Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

«Գործարա՞ր», թե՞ միայն սեփականատեր |detector.am|

«Գործարա՞ր», թե՞ միայն սեփականատեր |detector.am|

detector.am։ Հունվարի 14-ին՝ Ազգային Ժողովում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան, ասել է. «Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»: Ապրիլին՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ, որով սահմանվում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքը բարձրացնելու դրույթը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով ուղղակիորեն լոբբինգ էր իրականացնում՝ իր բիզնես գործունեության համար ձեռնտու պայմաններ ապահովելու նպատակով: Քննարկումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը նույնիսկ անձամբ այցելեց «Արարատցեմենտ» ՓԲԸ և փորձեց տեղում կարգավորել բիզնեսի գործունեությունից բխող կրճատումների դեմ բողոքող քաղաքացիների հետ հարաբերությունները՝ տալով հավաստիացումներ ու խոստումներ աշխատակիցներին և կարգադրություններ՝ ՓԲԸ տնօրինությանը: Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմեց դատախազություն և ներկայացրեց հետևյալ տեսանյութերը (1, 2)՝ որպես իրեղեն ապացույցներ այն բանի, որ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, խախտելով Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջը, զբաղվել է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի բիզնես գործունեությամբ և կատարել քրեորեն արգելված արարք՝ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով: Դետեկտորն արձանագրել է, որ պարոն Ծառուկյանը, հիմնավորելու համար իր գործարար չլինելը, դիմել է հետևյալ մանիպուլյատիվ հնարքներին. ՀՀ վարչապետի՝ «Ծառուկյանը խոշոր սեփականատեր է» խոսքն իր համար բարենպաստ համատեքստում վկայակոչելը, պետական պաշտոնի միջոցով հարստացածների նկատմամբ հանրության մեջ առկա բացասական էմոցիաներն օգտագործելը։ Մեր հիմնավորումները Պարոն Ծառուկյանի պնդումը, որ ինքը սեփականատեր է, բայց գործարար չէ՝ խնդրահարույց է։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ընկերության մասնակիցը մասնակցում է ընկերության հետ կապված շուրջ 15 կարևոր որոշումների ընդունման պրոցեսին»։ Օրենքի այս դրույթն ընկնում է քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանը (գործարարությանը) տրված սահմանման ներքո։ Համաձայն իր պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տվյալների՝ Գ. Ծառուկյանը մինչ օրս շահույթ հետապնդող «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռն ՍՊԸ հիմնական մասնակիցն է և տնօրինում է կազմակերպության հիմնական բաժնետոմսերը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «գործարարություն» կամ նույնն է թե՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սույն նորմի գիտագործնական մեկնաբանությունից բխում է, որ ձեռնարկատիրական գործունեությունը (գործարարությունը)` ա/ սեփական ռիսկով իրականացվող գործունեություն է, բ/ ուղղված է պարբերաբար շահույթ հետապնդելուն։ ՀՀ օրենսդրական կարգավորման տրամաբանության շրջանակներում նույնիսկ էական չէ՝ անձը հավատարմագրային կառավարման է հանձնում իր գույքը, թե՞ ոչ։ Պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի իմաստով՝ գույքի հավատարմագրային կառավարումը ենթադրում է պայմանագրով մեկ կողմի (Կառավարման հիմնադիր) որոշակի ժամկետով գույքի հանձնում մյուս կողմի (Հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, որը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի)։ Հավատարմագրային կառավարիչն, ինքնին, այդ գույքից ստացվող եկամտուների շահառուն չէ և չի կարող լինել այդպիսին։ Նա չի գործում սեփական ռիսկով, այլ՝ բացառապես Կառավարման հիմնադրի ցուցումով։ Ավելին՝ detector.am-ում։
05:22 - 03 մայիսի, 2019
ԱԺ-ն չի ցրվի ԲԿՀ-ի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում |fip.am|

