Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|

Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում են փոփոխություններ «Զենքի մասին» օրենքում` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրել: Օրենքում առաջարկվում է ամրագրել, որ ի թիվս այլ սուբյեկտների, ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության սահամանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված և փաստացի բնակվող անձը: Նշվում է նաև, որ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների և սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկը սահմանում է կառավարությունը: Նախագծի հիմնավորման համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, այդ փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» օրենքում փոփոխություն լինի, և ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերումը Կառավարության որոշմամբ սահմանված որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով: Նշվում է, որ նման առաջարկով հանդես են եկել նաև սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ այն անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության և վստահություն զգացումը: Սույն օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
17:12 - 24 փետրվարի, 2021
Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

Նախատեսվում է մի շարք ապրանքների ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ով հարկելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի օրենքի նախագիծ, որով կառավարությունը հնարավորություն է տալիս, որ միջանկյալ և կապիտալ սպառման մի շարք ապրանքների ներմուծման ժամանակ ևս սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձվի: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ ներկայում տրված է հնարավորություն՝ ներդրումային ծրագրերը խթանելու համար 3 տարով հետաձգել ներմուծված որոշ ապրանքների՝ սահմանին ավելացված արժեքի հարկով հարկելը: «Մեր կարծիքով՝ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ՀՀ-ում տվյալ արտադրատեսակի արտադրությունն իրատեսական չէ, և ներմուծման ժամանակ սահմանին ԱԱՀ-ից ազատելը բերելու է ավելի լավ մրցակցության, անհրաժեշտ է ֆիքսել օրենքով, որ դա թողնված չլինի կառավարության որոշումներին: Անկախ նրանից, թե ինչքան են թափանցիկ ընդունվում որոշումները, ամեն դեպքում դա ստեղծում է լրացուցիչ ռիսկեր՝ գործարարների համար: Ուստի դրանից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող ապրանքները նույնպես ազատել սահմանին ավելացված արժեքի հարկից»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ խոսքը մոտ 70 մլրդ դրամի ապրանքատեսակների մասին է: Ապրանքների՝ հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Ցանկում ներառված ապրանքներից են քիմիական նյութերը, մորթիները, բրդյա եւ բամբակյա գործվածքները, թելերը:
14:07 - 24 փետրվարի, 2021
ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 23-ին հանդիպել են ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորել են, որ միջազգային հանրությունը թիրախային եւ հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Նշվել է, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում: «Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,- նշել է դեսպանը:
17:38 - 23 փետրվարի, 2021
Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է: ՀՀ-ում որևէ ղեկավար իր պաշտոնավորման ընթացքում չի ունեցել նման վարկանիշ, ինչքան այսօր ունի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դա պարզ է դառնում ոչ միայն սոցհարցումներից, այլ նաև՝ ընդհանուր շփումներից, մարդկանց հետ հանդիպումներից: «Նույնիսկ ընդդիմությունը դա գիտի: Դա էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների, քանի որ ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նոր ընտրությունների պարագայում իշխող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի հարաբերակցությամբ հաղթանակ կտանի: Ես պնդում եմ, որ դա է եղել հիմնական պատճառը, որ ընդդիմությունը խուսափեց ժողովրդին հարցնելուց, թե Հայաստանի ապագայի հետ կապված իրենք ինչ կարծիք ունեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունե՞ն ընդդիմության կողմից հայտարարված հանրահավաքների առնչությամբ, այն առնչությամբ, որ քաղաքացիների թիվը կարող է կրկնապատկվել՝ Սիմոնյանը քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալը համարեց ամենասխալ բանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն են երկրի տերը: «Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խոչընդոտվում՝ ի տարբերություն անցյալի: Հիմա էլ մարդիկ կարող են հանրահավաքներ անել: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան օրինակ 2-3 ամիս առաջ»,-ասաց Սիմոնյանը: Նա ցավալի համարեց, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության՝ նոր ընտրությունների գնալու առաջարկը և ընտրեց փողոցային պայքարի տարբերակը, սակայն շեշտեց, որ դա նրանց իրավունքն է: «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենց իրավունքը իրագործվի»,-նշեց Սիմոնյանը: Միևնույն ժամանակ Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները մի քանի շարքով կանգնում կառավարական շենքերի մոտ, իշխանության մոտ վախի զգացո՞ւմ կա, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է բնականոն աշխատանքն ապահովելու համար: Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում այդպես չէր, նա ասաց, որ նախկինում ընդդիմության լիդերների կողմից ծայրահեղ հայտարարություններ չէին հնչում, բռնության կոչեր չէին լինում: «Բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև ընդդիմության բնականոն գործունեությունը՝ ցույցերի և հավաքների միջոցով իրենց իրավունքն իրագործելու առումով ոստիկանությունը ապահովում է կարգ ու կանոնը»,-ասաց Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ աշխատանքի համար, որ որևէ մեկը չի տուժել:
14:39 - 23 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի եւ Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ; Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը եւ կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին։ Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարեւորել է Արցախում  կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը եւ հավաստիացրել, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: 
14:36 - 23 փետրվարի, 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով


 |armenpress.am|

«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի  Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, սակայն, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը: «Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»: Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով: Խմբակցության ղեկավարը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ չանդրադառնալով հարցազրույցի առանձին դրվագների: «Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Օրինակ, հարցազրույցում արած շեշտադրումներով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն, այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ին՝ թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ չկար որևէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում: Հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-ասաց Մակունցն ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս հարցազրույցն անցկացվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:
16:25 - 19 փետրվարի, 2021
ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինի «չնույնականացված աղբյուր» եզրույթով |armenpress.am|

ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինի «չնույնականացված աղբյուր» եզրույթով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը,ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»: Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել: Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը: ՄԻՊ-ը նաեւ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության: ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ: 
14:32 - 19 փետրվարի, 2021
Բնակչության իրազեկվածության աստիճանն առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ

Բնակչության իրազեկվածության աստիճանն առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ

Փետրվարի 17-ին «Պրիզմա» հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը հրավիրված էր ԱԺ՝  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու վերջերս արված հետազոտության արդյունքները: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ ուղղված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ  առողջապահական պարտադիր խնդիրներին վերաբերող հոդվածների կատարման վերահսկողությանը: Հարցումն իրականացվել է 10 մարզերից ընտրված 30 թիրախային համայնքների 472 բնակիչների շրջանում: 19 համայնքների կամ աշխատակազմերի ղեկավարների հետ անցկացվել են հարցազրույցներ: Ուսումնասիրվել  են առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը, նշված  ծառայություններից նրանց բավարարվածությունը, ինչպես նաեւ համայնքի դերի վերաբերյալ կարծիքը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների եւ աշխատակազմերի ղեկավարների շրջանում իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ: Նշվեց նաեւ, որ բացակայում է «սոցիալական ծրագիր» հասկացության ընկալումը: Սոցիալական պաշտպանության լիազորությունների իրականացման առաջնային խոչընդոտ  է համարվել ֆինանսական ռեսուրսների սղությունը: Համայնքների հնգամյա եւ տարեկան զարգացման պլաններում  ներառված չեն եղել ծնելիության եւ բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրեր: Հարցվածների 84.5%-ը տեղյակ է, որ Հայաստանում առաջնային բուժօգնության ծառայություններն անվճար են, իսկ 82.4%-ն իրազեկված է, որ որոշ դեպքերում հիվանդներին տրամադրվում է անվճար դեղորայք: Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ: Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական եւ  առողջապահական խնդիրների լուծումը:
18:15 - 17 փետրվարի, 2021
ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|

ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատեց պաշտոնատար անձանց հրավիրելու սկզբունքը և ժամկետները |1lurer.am|

