Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

Նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը նախագահին և մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները։ Ներկայացուցչական այս համաժողովը առանձնահատուկ մի հարթակ է էլեկտրոնային կառավարման ոլորտի մասնագետների և փորձագետների հանդիպման, փորձի փոխանակման համար։ Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալու թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձին՝ հետագայում այն կիրառելով Հայաստանի թվայնացման օրակարգում, այլև ներկայացնելու Հայաստանի կառավարության տեսլականը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տվյալների կառավարման ռազմավարության՝ թվային օրակարգի մշակման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու հայկական ընկերությունների հնարավորությունները։ Երկօրյա համաժողովի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների թվայնացված պրոդուկտներն ու մոդելները։ էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև նախարարական նիստ, որտեղ ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների հետ։ Միջազգային խոշոր այս համաժողովին մասնակցում են 110 երկրների 450-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ։
18:11 - 21 մայիսի, 2019
Հակոբ Արշակյանը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին |tert.am|

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Աթոս» ծրագրային ապահովում իրականացնող ընկերության փոխնախագահին |tert.am|

tert.am։ «VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձևավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող կառուցվածքային և ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա: Ռոբերտ Վասոյանը կարևորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, և որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։ «Աթոս» ընկերության փոխնախագահը նաև իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։
07:16 - 18 մայիսի, 2019
Հակոբ Արշակյանը և ՉԺՀ տրանսպորտի նախարարը քննարկել են Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները

Հակոբ Արշակյանը և ՉԺՀ տրանսպորտի նախարարը քննարկել են Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը, դրանցում կարևորելով հատկապես «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը։ Նա նշել, որ հանդիպում է ունեցել նաև Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») ղեկավարության հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով և ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» իրականացվելիք շինարարության աշխատանքներում։ Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները։ Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը։
17:44 - 15 մայիսի, 2019
Հակոբ Արշակյանը և Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ

Հակոբ Արշակյանը և Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգը քննարկել են համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև` Եվրոպայում։ Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։ Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, մանրամասնել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։ «Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող հատվածի մի մասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ և հեռանկարային:
17:26 - 14 մայիսի, 2019
Հակոբ Արշակյանը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են հայկական ծագմամբ շուրջ 60 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների

Հակոբ Արշակյանը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են հայկական ծագմամբ շուրջ 60 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։ Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։ Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։ Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն կառավարության համար։ Խոսելով անցկացվող հանդիպման նպատակի մասին՝ նախարարը նշել է, որ պետք է հստակ ձևակերպվի տեխնոլոգիական համայնքի պահանջարկը՝ ի՞նչ գործիքակազմով է հնարավոր միջազգային համագործակցության հարթակներ դուրս գալ, հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ համագործակցությունը և առաջ գնալ։ Անդրադառնալով եղած հնարավորություններին և ներուժին՝ նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջված են, և համագործակցության արդյունքում է, որ լայնամասշտաբ խնդիրներ են լուծվում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։ Զոհրաբ Մնացականյանը նաև շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր հատվածը բավական կազմակերպված ու համախմբված է, կարող է հանդես գալ միասնական մոտեցումներով՝ հնարավորություն տալով հստակեցնելու մերընդհանուր նպատակները։ Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնց տրվել են պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ հստակեցվել են մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։
17:03 - 03 մայիսի, 2019
«Հայաստանում պետք է լինեն հազարավոր ստարտափներ». Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

«Հայաստանում պետք է լինեն հազարավոր ստարտափներ». Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաեւ կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։ «Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։«Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաեւ նախարարը։ «Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարեւորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարեւոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում եւ ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման շուրջ, ինչը թույլ կտա առաջ գնալ եւ զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որեւէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։ «Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, եւ հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։Նախարարը անդրադարձել է նաեւ տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա եւ շատ կարեւոր է։ «Yerevan Testing Days»-ի կոնֆերանսն ավարտվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
08:03 - 02 մայիսի, 2019
Նախարարի ուղեկցությամբ Ղազախստանի վարչապետը այցելել է «Թումո» կենտրոն

