ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականին։ Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում էր, որ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում (ՀՀ Սահմանադրություն, 1995 թ, գլուխ 7, հոդված 104-105): 1995թ․ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը։ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի  («Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, 1995 թ․, հոդված 2) և 931 համայնքների: Մայրաքաղաք Երևանը ևս ստացավ մարզի կարգավիճակ: 2005 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Երևանին տրվեց համայնքի կարգավիճակ (ՀՀ Սահմանադրություն, 2005 թ․, գլուխ 7, հոդված 108)։ Համայնքների խոշորացո՞ւմ թե՞ միջհամայնքային միավորումների ստեղծում 2011թ․ Հայաստանի Հանրապետության՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացրեց  «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգ։ Հայեցակարգում նշվում էր, որ Հայաստանի 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կա՛մ իրականացվում են ցածր մակարդակով, կա՛մ էլ ընդհանրապես չեն իրականացվում: Ըստ փաստաթղթի՝ գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում էր, ինչն էլ բերում էր գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի:  «Մեր հանրապետությունում համայնքներից շատերի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար»,- նշվում էր հայեցակարգում:  Այսպիսով, առաջարկվում էր խնդիրների լուծման երկու հնարավոր տարբերակ․ վարչատարածքային համակարգի վերակազմակերպմամբ համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցության ինստիտուտի ներդրում։  Համայնքների խոշորացման դեպքում վարչատարածքային բարեփոխումներ էին տեղի ունենալու, և իրականացվելու էր համայնքների միավորման գործընթաց, ինչի արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կրճատվելու էր։ «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի մատուցած ծառայությունները»,- նշվում էր նախկին Տարածքային կառավարման նախարարության՝ 2013թ․ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում, որը հիմնված էր կառավարության ներկայացրած հայեցակարգի վրա:  Համայնքների խոշորացման դեպքում ակնկալվող դրական արդյունքներից մեկն էլ այն էր, որ նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ էր լինելու, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը:  «Դա հնարավորություն կտա օրենքով սահմանված շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին ավելի բարձր աշխատավարձեր առաջարկել համայնքային ծառայողներին` խթանելով որակյալ ծառայողների մուտքը համայնքի աշխատակազմ: Բացի դրանից՝ զգալիորեն կկրճատվեն նաև ապարատի պահպանման ծախսերը, որի արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցների չափերը»,- նշվում էր կառավարության հայեցակարգում:   Լուծման հաջորդ տարբերակը միջհամայնքային միավորումների ստեղծումն էր։ Միջհամայնքային համագործակցությունը վերաբերում է երկու կամ ավելի հարևան համայնքների կողմից համատեղ գործունեությանը՝ համայնքային վարչական խնդիրների, համայնքային ծառայությունների և տեղական զարգացման ոլորտներում, որը հնարավորություն է ընձեռում այդ գործընթացներն իրականացնել ավելի արդյունավետ, քան համայնքները դա կանեին առանձին: Այսինքն, եթե առաջին դեպքում համայնքները միանալու էին, երկրորդ դեպքում պահպանվելու էին, բայց որոշ ծառայություններ իրականացնելու էին միասին։ ՀՀ կառավարության հետագա գործողություններից պարզ դարձավ, որ Հայաստանում մեկնարկելու է համայնքների խոշորացման գործընթաց։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը, խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։ «Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա ես միանշանակ չեմ կարող ասել՝ այո»,- նշում է նա։  Համայնքների խոշորացման սցենարները 2013-ին տարածքային կառավարման նախարարությունն իր աշխատանքային տեղեկանքում առաջարկում էր համայնքների խոշորացման երկու սցենար՝ խոշորացում՝ ըստ համայնքների փնջերի (1-ին սցենար), և խոշորացում՝ ըստ նախկին շրջանների տարածքների (2-րդ սցենար)։ 1-ին սցենարի հիմքում ընկած էր կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը։ Որպես համայնքների խոշորացման կարևոր սկզբունքներ՝ հայեցակարգում ներառված էին տնտեսական նպատակահարմարությունը, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովումը, բնակչության համար հանրային ծառայություններից օգտվելու հասանելիությունը, ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովումը և այլն: 2-րդ սցենարի դեպքում նախատեսվում էր ունենալ` քաղաքային բնակավայրում որոշ թվաքանակից ավելի բնակչություն ունեցող ինքնուրույն համայնքներ, շրջանային համայնքներ, որոնք ներառելու էին նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (մինչև 1995թ․ Հայաստանում