ԱԺ-ն չի ցրվի ԲԿՀ-ի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում |fip.am|

fip.am: «Հրապարակ» օրաթերթը մայիսի 2-ին հրապարակել է «ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով» վերնագրով մի հոդված, որն ակտիվորեն տարածվում է լրատվական մի շարք կայքերի կողմից։ Հրապարակման հեղինակը, հղում անելով ԲՀԿ իր աղբյուրին, նախ գրում է, որ ԲՀԿ-ի պատգամավորները մեկ մարդու նման վայր կդնեն իրենց մանդատները, եթե այդպես ասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա հետաքրքրվում անանուն սահմանադրագետից, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ ԲՀԿ պատգամավորների՝ մանդատները վայր դնելը։ Ըստ անանուն սահմանադրագետի, ԲՀԿ-ի՝ մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը կդառնա հակասահմանադրական, քանի որ ընդդիմությունը չի ունենա մանդատների ⅓-ը, և ստեղծված իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նկատենք, սակայն, որ սույն սահմանադրագետի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են այն բոլոր դեպքերը, երբ Ազգայի ժողովը կարող է արձակվել։ Մասնավորապես, Ազգային ժողովն արձակվում է, եթե երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում, կամ եթե երկու անգամ անընդմեջ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։ Սահմանադրությունը չի նախատեսում դեպքեր, երբ ԱԺ-ն կարող է արձակվել մանդատները վայր դնելու դեպքում։ Ավելին, Սահմանադրությամբ չի ամրագրվում, որ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի ⅓-ը։ Սա կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, որի համաձայն՝ մանդատների բաշխման ժամանակ ընդդիմությանը պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ այնքան, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի մեկ երրորդից ոչ պակաս (հոդված 96)։ Սա, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը հետագայում միշտ պետք է ունենա մանդատների առնվազն ⅓-ը։ Այլ կերպ ասած՝ եթե ընդդիմադիր պատգամավորների թիվը Ազգային ժողովում նվազեց կամ ավելացավ, Ազգային ժողովը չի կարող դառնալ հակասահմանադրական։ Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ եթե Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը մանդատների վայր դնելու պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորություն տային, ապա այդ գործընթացը հնարավոր կլիներ կիրառել (և ինչու ոչ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից) 2018 թվականի աշնանը, երբ գործող իշխանությունը Ազգային ժողովը ցրելու մեխանիզմներ էր փնտրում։
12:38 - 02 մայիսի, 2019
Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարարի մասին տվյալներ իմ ենթակաները ինձ չեն ներկայացրել. ՊԵԿ նախագահ

Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարարի մասին տվյալներ իմ ենթակաները ինձ չեն ներկայացրել. ՊԵԿ նախագահ

