Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի:
15:19 - 14 հունվարի, 2021
Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել |hetq.am|

Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են դրոշմանիշային վճարների (նախկին 1000 դրամների) դրույքաչափերը փոփոխել: 2020 թվականի տարեվերջին Կառավարության առաջարկով օրենքում փոփոխություններ եղան, որի համաձայն՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձավ 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Դեռ նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները քննարկում էին, որ միգուցե արժե աշխատավարձի ինչ-որ տոկոս ֆիքսել և ոչ թե նման դրույքաչափեր սահմանել: Պատգամավորներն առաջարկում են մինչև 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում` 1500 դրամ, 101 հազարից մինչև 150 հազարի դեպքում` 2000 դրամ, 150 հազարից մինչև 300 հազար դրամի դեպքում`3000 դրամ, 300 հազարից մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 5000 դրամ, 500 հազարից մինչև 750 հազարի դեպքում` 7500 դրամ, 750 հազարից մինչև 1 միլիոն 500 հազար դրամի դեպքում` 15000 դրամ, 1 միլիոն 500 հազար դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 20000 դրամ դրոշմանիշաին վճար սահմանել: Անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում առաջարկվում է մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձնել 18 000 դրամ, 2 միլիոն 401 հազարից մինչև 6 միլիոն դրամի դեպքում՝ 24 000 դրամ, 6 միլիոն մից մինչև 12 միլիոն  դրամի դեպքում՝ 48 000 դրամ, 12 միլիոն 1 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120000 դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հետ: Ըստ նախագծի հեղինակների՝ փորձ է կատարվել ցածր և միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանսական բեռը մեղմել: Պատգամավորները հիշեցրել են նաև կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները: Ֆիզիկական անձանց համար որոշակի բարելավում է նախատեսվում, օրինակ՝ 101 հազարից մինչև 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Հեղինակները փորձում են մեղմել նաև Ա/Ձ-ի ֆինանսական բեռը, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը: Նշվում է, որ փոփոխություններով վճարվելիք գումարի անհամաչափությունը վերանալու է, որը այժմ տատանվում է 0.85-3%-ի սահմաններում, առաջարկվող նախագծով լինելու է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը: Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:35 - 14 հունվարի, 2021
Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան

Գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը․ Հերիքնազ Տիգրանյան

2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ փորձագետներն առաջարկել են նաեւ լրացուցիչ հայեցակարգային կետեր։ Փորձագիտական շրջանների առաջարկած լրացուցիչ կետերից մեկն էր այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրվի աշխատանքի իրավունքը։  Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման փոփոխություն իրականացնելու դեպքում Սահմանադրության հետ ուղիղ հակասություն կունենանք: Թեեւ մեր զրուցակիցն ամբողջությամբ համաձայն է, որ օրենսդրորեն ամրագրվի աշխաանքի իրավունքը, բայց, նրա խոսքով, դա պետք է ոչ թե ընթացիկ օրենսդրությամբ, տվյալ դեպքում Աշխատանքային օրենսգրքում ձեւակերպվի, այլ պետք է ամրագրվի նաեւ ՀՀ Սահմանադրությամբ։ Իսկ գործող սահմանադրական կարգավորումներն աշխատանքի իրավունքի մասով ամրագրում են ոչ թե յուրաքանչյուր ոքի աշխատանք ունենալու կամ աշխատանքի իրավունքը, այլ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։ Ստացվում է՝ առաջարկը հակասում է Սահմանդրությանը։ Պատգամավորն ընդգծեց, որ հարցը պետք է լուծել Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ Վերջինս լիովին համաձայն է փորձագետների այն առաջարկի հետ, որ Աշխատանքային օրենսգրքում պետք է հստակ ամրագրվի աշխատողների ֆիզիկական, հոգեկան, սեռական