գոյություն ունեին 37 վարչական շրջաններ), իսկ  այն դեպքում, երբ նախկին շրջանի բնակավայրերի բնակչության թվաքանակը մեծ էր սահմանված առավելագույն չափից, շրջանի տարածքում ներառված որոշ բնակավայրեր կարող էին ձևավորել նոր համայնք, զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքներ՝ Ջերմուկ, Դիլիջան և Ծաղկաձոր տուրիստական կենտրոնները՝ իրենց հարակից բնակավայերով:  Օլեգ Դուլգարյանը կողմ է խոշորացման շրջանային սցենարին։ Նրա խոսքով` համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում ձևավորվել են անտրամաբանական փնջեր․ մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։ «Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ մենք նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը»,- նշում է նա։ Տեղական հանրաքվեները՝ համայնքների խոշորացման ժամանակ Մինչև 2015թ․ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի 110-րդ հոդվածում ասվում էր․ «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։ Այն ժամանակվա Սահմանադրությամբ, փաստորեն, համայնքները միավորելիս կամ բաժանելիս դրանցում տեղական հանրքավեներ անցկացնելու միջոցով բնակիչների կարծիքը լսելը պարտադիր էր։ Բայց քանի որ այդ տեղական հանրաքվեներն ունեին խորհրդատվական բնույթ, անկախ դրանց արդյունքներից՝ համայնքները կարող էին միավորվել կամ բաժանվել։  2015թ․ մայիսի 17-ին տեղական հանրաքվեներ անցկացվեցին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի այն համայնքներում, որոնք կառավարությունը մտադիր էր խոշորացնել։  Լոռու մարզում պատկերը հետևյալն էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվն Աթան համայնքն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 47,14 %-ը, իսկ ամենապասիվը Լորուտն էր, որտեղ տեղական հանրքավեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 34,12 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքներից 4-ում բնակչության մեծամասնությունը խոշորացմանն ասաց «այո», 3 համայնքում՝ «ոչ»։     Սյունիքի մարզում ունեինք այսպիսի պատկեր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Քաշունին էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 88,89 %-ը, իսկ ամենապասիվը Հալիձորն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 51,69 %-ը։     Մարզի բոլոր համայնքներում, որտեղ տեղական հանրաքվե էր անցկացվել, բնակչության մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։     Տավուշի մարզում պատկերն այսպիսին էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Աղավնավանքն էր, որտեղ  տեղական հանրաքվեին մասնակեց  ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 59,55 %-ը, իսկ ամենապասիվը Հաղարծինն էր, որտեղ մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչների 24,41 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքից 4-ն «այո» ասաց խոշորացմանը, 3-ը՝ «ոչ»։     2015-ի դեկտեմբերի վարչատարածքային բարեփոխումներով համայնքները, որտեղ անցկացվել էին տեղական հանրաքվեներ, խոշորացվեցին․ Լոռու մարզում  ստեղծվեց Թումանյան խոշորացված համայնքը, Սյունիքի մարզում ստեղծվեց Տաթև խոշորացված համայնքը, Տավուշի մարզում  ստեղծվեց Դիլիջան խոշորացված համայնքը։ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունից հանվեց այն դրույթը, համաձայն որի՝ համայնքները խոշորացնելիս տեղական հանրաքվեներ պետք է անցկացվեն։ Սահմանդրության 190-րդ հոդվածում նշվում է միայն հետևյալը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Համայնքների խոշորացման հետագա գործընթացը 2016-ի հունիսի վարչատարածքային փոփոխություններից առաջ տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս դա չէր պահանջում։ Խոշորացումներ իրականացվեցին Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Վարչատարածքային հաջորդ բարեփոխումն իրականացվեց 2017-ի հունիսին։ Խոշորացումներ կատարվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Համայնքային փնջերում ներառված բնակավայրերի թիվը խոշորացված համայնքներում բավականին  տարբեր է․ օրինակ, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ներառված է միանգամից 38 բնակավայր, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում՝ 19 բնակավայր, Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում՝  9 բնակավայր, իսկ ահա Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայքնում՝ 3 բնակավայր։ Նոր կառավարության դիրքորոշումը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք ստացան Թավշյա հեղափոխություն անվանումը, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել էր․ «Մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Պետք է մի պահ դադար առնել ու տեսնել՝ ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվո՞ւմ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության՝ ՀՀ-ում խոշորացման որևէ գործընթաց չանել»։ 2019-ի մարտին նախկին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի քննարկումներից մեկի ժամանակ ասել էր․ «Խոշորացմանը մենք վերաբերվում ենք դրական, քանի որ ունենք համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որ սպասելի էին։ Այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, եղել են տնտեսական հաշվարկներ։ Խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարություններից, այսինքն՝ դրանք երբեմն արհեստական բնույթ են կրել։ Միևնույն ժամանակ ուզում եմ կարևորել, որ երբ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հատվածին, այն է՝ համայնքների ունակությանը, նրանց պոտենցիալին, կարևոր է դառնում նրանց ունակությունների, նրանց տնտեսական պոտենցիալի համալրումը և ճիշտ կառավարումը»։  Նախարար Պապիկյանը  նշել էր, որ այդ աշնանը կարող էր տեղի ունենալ խոշորացման հաջորդ փուլը, եթե տվյալ համայնքների հանրությունը տար իր համաձայնությունը։  «Ընդհանուր տարածքային կառավարման մեր տեսլականում զարգացումը հետևյալն է․ մենք պետք է ունենանք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրները և կառավարության աջակցությամբ կկարողնան ավելի լավ արդյունքներ արձանագրել, քան այսօր։ Մեզ անհրաժեշտ են տնտեսապես կայուն, ունակ համայնքներ, որովհետև փոքր համայնքներն իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, և միակ հույսը կառավարության կողմից տրվող դոտացիաներն են»,- ասել էր նա։ Համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվե անցկացնելու պրակտիկայի վերականգնումը 2019-ի աշնանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը հեղինակեցին ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Նախագծի հիմնավորման մեջ խոսվում էր 2015-ի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցից հետո Սահմանադրությունից հանվեց համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջը։ «Փաստորեն, գործող Սահմանադրությունը համայնքների կարծիքը պարտադիր լսելու պարտավորությունը վերապահել է ոչ թե գործադիր իշխանությանը, այլ օրենսդիր մարմնին, սակայն առանց տեղական հանրաքվե անցկացնելու պայմանի: Տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական համապատասխան նորմի բացակայությունն ի սկզբանե կանխորոշում է համայնքների կարծիքը լսելու այլ ձևաչափեր սահմանելու անհրաժեշտությունը»,- նշվում էր հիմնավորման մեջ։ Ըստ դրա՝ նոր Սահմանադրությամբ համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ հանրության կարծիքը լսելու պարտավորությունը դրված է ԱԺ-ի վրա, իսկ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ն, բացի խորհրդարանական լսումներ կազմակերպելուց, այլ եղանակով չի կարող լսել համայնքների կարծիքը։ Նախագծով առաջարկվում էր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարել և սահմանել, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում էր սահմանել, որ  միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրելու են  խորհրդատվական բնույթ: Փաստորեն, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ, համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեների արդյունքները կրելու էին միայն խորհրդատվական բնույթ։ Բայց, ի տարբերություն մինչև 2015թ․ գործող կարգավորումների, համայնքները միավորելիս կամ բաժանելիս տեղական հանրաքվեների անցկացումը պարտադիր չէր լինելու։ «Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը ևս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների  տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում՝ նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով)»,- նշվում էր նախագծի հիմնավորման մեջ։ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի՝ ԱԺ-ում ընդունված նախագիծը ՀՀ նախագահը ստորագրեց 2019-ի դեկտեմբերի 26-ին։ 2020 թ․ փետրվարի 6-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում էր իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: Նիստի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեն ոչ պարտադիր, նշեց․ «Քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ, հետևաբար, մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը, այն համայնքում, որտեղ կա առարկություն, կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում  է, և դե յուրե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և, ինչպես ասել ենք, նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»։ Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորությունը կդժվարացնի խոշորացման գործընթացը, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի խոշորացվելիք համայնքների ղեկավարների դիրքորոշումներից։ «Ես գիտեմ Հայաստանում համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Կարծում եմ, որ մեծամասամբ նման հանրաքվեների դեպքում մարդիկ կասեն՝ ոչ, նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ «տեսե՛ք, խոշորացումը լավ է», և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում ղեկավարները մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի՝ ոչ։  ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օերնքը ԱԺ-ում ընդունվելուց հետո ստորագրվեց այս տարվա ապրիլի 29-ին։ Իրականացվեցին հետևյալ փոփոխությունները․ Լուռու մարզի 2 համայնք միավորվեց Լերմոնտովո խոշորացված համայնքում, Տավուշի մարզի 20 համայնք միավորվեց Իջևան խոշորացված համայնքում։   Աննա Սահակյան
