Հայոց ցեղասպանություն

Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին. Քերոլայն Քոքս

Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին. Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ապրիլի 24-ին ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո Քերոլայն Քոքսը դիմել է ուղերձով: «Նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետեւ դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով: Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94-ին և 2020-ին: Ադրբեջանի և Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին: Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերը Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակել է Քերոլայն Քոքսը:  
16:07 - 24 ապրիլի, 2021
Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինի պետությունների համար. Արցախի ՄԻՊ

Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինի պետությունների համար. Արցախի ՄԻՊ

Այսօր ոգեկոչում ենք 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Հայոց մեծ եղեռնը հանցագործություն էր մարդկության և քաղաքակրթության դեմ, ուստի դրա ճանաչումն ու դատապարտումը չեն կարող դուրս մնալ քաղաքակիրթ մարդկության իրավական օրակարգերից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Ցեղասպանության ճանաչումը ցեղասպանություն վերապրածների, նրանց սերունդների և համայն հայության պատմական հիշողության, ազգային և անձնային ինքնության անբաժանելի մասն է և նրանց իրավունքների իրացման ու պաշտպանության երաշխիքը: Անցած 106 տարիների ընթացքում Թուրքիան խուսափել է սեփական պատմության հետ առերեսվելուց, խոստովանելու և զղջալու կատարած հանցագործության համար, պատասխանատվություն ստանձնելու 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանության և նրանց սեփականությանն ու գույքին ապօրինի տիրանալու համար: Ավելին՝ իր ժխտողական քաղաքականությամբ մշտապես գործել է հայ ժողովրդի իրավունքների և կենսական շահերի դեմ: Սրա ամենավերջին ապացույցը 2020թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի անմիջական քաղաքական և ռազմական աջակցությունն էր Ադրբեջանին և նրա օժանդակությամբ վարձկանների հավաքագրումն ու ներգրավումը ռազմական գործողություններին: Մարդու, նրա իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործության ճանաչումն ու դատապարտումը չպետք է թաղվեն քաղաքական, տնտեսական կամ այլ նպատակահարմարությունների ներքո, քանզի պատմությունն ապացուցում է, որ դրանց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա համար Թուրքիայի պատասխանատվության սահմանումը առաջնահերթություն պետք է լինեն պետությունների և միջազգային կազմակերպությունների համար. հետևողական դատապարտման ճանապարհով է հնարավոր միայն բացառել նման հանցագործությունների կրկնությունը աշխարհում»:
15:55 - 24 ապրիլի, 2021
Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ |armenpress.am|

