Փաստերի ստուգում

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Այսօր՝ մայիսի 14-ին, armdaily.am կայքը հրապարակել է «ԱԱԾ-ում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատման դիմումները՝ Քյարամյանի նշանակման դեմ ընդվզում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու համար նրան գնդապետի կոչում են տվել, որը համառորեն թաքցնում են։  «Մինչեւ օրս ԱԱԾ կայքում, ի տարբերություն մյուս տեղակալների, նշված չէ Քյարամյանի կոչումը։ Սակայն առանց այդ կոչման նա չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- գրել է լրատվամիջոցը։ Նախ նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։  Armdaily.am կայքի այն պնդումը, թե առանց գնդապետի կոչման Քյարամյանը չէր կարող նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» վերոգրյալ օրենքի պահանջին, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Բանն այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Հետևաբար կամ շաղկապը հստակ տարանջատում է «․․․մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն․․․» հատվածը՝ «․․․մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։» հատվածից, ինչը ենթադրում է, որ այս երկու պայմաններից որրևէ մեկի բավարարումը բավարար է նորմի կիրառման համար։   Բացի այս՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, իսկ Քյարամյանն, ինչպես արդեն նշել ենք, մինչեւ ԱԱԾ պետի տեղակալ դառնալը՝ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։ Վերոնշյալից կարրող ենք եզրակացնել, որ ՔԿ բարրձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար նրա՝ գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը պարտադիր չէ։ Այսպիսով, armdaily.am կայքի պնդումը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներրին։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անմիջապես հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Infocom.am-ն անդրադարձել է նաև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համապատասխանությանը դա կարգավորող իրավական ակտի էությանը։ Հայարփի Բաղդասարյան
16:15 - 14 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Մայիսի 6-ին անդրադարձել էինք Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու գործընթացին։ Հոդվածում նշել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում սահմանված չէ, թե նույն օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետով նախատեսված գերատեսչությունների, այդ թվում՝ Քննչական կոմիտեի պաշտոնյան որքան պետք է պաշտոնավարած լինի, որպեսզի թափուր պաշտոնի դեպքում տեղափոխվի ԱԱԾ։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Մենք որոշեցինք նաև ներկայացնել, թե երբ և ինչ հիմնավորմամբ է «Ազգային անվտանգության ծառայության» մասին օրենքում ներդրվել 19-րդ հոդվածը, որով հնարավոր է դարձել որոշ գերատեսչություններից դեպի ԱԱԾ ռոտացիոն համակարգը։ Վերոնշյալ օրենքում նշված հոդվածն ավելացվել է 2004 թվականին «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով։ Նախատեսվում էր, որ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: 2004 թվականի դեկտեմբերի 7-ին այդ ժամանակ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Հարցի զեկուցման ժամանակ Մուկուչյանը նշել է, որ այս երեք մարմիններում էլ իրականացվում է ծառայություն, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, որպես այդպիսին նույն ծառայությունն են հանդիսանում, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, օրենքները հնարավոր են համարում ծառայողի տեղաշարժը մի համակարգից՝ մյուսը։ Փաթեթի քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանը նկատել է՝ ԱԱ ծառայությունում հիմնականում կոնսպերացիայի (գաղտնապահություն) լիակատար պահպանմամբ է իրականացվում ծառայությունը։ Նրա խոսքով՝ նմանատիպ ծառայություններ են իրականացվում ոստիկանությունում, նաեւ զինված ուժերում։ Այստեղ, ըստ արդարադատության նախկին փոխնախարարի, որեւէ պատահական նշանակում բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում պաշտոնի համար սահմանված է ինչպես պարտադիր կրթություն, այնպես էլ տվյալ մարմնում համապատասխան պաշտոնում աշխատելու եւ՛ պաշտոն զբաղեցնելու խնդիր, եւ՛ որոշակի ժամանակահատվածով այդ պաշտոնը զբաղեցնելու խնդիր․ «Բոլոր այն ծառայությունները, որոնք պահանջում են նաեւ կոնսպերացիայի պահպանում, այդ գաղտնագործության ռեժիմի հետ աշխատանք, բնական է, ծառայության նշանակվելուց հետո անձի վրա արդեն լիարժեք կերպով տարածվում են այդ սահմանափակումները»,- նիստի ժամանակ ասել է Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ ռոտացիայի իրականացումը հենց այս մարմիններում է, որովհետեւ երեքն էլ, ըստ էության, նույնաբնույթ ծառայություն են իրականացնում։  Բացի այս՝ արդարադատության փոխնախարարի հիմնավորմամբ՝ երեք մարմիններում ռոտացիոն համակարգը թույլ կտա խուսափել կամայական մոտեցումներով պայմանավորված նշանակումներից, կապահովվի տվյալ մարմնում պրոֆեսիոնալիզմի արմատավորումը։ 2008 թվականին դարձյալ փոփոխություն է կատարվել վերոնշյալ երեք օրենքներում։ Ազգային ժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության այդ ժամանակվա նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է, որ օրենսդրական այդ 3 ակտերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ դրանցում միասնականության սկզբունքը բավարար չափով ապահովված չէ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու պայմաններից մեկը համարվել է առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելը, մյուս երկու ծառայության տեսակների մասին օրենսդրական ակտերում պարտադիր է համարվել ոչ թե նվազագույնը 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, այլ վերջին 3 տարում: Եւ քանի որ նշյալ պայմանները տարբեր իրավիճակներ են, կառավարությունն առավել ընդունելի ու հիմնավորված է համարել առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու տարբերակը․ «Սա ունի որոշակի տրամաբանություն այն իմաստով, որ եթե որեւէ հատուկ պետական ծառայող, որը առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր պաշտոն եւ ընդմիջել է, զբաղեցրել է որեւէ այլ տեսակի պաշտոն` ընտրովի պաշտոն, ասենք` ԱԺ պատգամավոր կամ պետական ծառայության այլ տեսակ, նորից կան հիմքեր՝ նրան վերադարձնելու հատուկ պետական ծառայության․ սա բնավ չի նշանակում, որ նրա պրոֆեսիոնալ, մասնագիտական պատրասվածությունը դրանից նվազել է: Հակառակը, շատ հաճախ այլ ծառայության մեջ գտնվելիս կամ այլ պաշտոն զբաղեցնելիս այդ անձը ձեռք է բերում լրացուցիչ որակներ, այդ թվում նաեւ` մասնագիտական, որը անտեսել չի կարելի»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը: Հենց այս նկատառումով էլ առաջարկվել է 3 օրենսդրական ակտերում ամրագրել միատեսակ մոտեցում՝ հիմք ընդունելով ոչ թե ծառայության վերջին 3 տարիները, այլ առնվազն 3 տարվա ծառայության ստաժը:  Նախագծերի նույն այս փաթեթով եւս մեկ փոփոխություն է առաջարկվել․ 3 մարմինների միջեւ ռոտացիոն համակարգին ավելացել են նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու քրեակատարողական ծառայության մարմինները։ Նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հստակեցրել է, որ քրեակատարողական ծառայությունը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացիական չեն համարվում, այլ հատուկ պետական ծառայություններ են՝ խիստ պայմաններով առանձնահատկություններով եւ զինվորական ծառայությանը հավասարեցված ընթացակարգերով։ Օրենքում հաջորդ փոփոխությունը կատարվել է 2016 թվականին։ Այս փոփոխությամբ թափուր պաշտոնի դեպքում ռոտացիան հնարավոր է ոչ միայն վերը նշված գերատեսչություններից, այլ նաև քննչական կոմիտեից և հատուկ քննչական ծառայությունից։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինվել են «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ» բառերով։ Օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, այն ժամանակ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի  նախագահ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ վերջին տարիներին մենք ձեւավորեցինք  նոր համակարգեր, մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, որոնց աշխատակիցների տեղափոխման հնարավորությունը՝ ազգային անվտանգության ծառայություն, որոշ իմաստով սահմանափակվել է, քանի որ օրենքով  ուղղակիորեն նախատեսված չէ, որ  ազգային անվտանգության համակարգում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այս համակարգի աշխատակիցները կարող են տեղափոխվել ազգային անվտանգության համակարգ։ «Պետք է չմոռանանք, որ ազգային անվտանգության մարմինները նաեւ իրենց վերապահված գործերով իրականացնում են նաեւ հետաքննություն եւ նախաքննություն, եւ հնարավոր են նաեւ անցումներ՝ քննչական կոմիտեից ազգային անվտանգության  ծառայության համապատասխան քննչական մարմին, եւ ոչ միայն քննչական մարմին, նրանք կարող են տեղափոխվել այլ օպերատիվ ստորաբաժանումներ եւ իրականացնել այս մարմիններում իրենց առջեւ դրված պարտականությունները» ,- մասնավորապես ասել էր Նահապետյանը։ Նա նաև հավելել էր, որ փոփոխությունը լուծում է առաջադրված այն խնդիրը, եւ տալիս է կադրերի տեղափոխման համար լայն հնարավորություն, մեկ համակարգից մյուսը։  «Այդ իմաստով  կարծում եմ՝ ազգային անվտանգության համակարգը փորձառու կադրերով համալրելու նոր հնարավորություն ենք ընձեռում»,- զեկուցման ժամանակ նշել էր Կորյուն Նահապետյանը։ 2016 թվականին թվականի փետրվարին, սակայն, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնին նշանակելու համար որպես միջանկյալ օղակ օգտագործվեց դատախազի տեղակալի պաշտոնը՝ 9 օրով։ Այս անգամ էլ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար օգտագործվեց քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը։ Երկու դեպքում էլ գործընթացն օրենքին չի հակասում, սակայն օրենքի բուն էությունը չի պահպանվել։ Ինչպես տեսանք վերը նշված քննարկումներից՝ ազգային անվտագության մարմիններում ռոտացիոն համակարգի հնարավորություն նախատեսելու նպատակը ոչ թե նշված գերատեսչություններում բարձրագույն պաշտոնները՝ որպես միջանկյալ օղակ օգտագործելն է եղել, այլ տվյալ պաշտոնյայի՝ այդ ոլորտում փորձառություն ունենալը։ Նկարագրված դեպքերում ո՛չ Գեորգի Կուտոյանը, ո՛չ էլ Արգիշտի Քյարամյանը չունեին փորձառություն տվյալ պաշտոններին նշանակվելու համար։ Արփի Ավետիսյան
15:31 - 14 մայիսի, 2020
«Ջրվեժ» անտառպարկում իրականացվող շինարարությունն ապօրինի չէ․ մրցույթը հայտարարվել է դեռեւս նախորդ տարի

