ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային շրջայցերը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։   Այս անգամ Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ: Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սննանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում էին տեխնիկական և գույքային պարագաներով համալրմանը:   Իրավիճակն այլ էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում. շենքն անմխիթար վիճակում էր գտնվում, դատական կարգադրիչների ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չկային: «Այս մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, բայց այդտեղ այդ շենքը վերանորոգելը, կահույք փոխելը իմաստ չունի, որովհետև շատ սուղ շենքային պայմաններ ունի: Դատական կարգադիրչները, թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե կարգադրիչների սենյակը: Մեր հույսը  ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շենքային պայմանները բարվոք էին, աշխատակիցներն ունեին որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն: Մարզային հանդիպումն ամփոփվեց Սյունիքի մարզկետրոնում՝ Կապան քաղաքի դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, ձեռնարկվող միջոցառումների մասին։ Դատարանի աշխատակազմից Խորհրդի նախագահի պաշտոնակատարին տեղեկացրին, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր: Գագիկ Ջհանգիրյանը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացավ, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում. «Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով»,- եզրափակեց Խորհրդի նախագահի պաշտոնակատարը:
13:12 - 28 օգոստոսի, 2021
ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է իրենց կարծիքներում և դիրքորոշումներում լինել զուսպ և կոռեկտ

ԲԴԽ-ն պատգամավորներին հորդորում է իրենց կարծիքներում և դիրքորոշումներում լինել զուսպ և կոռեկտ

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը: Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում: Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ»:
15:26 - 17 օգոստոսի, 2021
Դատավորների ավտոմատ մակագրման ծրագրում արտաքին միջամտության փաստով հարուցվել է քրգործ. կատարվում է քննություն |armenpress.am|

Դատավորների ավտոմատ մակագրման ծրագրում արտաքին միջամտության փաստով հարուցվել է քրգործ. կատարվում է քննություն |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ որոշ դատարաններում չեն գործում դատավորների ավտոմատ մակագրման ծրագրերը և ի՞նչ փաստով է հարուցվել է քրեական գործ: Այս մասին Ջհանգիրյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ և հավելեց, որ ավտոմատ մակագրման ծրագրի գործարկումը որոշ դատարաններում դադարեցվել է, քանի որ արտաքին միջամտության փաստով քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործի հարուցումը մեզ դրեց բավականին արտառոց վիճակի մեջ, քանի որ հուլիսի 21-ին, գործի նախաքննության հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ Սահմանադրական օրենքի «ՀՀ դատական օրենսգրքի» 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Նման իրազեկումներ ստացել են նաև այն դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել: Այդ ընթացքում մենք ստացանք նաև այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ խափանվել է ավտոմատ մակագրման ծրագիրը: Մեր օրենսգիրքը 41-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նման պարագայում պարտավորեցնում են դատավորին այդ մակագրումները կատարել ձեռքով, մինչև խնդրի կարգավորումը»,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ համակարգը չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության և վարչական առաջին ատյանի, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններում: ԲԴԽ որոշմամբ՝ նախագահի պաշտոնակատարը ընդունել է ԱԱԾ քննչական դատական դեպարտամենտի ղեկավարին ու պարզաբանումներ է ստացել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ավտոմատ համակարգը նորից վերագործարկելու համար: Նա ընդգծեց, որ կատարվում են քննչական գործողություններ, նշանակվելու է փորձաքննություն: «Իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլև ինձ տեղեկացրել են, որ ունեն ապացույցներ  կոնկրետ գործերով: Այս խնդիրը պետք է լուրջ քննության առարկա դառնա»,- ասաց Ջհանգիրյանը:
16:24 - 02 օգոստոսի, 2021
Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել ՀՀ մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել ՀՀ մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն: Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորնշանակ նախագահներին ներկայացնելն էր: Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց  նաև Կարգադիրչների ծառայության նորանշանակ պետ՝ Սուրեն Բաղդասարյանին: Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսեց առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:
15:07 - 31 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը |tert.am|

ԲԴԽ-ն մերժեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը |tert.am|

tert.am: ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստի ընթացքում։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց․ Նա նաև նշեց՝ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի անդամների և նախագահի կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ, ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է խորհուրդը։ «Սակայն, օրենքում նախատեսված համապատասախան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարեց Ջհանգիրյանը։
15:41 - 26 հուլիսի, 2021
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարի հետ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հանդիպել են Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ:   Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:   Պարոն Ջհանգիրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է և առաջնային՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել աշխատաժողովներ, վերապատրաստումներ, ուսումնական այցեր ինչպես ԲԴԽ անդամների, այնպես էլ Դատական դեպարտամենտի աշխատակիցների համար:   Կողմերի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:  
14:01 - 26 հուլիսի, 2021
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին |armtimes.com|

Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին |armtimes.com|

armtimes.com: Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Վերջինս հուլիսի 21-ին դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով՝ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/ լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչել: Ապրիլի 15-ին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 9-ին վերականգնել էր նրա իրավունքները։ Դրանից հետո այդ դատական ակտի հիման վրա Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում: Սակայն ԲԴԽ-ն հայտնել էր, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը իրենք չեն:
16:27 - 23 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի դիմումին |1lurer.am|

ԲԴԽ-ն արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի դիմումին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):   Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:   Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:   Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:  
14:52 - 16 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
16:38 - 15 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու |armtimes.com|

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը. միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 26-ին, ժամը՝ 15.00-ին: Նկատենք, որ Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին: Համացանցում տարածվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին: Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։  Հուլիսի 9-ին էլ Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ստացել է դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իր, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:
16:28 - 12 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը
 |1lurer.am|

ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը: Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:      
18:47 - 08 հուլիսի, 2021
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ին` դատավորի լիազորություններս դադարեցնելու համար. Կարինե Պետրոսյան

Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ին` դատավորի լիազորություններս դադարեցնելու համար. Կարինե Պետրոսյան

Դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի գործընկերներ Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որպիսի հանգամանքը դատավորի լիազորությունների դադարման հիմք է: Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վեր հանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի: Իրավական գործընթացների ամբողջ ընթացքում պահպանել եմ դատավորի զսպվածության և չեզոքության արգելքը: Եվ չնայած որ այս պահի դրությամբ կարճված է իմ նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք շարունակական «հետապնդումներից»: Ասվածի ապացույցը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունն է: Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է… Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց բարոյական աջակցությամբ հավաստեցին իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը: Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր այն անդամներին, ովքեր չվարանացեին պաշտպանել իրենց գործընկերների խախտված իրավունքները»,- գրել է դատավոր Պետրոսյանը:
14:14 - 12 մայիսի, 2021
ԲԴԽ խորհուրդը հանդիպել է Երևանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին, քննարկվել են համակարգում առկա խնդիրները

ԲԴԽ խորհուրդը հանդիպել է Երևանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին, քննարկվել են համակարգում առկա խնդիրները

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 10-ին աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր: Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները: Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին։
13:27 - 11 մայիսի, 2021