ԿԱՐԴԱԼԻՔ

«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

«Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ ու հասկացա, որ քաղցկեղը դատավճիռ չէ». այսօր աշխարհը նշում է քաղցկեղը վերապրածների օրը

Ամեն տարի հունիսի առաջին կիրակին, այս տարի հունիսի 5-ին, աշխարհում նշվում է որպես քաղցկեղը վերապրածների օր: Թեմայի շրջանակում խոսել ենք Աստղիկ Զաքարյանի հետ, ով հաջողությամբ հաղթահարել է մի քանի տարի առաջ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կանանց առողջության կլինիկայում պարբերաբար ստուգումներ անցնող Աստղիկը խոսել է հիվանդության և դրա դեմ պայքարի` իր հաջողության պատմության մասին: -Ախտորոշումն իմանալուց հետո որքա՞ն տևեց շոկն, ու ո՞րն էր առաջին որոշումը: -Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ ես դեռ շոկի մեջ եմ. նոր եմ սկսում հասկանալ՝ իրականում ինչի միջով եմ անցել: Նախ նշեմ, որ իմանալուց հետո շոկը միանգամից չէր: Մեր՝ հայերիս մեջ, սովորություն կա, որ ինչ-որ ախտորոշում իմանալուց հետո չենք հավատում, մտածում ենք՝ սուտ է, չի կարող մեզ հետ լինել նման բան, ու դրա համար իմ դեպքում էլ, երբ սկզբում կասկածեցին, մտածում էի՝ դե մի բան սխալ է, սպասում էի վերջնական հաստատմանը: Ինձ մոտ հայտնաբերվեց ուռուցքի զարգացող տեսակը, նրա տարածվելու հավանականությունը բարձր էր: Դա նշանակում էր, որ պետք էր ամեն ինչ շատ արագ անել, անցնել բուժման, ուստի  ինձ մոտ ախտորոշումն իմանալուց հետո շոկային շրջան չի հասցրել լինել: -Ինչի՞ կամ ո՞ւմ մասին եք առաջինը մտածել ախտորոշումն իմանալուց հետո: -Ես ունեմ 2 երեխա: Բոլորը կարծում էին, թե այդ դժվարին ճանապարհն անցնելու համար ինձ փրկել է նրանց լինելու միտքը: Բայց, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, իմ ուշադրության կենտրոնում իմ ծնողներն էին: Ինքս, լինելով ծնող, շատ լավ հասկանում էի, թե ինչի միջով են անցնում նրանք: Գիտեի, թե որքան սարսափելի է սեփական երեխային վտանգի առջև կանգնած տեսնելը: Միտքը, թե ինչ են զգում իմ ծնողները, ավելի մեծ շոկ էր, քան իմ հիվանդությունը: Ուստի հիվանդության դեմ պայքարելու հենց ամենասկզբում ես ամեն ինչ արել եմ, որ իրենք չմտածեն, որ ես անհույս եմ, իրենք չմտածեն, որ ամեն ինչ վատ է: Ու դա նաև ինձ շատ օգնեց: -Եղե՞լ են հիասթափության պահեր, եղե՞լ է միտք՝ հանձնվելու, չպայքարելու: -Նման պահեր չեն եղել, ասեմ՝ ինչու: Շատ կարևոր էր, որ հիվադությունը հայտնաբերվեց սկզբնական փուլում: Ախտորոշումը իմանալուց հետո սկսեցի փորփրել, կարդալ, ծանոթանալ ու հասկանացա, որ նախ՝ քաղցկեղը դատավճիռ չէ, և հետո Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժումը բավականին մեծ առաջընթաց ունի: Այն կարողանում են բուժել մեր երկրում, հատկապես, երբ հայտնաբերվել է սկզբնական փուլում: Դա ինձ բավականին հույս տվեց, և հասկացա, որ պետք է պայքարել և չհանձնվել: -Մի քիչ կպատմե՞ք բուժման ընթացքի մասին՝ զգացողությունների մակարդակով: -Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր տեսել են բուժմանս ընթացքը, փաստում են, որ ես շատ -շատ ուժեղ եմ եղել, շատ թեթև եմ տարել դա: Իրականում իրոք այդպես է եղել: Բնավորությամբ եմ ադպիսին, հասկանում էի, որ ավելորդ մտքերը ինձ միայն խանգարելու են: Սկզբից բավականին հեշտ է եղել: Գնում էի քիմիաթերապիաների, ապա գալիս աշխատանքի: Ինձ օգնեց նաև այն, որ այդ շրջանում լույս տեսավ իմ հեղինակած «Խաղալիքը» գիրքը: Դա օգնեց շեղվել: Վերջում, երբ ավելի ծանր դեղորայք էի ստանում, երբ եղավ մազաթափությունը (գլխի մազեր, հոնքեր, ամբողջը թափվել էին), ես արտաքնապես շատ փոխվեցի, ֆիզիկապես ծանր շրջան եղավ, անգամ այդ ժամանակ չէի հուսահատվում, հասկանում էի, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում: -Ի՞նչ խորհուրդ կտաք ախտորոշման մասին նոր իմացող մարդկանց կամ այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ հիվանդության դեմ: -Խորհուրդ կտայի հասկանալ, որ այդ ամենը ժամանակավոր է: Ֆիզիկապես թուլանալը, մազաթափությունը, սրտխառնոցը, բոլոր դժվար պրոցեսները մի շրջան են, ժամանակավոր:  Դա պետք է հասկանալ ամենասկզբում և մտապահել բուժման ողջ ընթացքում: -Ձեր կոչը այն կանանց և աղջիկներին, ովքեր հետևողական չեն իրենց առողջության հանդեպ, չեն ստուգվում, չեն անցնում հետազոտություններ գոնե տարին մեկ անգամ: -Ես իմ փորձով հասկացա, որ ամեն պահի կարող է պատահել ինչ-որ մի բան, որին երբեք չէիր սպասում: Ես ունեմ մեծ ընտանիք, մեծ գերդաստան, բայց ոչ մեկի մոտ չի եղել կրծքագեղձի  քաղցկեղի դեպք: Այսինքն՝ ես չէի սպասում նման հիվանդության առկայություն իմ մոտ: Հայրիկս տարիներ առաջ իմ պատմության նման մի պատմություն էր լսել, ազդվել, այդ իսկ պատճառով մայրիկիս, ինձ, քույրերիս ստիպում էր տարին մեկ անգամ գնալ ու ստուգվել: Միայն այդ դեպքի պատճառով էինք գնում ստուգումների, և միայն այդ դեպքի շնորհիվ իմ հիվանդությունը բացահայտվեց վաղ շրջանում: Ինձ դա փրկեց:  Վաղ հայտնաբերելու շնորհիվ բուժվելու իմ շանսերը մեծացան: Բացի նրանից, որ սկզբնական փուլում շատ ավելի թեթև և արագ է լինում բուժումը, ֆինանսական տեսանկյունից ծախսն է շատ ավելի քիչ լինում: Մինչ ախտորոշումը՝ քաղցկեղի մասին լսել էի շրջապատիս և հատկապես այն հայտարարություններից, որոնց միջոցով հիվանդության դեմ պայքարող մարդիկ գումար են հավաքում բուժման համար: Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ հիվանդությունը բուժելու համար պետք է ունենալ հազարավոր դոլար-եվրոներ: Այո, պետք է, եթե հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, բարդ շրջանում (դեղորայքն է ուրիշ՝ ավելի թանկ, բուժման ծավալները, ժամանակը և այլն): Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ՝ պարբերաբար ստուգումները պետք է լինեն պարտադիր, դա ձեռնտու է ինչպես արդյունավետ բուժման տեսանկյունից, այնպես էլ ֆինանսապես: Ես ստացա քիմիայի 18 կուրս, բայց կարող էր լինել շատ ավելին, եթե ուշ շրջանում հայտնաբերվեր հիվանդությունը: Շատերն ասում են՝ խնդիր չունեմ, ինչու ստուգվեմ: Իրականում՝ քաղցկեղը սկբնական շրջանում անցավ է: Այն մեծանում է, նոր դուք դա զգում եք, նոր գնում ստուգվելու: Եթե այն իրեն զգացնել է տալիս, նշանակում է, որ արդեն ուշ շրջան է: Եթե դուք սպասեք մի բան զգալուն, հնարավոր է՝ ուշացնեք: Տարեկան ստուգումը ձեզնից ընդամենը 10 րոպե է պահանջում: Տարվա մեջ սեփական օրգանիզմին տրամադրած այդ 10 րոպեն հնարավոր է փրկի ձեր կյանքը: Մեր երկրում շատերն իրենց հիվանդությունը թաքցնում են, այդ իսկ պատճառով մարդը, ում մոտ նոր է հայտնաբերվում քաղցկեղը, մտածում է, որ ինքը մենակ է, չկա իր նմանը: Սեփական փորձով համոզվեցի՝ մեր երկրում, ցավոք սրտի, ուռուցք ունեն շատ շատերը: Այս չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարում են հազարավորները, և դու, ում մոտ նոր է ախտորոշվել հիվանդությունը, վստահ եղիր՝ միայնակ չես: Շատերն են հաղթում այդ հիվանդությունը: Պետք է հավատալ, պայքարել և լինել ուժեղ:   Մարիամ Տերբալյան
13:50 - 05 հունիսի, 2022
Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է: Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։  Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։  Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։     Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։    Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։   Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։ Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։ Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։ Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։ Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։ Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։ Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին:  Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները: Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։  Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։  Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։ Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։ Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։ Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։ Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։ Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։ Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։   *Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։   Միլենա Խաչիկյան
17:22 - 04 հունիսի, 2022
Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press

Լիբիան հետ է գլորվում դեպի բռնություն և քաոս․ The Associated Press

The Associated Press-ը գրում է Լիբիայում ստեղծված քաղաքական իրավիճակի, երկիշխանության և վերջին զարգացումների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Լիբիացիներից շատերին մայրաքաղաք Տրիպոլիում նախորդ ամիս տեղի ունեցած բախումները ծանոթ մի բան են հիշեցրել․ կրկին փողոցային բախումներ, կրակոցներ և իրենց տներում թաքնվող մարդիկ։ Այդ օրը համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի տղամարդ մզկիթի բարձրախոսով բղավում է․ «Վերջ պատերազմին, մեզ պետք է մեր երիտասարդ սերունդը»։ Այս բախումները ցույց են տվել, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը Լիբիայում, որը հաստատվել էր վերջին մեկ տարում, և թվում է, թե պատմությունը կրկնվում է։ Այժմ մասնագետներն ասում են, որ երկրի վերամիավորման պահը բաց է թողնվել, և ապագան մռայլ է պատկերվում։ Եվ կրկին երկու հակադիր կառավարություններ պայքարում են Լիբիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ քաղաքացիական պատերազմի ճիրաններում է։ Մայրաքաղաքում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Լիբիայի երկու վարչապետներից մեկը մյուսին մարտահրավեր է նետել՝ ժամանելով Տրիպոլի՝ իր մրցակցի նստավայր։ Լիբիան տարիներ շարունակ պառակտված է եղել երկրի արևելքում և արևմուտքում միմյանց հետ մրցակցող վարչակազմների պատճառով, որոնցից յուրաքանչյուրին սատարում են ապօրինի զինված խմբավորումներ և օտարերկրյա կառավարություններ։ Երկիրը ցնցումների մեջ է այն ժամանակվանից, երբ ՆԱՏՕ-ի աջակցությամբ 2011 թ-ին տեղի ունեցած ապստամբության հետևանքով պաշտոնանկ արվեց և սպանվեց տարիներ շարունակ պաշտոնավարող բռնապետ Մուամար Քադաֆին։ Սակայն վերջին երկու տարում պլան մշակվեց, որը պետք է երկիը բերեր դեպի ընտրություններ։ 2021 թ-ին ՄԱԿ-ի միջնորդությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորվեց, որը պետք է լիբիացիներին նախապատրաստեր ընտրություններին։ Դրանք նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա վերջին։ Վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած այդ կառավարությունը միջազգային հանրության ճնշման ներքո կարճ ժամանակով միավորեց քաղաքական խմբավորումները։ Սակայն քվեարկությունն այդպես էլ չկայացավ, պլանը ձախողվեց, երկիրը ճգնաժամի մեջ հայտնվեց։ Լիբիայի արևելյան թևի օրենսդիրներն, ազդեցիկ խոսնակ Ագիլա Սալեհի գլխավորությամբ, հայտարարեցին, թե Դբեյբայի մանդատը սպառվել է, քանի որ ժամանակավոր կառավարությունը չի կարողացել ընտրություններ անցկացնել։ Ավելին, նրանք որպես նոր վարչապետ ընտրեցին ներքին գործերի ազդեցիկ նախկին նախարար Ֆաթհի Բաշագային։ Նրանց սատարեց ազդեցիկ հրամանատար Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորած զորքերը վերահսկում են երկրի արևելքն ու հարավի զգալի մասը՝ ներառյալ խոշոր նավթահանքերը։ Դբեյբան հրաժարվեց հեռանալ, նրան աջակցող խմբավորումները Լիբիայի արևմուտքում դեմ են Հաֆթարին։ Նրանց պնդմամբ՝ Դբեյբան աշխատում է ընտրությունների անցկացման ուղղությամբ։ Վերլուծաբանները թերահավատորեն են տրամադրված։ «Չեմ կարծում, թե նրանք այս տարի կարողանան ընտրություններ անցկացնել», - ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Լիբիայի հարցերով փորձագետ Կլաուդիա Գացինին՝ կասկած հայտնելով նաև, որ ընտրությունների շուրջ Լիբիայի քաղաքական ուժերի փոխզիջման գալուն ուղղված ՄԱԿ ջանքերը որևէ հաջողություն կգրանցեն։ Իշխանության համար պայքարն իր գագաթնակետին հասավ մայիսի 17-ին, երբ Բաշագան Տրիպոլի ժամանեց և փորձեց այնտեղ իր իշխանությունը հաստատել։ Սակայն նա բախվեց Դբեյբայի կողմնակիցների կոշտ դիմադրությանը, ինչը բախումներ առաջացրեց, որոնք ցնցեցին քաղաքը։ Բաշագան նահանջեց, այնուհետև իր շտաբ-բնակարանը տեղակայեց Սիրտ ծովափնյա քաղաքում։ Սակայն նրա նահանջից հետո ևս Տրիպոլիում լարվածությունը պահպանվում է։ Ոմանք կարծում են, որ Բաշագան կարող է ևս մեկ փորձ ձեռնարկել կամ կարող է գոնե փորձել Տրիպոլիում ավելի մեծ աջակցություն ձեռք բերել։ Մինչդեռ Լիբիայի արժեքավոր թեթև նավթը նույնպես օգտագործվում է՝ որպես իշխանության համար պայքարի միջոց։ Երկրի խոշորագույն նավթահանքերի աշխատանքը կասեցված է, դրանք վերահսկում են Հաֆթարին հավատարիմ զինյալները, որը սատարում է Բաշագային։ Նավթային արգելափակումը, որը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճի ֆոնին, ըստ ամենայնի, ուղղված էր Դբեյբայի կառավարությանը միջոցներից զրկելուն և նրա մրցակցի հնարավորություններն ընդլայնելուն։ Բաշագան ու Սալեհը հայտարարել են, որ նավթահորերը կվերագործարկվեն պայմանով, որ նավթից ստացվող եկամուտները ժամանակավոր կսառեցվեն, մինչև որ մրցակցող կողմերը պայմանավորվեն նավթային միջոցների բաշխման մեխանիզմի շուրջ։ Պատերազմն Ուկրաինայում շեղել է միջազգային հանրության ուշադրությունը, սակայն դրա ազդեցությունը զգացվում է նաև Լիբիայում, որտեղ Ռուսաստանը մեծ դեր է խաղում։ Ռուսաստանը ճանաչել է Բաշագայի կառավարությունը, ինչն, ըստ Գացինիի, արևմտյան երկրներին խանգարում է նույն բանն անել, որպեսզի չհամարվի, թե նրանք Ռուսաստանի հետ մի ճամբարում են։ Սովորական լիբիացիների համար նախորդ ամսվա արյունալի բռնությունը, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել, հիշեցում էր այն մասին, թե որքան փխրուն է հարաբերական անդորրը։ «Քաոսն ու կոնֆլիկտները մի բան են, որից նրանք սնվում են», - ասում է 30-ամյա քաղծառայող Մոհամեդ Աբու Սալիմը Տրիպոլիից՝ նկատի ունենալով մրցակցող քաղաքական գործիչներին։ «Եթե իրոք հավատում եք, թե այդ մարդիկ թույլ կտան ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, ապա չարաչար սխալվում եք», - հավելում է նա»։ Նորա Վանյան
15:28 - 03 հունիսի, 2022
Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Politico  պարբերականը գրում է Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության նվազման և դրա  պատճառների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Տարիներ շարունակ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն էր, ԵՄ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ձայնը, որոնք փնտրում էին Բեռլինի հովանավորությունը, առաջնորդությունը, երբեմն էլ՝ ցանկանում հստակ հրահանգներ լսել։  Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ խաթարել են Բեռլինի հեղինակությունը և ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, որ ավելի կարևոր է, Եվրախորհրդի գագաթնաժողովում հավաքված առաջնորդների շրջանում։ Դրա պատճառներից են անցյալ տարի կանցլեր Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման ավարտը, Բեռլինում ավելի բարդ եռակուսակցական իշխող կոալիցիայի կազմավորումը և մի շարք քաղաքական սխալներ, Ռուսաստանի քաղաքականության և ուկրաինական պատերազմի հետ կապված հակասական հայտարարությունները։ Այս ամենի արդյունքը Բեռլինի ազդեցության զգալի թուլացումն է և մյուս երկրների՝ իրենց ճանապարհով գնալու պատրաստակամությունը, որոշ դեպքերում էլ ֆրանս-գերմանական դաշինքին բացահայտ մարտահրավեր նետելը, որն, ըստ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների և դիվանագետների, տարիներ շարունակ եղել է ԵՄ որոշումների կայացման կենտրոնում։ «Մեզ պետք չէ Գերմանիայի հովանավորությունը, - ասում է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը։ - Լեհաստանն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանի հարցում, [ուկրաինացի] փախստականներին ընդունելու, գազից աստիճանաբար հրաժարվելու հարցերում։ Բալթյան երկրները խելացի ղեկավարություն ունեն։ Բուլղարիայում նոր, ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն է ձևավորվել։ Ռումինիայում իրավիճակը կայուն է»։ Գերմանիայի հեղինակության նսեմացումը վառ ձևով արտահայտվեց այս շաբաթ, երբ ԵՄ պետությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ և հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրությունը։ Նախկինում, երբ Օրբանը խոչընդոտում էր ԵՄ առաջարկներին, հաճախ Մերկելին  խնդրում էին միջնորդել։ Եվրամիությունում Մերկելի և Բեռլինի ազդեցությունը կասկածներ չէր առաջացնում։ Այս անգամ Գերմանիային մեղադրում էին այն բանի  համար, որ նա փորձում է օգուտ քաղել խողովակաշարով մատակարարվող նավթի նկատմամբ էմբարգո չսահմանելու առաջարկից։ Բեռլինը բազմիցս հերքել է այս առաջարկին իր մասնակցությունը և վերջնարդյունքում խոստացել է մինչև այս տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի ներկրումից՝ որպես հստակ նշան, որ ոչինչ չի շահելու խողովակաշարով նավթի մատակարարման շարունակումից։ Սակայն այն փաստը, որ ԵՄ մյուս անդամ երկրներն այդիպի կասկածներ ունեին, ընդգծում է Բեռլինի նկատմամբ խաթարված վստահությունը։ Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բուդապեշտ ոչ մի բեկում չէր մտցրել նավթի ներկրման արգելքի շուրջ առկա անհամաձայնությունում։  Փոխարենը Եվրախորհրդի նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին էր բաժին ընկել փոխզիջում գտնելը, որը Հունգարիան, ի վերջո, ընդունեց, իսկ Միշելը հիմքեր գցեց ոչ միայն նավթի արգելքի, այլև պատժամիջոցների ամբողջ վեցերորդ փաթեթի ընդունման համար։ Մերկելին փոխարինած Օլաֆ Շոլցն այս հարցում առանցքային դեր չխաղաց։ «Շոլցն իսկական խնդիր է։ Նա պարզապես շահախնդիր գերմանացի է, փոխզիջում ձևավորող չէ, ինչպես Մերկելը։ Ոչ ոք չի փոխարինի Մերկելին», - ասում է ԵՄ դիվանագետներից մեկը։ Սակայն գերմանացի պաշտոնյաներից մեկը դեմ է արտահայտվում այս պնդումներին՝ ասելով, որ «ան փաստը, որ քննադատությունը գալիս է այսքան մեծ քանակությամբ երկրներից, վկայում է այն մասին, որ Գերմանիան առաջատար դեր է խաղում» այս դժվար պահին ԵՄ մակարդակով փոխզիջումների հասնելու գործում։ Թեև ոչ մի պետության ղեկավար չի ստանձնել Մերկելի՝ որպես ազդեցիկ միջնորդի դերը, Իտալիայի վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, որը հայտարարել էր, թե բանկը կանի «հնարավոր ամեն ինչ» եվրոգոտու ճգնաժամի ժամանակահատվածում, այն առաջնորդն է, որն այժմ մեծ կշիռ ունի։ Սակայն Իտալիան տասնամյակներով անկայուն քաղաքականության և ֆինանսական կառավարման բեռ ունի, ինչը սահմանափակում է Իտալիայի ազդեցության շրջանակն՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա համարվում է, որ նա չի կարողանում մի կողմ թողնել իր էգոն և մեծությունն՝ աննկատ, բայց ազդեցիկ մեկը դառնալու համար, որը փոխզիջումների վրա հիմնված քաղաքականություն կձևավորի և կազդի որոշումների կայացման վրա։ Որոշ արևելաեվրոպական դիվանագետներ և պաշտոնյաներ ասում են, թե դեռ հույս ունեն, որ Բեռլինը վերադարձնելու է իր դիրքերը՝ վերականգնելով իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում արտգործնախարար Աննալենա Բերբոկի միջոցով, որը նրանց վրա ավելի խարիզմատիկ և ինքնավստահ մարդու տպավորություն է թողել, քան Շոլցը։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դեմ է արտահայտվել Ֆրանսիային ձայնի ավելի մեծ իրավունք տրամադրելուն՝ դրա փոխարեն Գերմանիային կոչ անելով վերադարձնել իր առաջատար դիրքը։ «Մեր տեսակետից շատ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան ավելի առաջատար դեր խաղար։ Իմ հայացքները չեն փոխվել Գերմանիայի կառավարության փոփոխման հետևանքով»,- ասել է նա Politico-ին։ Որոշ պաշտոնյաների համար միայն ժամանակի հարց է այն, թե երբ Բեռլինը կվերահաստատվի ԵՄ ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքի դերում»։ Նորա Վանյան
14:22 - 03 հունիսի, 2022
Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։ Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։ Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։ Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։ Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։ Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։ Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։ Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։   Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։ Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։ Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
19:53 - 02 հունիսի, 2022
Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian

Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian

Իրանի Աբադան քաղաքում մայիսի 23-ին 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով, վերջին տվյալներով,  31 մարդ է զոհվել։ Այս դեպքը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Guardian-ը գրում է այն մասին, թե ինչի դեմ են բողոքում մարդիկ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Իրանի հարավ-արևմուտքում շենքի փլուզումից հետո, որը 31 մարդու մահվան պատճառ է դարձել, զայրացած ցուցարարները թույլ չեն տվել խոսել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղարկած բանագնաց Մոհսեն Հեյդարիին։ Դատելով համացանցում տարածված տեսագրություններից՝ ոստիկանությունը ցույցը ցրել է՝ կիրառելով մահակներ և արցունքաբեր գազ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում լարվածությունն աճում  է սննդամթերքի գների աճի և տնտեսական մյուս խնդիրների, ինչպես նաև գերտերությունների հետ միջուկային գործարքի չկայացման ֆոնին։ Թեև ցույցերը դեռևս, կարծես, առաջնորդներ չունեն, սակայն անկարգությունների ուժեղացման վտանգ կա։ Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածությունն արդեն աճել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մայիսի 27-ին առգրավել է նավթով բեռնած հունական  երկու նավ։ Այաթոլա Մոհսեն Հեյդարի Ալեքասիրն Աբադանում փորձել է դիմել փլուզված «Մետրոպոլ» 10-հարկանի շենքի մոտ հավաքված և զոհերի մահը սգացող անձանց, սակայն նրանք սկսել են բղավել և թույլ չեն տվել Հեյդարիին ավարտել խոսքը։ Թիկնապահներով շրջապատված 60-ամյա հոգևորականը փորձել է շարունակել ելույթը, բայց չի կարողացել։ Նա կրկին դիմել է մարդկանց․ «Թանկագիններ, խնդրում եմ՝ հանդարտվեք որպես հարգանքի նշան դեպի Աբադանը, նրա նահատակները և զոհերը, որոնց մահն այսօր սգում է Իրանի ամբողջ ժողովուրդը»։ «Անամոթներ»,- ի պատասխան՝ վանկարկել է ամբոխը։ Պետական հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ Իրանական Hamshahri և Fars պարբերականները հայտնել են, որ ցուցարարները վազել են դեպի հարթակը, որտեղ պետական հեռուստատեսությունը տեղադրել էր իր տեսախցիկը, և ընդհատել հեռարձակումը։ Ոստիկանությունն ամբոխին հրահանգել է Իսլամական Հանրապետության դեմ կարգախոսներ չվանկարկել և լքել տարածքը, քանի որ ցույցն արտոնված չէ։ Ավելի ուշ տեսագրություններից հայտնի է դարձել, որ ոստիկանները մահակներով ծեծել են ցուցարարներին, արցունքաբեր գազ կիրառել։ Մայիսի 23-ին Աբադանում շենքի փլուզումից հետո երկրի իշխանությունը հաստատել է, որ շենքի սեփականատերն ու կոռուպմացված պետական պաշտոնյաները թույլատրել են շարունակել շենքի շինարարությունը՝ չնայած կատարված աշխատանքների անորակության վերաբերյալ մտահոգություններին։ Այս ողբերգական դեպքի հետաքննության շրջանակում կալանավորվել է 13 մարդ, այդ թվում Աբադանի քաղաքապետը։ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով փրկարարներն այսօր ևս երկու մարմին են դուրս բերել փլատակներից, այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 31-ի։ Իշխանությունը մտավախություն ունի, որ փլատակների տակ ավելի շատ մարդ կարող է մնացած լինել։ Փլուզման այս դեպքը հարցեր է բարձրացրել երկրում նույնպիսի շենքերի անվտանգության մասին և ընդգծել է իրանական շիննախագծերի ոլորտում առկա ճգնաժամը։ Դեպքը շատերին հիշեցրել է 2017 թ.-ին Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհն ու փլուզումը, որը 26 մարդու կյանք է խլել։ Թեհրանի արտակարգ իրավիճակկների վարչությունը զգուշացրել է, որ մայրաքաղաքում 129 բարձրահարկեր վթարային են։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին խոստացել է անհապաղ լուծել խնդիրը։ Աբադանում նախկինում ողբերգական այլ դեպքեր էլ են տեղի ունեցել։ 1978 թ.-ին «Ռեքս» կինոթատրոնի դիտավորյալ հրդեհման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այս դեպքն անկարգություններ է սադրել Իրանի՝ նավթով հարուստ շրջաններում և նպաստել է իսլամական հեղափոխությանը, որի արդյունքում գահընկեց է արվել Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը»։   Նորա Վանյան
09:49 - 31 մայիսի, 2022
Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Եվրամիության մի շարք ընկերություններ Մոսկվայի կողմից ճնշման են ենթարկվում ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առնչությամբ այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի ուղեցույցը շփոթմունք է առաջացնում, գրում է Politico-ն, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Վերջին ամիսներին ԵՄ էներգետիկ ընկերությունները փորձում են հասկանալ Բրյուսելի մշուշոտ, երբեմն էլ հակասական հայտարարություններն այն մասին, թե արդյոք ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը ԵՄ պատժամիջոցների խախտում է։ Այս պահի դրությամբ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են ԵՄ երեք երկրների համար այն պատճառով, որ նրանց էներգետիկ ընկերությունները հրաժարվել են կատարել Ռուսաստանի՝ մարտի 31-ին ընդունած որոշումը․ ըստ այդ որոշման՝ «ոչ բարեկամ երկրները» գազի դիմաց վճարումները պետք է իրականացնեն ռուսական «Գազպրոմբանկում» բացված երկու հաշիվներով, որոնցից մեկը պետք է լինի եվրոյով կամ դոլարով, մյուսը՝ ռուբլով, որպեսզի արտարժույթի փոխանակում իրականացվի։ Սակայն ավելի ու ավելի շատ էներգետիկ ընկերություններ են կամավոր կերպով վճարումներն իրականացնում ռուսական բանկի հաշիվների միջոցով։ Նրանք պնդում են, որ վճարումները չեն խախտում ԵՄ պատժամիջոցները։ ԵՄ երկրներին ուղարկված նախնական ուղեցույցում Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով վճարումը «կհանգեցնի ԵՄ պատժամիջոցների խախտման»։ Սակայն ապրիլին հրապարակված ուղեցույցում նշվել է, որ ԵՄ պատժամիջոցները «չեն արգելում հաշիվներ բացել «Գազպրոմբանկում»»։ Իսկ ապրիլի վերջին թարմացված ուղեցույցում ոչ մի պարզաբանում չկա, թե արդյոք ռուբլով հաշիվները խախտում են ԵՄ պատժամիջոցները։ Մայիսի կեսերին ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի տնօրենության էներգետիկ հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ-Յորգենսենը ներկաներին ասել է, որ Եվրահանձնաժողովն ընկերություններին խորհուրդ է տալիս ռուբլով հաշիվներ չբացել, սակայն նա չի ասել, թե դա պատժամիջոցների խախտում է: Այդ մասին հայտնել են քննարկմանը լավատեղյակ երեք անձինք։ Ռուսական կառավարությունը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ հրապարակելու է օտարերկրյա ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ռուբլով հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։ Իսկ մինչ այդ ներկայացնենք այն, ինչ հայտնի է այս պահի դրությամբ։   Ընկերություններ, որոնք մերժել են կատարել ռուսական պահանջը Լեհաստան, PGNiG: Ընկերությունը հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել ապրիլի 12-ին։ Գազի մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Բուլղարիա, «Բուլղարգազ»։  Հրաժարվել է ռուբլով վճարել. մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Ֆինլանդիա, «Gasum»։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես մերժել է Ռուսաստանի պահանջը. մատակարարումները դադարեցվել են մայիսի 21-ին։   Ընկերություն, որը դեռ չի կողմնորոշվել Նիդերլանդներ, «GasTerra»։ Մասամբ պետական ընկերությունը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Գազպրոմի» հետ իր պայմանագրից, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում անհստակությունը «շատ է նյարդայնացնում»։ Մայիսի 24-ին «GasTerra»-ն Politico-ին ասել է, որ իրավիճակը դեռ պարզ չէ։ «Նիդերլանդները դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով հստակեցնել ուղեցույցը ռուբլով հաշիվների մասով»,- ասել է Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։   Ընկերություններ, որոնք շարունակում են վճարումները ռուսական «Գազպրոմբանկի» միջոցով Այս ընկերությունները շարունակում են ռուսական գազի դիմաց վճարել և ստանալ այն, սակայն «Գազպրոմի» հետ իրենց համաձայնագրի մանրամասները, օրինակ, թե արդյոք ռուբլով հաշիվներ են բացել, կարող են չհրապարակել։ Հունգարիա, MVM: «Մենք վճարում ենք եվրոյով, «Գազպրոմբանկը» եվրոն փոխանակում է, և այդ գումարը վճարվում է «Գազպրոմ էքսպորտին»,- ապրիլին 11-ին ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Գերմանիա, VNG: «Մենք կվճարենք գումարը, որը նախկինի պես արտահայտված կլինի եվրոյով, այն կփոխանցվի «Գազպրոմբանկի» հաշվին, […] որպեսզի մեր կողմից ապահովվի ժամանակին վճարումը մեր մատակարարին... Մենք նաև կարծում ենք, որ գումարը ռուբլով փոխանակելը դժվարություն չի առաջացնի․․․ հաշվի բացումը հարթ է ընթացել»,- ասել է ընկերությունը մայիսի 9-ին։ Գերմանիա, RWE։ «Մենք պատրաստ ենք եվրոյով վճարել և համապատասխան հաշիվ ենք բացել»,- ասել է ընկերությունը մայիսի 16-ին։ Գերմանիա, «Uniper»: ««Uniper»-ը հաշիվ է բացել «Գազպրոմբանկում» և կարգավորումներ իրականացրել՝ պայմանագրով նախատեսված եվրոյով վճարումներն այդ հաշվին փոխանցելու համար՝ վճարային նոր մեխանիզմի համաձայն»,- ասել է ընկերությունը մայիսի 18-ին։ Ֆրանսիա, «Engie»: ««Engie»-ն «Գազպրոմի» հետ բանակցություններ է վարում՝ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարման սխեմայի փոփոխման վերաբերյալ Ռուսաստանի պահանջի մասով։ Ընկերությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ պատրաստ լինելու կատարել իր վճարային պարտավորությունները,- ասել է ընկերությունը մայիսի 17-ին։ Իտալիա, «Eni»: ««Eni»-ն «Գազպրոմբանկում» երկու հաշիվների բացման ընթացքի մեջ է (մեկը՝ եվրոյով, մյուսը՝ ռուբլով)»,- հայտնել է ընկերությունը մայիսի 17-ին։ Ավստրիա, OMV: «Ներկա պահին մենք սկսել ենք պատժամիջոցներին համապատասխանող վճարման գործընթաց, որն ապահովում է գազի մատակարարման դիմաց ժամանակին կատարվող վճարումները»,- նշել է ընկերությունը մայիսի 20-ին։ Չեխիա, ČEZ: «Մենք եվրոյով վճարում ենք կատարել՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականին համապատասխան։ Մանրամասներ չենք հաղորդելու»,- ասել է ընկերությունը մայիսի 20-ին։ Սլովակիա, SPP: «Սլովակիան ապրիլյան վճարումներն իրականացրել է եվրոյով՝ գործող պայմանագրի համաձայն․․․ ԵՄ այն մոտեցման հիման վրա, որ նման վճարումը պատժամիջոցների խախտում կամ շրջանցում չէ»,- հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին։ Սլովենիա, Geoplin: ««Geoplin»-ն իր ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել է վճարման ընթացակարգի մասին, որը համապատասխանում է պայմանագրին, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների միջոցներին և հանձնարարականներին»,- ընդգծել է ընկերությունը մայիսի 20-ին»։   Նորա Վանյան
12:16 - 27 մայիսի, 2022
Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Չնայած Ռուսաստանում 2022 թ-ին ցորենի ակնկալվող ռեկորդային բերքին՝ երկիրը փորձում է շարունակել հացահատիկի արտահանման նկատմամբ խիստ վերահսկողությունն, այս անգամ՝ ԵԱՏՄ մակարդակով, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․ ««Կոմերսանտի» տվյալներով՝ վերաարտահանումից խուսափելու համար Ռուսաստանն ուզում է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները քվոտաներ և տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար, նա կարող է երկարաձգել նաև ԵԱՏՄ-ին մատակարարումների սահմանափակումները, որոնք գործում են դեռևս մինչև հունիսի 30-ը։ Դրան դեմ է Ղազախստանը, որը շահագրգռված է դեպի արտասահման մատակարարումների զարգացմամբ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին մայիսի 20-ին Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները քվոտաներ և տուրքեր սահմանեն երրորդ երկրներ հացահատիկի արտահանման համար, ասել են «Կոմերսանտի» աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն այս միջոցն անհրաժեշտություն է համարում սահմանափակումների շրջանցմամբ ԵԱՏՄ միջոցով ռուսական հացահատիկի վերաարտահանման կանխարգելման համար։ Նախարարությունում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում «Կոմերսանտի» հարցումներին չեն պատասխանել։ Ռուսաստանում 2021 թ-ի հունիսից լողացող տուրք է գործում ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ գնային ինդիկատորների միջին արժեքի և բազային մասի միջև տարբերության 70%-ի չափով։ Այսպես, մայիսի 20-ից զորենի արտահանման տուրքը սահմանվել է մեկ տոննայի դիմաց $110,5, գարունն ու եգիպտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց $76,5։ Փետրվարի 15-ից մինչև հունիսի 30-ը հացահատիկի արտահանումը նույնպես սահմանափակված է 11 մլն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։ Այս գարուն Ղազախստանի կողմից Սիբիրում ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ մինչև հունիսի 30-ը։ Սա Ղազախստանի դժգոհությունն է առաջացրել, որը ՌԴ-ին կասկածում է խտրականության համար։ Ի պատասխան՝ նա նույնպես քվոտաներ է սահմանել ցորենի և ալյուրի արտահանման համար։ «Կոմերսանտի» աղբյուրների խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցության ժամանակ ռուսական կողմը նշել է, որ ընդունված միջոցները բավարար չեն, քանի որ Ղազախստանում գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ չկան և բացակայում են արտահանման տուրքերը։ Արդյունքում՝ երկու երկրների ներքին գների միջև զգալի տարբերություն է գոյացել։ «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով՝ սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է տոննայի դիմաց միջինում 18 հազար ռուբլով՝ ներառյալ ԱԱՀ-ն, ինչը շուրջ 5 հազար ռուբլով ավելի էժան է ղազախականից։ ԵԱՏՄ անդամները դեռևս 2021 թ-ի օգոստոսին էին պլանավորում միասնական մոտեցում ներդնել ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի և մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակման վերաբերյալ։ Սակայն այս գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այսօրվա դրությամբ ցորենի արտահանման լիակատար արգելք է սահմանել Բելառուսը։ Հայաստանն ու Ղրղզստանը որոշումներ են նախապատրաստում տուրքերի և քվոտաների վերաբերյալ, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը։ Իսկ Ղազախստանը դեմ է տուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին կատարել միջազգային պարտավորությունները, հավելել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններից չեն պատասխանել թերթի հարցմանը։ Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռիլկոն ասում է, որ «վերացական տեսակետից» ԵԱՏՄ արտաքին ուրվագծով հացահատիկային կուլտուրաների արտահանման կարգավորումը ճիշտ միջոց է։ Սակայն մոտեցման ներդրման հարցում կարող են խնդիրներ առաջանալ առանձին պետությունների անհամաձայնության պատճառով, ընդգծում է փորձագետը։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլաչևսկին կարծում է, որ դեմ կարտահայտվի միայն Ղազախստանը։ «Սովէկոնի» տնօրեն Անդրեյ Սիզովը Ղազախստանի համար պատճառներ չի տեսնում ռուսական կողմի պայմաններն ընդունելու։ Նրա կարծիքով՝ դա չի համապատասխանելու երկրի ֆերմերների շահերին, երկիրը խոշոր արտահանող է․ ալյուրի հետ միասին հացահատիկի մատակարարման ընդհանուր ծավալը սեզոնին հասնում է 7-8 մլն տոննայի։ Ինչպես նշում է փորձագետը, ԵԱՏՄ նպատակը հենց ազատ առևտուրն է, և Ղազախստանը կարող էր դառնալ ռուսական հացահատիկի կարևոր գնորդը հավանական ռեկորդային բերքի նախաշեմին՝ աշնանացանի գերազանց վիճակի և գարնանացանի ցանքատարածությունների ավեացման ֆոնին։ 2021 թ-ին ցորենի բերքը Ռուսաստանում կազմել է 76 մլն տոննա։ «Կոմերսանտի» աղբյուրը վստահ է, որ համանման միջոցներ ձեռնարկելու հարցում Ղազախստանի հավանական մերժումը ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը կդրդի երկարաձգել հացահատիկի ՝ ԵԱՏՄ արտահանման ժամանակավոր արգելքը։ Մինչդեռ, «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով, Ղազախստանի համար կարևոր է ռուսական հացահատիկը ստանալ հուլիսից․ երկիրն աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն ակտիվանում է միայն օգոստոսին»։   Նորա Վանյան
20:36 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Ի՞նչ է հայտնի աշխարհում տարածվող նոր «կապկի ծաղիկ» վարակի մասին․ Politico

Politico առցանց թերթը գրում է աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ճիշտ այն պահին, երբ աշխարհը սկսեց մտածել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, հայտնվեց մեկ այլ վարակ, որը գիտնականների անհանգստությունն է առաջացնում։ «Կապկի ծաղիկ» վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ «Կապկի ծաղիկը» սովորաբար հանդիպում է Աֆրիկայում և այն անձանց մոտ, որոնք արտերկրում են եղել։ Սակայն, ԵՄ հիվանդությունների վերահսկման գործակալության տվյալներով, Եվրոպայում վերջերս արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ վարակը, կարծես, առաջին անգամ է մի մարդուց մյուսին փոխանցվում՝ առանց Աֆրիկայի հետ որևէ կապի։   Ի՞նչ է «կապկի ծաղիկը»  «Կապկի ծաղիկ» վարակը պատկանում է հարուցիչների նույն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Ախտանիշներն են բարձր ջերմությունը, մկանացավը, լիմֆատիկ հանգույցների այտուցը և գլխացավը։ Որպես կանոն՝ առաջին երեք օրվա ընթացքում մարդու մարմնի վրա ցան է հայտնվում, սկզբից՝ դեմքին, այնուհետև՝ տարածվում ձեռքերի և ոտքերի վրա։ «Կապկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան ծաղիկը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը մինչ օրս մահվան չեն բերել, սակայն այս հիվանդությունը վարակվածներին օրերով կարող է մահճակալին գամել։ Սովորաբար այն տևում է 2-4 շաբաթ։   Ի՞նչն է մտահոգում մասնագետներին Վարակաբան Մարիոն Քուփմանսի խոսքով՝ մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ «կապկի ծաղիկ» վարակի դեպքերն արձանագրվել են մի քանի տարբեր երկրներում այն դեպքում, երբ այն սովորաբար այդքան վարակիչ չէ։ «Սա շատ անսովոր է», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքել։ Իտալիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրանչեսկո Վայան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իտալական լաբորատորիաները հույս ունեն եկող շաբաթ առանձնացնել վարակը։ Նրա խոսքով՝ դա նաև թույլ կտա հասկանալ, թե արդյոք ծաղիկի դեմ պատվաստանյութի առաջացրած հակամարմինները կարող են պայքարել նոր վարակի դեմ։ Իսկ Սաութհեմփթոնի համալսարանի ավագ գիտաշխատող Մայքլ Հեդն ասում է․ «Հնարավոր է՝ հետհամավարակային փուլում մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք լասսա, «կապկի ծաղիկ», էբոլա և մյուս հազվադեպ, բայց լուրջ պաթոգենների տեղային և գլոբալ  հետևանքները հասկանալուն», - ասել է նա։   Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները Հանրային առողջապահության ոլորտի պրոֆեսոր Ջիմի Ուիթվորթի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում հիվանդության տարածումն «աննախադեպ» էր։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե դեպքերը հայտնաբերվեն, մեկուսացվեն և բուժվեն, ինչպես նաև հայտնաբերվեն վարակվածի սերտ շփումները, իրավիճակն «արագ կարելի է վերահսկողութան տակ առնել»։ Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ, եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։ Մեծ Բրիտանիայում որոշ բուժաշխատողների և ռիսկի խմբում գտնվողներին առաջարկվում է ծաղիկի դեմ պատվաստվել։ Իսպանիայում, ինչպես հայտնում է El País թերթը, առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր գնել՝ հիվանդության բռնկումը զսպելու համար։ Իտալիայում, ինչպես նշել է Վրանչեսկո Վայան, հակավիրուսային դեղամիջոցներ կան, որոնք կարող են փորձնական կիրառություն ստանալ «անհրաժեշտության դեպքում»»։   Նորա Վանյան  
21:27 - 20 մայիսի, 2022
Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին

Գների աճ, տնտեսական մռայլ հեռանկարներ․ The New York Times-ը՝ Ռուսաստանի տնտեսության մասին

New York Times-ը գրում է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այս երկրի համար առաջացած տնտեսական դժվարությունների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մոսկվայում գնորդները բողոքում են, որ մեկ կիլոգրամ բանանի գինը 60-ից 100 ռուբլի է դարձել։ Բանկերը կրճատել են տրամադրվող անդորրագրերի քանակը՝ թղթի պակասի պատճառով։ Հագուստի արտադրողները հայտարարում են, որ մնացել են առանց կոճակների։ «Ռուսաստանի տնտեսական հեռանկարներն առանձնահատուկ մռայլ են։ Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սկսելով՝ Ռուսաստանն ընտրել է ավելի աղքատ և տնտեսական առումով պակաս ազդեցիկ դառնալը», - հայտարարել է Ֆինլանդիայի բանկը։ Նույնիսկ Ռուսաստանի Կենտրոնական բանկն է այս տարվա համար կանխատեսում հսկայական արժեզրկում՝ 18-23%, և արտադրական ծավալների 10% կրճատում։ Հեշտ չէ պարզել պատերազմի և պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա այն պայմաններում, երբ անգամ «պատերազմ» և «ներխուժում» բառերի օգտագործումն է անօրինական համարվում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում էր, թե տնտեսությունը դիմանում է ԱՄՆ, Եվրոպայի և մյուս երկրների կիրառած միջոցներին։ Մոսկվայի ձեռնարկած ֆինանսական քայլերը սկզբնական փուլում օգնել են մեղմել տնտեսական վնասները։ Հակամարտության սկզբում երկրի Կենտրոնական բանկը կրկնապատկել էր հիմնական տոկոսադրույքը՝ այն հասցնելով 19%-ի, որպեսզի կայունացնի ռուբլին, իսկ վերջերս այն կարողացել է նվազեցնել տոկոսադրույքը մինչև 14%։ Ռուբլու փոխարժեքն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին երկու տարում։ Եվ, թեև Ռուսաստանը ստիպված է եղել նավթը զեղչված գնով վաճառել, համաշխարհային գների գլխապտույտ աճը բերում է նրան, որ նավթից ստացվող հարկային մուտքերն այս տարի գերազանցում են 180 մլրդ դոլարը՝ չնայած