«Ջրվեժ» անտառպարկում իրականացվող շինարարությունն ապօրինի չէ․ մրցույթը հայտարարվել է դեռեւս նախորդ տարի

Օրեր առաջ՝ մայիսի 4-ին, մամուլում տարածվեց տեղեկություն, թե Կոտայքի մարզում՝ Ջրվեժի այգում, որը, ըստ հրապարակման, համարվում է հատուկ տարածք-արգելոց, ինչ-որ անձինք ծառահատումներ են իրականացնում եւ հանգստի գոտիներ են կառուցում։ Ի պատասխան դրան՝ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը պարզաբանում տարածեց, որ լուրն ապատեղեկատվություն Է և որ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Ջրվեժ» անտառպարկն արգելոց չէ, այլ անտառպարկ։  Ըստ նախարարության հայտարարության՝ օրենքով սահմանված կարգով անցկացվել են վարձակալության մրցույթներ, որոնց հաղթողներն այժմ իրականացնում են պայմանագրային պարտականություններից բխող բարեկարգման աշխատանքներ, այդ թվում նաև՝ հազվագյուտ ծառատեսակների տնկում։ Նախարարության վստահեցմամբ՝ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են: Փորձեցինք պարզել, թե նախարարությունը երբ է հայտարարել մրցույթը եւ ինչ ընթացք է ունեցել այն։ ՇՄ նախարարության կայքում մրցույթի հայտարարությունը տեղադրվել է դեռեւս 2019 թվականի հունիսի 22-ին՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի՝ 59 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման համար։ Ըստ մայիսի 8-ին ՇՄ նախարարությունից ստացած պատասխանի՝ մրցույթին մասնակցել են 6 ընկերություն եւ անհատ ձեռնարկատեր, այդ թվում՝ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ, «Բեքստեյջ» ՍՊԸ, «Ինտուրիստ Արտ» ՍՊԸ, ԱՁ Գեւորգ Մնացականյան Աշոտի, եւ ֆիզիկական անձինք՝ Խաչատրյան Շավարշ Նորիկի, Թումիկյան Վահագն Միսակի։ Մրցույթում հաղթող են ճանաչվել «Բեքստեյջ» եւ «Արմենիան Հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Վերոնշյալ տարածքների վարձավճարները տարեկան կտրվածքով կազմում են՝ «Բեքստեյջ» ՍՊԸ-ինը 1․742․592 ՀՀ դրամ, իսկ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ինը՝ 4․818․156 ՀՀ դրամ։ Ըստ նախատեսվող ծրագրի՝ վարձակալության տրվող տարածքներում հիմնականում իրականացվելու են էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ անտառտնկման աշխատանքներ՝ համագործակցելով կրթական եւ մշակութային հաստատությունների հետ։ Շինությունների կառուցման ընթացքում ծառեր չեն հատվելու, տնկվելու է շուրջ 3000 ծառ եւ թուփ, տարածքի ռելիեֆի փոփոխություն չի կատարվելու, իրականացվելու է միայն տարածքի ուղղում եւ հարթեցում։ Ընդհանուր առմամբ, համաձայն ներդրումային ծրագրերի, նախատեսվում է իրականացվել 941․300․000 ՀՀ դրամի ներդրում։ Ի հավելումն հայտնենք, որ պետական գնումների համակարգում նշված գնման ընթացակարգի մասին տեղեկություն չկա։ Էլեկտրոնային ձեւով գնումների կատարման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2013թ․ դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2017թ․ որոշման համաձայն՝ նախատեսված է, որ պետական կառավարման մարմինները, պետության հիմնարկները, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով, իրենց գնումները կարող են իրականացնել էլեկտրոնային ձեւով՝ օգտվելով պետական գնումների armeps.am համակարգից։ Բայց քանի որ որոշումը չի սահմանափակում ոչ առցանց գնումների իրականացումը, այս գնման պարագայում Հայտերը ընդունվել են Ջրվեժ համայնքի ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում։ Այսպիսով կարող ենք փաստել, որ տեղեկություները, թե «Ջրվեժ» անտառպարկում իրականացվում է ապօրինի շինարարություն եւ ծառահատում, իրականությանը չեն համապատասխանում։
17:28 - 13 մայիսի, 2020
Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել: Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։ Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից: Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով: Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։ Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․ «Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։ Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։  Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։ Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։ Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։  Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։ Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։ ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։ Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։  Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։  Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։  Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի:  Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։  Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։  Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։ Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։ Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։ Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․ «Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։ Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․ «Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։  Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․ «Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։  Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։ Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․ «Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։ Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։ Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան
16:37 - 11 մայիսի, 2020
Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Մայիսի 6-ին Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի տապալումը իրեն չի փրկի» վերտառությամբ նյութ, որտեղ ասվում է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառելու մասին նախագծի մերժումը վարչապես Նիկոլ Փաշինյանին ապահովագրելու համար է։ Կայքը, մասնավորապես, հետաքրքրական է համարել, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել գործադիրի կողմից։ Նյութի հեղինակի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումները երերուն են, սակայն դրանց մեկնաբանությունը հոդվածագիրը թողել է իրավաբաններին։  Հեղինակը ներկայացրել է, իր խոսքով, հարցի քաղաքական կողմը՝ գրելով, որ անձամբ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար․ «Հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել»,- ասված է նյութում։ Զերծ մնալով կառավարության հիմնավորումների վերաբերյալ իրավական գնահատականներից՝ ստորեւ ներկայացնում ենք օրենսդիրի նպատակը, նախագծի քննարկման ընթացքն ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու փաստարկները։ Ապրիլի 30-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» վերը հիշատակված նախագիծը։ Ինչպես արդեն նշեցինք՝ դրանով Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն։ Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է կոնկրետ ժամանակահատված, ապա այլեւս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու նրան պատասխանատվության ենթարկելը։ Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, այն թիրախները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները, եւ դրանց արդյունքում մարդկությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանությունը՝ ՔՕ-ն բացառություններ է նախատեսել առանձին հոդվածների մասով։ Օրինակ՝ ցեղասպանությունը, որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակը հիմք չէ դրանում մեղադրվող անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։ Պետրոսյանի խորին համոզմամբ՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաեւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, քանի որ սա, ըստ նրա, այն հոդվածն է, որում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար պետությունը չպիտի ճանաչի ժամկետներ։ Այսպիսով՝ պատգամավորը համաձայն չէ նախագծին բացասական եզրակացություն տված կառավարության հիմնավորումների հետ։ Իսկ կառավարությունն առաջարկել է անփոփոխ թողնել ՔՕ համապատասխան հոդվածները՝ ընդգծելով, որ քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները որպես քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ։ Գործադիրի պնդամբ՝ հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը։ Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է նաեւ, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների այն շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է, եւ այդ ցանկում ներառված չէ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Այդպիսի քրեական օրենսդրություններ ունեցող երկրներն են, օրինակ, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Լիվան, Լատվիան, Հունգարիան, Վրաստանը, եւ այլն։  Գործադիրը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի՝ 1968 թվականի նոյեմբերի 26-ի  «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել՝ անկախ կատարման ժամանակից՝ վաղեմության ժամկետներ չսահմանել Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ, որոնց թվում չեն սահմանադրական կարգի դեմ ուղղղված հանցագործությունները։  Գեւորգ Պետրոսյանը կառավարության այս փաստարկին հակադարձել է պնդմամբ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար․ պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգությանը․ «Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է»,- նշել է Պետրոսյանը։ Հանձնաժողովում քննարկումն ընթացել է ոչ թե Պետրոսյանի առաջարկի ընդհանրապես մերժելու տրամադրությամբ, այլ այն առաջարկի կոնտեքստում, որ գուցե պետք է գնալ ընդհանուր վաղեմության ժամկետները վերանայելու ճանապարհով, ոչ թե կոնկրետ հանցագործության դեպքում այն ուղղակի վերացնելու։ Նախագծի ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ նման սոցիալական անհրաժեշտություն չկա միայն մեկ հոդվածի եւ, առհասարակ, այն հոդվածների համար, որոնք մարդկության խաղաղության դեմ չեն ոտնձգում եւ վերաբերելի չեն խոշտանգման դեպքերին։ Այդուհետեւ, հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ՝ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված։ Հիմնավորվել է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին․ «Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ»,- ասված է Հանձնաժողովի բացասական եզրակացության հիմնավորման մեջ: Պետաիրավական հանձնաժողովի այս եզրակացության հիմք հանդիսացող փորձաքննության մեջ էլ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում  համաչափության սահմանադրական սկզբունքին:  Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստանալուց հետո մայիսի 5-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։ Այսպիսով, վերադառնալով Politik.am կայքի հրապարակման բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ նյութից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը միտումնավոր մերժել է նախագիծը, այնինչ, ինչպես պարզ է դառնում ԱԺ հանձնաժողովի նիստից, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, նախագծին կտրականապես դեմ չի արտահայտվել, նույնը նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Ընդ որում՝ վերջիններից ոմանք նույնիսկ ձեռնպահ են քվեարկել նախագծին, եւ ոչ թե՝ դեմ։  Բանն այն է, որ կտրականապես դեմ չլինելու պարագայում էլ կառավարությունը ոչ թե առաջարկել է վերանայել առհասարակ վաղեմության ժամկետները, այլ քննարկվող հոդվածներն ընդհանրապես թողնել անփոփոխ։  Ինչ վերաբերում է նյութի այն հարցադրմանը, թե արդյոք Փաշինյանը չունի՞ մտավախություն, որ այդ հոդվածի ընդունման դեպքում գուցե ինքն էլ կարող էր դատվել, «հատկապես, որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում», նշենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այն չի կարող վերաբերել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը եղած իրադարձություններին ու անձանց, ինչի մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Հետեւաբար, կայքի այս ակնարկը եթե անտեղյակության արդյունք չէ, ապա առնվազն մանիպուլյացիա է։  Հայարփի Բաղդասարյան
