ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլի և փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է ծանոթացնել տնտեսավարողներին ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին և համատեղ ուժերով  ձևավորել հայակական կողմի միասնական դիրքորոշումը, որը կբխի գործարար համայնքի շահերից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաև Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Վերոհիշյալ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական և արտադրական պայմաններին համապատասխան, և այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են  կոոպերացիոն սկզբունքով։  Վարոս Սիմոնյանը նշել  է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցել   տնտեսվարողներին  իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այդ նպատակով նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել վերը նշված փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ այդպիսով բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Ընկերությունների ներկայացուցիչներին փոխնախարարը  նաև խորհուրդ է տվել մշտապես աշխատել արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ։  Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում-քննարկում կազմակերպել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ։
14:01 - 10 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. փոխվարչապետ |shantnews.am|

shantnews.am: ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք ու աշխատենք միասնական կանոնով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկման, և վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար: Եթե շատ մոտ ժամանակում հնարավոր չլինի բացել կանոնավոր ուղևորափոխադրումները, ապա փոխադրումների ստանդարտը միասնական սահմանում կունենա մոտ շրջանում»,-ասաց Գրիգորյանը:
12:01 - 10 սեպտեմբերի, 2020
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները: Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում: Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով:
20:40 - 04 սեպտեմբերի, 2020
Հայկական համարանիշերը, ռուս վարորդներն ու մաքսային խառնաշփոթը  |hetq.am|