անձեռնամխելիությունը։  «Սա ենթակա է ամրագրման՝ որպես արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման մեխանիզմ։ Նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ աշխատանքի իրավունք, իսկ արժանապատիվ աշխատանք ասվածը ոչ միայն աշխատանքի ֆիզիկական պայմաններն են, այլ նաեւ հոգեբանական, սեռական անձեռնմխելիությունը երաշխավորված աշխատատեղի հնարավորությունը»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ հրապարակված կոնցեպտը վերաբերում է ոչ թե աշխատանքային իրավահավասարության ամբողջ դաշտը կարգավորելուն, այլ գործող Աշխատանքային օրենսգրքում կոնկրետ ինստիտուտների փոփոխություններին։ Անդրադառնալով պետական ոլորտում աշխատողների իրավունքներին, ուժային կառույցներում արհեստակցական միությունների բացակայությանը՝ պատգամավորը նկատեց, որ պետությունը չի սահմանափակում պետական ծառայողներին, եւ որ նրանք ունեն արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունք։ Սակայն այստեղ կա բացառություն․ արհեստակցական միության անդամ չեն կարող լինել Ոստիկանության, Զինված ուժերի, ԱԱԾ-ի, Դատախազության ծառայողները, դատավորները՝ այդ թվում Սահմանադրական դատարանի։ Սա պայմանավորված է այդ կառույցների ու իրենց առջեւ դրված օրենսդրական լիազորությունների շրջանակի կարեւորությունից։ Բանն այն է, որ արհեստակցական միությունը գործադուլ հայտարարելու իրավունք ունի, իսկ այս կառույցների համար սահմնափակված է նաեւ գործադուլ հայտարարելու իրավունքը․ «Հետեւաբար ամեն իրավունք չէ, որ բացարձակ իրավունք է, եւ որոշ դեպքերում իրավունքը կարող է սահմնափակվել՝ ելնելով օրենքով հետապնդվող նպատակից եւ շահից։ Կարծում եմ՝ այնքան էլ ողջամիտ չէ նման իրավունքի թույլատրումը։ Ես արդարացված եմ համարում տվյալ մարմինների՝ արհմիություններ ունենալու սահմանափակումը»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ պետական համակարգի մյուս բոլոր օղակներում կան արհմիություններ եւ այսօր էլ կան պետական հիմնարկների ճյուղային հանրապետական արհմիություններ։  «Հնարավոր է՝ քաղծառայողները տեղյակ չեն, բայց վստահաբար արհմիության անդամ են։ Վատ է, որ տեղյակ չլինեն։ Դա հիմնականում արհմիության բացն է․ արհմիություն ստեղծելու նախաձեռնությունը ներքեւից չի գալիս, երբեմն իներցիոն գործընթացներով է ձեւավորվում, ինչը շատ վատ է»։ Խոսելով իրազեկման նմանօրինակ բացերից՝ պատգամավորն այն կապեց արհեստակցական միության աշխատանքի եւ գործառույթների հետ․  «Արհմիությունները, որպես հասարակական միավորումներ, պետք է իրենց գովազդն անեն եւ իրենց աշխատանքների մասին տեղեկացնեն։ Ամեն արհմիություն, որպեսզի նաեւ անդամների թիվն ավելացնի, պետք է գովազդի ե՛ւ իր կատարած աշխատանքները, ե՛ւ հետապնդող այն նպատակները, որոնց համար ինքն ստեղծվել է՝ գրավելով ավելի ու ավելի շատ ոլորտի աշխատողների։ Բայց քանի որ իրենք իրենց շատ քիչ են գովազդում, իրենց կատարած աշխատանքի մասին շատ քիչ են խոսում, կա տպավորություն, որ մեր երկրում ընդհանրապես չկան արհմիություններ, իսկ իրականությունն այլ է։ Երբեմն կատարած աշխատանքների մասին իրազեկման դասընթացներ արվում են, բայց դա շատ քիչ է, տեղեկությունը չի հասնում վերջնական շահառուին՝ աշխատողին»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։ Հերիքնազ Տիգրանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է արհմիություններին նոր իրավական լծակներով օժտել, որ ավելի իրավազոր լինեն աշխատողի իրավունքը պաշտպանել․ «Գործատուները, որպես աշխատատեղ ստեղծողներ, արտոնյալ են դիտվում, հետեւաբար գործատուներին պետք է հակադրել ուժեղ արհմիություններով, որ բիզնես շահի արանքում չոտնահարվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահը»։  Հայաստանյան աշխատողների հանդեպ գործատուների խտրական վերաբերմունքի դրսեւորումները քիչ չեն․ «Իմ քայլի» պատգամավորը Հայաստանում խտրականության դեմ պայքարող պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում․ «Միանշանակ պետք է խտրականության դեմ պայքարող պետական մարմին։ Դրան կնպաստի