aysor.am: Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե ինքը գիտի՞ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատիրոջ, որը հարկ է վճարում։ Ի պատասխան Անանյանը հայտարարեց.  «Ակտիվ հարկ վճարողները, ովքեր հարկային համակարգում ինչ-որ գործողություններ են կատարում, այսինքն՝ հաշվետվություններ են ներկայացնում, հարկեր են վճարում, շուրջ 85-90 հազարն են։ Եթե դուք կարծում եք, որ ես այդ բոլորին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի ակնկալիքներ իմ հիշողությունից մի ունեցեք»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ խոշոր հարկատուների՞ մեջ, բայց Անանյանը գրեթե նույն պատասխանը տվեց՝ նշելով, որ չի կարող շուրջ 1500 խոշոր հարկատուների մեջ հիշել բոլորին։ Հարցին, թե չի՞ բացառում, որ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատեր լինի, Անանյանը պատասխանեց. «Ես ասեմ՝ ամենօրյա վարչարարություն իրականցնելիս այդպիսի անուն-ազգանունով գործարար ինձ չեն ներկայացրել իմ ենթակաները»։ Լրագրողը փորձեց ճշտել այդ հարցի մասին Ծառուկյանի հետ անհատական շփումներում քննարկումներ ունեցե՞լ է, Անանյանը արձագանքեց. «Ես պարոն Ծառուկյանի հետ անհատական շփումներ չունեմ»։
09:16 - 30 ապրիլի, 2019
Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը ԱԺ-ում՝ Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց, որ 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով՝ «Ռոբերտո» ընկերության կողմից եւ դա այն դեպքում, երբ կային 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին: Այս հայտարարությունից հետո մինչ օրս ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նրան պատկանող «ԱրարատՑեմենտ»-ը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները տարբեր հայտարարություններով են հանդես գալիս՝ ըստ էության չհերքելով այն փաստը, որ գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Պարզապես տարածված հայտարարությունների մեջ նշվում է, որ գործարանը մի քանի միլիոն դոլարի պարտքեր է ունեցել եւ գնման դեպքում ընկերության սեփականատերը պարտավորություն է ստանձնել 3 օրվա ընթացքում վճարել նաեւ դրանք: Այսօր «ԱրարատՑեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հերթական հայտարարությունն է տարածել, որտեղ նշել են, որ պետք է Հայկ Գեւորգյանը առնվազն ներողություն խնդրի: Անդրադառնալով հայտարարությանն ու վերոնշյալ փաստերին՝ Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Նախ իրենք պիտի ներողություն խնդրեն՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի մի քանի անդամներին ժողովրդի թշնամի հայտարարելու համար եւ դրան հետեւած այլ անձնական վիրավորանքների համար: Մենք բնականաբար վիրավորանքներին այդպես չենք պատասխանի՝ չնայած ավելի հարուստ բառապաշար ունենք: Բայց ինչ վերաբերվում է կոնկրետ գործարքին. գործարքը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 12-ի կառավարության 1465-Ա որոշման համաձայն՝ ինչպես նախկինում նշել եմ, որտեղ նշված է, որ բաժնետոմսերի արժեքը սահմանված է 200 հազար դոլար:Այսինքն, սեփականատերը գործարանը ձեռք բերելու համար պետությանը պիտի վճարեր 200 հազար դոլար: Դա գործարանի գինն է: Ինչ վերաբերվում է պարտքերին, որ հետո պետք է իրենք փակեն, դա գնի մեջ մտցնել չի կարելի այն պարզ պատճառով, որ մենք չգիտենք, թե այդ պահին որքան ցեմենտ է եղել պահեստներում եւ ընդհանրապես՝ գործարանի ակտիվներն ինչպիսին էին: Այսինքն, տեսականորեն իրենք կարող էին ցեմենտը կամ որեւէ սարքավորում կամ որեւէ հումք, որը ունեին՝ վաճառեին եւ գազի պարտքը փակեին: Ինձ մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, որ Գագիկ Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը եւ որ նա է գնել: Որովհետեւ ինչպես «Հետք» պարբերականի մեր գործընկերները պարզել էին եւ հետագայում նաեւ դա հայտարարեց «ԱրարատՑեմենտ»-ը Գագիկ Ծառուկյանը «Ռոբերտո» ընկերության փայատեր, ըստ էության, չի եղել գնելու պահին, հետո նոր դարձել է այդ ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը: Այդ դեպքում նա չի եղել միանձնյա սեփականատերը: Ավելին՝ armtimes.com-ում  
13:56 - 29 ապրիլի, 2019
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հայտարարություն