19:59 - 23 հունիսի, 2020
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եմ ամբողջությամբ։ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» «Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,- ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ «Այս կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։ Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, ովքեր արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը, պետք է կարողանան օգտվեն նոր անցումային ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։ Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- եզրափակել է Գլխավոր քարտուղարը»։
13:32 - 22 հունիսի, 2020
«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին  |hetq.am|

«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը և պարտավորությունները մարելու նպատակով 47 միլիոն դրամ հատկացնել։ Իսկ հիմնադրամի պարտավորությունները մարելուց հետո դրա զբաղեցրած  շենքը և հողամասը (Գարեգին Նժդեհի 23/1 հասցե) ամրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։ Նման նախագիծ է քննարկման ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի միասնական կայքում։ Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող շենքը և հողամասը հանձնաժողովի գործառույթների տեղակայման համար տրամադրելու նպատակով։ Կոմիտեն ընդգծել է, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կազմավորվել է պետության կողմից փոխանցված միջոցներից, այլ նվիրատուների մասին տեղեկատվություն չկա։ Հատկացված 47 միլիոն դրամից 20 միլիոն դրամը տրամադրվելու է հարկային պարտավորությունների մարմանը, 19 միլիոն դրամը նախատեսվելու է աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների համար, իսկ մնացած գումարը՝ այլ ծախսերի։   
12:59 - 22 հունիսի, 2020
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ

Արդարադատության նախարարությունը 2020 թվականի մայիսի 13-ին հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովին առաջադրել է երեք իրավական հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ Հրապարակվել է Հանձնաժողովի կարծիքը, որը դրական է արձագանքել իշխանությունների առաջարկությանը։ Այսպես, առաջին հարցի հետ կապված, ըստ էության, վերլուծել է, որ 2015 թվականի փոփոխություններով նախատեսվել է Սահմանադրական դատարանի եվրոպական չափանիշներին համապատասխանող մոդել, և որ եվրոպական ստանդարտ է նաև այն, որ պաշտոնավարման ժամկետների փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր մինչև փոփոխությունները։ Ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությամբ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է: Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է, և հանգեցնում է 2015թ-ի փոփոխությունների իրագործման խափանմանը: Դատարանի նախագահի մասով Հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետներ, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի, Հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների, դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է՝ միաժամանակ խորհուրդ տալով նախատեսել որոշակի անցումային ժամկետ։ Հանձնաժողովն  ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը /2018թ-ի մարտի 21/, որը տեղի է ունեցել 2015թ-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական ​​համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի, նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի {նկատի ունի Գ.