«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին, նախագահը Գևորգ Թամամյանն է։

Կուսակցությունը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Կարին Տոնոյանն էր։

«5165 ազգային պահպանողական շարժում»-ը ստացավ 15 549 ձայն (1.22%) և չանցավ 8-դ գումարման ԱԺ։

«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա

«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա

«5165 շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․  «Ընթացիկ քաղաքական գործընթացների դիտարկումն ու վերլուծությունը թույլ են տալիս հաստատելու, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ պետական իշխանության թևերի միջև գոյություն չունեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ, իսկ քաղաքական իշխանության գործունեությունը չի ենթարկվում ինստիտուցիոնալ այլ սահմանափակումների։ Նշված գնահատականի հիմքում հետևյալ նկատառումներն են։ Առաջին՝ իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Երկրորդ՝ ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո, ինչը հաճախ գործածվում է որպես հարկադրանքի լծակ ինչպես քաղաքական մրցակից ուժերի ու անհատների հանդեպ, այլև իշխող քաղաքական ուժի ներսում այլախոհության հնարավոր դրսևորումները ճնշելու համար։ Երրորդ՝ առանց այն էլ սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, ով կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։ Չորրորդ՝ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին, ինչի վկայություններից են ՀՀ սահմանադրական դատարանի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարումը քաղաքականապես ոչ չեզոք անձի վերապահելը, Բարձրագույն դատական խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մեծացումը և վերջապես առանձին դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։   Գործող իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի դատական համակարգում կա կոռուպցիա, որը պետք է վերացնել դատաիրավական բարեփոխումների և վեթինգի միջոցով։ Հատկանշական է, որ վեթինգն իրականացվում է ոչ թե համակարգային բարեփոխումների միջոցով, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին ու տեղային լուծումներով, ինչը հակասում է վեթինգի պոզիտիվ բովանդակությանը և ունի հստակ հակաժողովրդավարական դրսևորում։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ ցույց են տալիս, որ նրանց նպատակը ոչ թե դատական համակարգը կոռուպցիայից մաքրելն ու համակարգի ինքնուրույնությունը բարձրացնելն է, այլ, ճիշտ հակառակը, դատական համակարգն իրենց կցորդը դարձնելը, ինչը երկիրը դիկտատուրայի վերածելու անհերքելի նշան է։ Իր անկախությունն իսպառ կորցնելու վտանգի առաջ կանգնած ՀՀ դատական համակարգը, սակայն, այս վտանգավոր միտումներին արձագանքում է ոչ ադեկվատ, սահմանափակվում է հայտարարություններով և չի ապավինում ինստիտուցիոնալ գործիքակազմին։ Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ։ ՀՀ օրենսդրությունը մասամբ ընձեռում է դրա հնարավորությունը, ինչից, սակայն, անհասկանալի պատճառներով, դատական համակարգի անկախության հարցում շահագրգիռ դատավորները չեն օգտվում։ Օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը կարող է քաղաքացու, տնտեսվարողի նկատմամբ ակնհայտ անօրինական վարչական ակտը ոչ միայն չեղարկել, այլև կայացնել լրացուցիչ որոշում, որով կբարձրացվի ակնհայտ անօրինական ակտ կայացրած պետական մարմնի պաշտոնատար անձի պատասխանատվության հարցը»։ 
20:32 - 16 փետրվարի, 2022
Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը․ «5165 շարժում»

Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը․ «5165 շարժում»

