Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

Հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով

2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում խնամքի նպաստը ևս կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի՝ Հայփոստի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝    – 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողը, ում նշանակված խնամքի նպաստը վճարվելու է իր ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով.    – լիազորագրով խնամքի նպաստ ստացողները, որոնց նպաստը կվճարվի բացառապես  կանխիկ եղանակով:     Այսպիսով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող և բացառությունների խմբում չներառված քաղաքացիները, պետք է՝ • կա՛մ մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ ընտրելով անկանխիկ եղանակով խնամքի նպաստը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։ Ընդ որում, եթե անձը որպես նպաստը վճարող կազմակերպություն ընտրի Հայփոստն, ապա դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքած լինելու վերաբերյալ հավաստող տեղեկանքը (այն տրամադրվում է Հայփոստի կողմից)։ Բանկ ընտրելու դեպքում, քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ • կա՛մ մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմեն բանկ կամ Հայփոստ: Այս դեպքում, հուլիս ամսվա նպաստի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը նպաստի վճարման եղանակը փոխելու դիմումն իրեն ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը։ Եթե խնամքի նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ հունիսի 30-ը չդիմի վճարման եղանակը փոխելու համար, ապա Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հուլիս ամսվա խնամքի նպաստի վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ 3 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ստանալով։
13:18 - 15 հունիսի, 2021
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է |armenpress.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից: «Եթե խոսենք թվերով, ապա 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ աջակցություն ստացել է 1043 շահառու: Նրանցից շուրջ 197-ը միանվագ աջակցության ծրագրով՝ շուրջ 155 մլն դրամ, 184-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով՝ շուրջ 12 մլն դրամ և 662 շահառու երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ շուրջ 595 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, վճարվել է շուրջ 762 մլն դրամ, որից շուրջ 424 մլն դրամը՝ 2021 թվականին»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:   Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն իրականացվում են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով: Մասնավորապես, իրականացվում է 3 նպատակային ծրագիր: Առաջինը միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակում հատուցվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը: Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հիպոթեկային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:  Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի ընթացքում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ պետությունն ավելացնում է նաև ֆինանսավորումը: Արդեն երկու անգամ այդպիսի որոշում կառավարությունն ընդունել է: 2021 թվականի պետական բյուջեով հաստատվել էր 526 մլն դրամ, որը դիմելիության տեմպերով պայմանավորված՝ չի բավականացնի: Առաջին եռամսյակի ժամանակ ծրագրի բյուջեն համալրվեց 70 մլն դրամով, երկրորդ եռամսյակի համար ևս 100 մլն դրամով բյուջեն ավելացվել է: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հաջորդ եռամսյակներին ևս նախատեսվում է ծրագրի բյուջեի համալրում: «Չի եղել դեպք, որ նախարարությունը դիմի այս ծրագրի բյուջեի ֆինանսավորումն ավելացնելու համար և մերժվի: Կառավարությունը պատրաստակամ է այնպես անել, որ ծրագրի շահառուների թիվն ավելանա»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը: Ծրագրին դիմելիության առումով ակտիվ է Երևանը, որին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատը, Սյունիքը: Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ ընտանիքը լինի բազմազավակ, նոր դիմի: Երեխաների կարգաթիվը միայն ազդում է աջակցության չափի վրա: Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում կարևոր է, որ ընտանիքը ունենա երկու անչփահաս երեխա: Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռբերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Եթե այս դեպքում շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվողч երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից:     «Եթե խոսենք թվերով, ապա 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ աջակցություն ստացել է 1043 շահառու: Նրանցից շուրջ 197-ը միանվագ աջակցության ծրագրով՝ շուրջ 155 մլն դրամ, 184-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով՝ շուրջ 12 մլն դրամ և 662 շահառու երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ շուրջ 595 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, վճարվել է շուրջ 762 մլն դրամ, որից շուրջ 424 մլն դրամը՝ 2021 թվականին»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:   Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն իրականացվում են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով: Մասնավորապես, իրականացվում է 3 նպատակային ծրագիր: Առաջինը միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակում հատուցվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը: Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հիպոթեկային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:  Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի ընթացքում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ պետությունն ավելացնում է նաև ֆինանսավորումը: Արդեն երկու անգամ այդպիսի որոշում կառավարությունն ընդունել է: 2021 թվականի պետական բյուջեով հաստատվել էր 526 մլն դրամ, որը դիմելիության տեմպերով պայմանավորված՝ չի բավականացնի: Առաջին եռամսյակի ժամանակ ծրագրի բյուջեն համալրվեց 70 մլն դրամով, երկրորդ եռամսյակի համար ևս 100 մլն դրամով բյուջեն ավելացվել է: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հաջորդ եռամսյակներին ևս նախատեսվում է ծրագրի բյուջեի համալրում: «Չի եղել դեպք, որ նախարարությունը դիմի այս ծրագրի բյուջեի ֆինանսավորումն ավելացնելու համար և մերժվի: Կառավարությունը պատրաստակամ է այնպես անել, որ ծրագրի շահառուների թիվն ավելանա»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը: Ծրագրին դիմելիության առումով ակտիվ է Երևանը, որին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատը, Սյունիքը: Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ ընտանիքը լինի բազմազավակ, նոր դիմի: Երեխաների կարգաթիվը միայն ազդում է աջակցության չափի վրա: Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում կարևոր է, որ ընտանիքը ունենա երկու անչփահաս երեխա: Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռբերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Եթե այս դեպքում շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամով: Ապահովագրության կանխավճարի դեպքում երեխաների կարգաթիվը դեր չի խաղում: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում առաջին և երկրորդ երեխայի աջակցության պարագայում աջակցության առավելագույն շեմը կազմում է 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում առավելագույն շեմը կազմում է 2 մլն դրամ: Գայանե Ղարագյուզյանը տեղեկացրեց, որ միևնույն շահառուն կարող է երեք ծրագրերից էլ օգտվել, սակայն որոշակի ժամանակ անց: Միանվագ դրամական աջակցության և կանխվաճարի ապահովագրության ծրագրերի շրջանակում շահառուն, միաժամանակ օգտվելով երկու ծրագրից էլ, մեկ տարի անց ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում արդեն կարող է օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից: «Ասեմ, որ դիմողների տարիքային շեմ սահմանված չէ, և այս ծրագրերի դեպքում արդիական չէ ընտանիքի երիտասարդ հանգամանքը: Մեր ծրագրերի համար անչափահաս երխաների առկայությունն է կարևոր՝ անկախ շահառուի տարիքից»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:
14:24 - 07 հունիսի, 2021
ԱԱԾ-ն կոռուպցիոն բացահայտումներ է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում

ԱԱԾ-ն կոռուպցիոն բացահայտումներ է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: Այսպես. Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Մ-ն, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով քաղաքացի Ս.Ս-ի կողմից առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց պահանջել և ստացել է կաշառք։ Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության և առանց  համապատասխան փաստական և իրավական հիմքերի նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ: Վերոգրյալից բացի, Հ.Մ-ն, տեղեկանալով իր ծանոթի մոր՝ Ա.Վ-ի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով  վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և, ըստ այդմ, պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն տրամադրելու դիմաց ընդունել է խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի մայիսի 26-ին Ա.Վ-ին ենթարկել է առաջնային փորձաքննության և առանց համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է վարչական վարույթի՝ բովանդակությամբ կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ փորձաքննության հետազոտման արդյունքներով  անձը ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ։ Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, հանրային ծառայող Ա.Ա-ն Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: Հիշատակված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, որոնցով կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված, այդ թվում՝ կաշառք տված, ստացած, նրանց օժանդակած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի: Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և զգուշացնում, որ այդ կապակցությամբ ցուցաբերելու է անհանդուրժողական մոտեցում ու հորդորում է ցուցաբերել օրինապաշտ վարքագիծ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:31 - 03 հունիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ։ Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավորություն կտան նախարարության կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել որակյալ և հասցեական։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով ուսումնասիրել, քննարկել այս ոլորտներում նիդերլանդական փորձը և, ըստ այդմ՝ իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում։ Վերջինս ներկայացրել է նաև նախարարության և նիդերլանդական Avondglans հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակում համայնքային փոքր տան գնման, վերանորոգման և կահավորման աշխատանքների ընթացքը։ «Ի թիվս համագործակցության մի շարք ոլորտների՝ հետաքրքրված ենք նաև Նիդերլանդների օրինակով Հայաստանում կարիերայի և տեխնիկական կրթության զարգացման հեռանկարով։ Մտադիր ենք Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոններում անցկացնել մասնագիտական ուսուցման, վերապատրաստումների և կարողությունների զարգացման դասընթացներ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Վերջինս ընդգծել է նաև Նիդերլանդներում կիրառվող սոցիալական դեպքի վարման համակարգի կարևորությունը, որը հաջողված օրինակ է, թե ինչպես կարելի է իրականացնել քաղաքացու կարիքների ամբողջական գնահատում՝ պետական աջակցության ծրագրերը կազմակերպելով առավել հասցեական։ Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս խորքային ճանաչել Հայաստանն ու համագործակցել արդյունավետ՝ ըստ առաջնահերթությունների․«Նիդերլանդների կառավարության և անձամբ իմ անունից կարող եմ հավաստել, որ պատրաստակամ ենք մեր ներդրումն ունենալ իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կարող են դրական արդյունք տալ և բարձրացնել հասարակության տարբեր խմբերի կյանքի որակը։ Մեզ համար առաջնահերթ են օրինակ՝ աշխատող մայրերի զբաղվածության ապահովմանը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված և ոլորտային մի շարք այլ ծրագրեր»,- նշել է Նիկոլաս Յակոբ Սխերմերսը։ Դեսպանն անդրադարձել է Նիդերլանդներում հաջողած որոշ ծրագրերի, որոնք կարող են արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Որպես օրինակ նա մատնանշել է երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետների գիտելիքի և փորձի փոխանակման ծրագիրը, որի ընթացքում վերջիններս կենսաթոշակի անցնելուց հետո այլ երկրների գործընկերների հետ համագործակցության արդյունքում իրենց ներուժը ծառայեցնում են՝ ի նպաստ նոր կադրերի վերապատրաստմանը։ Սեփական երկրի փորձը ներկայացնելուց զատ, Նիկոլաս Յակոբ Սխերմերսին հետաքրքրել է Հայաստանում իրականացվող հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է տարեց խնամյալների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների նոր մոդելը՝ նրբություններն ու առավելությունները։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ նշելով, որ համատեղ իրականացվելիք ծրագրերն արդյունավետ քայլ կլինեն սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողություններ գրանցելու համար։
19:26 - 21 մայիսի, 2021
Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են