Հարությունյանի դեպքը} դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է: Ամփոփելով, առաջին հարցի մասով, Հանձնաժողովն ընդունել է կառավարության առաջարկած տարբերակը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի համար այս բացառիկ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ սահմանելով Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրություն՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։ Հանձնաժողովը շեշտել է, որ իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տևողությունը։ Վերջին պահին Հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում Հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից  նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով Կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև Հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե Կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։           Երկրորդ հարցի կապակցությամբ Հանձնաժողովը ևս ընդունելի է համարել կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը ևս համարվել է ընդունելի։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝ Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ Հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա։ «Վենետիկի հանձնաժողովի համար կարևոր է, որպեսզի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող սահմանադրական ինստիտուցիոնալ սկզբունքները հստակ տարանջատվեն դատավորների անձնական շահերից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը պետք է լայնորեն դրսևորի ինքնազսպում՝ խուսափելու համար Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց»,- նշվում է Կարծիքում։ Երրորդ հարցի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ այն, որ լիազոր մարմնի կողմից ընդունված նորմերն ու որոշումները կարող են չեղարկվել նույն մարմնի նույն ընթացակարգով ընդունված նոր որոշմամբ, հանրային իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Վենետիկի հանձնաժողովը, ներկայացված իրավական հարցերի վերլուծության շրջանակներից դուրս նաև որոշ հարցերի վերաբերյալ կատարել է դիտարկումներ, որոնք ի գիտություն են ընդունվել Կառավարության կողմից և համակողմանի կերպով կհասցեագրվեն Սահմանադրական համապարփակ փոփոխությունների ընթացքում։  Ամփոփելով՝ պետք է նկատել, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։
12:24 - 22 հունիսի, 2020
Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

Հուլիսի 1-ից երեխայի նպաստը 18 հազարից դառնում է 26500 դրամ. գյուղերում այն կարող է հասնել 53 հազարի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2020 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաեւ գյուղում բնակվող, չաշխատող ծնողները 2020 թ.-ի հուլիսի 1-ից ծնված երեխաների համար: ️Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ: -Վերացվել է նաեւ նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի: – Պարզեցվել է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: -Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում»:
10:24 - 19 հունիսի, 2020
Կառավարությունը հաստատեց ձկնորսությունը Սևանում խիստ հսկողության տակ պահելու նախագիծը |hetq.am|

Կառավարությունը հաստատեց ձկնորսությունը Սևանում խիստ հսկողության տակ պահելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ  այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նոր նախագծի միջոցով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Կառավարության կողմից այսօր ընդունված նախագծի համաձայն.1. Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը3․Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։ Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։
12:42 - 18 հունիսի, 2020
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կտորի դիմակ չկրել, եթե դա պայմանավորված չէ ֆինանսական միջոցների բացակայությամբ․ նախարար |armtimes.com|

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կտորի դիմակ չկրել, եթե դա պայմանավորված չէ ֆինանսական միջոցների բացակայությամբ․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Ես մտածում էի, թե որն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրա համար կա երկու պատճառ. մեկը այն է, որ  տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- ասաց վարչապետը։ Նա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե դիմակների շուկայում ինչ իրավիճակ է եւ ինչ է սպասվում։ «Պարոն վարչապետ, խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը մինչեւ 150 դրամ է հասնում։ Ես ամենաշատ օգտագործվող եռաշերտ դիմակի մասին եմ խոսում։ Մեծածախ վաճառքի գինը նվազել դարձել է 60 դրամ, ավտոմատ ապարատների միջոցով արդեն նոր խմբաքանակով 2 դիմակը կդառնա 150 դրամ, այսինքն 1 դիմակը 70-ից 75 դրամի շրջանակներում կվաճառվի։ Դրանք ստերիլ փաթեթավորված են նաեւ հարմար են օգտագործման տեսանկյունից»,- ասաց Գեւորգյանը։ Նա կարծիք հայտնեց, որ այս ամիս կավարտեն վարույթը մեծածախ եւ մանրածախ ոլորտում բոլոր խոշոր դեղատնային ցանցերի։ Եվ, եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն։ «Բայց էլի կրկնում եմ, չկա նման երեւույթ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200 կամ 220 դրամով։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Ընդ որում տարածաշրջանի այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ»,- նշեց Գեւորգյանը։ Թեմայի վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Մենք ասում էինք, եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը սակայն երբեք չի փոխարինի բժշկական դիմակներին։ Սակայն հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորկ դիմակներ կրելը։ Ես խնդրում եւ կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին՝ առնվազն այստեղ ներկա, քաղաքացիներին կտորի դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։ Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, եթե 60-ից բարձր ես եւ խոցելի խմբում ես՝ պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գալ եւ ներս գալուց, արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս»։