Նախարարի ուղեկցությամբ Ղազախստանի վարչապետը այցելել է «Թումո» կենտրոն

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրել է «Թումո»-ի հնարավորությունները, ծանոթացրել ստեղծված պայմաններին, կրթական ծրագրում ընդգրկված 4 ուղղություններին` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Նշվել է, որ 12-18 տարեկան պատանիներն այստեղ սովորում և զարգացնում են իրենց հմտությունները` ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։ Հյուրերը շրջել են ուսումնական տարածքով, զրուցել սաների հետ: Թումոյականների ուժերով ստեղծված «Հիփ- հոփ» ֆոլք համույթը փոքրիկ երաժշտական կատարում է ներկայացրել։ Ասկար Մամինը ծանոթացել է նաև «Թումո»-ում գործող ռոբոտաշինության խմբակի գործունեությանը։ Այստեղ բարձրաստիճան հյուրին ներկայացրել են իրենց ձեռքբերումները, նշվել է, որ սաների թվում միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր ունեն։ Թումոյական ուսանողների ստեղծված «Yelling» ստարտափում էլ, որը անիմացիաներ է ստեղծում, ներկայացվել են գործունեության առանձնահատկություններն ու շրջանակները։ Մարի Լու Փափազյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում արդեն նմանատիպ 4 կենտրոն է գործում։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են բացվել նաև Փարիզում և Մոսկվայում ապրող հայ երեխաների համար։
18:05 - 30 ապրիլի, 2019
Հակոբ Արշակյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը

Հակոբ Արշակյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։ Ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև գործակցային հարաբերություններին, նշել, որ անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որում առանձնակի կարևորություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված քայլերին։ Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերը։ Հակոբ Արշակյանը Ջուն Յամադային նաև տեղեկացրել է նոր նախարարության կազմավորման մասին և հույս հայտնել, որ Ճապոնիայի հետ, որն աշխարհում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, նոր մակարդակի գործակցություն կզարգանա։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում փոխանակման ծրագրեր իրականացնելու, ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է ճապոնական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ և բովանդակալից հանդիպման համար՝ Ջուն Յամադան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն բան կանի նոր, առավել ընդգրկուն հարաբերություններ ծավալելու համար։
14:40 - 29 ապրիլի, 2019
Հակոբ Արշակյանն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

Հակոբ Արշակյանն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելել է «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ։  Հանդիպմանը մասնակցել են մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին: Նախարարը նախ շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների հետ:  2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից:  Հանդիպմանը քննարկված կարևոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների և բուհական համակարգի միջև համագործակցությունն էր: «Վինեթի» ընկերությունը տեղի բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ:  Նախարար Հակոբ Արշակյանն առաջարկել է ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ և ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների և գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) և այլ համալսարաններ: Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ է  կատարել նաև հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին և ստարտափերին ցուցաբերվող աջակցությանը: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ:  Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել «Վինեթիի» նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում և կարտահանվի: Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով  Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու և առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն:  Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ թեև նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը:  
07:55 - 23 ապրիլի, 2019
Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի |a1plus.am|