արդյունահանման ծավալի կրճատմանը, հայտնում է Rystad Energy-ն։ Բնական գազի մատակարարումները ՌԴ բյուջեն կավելացնեն ևս 80 մլրդ դոլարով։ Ամեն դեպքում, Պուտինը նշաններ չի ցուցաբերում, որ արտասահմանի ճնշումն իրեն կարող է ստիպել վերջ տալ Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Սակայն վերլուծաբաններն ասում են, որ աշխարհի խոշորագույն առևտրային գործընկերներից և տեխնոլոգիական ընկերություններից շատերի հետ կապերի խզումը մեծ և երկարաժամկետ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։ Ֆինլանդիայի բանկի Անցումային տնտեսությունների ինստիտուտի ավագ խորհրդական Լորա Սելանկոյի խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի համար անհրաժեշտ պահեստամասերի պահուստները կսպառվեն մի քանի ամսից։ Իսկ առաջատար տեխնոլոգիաների և օտարեկրյա ներդրումների բացակայությունն ապագայում թույլ չի տա իրացնել Ռուսաստանի արտադրական ներուժը։ Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն խոստովանել է, որ սպառողների պահանջարկն ու վարկավորման ծավալները կրճատվում են, և «ձեռնարկությունները զգալի դժվարություններ ունեն արտադրության և լոգիստիկայի ոլորտներում»: Յելի մենեջմենթի դպրոցի տվյալներով՝ հարյուրավոր օտարերկրյա ընկերություններ կասեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում կամ նույիսկ հեռացել են երկրից։ Օրինակ՝ այս շաբաթ McDonald’s ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում երեք տասնամյակ աշխատելուց հետո պլանավորում է վաճառել բիզնեսը, որը ներառում է 850 ռեստորան և 62 հազար աշխատատեղ։ Ֆրանսիական Renault ավտոարտադրողն այս շաբաթ նույնպես հայտարարել է բիզնեսը ՌԴ կառավարությանը վաճառելու մասին, թեև այդ գործարքի շրջանակում ընկերությունը հնարավորություն ունի հետ գնելու իր մասնաբաժինը վեց տարվա ընթացքում։ Իսկ փաթեթավորման նյութերի և թղթի մատակարար Stora Enso ֆիննական ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում իր երեք գործարանների վաճառքի մասին։ Ռուս-ուկրաինական պատերազմն ու համաշխարհային տնտեսությունը Ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Եվրոպայի խոստումը Մոսկվային ստիպելու է նոր գործընկերներ փնտրել, հատկապես՝ Չինաստանում և Հնդկաստանում։ Սակայն Ասիայի հետ համագործակցությունն, ըստ Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Դարյա Մելնիկի՝ «ժամանակ և մասշտաբային ներդրումներ կպահանջի ենթակառուցվածքներում, ինչը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի Ռուսաստանում արտադրության և եկամուտների կտրուկ անկման»։ Առանց պահեստների բավարար քանակի Ռուսաստանը, հնարավոր է, ստիպված լինի կրճատել նավթի և գազի ընդհանուր արդյունահանումը։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով այս տարի նավթի արդյունահանման 17% կրճատում կարող է տեղի ունենալ։ Մյուս ոլորտներում նույնպես անկում է նկատվում։ Մարտին մարդատար ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 72%-ով՝ անցյալ տարվա համեմատ։ Ներկրման ծավալների կրճատում է նկատվում արդյունաբերական, սպառողական ապրանքների ոլորտներում։ Սպառողների համար առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն այնքան զգալի է, որ Թվիթերում «Իսկ ի՞նչ է պատահել» անվանումով էջ է հայտնվել, որտեղ ռուսաստանցիները բողոքում են ամեն ինչի գների աճից՝ Palmolive շամպուններից մինչև նեկտարինը։ Երկրի սահմաններից դուրս Ռուսաստանի տնտեսական հեռանկարները նույնպես վատթարանում են։ Այս ամիս ֆիննական Fennovoima ընկերությունը հայտարարել է ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ պայմանագրի խզման մասին, որով նախատեսվում էր «Հանհիկիվի-1» ատոմակայանի շինարարությունը։ «Մենք խորապես հիասթափված ենք։ Այդ որոշման հիմքերը բացարձակապես անհասկանալի են», - ասել էր «Ռոսատոմը»»։   Նորա Վանյան  
22:12 - 19 մայիսի, 2022
Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։ Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։ Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։ Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։ Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։ Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։ Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:40 - 19 մայիսի, 2022
Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այսօր դաշինքին են հանձնել անդամակցության հայտերը։ Ռուսաստանը, որը մինչ այդ Ֆինլանդիային զգուշացնում էր նման քայլ չանել, մայիսի 16-ին, ի դեմ Պուտինի, հայտարարել է, որ այս երկրների անդամակցության հետ կապված խնդիր չունի, իսկ իր արձագանքը կախված է եվրատլանտյան դաշինքի ենթակառուցվածքի ընդլայնումից։ Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ-ին, դեմ է արտահայտվել այս քայլին՝ նշելով, որ դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում»։ Իսկ այսօր նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Al Jazeera պարբերականը գրում է այն մասին, թե ինչու է Թուրքիան դեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Ի՞նչ խնդիր ունի Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Մայիսի 16-ին Էրդողանը սկանդինավյան երկու երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն» աջակցելու համար։ «Այս երկրներից ոչ մեկն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի», - ասել էր Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որն Անկարան ահաբեկչական է անվանում։ Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ֆինլանդիային և Շվեդիային այն բանի համար, որ նրանք չեն արտահանձնել Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին՝ չնայած Անկարայի խնդրանքներին։ Նշված անձինք մեղադրվում են ՔԱԿ կամ Գյուլենի շարժման հետ կապերի համար, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ-ի հեղաշրջման փորձի համար, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ի պատասխան՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ, թեև զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից, չի ուզում «սակարկության մեջ մտնել» Անկարայի հետ։ Իր հայտարարություններում Էրդողանն անդրադարձել էր նաև Ստոկհոլմին՝ Թուրքիայի դեմ զենքի հետ կապված պատժամիջոցների առնչությամբ։ Շվեդիան 2019 թ-ից «սառեցրել» էր զենքի վաճառքը Թուրքիային նրա հարևան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով։   Ի՞նչ կապ ունի Վաշինգտոնը Ստամբուլի մշակույթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մենսուր Աքգյունի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև օգտագործել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ որպես դրա ամենամեծ կողմնակից ԱՄՆ հետ իր խնդիրների լուծման լծակ։ «Անկարան ԱՄՆ պատժամիջոցների տակ է F-35 կործանիչների հարցով և դժգոհ է դրանից», - ասում է Աքգյունը։ Թուրքիայի խողմից Ս-400 ռուսական պաշտպանական համակարգերի գնումն առանցքային հարցերից մեկն է, որոնք վերջին տարիներին սրել են Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները։ 2019 թ-ի հուլիսին ԱՄՆ-ն Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների ստեղծման իր առանցքային ծրագրից այն բանից մի քանի օր անց, երբ Թուրքիան ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարում են, որ դաշինքի անդամի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը վտանգավոր է հենց ՆԱՏՕ-ի պաշպանական համակարգերի համար, սակայն Թուրքիան հայտարարում է, որ որոշել է գնել այդ համակարգերն այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն կասեցրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը, որոնք լայնորեն կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Թուրքիան դատապարտել է նաև Սիրիայում քրդական զինված խմբավորումներին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը։ Միացյալ նահանգները ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում դրա ճյուղավորմանը՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG), հատկապես՝ 2010 թ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամենաթեժ պահին։   Եղե՞լ են արդյոք նախկինում նմանատիպ քննարկումներ ՆԱՏՕ-ում ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված դիվանագիտական փակուղիներ նախկինում էլ են եղել։ Օրինակ՝ Հունաստանը տարիներով արգելափակում էր դաշինքին Մակեդոնիայի անդամակցությունը՝ որպես երկրի անվանման դեմ բողոք, որն, ըստ հույների, հունական ժառանգությունը գողանալու փորձ էր։ Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2019 թ-ին, որի համաձայն՝ վերջինս փոխել է անվանումը՝ դառնալով Հյուսիսային Մակեդոնիա, հետո նոր Աթենքը չեղարկել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Սկոպիեի անդամակցության վերաբերյալ։   Ի՞նչ է լինելու Թուրքիան պատմականորեն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն, այդ պատճառով էլ պրոֆեսոր Աքգյունը կարծում է, որ, ի վերջո, փոխզիջումային տարբերակ է գտնվելու։ «Թուրքիան կարող է չստանալ այն, ինչ ուզում է, բայց նրա դաշնակիցներն, ըստ ամենայնի, նրան բավարարող որևէ բան կառաջարկեն։ Անկարան իր ազգային շահերին համապատասխան բանակցություններ կվարի, ինչպես դաշինքի մյուս անդամները», - ասում է նա։   Նորա Վանյան