14:14 - 08 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Քանի որ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոնշյալ ցանկում ևս առկա չէ, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հաշվի առնելով այն, որ Քննչական կոմիտեն ներառված է վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետում թվարկված կառույցների ցանկում, ինչպես նաև այն, որ ըստ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, ինչն էլ հենց ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պահանջներից մեկն է, Արգիշտի Քյարամյանի՝ այդ պաշտոնում նշանակումը հնարավորություն է ստեղծել նրա՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակումն իրականացնել «օրենքի տառին» համապատասխան։ Քանի որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ նվազագույն պաշտոնավարման ժամկետ, հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Միաժամանակ նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, այս տարվա հունվարին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեորգի Կուտոյանը նախկինում ևս նմանատիպ ընթացակարգով էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Գեորգի Կուտոյանի 2016 թվականի փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 9 օր անց՝ փետրվարի 12-ին, նշանակվել էր ԱԱԾ պետ։  Արփի Ավետիսյան
20:05 - 05 մայիսի, 2020
Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Ապրիլի 21-ին ԲացTV-ի «Բաց երեկո» հաղորդման ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Սերգեյ Ատոմյանը, որոշել են որպես երաշխավոր միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակության մեջ մեղադրվող ամերիկահայ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այնինչ, պատգամավորներից երկուսը՝ Սիսակ Գաբրիելյանն ու Ռուստամ Բաքոյանը, պնդում են, որ իրենք ոչ թե անձնական երաշխավորություն են ներկայացրել, այլ միայն բնութագիր՝ դատարանին առաջարկելով հնարավորության դեպքում փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը։ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանն էլ հաստատում է, որ երաշխավորություն չի ներկայացրել նաեւ Սերգեյ Ատոմյանը։ Ո՞վ է Ստեփան Մարտիրոսյանը 61-ամյա Ստեփան Մարտիրոսյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։ Մամուլի բազմաթիվ հրապարակումներում, սակայն, նրա անունը շրջանառվում է ոչ միայն կինոինդուստրիայի, ոչ միայն վերոնշյալ հափշտակության գործի, այլ նաեւ այլ հանցավոր արարքների վերաբերյալ նյութերում։ Ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1990-ականներին, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ կոկաին տեսակի թմրամիջոցի շրջանառության համար, ապա դատապարտվել է 9 տարի ազատազրկման, սակայն բողոքարկելով դատարանի որոշումը՝ 2 տարի անց՝ 1992 թվականին ազատ է արձակվել:  Իսկ ըստ հափշտակության գործով տուժող Վ․ Գրիգորյանցի փաստաբան Վարդգես Գեւորգյանի ներկայացրած տեղեկությունների (որոնք «Բաց երեկո» հաղորդման ժամանակ հիշատակում է նաեւ Մարինա Պողոսյանը), Ստեփան Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի 1978 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը, հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը, հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ, շորթում, պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը), դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում: 49․045․000 դոլարի հափշտակության քրեական գործը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից խաբեության եղանակով կատարել է 49․045․000 ԱՄՆ դոլար գումարի չափով հափշտակություն։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայում գտնվող բանտում, ապա արտահանձնվել է Հայաստան։  2019 թվականի հունվարի 14-ին Ստեփան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Մարտիրոսյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճից։ Ապրիլի 23-ին պետք է տեղի ունենար Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը, սակայն վերջինիս պաշտպանը՝ Կարեն Բատիկյանը, մեր զրույցում հայտնեց, որ այն հետաձգվել է եւ կկայանա մայիսի 7-ին։ Հենց այս միջնորդության քննության ժամանակ էլ պետք է քննարկվեին պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորություններն ու Ստեփան Մարտիրոսյանի բնութագիրը։ Մարինա Պողոսյանի պնդումը հերքում են պատգամավորներն ու Մարտիրոսյանի պաշտպանը Ինչպես արդեն նշեցինք՝ իրավապաշտպանը հաղորդման ժամանակ հայտարարում է, որ 5 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն՝ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերջինիս պաշտպանը Infocom.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել միայն պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը, իսկ երեք պատգամավոր ուղղակի իր պաշտպանյալին բնութագրող տեղեկություններ են ներկայացրել ու դատարանին խնդրել են ոչ թե անձնական երաշխավարությունը կիրառել որպես խափանման միջոց, այլ կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, օրինակ՝ գրավով, այսինքն երաշխավորել են, որ այդ մարդու անձը բացասական չէ։  Թե ինչ բովանդակություն ունի բնութագիրը՝ Բատիկյանը ներկայացրեց հպանցիկ՝ նշելով, որ գրված է՝ պատգամավորները լրատվամիջոցներից տեղյակ են քրեական գործի մասին, տեղյակ են առաջին ատյանի դատարանի վճռի ապօրինի ձեւակերպումների մասին, Մարտիրոսյանին ճանաչում են՝ որպես հայազգի կինոպրոդյուսեր, որն ԱՄՆ-ում մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որ չի փախչի, նորմալ մարդ է, ու խնդրել են նրա նկատմամբ հնարավորության դեպքում կիրառել գրավ, եւ ոչ թե անձնական երաշխավորություն։  «Եթե պատգամավորը մի թղթի տակ ստորագրում է, պարտադիր չէ, որ դա լինի անձնական երաշխավորություն։ Բնութագիրն ընդամենը անձի վերաբերյալ տեղեկություն է։ Գրավի քննության, խափանման միջոցի քննարկման ժամանակ պարտադիր քննարկվում են նաեւ ամբաստանյալի կամ մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, ամուսնական կարգավիճակը, նախկինում դատվածության հանգամանքը, եւ այլն։ Բնութագրի հիմանական մասը եղել է Մարտիրոսյանի՝ ցեղասպանության ճանաչման գործում կատարած աշխատանքի վեաբերյալ»,- մեր զրույցում պարզաբանեց Բատիկյանը։ Վերջինիս պաշտպանյալն այս պահին Արմավիր ՔԿՀ-ում է, առողջական վիճակն, ըստ Բատիկյանի, այդքան էլ լավ չէ։ Մարինա Պողոսյանի հայտարարությունից հետո պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ինքն անձնական երաշխավորություն չի ներկայացրել, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը չի վճարել ու չի էլ պատրաստվում ներկայացնել նման երաշխավորություն: Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ բնութագիր է ներկայացրել՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում բավականին լուրջ ներդրումը․  «Միևնույն ժամանակ, կցանկանայի զերծ մնալ հստակ տարաբաժանումներից և բառախաղերից՝ կապված բնութագրի, երաշխավորագրի և որևէ այլ միջնորդության հետ, քանի որ էականն այն է, որ վերջնական որոշումն ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ, այնուամենայնիվ, դատարանին է պատկանում: Ավելի կոնկրետ պարզաբանում հարցի վերաբերյալ արդեն իսկ տվել է ամբաստանյալի պաշտպանը»,- հավելեց պատգամավորը: Իսկ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց պարզաբանում՝ գրելով, որ ինքը Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում է անձամբ, ճանաչում է որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի․ «Երաշխավորություն տալով՝ հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես, ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ երաշխավորել եմ միայն իր ներկայանալը՝ վարույթ իրականացնող մարմնին»,- գրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ինքը ենթակա է քրեական պատասխանատվության․ «Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինա Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի՝ 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ»,- եզրափակել է պատգամավորը։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հաղորդման ժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք 5 պատգամավորները ներկայացնո՞ւմ են ողջ խմբակցության դիրքորոշումը․ «Ենթադրում եմ՝ ամբողջ խմբակցությունը քննարկել է հարցը եւ եկել են սրան»,- նշել է նա։ Ապիլի 22-ին Լիլիթ Մակունցը հայտնեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծիք հայտնեց, որ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը խնդրեց ավելի ուշ պատասխանել մեր հարցին, սակայն ժամեր անց նրա հետ զանգի միջոցով կապ հաստատել չհաջողվեց, իսկ նամակը մնաց անարձագանք։ Մյուս պատգամավորները զերծ մնացին հավելյալ մեկնաբանություններից։ Այնուհետեւ, Մարինա Պողոսյանը, ներկայացնելով, թե ինչի մեջ է մեղադրվում Ստեփան Մարտիրոսյանը, ասել է, որ եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ․ «Բայց Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանը լքել է 1985 թվականին, երբ էս երաշխավոր կանգնող պատգամավորները դեռ ծնված չեն եղել, այսինքն չեն էլ ճանաչել, եւ 85 թվականին, լքելով ՀՀ-ն, բնականաբար վերջինս ՀՀ-ի ընդհանրապես կյանքին որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ, որովհետեւ մինչեւ 2017-ը բնակվել է արտերկրում։ Էս մարդը չունի որեւէ բան էս երկրի համար արած, բացի նրանից, որ 49 մլն դոլար յուրացրել է։ Որեւէ գործընթաց, որին մասնակցել է նա, պատգամավորները չէին կարող իմանալ։ Բացի մի հետաքրքիր գործընթացից»,- ասել է իրավապաշտպանը՝ մեջբերելով հրապարկման մի հատված, որտեղ նշված է, թե ինչպես է Ստեփան Մարտիրոսյանը 2006 թվականին գումար հատկացրել ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, ինչի համար պարտավորվել է վճարել  535 հազար ԱՄՆ դոլար։ Ապա Պողոսյանն անդրադարձել է 1978 թվականի որոշանը, երբ Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, արվամոլության, շորթման ու պոռնոգրական առարկաներ պատրաստելու կամ վաճառելու համար։ Մարինա Պողոսյանի ձեւակերպումից, թե՝ «եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ», տպավորություն է ստեղծվում, թե Ստեփան Մարտիրոսյանին այս պահին մեղսագրվող արարքը ոչ միայն խոշոր չափի գումարի հափշտակությունն է, այլ նաեւ վերոնշյալ արարքները, իսկ քաղաքական-քաղաքացիական հարթության մեջ՝ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմամբ զբաղվելու հանգամանքը։ Այսպիսով, Մարինա Պողոսյանի պնդումը, թե 5 պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Ստեփան Մարտիրոսյանի համար, մասամբ ապատեղեկատվություն է, քանի որ միայն 2 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն ու վճարել սահմանված 500 հազար դրամը։ Մյուս երեք պատգամավորները ստորագրել են բնութագրի տակ, որտեղ նշված է եղել, որ Մարտիրոսյանը ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Իսկ Ստեփան Մարտիրոսյանի՝ նախկինում տարբեր հոդվածներով դատապարտված լինելու մասին իրավապաշտպանի հայտարարությունները շփոթեցնող են, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք Մարտիրոսյանին հենց այս պահին մեղսագրվող արարքներ են։ Այժմ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Մարինա Պողոսյանի պնդումներն իրականությանը համապատասխանում են Մարտիրոսյանի՝ նախկինում դատվածություն ունենալու մասով։  Ի հավելումն՝ նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնելը դեռեւս չի նշանակում, որ անձի խափանման միջոցը փոխվում է, այդ միջնորդությունը քննարկվում է դատարանում, բավարարվում է, կամ ոչ։  Հայարփի Բաղդասարյան
16:02 - 25 ապրիլի, 2020
«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել

«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել

Ապրիլի 16-ին՝ 5-րդ ալիք լրատվականի եթերում՝ լրագրող Ագնեսա Խամոյանի հաղորդման ժամանակ, «Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամներ փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը մանիպուլյացիոն եւ ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել։  Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, խոսելով գործող կառավարության՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկած միջոցառումների մասին, անդրադառնում է կառավարության ներկայացրած նախագծին, որով հեռախոսային խոսակցությունների միջոցով հնարավոր վարակակիրների հետ կոնտակտավորներին տեղորոշելու հնարավորություն տրվեց իրավասու մարմնին։ Աթանեսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, թե «Ընդունվեց հեռախոսները հսկելու մասին դրույթը, բայց չընդունվեց կառավարության որոշում, ավելի շուտ՝ ընդունվեց որոշում, որ այս նորմը գործում է, բայց չտարվեց Ազգային ժողով։ Նոր սահմանափակումը եւս պետք է ստանա ԱԺ-ի համաձայնությունը։ Հետեւաբար ամբողջ ինֆորմացիան, որ հավաքել են, ապօրինի է» (10։05-10։40)։ Փաստաբանն իր խոսքի այս հատվածում մի շարք կեղծ պնդումներ է կատարում։ Կառավարությունը չի ընդունել որեւէ դրույթ, որը չի արժանացել ԱԺ-ի հավանությանը, առանց օրենքի ընդուման ընթացակարգի որեւէ նորմ չի գործել։  Իրականում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթ։ Վերջինի համաձայն՝ հնարավորություն է տրվել ֆիքսել հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը։ 31.03.2020 թվականին հեռախոսների միջոցով անձանց տեղորոշման վերաբերյալ այս նախագիծն ընգրկվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ։ Նույն օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս հարցը զեկուցել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նույն արտահերթ նիստում նախագծերի փաթեթը  նախ ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքները։ Ըստ այդմ՝ նախագիծն անցել է սահմանված ընթացակարգով, ԱԺ-ում քննարկվել է երկու ընթերցմամբ,  ապա, օրենսդրության համաձայն, այն ստորագրել է նախագահը։ Բացի այս՝ Աթանեսյանի ձեւակերպումը՝ «հեռախոսները հսկելու մասին դրույթ», եւս խնդրահարույց է, քանի որ դրանից տպավորություն է ստեղծվում, որ հսկողություն է սահմանվել բոլոր քաղաքացիների հեռախոսների վրա, այնինչ, իրավասու մարմինները բջջային օպերատորի տրամադրած տվյալների միջոցով հասանելիություն են ունենալու միայն հնարավոր վարակակրի շփման շրջանակին, եւ ոչ թե, պարզ ասած, սենյակում նստած հսկելու են բոլորի զանգերի ու հաղորդագրությունների շրջանակն ու այդ անձանց տեղադիրքերը։ Հաջորդիվ, ի պատասխան հարցին՝ ոստիկանությունն այդքան ռեսուրներ ունի՞, փաստաբանն ասում է․ «Երբ 2 տարի առաջ հայտարարվեց, որ վերջ, արդեն ամեն ինչ լավ է, ոստիկանության զորքերն ուղարկվեցին սահմանամերձ գոտի։ Ոստիկանության զորքերը ստեղծվել են այլ ֆունկցիաներ կատարելու համար, եւ եթե այդտեղ ծառայողը շատ էր ցանկանում գնալ սահման, կգնար ՊՆ՝ պայմանագրային զինծառայող։ Ոստիկանության զորքը ունի ոչ պակաս նշանակություն պատերազմի կամ աղետների ժամանակ, քան առաջնագծում գտնվող զորքը, որովհետեւ եթե թիկունքում չլինի կարգ ու կանոն, առաջնագծում էլ չի լինի։ Հիմա էդ խնդիրը կա, ո՞վ է հիմա պաշտպանելու կարգը, չեն հերիքում ոստիկանները» (22։03-23։25)։ Երեկ analitik.am կայքի լրագրողը վերոնշյալի մասին հարց ուղղեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանին՝ վերջինիս ասուլիսի ժամանակ։ Մհրյանը չժխտեց, որ փողոցներում քաղաքացիների թիվն ավելացել է, սակայն ընդգծեց, որ ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական եւ կորոնավիրուսի շրջանակներում առկա խնդիրները․ «Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում նույնպես՝ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ նման համաճարակ կարող է լինել, եւ այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, ու ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաեւ հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի ցուցումների հետ»,- ասաց փոխոստիկանապետը։ Իսկ փողոցներում քաղաքացիների թվաքանակի ավելացումը ոստիկանությունը կապում է այն հանգամանքի հետ, որ պարետի որոշումներով որոշակի տնտեսվարող սուբյետկների գործունեության ծավալի մեծացման պայմաններում քաղաքացիները գնում են աշխատանքի ու վերադառնում տուն։ Եթե համեմատենք, օրինակ, ԱՄՆ-ի հետ, այնտեղ ըստ Washington Post-ի՝ Բոստոն, Չիկագո, Չինչինատի, Դալլաս, Հյուսթոն, Մայամի, Մայամի Բիչ, Միլվուակի, Նաշվիլ, Նոր Օրլեան եւ Ֆիլադելֆիա շրջանների ոստիկանական բաժանմունքներում 100-ավոր ոստիկաններ են կորոնավիրուսով վարակվել՝ մարտի 29-ի դրությամբ։ Բացի այս՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով են վարակվել նաեւ հրշեջները, փրկարար ծառայության աշխատակիցները։ Նյու Յորքի ոստիկաններից մեկը հոդվածում նշում է, որ բոլորը ոստիկաններին մեղադրում են ճգնաժամի մեջ, սակայն պետք է հիշել, որ նրանք էլ մարդ են եւ անհանգստանում են իրենց ընտանիքների համար։ Այսինքն՝ առավել մեծ բնակչություն եւ, հետեւաբար, մեր պետությունից առավել շատ ոստիկանական ուժեր ունեցող Միացյալ նահագներում եւս համավարակի օրերին առկա է ոստիկանական ռեսուրսների խնդիր։ Շարունակելով այս պայմաններում ոստիկանության գործառույթների մասին թեման եւ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին՝ 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի մյուս անդամ Անի Հովհաննիսյանը հայտարարում է․ «Նույն այդ ծրագրերի մեջ ոստիկանների համար, ովքեր այս իրավիճակում որեւէ պարտականություն չունեին՝ իրենց առողջությունը վտանգելով ամեն օր փողոցում մոտենալ մարդկանց, չկա որեւէ առանձին միջոցառում» (23։55-24։16)։ Հովհաննիսյանի պնդումը, թե՝ այս իրավիճակում ոստիկանները մարդկանց մոտենալու պարտականություն չունեն, իրականությանը չի համապատախանում։ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի հոդված 16-ի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը: Իսկ ահա այս պայմաններում քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերն ու արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման ձեւաթղթերը ստուգելը կարանտին միջոցառումների մասն է։  Իսկ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 1-ին մասի համաձայն՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովման, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորման եւ նյութական արժեքների պահպանության նպատակով։ Այսպիսով, 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի անդամներից Տիգրան Աթանեսյանը հնարավոր վարակակիրների կոնտակտավորներին հեռախոսների միջոցով տեղորոշելու նախագծի ընդունումը ներկայացրել է այնպես, իբրեւ խախտվել են ընթացակարգեր, եւ թե այն Ազգային ժողով չի տարվել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ Անի Հովհաննիսյանի պնդումը, թե ոստիկանությունն այս իրավիճակում պարտավորություն չունի ստուգել քաղաքացիների տեղաշարժման թերթիկները, հակասում է օրենսդրությանը։ Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
21:26 - 21 ապրիլի, 2020
Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը չի լուծվում․ «Ժողովուրդ» օրաթերթի մեկնաբանություններ չափազանցված են