Ջոնաթան Լաքոթը վերահաստատել է Ֆրանսիայի կողմից համագործակցության պատրաստակամությունը․ Մկրտչյանն ու Լաքոտը հանդիպել են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ։ Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ընդգծելով կորոնավիրուսային համավարակի, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և այս պահին Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը, իրադարձություններին արագ արձագանքը և սատարելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առաջնահերթություններ՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման, հոգեկան և ֆիզիկական առողջության կենտրոնների ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ։ Այս համատեքստում կարևորվել է ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը և, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։ «Սոցիալական պաշտպանության ոլորտում այժմ առաջնահերթ ենք համարում սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի իրականացումը․ այս պահին ռազմավարության մշակման փուլում ենք։ Պատրաստ ենք և ուրախ կլինենք համագործակցել, ուսումնասիրել ֆրանսիական փորձը՝ Հայաստանում այս ծրագրի արդյունավետ և հասցեական ներդրման համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ Վերջինս ներկայացրել է նաև արցախահայության աջակցության ծրագրերը, անդրադարձել ոլորտային մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝ մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ևս մեկ անգամ վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ «Երկու երկրների համագործակցության արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր․ընթացք կտրվեն նաև այս պահի առաջնահերթություններին։ Համակարծիք ենք, որ սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս կարիքներին համապատասխան երկարաժամկետ լուծման տարբերակներից մեկը սոցիալական բնակարաշինության ծրագրին ընթացք տալն է, որը հնարավորություն կտա բնակության վայրը կորցրած քաղաքացիներին բնակարանով ապահովել»,- նշել է Ջ․ Լաքոթը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության կողմից իրականացվող կարողությունների և կայուն զարգացման ծրագրերին։ Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին՝ համագործակցության շրջանակում ընդգրկելով նաև ֆրանսիական պետական և համայնքային կառույցների, մասնավոր ընկերությունների։
20:32 - 19 մայիսի, 2021
Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ նոր փոփոխություններ

Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ նոր փոփոխություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով արձակուրդի տրամադրման կարգավորումներում նախատեսվում են մի շարք փոփոխություններ։      Ըստ այդմ՝ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի։ Նախատեսվում է նաև կարգավորում աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման այն դեպքերի համար, երբ վերջինս 2,5 և ավելի աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս դեպքում, նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշել անձամբ, իսկ համապատասխան անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի դիմումի առկայության: Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է աշխատողին հնարավորություն տալ պահպանել ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ վերջինիս ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով: Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից պատրաստվում է մեկնել գործուղման։ Նմանատիպ կարգավորում առաջարկվում է նաև համատեղությամբ աշխատանքային պայմանագրով աշխատողի համար։ Բացի այդ, աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդն աշխատակցին տրամադրվում է միայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո, չնայած որ գործող կարգավորումներով նախատեսված է, որ արձակուրդը որպես կանոն է տրամադրվում 6 ամիս հետո։ Հետևաբար, այժմ նախատեսվում է կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրել նաև մինչ այդ ժամկետի լրանալը։   Առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
19:42 - 12 մայիսի, 2021
Օրենսդրական նոր փաթեթով կվերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց կարգի տրամադրման համակարգը |armenpress.am|

Օրենսդրական նոր փաթեթով կվերանայվի հաշմանդամություն ունեցող անձանց կարգի տրամադրման համակարգը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, նրանց տրամադրվող աջակցության, միջավայրի բարելավման ուղղությամբ առաջիկայում զգալի բարեփոխումներ են սպասվում: Խորհրդարանի կողմից օրերս  ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և այլ հարակից փաթեթը նախատեսում է մի շարք փոփոխություններ տարբեր ուղղություններով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, մանրամասնելով նախագիծը, նշեց, որ  հաշմանդամություն ունեցող անձինք այդուհետ ոչ թե առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ կստանան, այլ կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խոր: «Նոր փոփոխություններով մենք պետք է գնահատենք անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական, մտավոր հնարավորությունները, միջավայրային արգելքների փոխազդեցությունները: Նպատակն այն է, որ կարողանանք անձին ապահովել տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառում՝ ըստ իր սահմանափակումների»,-ասաց  Տաթևիկ Ստեփանյանը: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար փոփոխություններ են նախատեսվում անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական խմբերի ձևավորման գործում: Այլևս գոյություն չեն ունենալու  մշտական խմբեր: Կլինի մասնագետների տվյալների ռեեստր, որտեղից էլ ձևավորվելու է մասնագիտական խումբն անձի ֆունկցիոնալության գնահատման օրվանից մեկ օր շուտ: Դա ենթադրում է, որ ոչ թե մշտական գործող խմբեր են լինելու, այլ ամեն դեպքի հետ կապված տարբեր խմբեր են ձևավորվելու: Դրանից բացի, մինչ այդ գործող բոլոր աջակցման կարգերը պահպանվում են՝ լինի դեղորայքի տրամադրում, բժշկական ծառայությունների արտոնություն, ֆինանսական աջակցություն և այլն: Օրենսդրական փաթեթում առանցքային տեղ է զբաղեցնում մատչելի միջավայրին վերաբերող հարցը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում հանրային նշանակության շենք շինություններ, տրանսպորտային համակարգեր պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: Այստեղ անհրաժեշտ է լինելու այլ գերատեսչությունների ներգրավվածությունը նույնպես: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում սահմանվելու են տուգանքներ, մեկ տարի անց խախտումը չշտկելու դեպքում ավելի մեծ չափով տուգանքներ են լինելու: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ իրենց նպատակը տուգանելը չէ, մինչ այդ իրազեկման լայն արշավներ են իրականացվելու:   Օրենքը նախատեսում է նաև անձնական օգնականի ինստիտուտ: Կարիքների գնահատումից հետո անձնական օգնականին տրամադրելու է պետությունը որպես ծառայություն: Նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի ընդունումը հիմնաքարն է, որին հաջորդելու են ինչպես ենթաօրենսդրական ակտեր, իրազեկման աշխատանքներ, ծառայությունների ընդլայնում, վերահսկողություն և այլն:
16:41 - 12 մայիսի, 2021
Բոլոր պետական սոցիալական ծառայությունները մեկ հարթակում. գործարկվել է socservice.am-ը

 |armenpress.am|

Բոլոր պետական սոցիալական ծառայությունները մեկ հարթակում. գործարկվել է socservice.am-ը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է հարթակ, որտեղ ներառել է բոլոր պետական սոցիալական ծառայությունները: Նոր գործարկված socservice.am կայքում այցելուները կարող են գտնել սոցիալական ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկություն, առցանց նամակ գրել, դիմում ներկայացնել և այլն: Սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն. այս բոլոր ուղղություններով ծառայությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, մանրամասները հնարավոր է ստանալ մեկ պատուհանի սկզբունքով, մեկ տեղից:  «Ներկայում յուրաքանչյուր կառույց, օրինակ` բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության ծառայությունն ու մյուսներն առանձին իրենց պաշտոնական կայքերն ունեն: Մեր քաղաքացիները յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասներին ծանոթանալու, առցանց դիմում գրելու կամ այլ գործողությունների համար այցելում են կոնկրետ այդ ծառայության կայք: Հիմա այդ բոլորը միավորվել են մեկ տեղում: Մեկ կայք այցելելով՝ քաղաքացին կարող է ամբողջական տեղեկություն ստանալ բոլոր պետական ծառայությունների մասին»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:  Նախարարի խոսնակը նշեց, որ տարբեր ծառայությունների պաշտոնական կայքերում համապատասխան գործառույթները դեռ շարունակելու են գործել, քանի որ այս ընթացքում տարբեր ծրագրերի հետ կապված հենց այդ կայքերն են շրջանառվել և քաղաքացիները սովոր են դրանց, այնտեղով են իրենց դիմումները լրացրել: Մի որոշ ժամանակ և՛ միասնական հարթակը կգործի, և՛ ծառայությունների կայքերը, մինչև բոլորը մեկ կայքում ինտեգրելու գործընթացն ամբողջացվի: Եթե գերատեսչությունների կայքերում նաև լինում են պաշտոնական գործընթացների մասին տեղեկություններ, ապա միասնական հարթակում տեղադրվելու են բացառապես ծառայությունների մասին պատմող նյութեր: Այսինքն՝ ինչ ծրագիր է, ինչ է իրենից ենթադրում, ինչպես դիմել, հարցերի դեպքում ում դիմել և այլն: Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի կայքի գործիքակազմը, կոճակներն ավելի պրակտիկ լինեն գործընթացն ավելի հեշտացնելու համար: Շարունակությունը կարդացեք armenpress.am-ում։
09:48 - 06 մայիսի, 2021
Մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն |armenpress.am|

Մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային հարաբերություններում նախատեսվում է փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կանոնակարգով մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար, իրենց պահանջով, աշխատաժամանակը գործատուն կարող է դարձնել ոչ լրիվ: «Եթե, օրինակ, աշխատում է 8 ժամ, ապա կարող է դիմել գործատուին և այն դարձնել 6 ժամ: Տվյալ պարագայում գործատուն չի կարող մերժել, սակայն նկատի ունենանք, որ եթե ոչ լրիվ աշխատաժամանակով է սկսում աշխատել, ապա կվերանայվի վարձատրությունը: Մենք նոր փոփոխությամբ առաջարկում ենք, նույն պայմանները պահպանելով, երեխայի մինչև մեկ տարեկանի շեմը բարձրացնել ու դարձնել մինչև 1.5 տարի»,-նշել է Ժորա Սարգսյանը: Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումները հնարավորություն են տալիս կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում երեխային կերակրելու համար: «Այդ կես ժամվա հետ կապված միշտ խնդիր է առաջանում: Շատ են ստացվում դիմում- բողոքներ այն մասին, որ աշխատող մայրերը չեն հասցնում այդ կես ժամվա ընթացքում գնալ կերակրել երեխային ու վերադառնալ: Դրանից, բացի, այսօր գիտենք, որ աշխատավայրերում հիմնականում երեխաների համար նախատեսված սենյակներ էլ չկան: Հետևաբար` մենք առաջարկում ենք, որ եթե աշխատողը ցանկանա, ապա կարող է երեք ժամը մեկ նախատեսված կես ժամանոց ընդմիջումները միավորել ու մեկ անգամ 1.30 ժամանոց ընդմիջում ստանալ ու գնալ երեխային կերակրելու»,- հավելեց Ժորա Սարգսյանը:
16:39 - 04 մայիսի, 2021
Գործատուն կտուգանվի ամենամյա արձակուրդի տրամադրման օրենսդրական պահանջները չկատարելու պարագայում |armenpress.am|