նաեւ իրավահավասարության մասին օրենքի ընդունումը, որը նախագծային վիճակում է, եւ որով նախատեսվում է նմանատիպ մարմնի ստեղծումը։ Այս պահին գործող Աշխատանքային օրենսգրքում սահմանված է, որ աշխատանքի ընդունվելիս եւ աշխատանքային հարբերություններ իրացնելիս օրենքով պաշտպանվող որեւէ հիմքով՝ կլինի սեռ, տարիք, ռասա, դավանանք, քաղաքական հայացք եւ այլն, խտրականությունն արգելվում է, իհարկե, եթե աշխատանքի բնույթով այն պայմանավորված չէ. օրինակ՝ մոդելային բիզնեսի դեպքում խտրականությունը տրամաբանված է։ Այս արգելքի նկատմամբ հսկողությունը կսկսվի 2021 թվականի հուլիս 1-ից, երբ Աշխատանքի տեսչության համար նախատեսված դրույթը կմտնի ուժի մեջ»,- ասաց Տիգրանյանը։ Իսկ երկրորդ գործիքը կլինի, երբ իրավահավասարության մասին օրինագիծը կդառնա օրենք։ Պատգամավորի վստահեցմամբ՝ ցանկացած դեպքում հանգելու են ապացուցողական բազային․ «Հասկանում ենք, որ սա հեշտ, ամենապարզ ապացուցելի դեպքերից չէ, բայց նաեւ խրախուսում ենք, որ քաղաքացիները ցանկացած դեպքում հետամուտ լինեն իրենց իրավունքը պաշտպանելու, եթե, օրինակ, աշխատանքից ազատումը պայմանավորված է Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հատկանիշներով՝ այն է՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։   Սեդա Առաքելյան
18:57 - 13 հունվարի, 2021
Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին Հայաստանի Ազգային ժողովի պարգևները

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին Հայաստանի Ազգային ժողովի պարգևները

Հունվարի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ է հանձնել Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներ, Նիդեռլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ Պիտեր Օմզիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարթայն ֆան Հելֆերթին և Սադեթ Կարաբուլութին։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:  ՀՀ Ազգային ժողովի բարձր պարգևները նիդեռլանդացի պատգամավորների երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նրանց նշանակալի ջանքերի, ինչպես նաև միջազգային ասպարեզում Արցախի դեմ ադրբեջանական-թուրքական ագրեսիայի դատապարտման գործում ունեցած ավանդի համար է։  Հանձնելով պարգևները՝ դեսպան շեշտել է, որ ՀՀ ԱԺ պատվո մեդալները Հայաստանի երախտիքի արտահայտություն են տարիներ ի վեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման, դրանք նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ կատարած հսկայական աշխատանքի, նաև մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի դատապարտման գործում պատգամավորների անխոնջ ջանքերի համար։  Նիդեռլանդների խորհրդարանի անդամները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծեցելով, որ իրենց գործունեությունն ուղղված է համամարդկային արժեքների պահպանմանը և բռնապետական ռեժիմների անպատժելիության բացառմանը։Պատգամավորները կարևորել են Նիդեռլանդների խորհրդարանի կողմից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված բանաձևերի դրույթների իրականացումը՝ նոր պատերազմի կանխարգելման առումով։  Պատգամավորների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել զինադադարի հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից զինադադարի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին և դրա հետևանքներին։     
21:18 - 12 հունվարի, 2021
«Իմ քայլը» մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը |hetq.am|

«Իմ քայլը» մտադիր է վերացնել ռեյտինգային ընտրակարգը |hetq.am|