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հայտարարություն

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին:Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած դիտարկումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Հայկ Գևորգյանը, հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Նախ Հայկ Գևորգյանին և նրա նման նույն սկզբունքով որոշումներն ընթերցողներին և մեկնաբանողներին խորհուրդ ենք տալիս այդ որոշումները կարդալ այնպես, ինչպես գրված է, այլ ոչ թե մեկնաբանել սեփական հայեցողությամբ:Հայկ Գևորգյանի կողմից անընդհատ մատնանշվող 12.09.2002 թվականի N 1465-Ա որոշումն ունի 9 կետ (որոշումը կցված է): Որոշման առաջին կետով ներկայացված է անվանական արժեքի և մասնավորեցման վերաբերյալ ձևակերպումը:Երկրորդ կետը սահմանում է բաժնետոմսերի արժեքը՝ 200 հազ. ԱՄՆ դոլար և վճարման ժամկետը՝ 3 օր: Երրորդ կետը՝ ա և բ ենթակետերի համաձայն՝ գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի նկատմամբ ունեցած 9,7 մլն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարարման պարտքից, 6,866 մլն ԱՄՆ դոլարի արտարժութային վճարման չափով՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: գ) գնորդին արգելում է, մինչև վերը նշված երրորդ կետի և սույն կետի բ ենթակետի կատարումը, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքի գրանցում կատարել: Որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը պաշտոնական առումով վերաբերում են «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքին, հողատարածքների վարձակալության, ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումներին և այլ սահմանափակումներին: Ընթերցելով որոշման 7-րդ կետը իր բոլոր ենթակետերով և 8-րդ կետը՝ հասկանալի է դառնում, որ «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ռոբերտո» բելգիական ընկերությունը (Բելգիան օֆշորային գոտի չի հանդիսանում) 3 օրվա ընթացքում ուղղակի վճարման միջոցով վճարում է 6,866 մլն ԱՄՆ դոլար, որով Հայաստանի Հանրապետությանն ազատում է ներքոհիշյալ պարտքերից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առանձին սպառողների համար օրենքով և Կառավարության որոշմամբ՝ 50% սակագնով 01.07.1999 – 31.12.2001 թվականներին մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788,977 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Հայաստանի Հանրապետության հանրապետական ենթակայության պետական բյուջետային հիմնարկների կողմից սպառված էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, ջրահեռացման գծով առաջացած 6,077,023 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Արդյունքում` տարրական թվաբանության դեպքում էլ պարզ է դառնում, որ «Ռոբերտո» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 7,066,000 ԱՄՆ դոլար: Կարծում ենք, որ այսքանն էլ բավարար է, որպեսզի Հայկ Գևորգյանն իր տարածած հերյուրանքների համար առնվազն ներողություն խնդրի:Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե իբր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Իրականությունը հետևյալն է. «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը որոշում է կայացրել հրաժարվել որևէ ներդրումային ծրագրից, ինչի մասին բազմիցս հայտարարել է հենց ընկերության բաժնետեր Թոմաս Շմիդհայնին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ տեղեկացնենք, որ 24.12.2002 թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից ձեռք է բերվել 25% բաժնետոմսերը և 25.12.2002 թ.-ին հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Միևնույն ժամանակ, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերությունը ևս հանձնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմանը: 03.04.2006թ.-ին պարոն Ծառուկյանի կողմից «Ռոբերտո» ընկերությունից ձեռք է բերվել 75% բաժնետոմսերը, որը նաև արտացոլված է պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի գույքի և եկամուտների մասին 2006թ.-ի հայտարարագրում (5-րդ էջի II.5. պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ աղյուսակի 10-րդ հորիզոնականում), որը հրապարակային է և հասանելի յուրաքանչյուրի համար: 25.12.2002թ.-ի դրությամբ գործարանն ունեցել է պարտքեր՝ ընդհանուր 1 միլիարդ 400 միլիոն դրամի չափով, որի փակելու դեպքում հնարավոր կլիներ միայն շահագործել գործարանը: Վերը նշված պարտքերը մարվել են արդեն պարոն Ծառուկյանի անձնական միջոցներով: 25.12.2002թ.-ից մինչ օրս գործարանում 6 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն արտացոլված է ընկերության հաշվեկշիռներում:Վերը նշված գումարում հաշվարկված չէ 2003թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին և պրոֆեսիոնալ մասնագետներին խորհրդատվության նպատակով Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելուն ուղղված նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց դրա շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մեր արտադրած ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, և բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին: Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արժեքի նվազեցմանը, որը ոմանք կապում են մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հետ, տեղեկացնում ենք, որ դեռևս 2018թ.