Միասնական տրանսպորտային համակարգի դեպում ուղեվարձը վարորդը չի գանձի |a1plus.am|

a1plus.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ ներդնել։ Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։ Միասնական տրանսպորտային համակարգին անցնելու պարագայում քաղաքացին տոմս է գնելու, այսինքն` վարորդին առձեռն գումար տալու խնդիր չի լինելու։ Հակոբ Արշակյանը ծրագիրը իրատեսական է համարում։ Հարցին, թե արդեն հաշվարկ կատարե՞լ են, նախարարն ասաց, որ այս պահին դժվար է գնահատել հաշվարկը։ Նա նաև հավելեց, որ ծրագրի իրականացումը պետություն- մասնավոր համագործակցություն է և չի բացառվում, որ պետությունը մեծ ծախսեր չանի։ Ինչ վերաբերում է մարզերին, ապա պլանավորվում է, որ մարզի երթուղիները հավաքվեն ամենամոտիկ շրջկենտրոնում և այնտեղից միանան Երևանին, որպեսզի Երևան եկող և գնացող տրանսպորտային մասը բեռնաթափվի։
11:45 - 17 ապրիլի, 2019
Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ, վերանորոգվի՝ 300 կմ ճանապարհ. Հակոբ Արշակյան

Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ, վերանորոգվի՝ 300 կմ ճանապարհ. Հակոբ Արշակյան

aysor.am։  Ճանապարհաշինական ծրագրերը մի քանի մասի են բաժանված։ Դրանք միջին նորոգման, հիմնանորոգման և լրացուցիչ հիմանորոգման ծրագրերն են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ «Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով։ Խնդրում եմ, որ համայքններն իրար կապող ճանապարհներիկ հարցերով քաղաքացիները դիմեն մարզպետարաններ կամ համայնքապետարաններ»,- ասաց նա։ Նախարարը միաժամանակ նշեց, որ ապագայում ներդրվող օնլայն ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին՝ բոլոր մանրամասներով՝ ծախսված գումարներ, հսկողություն և այլն։ Սա, ըստ Արշակյանի, հնարավորություն է տալու հիմնանորոգված ճանապարհի քանդվելուց հետո վերահսկել և իմանալ՝ ո՞վ է  դրա համար պատասխանատու։ «Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստն և Իրան։ Այս տարի այս ուղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է 300 կմ վերանորոգել։
08:41 - 17 ապրիլի, 2019
YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է տալիս․ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գուգլի ինժեներական մասի տնօրենի հետ

YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է տալիս․ Հակոբ Արշակյանը հանդիպել է Գուգլի ինժեներական մասի տնօրենի հետ

Տեղեկացնում եմ ձեզ, որ YouTube-ի և Google-ի հետ կապված կարգավորումներով զբաղվող աշխատանքային խումբն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ «Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։  Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը, Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։ Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։ Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը։ Ընդհանուր առմամբ տվյալ երեք խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի ինչպես հայաստանյան եւ հայալեզու վիդեոարտադրանքի զարգացման տեսանկյունից։ Բացի դրանից սա կխթանի խոսքի եւ կարծիքի ազատությունը Հայաստանում։ Մեծ ներդրում կլինի նաեւ աշխարհում սփռված հայերի համար հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։ Գուգլի կողմից ակընկալում ենք, որ ստանալ այն խնդիրների ցանկը, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը ավելի համապարփակ օգտվեն Գուգլի եւ Յություբի ծառայություններից։ Այսինքն, պետք է հստակ հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ՀՀ կառավարությունից, բանկային համակարգից, տեխնոլոգիական համայնքից, որպեսզի խնդիրը հնարավոր լինի լուծել։ Բացի տվյալ խնդիրներից, գոյություն ունեն նաեւ Գուգլի հետ կապված այլ խնդիրներ։ Այսպիսով, Google Maps օգտվում է հին սովետական սահմաններից եւ մի շարք բնակավայրեր Հայաստանի հարավում եւ հյուսիսում դիտարկվում են որպես Ադրբեջանի անկլավներ։ Այդ պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդեցված է, քանի որ ճանապարհը քարտեզի վրա գծագրվում է խիստ սխալներով։ Օրինակ, Երեւանից Գորիս ճանապարհը Գուգլի նավիգացիայով չի աշխատում հստակ, քանի որ այն փորձում է շրջանցել իբր ադրբեջանական տարածք։ Այս հարցերը առաջացնում են լուրջ խնդիրներ տուրիստների համար։ Նշված և այլ հարցերով պայմանավորվեցինք երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն հարցերի լուծման ուղղությամբ։ Սամվել Մարտիրոսյան, Վահան Հովսեփյան, և աշխատանքային խմբի մնացած մասնակիցներ, շնորհակալ եմ աջակցելու համար։ Տիկին Քլատերբակի հրավիրեցի Հայաստան մասնակցելու WCIT 2019-ին և խնդրեցի պաշտոնական հրավերը փոխանցել նաև իր ղեկավարությանը։ Քննարկեցինք ևս մեկ հարց, որ անակնկալ կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ իրականանալու դեպքում, այդ իսկ պատճառով թույլ տվեք այդ մասին դեռ չբարձրաձայնել»,- գրել է Արշակյանը։
18:11 - 10 ապրիլի, 2019
Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Ֆրանսիական «Sigfox» ընկերությունը պատրաստ է համագործակցելու հայաստանյան IoT ստարտափների հետ