hetq.am: 2020 թվականի տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցությունների: Այս պահին հայտնի չէ, թե ընտրությունները երբ են լինելու և արդյոք փոփոխված Ընտրական օրենսգրքով են իրականացվելու, սակայն խորհրդարանական աշխատանքային խումբը շուրջ մեկ տարի առաջ սկսել էր Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների շուրջ աշխատանքները: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ընդհատվել էր, ապա շարունակվել հեռավար: «Կուսակցությունների մասին» օրենքը խորհրդարանն արդեն ընդունել է, ԸՕ-ի նախագիծը հանրային քննարկման կներկայացվի առաջիկայում: Նախագծի վերաբերյալ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հետ: Վերջինս նախագծում արտացոլված մի քանի առանցքային կետեր է առանձացնում, ինչպես` ընտրական ցուցակները: Դանիելյանի խոսքով` Հայաստանում միշտ քննարկվել է այն հարցը, որ ընտրական ցուցակներն ուռճացված են, ընտրողների իրական թիվը շատ ավելի փոքր է: Այն մի կողմից ընտրությունների նկատմամբ վստահության խնդիր է առաջացնում, մյուս կողմից կազմակերպման ծախսերն է ավելացնում: «Այն մոտեցումն ենք որդեգրել, որ առանց որևէ մեկին զրկելու ընտրական իրավունքից, բայց ընտրական ցուցակները կազմենք բացառապես այն քաղաքացիներից, ում անձը հաստատող փաստաթուղթը ժամկետանց չէ»,-ասում է Դանիելյանը: Աշխատանքային խմբի ուսումնասիրությունները փաստում են, որ այն քաղաքացիները, որոնք մշտապես Հայաստանում են բնակվում, անձնագրի վավերականությունը լրանալուն պես երկարացնում են, քանի որ այն անհրաժեշտ է լինում նաև տարբեր գործարքների ժամանակ: Դանիելյանը վստահեցնում է` գյուղական հեռավոր համայնքների բնակիչները, եթե ընտրություններին ընտրատեղամասեր գնան ժամկետանց փաստաթղթով, միևնույն է, կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը` պարզապես կընդգրկվեն լրացուցիչ ընտրական ցուցակներում: Ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների` ոչ վավերական անձնագիր ունեցող քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանում չէ, ընդ որում՝ ցանկում կան նաև մահացած անձինք, սակայն տեղեկատվությունը չի փոխանցվել Հայաստանի համապատասխան գերատեսչություններ, և նրանք շարունակում են մնալ ընտրական ցուցակներում: Փոփոխություններ են առաջարկվում նաև նախընտրական քարոզարշավի կարգավորումների` այսպես կոչված խաղի կանոնների սահմանման հարցում։ Օրինակ՝ բանավեճի կազմակերպման պահանջը: «Կուզեի անպայման առանձնացնել, որ հայտարարագրման ենթակա նախընտրական քարոզարշավի ծախսերի շրջանակը պետք է ընդլայնվի: Այսօրվա գործող օրենքով` բավական սահմանափակ ծախսեր են հայտարարագրման ենթակա, օրինակ՝ նախընտրական շտաբների գործունեությանն առնչվող ծախսերի մի գալի մասը չի հայտարարագրվում»,-ասում է պատգամավորը: Առաջարկվում է հստակեցնել նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում և առհասարակ ընտրությունների շրջանում բարեգործություն կատարելու կարգավորումները` արգելելով բարեգործությունը թե' կուսակցություններին, թե' քաղաքական առնչություններ ունեցող հիմնադրամներին: Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի` ԸՕ-ի նախագծի փոփոխությունները կարելի է երկու մասի բաժանել` տեխնիկական և քաղաքական: Եթե տեխնիկական հարցերը լայնորեն քննարկվել են, ապա քաղաքական հարցերը դեռ պետք է քննարկվեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Առանցքային հարցն, իհարկե, ընտրակարգի փոփոխությունն է, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի բացառումն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցումը: Շարունակությունը՝ hetq.am-ում:
10:49 - 04 հունվարի, 2021
17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

17 կուսակցությունների ուզածն, ըստ էության, ընդամենը քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենալն է․ Սոս Ավետիսյան

Հայաստանում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով․ մենք եկել ենք ընտրություններով, եւ այսօրվա կառավարության ու իշխող մեծամասնության մնալու կամ հեռանալու հարցը նույնպես պետք է որոշվի այդկերպ։ Այս համոզմանն է խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են․ «Ես հասկանում եմ մեր հայրենակիցների ցավը, բայց այդ ցավին եւ ցասմանը խառնված է նաեւ կեղծ քաղաքական օրակարգերի պատեհապաշտություն, բայց կարծում եմ ներքաղաքական իրավիճակի կայունացման տարբերակն ընտրությունների անցկացումն է։ Ես կարծում եմ, որ այստեղ է այն սովորական