ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ալիևի մարդատյաց հայտարարությունը փաստում է՝ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունները

Ալիևի մարդատյաց հայտարարությունը փաստում է՝ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի՝ «BBC»-ին տված հարցազրույցում արված հայտարարությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները. «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,-նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
16:22 - 09 նոյեմբերի, 2020
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյան արձագանքել է Խարկիվում տեղի ունեցած «հրաձգությանը»

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյան արձագանքել է Խարկիվում տեղի ունեցած «հրաձգությանը»

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկիվի «հրաձգության» վերաբերյալ․ «Ես չգիտեմ, Խարկիվում հրաձգություն եղել է, թե ո՜չ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ: Պատվավոր հյուպատոսները, որպես կանոն, ներգրավված են ինչ-որ առևտրային, տնտեսական գործունեության մեջ: Միգուցե սա հենց դրանով է պայմանավորվա՞ծ: Միգուցե հենց իրե՞նք են ինչ-որ բան արել սադրանքի նպատակով: Ես չգիտեմ։ Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, և, եթե կան հանցագործներ, ապա կան համապատասխան օրենք և համապատասխան պատժամիջոցներ: Պետք չէ միանգամից եզրակացություններ անել: Ես կցանկանայի նշել հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշման մասին, որին ես լիովին սատարում եմ: Այն կայանում է նրանում, որ Ուկրաինան մարտի դաշտ չվերածել: Խոշոր համայնքներն այստեղ են ապրում, և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Եվ դա նրան {հայ համայնքին} հաջողվում է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որոշ ժամանակ առաջ բուռն, կրակոցներով ուղեկցվող, ավտոերթ էր կազմակերպել Կիևի կենտրոնում: Կցանկանայի նշել, որ ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այլ երկրներում: Նմանատիպ մի բան վերջերս անհաջող կերպով փորձում էին հայկական կողմի վրա բարդել Բալթյան երկրներից մեկում, ավելին՝ նրանք փորձեցին կրոնական երանգ հաղորդել: Այսպիսով, պետք է հանգստանալ և թույլ տալ, որպեսզի իրավապահներն աշխատեն: Տվյալ պահին այսքանը կարող եմ ասել այս հարցով»:
01:04 - 08 նոյեմբերի, 2020
Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը ընդունել է  դեսպան Աշոտ Հովակիմյանին

Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը ընդունել է դեսպան Աշոտ Հովակիմյանին

Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը, որը ևս մեկ անգամ վկայում է հակառակորդի ցեղասպան մտադրության մասին։ Դեսպանը հատուկ շեշտեց, որ իրողություններն ապացուցում են, որ տվյալ իրավիճակից միակ ելքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն ու Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքը, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։ ՀՀ դեսպանի խոսքերով, հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների:
00:05 - 08 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: Այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին: «Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից (5 անդամ) ոչ մեկն առնվազն վետո չդնի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: «Որ դա շատ բարդ գործընթաց է, կարող ենք դատել այն հանգամանքից, որ երբ սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկում, համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ներկայացրին շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է փակ քննարկման արդյունքում հնչեցներ նախագահողը: Այդ պարագայում նախագահությունը Ռուսաստանինն էր: Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ արդյունքը եղավ այն, որ  լսեցին շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցրեց այդ ժամանակվա նախագահողը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, որն ընդամենը կոչ էր հրադադարը հաստատելու, ոչ ավելին: Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հոկտեմբերին փակ նիստով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Արդյունքում արվել է հայտարարություն:
20:11 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ

 |armenpress.am|

ՀՀ-ն կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքը եվրասիական տնտեսական և ռազմաքաղաքական կառույցների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատերազմական իրավիճակում կանոնավոր կերպով շարունակում է աշխատանքները եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական կառույցների, նաև հաևան Վրաստանի և Իրանի հետ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այս ժամանակահատվածում կանոնավոր շարունակվել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազաքաղաքական՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ասաց Քոչարյանը: Նա շեշտեց, որ, բնականաբար, այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարևաններին: Իրանին չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, նրանք դրա մասին բացահայտ խոսում են և ստիպված որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարում: «Նրանք (իրանցիները-խմբ.) այդ ահաբեկիչների դեմ կռվում էին Մերձավոր Արևելքում, հիմա հայտնվել են իրենց հարևանությամբ: Այդ վտանգը հստակ զգում է նաև ՌԴ-ն, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամողջ ԱՊՀ տարածքին, այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան: Այնպես որ, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը մտահոգում, անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
16:24 - 05 նոյեմբերի, 2020
ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց
 |1lurer.am|

ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության անդամ 27 երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, վավերացման գործընթացը, կարծես, ավարտվել է: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:  «Սակայն կան դեռ երեքը՝ Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին: Դա տեխնիկական է, ֆորմալ է, այսինքն՝ կա վավերացված փաստաթուղթը, բայց դրա մասին պետք է պաշտոնապես տեղեկացվի Բրյուսելին, որի արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է: Դրանից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կսկսի կիրարկվել: Այժմ իրականացվում է փաստաթղթի միայն 80 տոկոսը»,- ասաց Ադոնցը:
14:34 - 05 նոյեմբերի, 2020
ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար |armenpress.am|

ԱԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ մշտական կապի մեջ է Արցախի ճանաչման հարցի շուրջ. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Եվրոպական Միության գործընկերների հետ՝ Արցախի անկախության ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և այլ հարցերի շուրջ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: «Մեր եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և աշխատում ենք մի քանի ուղղությամբ` սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից: Մնացած կետերը վերաբերում են պատժամիջոցներին և հումանիտար օգնությանը, որը լինի շատ հասցեական և վերաբերի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թիվը բավական մեծ է»,- ասաց Ադոնցը: Փոխնախարարը նշեց, որ այս օրերին կան բազմաթիվ եվրոպական քաղաքներ, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, ինչը շատ կարևոր քայլ է այս համատեքստում հետագա զարգացումներն ապահովելու համար: «Պետություններում տեղական ինքնակառավարման մակարդակով են ճանաչում Արցախի անկախությունը: Մենք համարում ենք սա շատ կարևոր քայլ` ապահովելու հետագա զարգացումները: Կան նախնական պայմանավորվածություններ, բավական լուրջ քննարկումներ որակական ավելի բարձր ակտեր իրականացնելու համար»,- նշեց փոխնախարարը:
14:17 - 05 նոյեմբերի, 2020
Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»: ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը:
12:08 - 05 նոյեմբերի, 2020
Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր: Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը: Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:
11:30 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակեց «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը: Նախարարական հանդիպման շրջանակներում նշվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով: Նախարար Մնացականյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին․ «Պարոն նախագահող, Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է: Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված: Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։ Մենք կիսում ենք նրա գնահատականները: Կիսում ենք նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները: Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։   Իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի։ Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը: Շնորհակալություն:» 
18:43 - 04 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:  Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:   ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:  Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:  Նախարար Մնացականյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»: 
01:05 - 04 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ։ ▪️Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: ▪️Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: ▪️Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: ▪️Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք:
00:13 - 04 նոյեմբերի, 2020
Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը․ ԱԳՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը․ ԱԳՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում: Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը: Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին:
00:08 - 03 նոյեմբերի, 2020
Ահաբեկչության տարածման նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտի են բերվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ․ ՀՀ ԱԳՆ

Ահաբեկչության տարածման նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտի են բերվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ․ ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:  Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը: Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
23:46 - 01 նոյեմբերի, 2020
Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Զոհրաբ Մնացականյան. Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել: Հարց. Արդյո՞ք Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում եք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը: Հարց. Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:   Զոհրաբ Մնացականյան. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։  Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։   Հարց. Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյան. Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ: Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:  Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:
12:41 - 01 նոյեմբերի, 2020