08:45 - 19 մայիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Մարիուպոլի վերջին պաշտպանները․ ի՞նչ է ուկրաինական «Ազով» գունդը․ Reuters

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլում հանձնվել է 265 ուկրաինացի զինվորական, որոնք պաշտպանում էին «Ազովստալ» գործարանը՝ ռուսական բանակի կողմից գրավված քաղաքի դիմադրության վերջին օջախը։ Գերեվարվածների թվում 51 ծանր վիրավոր կա։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարներին հրաման է տրվել պահպանել մարտիկների կյանքը։ «Ուկրաինացի հերոսներն Ուկրաինային ողջ են պետք», - ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան փորձելու է «Ազովստալի» պաշտպաններին փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Reuters-ը գրում է «Ազով» գնդի մասին, որը շուրջ երկու ամիս պաշտպանում էր Մարիուպոլն ու «Ազովստալը»։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, լիակատար վերահսկողության տակ է առնում Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքն ուկրաինական վերջին ուժերի ակնհայտ հանձնվելուց հետո, որոնք պատսպարվում էին հսկայական մետաղագործական գործարանում։   Ինչպե՞ս է ձևավորվել «Ազով» գունդը «Ազով» գունդը ձևավորվել է՝ որպես աշխարհազորի կամավորական բազմաթիվ խմբերից մեկը, որոնք միավորվել էին Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, որոնք 2014 թ-ին ՌԴ կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Ուկրաինայից անջատված երկու շրջան են կազմել Ուկրաինայի արևելքում։ Մարիուպոլն «Ազով» գնդի հոգևոր հայրենիքն է, այն օգնել է Ուկրաինային 2014 թ-ին վերադարձնել քաղաքը ռուսամետ ուժերի վերահսկողությունից։ Մարիուպոլում էլ գտնվում էր գնդի մշտական տեղակայվան վայրը մինչև 2022 թ-ի ներխուժումը։ Գնդի ձևավորումը կապված է Անդրեյ Բիլեցկու «Ուկրաինայի հայրենասեր» կազմակերպության հետ, որն, ըստ քննադատների, կրում էր ազգայնական, ուկտրաաջ գաղափարներ։ «Ազով» գնդի տարբերանշանը նման է սև «վոլֆսանգելին»՝ խորհրդանիշի, որն օգտագործում էին որոշ նացիստական կազմավորումներ և, որոշ քննադատների կարծիքով, նեոնացիստական է։ «Ազովը» պնդում է, որ տարբերանշանը կազմված է N և I տառերից, որոնք նշանակում են «ազգի գաղափար» (ուկր․՝ Ідея Nації – խմբ․), և հերքում է, որ այն նեոնացիստական է։ Ավելի ուշ «Ուկրաինայի հայրենասերը» վերանվանվեց «Ազգային կորպուսի» և, չնայած մյուս ազգայնական կուսակցությունների հետ կազմած դաշինքին, չկարողացավ հաղթել 2019 թ-ի ընտրություններում։ 2018 թ-ին ԱՄՆ Պետդեպարտամենտն «Ազգային կորպուսն» անվանեց «ատելության ազգայնական խումբ»։ Ուկրաինայում քաղաքական էքստրեմիզմը հետաքննող Reporting Radicalism խումբը, որը գործում է Freedom House-ի հովանու ներքո, պնդում է, որ Բիլեցկին բացահայտ ռասիստական մի քանի տեքստեր է գրել։ Բիլեցկին հերքում է իր մոտ ռասիստական կամ նեոնացիստական հայացքների առկայությունն ու ասում, որ հավատում է արժեքների վրա հիմնված ազգայնականությանը: Միջազգային անվտանգության և համագործակցության ստենֆորդյան կենտրոնը «Ազովը» նկարագրում է՝ որպես «Ուկրաինայում տեղակայված ծայրահեղ աջ ազգայնական ռազմականացված կազմակերպություն»։   «Ազովն»՝ Ազգային գվարդիայի կազմում 2014 թ-ին «Ազով» գունդը ներառվեց Ուկրաինայի Ազգային գվարդիայի կազմում, որը երկրի ներքին գործերի ռազմական թևն է։ Կիևը հայտարարել է, որ գունդը բարեփոխվել է, մի կողմ թողել արմատական ազգայնական արմատներն, ու այն ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ «Նրանք մեր պետության պաշտոնական բանակն են։ Նրանք, ովքեր ցանկանում էին քաղաքականությամբ զբաղվել, գնացել և զբաղվում են քաղաքականությամբ։ Նրանք, ովքեր որոշել են ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում, դարձել են Զինված ուժերի մի մասը», - մայիսի 1-ին ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունական ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ CNN-ին տված մեկնաբանությունում նախորդ ամիս «Ազովն» ասել էր, որ «գնահատում և հարգում ենք Անդրեյ Բիլեցկուն՝ որպես գնդի հիմնադիր և առաջին հրամանատար, սակայն ոչ մի կապ չունենք նրա քաղաքական գործունեության և «Ազգային կորպուս» կուսակցության հետ»։ «Ազովը» հերքում է ֆաշիզմի, նացիզմի և ռասիզմի մեղադրանքներն ու նշում, որ գնդում ծառայում են տարբեր ծագման ուկրաինացիներ, այդ թվում՝ հույներ, հրեաներ, Ղրիմի թաթարներ և ռուսներ։ Գնդի ներկայիս և չորրորդ հրամանատարը Դենիս Պրոկոպենկոն է, որին ազգությամբ հրեա Զելենսկին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։ Պարզ չէ, թե քանի զինծառայող ունի «Ազով» գունդը, սակայն մեդիայում հանդիպում է 900-2500 մարդ թիվը։   «Ազովի» դերը Մարիուպոլի պաշտպանության գործում «Ազով» գունդն առանցքային դեր է խաղացել 2014 թ-ի հունիսին ռուսամետ ուժերից Մարիուպոլի ազատագրման հարցում։ Այդ տարվա ընթացքում Մարիուպոլը մի քանի անգամ մի կողմից մյուսի վերասհկողության տակ էր անցնում, մինչ Կիևի ուժերը կռվում էին անջատողականների դեմ։ Այս նավահանգստային քաղաքը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար՝ Ազովի ծովի ափի, ինչպես նաև ռուսամետ տարածքը Ղրիմի հետ կապող ցամաքային կամրջի նկատմամբ լիակատար վերահսկողություն ապահովելու համար։ «Ազովի» մարտիկները դարձել են Մարիուպոլում ռուսական զորքերին ուկրաինական դիմակայության հանրային դեմքը։ Դրա անդամները տեսանյութեր էին հրապարակում Մարիուպոլի մետաղագործական գործարանում ընթացող մարտերի մասին։ Մինչ Ռուսաստանն իր վերահսկողության տակ էր առնում Մարիուպոլի նորանոր շրջաններ, «Ազովի» տեղակայման վայրն ուկրաինական մյուս զորքերի հետ միասին դառնում էր «Ազովստալ» մետաղագործական կոմբինատը, որը Եվրոպայի խոշորագույններից մեկն է։ Ուկրաինայում շատերի համար «Ազովը» մարմնավորում է Ռուսաստանի դեմ մարտնչելու Ուկրաինայի վճռականությունը, որը, Զելենսկու խոսքով, «ձգտում է ոչնչացնել երկիրը»։   Նորա Վանյան  
20:52 - 17 մայիսի, 2022
Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվեց նրանց եւ եւս երկու անձի վերաբերյալ գործի դատաքննության փուլը։ Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչ արարքներ են մեղսագրվում ամբաստանյալներին։ Ըստ այդմ, Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, նպատակ ունենալով հնարավորինս էժան գնով ձեռք բերել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի վարույթում քննվող գործերից մեկով սնանկ ճանաչված քաղաքացու՝ Սիմոն Աղեկյանի անշարժ գույքը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է այդ գործով սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել գույքի իրացման բնականոն գործընթացը։  Խոսքը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող բնակարանը ձեռք բերելու մասին է, որը դրված է եղել աճուրդի։  Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում Աշոտ Խաչատրյանը, 2018-2019 թթ. ընթացքում  չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, եւ հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, ինչի հետեւանքով աճուրդները չեն կայացել, բնակարանի մեկնարկային գինն էլ արհեստականորեն նվազեցվել է՝ 26 մլն 400 հզ դրամից դառնալով շուրջ 12 մլն 382 հզ դրամ։ Դրանից հետո արդեն, ըստ մեղադրանքի, Նարինյանն այդ գործընթացում ներգրավել է իր մորաքրոջ որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին՝ տրամադրելով նրան անհրաժեշտ միջոցներ, եւ Մարտիրոսյանը, մասնակցելով աճուրդին, բնակարանը ձեռք է բերել արդեն իջեցված գնով։ Սակայն մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտիրոսյանը հանդիսացել է ձեւական գնորդ, եւ թեեւ սեփականության իրավունքը գրանցվել է նրա անունով, բնակարանը փաստացի պատկանել է Նարինյանին։ Դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ նույն ժամանակահատվածում տվյալ սնանկության գործը վարող դատավոր Արա Կուբանյանը, տեղեկացված լինելով Նարինյանի եւ Խաչատրյանի այդ գործողություններից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ։  Այնուհետեւ նպատակ ունենալով վերացնել բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները, մասնավորապես՝ իրականացնել նշված հասցեում բնակվող անձանց վտարումն ու առկա գույքի հարկադրաբար դուրսբերումը՝ Արա Կուբանյանը  սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին 2020 թ փետրվարի 6-ին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանից ետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրենց՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար։ Արդյունքում, դիմումը տալու նույն օրը՝ փետրվարի 6-ին, կայացվել է դատական ակտ, որում, սակայն, որպես  կայացման ամսաթիվ նշվել է փետրվարի 4-ը․ «Այնուհետեւ, կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտի հիման վրա 2020 թ փետրվարի 6-ին Արա Կուբանյանի կողմից տրվել է կատարողական թերթ, աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի կենցաղային իրերը, շարժական գույքը դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ»- ընթերցեց դատախազը՝ նշելով, որ այդ գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ՝ սնանկ ճանաչված անձի եւ այդ հասցեում բնակվող մյուս համասեփականատերերի օրինական շահերը։ Այսինքն՝ դատավոր Արա Կուբանյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Տիգրան Մարտիրոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Շարունակելով իր ելույթը՝ դատախազը հայտնեց, որ նշվածից բացի, Գեւորգ Նարինյանը, հանդիսանալով հայտարարատու անձ եւ պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրտիր հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով․ «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել եւ չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքի նկատմամբ իրավունքը»,- ասաց Արամյանը։ Վերջինիս խոսքով՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։ Այսինքն՝ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքը, եւ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր են ճանաչում։ Ամբաստանյալ Գեւորգ Նարինյանն ասաց, որ իրեն բացարձակ անհասկանալի է, եւ խնդրեց տեւական ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք մեղադրողի համար հարցեր նախապատրաստեն՝ գոնե դրանց միջոցով հասկանալու համար մեղադրանքի էությունը։ Դատավորը նախ նշեց, որ ամբաստանյալը մեղադրանքի պարզաբանման առումով դատախազին հարցեր տալու իրավունք չունի, ապա հիշեցրեց, որ երբ նախորդ դատական նիստին ինքը հարցրեց՝ Նարինյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, վերջինս դրական պատասխան տվեց, ուստի նա ունեցել է ժամանակ դրան ծանոթանալու եւ պատրաստվելու համար։ Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն պատկերացրել, որ այսքան արագ կանցնեն դատաքննության փուլին՝ հաշվի առնելով դատական նիստի բազմանդամ լինելը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք այն համոզմանն են, որ մեղադրանքը պարզաբանելով՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, ուստի դա պետք է հենց մեղադրող դատախազն անի, ինչը որ, ըստ նրա, պրակտիկայում արվում է․ «Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է հենց մեղադրանքը պարզաբանելուց, եթե մեղադրողը հրաժարվում է պարզաբանելուց, ուրեմն հրաժարվում է մեղադրանքից»,- ասաց նա։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, նշեց, որ մեղադրանքի էության վերաբերյալ մեղադրողից պարզաբանում ստանալու դատավարական կարգ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ մեղադրանքի պարզ չլինելը եւ անորոշ լինելը տարբեր բաներ են․ պարզ չլինելը նշանակում է, որ անձը չի հասկանում, թե ինչ է գրված, ինչու է հենց այդ հոդվածն ընտրված, իսկ մեղադրանքի անորոշությունը, որի մասին, ըստ դատավորի, պաշտպանական կողմը խոսում է, նշանակում է, որ մեղադրանքում գրվածն ու ընտրված հոդվածը իրար չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքը անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում, դրա հետ կապված Ձեր դիրքորոշումները Դուք կարող եք ամեն ապացույցի հետազոտումից հետո անել»,- ասաց նա՝ խնդրելով Նարինյանին հայտնել՝ ընթերցված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է․ «Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- պատասխանեց Նարինյանը։ Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության փուլում հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, արձագանքեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ասելով, որ Նարինյանը նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել։ Տեւական ժամանակ այս հարցի քննարկումը շարունակվեց, ինչից հետո ի վերջո դատավորն ընթերցեց Նարինյանին մեղսագրվող անօրինական արարքները եւ արձանագրեց, որ նա հրաժարվում է հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։ Ամբաստանյալ Արա Կուբանյանը եւս հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչում են իրեն մեղադրում․ «Այստեղ մեղադրանք չկա, եւ իրավաբանական որակումն էլ սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ուներ, թե մեղադրողը կհրաժարվի այս մեղադրանքից։ Այնուհանդերձ, դատավորի հարցին ի պատասխան՝ Կուբանյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հոդվածն ինքնին հասկանալի է, բայց իրենք ուզում են հասկանալ, թե այդ հոդվածի շրջանակում Կուբանյանը կոնկրետ ինչ գործողություն կամ անգործություն է արել․ «Սա սովորական քրեական գործ է, բայց անսովոր է այնքանով, որ երկու դատավոր են ամբաստանյալի աթոռին, եւ իրավաբանական պրոֆեսիոնալիզմն այստեղ ավելի բարձր պետք է լինի, եւ եթե մենք մեղադրանքի կողմի հետ գտնվում ենք մրցակցության մեջ, ապա մեղադրանքի կողմն է  պարտավոր բացահայտել դա»։ Կուբանյանի մյուս պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, թե Գլխավոր դատախազը կատարել է գործողություն, որի լիազորությունը չուներ․ «Ո՞վ է իրավունք վերապահել նրանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անվանել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ», մենք նման դատական ակտ չունենք, ցանկացած ակտ, քանի դեռ վերացված կամ փոփոխված չէ, օրենքի ուժ ունի»,- ընդգծեց նա։ Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը եւս հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինքն ինչ գործողություն չի կատարել, որը պարտավոր էր կատարել, եւ ինչ գործողություն կամ անգործություն է կատարել, որը չպետք է կատարեր։ Դատավորի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքում նշված չէ, թե Խաչատրյանը, հրապարակային սակարգության կարգն իբր խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել այդ հնարավոր գնորդները։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե Խաչատրյանը ի պաշտոնե կախվածության մեջ է եղել Նարինյանից՝ պաշտպանն ասաց, որ այդ կախվածությունը վերացական է, եւ նրանց միջեւ եղել են սոսկ դատավոր-սնանկության կառավարիչ հարաբերություններ․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- ասաց նա։ Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ նշված չէ, թե իր պաշտպանյալը հրապարակային սակարգությունների անցկացման կարգի կոնկրետ որ կանոնն է խախտել։ Անդրադառնալով աճուրդի մեկնարկային գինը ձեւականորեն իջեցնելու ձեւակերպմանը՝ նա ասաց․ «Օրենքով սահմանված դրույթները կիրառելով՝ մենք կարող ենք ապացուցել, որ 26 միլիոնից 13 միլիոն հասցնելով, ոչ թե արհեստական նվազեցվել է, այլ բացի նրանից, որ Խաչատրյանը գործել է օրենքով սահմանված կարգով, նաեւ կարող էր էլ ավելի նվազել՝ ընդհուպ հասցնելով շուրջ 3 միլիոնի»։ Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը,  դատավորի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեղադրանքի հասկանալի լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ առայժմ չցանկանալով նշել նաեւ՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Նա միայն հայտարարեց, որ դատավոր Արա Կուբանյանին առաջին անգամ է տեսնում։ Այնուհետեւ քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա նյութերն ու իրեղեն ապացույցները, ապա հարցաքննել տուժողին, որից հետո՝ վկաներին, եւ վերջում միայն՝ ամբաստանյալներին։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը Միլենա Խաչիկյան
00:47 - 14 մայիսի, 2022