր էլ միահամուռ ամենքը զորավիգ են արցախցի իրենց քույրերին և եղբայրներին։ Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում Մեր կողմից նաև հատուկ ցուցումներ են տրվել մեր հոգևոր հովիվներին՝ մասնավոր հովվական խնամք ցուցաբերելու տեղահանվածների, վիրավորների և զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ։ - Երեկ, Պուտինը վերջապես հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարներին: Հավատո՞ւմ եք դիվանագիտական բանակցությունների վերսկսումներին։ - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության առաջին իսկ օրվանից մեծ դերակատարություն են ստանձնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի կողմից այս օրերին գործադրած մեծ ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման և հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ։ Առայժմ խաղաղությունը չի հաստատվել․ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկում՝ խլելով նորանոր անմեղ կյանքեր։ Սա չի կարող ցավ չպատճառել, զոհվում են Աստծո զավակներ՝ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ և բարօր կյանքով։ Աղոթող ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն և նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության։ - Առաջին խնդիրը ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքն՝ Լեռնային ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի: - Մենք չենք բերում պատմական վկայակոչումներ Արցախի հայկական լինելու վերաբերյալ, խորհրդային տարիներին ստալինյան որոշմամբ Ադրբեջանին բռնակցվելու մասին, մինչ Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման և այլ պատմական փաստերի շուրջ։ Մենք դիվանագետ չենք, քաղաքական գործիչ էլ չենք։ Մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, կյանքում արդարության և խաղաղության կարևորության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են։ Մարդու ազատ ու անկախ իրավունքի պաշտպանությունը այդ սիրո դրսևորումն է։ Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետևանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության, Լեռնային Ղարաբաղը հայաթափելու ձգտման։ Այսօր դա վերստին փաստվում է Ադրբեջանի վարած ռազմական գործողությունների բնույթով։ Այսօր աշխարհը ավելի և ավելի խոսում է մարդու իրավունքների կարևորության մասին։ Որտե՞ղ է արցախցին և նրա իրավունքը այս հակամարտության մեջ, թե՞ մենք միայն խոսում ենք տարածքների մասին, բայց ոչ մարդու։ Ո՞ւր է արդարության իրագործումը սեփական կյանքի, հայրենի հողի վրա դարերով արարված մշակույթի ու սրբավայրերի համար պայքարող այդ ժողովրդի նկատմամբ։ Եվ ի վերջո ի՞նչ գին պետք է վճարվի խաղաղության համար։ Այս հարցերին պետք է պատասխանի միջազգային հանրությունը և այդտեղից կբխի նաև Ձեր հարցի պատասխանը։ - Սառը պատերազմի այս բոլոր տարիներին Դուք ունեցե՞լ եք հարաբերություններ ադրբեջանական իմամների հետ գոնե միջկրոնական խաղաղության համար: - Հարկ է նշել, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, զորավիգ լինելով արցախահայությանը արդար իր իրավունքի պաշտպանության, ԼՂ խաղաղ և ապահով կյանք երաշխավորելու գործում, տարբեր ծրագրերով ու քայլերով հակամարտության առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի սկզբնավորվեց և շարունակում է գործել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների ձևաչափը։ Վերջին քսան տարիներին Մենք քանիցս ենք մասնակցել այդ հանդիպումներին՝ վերահաստատելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը և միաժամանակ կոչ ուղղելով կողմերին հիմնախնդիրը միմիայն խաղաղ միջոցներով առաջնորդել հանգուցալուծման: Ցավոք, եղել են նաև բազում պարագաներ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից կրոնական հիմնավորումներով երկրորդվել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, հնչեցվել մեր հանդիպումներում արձանագրվող խաղաղասեր ձգտումներին հակասող ելույթներ։ - Ռմբակոծվեց Շուշիի մայր տաճարը, Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքը: Ադրբեջանական հրթիռները, սակայն, նույնիսկ չհպվեցին վերջերս Հայաստանի կողմից վերանորոգված մզկիթին: Որքա՞ն ծանր (հանցագործություն) է խոցել պաշտամունքի վայրերը: - Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից հստակ թիրախավորմամբ ու ծրագրավորված կերպով երկիցս հրետակոծության ենթարկվեց ու մեծապես վնասվեց Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին։ Սա կրոնակամշակութային արժեքների հանդեպ անհանդուրժողականության և վանդալիզմի դրսևորում է։ Սա սրբապղծություն է, դատապարտելի մի վարքագիծ, որ մեզ հայտնի է ոչ հեռավոր անցյալից։ Ադրբեջանի իշխանությունների՝ կրոնամշակութային արժեքների ոչնչացման այս ավանդական դարձած քաղաքականության հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայ քրիստոնեական հնագույն մշակույթի մեկ տասնյակ հազարից ավելի պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։ Ցավով ենք արձանագրում, որ ժամանակին աշխարհը լուռ մնաց։ Տարիներ անց նույնը կրկնվեց Մերձավոր Արևելքի երկրներում։ - Ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունից: - Գիտա-տեխնիկական զարգացման շնորհիվ այսօր աշխարհն անհամեմատ փոքրացել է, և որևէ միջադեպ կամ հակամարտություն աշխարհի ցանկացած ծայրում չի կարող աննկատ անցնել և կամ իր ներգործությունը չունենալ պատմության հերթական շրջափուլի վրա։ Ներկա աշխարհի զարգացումներում դժվար է անտարբեր մնալը, քանի որ որևէ հատվածում պատճառվող ցավը, տառապանքը, տեղ գտնող անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը մահաբեր են դառնում այլևս ողջ մարդկության համար և անարձագանք մնալու դեպքում դառնում են նաև մարտահրավեր՝ նետված Արարչին և մարդկային բարոյականությանը։ Միջազգային հանրությունը, առաջադեմ երկրները իրենց վճռական դիրքորոշմամբ պետք է աջակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբին և կասեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացները, նաև ահաբեկչական-ծայրահեղական ուժերի խմորումները, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետի և ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ Մեր համոզումն է, որ ստեղծված իրավիճակում հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ՝ այդպիսով երաշխավորելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Այս է սպասելիքը մեր բարեկամներից, այս է հրամայականը՝ ծառացած քաղաքակիրթ ողջ աշխարհի առջև, բոլոր նրանց առջև, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ ցեղասպանության։  
09:55 - 20 հոկտեմբերի, 2020
Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ 
վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Ամենայն Հայոց Կաթոցիկոսի կոչը․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց: Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։   Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։ Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն»։
19:18 - 14 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը և միտումնավոր ռմբակոծությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատապարտող հայտարարության մեջ ասված է. «Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։ Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։ Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։ Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին»։
22:28 - 08 հոկտեմբերի, 2020
 Սուրբ Գայանե վանքում կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների

Սուրբ Գայանե վանքում կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի________Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որհաղթում է աշխարհին` մեր հավատը»(Ա Հովհ. Ե 4):Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Այսօր մեր եկեղեցիների նվիրական կամարների ներքո, մեր տներում, աշխատանքի վայրերում ի սփյուռս աշխարհի, միասիրտ ու միահոգի՝ զորակցության մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված Արցախ աշխարհի խաղաղության, մեր քաջարի զորաց և զորականաց հաղթության և մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը ամեն մի հայի սրբազան առաքելությունն է: Այս առաքելությանն ենք լծված բոլորս մեր կյանքով ու ծառայությամբ, մեր սրբազան հայրենիքի պաշտպանության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ խաղաղություն ունենալու համար պիտի պայքարենք։ Մեր ժողովրդի ու հայրենիքի համար վճռական այս օրերին մենք հաստատակամ ու աներեր ենք՝ մեր հերոս նախնիների նույն նվիրումով, քաջությամբ և ոգու արիությամբ պաշտպանելու հայրենիքը և ազատ ու անկախ կյանքի իրավունքը։ Ոչ մի ուժ չի կարող սասանել մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը, որը զորացնում է ազատության համար մարտնչող հերոս մեր զավակների բազուկները և ամրացնում նրանց հոգին։ Հայոց բանակի արիասիրտ մարտիկները, Արցախ մեկնած բազում կամավորներ այս պահին էլ դիմակայում են Թուրքիայի հետ համատեղ իրականացվող Ադրբեջանի հարձակումներին և թեժ մարտերում ետ մղում հակառակորդին։Սիրելիներ, հաղթանակը որոշվում է ոգու ամրությամբ ու արիությամբ և անպարտելի հավատքով, որով միշտ զորեղ է եղել մեր ժողովուրդը՝ օրհասական պահերին իր ազատամարտերը պսակելով փառավոր հաղթությամբ։ Մեր միաբանությամբ, անպարտելի ոգով ու հավատով պիտի հաղթահարենք փորձություններն ու նեղությունները, և Աստծո օրհնությամբ ազգս հայոց պիտի շարունակի զորացնել իր պետականությունը, բազմապատկել խաղաղ կյանքի ձեռքբերումները, որոնցով անկախության այս տարիներին շենացել է Հայաստան և Արցախ մեր հայրենիքը։ Ոգու ուժ և եռանդ, տոկունություն և հաղթանակներ մեզ և Արցախի բարեպաշտ մեր ողջ ժողովրդին։Մենք բոլորս քաջալեր ու գոտեպինդ ենք՝ տեսնելով այս օրերին Արցախից սփռվող արիության ոգին, հաղթական ու անպարտելի հավատքը պատերազմական իրավիճակի նեղությունների ու դժվարությունների դիմագրավման մեջ։ Այսօր Պողոս առաքյալի խոսքով ենք գնահատում արցախաբնակ մեր սիրելի քույրերի ու եղբայրների աննկուն կամքը, հանուն հայրենիքի պաշտպանության ու անսասանության անձնազոհություններ հանձն առնելու պատրաստակամությունը և հաղթանակի վճռականությունը. «Մենք ձեզնով պարծենում ենք, …ձեր համբերության ու հավատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք» (Բ Թեսաղ. Ա 4)։Սիրելիներ, Մենք հպարտ ենք մեր ժողովրդով․ իրենց զավակներին հայրենիքին ընծայող մեր հայրերով ու մայրերով, դեպի առաջնագիծ շտապող հայրենասեր երիտասարդներով ու ազատամարտիկներով, հանուն մեր կյանքի անվտանգության ու հարատևության տքնողներով, Արցախին սատարող ամեն մեծ ու փոքրով։ Հպարտ ենք զինվոր ու սպա մեր զավակներով, որ անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և մարտնչում են հաղթանակի անվերապահ հավատով։ Մենք հպարտ ենք մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականության դրսևորումներով, արցախահայությանը օգնական լինելու աշխարհասփյուռ հայության պատրաստակամությամբ և հանձնառություններով, որով պիտի դիմագրավենք թշնամուն և թույլ չտանք իրագործել նոր ցեղասպանություն։Հայրապետական Մեր պատգամն ենք վերստին բերում ձեզ, սիրելի զավակներ մեր ի հայրենիս և ի սփյուռս, զորեղ մնալու հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, ոգով աննկուն ու անվեհեր՝ միասնական ջանքերով ու գործերով ընթանալու դեպի հաղթանակ։ Միասնաբար պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, հզորացնենք մեր անկախ պետականությունը և անվտանգ ու խաղաղ երկիր ավանդենք մեր սերունդներին։Աստծո պահպանությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ զորակցության համազգային աղոթք կատարվեց նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում։
20:45 - 03 հոկտեմբերի, 2020
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Վեհափառը նամակներ է հղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Վեհափառը նամակներ է հղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին

Արցախի շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց եկեղեցու թեմերին և համայնքներին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավոր հանձնարարական է տրվել Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու Հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Վեհափառը նաև հորդոր է ուղղել աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպել հանգանակություններ՝ հավաքված միջոցները ծառայեցնելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախանշված «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման, ասված է հաղորդագրությունում:
16:39 - 30 սեպտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։ Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։ Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվեցին Արցախում տիրող իրավիճակի և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։ Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձավ նույն օրը Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Քույր Եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին և մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին ղարաբաղյան հակամարտության՝ Արդբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մայր Աթոռի կառույցների և թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի և հայոց բանակի։ Թեմակալ առաջնորդներին կփոխանցվի Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք և հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին։ Կարևոր նկատվեց թեմերում հոգևոր հովիվների քաջալերությունը և զորակցությունը զինվորագրվող  և Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական կառաքվի նաև սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զորակցելու ցուցումներով։ Որոշվեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։ Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում։
19:18 - 28 սեպտեմբերի, 2020
Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Վատիկանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ»,-հայտնել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակմամբ միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։ «Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։ Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար»,-նշել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
15:42 - 27 սեպտեմբերի, 2020
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների. Գարեգին Բ

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը կոչով դիմել է ժողովրդին. «Հայորդինե՛ր, Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։ Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։ Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»:
11:58 - 27 սեպտեմբերի, 2020
Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

 |armenpress.am|

Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը |armenpress.am|

armenpress.am: Զվարթնոցի տաճարում Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ: Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով: Նախորդ տարի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Գլխավոր մրցանակը ստացել էր թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:
20:15 - 21 սեպտեմբերի, 2020
ԱԺ նախագահը և Գարեգին Բ-ն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին

ԱԺ նախագահը և Գարեգին Բ-ն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում եւ հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության: Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի եւ պետության առջեւ, եւ այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարեւոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Այս առումով Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին: Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ եւ այդ գործակցությունը նաեւ իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում: Արարատ Միրզոյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության եւ ազգի հավերժության ապահովումն է:
14:46 - 08 սեպտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։
13:34 - 05 օգոստոսի, 2020