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական «Sigfox» ընկերության գործադիր տնօրեն Լյուդովիկ Լե Մոանի հետ։ «SIGFOX» ընկերությունը զբաղվում է իրերի ինտերնետի համար նախատեսված կապի սարքերի և ենթակառուցվածքների ներդրումով, որոնք աշխարհի ավելի քան 60 երկրներում մեկ միլիարդից ավելի մարդկանց թույլ են տալիս ուղարկել և ստանալ փոստային առաքանիներ և այլ իրեր՝ առցանց հետևելով դրանց տեղաշարժին, օգտագործելով ավելի քանի 50 անգամ ավելի քիչ էներգիա, քան դասական տեխնոլոգիաներով։ Նշված տեխնոլոգիաները նաև լայնորեն կիրառվում են խելացի քաղաքներում օգտագործվող այլ ուղղություններով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպել իրերի ինտերնետի երեք ամիս տևողությամբ դասընթացներ «SIGFOX»-ի ունեցած և աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած կրթական հարթակի միջոցով, որի արդյունքում ուսանողները կծանոթանան իրերի ինտերնետի ուղղությամբ աշխարհի ամենաառաջանցիկ տեխնոլոգիաներին և հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ցանցի աշխատանքներին, ինչպես նաև ստեղծելու իրենց «IoT Startup»-ը:  Լյուդովիկ Լե Մոանը նշել է, որ պատրաստ են համագործակցել Հայաստանում գտնվող IoT ստարտափների հետ, ինչը երկուստեք կստեղծի նոր հնարավորություններ ամբողջ աշխարհում տարածելու իրենց տեխնոլոգիաները։ Հանդիպմանը նախարար Հակոբ Արշակյանը Լյուդովիկ Լե Մոանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին: 
11:00 - 10 ապրիլի, 2019
Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին

Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցում է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին

Ժնևում ապրիլի 9-ին մեկնարկել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումը (WSIS), որին մասնակցում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «WSIS»-ը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ նախարարների, ինչպես նաև համաշխարհային հեղինակավոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով և փորձով, հետևելու երևան եկող միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները:  «WSIS 2019»-ի խորագիրն է՝ «Տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»:  Նստաշրջանի օրակարգում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը կներկայացնի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը թվային կապի և տնտեսության տարբեր ճյուղերում, իրականացվող ծրագրերը և հետագա անելիքներն ու ակնկալիքները։ «WSIS»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ: 
09:08 - 09 ապրիլի, 2019
Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|

Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։ Նա նշել է, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։ «Կարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել, և այդտեղ, իհարկե, լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ ճանապարհներից են նաև Իրանի ու Վրաստանի հետ կապող ճանապարհները»,- ասել է նա։ Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանք ունենալու մասին, նշել է, որ գործընթացը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով։ Նա նկատեց, որ բանակցությունները հիմնականում ռուս-վրացական օրակարգի շրջանակում են։ «Մեր ունեցած լեգիտիմության չափով մենք մասնակցում ենք, խոսքը հարավօսականի, լաստանավային անցման մասին է։ Բավականին բազմակողմանի քննարկումներ կան, իհարկե, մեզ համար առաջնահերթ են, բայց դանդաղությունը պայմանավորված է նրանով, որ բանակցությունները 2 տարբեր երկրների միջև են, իսկ մենք 3-րդ կողմ ենք, շահառու կողմ ենք, ոչ թե ուղիղ»,- շեշտել է Արշակյանը: Ինչ վերաբերում հարցին, որ նախկինում էլ բազմաթիվ ծրագրեր են գծվել, սակայն վերջնակետում պարզվել է՝ գումար չկա, նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որևէ ծրագրի իրականացման ժամանակ, անհրաժեշտ է ոչ թե մտածել գումար ունենք, թե՝ ոչ, այլ այդ գումարը հետ է գալու, թե՝ ոչ։ «Եթե գումարը հետ է գալու, ապա այդ գումարը կգտնվի, իսկ եթե ծրագիրը պարզապես անում են անելու համար, ապա ո՛չ գումար, ո՛չ անող չի չգտնվի։ Յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է տնտեսական էֆեկտիվության գնահատական լինի։ Լարսի այլընտրանքի մասով էլ ասեմ, որ հիմա բավականին լուրջ խոսակցություններ են գնում, նույնիսկ մեկ փոխադրող կա, որն արդեն իրավական մասով ընթացակարգերի մեջ է, որպեսզի կարողանա բեռնափոխադրումներ անել «Փոթի-Պորտ Կավկազ» ուղղությամբ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Նախարարի խոսքով՝ քննարկումներ կա նաև լաստանավային ուղու հետ կապված։ Ըստ Արշակյանի՝ իրագործումը կախված է նրանից, թե ինչ տարողունակություն կլինի։ «Կախված է նրանից, թե այդ միջանցքն իրեն տնտեսապես կարդարացնի՞, թե ոչ։ Եթե բավարար չափով ծավալներ լինեն, «Հարավկովկասյան երկաթուղին» հավաստիացնում է, որ իրենք կարող են լաստանավ վարձակալել»,- ընդգծել է նախարարը։ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Իրանի հետ երկաթգիծ կառուցելու հնարավորությանը, որի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, շեշտել է, թե ինչպես ցանկացած ներդրումային ծրագիր, այդպես էլ սա պետք է հաշվարկվի։ Նա վստահեցրել է՝ քաղաքական առումով որևէ խնդիր չկա։ «Կարծում եմ՝ քաղաքական առումով բավականին լավ ու բարիդրացիական հարաբերություններ են, որովհետև մենք ուզում ենք մեր հարավային հարևանի հետ լավ հարաբերություններ ու տրանսպորտային միջանցք ունենալ։ «Հյուսիս-հարավն» էլ դրա համար էր, եթե քաղաքական խնդիր լիներ, ապա այն նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վրա կանդրադառնար»,- հավելել է նախարարը։ Վերջինս տեղյակ է, որ ամեն անգամ ՀՀ-Իրան երկաթգծի մասին խոսակցությունների ժամանակ, մեջբերվում է Իրան-Ադրբեջան համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում նա նկատեց, որ դաշտային ու լեռնային երկաթուղի անցկացնելը շատ տարբեր հարցեր են, տարբեր գումարներ են պահանջում, ավելին՝ ունեն տնտեսական էֆեկտիվության տարբեր աստիճաններ։ «Այս երկուսը համեմատելուց կարող ենք միայն քաղաքական բաղադրիչը համեմատել, քանի որ տարբեր են տնտեսական էֆեկտիվության աստիճանները՝ արդյունավետության, արագանցիկության և այլնի առումով։ Սակայն Իրան-ՀՀ երկաթգծի հետ կապված միշտ հաշվարկներ արվել են, արվում են, բայց նաև բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնք պետք հաշվի առնել»,- եզրափակել է Հակոբ Արշակյանը։  
17:34 - 06 ապրիլի, 2019