ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, քննարկվել են երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Երկուստեք ընդգծվել է ծրագրի ներդրման կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կրթական կարողությունների զարգացման և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին օժանդակության, համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային  2016թ.-ից հաստատված արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Շվեդիայի կողմից:
22:35 - 08 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր և փոխհարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ընդգծվել է համագործակցության բավականին բաձր դինամիկան: Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
15:08 - 08 հուլիսի, 2020
Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։ Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը: Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը և այն գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք: Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց և արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո, կսկսվի 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ, 9x18 մմ և 9x19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաև կավելանան նոր աշխատատեղեր։ ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից և արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։ Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։ 
16:29 - 07 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։ Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  
13:48 - 07 հուլիսի, 2020
Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն

Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հորդորում են զորակոչիկների հարազատներին՝ պահել սոցիալական հեռավորություն և լինել դիմակներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Բացի նշվածից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի շրջակայքում։ Ոստիկանները կրկին հորդորում են պահել սոցիալական հեռավորություն և ստուգում են դիմակների առկայությունը։ Կարգը խախտածների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ։ Ըմբռնումով մոտենալով՝ կոչ ենք անում զորակոչիկների հարազատներին, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ այցելեն զինկոմիտսարիատներ, իսկ հանրապետական հավաքակայան ընդհանրապես չայցելել, քանի որ զինակոչիկների հարազատները հանրապետական հավաքակայանում որևէ գործողության չեն մասնակցում։ Զորակոչիկների վիճակահանությանը հարազատները կարող են հետևել միայն տարածքային զինկոմիսարիատներում։ Բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին՝ նշենք, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը զինվորների ու քաղաքացիների առողջության անվտանգության պահպանումն է։
19:42 - 06 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին ու առաջիկա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոչ ինքնակամ Ադրբեջանում հայտնված և անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արա Ղազարյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցեր, կարևորել Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը՝ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների անդամների հետ նամակագրության ապահովման նպատակով:  Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրների: Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի ղեկավարին՝ պատվիրակության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին աջակցելու համար:
16:44 - 06 հուլիսի, 2020
Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն մենք ժամանակ առ ժամանակ զինված ուժերի կիրառման պլանը քննարկում ենք ամենատարբեր ֆորմատներով: Ես այսօրվա քննարկման մեկնարկին շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր: Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայատարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները: Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք և այն նպատակադրումները, որ մենք, ըստ էության, ունենք գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Եվ ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր և մեր Զինված ուժերի առաքելությունը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում»:
12:44 - 04 հուլիսի, 2020
Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել, որ  «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին և հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։  «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։  Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր  պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում:
16:36 - 03 հուլիսի, 2020
Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային  լաբորատոր հետազոտությունից նաև պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային լաբորատոր հետազոտությունից նաև պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։ Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։ Զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։ COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։ Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ»:
11:03 - 02 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, ինչպես նաև մասնագետների խմբին Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով Հայաստան տեղափոխելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ լիտվական կողմի այս գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը և համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաև բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։ 
20:40 - 01 հուլիսի, 2020
Զորակոչիկների անվտանգությունն ամենակարևորն է. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հավաքակայան

Զորակոչիկների անվտանգությունն ամենակարևորն է. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հավաքակայան

Հանրապետությունում հուլիսի 1-ին մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում առկա են հատուկ գծանշումներ՝ զորակոչիկների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար: Հանրապետական հավաքակայանում զորակոչիկներին դիմավորելուց հետո նրանց, փոքրաթիվ խմբերով, ուղեկցում են ջերմաչափման և արյան նմուշառման սենյակներ, որտեղ, սոցիալական հեռավորություն պահպանելով, տղաները ջերմաչափվում են, այնուհետև կատարվում է արյան նմուշառում՝ COVID 19 համավարակի հակամարմինների առկայությունն արյան մեջ ստուգելու նպատակով: Հավաքակայանում գործում է հատուկ կահավորված լաբորատորիա՝ կարճ ժամկետում զորակոչիկների արյան հետազոտության պատասխաններն ստանալու և կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին հատուկ կահավորված սենյակներում արագ մեկուսացնելու և կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնելու նպատակով: Այնուհետև զորակոչիկներն անցնում են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, ևս մեկ անգամ ստուգվում ու քննարկվում են նրանց անձնական գործերում բուժհետազոտությունների վերաբերյալ եզրակացությունները և խնդրահարույց հարցերը: «Բանակ պետք է զորակոչվեն միայն բացառապես առողջ և կասկածելի ախտանշաններ չունեցող զորակոչիկները»-վստահեցրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Նա նաև նշել է, որ սահմանված ընթակարգով հանրապետական հավաքակայանում բուժհետազոտության փուլերն անցնելուց հետո զորակոչիկները, նախքան վիճակահանությամբ ընտրված զորամասեր մեկնելը, անվտանգության նկատառումներով պայմանավորված, ևս 14 օր գտնվելու են  կարանտինային գոտում, որից հետո հանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ և միայն երկու թեստերի արդյունքները համադրելուց հետո նորակոչիկները համալրելու են զինված ուժերի շարքերը: Բժշկական փորձաքննությանը հաջորդում է զորակոչիկներին անձնական համարներով անվանապիտակների տրամադրումը: Ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի անդամների հետ զրույցից հետո զորակոչիկների պայմանական համարներին ավելանում են դասակարգման տարբերանշանները: Դրանց հիման վրա էլ զորակոչիկները մասնակցում են վիճակահանությանը՝ համապատասխան թմբուկից ընտրելով զորամասի համարը: Հաշվի առնելով երկրում շարունակվող համաճարակային իրավիճակը, ի տարբերություն նախորդ զորակոչերի, այս անգամ զորակոչիկների ծնողները վիճակահանության ընթացքին հետևելու են տարածքային ստորաբաժանումներից՝ օնլայն տարբերակով: 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները: Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար: Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում գտնվող և վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:    
19:29 - 01 հուլիսի, 2020
Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը:
17:39 - 01 հուլիսի, 2020