Գործատուն կտուգանվի ամենամյա արձակուրդի տրամադրման օրենսդրական պահանջները չկատարելու պարագայում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն առաջարկել լուծումներ, կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ կարգավորումներ են առաջարկվում ամենամյա արձակուրդի հետ կապված: Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ աշխատողը դիմումի համաձայն իր ամենամյա արձակուրդը տեղափոխի ևս 18 ամիս: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ անձը կարող է իր արձակուրդից օգտվել 2.5 տարի հետո: «Իրավապրակտիկայում շատ են դեպքերը, երբ գործատուները տարիներով չեն տրամադրում աշխատողի ամենամյա արձակուրդը: Լինում են դեպքեր, երբ աշխատողները չեն ցանկանում օգտվել ամենամյա արձակուրդից: Քանի որ խնդիրը երկուստեք է, մենք առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք իրավունքներ և պարտականություններ թե գործատուների, թե աշխատողների համար: Եթե նշված 2.5 տարին լրացել է, և այդ ընթացքում աշխատողն արձակուրդ չի գնացել, ապա գործատուն իրավունք ունի առանց աշխատողի դիմումի նրան արձակուրդ ուղարկել: Եթե դա գործատուն չի անում, ապա նախատեսված է տույժ գործատուին օրական՝ միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձը»,- ասաց Ժորա Սարգսյանը: Շատ են դեպքերը, երբ գործատուները մտածում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չտրամադրելու պարագայում այն հաջորդ տարի զրոյանում է: Ժորա Սարգսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով, օրենսգրքում ուղիղ ամրագրվում է, որ ամեն դեպքում, եթե արձակուրդի ժամկետները խախտվել են, դա դեռ չի նշանակում, որ անձը արձակուրդ գնալու իրավունքը կորցրել է: Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Ժորա Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն, գործատուն կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում: Գործատուին հնարավորություն չի տրված կենսաթոշակային տարիքի անձի հետ կնքել անորոշ ժամանակով պայմանագիր: Նախագծով առաջարկվում է տալ այդ հնարավորությունը: Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորումներով, եթե աշխատողը մեկ օր անհարգելի բացակայում է աշխատանքից, ապա գործատուն կարող է գրավոր բացատրություն պահանջել դրա համար: Եթե պարզաբանումն իր համար ընդունելի չլինի, ապա նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագծով առաջրկվում է, որ այդ մեկ օրը դառնա երեք օր: Այսինքն, եթե աշխատողը 3 օր անընդմեջ չի ներկայացել աշխատանքի անհարգելի պատճառով, ապա նոր լուծել աշխատանքային պայամանագիրը: Տարվա ընթացքում այդ թիվը սահմանվում է 10: Գործող կարգավորումներով, եթե աշխատողը 120 օր անաշխատունակության պատճառով չի ներկայացել աշխատանքի, ապա գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը: Նոր փոփոխություններով նախատեսվում է այդ 120 օրը դարձնել 120 աշխատանքային օր: Մյուս փոփոխությունը վերաբերում է հաստիքների քանակի կրճատմանը, որի պարագայում, նոր փոփոխություններով առաջարկվում է նախապատվությունը տալ զինվորական հաշմանդամություն ունեցողներին, նախկին զինծառայողներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին: Ըստ Ժորա Սարգսյանի՝ սա հավելյալ սոցիալական երաշխիք է:
15:17 - 04 մայիսի, 2021
Շրջանառության մեջ է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
 |armtimes.com|

Շրջանառության մեջ է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նախարարությունը տեղեկցնում է, որ նախատեսվող փոփոխություններով օրինակ առաջարկվում է մեղմացնել անհարգելի պատճառով աշխատանքային ամբողջ օրվա (հերթափոխ) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը։ Նախագծով սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կողմից աշխատանքային տարվա ընթացքում անհարգելի պատճառով անընդմեջ 3 աշխատանքային օր (հերթափոխ) կամ գումարային 10 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքի չներկայանալու դեպքում։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ 1 օր անհարգելի բացակայությունն արդեն իսկ հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար։ Առաջարկվում է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում աշխատանքում մնալու երաշխիք սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Նախատեսվում է հստակեցնել աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես և ավելի աշխատանքային տարիներ անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, առաջարկվում է, որ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշվի գործատուի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության: Այս կարգավորումը հնարավորություն կտա աշխատողներին հնարավորինս իրացնել իրենց հանգստի իրավունքը։ Միաժամանակ, աշխատողի հանգստի ապահովման օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ ամրագրվել է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի չի տրամադրում աշխատողին արձակուրդ։ Նախագծով ամբողջությամբ կարգավորվել են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի՝ հրամանների, մասին աշխատողներին պատշաճ կարգով իրազեկման կամ տրամադրման հետ կապված ընթացակարգերը։  Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
18:50 - 03 մայիսի, 2021
Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը

Շարունակվում է 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության տրամադրումը

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68,000 դրամ աջակցության տրամադրումը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68,000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16,900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։ Փոխանցման մյուս մասը շարունակվում է տրամադրվել պետական բյուջեից։ Նախարարությունը հավելում է, որ հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում։
13:37 - 03 մայիսի, 2021
Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստն՝ առցանց ձևաչափով։   Հանդիպման ընթացքում քննարկվել են անկախ կյանքի կենտրոնների ստեղծմանը, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների ծրագրերը։   Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների ներկայացուցիչները զեկուցել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման վերաբերյալ 2020 թ․ ընթացքում կատարած աշխատանքների մասին։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։  
22:10 - 30 ապրիլի, 2021