կոնսեսուսը, որը բոլորով ենք ընդունում։  Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ դժվար է միայն հանրության տեսակետը կշռելը, բայց  խնդիրը նաեւ առաջարկի մասով է․ ի վերջո քաղաքական ուժերը պետք է կարողանան ապագայի տեսլական ներկայացնել։ Ստեղծված իրավիճակում պետք է ամբողջապես վերանայենք մեր տնտեսությունը, քաղաքականությունը, կրթությունը, ռազմաարդյունաբերությունը, դիվանագիտությունը, ամեն բան։ Դրա համար անհրաժեշտ են ընտրությունները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ ընգծելով, որ ստեղծված նոր իրավիճակում ընտրությունների անհնարժեշտության մասին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ «ժողովրդի կամարտահայտություն» տերմինն օգտագործելով։ Վերջինիս կարծիքով՝ ընտրական գործընթացը հնարավոր կլինի պատշաճ անցկացնել միայն Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությամբ․ վերջինի լրացումներն ու փոփոխություններն, ի դեպ, նախօրեին ամբողջությամբ ընդունվեցին խորհրդարանում։ Այս պահին խորհրդարանը Կուսակցությունների մասին օրենքն է վերջնականցնում, կլինի նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ թերեւս ընտրությունները հստակ միայն այդ տարբերակով հնարավոր կլինի անել փոփոխություն։ Ինչ վերաբերում է փողոցում բողոքի ակցիաներ անցկացնող 17 կուսակցություններին, որ ներկայանում են որպես Հայրենիքի փրկության շարժում, Ավետիսյանի խոսքով՝ հենց նրանք են ապակայունացնում իրավիճակը․ «Այդ 17 կոչվածը՝ կուսակցությունների, մարդ-կուսակցությունների կամ խմբերի ասածը հետեւյալն է․ եկեք պահպանեք խորհրդարանը, մենք բերենք մեր մարդու, նա կայունացնի իրավիճակը, այսինքն՝ մոտավորապես այսպես են ձեւակերպում՝ «այդ ժամանակ մենք էլ ոչինչ չենք անի»։ Կայունացնելը դա է, որովհետեւ հիմա իրենք են ապակայունացնում, հետո կտեսնենք՝ մեկ տարի հետո ինչ կլինի, ընտրություններ կանենք, կանցնի, կգնա։ Իրականում, սակայն, խորհրդարանական երկրում, (ընդ որում՝ այդ համակարգին անցնելու ընտրությունը մերը չի եղել, չնայած վատ համակարգ չէ), չի կարող դա տեղի ունենալ, որպես կանոն՝ այդ առաջարկն ավելի շատ կարող է բնորոշ լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին դա հնարավոր չի համարում, որովհետեւ այդ դեպքում ինչպե՞ս է աշխատելու այդ կառավարությունը, այդ կառավարության կայացրած որոշման համար ԱԺ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ․ «Ես որեւէ ընդհանրություն չունեմ այդ մարդկանց կամ այդ մարդկանց առաջարկած թեկնածուի հետ, ո՞րն է սկզբունքը, ինչո՞ւ պետք է մեր օրենքը ընդունվի կամ չընդունվի, որովհետեւ ի՞նչ։ Ես ունեմ կանխավարկած, որ դա բերելու է ընտրությունների կեղծման, որովհետեւ այդ կուսակցություններն ունեն ընտրությունների կեղծման ահռելի փորձ։ Իրենց ուզածն, ըստ էության, ընդամենն այն է, որ քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենան»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենք ունեն ընդհանուր պատասխանատվություն, եւ չեն կարող իրենց ուսերից թոթափել դա այս կամ այն փոխատեղմամբ․ դա, ըստ Ավետիսյանի, անազնիվ կլինի։ Անդրադառնալով ընդդիմադիր մյուս կուսակցության՝ Լուսավոր Հայաստանի՝ Էդմոնին Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն արձագանքեց, որ երբ անձը խորհրդարանում փոքրամասնական կուսակցության ներկայացուցիչ է, չի կարող լինել վարչապետ․ «Այդպես չի լինում։ Ի վերջո խնդիրն այն է, թե մենք ինչքան ենք կապված ներքաղաքական դիվիդենտների հետ։ Ինչ վերաբերում է չեզոք թեկնածուներին՝ նախ Հայաստանում ահավոր դժվար է գտնել չեզոք մարդ, բայց նորից բախվում ենք նույն հարցին՝ չեզոք ո՞ւմ են ներկայացնելու, այսինքն՝ չեզոք մարդկա՞նց են ներկայացնելու, քաղաքական դիրքորոշում ունեցո՞ղ մարդկանց են ներկայացնելու, ա՞յլ դիրքորոշում ունեցող մարդկանց են ներկայացնելու, մենք ո՞նց ենք պատասխանատու լինելու չեզոք մարդու որոշումների համար․ սրանք բոլորն ավելի ապակայունացնող սցենարներ են, որովհետեւ դրանք գնում են ինստիտուցիոնալ ապակայունացման»։  Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին ճիշտ տարբերակը ռեֆորների, արցախահայության խնդիրները լուծելու շուրջ քայլերի համատեղումն է։ Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունները զուգահեռաբար պետք է ձեւավորվեն, ներկայացնեն իրենց հայտը, նշեն ապագայի իրենց հեռանկարը, որպեսզի քաղաքացին ըստ իրավիճակի կարողանա ընտրություն կատարել։ Իսկ թե իշխող քաղաքական թիմն ինչ է արել 2,5 տարվա ընթացքում՝ մասնավորապես ընտրական օրենսդրության բարեփոխման առումով, Ավետիսյանը մեկնաբանեց, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Կուսակցությունների մասին օրենքը ֆունդատամենտալ աշխատանքներ են, եւ որ դրանց վերաբերյալ բավական ծավալուն աշխատանք է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը․ «Որպես կանոն՝ երաշխիքները լինում են, որ ԸՕ-ն եւ Կուսակցությունների մասին օրենքը փոփոխվեն դանդաղ, որպեսզի քաղաքական դաշտի խաղացողները կարողանան դրան պատրաստվել, բայց ստացված իրավիճակում պարզ է, որ դրան պետք է արագություն հաղորդվի․ այդպես էլ անում ենք։ Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը որեւէ առիթ չի թողել՝ կասկածելու ընտրությունների ազնվության վրա։ Խոշոր ՏԻՄ ընտրություններում մենք պարտություն ենք կրել, ինչը նորմալ է։ Այս առումով ես ինչ-որ մտահոգություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը այնպիսին պետք է լինի, որ մարդիկ կուսակցություններ ընտրեն։ Մեր հասարակությունում կուսակցություն բառը բավականին վարկաբեկված է, որովհետեւ երբ կուսակցությունները տարիներ շարունակ կեղծում են ընտրությունները, ստեղծվում, փլուզվում, քանդվում, դառնում են ավտոկրատիկ, եւ իրենք ավտորկրատիկ են սարքում երկիրը, ու կուսակցության նկատմամբ հավատը կորչում է»։ Սոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի ամեն դեպքում ունենանք ծրագրային քաղաքականություն, հարկավոր է, որ հասարակության այն մյուս խմբերը, որոնք այս պահին չեն երեւում, օրինակ՝ մասնագիտական խմբերը, կարողանան ձեւավորել քաղաքական թիմեր եւ մասնակցել այդ ընտրություններին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։  Անդրադառնալով նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը եւ գործող կառավարության ընդդիմախոսների այն պնդումներին, թե հնարավոր է դրա որոշ կետեր փոխել՝ ի շահ Հայաստանի, պատգամավորն իրատեսական չի համարում․ «Այն, որ մենք անհաշտ ենք այս հայտարարության հետ, հաստատ է, ես կարծում եմ, որ նույնիսկ հայտարարության համահեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անհաշտ, բայց իրավիճակն այսպիսին է։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դա քաղաքական կուսակցությունների ծրագրերի տեսլականը պետք է լինի։ Պետք է կարողանալ ավելի շահեկան դիրքերի բերել մեր արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը եւ մնացածը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի իրապես ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Ավետիսյանը չի կարծքում, թե Մինսկի խմբի ձեւաչափը, որպես արցախյան հակամարտության լուծման հարցով բանակցությունների հարթակ՝ քանդված է։ Ըստ նրա՝ լուրջ մարտահրավեր է նետված, եւ, ըստ էության, պետք է աշխատել, որպեսզի ՄԽ համանախագահները մասնակից լինեն բանակցություններին, հետագա քննարկումներին։ Պատգամավորը առաջմահերթ քննարկման առարկա է դիտարկում հատկապես ԼՂ կարգավիճի հարցը, ապա նաեւ, փախստականների եւ այլն։  Թե ինչու հստակ չդրվեց Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցը, երբ մինչեւ պատերազմը՝ այս քայլերը չանելու հիմնավորումը ռազմական գործողությունների սպառնալիքն էր, Ավետիսյանը պատասխանեց, որ խորհրդարանը, որպես կանոն, առաջնորդվել է ԱԳՆ-ի առաջարկներով․ «Որովհետեւ նույնիսկ պատերազմի ժամանակ կար բանակցային ճանապարհ, եւ նաեւ դրանից հետո։ Այդ պարագայում պետք է զգուշավոր լինել։ Նույն տրամաբանությամբ ինչո՞ւ 1994 թվականից հետո չճանաչեցին Արցախը, կամ ինչո՞ւ չմիավորվեցին, ինչո՞ւ չգնացին ազգերի ինքնորոշման սկզբունքով, ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ չեղավ ճանաչում։ Սա անընդհատ կարելի է հետ ու առաջ անել, բայց մենք միշտ առաջնորդվել ենք մեր երկրի եւ արցախահայության շահերով։ Ես չեմ կարող մեկնաբանել թե ինչ կլիներ, բայց կարող եմ ասել, որ մենք Արցախի ճանաչմանը կամ միացմանը դեմ չենք, բայց թե ինչ հետեւանքների դա կբերեր եւ թե ինչ քայլեր կհետեւեին դրան, չեմ կարող ենթադրություններ անել»,- եզրափակեց Սոս Ավետիսյանը։ Ասպրամ Փարսադանյան
