Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ և ԱՄՀ միջև վարկային համաձայնագրի նախագիծը |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև վարկային համաձայնագրի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանը միայնակ չի եղել իր խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են մեր գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մեզ հետ է ներդրումային հանրույթը, պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել։ Եվ այս նախագծով մենք շարունակում ենք մեր երկարատև համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ 2019 թվականին ԱՄՀ հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ։ Եվ ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում մենք կօգտվենք ԱՄՀ կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից։ Եվ համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ միջոցներն ավելի մեծ չափով կարող են հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 206 մլն-ն արդեն հասանելի է։ Իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի հավանություն տրվի այդ վարկային համաձայնագրին»,- ասաց Ջանջուղազյանը։ Ֆինանսների նախարարը նշեց, որ նախորդ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրում կանխատեսվում էր ընդհանուր տնտեսական աճ և յուրաքանչյուր երկրում տնտեսական աճ։ Մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ նույն երկրներում կլինի անկում։ Եվ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանախատեսվել։«Հետևաբար այս իրավիճակը, որը պայմանավորված է համավարակի ազդեցությամբ, չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա։ Եվ այդ տեսակետից Հայաստանը բացառություն չէ, և Հայաստանի դեպքում ևս ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի մեծացման։ Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում։ Հետևաբար, դեֆիցիտի մեծացումը ինքնաբերաբար կհանգեցնի նաև պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
13:23 - 04 հունիսի, 2020
ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ: Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն: Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:  Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը: Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:52 - 04 մայիսի, 2020
Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու |armenpress.am|

Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի արդյունքում տուժած ոչ մի քաղաքացու՝ անգամ չգրանցված աշխատողի խնդիր անուշադրության չի մատնվելու, կառավարությունը պարզապես քննարկում է քաղաքացուն որպես տուժած գնահատելու չափորոշիչները, աջակցության ձևը: Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ նիստում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:  Զոլյանը նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալու առաջարկը գնահատեց պոպուլիստական: Նա նախարարին առաջարկեց պարզ, ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչու է Մարուքյանի առաջարկը վտանգավոր:  Անդրադառնալով սոցիալական աջակցությանը՝ Ջանջուղազյանը վերահաստաստեց կառավարության մոտեցումը՝ բոլոր նրանք, որոնք համավարակի արդյունքում տուժել են, ուշադրության կենտրոնում են, քննարկվում են բոլոր հնարավոր և անհնար առաջարկները: «Կարևորն այն է, որ դա հնարավոր լինի ընդունել, գնահատել և գալ այն եզրակացության, որ խնդիրն առաջացել է համավարակի պատճառով: Մեր մտադրությունն այն է, որ ոչ մեկ չպետք է դուրս մնա իրականացվող, հրապարակված միջոցառումից, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անցյալ 1-2 տարում չեն անսացել հորդորին՝ գրանցվել աշխատելիս, պարտավորությունները պատշաճ կատարել: Բայց ամբողջ խնդիրը նրանց տեղորոշման մեջ է, նրանց ճանաչման՝ որպես տուժածներ: Շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցներն իմանան, որ անուշադրության չի մատնվելու ոչ մեկի խնդիրը»,-ասաց նա ու նշեց՝ այդ խմբի համար առաջակը կքննարկվի, որոշում կկայացվի, թե որ չափորոշիչներով կճանաչվեն որպես տուժողներ և ինչպիսի սոցիալական օժանդակություն ցույց կտրվի: Նախարարը շեշտեց՝ ոչ մի անգամ ըստ էության չեն ասել, թե կա օժանդակության անհրաժեշտություն և դրա համար չկան միջոցներ: Նա նշեց՝ այդ օժանդակությունը կլինի գանձապետական միասնական հաշվի մնացորդներից, թե ներգրավվող միջոցների հաշվին, կարծում է, որ քաղաքացուն չի հետաքրքրի: Դրանք ավելի շատ հետաքրքրում են մասնագիտական շրջանակներին: Զոլյանը նկատեց՝ ստացվում է, որ եթե գնան այն ճանապարհով, որ օրինակ 500 հազար մարդու գումար տան՝ անկախ նրանից՝ նրանց մի մասը դրա կարիքն ուն, թե ոչ, դա կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ: Ջանջուղազյանը արձագանեց՝ բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան դրականը, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև հոգեբանական և բարոյական:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին: Ջանջուղազյանն արձագանքել էր՝ նշելով, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի: Իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, ինքը կարծում է, որ դրա ճանապարհն այն է, ինչը կառավարությունն ընտրել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունը: Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել և հաստատել է 14 միջոցառում, որոնցով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ առանձին անհատների:
13:05 - 29 ապրիլի, 2020
Բավարար չափով ճկունություն ենք տալիս. բյուջեի օրենքի փոփոխությունների մասին |armenpress.am|