-ի մարտի 30-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործման մասին լիցենզիայի պայմանագիր, որը պետական գրանցում է ստացել 23.04.2018թ.-ին Ն 2070 (կցվում է): Հենց վերը նշված գյուտի կիրառմամբ է պայմանավորված 2018թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած ցեմենտի ինքնարժեքի նվազումը, որն էլ արտացոլվել է իրացման արժեքի իջեցմամբ: Ինչ վերաբերում է Վրաստան արտահանվող ցեմենտի արժեքին և քանակին, տեղեկացնում ենք, որ 2017թ.-ին իրացվել է 265,707 տոննա ցեմենտ, որից 265,040 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 666 տոննան արտահանվել է Վրաստան (ընդհանուր իրացման 0,25%, միջին արժեքը կազմել է 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ: 2018 թ.-ին իրացվել է 392,504 տոննա, որից 389,713 տոննան Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2791 տոննան արտահանվել է Վրաստան (իրացման 0,7%-ը, գինը՝ 25,000 դրամի սահմաններում): Արտահանումը կատարվել է առանց ԱԱՀ:Վրաստան արտահանման նպատակը եղել է մեր ներկայության ապահովման ցանկությունը` թույլ չտալու համար վրացական ցեմենտի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղեկացնենք նաև, որ 2009թ.-ից Վրաստանի ցեմենտի գործարանները աշխատում են իրենց իսկ տեղական ածուխով և ադրբեջանական գազով:Դեռևս 2003թ.-ին, երբ ցեմենտը Հայաստանի Հանրապետությունում վաճառում էինք 21,000 դրամով, Վրաստան արտահանումը սկսեցինք 25 ԱՄՆ դոլար արժեքով՝ ներառյալ ճանապարհածախսը, որը միանշանակ վնասաբեր էր, սակայն նպատակն այն էր, որ Վրաստանում փորձեին մեր արտադրանքը: Շուրջ 12,000 տոննա ցեմենտ իրացնելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում ցեմենտի արժեքը հետզհետե բարձրացնելով, Վրաստանում ցեմենտի արժեքը դարձավ 100 ԱՄՆ դոլար և ամսական իրացվում էր 15-20 հազար տոննա ցեմենտ: 2009թ.-ից արդեն, երբ Վրաստանում բացվեցին ածուխի հանքերը և մատակարարվեց ադրբեջանական գազը, ինչպես նաև ադրբեջանական Վրաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում բացվեց ցեմենտի գործարան՝ մեր գործարանի հզորությամբ և տեխնոլոգիայով, մենք դուրս մնացինք վրացական շուկայից, միայն ապահովելով մեր արտադրանքի սիմվոլիկ ներկայությունը: Ինչ վերաբերում է վճարված հարկերին, ինչպես ոմանք անհիմն հայտարարություններ են տարածում, թե 2018թ.-ին վճարված հարկերը համեմատելի չեն 2017թ.-ին վճարված հարկերի հետ, տեղեկացնում ենք, որ 2018թ.-ին ավելի քան 125,000 տոննա ավելի է իրացվել՝ համեմատած 2017թ.-ի հետ, որի միայն ԱԱՀ-ն կազմում է 1,041,875,000 (125,000×8335): Ի դեպ` 2018 թվականին տեղի է ունեցել > գործարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, որի արդյունքում եկամտահարկը և դրոշմանշային վճարները ավելացել են ավելի քան 83 միլիոն դրամի չափով: Արտադրական ծավալների ավելացմամբ էլ պայմանավորված` բնօգտագործման վճարն էլ ավելացել է շուրջ 31 միլիոն դրամի չափով: 2003 թվականից առ այսօր, «Արարատցեմենտ» ընկերությունը երբեք չի մասնակցել պետական տենդերների և պետական ձեռնարկություններին ցեմենտ գրեթե չի մատակարարել: Այն երբևէ չի հանդիսացել Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարար: Բոլոր ժամանակներում պետական տենդերները և Պաշտպանության Նախարարության ցեմենտի մատակարարումը կատարվել է «Միկա ցեմենտ» ընկերության կողմից:Ի տարբերություն «Միկա ցեմենտ»-ի՝ «Արարատցեմենտ» ընկերությունը երբևէ հարկային որևէ արտոնությունից չի օգտվել և չի ազատվել որևէ հարկային պարտավորությունից, ինչպես թյուրիմացաբար հայտարարել էր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Միայն «Միկա ցեմենտ» ընկերության սնանկությունից հետո և վերակենդանացման փորձեր անելու ընթացքում է, որ «Արարատցեմենտ»-ի իրացման ծավալները սկսեցին աճել: ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը և ոմանք, տարակուսանք են հայտնում, թե ինչպես է, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում աճել է 4,5%-ով, իսկ ցեմենտի իրացումն ավելի շատ: Մենք ևս կիսում ենք այդ տարակուսանքը և խորհուրդ ենք տալիս պարզել, թե շինարարական կազմակերպությունների կողմից օգտագործված ցեմենտն ու ՞մ արտադրանքն է եղել և ո ՞ վ է իրականում ինչ որ բան թաքցրել: «Արարատցեմենտ» գործարանը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ, և ցանկության դեպքում շահագրգռված յուրաքանչյուր ոք կարող է հավաստիանալ դրանում»:
07:02 - 29 ապրիլի, 2019
Գագիկ Ծառուկյանը ներգրավված է եղել բելգիական «Ռոբերտոյում» |hetq.am|

