ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

armenpress.am: Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։  Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։  «Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։  ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.  «Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։ Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է. «Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։ 
13:32 - 20 օգոստոսի, 2020
Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|

Ուկրաինան դուրս եկավ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ԱՊՀ-ի յոթ պայմանագրերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան դուրս Է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Oգոստոսի 19-ին այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել Է վարչապետ Դենիս Շմիգալը:«Մեր կառավարությունը շարունակում Է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել Է նա:Նախարարների կաբինետի որոշման համաձայն, որն ընդունվել Է միաձայն, Ուկրաինան, մասնավորապես, դուրս Է եկել «Ռադիոնավիգացիա» միջպետական կոնսուլտատիվ խորհրդից, «ԱՊՀ-ում հառավոր ռադիոնավիգացիոն ապահովման մասին», «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվեցիայի 83 bis հոդվածի գործնական օգտագործման մասին», «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական-փրկարարական ապահովման կազմակերպման եւ իրականացման բնագավառում համագործակցության մասին» համաձանագրերից:Բացի դրանից Կիեւը չի կատարի «Ապօրինի միջամտության ակտերից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման գծով համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխգործակցության եւ համագործակցության սկզբունքների մասին» հուշագիրը: Ուկրաինան նաեւ հրաժարվել Է «Ռադիոնավիգացիա» Միջպետական կոնուլտատիվ խորհրդի բարենորոգմանը մասնակցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:29 - 19 օգոստոսի, 2020
Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»: Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:50 - 14 օգոստոսի, 2020
Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից |armenpress.am|

Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից: Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել Է Ուկրաինայի կառավարությունը: Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել Է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը: 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում Է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: 2018 թվականի մայիսին Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ զբաղեցնում Էր պետության ղեկավարի պաշտոնը, ստորագրեց հրամանագիր Համագործակցության կանոնադրական մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին: 2018 թվականի օգոստոսին ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններին կից Ուկրանիայի ներկայացուչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրանիայի դեսպանության միջոցով: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից: Դրանք են, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության մասին, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակության մասին, գյուտերի իրավական պաշտպանության բնագավառում միջպետական գաղտնիքների պահպանվածության ապահվման մասին համաձայնագրերը, մի քանի հարկային համաձայնագրեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:41 - 12 օգոստոսի, 2020
Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