Բավարար չափով ճկունություն ենք տալիս. բյուջեի օրենքի փոփոխությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կառավարությանը ծախսեր կատարելու առումով ճկունություն է տրվում միայն համավարակի հետ կապված միջոցառումների իրականացման համար: Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ ապրիլի 29-ի նիստում նախագծի քննարկմանը: Նա նկատեց, որ պատգամավորների շրջանում կա տարընկալում, թե առաջարկվող նախագծում սկզբունքորեն վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը, որը կապված է բյուջեի կատարման նկատմամբ վերաբերմունքի արտահայտությանը: Նա ընթերցեց նախագծի առանցքային հատվածները, որպեսզի փորձի փարատել պատգամավորների մտահոգությունները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,-ասաց Ջանջուղազյանն ու վստահեցերեց՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն այն միջոցառումներին, որոնք կապված են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով իրականացվող միջոցառումներին: Նա վստահեցրեց, որ խոսքը չի վերաբերում բյուջեով նախատեսված մնացած բոլոր միջոցառումներին:  «Այս նախագծով չենք գեներացնում անկառավարելի ռիսկեր, ճիշտ հակառակը՝ տալիս ենք բավարար չափով ճկունություն՝ համարժեքորեն արձագանքելու ստեղծվող և սպասվող զարգացումներին՝ այն տրամաբանությամբ, որ առկա է ներկա անորոշության պարագայում»,-եզրափակեց նախարարը:
11:54 - 29 ապրիլի, 2020
Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:
17:43 - 28 ապրիլի, 2020
Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը

 |armenpress.am|

Ջանջուղազյանն անխուսափելի է համարում արտաքին պարտքի ավելացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շարունակում է դասակարգվել ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, սակայն  ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Առաջարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում: Այդ 324 մլրդ դրամի պակասուրդի ֆինանսավորման համար մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերներից, Համաշխարհային բանկից և մեր մնացած բոլոր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկային պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավումը որպես տարբերակ դիտարկում ենք:  Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա շեշտեց՝ ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում հենց այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին: Այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է սցենարը: Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ձևակերպմանը՝ Ջանջուղազյանն ասաց՝ առաջարկվում է, որ կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեքորեն արձագանքելու համար ծագող իրավիճակներին՝ այդուհանդերձ ունենալով որոշակի սահմանափակում: «Այդ սահմանափակումը տվյալ դեպքում պետական բյուջեի դեֆիցիտի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը»,-ասաց նա:
19:27 - 23 ապրիլի, 2020
2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան

2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ․ Ատոմ Ջանջուղազյան

2019 թակականի արդյունքներով մենք արձանագրել ենք, որ այն նպատակները, որ ունեին հարկաբյուջետային քաղաքականությունը  և պարտքի կառավարման ռազմավարությունը՝ իրականացվել են։ Մասնավորապես մեզ հաջողվել է ունենալ՝ տնտեսական աճի բարձր տեմբերի պարագայում, համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն և մենք ձևավորել ենք այն միջավայրը, որը թույլ է տվել ունենալ որոշակի հարկաբյուջետային տարածք նոր պարտք ներգրավվելու և ներգրավված պարտքի միջոցով հակզդելու այն բացասական սպասումներին, որոնք ակնկալվում է փոփոխված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին 2019 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքումա ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։  Վերջինս նշեց, որ 2019 թվականին ներդրվել է ծրագրային ձևաչափը և 2019 թվականի բյուջեի մասին օրենքում արդեն բյուջեի ծախսային մասը ներկայացված է եղել ծրագրային ձևաչափով։  «2019 թվականին առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները  մաս դարձան բյուջեի և ինչպես հայտնի է հաշվետու տարվա ընթացքում այդ հաշիվները դադարեցին գոյություն ունենալ։ 2019  թվականին մենք ունեցել ենք տնտեսական միջավայրի այնպիսի փոփոխություն, որ մենք համոզված ենք, որ նպաստում ենք մրցունակության աճին։ Ուղղակի հարկերի  բեռի փոփոխությունը պոտենցիալ է ձևավորում,որ զարգանա տնտեսությունը և տնտեսվարող սյուբեկտները»,- նշեց նախարարը։   Ջանջուղազյանն ընդգծեց, որ 2019 թվականի  տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ։ Սա այն պայմաններում, երբ  համաշխարհային տնտեսությւոնն աճել է 2․9 տոկոսով։ Նա նշեց, որ ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը կազմում է 1․6 տոկոս է։ «Տնտեսության աճի մեջ նշանակալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտը՝ 5․2 տոկոսային կետով և արդյունաբերությունը՝ 1․9 կետով։    Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1․4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձն աճել է 5․8 տոկոսով»,- հավելեց նախարարը։ Ըստ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալների ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շոիրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։ Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ։ «Հաշվետու տարվա դիֆիցիտը կազմել է 64 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 1 տոկոսը, դա ավելի ցածր է քան ծրագրային ցուցանիշն էր։Պարտքի ցուցանիշը նույնպես եղել է կանխատեսելի միջակայքում ։ Ընդհանուր պետական պարտքը 2019 թվականին եղել է 7 միլիարդ 324 միլիոն դոլար։  Ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8․2 տոկոս, շուրջ 1․2 տոկոս քիչ, քան 2018 թվականին։Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ  1 տրիլիոն 464 միլիարդ դրամ»,- եզրակափակեց Ջանջուղազյանը։
14:51 - 23 ապրիլի, 2020