Գագիկ Ծառուկյանը ներգրավված է եղել բելգիական «Ռոբերտոյում» |hetq.am|

hetq.am: Վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել 2002-ին «Արարատցեմենտ» ԲԲԸ-ն սեփականաշնորհած արտասահմանյան ընկերությունը: Խոսքը բելգիական «Ռոբերտոյի» մասին է, որին Անդրանիկ Մարգարյանի կառավարության 1465-Ա որոշմամբ (12.09.2002) օտարվել են ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (317.003 հատ): Դրանց վաճառքի գին է սահմանվել 200 հազ. դոլարը, սակայն գնորդը, ըստ գործադիրի որոշման, պարտավորվել է առքուվաճառքի պայմանագիր ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: Այսինքն՝ «Ռոբերտոն» իր վրա է վերցրել նաեւ «ՀայՌուսգազարդի» պարտքի մարումը: Հիմա հասկանանք, թե ինչ ընկերություն է բելգիական «Ռոբերտոն», որը 2002-ին դարձել է ցեմենտ արտադրող հայկական խոշոր ձեռնարկության սեփականատեր: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակվել են «Belgisch Staatsblad»-ում (սա հոլանդերեն անվանումն է, նշանակում է բելգիական պաշտոնաթերթ, ֆրանսերեն անվանումը՝ «Monitor belge». Բելգիայի պաշտոնական լեզուներն են հոլանդերենը, ֆրանսերենը եւ գերմաներենը)՝ «Ռոբերտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997-ի մայիսի 25-ին, գրանցում ստացել՝ հունիսի 3-ին: Ընկերությունը գրանցվել է Ժետ (Jette) քաղաքում, որը 18 այլ համայնքների հետ ձեւավորում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը: Ժամանակի ընթացքում ՍՊԸ-ն 3 անգամ փոխել է հասցեն, բայց դրանք եղել են Ժետի սահմաններում: «Ռոբերտոյի» հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ եւ Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի): ՍՊԸ-ի կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով, ըստ փաստաթղթերի, բելգիական Աուդենարդե (Oudenaarde) քաղաքի բնակիչ էր: Վ. Գուլոյանը ՀՀ քաղաքացի է, գրանցված է Կոտայքի Առինջ գյուղում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը: Բելգիական ընկերության գործունեության ոլորտները տարբեր են եղել՝ սննդամթերքի, ապրանքների, հումքի, կիսաֆաբրիկատների ներկրում եւ արտահանում, մեծածախ ու մանրածախ առեւտուր, առեւտրային տարածքների (ինչպիսիք են սուպերմարկետները, արտադրական, հանրային սննդի ձեռնարկությունները) շահագործում, ծառայություններ առեւտրի ու արդյունաբերության բոլոր ճյուղերում: Կանոնադրության մեջ նշվել է, որ այս գործունեությունն ընկերությունը կարող է ծավալել թե՛ Բելգիայում, թե՛ դրա սահմաններից դուրս իր կամ երրորդ անձանց միջոցով: Առաջ անցնելով՝ նշենք, որ 1998-ի փետրվարին վերը նշվածներին ավելացվել են հետեւյալ ոլորտները՝ լվացքատան, բենզալցակայանի շահագործում, տրանսպորտային միջոցների ներկրում եւ արտահանում, ավտոտեխսպասարկում, ոսկերչական իրերի եւ արվեստի գործերի առքուվաճառք, տեքստիլի արտադրություն:Ընկերության հիմնադրումից շատ չանցած՝ նույն տարվա հոկտեմբերին, Վ. Գուլոյանը ձեւակերպվել է որպես չվճարվող (կարելի է ասել՝ հասարակական հիմունքներով) կառավարիչ, սակայն արդեն նոյեմբերին այդ պաշտոնում նրան փոխարինել է Ռոբերտ Մուրադյանը, ում անունով էլ հավանաբար կոչվել է ընկերությունը: 1998-ի դեկտեմբերին հերթական փոփոխությունն է տեղի ունեցել. Ռ. Մուրադյանը թողել է կառավարչի պաշտոնը, եւ այն նորից ստանձնել է Վ. Գուլոյանը: Մեկ այլ որոշմամբ Աուդենարդեի բնակիչ Յուրգեն Գաստոն Ժան Դե Կլերկը (Jurgen Gaston Jean De Clercq) ՍՊԸ-ում դարձել է ակտիվ գործընկեր (associe actif): 1999-ի մարտին կառավարիչ Վ. Գուլոյանին փոխարինել է Դե Կլերկը (նշանակվել է որպես «non-statutory manager»): Այդուհանդերձ, վերջինս Գուլոյանին լիազորել է ընկերության անունից կատարել ֆինանսական գործարքներ: «Արարատցեմենտը» մասնավորեցնելու ՀՀ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003-ի մարտի 23-ին, «Ռոբերտո» ՍՊԸ-ի ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման: Միաժամանակ Վ. Գուլոյանն ազատվել է լիազորված անձի իր դերից: Շարունակությունը՝ այստեղ 
14:51 - 26 ապրիլի, 2019
«Արարատցեմենտ»-ը պատրաստ է  մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին

«Արարատցեմենտ»-ը պատրաստ է մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն hայտարարություն է տարածել. «Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Գևորգյանը՝ հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով: Այո՛, այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ նույն որոշման 3 կետի բ ենթակետի համաձայն, գնորդը մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատեր «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք: Սրանից զատ՝ գործարանն ունեցել է կուտակված բազմաթիվ այլ պարտքեր ևս, ընդհանուր թվով 1 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաններում, որոնք փակելու դեպքում էր միայն հնարավոր շահագործել գործարանը: Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են: Պաշտոնապես տեղեկացնում ենք, «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը՝ պարզապես հրաժարվել է ներդրումներ կատարելուց: Նշենք նաև, որ 2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը: Անդրադառնանք նաև այն դիտարկմանը, թե «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումներ չեն կատարվել: Այս տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից կատարվել է շուրջ 6.2 միլիարդ դրամի ներդրում, որը հստակ արտացոլված է գործարանի հաշվեկշիռներում: Եվ սա այն դեպքում, երբ այս 6.2 միլիարդ դրամում հաշվարկված չէ 2003 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելու նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը: Հենց այս աշխատանքների շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում հայկական ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իսկ «Արարատցեմենտ»-ի բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին: Մենք հարկ չէինք համարի այսքան մանրամասնորեն անդրադառնալ այս հայտարարություններին, եթե այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը չտարածվեր «Արարատցեմենտ» գործարանի մասին: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարել է, թե 2016 թվականին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանը մեղմ ասած սուտ տեղեկություն է տալիս, քանի որ իր մատնանշած օրենքով այդ 500 միլիոնի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: «Արարատցեմենտ» գործարանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին, որտեղ առաջինից երկրորդ ընթերցումով քննարկվելու է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ու այս ոլորտում աշխատանքի երկարամյա գործընթացում ձեռք բերած փորձառությունն օգտագործել արդյունավետ քննարկումների անցկացման նպատակով: Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի գործարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված քայլերը բխում են համընդհանուր շահերից», - ասված է հայտարարության մեջ:
13:13 - 25 ապրիլի, 2019
Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու. Գագիկ Ծառուկյան |news.am|

Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու. Գագիկ Ծառուկյան |news.am|

news.am: Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին: «Բոլորը հիմա կուսակցություններ են բացում, ինչ-որ շարժի մեջ են, հանգիստ թողեք տնտեսությունը զարգանա: Այդպիսի բան չկա, չի էլ կարա լինի»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ կառուցողական, ներդրումային, որ ասենք թե ուզում ենք, առաջարկում ենք, որ հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել: Իսկ ճիշտ չներկայացողները պատասխան են տալու: Այսօր հիմնական խնդիրը վարչապետին ներքին, արտաքին տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները ներկայացնելն է: Վարչապետի ուզածն ի՞նչ ա, որ իր երկիրը հզորանա, զարգանա, շարժ լինի: Չի կարող պատահի, որ նա վատն ուզի»:
09:09 - 24 ապրիլի, 2019
Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր |168.am|

Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը դարձել «Արարատցեմենտի» սեփականատեր |168.am|

