Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Որպես փաստաբան եղած մարդ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նրա կարծիքով, նախագիծը խնդիրներ է առաջացնելու ԵԽԽՎ-ում: «Առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, էն դեպքում, որ Հայաստանում չի եղել ու չկա իշխանություն, որը իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա: Գոնե դուք ձեր մասին մտածեք: Մյուս հանգամանքը. պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի. այ, սրա մասին է էս նախագիծը: Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ շատ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, էն մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը, քանի որ, իր կարծիքով, ԵԽԽՎ-ում խնդիրներ է առաջացնելու:
12:26 - 19 մարտի, 2021
Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամանակում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության երաշխիքների պահովումը: «Ըստ այդմ՝ առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետևյալին. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը: Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի: Այդ գործառույթների իրականացման համար ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ»,- նշեց Վարդանյանը: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները: «Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահաովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող 3 դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,- մանրամասնեց պատգամավորը:
11:59 - 19 մարտի, 2021
Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից  և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնությունը: «Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։
11:55 - 19 մարտի, 2021
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն է տվել մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: Արտահերթ նիստ գումարելու միջնորդություն էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: «Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ:
17:13 - 18 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին: Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «Փաստացի 150-հազարանոց Արցախը կռվել է Թուրքիայի հետ: Ավելի քան 5 000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, և ամենավրդովեցուցիչն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ՝ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի գրավյալ տարածքի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:  «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են ՀՀ ԱԺ պատգամավորները:
16:11 - 18 մարտի, 2021
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգմավորների հետ կապված նախագծին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ պատգամավորն իրավունք ունի խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների և Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում: Կառավարության բացասական եզրակացության հիմնավորման համաձայն՝ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների համար խմբակցություններից դուրս գործելու հնարավորություն, ուստի խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները, որոնք արդեն վեցն են Ազգային ժողովի այս գումարման ընթացքում, ունեն հավասար իրավունքներ, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները:
12:49 - 18 մարտի, 2021
Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան
 |1lurer.am|

Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին: «Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»,- ասել է ֆինանսների նախարարը: Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները, նախարարն ասել է, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները: «Այդ բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին: Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը»,- հավելել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը կախված չէ միայն ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից և տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ:
19:15 - 17 մարտի, 2021
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացրել խորհրդին՝ մարտի 19-ին ժամը 11:00-ին իրենց առաջարկած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:  ԱԺ խորհուրդը այս հարցը կքննարկի մարտի 18-ին ժամը 16:00-ին նախատեսված նիստում: «Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով արձանագրված մարդու իրավունքների եւ ազատությունների ու խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։  Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝ Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ–ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր… Նշվում է նաև, որ նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։
