ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար  Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շրջանում տեղի ունեցած շփումների, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի մանրամասները։ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը գոհունակություն հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ուղղություններով կանոնավոր խորհրդակցությունների անցկացման առնչությամբ՝ ընդգծելով արտաքին մարտարհրավերները հասցեագրելու հարցում աշխատանքների համակարգման կարևորությունը: Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել բազմաշերտ համագործակցության շարունակական խորացման և դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ:
15:43 - 22 մայիսի, 2020
Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր

Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր

Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ «COVID-19»-ի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի Կորեայում բնակվող բոլոր օտարերկրացիները, ովքեր ունեն մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ԿՀ-ից ժամանակավոր մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է պարտադիր նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն («re-entry permit») ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և Կորեայի Հանրապետություն վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: Բացի այդ, նույնիսկ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր կլինեն Կորեա վերադառնալուց առնվազն 48 ժամ առաջ բուժզննում անցնել և ԿՀ ժամանելուն պես իմիգրացիոն ծառայության աշխատակցին ներկայացնել համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր: Բուժզննման ախտորոշումը հավաստող փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերեն կամ կորեերեն լեզուներով՝ ստորագրված զննումն անցկացրած բժշկի և բժշկական հաստատության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն պետք է պարտադիր պարունակի տեղեկատվություն զննման իրականացման ամսաթվի, քաղաքացու մոտ ջերմության, հազի, գլխացավի, շնչառության դժվարությունների և այլ ախտանիշների առկայության կամ բացակայության մասին:   Նշենք, որ վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից:
13:01 - 22 մայիսի, 2020
Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

Արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքում ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել. Արման Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ հանդիպման արդյունքում իրենց մտահոգությունները չեն փարատվել։ «Մեր մտահոգությունները շատ գործոններից են կախված և հիմնականը նա է, որ մեր դիրքորոշման համաձայն՝ դե ֆակտո ժողովուրդն արդեն լուծել է Արցախի Հանրապետության անկախության խնդիրը, և երկրորդը՝ յուրաքանչյուր բանակցություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ հիմքում՝ որպես ֆունդամենտ դրված լինի ԱՀ միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Դա չպետք է լինի պրոցեսի վերջում, այլ ի սկզբանե»,-ասաց Աբովյանը։ Հարցին, թե արդյոք հուզող հարցերին տրվե՞լ են հստակ պատասխաններ՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ մասնակի տրվել են։
14:42 - 21 մայիսի, 2020
Վերին Լարսում գտնվող քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով. ԱԳՆ խոսնակ
 |news.am|

Վերին Լարսում գտնվող քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով. ԱԳՆ խոսնակ |news.am|

news.am: Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի  մեջ է մաքսային կցորդը։ ՀՀ քաղաքացիները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել էր կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն երեկ կայացած Սոչի-Երևան, ինչպես նաև առաջիկայում կայանալիք թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Հավելեմ, որ առաջիկա օրերին կայանալիք թռիչքն արդեն իսկ համալրված է։ Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»,– ասել է նա:
21:54 - 20 մայիսի, 2020
ՀՀ և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը

ՀՀ և Տաջիկստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև երկխոսության ամրապնդման հարցում: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Տաջիկստանի՝ ավանդական բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության առնչությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման և խորհրդարանական հարթակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։  Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:  Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում՝ այդ թվում ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:42 - 20 մայիսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ: Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը: Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվեց դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորեցին նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Արտգործնախարարներն անդրադարձան նաև բազմակողմ շրջանակներում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի։ Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը:
15:57 - 19 մայիսի, 2020
Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորեց Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում ունեցան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը: Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր փոխանակեցին նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ:  ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին անդրադարձան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի:
15:30 - 15 մայիսի, 2020
Պեկինից Երևան է բերվել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը

Պեկինից Երևան է բերվել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը

Այսօր Պեկինից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Համաճարակի սկսվելուց ի վեր ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության և գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ՝ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ՝ 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ և դեմքի վահաններ և այլն: ՊՀԾ-ն կարողացել է ձեռք բերել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ՝ շնորհիվ «Իմ քայլը» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, ինչպես նաև ՀՀ-ում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության և ՊՀԾ-ի ռեսուրսների միջոցով: Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացրել է Արտաքին գործերի նախարարությունը: «Ամբողջ աշխարհում և Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին՝ դիմակայելու և արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգևորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները, և Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաև մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ ԱԳՆ հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը»,- նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն տիկին Ելենա Միլոշևիչը: Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը: Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը և կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ և ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից և աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:
14:44 - 15 մայիսի, 2020
Հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել |lragir.am|

Հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի դիմաց նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ մի երիտասարդ հեռախոսը միացրած նրան հարցեր էր ուղղում Լավրովի հայտարարությունների մասին: Շատերը նշում են, որ սա իշխանությունների հանդեպ հերթական սադրանքն է: Ես սա ընդունում եմ որպես պետականությանն ուղղված մարտահրավեր, որովհետև սա որպես առանձին դեպք դիտարկելը սխալ է: Այս ամենը իրոք Հայաստանի պետականության դեմ է ուղղված, որովհետև այդ մարդիկ երևի թե շատ լավ իմանալով դիվանագիտության նրբությունները, փորձում են ինչ-որ կերպար ստեղծել, որը որևէ կերպ չի առնչվում Հայաստանի Հանրապետության շահերին: Փորձում են նորից Ղարաբաղի թեման օրակա՞րգ բերել: Դա մի թեմա է, որն անընդհատ շահարկվել է: Դրանք տարբեր սերնդի խմբակներ են, որոնք միշտ տրադիցիոն ձևով մանիպուլացրել են այդ հարցը: Բայց ես կարծում եմ, որ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի պատասխանից հետո նորմալ երկրում այդ թեման ընդհանրապես պետք է չքննարկվեր, որովհետև մարդը պետք է իր երկրի ԱԳՆ-ին վստահի: Եթե ոմանք այլ կերպ են ուզում լինի, կարող են իրենց քաղաքացիությունը փոխեն: Ձեր կարծիքով՝ ո՞վ է հրահրում նման գործողություններ: Նախորդ իշխանություննե՞րը, և երբ ենք այս մտայնությունից դուրս գալու: Մենք այդ մտայնությունից չեմ կարծում, թե հեշտ դուրս կգանք, որովհետև կան նախորդ իշխանության հետ կապված մարդիկ, հնամաշ տիկնիկները, որ պահարանից հանվել ու դուրս են նետվել, հիմա այդ բոլորը միասին մի ծիրի մեջ են: Եվ դա միայն նախորդներով չի սահմանափակվում, կան նաև այլ քաղաքական ուժեր, որ այդ ծիրի մեջ են: Նրանց ամբողջ նպատակն այն է, որ հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն են կատարում՝ չհասկանալով Արցախի խնդրի շուրջ ԱԳ նախարարի վարած գործունեությունը, այն պարագայում, երբ թե Բրատիսլավայում, թե այլուր ԱԳ նախարարը շատ հստակ Հայաստանի և Արցախի համար կարմիր գծերը ֆիքսել է: Կարծում եք, որ անկեղծ մղումով չէին մոտենա ու նման հարցեր չէի՞ն տա՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում կասկածներ էին արտահայտվում փուլային լուծման վերաբերյալ Լավրովի ելույթի հետ կապված: Եթե այդ անկեղծ մղումը կար, ոչ ոք չէր խանգարում, օրինակ, ժամանակին Կազանյան փաստաթղթից հետո գնալ ու հարցնել, թե դա ինչ է: Ինչ վերաբերում է կասկածներին, դրանք իրենք են ստեղծում տարբեր ուժերի միջոցով: ՀՀ քաղաքացին պետք է վստահի իր երկրի ԱԳ նախարարությանը, այստեղ կասկած չի կարող լինել: Մյուս կողմից, ես վստահ եմ, որ ՀՀ կառավարության նկատմամբ հայության շրջանում վստահությունը մնում է շատ բարձր, հետևաբար կառավարության առանձին ներկայացուցչի նկատմամբ ևս բարձր վստահություն է առկա: Ու հիմա փորձ է արվում իզոլացնել այս կամ այն գործչին և նրա նկատմամբ թունավորման գործընթաց սկսել: Դա պետք է կանխվի, և ժողովրդավարությունը Հայաստանում պետք է լինի պաշտպանված: Շարունակությունը՝ lragir.am-ում
14:02 - 15 մայիսի, 2020
Դեսպանատների եւ հյուպատոսարանների էջերում տեղադրված են արտերկրում բնակվող նորակոչիկներին իրազեկումներ

Դեսպանատների եւ հյուպատոսարանների էջերում տեղադրված են արտերկրում բնակվող նորակոչիկներին իրազեկումներ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍՏեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ, պարզաբանում և խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ՀՀ ՊՆ և ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։ Մասնավորապես, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, օրինակ՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ և այլն, տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․ «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp։Առաջին իսկ հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»: Այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։ Միաժամանակ, ՀՀ ՊՆ ստորաբաժանումները ԱԳՆ-ի հետ համատեղ նաև անհատական իրազեկման աշխատանքներ են իրականացնում։ Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներից և նրանց ծնողներից ստացել է տասնյակ զանգեր, որոնք ուղղորդվել են ըստ կարգի։ Եվս մեկ անգամ հորդորում ենք արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով»։
12:13 - 15 մայիսի, 2020
Լիտվական ռազմական օդանավով Հայաստան է տեղափոխվել 10 600 դեմքի պաշտպանիչ վահաններ