18:03 - 30 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵՄ դեսպանին

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Ինչպես տեղեկացրին նշված հանձնաժողովից, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակն ու զարգացումները և COVID-19 համավարակի հետևանքով սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունները: «ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով ներկայումս իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր՝ միտված Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցությանը: Դեսպան Վիկտորինը վերստին հաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում դեսպանը հայտնել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու կարևորության մասին։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացման գործընթացի ավարտը։ Հատուկ շեշտվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:44 - 29 դեկտեմբերի, 2020
1000 դրամները բարձրացվեցին՝ ըստ աշխատավարձի չափի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

1000 դրամները բարձրացվեցին՝ ըստ աշխատավարձի չափի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:  Նախագիծն ընդունվեց միաձայն` 89 կողմ ձայներով: Օրենքի փոփոխությամբ փոխվեցին հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը․ այն կախված կլինի աշխատավարձի չափից։  Նախագծով՝ մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ, 100 հազար 1 դրամից մինչեւ 200 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ, 200 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ, 500 հազար 1 դրամից մինչեւ մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1 դրամ եւ ավելի գումարի դեպքում 15 հազար դրամ։ Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները մինչեւ 1 միլիոն 200 հազար հարկման բազայի դեպքում կվճարեն տարեկան 18 հազար դրամ, 1 միլիոն 200 հազար 1 դրամից մինչեւ 2 միլիոն 400 հազար հակման բազայի դեպքում՝ 36 հազար դրամ, 2 միլիոն 400 հազար 1 դրամից մինչեւ 6 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 66 հազար դրամ, 6 միլիոն 1 դրամից մինչեւ 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 102 հազար դրամ, 12 միլիոն 1 դրամից ավելի հարկման բազայի դեպքում՝ 180 հազար դրամ:
18:11 - 29 դեկտեմբերի, 2020
Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները: «Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- օրենքի նախագծի ներկայացման ընթացքում ասել էր Գաբրիելյանը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայնով:
16:52 - 29 դեկտեմբերի, 2020
Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով: «Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- նախագծի քննարկման ընթացքում նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց օրինագծի ընդունմամբ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել:
16:43 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստում՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը:  Փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է: Առաջին ընթերցմամբ  ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել: Կուսակցությունների հիմնադրման գործընթացը պարզեցվել է: Փոփոխություն է կատարվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Դանիելյանը ներկայացրեց, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:
15:12 - 29 դեկտեմբերի, 2020