12:38 - 18 հունիսի, 2020
«Արմփաուեր» ՓԲԸ-ն արտոնություն ստացավ. Այն Երեւանում նոր էլեկտրակայան է կառուցում. կստեղծվի 106 նոր աշխատատեղ |news.am|

«Արմփաուեր» ՓԲԸ-ն արտոնություն ստացավ. Այն Երեւանում նոր էլեկտրակայան է կառուցում. կստեղծվի 106 նոր աշխատատեղ |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի նիստում որոշեց բավարարել «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (250մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում) (ք. Երևան)։ Ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության N 1231-Ա որոշմամբ ստացել է ԱԱՀ-ի գումարները 3 տարի ժամկետով երկարաձգման արտոնություն: Արդեն իսկ իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 61 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 106 նոր աշխատատեղ` 545,000 դրամ միջին աշխատավարձով։ Կայանի հզորությունը կազմելու է շուրջ 250ՄՎՏ: Միայն հզորության մասով տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:  Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  14.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․4 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
12:26 - 18 հունիսի, 2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը:  Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.հանրային սննդի ծառայություններ. զբոսաշրջային ծառայություններ. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ). սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ). զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն. կինոթատրոնների գործունեություն. լուսանկարչության բնագավառում գործունեություն. ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ. կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում. ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն. խաղատների գործունեություն։  Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի  1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/  կայքում։
12:11 - 18 հունիսի, 2020
Կառավարության որոշմամբ խնամքի նպաստ կստանա երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը

Կառավարության որոշմամբ խնամքի նպաստ կստանա երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը

Կառավարությունը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում։  Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:  Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։  Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ: Առաջարկվում է նաև.խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետևաբար՝ ծնողի՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։
11:46 - 18 հունիսի, 2020
Փաթեթային լուծում. Կառավարությունը լուծարեց ԱԻՆ կառուցվածքում գործող 4 ՊՈԱԿ-ները |news.am|

Փաթեթային լուծում. Կառավարությունը լուծարեց ԱԻՆ կառուցվածքում գործող 4 ՊՈԱԿ-ները |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի որոշմամբ լուծարել է մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ): Մասնավորապես, լուծարվեցին հետևյալ կազմակերպությունները. -              «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, -              «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, -              «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը -              «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր ՀՀ ԱԻՆ համակարգում գործում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի օպտիմալացման դեպքում ԱԻՆ կառուցվածքում նախատեսվում է ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, իսկ ԱԻՆ Պետական ռեզերվների գործակալության լուծարման դեպքում ստեղծելու է Պետական ռեզերվների գրասենյակ, որին վերապահվելու են նաև «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները: Որպեսզի վերոնշյալ կազմակերպությունների լուծարմամբ համակարգում աշխատանքային և գործառութային կոլապս չստեղծվի, նախատեսվում է գործընթացին փաթեթային լուծում տալ: Բացի այդ, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման պարագայում