Հայկական համարանիշերը, ռուս վարորդներն ու մաքսային խառնաշփոթը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով վարորդներն արդեն մի քանի ամիս է՝ փաստի առաջ են կանգնել: Նրանցից պահանջում են կրկնակի մաքսազերծել մեքենաները՝ վճարելով ներմուծման ժամանակ հայկական ազգային դրույքաչափերի և ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունը: Սա ենթադրում է մի քանի հազար դոլարների լրացուցիչ վճարներ: Վարորդների բարձրացրած բողոքներից հետո Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունները ներկայում քննարկում են այս խնդիրը: Ռուսաստանի քաղաքացի Իվան Նիկոլաևը  2019 թվականին Հայաստանից ավտոմեքենա է գնել և այն տեղափոխել Ռուսաստան՝ անձնական օգտագործման համար:  Մեքենան ձեռք բերելուց հետո այն հաշվառման է կանգնեցրել Հայաստանի ոստիկանությունում, և չփոխելով հայկական պետհամարանիշերը՝ վերադարձել է Ռուսաստան:  Թե՜ մինչև մեքենան գնելը, թե՜ գնելուց հետո Իվանը  մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին իրավապահներին՝ պարզելու արդյոք իրավունք ու՞նի մեքենան վարել հայկական պետհամարանիշերով: Եվ ամեն անգամ, ինչպես պատմում է նա, նույն պատասխանն է ստացել՝ ԵԱՏՄ մեկ երկրից մեկ այլ երկիր մեքենա տեղափոխելիս լրացուցիրչ մաքսային ձևակերպումների կամ համարանիշերը փոխելու պահանջ չկա:  Սակայն, գրեթե մեկ տարի անց՝ այս տարվա հունիսից, Իվանին ու ևս 300 հազար ռուսաստանցու, որոնք ևս ավտոմեքենա են գնել Հայաստանից, ռուս իրավապահները տեղեկացրել են, որ հարկավոր է կրկնակի մաքսազերծել  մեքենաները:  Պահանջվում է վերագրանցել ու հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից տարված մեքենաները։ Սա ենթադրում է, որ Հայաստանից Ռուսաստան մեքենա ներկրած քաղաքացիները պետք մաքսատուրքեր վճարեն: «Մեզնից շատերն ինքներս ենք Հայաստանից գնված մեքենաներով գնացել Ռուսաստան: Մեքենաները գնել ենք մեր ընտանիքների համար: Մարդիկ սեփականության իրավունքը ձևակերպել են հիմնականում Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում: Բայց ոմանք էլ  հանդես են եկել որպես վստահված անձինք»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է Իվանը Նիկոլաևը:  Հայաստանում գտնվող մեքենաների նկատմամբ ռուս վարորդների հետաքրքրությունը մեծացել է դեռևս 2016 թվականից, սակայն 2019 թվականին այն հասավ իր գագաթնակետին, երբ լրանում էր  Հայաստանի՝ ավտոմեքենաների մաքսազերծման արտոնյալ դրույքաչափերի ժամկետը:  Մինչև 2020 թվականը  Հայաստանը ավտոմեքենաների ներմուծման ազգային մաքսատուրքերից էր օգտվում, որոնք շատ ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ-ի միասնական մաքսատուրքերն են: Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին: Իսկ մինչև այդ Հայաստան մեքենա ներմուծելը անհամեմատ ավելի շահավետ էր, որն էլ նախորդ տարի ներմուծման բումի պատճառն էր: Այդ շահավետ  մաքսատուրքերից փորձել են օգտվել նաև ռուսաստանցի  վարորդները. նրանք եկել  ու Հայաստանից ավտոմեքենաներ են տարել: Մի մասը մեքենաները իրենց անունով գրանցելու համար  ժամանակավոր գրանցում է ստացել Հայաստանում: ԵԱՏՄ-ի ներսում ավտոմեքենաների տեղափոխումն ազատ է եղել և որևէ մաքսատուրք  չի պահանջվել  Հայաստանից Ռուսաստան այս ավտոմեքենաները  «կանաչ միջանցքով» տեղափոխելիս:   Սակայն, այս տարվա երկրորդ կեսից հետո Ռուսաստանի իրավապահները հայտարարում են, որ ռուսաստանցիները Հայաստանի արտոնյալ մաքսատուրքերից օգտվելու իրավունք չունեին: Պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե 2019 թվականին և դրանից առաջ քանի հայկական համարանիշերով մեքենաներ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել, քանի որ դա չի համարվում արտաքին առևտուր և Մաքսային ծառայության բազաներում չի ամրագրվում:  Սակայն, Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի կազմած միության (Многонациональное сообщество российских владельцев автомобилей на армянском учёте) հաշվարկներով՝  վերջին երեք-չորս տարիներին այդ եղանակով Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել  300 հազար ավտոմեքենա: Ոմանք հենց իրենք են մաքսազերծել Հայաստանում ավտոմեքենաներն ու դրանցով Ռուսաստան տեղափոխվել, ոմանք՝ արդեն մաքսազերծված մեքենաներ են գնել հայաստանցիներից:  Ի դեպ, այս ավտոմեքենաների կազմում հիմնականում Ճապոնիայից ու ԱՄՆ-ից բերված մեքենաներ են եղել: Հայկական պետհամանիշները, խախտումներն ու ռուս իրավապահները Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները և նրանց վարորդները հայտնվել են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ուշադրության կենտրոնում, երբ ավելացել են նրանց մասնակցությամբ  իրավախախտումները: Խախտումների մեծ մասն արձանագրվում են տեսախցիկներով, սակայն կազմված տուգանքի ակտերը հասցեատերերն չեն ունենում, քանի որ նշված հայական համարանիշերը գրանցված չեն ռուսական բազաներում: Ռուսական «Իզվեստիա» թերթի ստացած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն Մոսկվայում օտարեկրյա համարներով (հայկական, ուկրաինական, մոլդովական և այլն) ավտոմեքենաների մասնակացությամբ խախտումների գրեթե 2 մլն դեպք է գրանցվել, սակայն դրանցից միայն 30 հազարի դեպքով է հնարավոր եղել արձանագրություն կազմել: Այս խնդիրը լուծելու համար ռուս իրավապահները որոշել  են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտադրել վճարել հայկական մաքսատուրքերի և ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերությունները: Դա թույլ կտա ավտոմեքենաների համարանիշերը փոխել և «որսալ»  օրինախախտ վարորդներին: Ռուս իրավապահները պնդում են, որ հայկական համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանում կարող  են  ժամանակավորապես վարել միայն Հայաստանում մշտապես բնակվողները, իսկ մնացածի համար այդ մեքենաները համարվում են արտասահմանյան ապրանք: Հետևաբար, նրանք պետք է այդ ավտոմեքնենարը կրկնակի մաքսազերծեն: Սակայն, հայկական համարանիշերով մեքենաների վարորդներն էլ  պնդում են, որ մինչև Հայաստանից ավտոմեքենա տեղափոխելը, բազմաթիվ հարցումներ են արել ռուսական մաքսային ծառայություններին ու ճանապարհային ոստիկանությանը, որտեղից միաձայն պատասխանել են, որ նրանք կարող են Հայաստանից մեքենայով հասնել Ռուսաստան ու այդ մեքենաները հայկական պետհամարանիշներով անարգել վարել:  Եվ այս տարվա հուլիսից հանկարծակի պարզվել է, որ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է մաքսազերծել նաև Ռուսաստանում, այսինքն՝ վճարել հայկական դրույքաչափերի ու ԵԱՏՄ դրույքաչափերի տարբերությունը: Այդ տարբերությունը, ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում պնդում են միության անդամեները, երբեմն ավելի մեծ գումար է կազմում, քան ավտոմեքենայի վաճառքի գինն է:      Հայկական համարանիշերով մեքենաների ռուս վարորդներին զգուշացրել են, որ եթե այդ տարբերությունը չվճարեն, ապա իրավապահները նրանցից կվերցնեն մեքենաները օրենքի շրջանակներում և աճուրդում վաճառքի կներկայացնեն:  «Սակայն, այսօր գործնականում մեզանից ոչ ոք չի կարող այդքան գումար վճարել, ինչը նշանակում է, որ ստիպված ենք լինելու հրաժարվել մեր մեքենաներից»,- նշում է մեր զրուցակից Իվան Նիկոլաևը:  Խառը օրենքներ, հակասական դրույթներ Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների տեղափոխման ու մաքսազերծման գործընթացը կարգավորվում է մի քանի  փաստաթղթերով, որոնց որոշ դրույթներ հակասում են իրար: Հենց այդ հակասություններից էլ ծնվել է այս ամբողջ խառնաշփոթը: Խոսքը վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրին ու Մաքսային օրենսգրքին: Առաջինը սահմանում է, որ արտոնյալ մաքսատուրքերով Հայաստան ներմուծված մեքենաները ԵԱՏՄ այլ երկրներ կարող են տեղափոխվել ու օգտագործվել Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից: Ռուս իրավապահները հենց այս դրույթն են մատնացույց անում, երբ հայկական համարանիշերով վարորդներին պահանջում են վճարել հայաստանյան և ԵԱՏՄ միասնական մաքսատուրքրերի տարբերությունները:  Մինչդեռ Մաքսային օրենսգրքով՝ թույլատրվում է ԵԱՏՄ-ում մաքսազերծվող ավտոմեքենաները առանց հայտարարագրելու, տեղափոխել միության անդամ այլ երկրներ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:00 - 04 սեպտեմբերի, 2020
«Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծվել է խորացնելու ԵԱՏՄ-ում ինտեգրացման գործընթացը |armenpress.am|

«Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծվել է խորացնելու ԵԱՏՄ-ում ինտեգրացման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մոտեցել են այն հարցի լուծմանը, որ պետք է ստեղծել եվրասիական տարածաշրջանում գործակալություններ, որոնք կիրականացնեն նախագծեր՝ ուղղված ինտեգրացման գործընթացների խորացմանը: Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը: «Առաջին փուլը Միության կայացման գործում հաջողությամբ ավարտվել է, այն է՝ նորմատիվային բազաների ստեղծում, կարգավորող նորմատիվային ակտերի միջազգային մակարդակով համաձայնություն, որոնք կստեղծեն անհրաժեշտ իրավական դաշտ ինտեգրացման գործընթացները խթանելու համար: Մենք անցել ենք երկրորդ՝ հստակ նախագծերի իրականացումը ակտիվացնելու փուլին, նախագծեր, որոնք ուղղված են խորացնելու ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծման նպատակը  հենց այդ խնդիրը լուծելն է: Մի կողմից՝ կլինեն նախաձեռնություններ, որոնք կառաջարկեն անդամ երկրների կառավարությունները և մյուս կողմից՝ կլինեն մասնավոր հատվածի նախաձեռնություններ, այնպիսի առաջարկներ, որոնք պարունակում են ինտեգրացիոն բաղադրիչներ»,- ասաց Սարգսյանը: Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է օգնել ազգային կառավարություններին իրականացնել թվային բարեփոխումներր, երկրների հաջող փորձի ընդլայնումը եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությունների իրագործումը: «Տեղեկացնեմ, որ օգոստոսի 20-ին դիմել ենք ազգային կառավարություններին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել թվային նախագծերի վերաբերյալ, որոնք իրենք հաջող են համարում, որոնք իրագործվել են անդամ երկրներում և որոնք, կառավարությունների կարծիքով, նպատակահարմար է ընդլայնել ողջ ԵԱՏՄ-ի տարածքում: Երկրորդ մեր խնդրանքը, որպեսզի մեզ տրամադրեն նոր նախագծեր, որոնք անհրաժեշտ են համարում իրականացնել, և որտեղ բանկը կարող է օգնել ազգային կառավարություններին դրանց իրականացմանը»,- եզրափակեց Սարգսյանը: Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվեց COVID-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ:
15:34 - 04 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

armenpress.am: Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։  Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։  «Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։  ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է.  «Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։ Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է. «Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։ 
13:32 - 20 օգոստոսի, 2020
ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության համար. Սերբիայի գյուղատնտեսության նախարար |tert.am|