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ չնայած ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությանը, իշխանության անդամներին հորդորել են «տակից» իրենց նախագծերը առաջ տանել, որպեսզի արտակարգ դրությունից իրենց պլանները չձախողվեն. ՍԴ նախագահի «գահընկեցության» հարցն օրակագում է: Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Վերոնշյալ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստում՝ գործընթացը չձգձգելու նպատակով։ Հոդվածագիրը որպես այս նախագծի նպատակ նշվում է կորոնավիրուսի կանխարգելումից հետո  հանրաքվեն հապշտապ անցկացնելը, հնարավորություն ունենալը ցանկացած ժամանակ արտահերթ նիստ հրավիրել ու իրականացնել «իրենց բոլոր պլանները»՝ ՍԴ-ի հետ կապված։ Նախ նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն թվականի մարտի 16-ին որոշել էր դադարեցնել հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ վերսկսման մասին որևէ հայտարարություն դեռևս չի եղել։ Բացի վերոնշյալը, արդեն իսկ 2020 թվականի փետրվարի 6-ին ԱԺ որոշմամբ ամրագրվել է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է դրվի հանրաքվեի և ընդունվի կամ չընդունվի ժողովրդի կողմից։ Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Այսինքն, մինչև ընտությունները տեղի չունենան, քաղաքացիները նախագծով առաջարկվող փոփոխություններին «Այո» կամ «Ոչ» չքվեարկեն, հետագա ընթացքին վերաբերող օրինագծերը չեն կարող հեղինակի նշած՝ «ՍԴ նախագահի գահընկեցության» հարցը լուծել։ Հետևաբար հոդվածում նախագծի մասին պնդումները մանիպուլյատիվ են։ Նշենք նաև, որ նշված հոդվածի հեղինակը նախագծի մասին մեկնաբանություն էր փորձել ստանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից, ով պատասխանել էր, որ նախագծում ընդամենը մեկ բառ է փոխվում, մեծ փոփոխություն այն չի ենթադրում: Պատգամավորը հավելել էր, որ «Հերթական» բառն են փոխում, որ այնպես լինի, որ արտահերթ նիստի ժամանակ էլ ՍԴ անդամներ ընտրեն։ Արփի Ավետիսյան
14:55 - 09 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է

Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է

Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկի առողջապահական կազմակերպիչն է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ Վերջինս այս օրերին ներգրավված է նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ կազմակերպվող առողջապահական միջոցառումներում։ Այսօր «Հրապարակ» թերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ Արսեն Թորոսյանի միջնորդությամբ Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը ժամանակին անցնում էր մի քանի քրեական գործերով, եւ որի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց էր կիրառվել, նշանակվել է Աղավնաձորի «կարանտինի տնօրենի» պաշտոնում։ Նախ նշենք, որ Նարեկ Վանեսյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ազատվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը խոչընդոտելու համար։ 2019 թվականի ապրիլի 2-ին Վանեսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել էր, որ 2019 թվականի հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարության հիման վրա Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ում (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով հարուցված քրեական գործը այդ տարվա մարտի 29-ին կարճվել է։ Միաժամանակ հավելել էր, որ ինքն այդ գործով չի անցնում և ՀՀ քննչական կոմիտեի կողմից նույնիսկ չի հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։ Սակայն 2019 թվականի մարտին Նարեկ Վանեսյանի նկատմամբ հարուցվել էր այլ քրեական գործ, որով  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ մայիսի 29-ից մինչև 2015թ․ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Իջևան Բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ Ալլա Ասիրյանինց հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։Datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ այժմ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում։ Վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 17-ին, իսկ հաջորդը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 5-ին։ Այսպիսով, ՄԻՊ-ի հաղորդագրության հիման վրա դեռևս նախորդ տարվան հարուցված և կարճված քրեական գործով Նարեկ Վանեսյանը ներգավված չի եղել։ Նրա ներգրավվածությամբ այս պահին կա միայն մեկ քրեական գործ, որը դատաքննության փուլում է և մեղադրական վճիռ դեռևս չի կայացվել։
17:28 - 08 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի «ստեղծող»-ը չի ձերբակալվել․ "Armdaily" լրատվականի հրապարակումը ապատեղեկատվություն է

Կորոնավիրուսի «ստեղծող»-ը չի ձերբակալվել․ "Armdaily" լրատվականի հրապարակումը ապատեղեկատվություն է