Մատվիենկոն բանակցությունների կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով․ լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ես՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների կողմից»,- ասել է սենատորը: Նրա խոսքով, Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», - ասել է նա: Սենատորը նշել է, որ դիվանագիտական գծով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Բացի այդ, խորհրդարանական գծով նույնպես ջանքեր են գործադրվում։ «Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակից։ Կանենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք լարվածության և ռազմական գործողությունների սրումը», - ընդգծել է Մատվիենկոն: Ըստ նրա՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ:
16:19 - 15 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին: Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին ևս ներառում է սույն նպատակները: «Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀ-ով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: Արևելյան գործընկերության համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է: «Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում, կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի, տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»։ 
10:12 - 02 հուլիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Տնտեսական խորհրդի անդամները նիստի սկզբում մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում շեշտել է, որ դիմակայության փորձության են ենթարկվել բոլորը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ բազմակողմ միավորումների մակարդակում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հաղթահարելուց հետո երկրները պետք է ապագայում նմանատիպ մարտահրավերների առջև դիմակայունության ներուժի համակարգային, բազմակողմ գնահատում իրականացնեն և դրանց համատեղ արձագանքման միջոցներ ձեռնարկեն: Փոխվարչապետը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: Ամփոփելով խոսքը նա նշել է, որ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա կուտակված փորձը, անհրաժեշտ է դրանով փոխանակվել և համատեղ գործել՝ համավարակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:  
15:24 - 30 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում: Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով: Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:
17:39 - 01 հունիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Խորհրդի հարգելի նախագահ,Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի Սերգեյ Նիկոլայի, Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ:Մեր հանդիպումը տեղի է ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի, և հնարավոր կլինի հանդիպումների անցկացումը դեմ առ դեմ ձևաչափով:Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առջև, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է:Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերը նախաձեռնելու և բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի: Այս կապակցությամբ պատեհաժամ և ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը:Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում:Ելնելով դրանից՝ մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ ևս շարունակել համագործակցության ամրապնդումը՝ մեր երկրների սանիտարա-համաճարակաբանական և ֆինանսա-տնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով:Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետևյալ վիճակագրությունը՝ արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ, և ցավոք, մահացել է 120 մարդ:Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար: Մենք նաև ավելացրել ենք թեստերի, ԹԱՕ սարքավորումների, բժշկական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում:Այնուհետև մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թուլացմանը և, ըստ էության, թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ կանոններին խստագույնս հետևելու պայմանով, որոնց խախտման դեպքում խիստ տուգանքներ են կիրառվում:Զուգահեռաբար, մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաև տնտեսական ոլորտում՝ մասնավորապես հավելյալ իրացվելիություն տրամադրելով բիզնեսին: Այդ իմաստով, կարծում ենք, որ մեր միջոցառումներն ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով: Հարգելի Աբդուլլա Նիգմատովի, Շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու Ձեր նախաձեռնության համար: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպաստակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը: Հարգելի գործընկերներ, Նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով՝ ստիպված ենք արձագանքել:Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը: Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը:Հարգելի գործընկերներ, Վերադառնալով այսօրվա նիստի հարցերին՝ ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձևի և միջպետական հարաբերությունների մեթոդների որոնման դժվարին ուղի:Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված՝ մինչև 2030 թվականը Անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021-2025թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում:Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության ապահովման գործում զգալի ներդրում: Միաժամանակ, չենք կարող ուշադրություն չդարձնել նման համագործակցության փաստացի ձևաչափին:ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ընդունումը հիմնված է միասնական կազմակերպա-տեխնիկական մոտեցումների վրա՝ հիմքում ունենալով դրա զարգացման և կատարելագործման տեսակետերի ընդհանրությունը: Վստահ ենք, որ դրա իրականացումը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման հաշվին:Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում խիստ կարևորելով բազմակողմ համագործակցությունը՝ կողմ ենք ղրղզական կողմի առաջարկին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակման առաջարկին:Մենք մտադրված ենք խորացնել կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը: Մեր կարծիքով, ԱՊՀ-ն զգալի ներուժ ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգի ձևավորման գործընթացում:Այս համատեքստում ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է կադրերի պատրաստման որակը բարձրացնելու մեր ընդհանուր ձգտմանը՝ բարձրագույն կրթական և լրացուցիչ մասնագիտական համատեղ ուսումնական ծրագրերի իրականացման ցանցային ձևի ներդրման միջոցով: Մեր կարծիքով հետագայում դա բարենպաստ ազդեցություն կունենա համատեղ գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման վրա:Ցանկանում եմ նաև վերահաստատել մշակութային բազմազանության պահպանմանը և մշակույթների երկխոսության զարգացմանը մեր հանձնառությունը մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման նպատակով: Այս առումով հույսեր ենք կապում մշակույթի բնագավառում 2021-2025 թվականների համար նախատեսված ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների իրականացման հետ:Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել, որ ԱՊՀ տարածքում համագործակցության շրջանակներում համատեղ գաղափարների և նախագծերի իրականացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները և հնարավորությունները:Մեր կարծիքով, որ այդ ներուժը պետք է լիարժեք օգտագործել՝ ակտիվացնելով ԱՊՀ տարածքում երիտասարդական համագործակցությունը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային կազմակերպությունների միջև:Ամփոփելով ուզում եմ տեղեկացնել, որ հայկական կողմը աջակցում է համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը:Շնորհակալ եմ ուշադրության համար:
17:34 - 29 մայիսի, 2020
Տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, նացիստական ​​տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված դիտարկումների առնչությամբ ԱԳ նախարարը, մասնավորապես, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը կարող է հիմնվել միայն փոխզիջման և կողմերի ստանձնելիք պարտավորությունների համարժեքության վրա: «Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են»: Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրեցին 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:
10:39 - 14 մայիսի, 2020