168.am։ Ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում նոր թափ կհավաքեն: Նախքան նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ կազմով «լծվեց» կոնկրետ մեկ տնտեսվարողի՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շահերի պաշտպանությանը: Հատկապես հետաքրքիր էր Ծառուկյանի ռեակցիան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի ելույթի այն հատվածին, որտեղ պատգամավորը հիշեցրեց գործարանի մասնավորեցման ժամանակաշրջանը: Հայկ Գեւորգյանը պնդեց իր ներկայացրած տվյալները՝ 2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատցեմենտն» ուղիղ վաճառքի ձեւով, 200 հազար դոլարով: Ըստ նրա՝ այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գագիկ Ծառուկյանը փայատեր է, որովհետեւ «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: Ծառուկյանի անհանգստությունը Գեւորգյանի մոտ տարակուսանք է առաջացրել՝ ինչո՞ւ է Ծառուկյանն անհանգստանում, երբ ինքը մասնավորեցման մասին խոսելիս՝ նրա անունը չի էլ հնչեցրել: Հարցն այն է, թե ի՞նչ պայմաններում է գործարանը դարձել Գագիկ Ծառուկյանի սեփականությունը: Ընդ որում՝ այդ մասին «Արարատցեմենտի» եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքերում առկա տեղեկատվությունները մի փոքր տարբեր են: Մասնավորապես՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կայքում նշված է. «Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: «Մուլտի Գրուպը» բազմաճյուղ կոնցեռն է՝ կազմված մի շարք ձեռնարկություններից…»:Իսկ կոնցեռնի կայքում դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ Արարատի ցեմենտի գործարանի ձեռքբերման տարեթիվ նշված է 2003 թվականը:2002թ. դեռեւս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գեւորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ԲԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Մասնավորեցվող բաժնետոմսերի գինն ընդհանուր սահմանվել է 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ գնորդին կառավարությունն ընդամենը պարտավորեցրել է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001թ. ցեմենտի արտադրության ծավալները: Որեւէ ներդրումային պարտավորություն օֆշորային նոր սեփականատիրոջ առաջ չի դրվում։ Նույն որոշմամբ՝ կառավարությունը տարբեր ընկերությունների պարտավորեցրել է ազատել մեկ այլ ընկերության՝ ունեցած պարտավորություններից, որոնց կապը, սակայն, «Արարատցեմենտի» հետ հստակ նշված չէ, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6.8 մլն ԱՄՆ դոլար չափով, «ՀայՌուսգազարդն» ազատել է «Երեւանի ՋԷԿ»-ին՝ մատակարարված գազի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտավորությունից, «Երեւանի ՋԷԿ»-ը՝ «Հայէներգոյին»՝ էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտքերից, «Հայէներգոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերին» է ազատել էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն դոլար պարտավորությունից, եւ այլն: Թե ինչպե՞ս է օֆշորային «Ռոբերտոն» դուրս եկել խաղադաշտից, եւ ինչպե՞ս ու ի՞նչ գնով է «Մուլտի Գրուպը» ձեռք բերել գործարանը, որեւէ տեղեկատվություն չկա:Ծառուկյանն էլ նախօրեին հրաժարվեց որեւէ պարզաբանում մտցնել: Լրագրողի հարցին՝ ինչքա՞ն է վճարել «Արարատցեմենտի» համար, Ծառուկյանը պատասխանեց. «Քո ի՞նչ գործն ա»: Ի դեպ, այն տարիներին «Արարատցեմենտի» ուղիղ վաճառքը փորձագետներն «անօրինական» էին համարում, քանի որ տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում: Սակայն 2001 թ. միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից: Ավելի ուշ, արդեն «Ռոբերտոյի» հետ գործարքից հետո, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, իբր, «Արարատցեմենտը» «Ռոբերտոյին» վաճառելու մասին կառավարության որոշումը գործարանի մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթի շարունակությունն է»:
06:02 - 23 ապրիլի, 2019
Թունյանը թող բարի լիներ, գնար ցեմենտի գործարան, խոսար պատասխանատուների հետ, նոր որոշում կայացներ. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Թունյանը թող բարի լիներ, գնար ցեմենտի գործարան, խոսար պատասխանատուների հետ, նոր որոշում կայացներ. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

aysor.am: Թեպետ «Արարատ-ցեմենտ» գործարանում բողոքի ակցիաները դադարել են, բայց Ազգային ժողովում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից պետական տուրքը հանելու մասին քննարկումները շարունակվում են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը համարվում է գործարանի սեփականատերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ու գործարանի ներկայացուցիչների քննարկումները շարունակվում են։ «Էսօր գալու են գործարանի ներկայացուցիչները, հանդիպեն։ Մենք ասում ենք՝ եթե հանձնաժողովը որոշել է կլինկերի վրա հարկ չդնել, մենք էլ որոշման համաձայն, ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում։ Դու դրա հնարավորությունն ես տալիս։ Մենք հակառակ օրենքի ոչ մի բան չենք անում», - հայտարարեց Գ.Ծառուկյանը։ Լրագրողի հարցին, թե հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը քննարկե՞լ է իր հետ հարցը, եկե՞լ են ընդհանուր եզրահանգման, Ծառուկյանը պատասխանեց. «Թունյանը իմ հետ չի կարա գա երկխոսության, ամբողջ գործարանի աշխատակիցներն իրան սպասում են, թո բարի լիներ, գնար գործարան պատասխանատուների հետ խոսեր մասնագիտորեն, որ հասկանար՝ ցեմենտն ինչ ա, կլինկերն ինչ ա, հետո որոշում ընդուներ»։
08:25 - 18 ապրիլի, 2019