Այսօր "Armdaily" լրատվականը հրապարակել է «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը» վերտառությամբ հոդված։ Հղում կատարելով WCVB ալիքին՝ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19 վիրուսի ենթադրյալ ստեղծողը, որը Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերերին է, և որ նա այն վաճառել է Չինաստանին։ Նշվում է նաև, որ սկսվել է նոր կորոնավիրուսի ի հայտ գալու եւ տարածման գործով հետաքննությունը։  Նախ նշենք, որ հոդվածում տեղադրված տեսանյութի ընթացքում ընդհանրապես չի խոսվում կորոնավիրուսի մասին։ Չարլզ Լիբերին, ով Հարվարդի համալսարանի «Լիբեր» հետազոտական խմբի առաջատար հետաքննողն է եղել, ձերբակալվել է դեռևս 2020 թվականի հունվարին։ Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ դոկտոր Լիբերը  մեղադրվում է կեղծ հայտարարություն անելու և Չինաստանի Ուհանի համալսարանի հետ համագործակցությունը ԱՄՆ իշխանություններից թաքցնելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա կորոնավիրուսի մասին, իսկ դոկտոր Լիբերի կողմից կեղծ հայտարարություն անելը  վերաբերում է 2018 թվականի ապրիլին։ Դոկտոր Չարլզ Լիբերի՝ կորոնավիրուսի «ստեղծող» լինելու մասին կեղծ լուրերը Twitter-ում մի շարք օգտատերերի կողմից  տարածվել էին դեռևս 2020 թվականի փետրվարից։ Այսպիսով, "Armdaily" լրատվականի հրապարակումը կորոնավիրուսը ստեղծողի ձերբակալման մասին ապատեղեկատվություն է։  Հրապարակումից 2 ժամ անց "Armdaily"-ն հրապարակել է նաև վերոնշյալ հոդվածի հերքումը։ Ապատեղեկատվությունը՝ նույն բովանդակությամբ, շարունակվում է տարածվել նաև irakanum.am-ի կողմից։
13:25 - 06 ապրիլի, 2020
Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են

Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են

Երեկ նախկին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր «Յանդեքս» համակարգի կողմից հաշվարկված ինքնամեկուսացման ինդեքսին և նշել, որ մեր ցուցանիշը անկում է ապրում և եզրակացրել էր, որ «դրված խնդիրները չեն լուծվում` հակառակ ՀՀ պարետի անհիմն լավատեսական SMS պնդումների»։ Նախ նշենք, որ «Յանդեքս» համակարգն ինքնամեկուսացման ինդեքսը հաշվարկել է Ռուսաստանի առանձին  քաղաքների, ինչպես նաև Երևանի, Մինսկի և Նուրսուլթանի համար։ Ինդեքսն ընդգրկում է երեք միջակայք և դրանց համապատասխան մեկնաբանություն։ 0-2,4 բալ - փողոցում շատ մարդի կան 2,5-3,9 բալ- մարդկանց մեծ մասը տանն է 4-5 բալ - փողոցում մարդիկ չկան Ցուցանիշը հաշվարկվել է` կարանտինի օրերին մարդկանց տեղաշարժը համեմատելով սովորական օրերին մարդկանց տեղաշարժի հետ։ Որպես սովորական օրերին մարդկանց տեղաշարժի ցուցանիշ վերցվել է մարտի 2-5-ի (երկուշաբթիից ուրբաթ) տեղաշարժերի միջինը։ Հիմա անդրադառնանք Երևան քաղաքի բնակիչների ինքնամեկուսացման ցուցանիշին՝ ըստ «Յանդեքս»-ի։ Դիտարկվող ժամանակաշրջանը մարտի 4-ից ապրիլի 2-ն է։ Մինչ ՀՀ-ի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների կիրառումը՝ մարտի 24-ը,  մարտի 15-ին, 21-ին, 22-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են 2,5-3,9 միջակայքում, ինչը նշանակում է, որ մարդկանց մեծ մասը տանն է եղել։ Սահմանափակումների կիրառումից հետո՝ մարտի 25-ից մինչ ապրիլի 2-ը եղել է կայուն, գտնվել է 3,1-3,2-ի միջակայքում, այսինքն՝ մարդկանց մեծ մասը տանն է եղել։ Մարտի 28-ին և 29-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են համապատասխանաբար 3,6 և 4 բալ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 28-29-ը եղել են շաբաթ և կիրակի և մարդիկ, բնականաբար, հիմնականում տանն են եղել այդ օրերին, իսկ «Յանդեքս»-ը կարանտինի օրերի ակտիվությունը համեմատում է սովորական աշխատանքային օրերի շարժի միջինի հետ(մարտի 2-5-ը)։  «Յանդեքս»-ն իր ուսումնասիրության վերջում նշում է, որ ինդեքսը հաշվարկվում է միայն «Յանդեքս» հավելվածից և ծառայություններից օգտվողների համար, կարող է օգտագործվել իրավիճակի մոտավոր գնահատման համար, այլ ոչ՝ ճշգրիտ հաշվարկների։ Վերոնշյալ երկու գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ ինդեքսը չի արտացոլում Երևանի բնակիչների ինքնամեկուսացման իրական պատկերը։ Միաժամանակ, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ «Յանդեքս» հավելվածից լայնորեն օգտվում են տաքսու վարորդները, ովքեր այս օրերին աշխատում են, ապա այս ցուցանիշը կարող է պայմանանավորված լինել հենց տաքսու վարորդների շարժով։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի եզրակացություններն ու գնահատականները,  տրված իրականացվող աշխատանքներին, հիմնված են ոչ ճշգրիտ ցուցանիշի վրա, որը չի կարող դառնալ միանշանակ պնդման հիմք։ Արփի Ավետիսյան
15:12 - 03 ապրիլի, 2020
Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ․ Հայաստանի առցանց շուկան

Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ․ Հայաստանի առցանց շուկան

Ժամանակակից աշխարհում սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութեր վաճառելու համար սոցիալական ցանցերն «ամենահարմար» եւ անվերահսկելի հարթակն են։ ՀՀ ոստիկանությունը եւս վկայում է, որ վերը նշված եղանակով սինթետիկ թմրանյութերի բացահայտման աշխատանքները բավականին բարդ են, քանի որ հանցագործության կատարման տիրույթը (սոցիալական կայք, հեռահաղորդակցման համակարգ, վճարային միջոց) հիմնականում ֆիզիկապես եւ իրավաբանորեն որեւէ առնչություն չեն ունենում Հայաստանի հետ, ուստի օտարերկրյա համացանցային տիրույթում գտնվող թվային ապացույցների հավաքագրման համար անհրաժեշտ է լինում քրեական գործի առկայություն: Ի՞նչ են սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութերը եւ ինչպե՞ս են դրանք իրացվում առցանց տիրույթում Բուսական են խաշխաշը (ափիոնը եւ դրա ածանցյալները), կոկան (կոկաին), հատուկ սնկեր, որոնք պարունակում են պսիլոցին, կակտուսներ, որոնք պարունակում են մեսկալին, էֆեդրա։  Սինթետիկ կամ օրգանական թմիամիջոցներն են հերոինը, մեթադոնը, բուպրենորֆինը, ամֆետամինը, մետամֆետամինը, էֆեդրոնը, ֆենտանիլը, պերվիտինը, ԼՍԴ-ն, ՄԴԱ-ն, էքստազին եւ այլն։ Սինթետիկ թմրամիջոցների շարքին են դասվում մի շարք հոգեմետ նյութեր՝ կետամին, տրամադոլ եւ այլն։ Ըստ կախվածություն առաջացնելու արագության՝ թմրամիջոցները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի՝ «թեթեւ» եւ «ծանր»։ Ըստ առաջացրած ազդեցության՝ լինում են հանգստացնող (սեդատիվ), խթանող (ստիմուլյատոր) եւ ցնորածին (հալյուցինոգեն)։ Սինթետիկ թմրամիջոցներ վաճառող անձինք սովորաբար օգտագործում են “Telegram” սոցիալական տիրույթը։ Հայաստանում եւս ապօրինի այս գործունեությունն իրականացնողները քիչ չեն։ “Telegram”-ի տիրույթում տասնյակի հասնող խմբեր կան, որտեղ վերջիններս մատուցում են իրենց «ծառայությունները»։ Ընդ որում՝ այդ խմբերին հետեւում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ դեռահասներ։ Սինթետիկ թմրանյութեր վաճառող օնլայն այս խանութներն ունեն հատուկ կանոններ՝ նամակագրության, գումարի փոխանցման, գումարի հետվերադարձի, «ապրանքի» հանձնման հետ կապված․ գնորդը չի տեսնում վաճառողին ու փոխանցողին, եւ հակառակը։ Օնլայն խանութները ղեկավարողները հստակ պահանջներ են ներկայացնում գնորդներին՝ մինչեւ գործարքի ավարտը չեկը պահել, նամակագրությունը չջնջել՝ մինչեւ «ապրանքը» ստանալը, առհասարակ չջնջելն առավել «նախընտրելի» է, վաճառողի հաշիվը լիցքավորելիս անպայման նկարել վճարման սարքի էկրանը եւ այլն։ Միայն “Telegram” հավելվածը չէ, որ օգտագործվում է սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցների վաճառքի համար։ Ռուսական “Hydra” տիրույթը եւս հնարավորություն է տալիս առանց անձի նույնականացման՝ գնել թմրանյութեր։ “Hydra” տիրույթ մուտք գործելու համար հղումները տպվում են Երեւան քաղաքի տարբեր փողոցների, բակերի պատերին։ Սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ օգտագործողները սովորաբար զոհն են իրենց իսկ անտեղյակությանը՝ այդ թմրանյութերի բաղադրության մասին։ Ըստ Թմրամիջոցների չարաշահման ամերիկյան ազգային ինստիտուտի՝ հերոինը, կոկաինը, ամֆետամինը, մետամֆետամինը, ԼՍԴ-ն եւ այլ բարձր վտանգավորություն ունեցող թմրանյութեր կարճաժամկետում օգտագործողի մոտ առաջացնում են սրտխառնոց, մկանային թուլության զգացողություններ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, խաթարվում է  արյունատար անոթների աշխատանքը։ Ավելի երկար ժամանակային հատվածում նշված թմրամիջոցները վնասում են կենսական նշանակության օրգանները։ Այս ամենին զուգընթաց՝ խաթարվում է անձի հոգեկան առողջությունը։ Անձը ձեռք է բերում հակասոցիալական վարք։ Այս ամենի հետեւանքով խեղվում են մարդկային ճակատակագրեր, երբեմն՝ անվերադարձ։ Ստորեւ ներկայացնում ենք Infocom-ի երկու զրուցակիցների անանուն հարցազրույցները, որոնց որդիները ինչ-որ պահի օգտագործել են սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ՝ դրանք ձեռք բերելով ոչ միայն առցանց եղանակով, այլեւ՝ առձեռն։ «Հայաստանում գոյություն ունի ընդամենը մեկ նարկոլոգիական կլինիկա, որտեղ այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են»: (Մ․Ն․) Մեր զրուցակից Մ․ Ն․-ի որդին ինքն է ծնողին ասել, որ օգտագործում է թմրանյութեր։  «Խոստովանելուց 2 շաբաթ հետո տարօրինակ հոգեկան վիճակի մեջ էր: Գիտեի, որ տղաս մի քանի տարի մարիխուանա է օգտագործում։ Ոչ մի կերպ հնարավոր չեղավ նրան համոզել կամ պարտադրել դադարեցնել՝ նամանավանդ հաշվի առնելով կանաբիսի օգտակարության մասին համատարած կարծիքը: Ցավոք, նրա մոտ, ինչպես եւ շատերի, մարիխուանան դարձավ «տրամպլին»՝ դեպի սինթետիկ թմրամիջոցներ, որոնք սարսափելի վտանգավոր են»,- նշեց մեր զրուցակիցը։ Որդուն տեղափոխել են արտերկիր, որովհետեւ, ինչպես նշում է Մ․Ն․-ն՝ մեր երկրի բժշկական համակարգը ոչ մի միջոց չունի կանխելու եւ առավել եւս բուժելու թմրանյութային կախվածությունը: Հայաստանում կա ընդամենը 1 նարկոլոգիական կլինիկա, որտեղ, Մ․ Ն․-ի պնդմամբ,  այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են: «Չկա ոչ մի ռեաբիլիտացիոն կլինիկա, որտեղ ժամանակակից աշխարհում օգտագործվող վերականգնվելու եւ լիովին բուժվելու միջոցներ են կիրառվում: Իրավապահ մարմիններին չեմ դիմել, որովհետեւ թմրանյությային կախվածությունը, իմ կարծիքով, հիվանդություն է, ոչ թե հանցանգործություն․ նրանց պետք է բուժել: Երբ տղաս մեկնեց արտերկիր՝ բուժվելու, նրանցից (սինթետիկաներ վաճառողներ, օգտագործողներ,- հեղ․) ոմանք ինձ հարցնում էին նրա մասին, բայց լուրջ անհանգստություն չեն պատճառել», - մեր զրույցում ասաց Մ․Ն․-ն: «Երբ երեխադ դառնում է թմրանյութ օգտագործող, դու դառնում ես կախյալ․․․»։ (Ռ․ Ե․) Մեր մյուս զրուցակիցը՝ Ռ․ Ե․-ն, պատահաբար է հասկացել, որ 18-ամյա որդին թմրանյութեր է օգտագործում։ «Մտքովս չէր էլ անցնում, շատ պատահական հասկացա, աչքերը տեսա, բիբերը, աչքերի գույնը, հասկացա, որ լուրջ խնդիր է, սկսեցի հետեւել սինդրոմներին, իսկ դրանք կհասկանան միայն այն ծնողները, ում երեխաներն արդեն հայտնվել են այս իրավիճակում։ Փորձեցի հանել այդ վիճակից, բայց հետո հասկացա, որ երբ թմրամիջոց են օգտագործում, դա վերածվում է հիվանդության, որը պետք է բուժել»,- մեր զրույցում ասաց Ռ․ Ե․-ն՝ հավելելով, որ հայաստանյան բժշկության մեջ այսօր այդ բուժումը չկա, չկան կենտրոններ, որոնք կզբաղվեն առողջության վերականգնմամբ, մարդկանց հասարակություն վերադարձնելով․ «Մի կանխարգելման կենտրոն ունենք՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, որը, ցավոք, չի կարող լուծել այդ խնդիրը, որովհետեւ, երբ ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, հասկանում ենք, որ այդ կլինիկայով ընդամենը ծածկադմփոց կանենք»։ Ռ․ Ե․-ի խոսքով՝ երբ երեխան դառնում է թմրանյութ օգտագործող, ծնողը դառնում է կախյալ․ «Դիմեցի հոգեբանի, որը ահագին բաներ բացատրեց, ճշգրտումներ արեցի իմ վարքում։ Հիմա չեմ կարող ասել, որ որդուս 100 տոկոսով հանել եմ այդ վիճակից․ թմրանյութ օգտագործողը նախկին չի լինում, բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ դա մի օրվա գործ չէ, դա ողջ կյանքի գործ է։ Քաղցկեղ ունեցողին չեն սպանում, որ ինքը քաղցկեղ ունի, դա հիվանդություն է, պետք է բուժվի, նույնն էլ այս դեպքն է»։ Ռ․ Ե․-ի որդին “Telegram”-ի միջոցով է ձեռք բերել թմրանյութերը։ Ընտանեկան ու հոգեբանական աջակցության շնորհիվ՝ նա համաձայնել է նաեւ իրավապահներին հայտնել իր ունեցած տվյալները՝ առցանց տիրույթում թմրանյութերի առուվաճառքով զբաղվող անձանց հայտնաբերելու համար։ Ռ․ Ե․-ն դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչություն, ԱԱԾ, բայց գործուն քայլեր որեւէ մեկից չի տեսել, որովհետեւ, իր պնդմամբ, ոստիկանությունն աշխատում է 20 տարի առաջվա մեթոդներով․ «Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ, այսօրվա վաճառողն օգտագործում է ահռելի ռեսուրսներ, իրավապահները գուցե չեն պատկերացնում ինչի հետ գործ ունեն։ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում չկա համակարգչային մասնագետ, չկան պրոֆեսիոնալներ։ Մենք եղել ենք 6-րդ վարչությունում, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի պետը խնդրում է լրիվ այլ գործառույթներ ունեցող կիբերհանցագործությունների բաժնի պետին, որ գա ինչ-որ բան նայի»,- պատմեց մեր զրուցակիցը։ Նա ասաց, որ երբ գնացել են 6-րդ վարչություն, այնտեղ որդու ներկայությամբ ասել են, թե՝ «տղադ հիվանդ է, չի բուժվի․․․»․  «Մեր երկրում սա տաբու թեմա է, ոստիկանների համար թմրանյութերից կախվածություն ունեցողները մարդիկ չեն, հիվանդ չեն, որոնք կարող են բուժվել, իրենք համապատասխան գիտելիքներ, հոգեբանական կրթություն չունեն»։ Ռ․ Ե․-ի որդին իրավապահներին տվել է իր ունեցած բոլոր տեղեկությունները, դրանից անցել են ամիսներ, բայց որեւէ նորություն չկա։ Մեր զրույցում նա նկատեց՝ ոստիկանությունը խոսում է մարիխուաննայի առուվաճառքի մասին, բայց վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների մասին՝ ոչ երբեք նույն ինտենսիվությամբ։ Մեր զրուցակիցը 2019 թվականի նոյեմբերին դիմում է ուղարկել նաեւ ԱԱԾ։ Գրավոր պատասխան չի ստացել։ Միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի միջամտության շնորհիվ են պատասխանել։ «Թմրանյութերի բիզնեսը հարատեւ է, քանի իրավապահները չեն կանխարգելում, քանի երկրում չկան վերակագնողական կենտրոններ, որովհետեւ բիզնես անողը գիտի, որ հաճախորդը վեց ամիս կարող է դիմանալ, հետո, միեւնույն է, էլի գալու է։ Հիմա չեմ ուզում պնդել, թե որդիս լիարժեք վերականգնվել է։ Բայց վստահ եմ՝ հնարավոր է դուրս գալ այդ ամենից, եթե կա կուռ ընտանիք, հոգեբանի միջամտություն ու կամքի ուժ։ Կարծում եմ՝ իմ որդին ուզում է բուժվել»,- եզրափակեց Ռ․ Ե․-ն։ 2018-2020թթ. ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 50 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ: ՀՀ ոստիկանությունից 18․03․2020 թվականին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից մշտապես իրականացվում են ուսումնասիրություններ, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համացանցային տիրույթում թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրած անհատական էջերն ի հայտ բերելու ուղղությամբ:  Նշել են, որ թմրամիջոցների վաճառքի հանգամանքները հաստատող փաստական տվյալներ ստացվելուն պես միջոցներ են ձեռնարկվում գործի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-182 հոդվածների կարգով լուծելու համար: Հաստատելով, որ ներկայումս առցանց եղանակով թմրամիջոցների վաճառքը դրանց ապօրինի շրջանառության ամենատարածված եղանակներից է, ընդ որում՝ այդ եղանակով վաճառքն իրականացվում է ինչպես «բաց» համացանցում (սոցիալական կայքեր, հեռահաղորդակցության համակարգեր, առանձին վեբ կայքեր), այնպես էլ, այսպես կոչված՝ «սեւ ինտերնետում» (Darknet)՝ ոստիկանությունից հավելում են, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ համացանցում թմրամիջոցների վաճառքին զուգահեռ ավելանում են նաեւ խարդախության դեպքերը, երբ թմրամիջոց վաճառելու պատրվակով ստեղծվում են անհատական էջեր: Ստորեւ ներկայացնում ենք 2018 եւ 2019 թվականներին ոտիկանության կողմից առգրավված սինթետիկ եւ ամենավտանգավոր թմրամիջոցները՝ ըստ տեսակարար կշռի։ Վերոնշյալ վիճակագրությունից երեւում է, որ 2018 եւ 2019 թվականներին սինթետիկ թմրամիջոցներից հիմնականում առգրավվել են հերոին եւ մետամֆետամին, իսկ բուսական ծանր թմրամիջոցներից՝ ափիոն։ Մնացած բարձր վտանգավորություն ունեցող թմրամիջոցների առգրավվման ծավալները դրանց օնլայն տարածվածության համեմատ՝ բավականին ցածր տոկոս են կազմում։  Սա կարող է պայմանավորված լինել ե՛ւ ոստիկանության կողմից նշված՝ թվային տվյալների անհասանելիության, ե՛ւ ոստիկանության՝ առավել ծանր վնասակարություն ունեցող թմրամիջոցների առուվաճառքը հատկապես օնլայն տիրույթում վերահսկելու լծակների բացակայության հետ։ Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, ոստիկանությունն ինքը փաստում է, որ օնլայն եղանակով թմրանյութերի ապօրինի առուվաճառքի բացահայտման աշխատանքները բավական բարդ են։ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված թմրամիջոցներ իրացնելու եւ պահելու համար Հայաստանի օրենսդրությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված է քրեական պատասխանատվություն՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ մանր չափերով թմրանյութեր պահելու համար՝ վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ կոնկրետ դեպքերի համար։ Մասնավորապես, ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով: Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: ՔՕ 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: ՎԻՎ  օրենսգրքի հոդված 441-ի 1-ին մասի համաձայն՝ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Իսկ նույն արարքները 1 տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով: Եզրակացություն Այպիսով, կարող ենք փաստել, որ այս խնդրի լուծման համար նախեւառաջ կարեւոր է քաղաքացիների իրազեկվածությունը հոդվածում նշված էջերի բուն գործունեության, իրացվող ապրանքների վտանգավորության, իրացնելու եւ պահելու համար նախատեսվող պատիժների մասին։ Միեւնույն ժամանակ պետք է կատարելագործվեն նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների հմտություններն ու հոգեբանական կրթությունը, իսկ պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի՝ վերականգնողական կենտրոնների վիճակը բարելավելու կամ նոր, ժամանակակից հագեցվածությամբ կենտրոններ հիմնելու համար։  Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան
20:27 - 02 ապրիլի, 2020
Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Երեկ tert.am կայքում հրապարակվել է «ԱԳՆ-ն Ադրբեջանի «ջրաղացին ջո՞ւր է լցնում»» վերնագրով վերլուծական հոդված։ Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Արտաքին գործերիի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունում որոշ ձևակերպումներ բավական հակասական են ստացվել։ Հոդվածի հեղինակը՝  «որևէ կերպ չհրահրված խախտում» ատահայտությունը կտրելով ԱԳՆ հայտարարության համատեքստից, ձևակերպում է հռետորական հարցեր նշված արտահայտության վերաբերյալ՝ ասելով, թե արդյոք ձևակերպումից բխո՞ւմ է, որ բացառությամբ այս մեկի՝ մնացսծ նախորդ բոլոր ագրեսիաները կամ թեկուզ դրանց մի մասը հայկական ԶՈւ կողմից ինչ-որ կերպ հրահրված են եղել: Նախ նշենք, որ հոդվածը հրապարակվել է երեկ՝ մարտի 31-ին՝ ժամը 17։57-ին, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  ժամը 16։21-ին արդեն իսկ  մեկնաբանել էր ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը։   ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով, և որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:  Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչ նպատակով է tert.am-ի կողմից այս վերլուծության ժամանակավրեպ հրապարակումը։ Բացի այդ, հեղինակը հենց ինքն է հոդվածում հանդես եկել հակասական մտքերով. մի կողմից եզրակացնում է, որ ԱԳՆ-ի կողմից վերանշյալ ձևակերպումը նշանակում է, որ  եթե ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների ստիմուլի դերում հանդես են գալիս հայկական կողմի ոչ խաղաղասիրական գործողություններից, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսիա է իրականցնում, այլ ընդամենն ինքնապաշտպանվում է: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ Ալիևն արհամարհել է միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ այս բարդ ժամանակներում չսրելու հակամարտություններն ու առավելագույն պացիֆիզմ (խաղաղասիրությու) դրսևորելու: Այսինքն, մի ձևակերպմամբ հեղինակը կասկած տակ է դնում հայկական կողմի խաղաղասիրությունը, իսկ մյուսով փաստում, որ սա Ալիևի հերթական արհամարհանքն էր միջազգային հանրության կողմից խաղաղասիրություն դրսևորելու կոչերին։ «Որևէ ձևով չհրահրված» արտահայտության օգտագործմամբ հայկական կողմի խաղաղասիրությունը կասկածի տակ դնելը ամենևին հիմնավոր չէ, քանի որ ինչպես արդեն մեկնաբանվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, ձևակերպումը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։ Բացի այս, օրինակ՝ ԱԳՆ 2019 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությունում էլ նշվում էր, որ  «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում», սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանական մնացած այլ սադրիչ գործողություններից առաջ հայկական կողմը որևէ լարվածություն է մտցրել։  Հետևաբար, կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ հիշեցնում է հայկական կողմից որևէ լարում չմտցնելու, չհրահրելու մասին, և սա ամենևին չի նշանակում, որ մնացած բոլոր դեպքերում, երբ ԱԳՆ-ն չի նշել միտում չունենալու մասին, ուրեմն հայկական կողմը սադրել է։ Հայտարարության մեջ նմանատիպ ձևակերպումներն ընդամենը ավելի են ընդգծում Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով և միակողմանի հրադադարի ռեժիմը չպահպանելու փաստը։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ tert.am-ի հոդվածում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը մեկնաբանվել է մանիպուլյատիվ,  և հաշվի չի առնվել ԱԳՆ նախորդ հայտարարությունների նույնանման ոճը։   Արփի Ավետիսյան
22:07 - 01 ապրիլի, 2020
Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել

Արդյո՞ք կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց դիահերձումը կարող է վարակիչ լինել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին օրենքում փոփոխությունների կատարելու  նախագիծը: Օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսի հետեւանքով: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ստացել մարտի 30-ին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է,  որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է,  ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում։ Սակայն, ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։ Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների  (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։ ԱՀԿ ուղեցույցում նշվում է, որ այն պնդումը,ըստ որի մարդիկ, որոնք մահացել են վարակիչ հիվանդություններից, պետք է դիակիզվեն, հասարակ միֆ է։ Դիակիզումը մշակութային առանձնահատկությամբ և ռեսուրսների հասանելիությամբ պայմանավորված ընտրություն է։ Ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաև դիահերձողների հանդերձանքին և դիահերձման գործընթացին։  Նշվում է, որ դիահերձողները պետք է ունենան ձեռնոցներ, համապատասխան անթափանց, մենանգամյա օգտագործման հագուստ, բժշկական դիմակ, աչքերի պաշտպանիչ միջոցներ։ Չնայած նրան, որ ԱՀԿ-ի կողմից վերոնշյալ հիգիենայի միջոցառումները սահմանվել են դեռևս 2007 թվականին, սակայն նախագծում կառավարությունը նշում է Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Ինչպես տեսնում ենք միջազգային ստանդարտ որպես այդպիսին ԱՀԿ-ի կողմից սահմանված չէ կորոնավիրուսով վարակակիր անձանց հերձում իրականացնելու համար, իսկ նախագծում նշված հերձում իրականացնելու հնարավորություն չունենալու հիմնավորումը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով ԱՀԿ ուղեցույցում նշված կանխարգելիչ միջոցառումների բնույթը։ Արփի Ավետիսյան
19:10 - 31 մարտի, 2020