Չմոռանանք պատմությունը, որ այն չկրկնվի իր մութ կողմերով. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը կոչ է արել չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Այս մասին Վոնդրաչեկն ասել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ իր ուղերձում:   «Այսօր մենք նշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգերի զանգվածային կոտորածների 106-րդ տարելիցը: Ես անհամբեր սպասում էի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին, սակայն, ցավոք, համաճարակային իրավիճակն ինձ խանգարեց այն իրականացնել: Բայց ես հավատացած եմ, որ կայցելեմ Հայաստան և, իհարկե, կլինեմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշել է Վոնդրաչեկը: Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը շեշտել է, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների պարտքն է հիշել ու չմոռանալ պատմությունը, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի  Պատգամավորների պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից վերահսկվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ իրագործված մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելիս, հիշատակել է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, ինչպես նաև՝ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները։ «Միևնույն ժամանակ, Պատգամավորների պալատը միջազգային հանրությանը կոչ արեց արդյունավետորեն կանխել աշխարհում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումները և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Ուստի թույլ տվեք ինձ՝ այս ուղերձով իմ համերաշխությունը հայտնել ողջ հայ ժողովրդին»,- եզրափակել է Պատգամավորների պալատի նախագահը:
15:29 - 24 ապրիլի, 2021
Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան կոչ է արել չմոռանալ 106 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակիցներին: Այս մասին Աիրոլան ասել է իր տեսաուղերձում, նշելով, որ ինքը հայ ժողովրդի կողքին է:   «Կայսրություն, ազգ և ազգայնականություն, կեղծավորություն, իշխանություն, որի զոհն է դարձել մարդկությունը՝ թափելով անմեղության արյուն և թաղվելով մութ պատմության մեջ հավերժ ջնջելու համար հիշողությունը։ Ես չեմ թվի այն երկրների ցանկը, որոնց պահանջվեց 106 տարի արտաբերելու ցեղասպանություն բառը և պաշտոնապես ճանաչելու այն: Այսօր, այդ զոհերն անխնա նայում են մեր աչքերի մեջ և լուսավորում են մեզ հայերի հանդեպ կատարած ցեղասպանության 106-րդ տարելիցի և նախկին ոճրագործությունների առիթով։ Այսօր անզեն տղամարդկանց, կանանց և երեխաների հանդեպ կատարած անմարդկային դաժանությունների հիշատակման օր է»,- նշել է Աիրոլան: Իտալիայի Սենատի անդամը հավելել է, որ այսօր, վաղը և գալիք օրերին աշխարհը չպետք է մոռանա կազմակերպիչներին՝ Օսմանյան Կայսրությանը և դաշնակիցներին։ «Մի ոճրագործություն, որը մեզ ցույց է տալիս՝ ինչպես  կանխամտածված կերպով բնաջնջել մարդկանց։ Նույնը տեղի է ունեցել հոլոքոստի և մարդկության դեմ այլ հանցագործությունների դեպքում։ Մենք հայ ժողովրդի հետ ենք հոգով և սրտով, բայց նաև այն վճռականությամբ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն՝ հանուն խաղաղության և ինքնահարգանքի»,- եզրափակել է Իտալիայի Սենատի անդամը:
15:23 - 24 ապրիլի, 2021
Առանց ճանաչման չկա հաշտեցում. Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեր |armenpress.am|

Առանց ճանաչման չկա հաշտեցում. Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր 20-րդ դարի առաջին սիստեմատիկորեն ծրագրավորված ցեղասպանության տարելիցն է, 106 տարի առաջ 1.5 մլն հայեր և այլ քրիստոնյա փոքրամասնություններ դաժանորեն սպանվեցին և տեղահանվեցին իրենց հայրենիքներից: Մինչ օրս Թուրքիան անկեղծորեն չի խոստովանել սեփական, մեր ընդհանուր պատմության մութ էջերը»,- նշել է պատգամավորը: Վայլերը հիշեցրել է, որ Բունդեսթագն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: «Կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանն ընդունել անցյալը: Առանց ճանաչման չկա հաշտեցում»,- ասել է նա: Պատգամավորը գրառմանը կից հրապարակել է 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը:
15:03 - 24 ապրիլի, 2021
Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեքսանդր Լուկաշևն անգամ 106 տարի անց, առաջադեմ մարդկության համար, կարևորագույն նպատակներից է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Լուկաշևը կարևորում է նաև հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման հարցը: «Այս հանցագործությունը մարդկության և քաղաքակրթության դեմ է եղել և կա: Այն ավելի վաղ ճանաչելու դեպքում աշխարհը կարող էր խուսափել Հոլոքոսթից, ապարտեդից և մի շարք այլ սարսափելի, անմարդկային իրադարձություններից»,- նշեց Լուկաշևը: Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունը, պատգամավորն ասաց, որ դա շատ խորը հարց է: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի օր Թուրքիայում իշխանության գա մի մարդ, ով կհասկանա իր հին հարևանների՝ Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը, և կընդունի իրենց մեղքն այդ երկրների առջև, փոխհատուցումներ կվճարի ցեղասպանությունը վերապրածների սերունդներին կամ գոնե ներողություն կխնդրի։ «Առանց դրա Հայաստանն ու Հունաստանը երբեք չեն գնա հաշտեցման, և լարված իրավիճակը տարածաշրջանում կմնա անփոփոխ։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի գերագույն իշխանությունը հասկանում է, որ Ցեղասպանության փաստի ճանաչումից հետո Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել, բայց ես հակված եմ այն մտքին, որ հայերը պարզապես ցանկանում են վերականգնել արդարությունը։ Նրանք ցանկանում են, որ իրենց նախնիները հանգիստ հանգչեն հողում։ Այդ ժողովուրդը հոգնել է արյունից: Ցավոք, Թուրքիայի ներկայիս իշխանության օրոք՝ Էրդողանի գլխավորությամբ, և հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպիսի թիկունք է այդ երկիրն այժմ Ադրբեջանի համար, ճանաչումը շատ քիչ հավանական է»,- նշեց Օլեքսանդր Լուկաշևը։ Հարցին, թե ինչ կարծիք ունի ապրիլի 22-ին ԶԼՄ-ներում տարածված այն լուրի վերաբերյալ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատգամավորն ասաց, որ ինքը շատ է հավատում, և դա բավականին իրատեսական է: «1915-1923 թթ. տեղի ունեցած ցեղասպանությունն ԱՄՆ 50 նահանգից 49-ն արդեն ճանաչել և դատապարտել է։ Բացի այդ, ապրիլի 24-ը ԱՄՆ-ում համարվում է հայ ժողովրդի զոհերի հիշատակի օր։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսում ապրիլ ամսվա ընթացքում հայտարարվել է Հայաստանի պատմության ամիս։ Եվրոպական որոշ երկրներ արդեն իսկ կանգնած են ճանաչման շեմին։ Ես հույս ունեմ, որ աշխարհը հենց հիմա մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա և ճանաչի սեփական հանցագործությունները: Ճշմարտությունն ու արդարությունը միշտ հաղթում են»,- եզրափակեց Լուկաշևը:
14:43 - 24 ապրիլի, 2021
Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը:  Այս օրերին  ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի ու Արցախի հայությունը առավել քան երբևէ միասնական են իրենց հավաքական հիշողությամբ: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»,-ասված է ուղերձում:
14:30 - 24 ապրիլի, 2021
Գլենդելում անցկացվել է մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

