Հայոց ցեղասպանություն

Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին |armenpress.am|

Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել: Նամակում  ասվում է. «Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա»: Նախագահը շեշտել է, որ արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի, քանի որ հայ համայնքը շատ խորը արմատներ է գցել իրենց երկրում, միասին են մեծացել: «Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը:Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»,-նշել է Ֆերնանդեսը:
19:26 - 24 ապրիլի, 2021
Վարչապետը և Կիպրոսի պաշտպանության նախարարը կարևորել են բազմաոլորտ գործընկերության զարգացումը

Վարչապետը և Կիպրոսի պաշտպանության նախարարը կարևորել են բազմաոլորտ գործընկերության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրոսցի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրներն ունեն ընդհանուր արտաքին մարտահրավերներ, և Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ գործընկերության խորացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության: Նախարար Պետրիդեսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի նախագահի ողջույնները և պատիվ համարել խորհրդանշական այս օրը Հայաստանում լինելը, բարեկամ հայ ժողովրդի հետ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելը: «Մեր ժողովուրդներն ունեն պատմականորեն ձևավորված սերտ կապեր, ընդհանուր մարտահրավերներ, և մենք հետաքրքրված ենք խորացնելու հայ-կիպրական համագործակցությունը»,- նշել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:     Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:Վարչապետն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է շարունակում մնալ հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը, որոնց Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Նախարար Պետրիդեսը Կիպրոսի զորակցությունն է հայտնել Հայաստանին այս գործում: Կողմերը համակարծիք են եղել, որ ներկայիս իրողությունների և աճող մարտահրավերների պայմաններում պետք է ակտիվ աշխատել՝ բազմաոլորտ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ: Քննարկվել են պաշտպանության, կրթության, տեխնոլոգիաների, ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, հայ-կիպրական համաժողովի անցկացմանը, զբոսաշրջային կապերի խթանմանը, օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, նաև դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությանը վերաբերող հարցեր:
19:14 - 24 ապրիլի, 2021
Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը»։
18:37 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի վարչապետի պաշտոնական կայքից, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է. «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողություններին: Մենք հարգում ենք նաև նրանց հետնորդներին և բոլոր նրանց, որոնք շարունակում են ապրել այդ ողբերգության ցավով, կորուստներով և տրավմայով: Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության անթույլատրելի գինը: Կանադան դեմ է և վճռականորեն դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան: Այսօր մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին և արժեքներին և պարտավորվում ենք շարունակել աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլևս չկրկնվեն: Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով և ոգով՝ աներևակայելի բարդությունների դեմ պայքարում և հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագային: Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել՝ հարգելու համար զոհերի  հիշատակը և նրանց, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»:
18:34 - 24 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենի հնարավոր ներգրավումը մեծ ազդակ է աշխարհի համար. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մաքսիմ Պաշկովսկու խոսքով՝ ցանկացած ցեղասպանություն, որպես ազգային հատկանիշով բռնության լայնածավալ դրսևորում, անդառնալի ողբերգություն է ինչպես ազգի պատմության մեջ, որը տուժել է, այնպես էլ այն ազգի, որն իր պատմության մեջ թույլ է տվել նման հանցագործություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ աջակցում է ցեղասպանության կազմակերպիչների դատապարտմանն ուղղված գործողություններին: «Եթե ապացուցողական բազան հավաքված է, մարդկությունը պետք է սովորի նման ողբերգությունից քաղել առավելագույնը, որպեսզի չկրկնի դրանք ապագայում։ Ինձ, որպես Ուկրաինայի պատգամավոր, դժվար է խոսել թուրքական կառավարության միջազգային որոշումների հեռանկարների մասին, բայց դժվար թե որևէ մեկը վիճարկի հակամարտությունների դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտությունների լուծման գերակա միջոց: Թե ինչի կարող է հանգեցնել ռազմական սցենարի հետ խաղալը, մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել մարդկության պատմության մեջ։ Ռազմական գործողությունները կարող են հակամարտության մեջ ներքաշել երկիրը մինչև այն ժամանակը, երբ նրանք կգիտակցեն, որ պատերազմն ու մահը բանակցությունների վարման մեթոդ չեն»,- նշեց ուկրաինացի պատգամավորը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթը արտասանելու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի համար: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի ներգրավումը նշանակալի ազդակ կլինի աշխարհի շատ ժողովրդավարական կառավարությունների համար՝ իրենց գնահատականը տալու մեկդարյա վաղեմության իրադարձություններին»,- ասաց ուկրաինացի պատգամավորը:
18:15 - 24 ապրիլի, 2021
Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|

Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու որոշմանը: Նա մասնավորապես գրել է. «Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը: Այս ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը վաղուց ուշացել է: Մենք պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե հույս ունենք հետագայում խուսափել դրանց կրկնությունից: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ես միանում եմ Միացյալ Նահանգների հայ համայնքին և հայկական Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, հարգում և հիշում եմ զոհերին, կանգնած եմ վերապրածների ու նրանց ընտանիքների կողքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման այս դժվարին գործում»:
17:50 - 24 ապրիլի, 2021
Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|

Արսեն Ավակովը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապագայում ողբերգության կրկնումից խուսափելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:Աշխարհը ոգեկոչում է սպանված, խոշտանգված, սովից մահացած 1,5 միլիոն մարդկանց հիշատակը, որոնց միակ մեղքը մարդասպանների առջև «սխալ» ազգությունն ու «սխալ» հավատքն էր: Դա մանրակրկիտ և ծրագրված սպանություն էր, որը տևել է 2 տասնամյակ:1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում մեկ գիշերվա ընթացքում, հարյուր հազարավոր մտավորականներ, հոգևորականներ, գրողներ, փիլիսոփաներ և արվեստագետներ ձերբակալվեցին. այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին, նրանք, որոնք կարող էին իրենց ետևից տանել: Նրանք գրեթե բոլորը սպանվել են:Նախապես թուրք զավթիչները զորակոչում էին բանակ և գնդակահարում հայ զինվորականներին: Ցեղասպանության ծրագրի այս երկու փուլերից հետո մնացածները՝ կանայք, երեխաներ, ծերեր, բռնի կերպով քշվում էին իրենց հայրենի երկրից և տարվում էին անապատ: Վերաբնակիչների մեծ մասը մահանում էր սովից և հիվանդությունից: Գրեթե ոչ ոք տեղ չի հասել:Նրանք, որոնք կարողացան փախչել, ցրվեցին օտար երկրներով և ընդմիշտ կորցրեցին իրենց հայրենիքը:Այդ ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և հասարակությունը միայն անհանգստություն էր հայտնում:Դա ձեզ ինչ-որ բան չ՞ի հիշեցնում: ..Քառորդ դար անց Հիտլերը հռետորական հարց էր տալիս. «Ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը»: Պատասխանը Հոլոքոստն էր:Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա սարսափելի և, ցավոք, չյուրացված դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս `1995 թվականին` հայ ժողովրդի ողբերգությունից 80 տարի անց, մեր և ձեր կյանքի ընթացքում:Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի հետո դատապարտել հանցագործությունը, ցանկացած հակամարտության և վեճերի նման «լուծման» անթույլատրելիության մասին հայտարարել և քաղաքական պարտավորություններ ստանձնել:Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է միջազգային մակարդակով`Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից:Հայերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչվել է որպես Ցեղասպանություն և դատապարտվել է 30 երկրի կողմից, այդ թվում ՝ Եվրամիության հիմնական երկրների, 29 նահանգների և շրջանների կողմից:Ողբերգության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականին,  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է հայկական պատարագ: «Չարը քողարկելը կամ ժխտելը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»,-ասել է Հռոմի պապը:Ուկրաինան «Երկնային հարյուրյակի» արյունով է շահել դեպի Եվրամիություն տանող ճանապարհը: Սպանվածներից առաջինը Ուկրաինայի հայրենասեր որդին էր`հայազգի Սերգեյ Նիգոյանը:Հետ մղելով ագրեսիան երկրի արևելքում, պայքարելով իրենց երկրի՝ Ուկրաինայի համար, ուկրաինահայերը կյանքը զոհել են զինված ուժերում, Ազգային գվարդիայում, ՆԳՆ-ում, կամավոր գումարտակներում»,-գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:
16:57 - 24 ապրիլի, 2021
Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք. ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավոր Պավել Շպերովը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պատգամավորներ Տատյանա Կուսայկոն ու Յուրի Արխարովը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը: Ռուս խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: Տատյանա Կուսայկոն նշել է, որ ամբողջովին համաձայն է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ նա հայերի սպանությունը համարում է Ռուսաստանի անձնական ցավը. «Թանգարան այցելությունն ինձ վրա թողեց ծանր տպավորություն, եւ հենց այս պահին շատ հուզված եմ խոսում: Հասկացա, թե ինչքան կարեւոր է ամբողջ աշխարհի համար բարեկամությունն ու խաղաղությունը, որ չկրկնվի մարդկության հանդեպ այսպիսի հանցագործությունը: Հայերի հանդեպ կատարվածը շատ ծանր դաս է, որը մենք պետք է հաղթահարենք եւ դասեր քաղենք»,-ասել է նա: ՌԴ ԴԺ Պետական դումայի պատգամավորներն այցելեցին նաեւ Երեւանի քաղաքապետարան`մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր եւ գորգեր, ինչպես նաեւ Շուշիում տպագրված առաջին գրքերը: Ցուցահանդեսում ընդգրկվել են լուսանկարներ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:
16:49 - 24 ապրիլի, 2021
Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար |1lurer.am|

Անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ. Լիբանանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: v> Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Ուեհբին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ իր պետության և ժողովրդի համերաշխությունը հայտնելով Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը:   Նամակում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ դուք եք Հայ դատի կրողը և պահպանում եք այն ապագա սերունդների գիտակցության մեջ, վստահ եղեք, որ կարող եք մշտապես ապավինել Լիբանանի բարեկամությանն ու աջակցությանը, ինչպես նաև մեր ժողովուրդների համերաշխությանը: Ապրիլի 24-ին եկեք հիշենք, որ անարդարությունը երբեք տևական չէ, ոչ էլ անպատժելիությունը՝ հավերժ»:   Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարն ընդգծել է նաև, որ «պատմական այս հանցագործությունը ցավալի և ողբերգական դաս է՝ այլևս երբեք թույլ չտալու դրա կրկնությունը»:
16:26 - 24 ապրիլի, 2021
Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին. Քերոլայն Քոքս

Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին. Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմել է ուղերձով: «Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով: Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94-ին և 2020-ին: Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին: Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերը Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակել է Քերոլայն Քոքսը:  
16:07 - 24 ապրիլի, 2021
Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինի պետությունների համար. Արցախի ՄԻՊ

Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինի պետությունների համար. Արցախի ՄԻՊ

Այսօր ոգեկոչում ենք 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Հայոց մեծ եղեռնը հանցագործություն էր մարդկության և քաղաքակրթության դեմ, ուստի դրա ճանաչումն ու դատապարտումը չեն կարող դուրս մնալ քաղաքակիրթ մարդկության իրավական օրակարգերից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Ցեղասպանության ճանաչումը ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և համայն հայության պատմական հիշողության, ազգային և անձնային ինքնության անբաժանելի մասն է և նրանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքը: Անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան խուսափել է սեփական պատմության հետ առերեսվելուց, խոստովանելու և զղջալու կատարած հանցագործության համար, պատասխանատվություն ստանձնելու 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանության և նրանց սեփականությանն ու գույքին ապօրինի տիրանալու համար: Ավելին՝ իր ժխտողական քաղաքականությամբ մշտապես գործել է հայ ժողովրդի իրավունքների և կենսական շահերի դեմ: Սրա ամենավերջին ապացույցը 2020թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի անմիջական քաղաքական և ռազմական աջակցությունն էր Ադրբեջանին և նրա օժանդակությամբ վարձկանների հավաքագրումն ու ներգրավումը ռազմական գործողություններին: Մարդու, նրա իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործության ճանաչումն ու դատապարտումը չպետք է թաղվեն քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակահարմարությունների ներքո, քանզի պատմությունն ապացուցում է, որ դրանց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա համար Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինեն պետությունների և միջազգային կազմակերպությունների համար. հետևողական դատապարտման ճանապարհով է հնարավոր միայն բացառել նման հանցագործությունների կրկնությունը աշխարհում»:
15:55 - 24 ապրիլի, 2021
Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ |armenpress.am|

Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը կոչ է արել չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Այս մասին Վոնդրաչեկն ասել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ իր ուղերձում:   «Այսօր մենք նշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգերի զանգվածային կոտորածների 106-րդ տարելիցը: Ես անհամբեր սպասում էի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին, սակայն, ցավոք, համաճարակային իրավիճակն ինձ խանգարեց այն իրականացնել: Բայց ես հավատացած եմ, որ կայցելեմ Հայաստան և, իհարկե, կլինեմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշել է Վոնդրաչեկը: Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը շեշտել է, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների պարտքն է հիշել ու չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի  Պատգամավորների պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից վերահսկվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ իրագործված մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելիս, հիշատակել է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, ինչպես նաև՝ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները։ «Միևնույն ժամանակ, Պատգամավորների պալատը միջազգային հանրությանը կոչ արեց արդյունավետորեն կանխել աշխարհում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումները և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Ուստի թույլ տվեք ինձ՝ այս ուղերձով իմ համերաշխությունը հայտնել ողջ հայ ժողովրդին»,- եզրափակել է Պատգամավորների պալատի նախագահը:
15:29 - 24 ապրիլի, 2021
Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան կոչ է արել չմոռանալ 106 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակիցներին: Այս մասին Աիրոլան ասել է իր տեսաուղերձում, նշելով, որ ինքը հայ ժողովրդի կողքին է:   «Կայսրություն, ազգ և ազգայնականություն, կեղծավորություն, իշխանություն, որի զոհն է դարձել մարդկությունը՝ թափելով անմեղության արյուն և թաղվելով մութ պատմության մեջ հավերժ ջնջելու համար հիշողությունը։ Ես չեմ թվի այն երկրների ցանկը, որոնց պահանջվեց 106 տարի արտաբերելու ցեղասպանություն բառը և պաշտոնապես ճանաչելու այն: Այսօր, այդ զոհերն անխնա նայում են մեր աչքերի մեջ և լուսավորում են մեզ հայերի հանդեպ կատարած ցեղասպանության 106-րդ տարելիցի և նախկին ոճրագործությունների առիթով։ Այսօր անզեն տղամարդկանց, կանանց և երեխաների հանդեպ կատարած անմարդկային դաժանությունների հիշատակման օր է»,- նշել է Աիրոլան: Իտալիայի Սենատի անդամը հավելել է, որ այսօր, վաղը և գալիք օրերին աշխարհը չպետք է մոռանա կազմակերպիչներին՝ Օսմանյան Կայսրությանը և դաշնակիցներին։ «Մի ոճրագործություն, որը մեզ ցույց է տալիս՝ ինչպես  կանխամտածված կերպով բնաջնջել մարդկանց։ Նույնը տեղի է ունեցել հոլոքոստի և մարդկության դեմ այլ հանցագործությունների դեպքում։ Մենք հայ ժողովրդի հետ ենք հոգով և սրտով, բայց նաև այն վճռականությամբ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն՝ հանուն խաղաղության և ինքնահարգանքի»,- եզրափակել է Իտալիայի Սենատի անդամը:
15:23 - 24 ապրիլի, 2021