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության համար. Սերբիայի գյուղատնտեսության նախարար |tert.am|

tert.am: ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև անմաքս առևտրի համաձայնագրի վավերացումը կորոնավիրուսի ֆոնին մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության, մանավանդ սերբական պանիր և ալկոհոլ արտադրողների համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հուլիսի 25-ին Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը:  2019-ի հոկտեմբերին Բելգրադը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ անմաքս առևտրի գոտի ստեղծելու մասին, այն վավերացվում է միության անդամ բոլոր պետությունների կողմից: «Համաձայնագրի վավերացումը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքները գրեթե 200 միլիոնանոց շուկա մատակարարել: Հատկապես կառանձնացնեի պանիրներն ու մրգային ռակիան (ուժեղ ալկոհոլային խմիչք, Սերբիայի ազգային հպարտության առարկա): Մեծ հնարավորություն է սննդարդյունաբերության համար, որը մենք պետք է օգտագործենք, մանավանդ հիմա, երբ բոլորը կորոնավիրուսի պատճառով փակվում են, և շատ երկրներ հնարավորության կարիք ունեն սեփական արտադրանքն արտահանելու համար»,-ասել է նախարարը:
15:25 - 27 հուլիսի, 2020
ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|

ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|

hetq.am: Ընդունվել է Եվրասիական միջգերատեսչական հանաժողովի՝ (ԵՄՀ) 2018թ փետրվարի 2-ի կարգադրությունը՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման և այդ համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվել են համակարգային մոտեցումներ ներդնել ապրանքների մակնշման վերաբերյալ՝ անկախ դրանց տեսակից. համակարգը գործելու է Միության ամբողջ տարածքում։  ԵՄՀ կարգադրության մեջ նշված է, որ Միության անդամ պետությունները պարտավոր են ծանուցագրեր ուղարկել իրենց տարածքում մակնշման ներդրման մասին ոչ ուշ, քան չմաշկնշված ապրանքների շրջանառության արգելքից 9 ամիս առաջ։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատվելու է մակնշումների հիմնական տեխնոլոգիական համակարգը, որը հետագայում կկիրառվի ապրանքային նոր խմբերը մակնշելու համար։ Սրանով, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման համակարգերի տարբեր չափանիշների պատճառով ի հայտ եկող խնդիրներից, և կվերանան մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։ ԵՄՀ-ն կարգադրությամբ՝ առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում խուսափել արտադրողների և ձեռնարկատերերի վրա վերահսկողական համակարգերի պատճառով ավելորդ ծանարբեռնվածություն դնելուց։ Այդ պատճառով Միության անդամ երկրներին առաջարկվել է պետական մակարդակով օպտիմալացնել վերահսկողական գործընթացին վերաբերող պահանջները։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:42 - 26 հուլիսի, 2020
ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները. Միշուստին |tert.am|

ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները. Միշուստին |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:«Մեր գործընկերները, հարևանները պարենի որոշ տեսակների կարիք ունեին: ԵԱՏՄ-ն համապատասխան որոշում է կայացրել մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ: Ներկայում կսկսենք աստիճանաբար չեղարկել դրանք»,-ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ:Խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության մասին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ Մոսկվան անդամ երկրների հետ ռազմավարական փոխգործակցություն է վարում:
14:44 - 22 հուլիսի, 2020
Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձավ գազի գնագոյացման հարցին

 |armenpress.am|

Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձավ գազի գնագոյացման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, հույս հայտնեց, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝  անդամ բոլոր պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Փաշինյանն այս մասին ասաց Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում: «Նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչը արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է»,-ասաց Փաշինյանը:  Վարչապետի խոսքով՝  Հայաստանը նպատակահարմար է համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա Փաշինյանի կարծիքով՝ այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: «Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»,-ասաց Փաշինյանը:
19:31 - 17 հուլիսի, 2020
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։ Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության երկրների տարածքում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը: Նախատեսվում է նաև լսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները միության գործունեության արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ընթացքի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
12:12 - 17 հուլիսի, 2020
Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակությանը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: 3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին: 4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ 1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Վարոս Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության. 3) Շավարշ Քոչարյանինը և Մանվել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին. 4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 5) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին. 6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: 5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին: 6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի հուլիսի 16-ին՝ Երևան – Մինսկ, իսկ հուլիսի 17-ին՝ Մինսկ – Երևան երթուղով։ 7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում: 8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
12:36 - 16 հուլիսի, 2020
ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հարկ է նշել, որ 2020թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր, դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է տնտեսվարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց: Այսպիսով` այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը: ՊԵԿ-ը հայտնում է, որ դրույքա­չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 միլիարդ դրամ:  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
11:21 - 02 հուլիսի, 2020