աղետների բժշության ոլորտում իրականացվող գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայության ընդունվողների, փրկարարական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման  ու այլ կազմակերպական խնդիրների լուծման նպատակով՝ Փրկարար ծառայության  կառուցվածքում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում: Միաժամանակ հարկ է նշել, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքում գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Սույն որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ կառուցվածքում ունենալ սեյսմիկ պաշտպանության վարչություն, Պետական ռեզերվների գրասենյակ, որոնք կիրականացնեն նաև լուծարվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին վերապահված գործառույթները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կվարվի ոլորտի քաղաքականությունը, իրենց գործառույթների շրջանակներում կբացառվի ձեռնարկատիրական գործունեությունը:
11:39 - 18 հունիսի, 2020
Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

Համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չենք անում մյուսի հետ հարաբերությունների հաշվին. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը, համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Մնացականյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալու վերաբերյալ հարցին: Պատգամավորի այն դիտարկմանը, թե դաշինքի անդամ պետություններից Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով, Մնացականյանը նշեց, որ այդ հարթակը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում: «Դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ: Անդամ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ծրագրերով, առաջարկություններով: Հայաստանն արդեն բավական օրինակներ է ի ցույց տվել, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ, դա չի անում այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որևէ այլ գործընկերոջ հետ: Սա կարևոր սկզբունք է, որին խստորեն հետևում ենք»,- ասաց Մնացականյանը: Արտաքին գործերի նախարարը նշեց, որ կրոնական ազատությունների հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մնում է առանցքային: «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աշխատել մեր բարեկամ երկրների հետ, առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը»,- նշեց նախարարը:
18:38 - 17 հունիսի, 2020
438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից, և՛ այլ թաղամասերից, լուծվել է․ Տիգրան Ավինյան |hetq.am|

438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից, և՛ այլ թաղամասերից, լուծվել է․ Տիգրան Ավինյան |hetq.am|

hetq.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի շենքերի օտարմանն ու նոր շենքերի կառուցմանը: Ավինյանը հիշեցրեց թաղամասի հանրային գերակա շահի ճանաչման նախապատմությունը և ներկայացրեց, թե ինչ է արել գործադիրը հեղափոխությունից հետո: Ավինյանի խոսքով` եղել են ընտանիքներ, որոնց բնակարանային ապահովության հարցն առկախված է եղել «Գլենդել հիլզ» ընկերության սնանկացման հետևանքով:  «438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից և՛ այլ թաղամասերից, լուծվել է, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց պատրաստի բնակարան: Գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»,- ասաց նա: Փոխվարչապետի խոսքով` երկրորդ շահառուն ներդրողներն են, որոնք տարածքի օտարումների համար ներդրել են 70 միլիոն դոլարին համարժեք գումար և նրանց շահերից է բխում նաև, որ գործընթացը հնարավորինս արագ լինի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել էր, թե ինչ է սպասվում այն շենքերին, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, սակայն պատմական տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում: Ավինյանն արձագանքեց` կա հանձնարարական, որ պատմամշակութային հուշարձանները պետք է հանվեն օտարման ծրագրից, եթե այդ ցանկում մեկ-երկուսը կան, դրանք էլ կհանվեն: «Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, դրանց վերաբերյալ տեղային լուծումներ փորձում ենք տալ»,- ասաց փոխվարչապետը: Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ֆիրդուսի 80 շենքին, որը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն Կառավարությունը բանակցում է ներդրողների հետ շենքն այդ ծրագրից դուրս բերելու համար: Ավինյանի խոսքով, սակայն, դա առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք ակնկալել են, որ փոխհատուցում կստանան: «Խնդիրը միակողմանի չէ, եղած նախապատմությամբ Ֆիրդուսի նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ բոլոր շահերը հաշվի առնելով՝ պետք է առաջ տանել, և կարծում եմ, ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,- ասաց նա:
18:03 - 17 հունիսի, 2020