Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:   Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:   Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
09:02 - 19 սեպտեմբերի, 2022
Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Այս մասին այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմական դրություն մտցնելու հարցին ու նշեց․ «ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։  Մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում էին, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանությանը։ ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, այս փուլում նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ։ Շատերը ակնկալում էին, որ ռազմական դրություն պետք է մտցվի և այդ համատեքստում խոսույթ է ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ առաջինը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը, և խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք ամեն ինչով պետք է աջակցենք զինված ուժերին։ Կան հայրենակիցներ՝ եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պատքն են համարում անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը։ Նման քաղաքացիները ցանկացած պահի կարող են դիմել կարող են դիմել համապատասխան կառույցներ, զինկոմիսարիատներ, մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական ֆինանսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- նշեց Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց․ «բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»։ Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին ու նշեց, որ օպերատիվ իրավիճակը սահմանին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։
11:09 - 16 սեպտեմբերի, 2022
Քահլը Պապիկյանին հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն

Քահլը Պապիկյանին հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։   Քոլին Քահլին եմ ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ դրա հանգուցալուծման հարցում ընդգծելով միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը: Շնորհակալություն եմ հայտնել Քոլին Քահլին՝ իրավիճակին արագ արձագանքելու համար:   Քոլին Քահլը, իր հերթին, կարևորել է հրադադարի պահպանումը, շեշտել բանակցային սեղանին վերադառնալու և առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Քոլին Քահլը հայտնել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը սակարկման առարկա չպետք է լինեն»:
18:07 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:    «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   ​Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:   ​Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:00 - 15 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն

ԱՄՆ այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:   Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Երեկ Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ, իսկ ավելի վաղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի, Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Նա նաև այցելել է Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։         
15:33 - 10 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։  ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտականհամալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության  զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և  դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական  կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։
21:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։
09:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել  է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները,  ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը   գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին  հրավիրել է այցելել Հայաստան։ Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի,  Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։
10:11 - 08 սեպտեմբերի, 2022
Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
18:26 - 07 սեպտեմբերի, 2022
Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ․ Սուրեն Պապիկյան

Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ․ Սուրեն Պապիկյան

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։ Երիտասարդ սպաներին ողջունել և շնորհավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն հաղթանակներ կերտած, բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած  հայկական բանակում, որն այժմ առավել քան երբևէ ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք: «Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Դուք նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելությունն եք ստանձնում: Շնորհավորում եմ սպայական կոչում ստանալու կապակցությամբ, մաղթում առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար: Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ»,-ասել է Սուրեն Պապիկյանը։ Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Միջոցառումն ավարտվել է ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով։
17:00 - 02 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:Կարևորվել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում:   Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:
18:55 - 31 օգոստոսի, 2022
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև  Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:  Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և  քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ:
18:02 - 16 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հանդիպմանը Շոյգուն նշել է․ «Մենք ունենք քննարկելու հարցեր, դրանց շարքում կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ։ Իհարկե, կան նաև հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջև դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք նախկինի պես համոզված ենք, ինչպես և դուք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է»,- ասել է նա։ Շոյգուն շնորհակալություն է հայտնել «Բանակ 2022» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի բացմանը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար։ Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ օգոստոսի 16-ի  հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական գործընկերային երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակը։ «Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերակատարումը»,- ասել է Պապիկյանը։
14:07 - 16 օգոստոսի, 2022