Գլենդելում անցկացվել է մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, ովքեր ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն: Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հրապարակումները վերջին օրերին ամերիկյան մամուլի գլխագրերում են՝ հղում կատարելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին:
13:50 - 24 ապրիլի, 2021
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|

azatutyun.am: «Պատմական փաստերի շահարկումը նեղ քաղաքական նպատակների համար ոչ անցյալին է օգնում, ոչ էլ ներկային», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: «Անկարան թույլ չի տա որևէ մեկին մանիպուլացնել մեր ցավն ու պատմությունը», - Թվիթերում գրել է Քալընը` տարածելով Պոլսո Հայոց պատրիարքի հարցազրույցը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Հայտարարություն է տարածել նաև Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: «ԱՄՆ-ի նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին», - ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը, հավելելով` Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը ոչ միայն ծանր հարված կհասցն թուրք֊ամերիկյան կապերին, այլև կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ Սպիտակ տան ղեկավարը թուրքական կողմին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:
13:27 - 24 ապրիլի, 2021
Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը: 20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար: Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա: Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը: Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը: Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - ասված է Ծառուկյանի ուղերձում։
13:15 - 24 ապրիլի, 2021
Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|

Կոչ եմ անում խախտել ԱՄՆ ամոթալի լռությունն ու ճանաչել Ցեղասպանությունը. Ադամ Շիֆը՝ Ջո Բայդենին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով խախտել Միացյալ Նահանգների ամոթալի լռությունն ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Երկար տարիներ ԱՄՆ նախագահները Թուրքիային թույլատրել են սպառնալ ու ահաբեկել՝ խոչընդոտելով ճշմարտությունը հայտնելու մեր բարոյական պարտավորության կատարմանը: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն Հայոց ցեղասպանության ժխտման հարցում մեղսակցության վրա: Ժխտումը հակասում է ամերիկյան արժեքներին և վիրավորում է Երևանի և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին, այդ թվում՝ իմ տասնյակ հազարավոր ընտրողներին:   Հուսով եմ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հարգելով իր խոստումը, կճանաչի մարդու իրավունքների ոտնահարման պատմական այս փաստը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:
13:14 - 24 ապրիլի, 2021