1lurer.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրել և նրանց պարզաբանումները լսել Կառավարությունից իրենց կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալուց հետո: Այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին:  Հանձնաժողովի անդամները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի խուսափել կրկնակի աշխատանքից, կրկնվող հարցերից, պաշտոնյային կտրվեն միայն այն հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններում անորոշություն կամ բացեր կան:   Նշենք՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցադրումներին պետք է պատասխանի երկու շաբաթվա ընթացքում:  Իսկ թե պաշտոնատար անձինք ինչ սկզբունքով և ինչ հերթականությամբ պետք է հրավիրվեն հանձնաժողով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, կարծում է, որ առաջինը պետք է ներկայանա այն իրավասու պաշտոնյան, որը որոշել է, թե երբվանից պետք է արտակարգ դրություն սահմանվի, և սահմանափակումներ մտցվեն: «Պետք է հասկանանք՝ որոշումը ճիշտ ժամանակի՞ն է կայացվել, թե՞ ոչ, ավելի շո՞ւտ էր պետք կամ ավելի ո՞ւշ»,- նշեց Մելքումյանը:   Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողով որևէ պաշտոնատար անձի հրավիրելը չի կարող ինքնանպատակ լինել : «Եթե հարցադրման պատասխանը բավարարում է, հարցը դուրս է գալիս, պաշտոնյային տրվում են լրացուցիչ հարցեր: Ամրագրենք՝ հրավիրում ենք մեր հարցադրումների պատասխանները ստանալուց հետո»,- ասաց նա:  Խաչատրյանը նաև հայտնեց, որ փորձագետները նույնպես կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք կհրավիրվեն միայն քննիչ հանձնաժողովին խնդրի շուրջ տեղեկություն տրամադրելու դեպքում: 
13:12 - 16 փետրվարի, 2021
Խորհրդարանը չընդունեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը չընդունեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը: Կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրել էր Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նանուշյանը նշել էր, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագիծը չընդունվեց 45 «կողմ», 46 «դեմ» և 10 «ձեռնպահ» ձայներով:
17:16 - 11 փետրվարի, 2021
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը: «Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:00 - 11 փետրվարի, 2021
Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում քննարկման առիթ դարձավ |armenpress.am|

Զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման նախագիծն ԱԺ-ում քննարկման առիթ դարձավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները տարբեր տեսակետներ ունեն վիրավորանքի և զրպարտության համար փոխահատուցման չափը բարձրացնելու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց հաշվի առնել, թե օրենսդրական նախաձեռնությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են 50-150 հազար դրամ փոխհատուցման գումարով և հիմք եք ընդունում այդ դատական պրակտիկան, 3 մլն դրամ սարքելու իմաստը ո՞րն է»: «Իմ քայլից» Լուսինե Բադալյանն էլ, կարևորելով խոսքի ազատությունը զրպարտությունից, վիրավորանքից սահմանազատելը, ասաց. «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով երբևիցե կարող ես փոխհատուցել: Այնպես որ, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի մենք քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից 3 միլիոնի իջեցնելը»: «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ նշեց, թե առաջարկված նախագիծը չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ, ըստ Սամսոնյանի,դրա հիմքում չկա ազնվություն, չկա իրական պայքար: «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում ձեզ՝ ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, հետո՝ մյուսների նկատմամբ»,- ասաց նա: Անկախ պատգամավոր Տիգրան Ուրխանյանն էլ, նշելով, որ կողմ է, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պետք է լինի քրեական պատասխանատվոթյուն, հարցրեց. «Դուք սա ինչո՞ւ եք հիմա բերել, որվեհտև խնդիրը չոքեց ձեր դո՞ւռը»: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Հայաստանում, հատկապես սոցցանցերում, հիմա այդ առումով տիրում է գաղջ մթնոլորտ: «Հատկապես սոցանցերում՝ վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, մանիպուլյացիա: Այդ միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում: Այս խնդիրը պետք է լուծել: Չգիտեմ, թե այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց, որ մի քայլ առաջ է, հաստատ»,- նշեց նա ու հավելեց՝ կողմ է նախագծին: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ իրեն համարեց ամենաշատ զրպարտված ու վիրավորված քաղաքական գործիչներից մեկը: «Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատե՞լ: Այդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անել»,- ասաց նա ու իշխանությանը մեղադրեց «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ: Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մարուքյանին. «Ես 1.5 ամիս առաջ Ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին հրավիրել եմ, ուղարկել եմ մի Քրեական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որը նախատեսում է «ֆեյքերի ֆաբրիկաները» քրեականացնել: Չիջաք իմ մակարդակին, չեկաք այդ քննարկմանը»: Անդրադառնալով իշխանությանը «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ մեղադրելուն՝ նա ասաց. «5 ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր, որ շուտով ցուցակները հրապարակելու են: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չէ, ապա ի՞նչ է: Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»:  
12:09 - 11 փետրվարի, 2021