Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԱԺ-ն հաստատեց նաև մյուս նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քվեարկեց երեկ ԱԺ նիստին քննարկված նախագծերը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ՝ 84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայնով: Նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին: «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1: Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը: «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 3 ձեռնպահ ձայնով: Նախագծով նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների և կից օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր, ձեռնպահ՝ 2: Առաջինից երկրորդ ընթերցում՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունների նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: «Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- երեկ ԱԺ նիստին տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները  և առաջարկությունները:
10:39 - 19 հունվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
10:34 - 19 հունվարի, 2021
Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը վավերացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը: Նախագիծը հավանություն ստացավ միաձայն՝ 88 «կողմ» ձայնով: Համաձայնագրի վավերացումը թույլ է տալիս ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և նպաստում է միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Համաձայնագրով նախատեսվում է դրա մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը և կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը:
10:30 - 19 հունվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող: Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
19:13 - 18 հունվարի, 2021
Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային |armenpress.am|

Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային |armenpress.am|

armenpress.am: ՀՀ  ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ամրագրվում է,  որ 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ նախագիծը բավական կարևոր քայլ է՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների, և նրանց լավագույն շահը հաշվի առնելով լսելի դարձնելուն: «Համաձայն օրենքի նախագծի՝16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա կողմից, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը: 16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:
18:50 - 18 հունվարի, 2021
Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասաց Գրիգորյանը: Փոխնախարարը հավելեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
14:03 - 18 հունվարի, 2021
Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր |armenpress.am|

Գերիներին չվերադարձնելը միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձի հիմանխնդիրը համարում է լրջագույն միջազգային իրավական խնդիր: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում: «Յուրքանչյուրիս համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հիմնախնդիրը առաջնային, օրակարգային է: Եվ  յուրաքանչյուրս առվնազն սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք այդ խնդրով, իսկ շատերն այդ խնդրով ապրում էին նաև դեռ ավելի վաղ, քանի որ գերեվարված անձինք կային նաև նախկինում: Եվ սա լրջագույն միջազգային իրավական խնդիր է: Միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է ռազմագերիներին և  այլ պահվող անձանց չվերադարձնելը»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում: «Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացների, թեև հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքին՝ նա նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: «Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- նշեց Վարդանյանը:
12:03 - 18 հունվարի, 2021
Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

Ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունը կանոնադրության մեջ, և ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը |hamakarg.am|

hamakarg.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որտեղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը խոսեց ՏՄՊՊՀ առաքելության մասին։ Ստորև կարդացեք, թե ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունն իրենց կանոնադրության մեջ (մեջբերում կայքից), այնուհետև դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը։   ՏՄՊՊՀ առաքելությունը եւ նպատակները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Հանձնաժողովի հիմնական առաքելությունը մրցակցային շուկաների պաշտպանությունն ու խրախուսումն է:
12:49 - 16 հունվարի, 2021
Հաստատվել է Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի կազմը, և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ Հայտնում է նոր քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ)»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ընդդիմադիր` ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններինն էր:
22:30 - 14 հունվարի, 2021
Լրագրողական ՀԿ-ներն ԱԺ ղեկավարներին կոչ են անում ուշադրություն դարձնել պատգամավոր-լրագրող խնդիրներին

Լրագրողական ՀԿ-ներն ԱԺ ղեկավարներին կոչ են անում ուշադրություն դարձնել պատգամավոր-լրագրող խնդիրներին

Լրագրողական 10 հասարակական կազմակերպություններ ՀՀ ԱԺ ղեկավարությանը հատարարությամբ կոչ են արել  հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ։ Հայտարարության առիթն է հունվարի 13-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։   «Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։   Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․ ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը, Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից, Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք»,- ասվում է հայտարարության մեջ։
18:49 - 14 հունվարի, 2021
Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

Միրզոյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի ուղղությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար:Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի:
15:19 - 14 հունվարի, 2021
Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել |hetq.am|

Պատգամավորներն առաջարկում են աշխատավարձի 1-2%-ի սահմանում դրոշմանիշային վճար գանձել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են դրոշմանիշային վճարների (նախկին 1000 դրամների) դրույքաչափերը փոփոխել: 2020 թվականի տարեվերջին Կառավարության առաջարկով օրենքում փոփոխություններ եղան, որի համաձայն՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձավ 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն 1000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը): Դեռ նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները քննարկում էին, որ միգուցե արժե աշխատավարձի ինչ-որ տոկոս ֆիքսել և ոչ թե նման դրույքաչափեր սահմանել: Պատգամավորներն առաջարկում են մինչև 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում` 1500 դրամ, 101 հազարից մինչև 150 հազարի դեպքում` 2000 դրամ, 150 հազարից մինչև 300 հազար դրամի դեպքում`3000 դրամ, 300 հազարից մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 5000 դրամ, 500 հազարից մինչև 750 հազարի դեպքում` 7500 դրամ, 750 հազարից մինչև 1 միլիոն 500 հազար դրամի դեպքում` 15000 դրամ, 1 միլիոն 500 հազար դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 20000 դրամ դրոշմանիշաին վճար սահմանել: Անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում առաջարկվում է մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը դարձնել 18 000 դրամ, 2 միլիոն 401 հազարից մինչև 6 միլիոն դրամի դեպքում՝ 24 000 դրամ, 6 միլիոն մից մինչև 12 միլիոն  դրամի դեպքում՝ 48 000 դրամ, 12 միլիոն 1 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120000 դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի առաջադրման պատճառ է հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ հեղինակների կողմից Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հետ: Ըստ նախագծի հեղինակների՝ փորձ է կատարվել ցածր և միջին աշխատավարձ ստացող անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար առաջացող ֆինանսական բեռը մեղմել: Պատգամավորները հիշեցրել են նաև կուտակային կենսաթոշակի մասով ուժի մեջ մտած փոփոխությունները: Ֆիզիկական անձանց համար որոշակի բարելավում է նախատեսվում, օրինակ՝ 101 հազարից մինչև 150 000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200000-300000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Հեղինակները փորձում են մեղմել նաև Ա/Ձ-ի ֆինանսական բեռը, եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18000 դրամ վճարողների շրջանակը: Նշվում է, որ փոփոխություններով վճարվելիք գումարի անհամաչափությունը վերանալու է, որը այժմ տատանվում է 0.85-3%-ի սահմաններում, առաջարկվող նախագծով լինելու է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր և միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը: Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:35 - 14 հունվարի, 2021