Լիտվական ռազմական օդանավով Հայաստան է տեղափոխվել 10 600 դեմքի պաշտպանիչ վահաններ

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար) Լիտվայի կառավարության անունից Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում:
22:00 - 14 մայիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալի հետ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին (Kishan Dan Deval): Կողմերը գոհունակություն հայտնեցին երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ այդ համատեքստում առանձնապես կարևորելով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների քաղաքացիների իրենց հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակի: Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով միմյանց համար կարևորություն ունեցող հարցերում առկա փոխադարձ ըմբռնումն ու աջակցությունը:
17:16 - 14 մայիսի, 2020
Տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, նացիստական ​​տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված դիտարկումների առնչությամբ ԱԳ նախարարը, մասնավորապես, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը կարող է հիմնվել միայն փոխզիջման և կողմերի ստանձնելիք պարտավորությունների համարժեքության վրա: «Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են»: Ի թիվս այլ որոշումների՝ ԱՊՀ ԱԳ նախարարները ստորագրեցին 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների՝ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությունը, 2021-2030թթ. ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը, շահագրգիռների ձևաչափով՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագիրը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:
10:39 - 14 մայիսի, 2020
Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին, արձագանքելով ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա:  «Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։  Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:  Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Էլմար Մամեդյարովը նույն տեսակոնֆերանսի ժամանակ, մասնավորապես, ասել է․ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ խանգարելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը՝ ստեղծելով տարածաշրջանային կայունության և անվտանգության նոր սպառնալիքներ»։ «Ադրբեջանը հանձնառու է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը։ Դրա հետ մեկտեղ բանակցությունները չեն կարող տևել հավերժ և չպետք է ծառայեն իրավիճակի շարունակությանը, որը ծագել է ուժի կիրառման արդյունքում»,- ասել է Մամեդյարովը։
10:39 - 13 մայիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին

Զոհրաբ Մնացականյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին

Տեսակապի միջոցով տեղի ունեցած ԱՊՀ նախարարական համաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացալանյանը հանդես է եկել բացման խոսքում: ՆԱխարարը նախ բոլորին մեկ անգամ ևս  ողջունել և շնորհավորել է մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի առիթով: «Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում: Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան: Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»,-ասել է Մնացականյանը: Այնուհետ նախարարը Աբդուլազիզ Հաֆիզիին շնորհակալություն է հայտն է հայտնել նիստն անցկացնելու նախաձեռնության համար, որն, ըստ էության, ԱՊՀ կանոնադրական մարմնի՝ կառույցում նպատակաուղղվածությամբ և հագեցվածությամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումն է:  Համավարակն, ըստ Զոհրաբ Մնացականյանի, իրապես, առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ  ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության  համատեքստում: Ելույթի իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանում առկա կորոնավիրուսային իրավիճակը:  «Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության  ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն՝ առողջացած, և ցավոք, 47-ը՝ մահվան ելքով: Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թույլատրված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները՝ պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ: Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով»: Այնուհետ ՀՀ արտգործնախարարն անցում է կատարել օրվա թեմային: Նշել է, որ Հայաստանը համաձայնեցված հարցերի շուրջ առարկություններ չունի և պատրաստ է աջակցել դրանց։ «Միաժամանակ, կցանկանայի առանձին մի քանի խոսք ասել։ Առաջարկված հարցերի ցանկը, տեսականորեն, կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը  կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նվազ չափով: Դրանց թիվն է դասվում, մեր կարծիքով,  «Մշակութային մայրաքաղաքը» շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրավունքը 2022թ․ կփոխանցվի ղրղզական Կարակոլ քաղաքին։ Այդ շարքին են դասվում նաև այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետությունների ձևաչափով կկարգավորեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար ականազերծումը, համատեղ (միացյալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) համար ուղարկվող սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառման համար այդ թվում հայաստանյան կողմից առաջարկվող ստորաբաժանումների կազմավորումների ցանկի արդիականացումը։  Դրանք միջպետական փոխգործակցության կարևոր ուղղություն և կարևոր փաստաթղթեր են։ Ի դեպ, գրեթե երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տվյալ ուղղությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերի ծավալի վերլուծությունից երևում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպության, այլև՝ հինգ կամ վեց պետություններ միավորող առավել խորացված ձևաչափերում գործնականում հաստատել են տվյալ ոլորտներում առավել սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը։  Ավելին, վերոնշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքը առավել հեռու է գնացել, և գուցե իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կետրոնացման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնհայտորեն ստիպված կլինենք հաշվի առնել համավարակի գործոնը: Դրանք են միջազգային երիտասարդական համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, զբոսաշրջության, ցանցային համալսարանի և մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումներին առնչվող համագործակցային ռազմավարությունները: Սկզբունքորեն, այս փաստաթղթերը մշակվել են նախկինում ընդունված նմանատիպ որոշումների շարունակականության ապահովմանը համահունչ և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս ստիպված կլինենք ավելի ինտենսիվորեն գործարկել փոխգործակցության հեռահար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործոնը կարտացոլվի և հաշվի կառնվի ԱՊՀ ճյուղային համագործակցության համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկետ ծրագրերի մշակման ընթացքում:  Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա, և հաշվի առնելով նոր իրողություններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում։ Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։  Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:  Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Աբդուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնության և այսօրվա մեր նիստն անցկացնելու հնարավորության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Սերգեյ Լեբեդևին շատ արդյունավետ աշխատանքի և այս ողջ ժամանակահատվածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապես բարձր եմ գնահատում դա»,-ելույթը եզրափակել է Զոհրաբ Մնացալանյանը:
23:06 - 12 մայիսի, 2020