13:23 - 17 մարտի, 2021
Նախատեսվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ |armenpress.am|

Նախատեսվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ: Օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նախագծով ներկայացված է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի օրենսդրական ամրագրման առաջարկը: «Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը և ամրապնդել հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և առավել գրավիչ»,- ասաց Հովհաննիսյանը: Ներկայումս հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ին, որն էլ իր հերթին այն տեղեկացնում է առևտրային բանկերին՝ հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար: Միևնույն ժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է: Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր: Առաջարկվում է հարկ վճարողի օրը նշել ապրիլի 19-ին:  Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: Նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
13:08 - 17 մարտի, 2021
ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ Ինտերպոլը մերժել է հետախուզում իրականացնել Գևորգ Կոստանյանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերը, ըստ որոնց, այդ կառույցը մերժել է հետախուզում իրականացնել նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ:  Թովմասյանը փաստաթղթերը հրապարակեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը փաստաթուղթ է ուղղել Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում ասված է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության երրորդ հոդվածին»: Երրորդ հոդվածն ասում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն»: Այսինքն՝ Կոստանյանի գործը համարվել է քաղաքական, և այդ անձի վերաբերյալ տեղեկությունը հանվել է ինտերպոլի տվյալների բազայից»,- ասաց Թովմասյանը: Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ պարզվում է, որ դեռ 2020թ. ապրիլի 10-ին մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել Գևորգ Կոստանյանին, այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքը քաղաքական է:
14:38 - 16 մարտի, 2021
Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև. դա վերածվել է ազգային անվտանգության խնդրի. Քոչարյան
 |1lurer.am|

Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև. դա վերածվել է ազգային անվտանգության խնդրի. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Կայքերում, տելեգրամյան ալիքներում պարբերաբար տարածվում են տեղեկություններ, որոնք առնչվում են պետական ինստիտուտներին, պաշտպանական ոլորտին, պաշտոնատար անձանց: Երբ վերջիններս պատասխան չեն տալիս, ստացվում է, թե իբր ասվածը ճիշտ է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Վերջերս նաև հրապարակում եղավ, որում խոսք էր գնում ռազմական գնումների մասին, որին առնչվում էին տարբեր մարդիկ, հիմնադրամի հետ կապված ինչ-որ պատմություններ: Ես երեկ ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ անմիջապես քրեական գործեր հարուցվեն՝ անկախ նրանից իշխանության մեջ ես, թե ոչ: Նաև ինձ առնչվող բաներ են եղել, պաշտպանության նախարարի, այլ պաշտոնատար անձանց: Վերջերս անընդհատ գրում եք, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները աստղաբաշխական գներով տներ են առել, այսինքն՝ գնում է վարկաբեկման մի տոտալ գործընթաց, որը բավականին լավ վճարվում է: Դա հատուկ է արվում, և, բնականաբար, պետք է որ լավ վարձատրվի. սուտն է վարձատրվում: Մենք ապրում ենք իրականության և ֆեյքի միջև, դա արդեն վերածվել է ազգային անվտանգության խնդրի»,- ասաց Քոչարյանը: ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք ունե՞ն նման երևույթների դեմ պայքարի ծրագիր, ասաց, որ եթե խնդիրը բացահայտմանն է առնչվում, թե կոնկրետ մեդիառեսուրսն ում է պատկանում, ինչ դաշտում է աշխատում, ԱԱԾ-ն ունի հնարավորութուն պարզելու, թե ով է կանգնած տվյալ ռեսուրսի հետևում: «Խնդիրն ավելի շատ քրեական դաշտին է վերաբերում. արդյոք այդ մեդիառեսուրսը երբ հրապարակում է կատարում, անցնո՞ւմ է կարմիր գիծը, թե՞ ոչ: Շատ հաճախ իրենք քողարկում են հրապարակումները՝ «ենթադրում ենք», «հավանական է» բառերով, և հետագայում եթե մենք պատասխանատվության կանչենք կոնկրետ անձանց, կասեն՝ ես ենթադրում էի: Կարծում եմ՝ մենք այդպիսի ռեսուրսներ ունենք, որ կարողանանք դրանց դեմ պայքարել»,- ասաց Հարությունյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ ասաց, որ օրեր առաջ լրատվական կայքերից մեկում սպառազինության տեղաշարժի մասին տեսանյութ է հրապարակվել ռազմական դրության պայմաններում: Պատգամավորն առաջարկեց ԱԱԾ-ին, եթե չկան կարգավորումներ այդ մասով՝ ավելի խիստ լուծումների գնալու, համատեղ ջանքերով օրենսդրական այդ կարգավորումները մշակեն ու ստեղծեն: Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ երեկ էլ Սողոմոն Թեհլերյանի գործողության 100-ամյակն էր, բայց, ըստ նրա, Թեհլերյանն իր գործողությունն արել էր ազգային վրեժի լուծման տեսանկյունից, բայց, պատգամավորի խոսքով, երեկ նույնիսկ Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր ինչ-որ պետական գլուխներ պաշտոնյաների, որ բոլորին պետք է հարվածել: «Նեմեսիսը» պետք է որ լուծարված լիներ, բայց կարծում եմ, որ գուցե ոչ Նեմեսիս անունով, բայց կան որոշ կուսակցություններ, որոնք ունեն գաղտնի նման պահպանված կառույցներ: Վերջին տասնամյակների ընթացքում մենք առնչվել ենք «Դրո» կառույցի հետ: Պարզվեց, որ Նեմեսիսը լուրջ նորից պահանջարկ է կառուցում, իսկ այդ պահանջարկը նշանակում է՝ կան ուժեր, որ մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ. ընդ որում հոկտեմբերի 27-ը ոչ պակաս «Նեմեսիսի» գործողությանը նման էր»,- ասաց Քոչարյանը:
12:30 - 16 մարտի, 2021
Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ արցախա-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։ Տարածքներին առնչվող մյուս կետում նշված էր, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը:  Փաստացի՝ տարածքներն Ադրբեջանին հանձնվել են այս հայտարարության հիմքով, որտեղ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, ինչպես երեւում է, հիշատակում չկա։ Այս երկու շրջանների՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածների շուրջ խնդրահարույց դրվագներ եղան։ Դրանց մասին ոչ մանրամասնորեն, սակայն հետագայում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, այնուամենյանիվ, անպատասխան մնացին հարցերը, թե ինչպես են մեր ուժերը հետ քաշվել մինչեւ այդ շրջաններ, ապա ինչ հիմքով ու երբ են հանձնվել հայտարարության ստորագրման պահին մեր վերահսկողության տակ եղող հատվածները, ու արդյոք հանձնելու նպատակը, որը հետագայում պարզաբանեց Փաշինյանը, արդարացվեց։ Ե՞րբ են հանձնվել Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղող հատվածները Այսպես, 2020թ․ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց, որ երեք երկների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա այդ շրջանների մասին, որովհետեւ փաստաթղթի ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են եղել․ այդ հատվածներում, Փաշինյանի խոսքով, պետք է տեղի ունենար սահմանների ճշգրտում:  Օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին․ «Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչեւ 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով։ Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Եռակողմ համաձայնագրի մեջ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վրաբերյալ որեւ է բան չկա»։ Մոտ տասը օր անց՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին՝ դարձյալ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի ուղիղ խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ Սյունիքի անվտանգությունն ապահովելու տրամաբանությամբ․ «Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ, ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու եւս մեկ անգամ կրկնեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ․ «Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար։ Էդ հարցին մի պատասխան կա, բայց էդ հատվածները, ցավոք սրտի, էդպես ձեւավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում, մենք այդ կետից տասնյակ եւ հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, եկել հետ ենք հասել էդտեղ, եւ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին։ Այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը»։ Փաշինյանը հարցազրույցում, փաստորեն, նշել է՝ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր հսկողության տակ եղող հատվածները հանձնելու շուրջ բանավոր ըմբռնում է եղել։ Այսինքն՝ ըստ էության չի պահպանվել համաձայնագրի այն կետը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, եւ այդ դիրքերի ծառայողներն ու պաշտպանության մասնակիցներին հրամայվել է հետ քաշվել, ինչի մասին հայտարարել է Կապանի քաղաքապետը։ ՊՆ-ն ժամկետների խախտումով մերժում է տեղեկություն տրամադրել 2020թ․ դեկտեմբերի 23-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Ավելի քան մեկ ամիս անց՝ 2021թ․ հունվարի 25-ին, ՊՆ-ն պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը, 12-րդ հոդվածը (ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկություններ) եւ ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N173 որոշմամբ հաստատաված ցանկի 2-րդ կետի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին)։ Կառավարությունը եւս խուսափում է տեղեկություն տրամադրել Քանի որ ՊՆ-ն մերժեց տեղեկություն տրամադրել եւ չպատասխանեց հարցերին, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ, նույն հարցադրումներով հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից արձագանքեցին, որ հարցումը հասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 23-ին ուղարկած մեր այս հարցմանը պատասխանելու համար նախարարությունը խնդրել էր լրացուցիչ ժամանակ, ապա նոր 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժել տեղեկության տրամադրումը։ Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, ինչպես վերեւում նշել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին, ուստի փոքր-ինչ անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ ՊՆ-ն մերժման հիմքի համար է խնդրել 30 օր, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Հունվարի 28-ին մեկ այլ հարցումով դիմեցինք ՀՀ վարչապետին՝ ճշտելու՝ արդյոք հնարավո՞ր է բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին հանձնվեն Ստեփանակերտի մի հատվածը եւ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մի հատվածը՝ օրինակ։ Հաջորդ օրը ստանում ենք հարցման պատասխանը՝ «ոչ, հնարավոր չէ»։ Մինչ կառավարությունն ու նախարարությունը կպատասխանեին, կամ, ավելի ճիշտ, չէին պատասխանի հարցումներին, փետրվարին համացանցում հայտնվեց «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին» վերտառությամբ հուշագիր, որի կետերից մեկով էլ սահմանվում էր, որ Զանգելանն ու Կուբաթլուն Ադրբեջանին պետք է հանձնվեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 18-ը։ «Հետք»-ն, անդրադառնալով այս հուշագրին, փետրվարի 20-ին գրել էր, որ կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված այդ մեմորանդումը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովին վերապահված լիազորություններն առանձնացնելու համար մոտ 30 օր անհրաժեշտ եղավ Զուգահեռաբար հարցումներ ուղարկեցինք նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն մեխանիզմներ ՀՀ վարչապետի կողմից բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին Ստեփանակերտի մի հատվածի հանձնման իրավիճակ ստեղծվելու դեպքում այդ գործընթացը կանխելու համար։ Արցախի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանն անմիջապես կապ հաստատեց մեզ հետ՝ բանավոր պատասխանելով, որ ինքը նման իրավիճակ բացառում է, սակայն եթե երբեւէ այդպիսի դրություն ստեղծվի եւ Ստեփանակերտի՝ մերը մնալ-չմնալու հարց առաջ գա, ապա քաղաքի հանձնմամբ կարելի է համարել, որ Արցախն այլեւս չկա։  Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցմանն ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը կտրամադրվի մինչեւ փետրվարի 27-ը։ Պատասխան, սակայն, խոստացած ժամկետում չստացանք։ Մարտի 3-ին կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ հարցման պատասխանը կլինի։ Մարտի 5-ին դարձյալ կապ հաստատեցինք տիկին Աննա Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ հարցման պատասխանը չենք ստացել։ Վերջինս արձագանքեց, որ տեխնիկական խնդիր է եղել, պատասխանը կստանանք երեքշաբթի՝ մարտի 9-ին։ Մարտի 9-ին աշխատանքային ժամի ավարտին պատասխան դարձյալ չունեցանք, եւ քանզի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքային հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան, կապ հաստատեցինք ԱԺ լրատվական բաժնի աշխատակցի հետ, որը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել տիկին Աննա Գրիգորյանին։ Մարտի 10-ի առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին եւս մեկ անգամ տեղեկացրինք, որ պատասխան դեռ չենք ստացել, ինչից ժամեր անց, ի վերջո, ստացանք պատասխան, որի բովանդակությունը հետեւյալն է․ «ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որի հոդված 1 կետ 3-ի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»։ Փաստորեն, ՀՀ ԱԺ աշխատակազմին անհրաժեշտ եղավ 28 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու եւ առանձնացնելու Ազգային ժողովին վերապահված լիազորությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե վերոնշյալ պատասխանը տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը լրացուցիչ ինչ աշխատանք է կատարել, կիմանա միայն ԱԺ աշխատակազմը։ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը Ինչպես վերը մեջբերեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածները բանավոր ըմբռնմամբ հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվատնգությունը։ Ռազմական գործողությունների ավարտից անցել է մոտ 4 ամիս, հիշյալ երկու շրջանների հանձնումից՝ 2 ամսից ավելի։ Այս ընթացքում Սյունիքում անվտանգային հարցերի մասին քննարկումները չեն դադարել, իսկ դրա համար եղել են նաեւ պատճառներ։ Առնվազն մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է․ «Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։ Կրակոցների մասին ՄԻՊ-ն ահազանգել է նաեւ հունվարին՝ նշելով, որ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաեւ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաեւ հարբած վիճակում։ Անվտանգությունը վերին աստիճանի չէ նաեւ Սյունիքի՝ արդեն սահմանամերձ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերում։ Հունվարի 4-ից Շուռնուխ համայնքի 12 տներ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում։ Շուռնուխի հայկական ու ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածներն իրար շատ մոտիկ են։ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների ճշգրտման հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ են անցել նաեւ Որոտանի որոշ հատվածներ, այդ թվում՝ համայնքապետի եղբոր տունն ու հարակից տարածքը, այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ։  Այսպիսով, փաստորեն, Զանգելանի ու Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածները հանձնվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց վերաբերյալ որեւէ նշում չի եղել եռակողմ հայտարարության մեջ։  Դրանք, դեպքերի համադրությունից ենթադրելի է, հանձնվել են դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը շրջանների հանձնման վերաբերյալ արձանագրում կա համացանցում շրջանառված հուշագրում, որի իսկության վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս՝ այդպիսով չհերքելով դրա գոյությունը։ Կառավարությունն ու ՊՆ-ն մերժում են տեղեկություն տրամադրել հիշյալ շրջաններից մեր զորքերի դուրսբերման մասին, ընդ որում՝ ՊՆ-ն մերժում է խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Իսկ Ազգային ժողովին մոտ մեկ ամիս է անհրաժեշտ՝ ԱԺ-ին վերապահված լիազորություններն առանձնացնելու ու եռատող պատասխան տրամադրելու համար, եւ տասը օր՝ տեխնիկական խնդիրները լուծելու ու պատասխանն ուղարկելու  համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիշյալ տարածքները հանձնվել են՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար, առնվազն խնդրահարույց է՝ վերջին ամիսներին այնտեղ տեղի ունեցող անհանգստացնող դրվագները դիտարկելու դեպքում։ Հայարփի Բաղդասարյան
20:29 - 15 մարտի, 2021
ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում էր զինվորականներին փոխհատուցում տալ չօգտագործված արձակուրդների դիմաց. ԱԺ հանձնաժողովը մերժեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Կառավարությունը խոստացավ ներկայացնել համապարփակ փոփոխություններով նախագիծ: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:   «Առաջարկում ենք առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»,-ասաց Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել: Սիմոնյանի կարծիքով՝ կարելի է գալ համաձայնության և առկա գումարը տալ ոչ թե միանգամից, այլ մասերով: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը՝ որպես մարդու իրավունքները վերականգնող, բարելավող քայլ: «Սակայն այս պահին վերջնական որոշում կայացված չէ՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, և այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ թիվը շատ մեծ է լինելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018-ին ՍԴ-ի որոշումից հետո: Այսպիսով` կառավարությունն այս պահին առաջարկում է սպասել փոխնախարարի կողմից հիշատակված օրենքում կատարվող փոփոխություններին, համապարփակ անդրադարձին: ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը նշեց, որ ՍԴ-ի 2018-ի որոշմանը հետադարձ ուժ չի տրվել, նաև չի նախատեսվել ժամկետ, թե երբ պետք է օրենսդրական փոփոխություն արվի: «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով ասվում է, որ երբ որևէ ակտ հակասահմանադրական է, ապա Արդարադատության նախարարությունը եռամսյա ժամկետում պարտավոր է  նախագծային գործընթաց իրականացնել: Դա 2018-ին արվել է նախարարության կողմից, նախագիծը մշակվել, շրջանառվել է: Բայց ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ ներկայացվի նախագծի ֆինանսական գնահատական, ինքնաբերաբար արդարադատության նախարարությունը մեզնից պետք է ուզեր դա, մենք փաստացի չկարողացանք տալ, դրա համար գործընթացը դադարեց դեռևս 2018-ին»,-ասաց նա: Սակայն Սիմոնյանը վստահեցրեց, որ այս պահին ՊՆ-ում մշակվող նախագծում մշակվել են նաև այդ նորմերը, դրանց տրվել են հետադարձ ուժ՝ ի դեմս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017-ի դեկտեմբերի 16-ից: Այսպիսով` կառավարությունն առաջարկեց առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից՝ առավել ընդգրկուն և ամբողջական կարգավորում կատարելու նպատակով: Համապատասխան  օրենքի նախագիծը մինչև մարտի վերջ կդրվի շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, նաև հանրային քննարկման: Տարոն Սիմոնյանը, սակայն, առաջարկեց օրենսդիրներին օգտագործել իրենց իշխանությունը՝ շահագրգռելու կառավարությանը, որ ակտիվ աշխատեն, առաջին ընթերցումով հաստատեն օրենքի նախագիծը, որպեսի կառավարությունը մինչև երկրորդ ընթերցում ավելի ակտիվ աշխատի, գոնե առաջարկ ներկայացնի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը: Սիմոնյանը արձագանքեց, որ կառավարությանը չվստահելու փորձ ունի, այսպիսով` մերժեց այդ առաջարկը: Քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն չստացավ:
12:28 - 15 մարտի, 2021