«5165 շարժումը» ներկայացրել է իր դիրքորոշումները Հայաստանի արտաքին-անվտանգային և ներքաղաքական ընթացիկ որոշ զարգացումների վերաբերյալ․ Դիրքորոշումները բովանդակում են հետևյալը. Առաջին՝ պարզորոշ կերպով Հայաստանում առաջ է տարվում թուրք-ադրբեջանական օրակարգ, Երկրորդ՝ Հայաստանում իշխանության ուզուրպացիայի վերջին մեխն է մեխվում: ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Կեղծ ու մոլորեցնող է Նիկոլ Փաշինյանի թեզն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց նախապայմանների: Թուրքիան արդեն իսկ հասել է Հայաստանի առջև դրած երկու կարևոր նախապայմանի կատարմանը և օգտագործելու է հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացն նոր զիջումներ կորզելու համար՝ նպատակ ունենալով վերջնականապես հպատակեցնել Հայաստանին։ 44-օրյա պատերազմի արդյունքում առավել քան ամբողջությամբ բավարարվել է Արցախից հայկական զորքերը դուրս բերելու և ազատագրված հողերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Թուրքիայի առաջին նախապայմանը։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պահանջից Հայաստանի հրաժարումը, փաշինյանական իշխանությունը կատարում է հիմա։ Դրա մասին են վկայում.  իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմի պարբերական հայտարարություններն ու գործողությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որում խոսք չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Այս հարցը ձևակերպված է անդեմ, անորոշ ու լղոզված ձևով: Նախորդ ժամանակաշրջաններում ՀՀ կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բարձրացված էին պետական քաղաքականության մակարդակի,  ցեղասպանության հանցագործությունների դատապարտման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության 2021թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը էականորեն տարբերվում է նախկինում այդ օրվա կապակցությամբ արվող հայտարարությունների հռետորաբանությունից՝ մասնավորապես Արցախյան վերջին պատերազմի ֆոնին, վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն ըստ էության հրրաժարվեց Հայոց ցեղասպանության ճանաչման իրավատիրությունից, այն բացառապես թողնելով Սփյուռքի ուսերին:  ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղեգիծը խիստ կարճատես է։ Այն ոչ թե խաղաղություն է խոստանում, այլ երկարաժամկետ կտրվածքով մեծացնում է Հայաստանի վրա կախված գոյութենական սպառնալիքները:  Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է ուզում կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի այն ղեկավարների հետ, որոնք սանձազերծեցին 44-օրյա պատերազմը, թույլ տվեցին հայության դեմ ծանր հանցագործություններ, շարունակում են Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքագիծն ու հռետորաբանությունը, սպառնում են բռնությամբ և ուժի սպառնալիքով հասնել իրենց երկարաժամկետ նպատակներին։  44-օրյա պատերազմի օրերին հենց Փաշինյանն էր հրապարակավ դատապարտել պատերազմին Թուրքիայի մասնակցության հակահայկական շարժառիթները՝ շեշտելով, որ Թուրքիան եկել է Հարավային Կովկաս՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը: Անհերքելի փաստ է, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան վերջին պատերազմին՝ Ադրբեջանին ցուցաբերելով նշանակալի աջակցություն, վերջինիս տրամադրելով զենք-զինամթերք, հազարավոր զինված ահաբեկիչներ, ռազմական հրամանատարական և տեխնիկական անձնակազմ, դիվանագիտական սատարում և այլն։ Այսօր Հայաստանի գործող իշխանությունները նույն այս ուժերի հետ գնում են հարաբերությունների կարգավորման՝ առանց խաղաղության իրական երաշխիքների: Հայաստանը Փաշինյանի ձեռամբ հայտնվել է խաղաղություն մուրացողի դերում, ինչը ոչ միայն նսեմացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը, այլև առարկայորեն թուլացնում է պետությունն ու արտաքին սպառնալիքներին դիմադրողականությունը, անհասկանալի վիճակում դնում համայն հայությանը միջազգային հանրության առջև, իսկ խաղաղությունը դարձնում անհեռանկարային ու պատրանքային:  Այս պայմաններում Հայաստանն իրավունք չունի գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, առանց հստակ անվտանգային երաշխիքների։ Այսօր նման երաշխիք կարող է հանդիսանալ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից հրաժարումը։  Ադրբեջանի նախագահը Արցախի հարցը համարում է փակված, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը համարում է անիմաստ, հայտարարում, թե իբր Արցախում 20-25.000 հայ է մնացել, Հայաստանին սպառնում է նոր տարածքների գրավմամբ, բարձրաձայն խոսում են բռնի ճանապարհով Սյունիքով միջանցք բացելու մասին, սպառնում են ցանկացած պահի կտրել Արցախի կապը մայր հայրենիքի հետ, օկուպացված են պահում Արցախի տարածքների մեծ մասը, օկուպացված են պահում տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, շարունակում են գերության մեջ պահել և գերության վերցնել մեր զինվորականներին, ագրեսիա իրականանցել Հայաստանի սահմանների նկատմամբ և այլն:  Հենց այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը գնում է հաշտեցման Ալիևի հետ՝ առանց որևէ պահանջի ու պայմանի՝ փաստորեն համաձայնություն տալով վերջինիս հակահայ քաղաքականությանը: Սա ինչ է, եթե ոչ, նվազագույնը, ինքնախաբեություն և մոլորություն։ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական օգուտների մասին Փաշինյանի թեզերը նույպես անհիմն են ու կեղծ Գործող իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից տնտեսական մեծ օգուտներ քաղելու հետևյալ հնարավորություններն են մատնացույց անում. Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչությունը՝ որպես հայկական ապրանքների իրացման մեծ ներուժ ունեցող շուկա, Թուրքիայի տարածքով ԵՄ հայկական արտադրանքի արտահանման հեռանկարը, Թուրքիայի հետ սահմանամերձ բնակավայրերում թուրք պացիենտներին բժշկական ծառայություններ մատուցելու հեռանկարը: Ժամանակն է, որ ժողովուրդը սթափվի Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե սարերի խոստումներից: Կարծում ենք, ժողովուրդը չի մոռացել մոտ չորս տարի առաջ նրա տված խոստումը՝ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ներդրումներ բերելու մասին:  Տնտեսական օգուտների մասին այս թեզերը ևս կեղծ ու շինծու են, քանի որ նախ՝ ոչ մի տեղ հասանելի չեն այն ենթադրյալ հետազոտության արդյունքները, որոնք, Փաշինյանի ասելով, կատարվել են ու տնտեսական մեծ օգուտներ են կանխատեսում: Երկրորդ՝ մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչու՞ մինչ այժմ Հայաստանը չի կարողացել օգտվել Իրանի 84 միլիոնանոց և ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկաներից։ Ո՞րն է թուրքական շուկայի առանձնահատկությունը, այն առումով, որ հայկական ծագման արտադրանքը Իրանում և ԵԱՏՄ-ում չի կարողանում իրացվել, իսկ Թուրքիայում մեծ ծավալներով իրացվելու է: Այդ ի՞նչ արտադրանք է ներկայում թողարկում Հայաստանը, որ հնարավորություն չունի արտահանել ԵՄ և Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում արտահանելու է: Ի՞նչու մինչ այժմ բժշկական մեծածավալ ծառայություններ մատուցելու հնարավորությունը չի իրացվել Իրանի ու Վրաստանի սահմաններին մոտ գտնվող բնակավայրերում: Պատասխանը հստակ է. Հայաստանը չունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական էժան ու մրցունակ ապրանքների հետ, որոնց Հայաստան ներթափանցումը խիստ ռիսկային է տեղական արտադրանքի ծավալների կրճատման, գործազրկության ու արտագաղթի աճի առումներով: ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ. Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման հենք հանդիսացող փոխզսպումների և հակակշիռների գործուն համակարգ ստեղծելուց Փաշինյանի իշխանությունը խուսափում է միտումնավոր։ Այս քաղաքականությամբ Հայաստանը սկսել է վերածվել բռնապետության։ Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կանխորոշեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության ելքը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է միանձնյա ձևով ընտրել նախագահին՝ փորձելով այս հանգամանքը մատուցել ընթացիկ անվտանգային, արտաքին քաղաքական գործընթացներում իշխանության թևերի միջև «ներդաշնակություն մտցնելու» մանիպուլյատիվ փաթեթավորմամբ:  Մենք քանիցս նշել ենք, որ թեև ՀՀ նախագահի ինստիտուտը սահմանադրաիրավական բավարար լիազորություններ չունի՝ ազդելու քաղաքական իշխանության՝ ՀՀ ազգային-պետական շահերին հակասող գործողությունների վրա, այդուհանդերձ պետության գլխի հանգամանքը կարևորվում է առնվազն ժողովրդին խոսք ասելու, ուղերձներ հղելու տեսանկյունից: Եվ այժմ, երբ ՀՀ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մի անձ, ում վարքն ու ուղեգիծը «ներդաշնակ կլինի» Նիկոլ Փաշինյանի վարքին ու ուղեգծին, Հայաստանի գահավիժող ժողովրդավարությունը կզրկվի ինստիտուցիոնալ սահմանափակման այդ մեկ լծակից ևս։ Այս առնչությամբ տեղին ենք համարում մատնացույց անել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջովին վերահսկում է ՀՀ Ազգային Ժողովի գործունեությունը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մինչ այժմ դրսևորած վարքագիծն ու պատգամավորների մեծ մասի «ծագումը» ասվածի վկայություններն են:  Ժողովրդին ցանկանում ենք հիշեցնել նաև, որ 2021թ. մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իբր կլինեն սահմանադրական բարեփոխումներ, որ իբր 2021թ. հոկտեմբերին կլինի հանրաքվե և անցում կկատարվի նախագահական կամ կիսանախագահական համակարգի: Վերջին ասուլիսում ՀՀ կառավարման ձևի վերաբերյալ արած այն դիտարկումը, որ ինքը կառավարման խորհրդարանական ձևի կողմնակից է, խոսում է մեկ բանի մասին. նա մեկ տարի առաջ ժողովրդին հրապարակավ ստում էր։ Իր իշխանության պահպանման նկատառումներից ելնելով նա ցանկանում է պահպանել կառավարման ներկայիս ձևը, քանի որ իշխանության թևերի միջև փոխզսպումների և հակակշիռների իրական մեխանիզմների բացակայությունը ձեռնտու են հենց իրեն: Մենք քանիցս ահազանգել ենք այն մասին, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյութենական նշանակության այնպիսի հիմնախնդիրների ընթացքը, ինչպիսիք են Արցախի հարցի կարգավորումը, սահմանագծումն ու սահմանազատումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և այլն, ռազմավարական բնույթի հիմնախնդիրներ են, գտնվում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա տնօրինման ներքո, առկախված է Նիկոլ Փաշինյանի աշխարհընկալումներից ու արժեհամակարգից:  Միանձնյա կառավարումը առավել վտանգավոր է այն պարագայում, երբ երկրիդ ղեկավարը ակնհայտորեն տանում է հակապետական քաղաքական գիծ. Փաշինյանն անբռնազբոս կերպով պաշտպանում է թուրք-ադրբեջանական դիրքորոշումները, կրկնում նրանց թեզերը Արցախի պատկանելության, կարգավիճակի, կարգավորման առանձնահատկությունների մասին, արդարացնում պետական մակարդակով հնչող հակահայ հռետորաբանությունը, Ալիևի՝ պետական դիրքորոշում հանդիսացող հայտարարությունը զուգահեռում Հայաստանի շարքային քաղաքացու՝ մամուլում հայտնած կարծիքի հետ։ Մեզ այլ բան չի մնում, քան հաստատել, որ սույն գործելակերպով Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունների օրակարգը:  
13:14 - 28 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»

«5165 շարժման» հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ․   «Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին:   Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:   Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:   Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել:   Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:   Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:   Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»:
13:51 - 24 հունվարի, 2022
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դեկտեմբերի 24-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները, դրան հետևած՝ Արցախի Ազգային Ժողովի և նախագահի, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների դատապարտող հայտարարություններից ու հանրային կտրուկ արձագանքից հետո արված արդարացումներն ու կեղծ տարակուսանքները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են նրա պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս: «5165 շարժումը» վերահաստատում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, անքննելի ու անկասելի է: «5165 շարժումն» անվերապահորեն կանգնած է Արցախի ու արցախցիների կողքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Դա Արցախի ժողովրդի որոշումն է, և ոչ մի պաշտոնատար անձ, ոչ մի գործիչ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ, որոնք կհակասեն Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությանը: Ավելին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի այն որոշումը, որն արգելում է ՀՀ գործադիր իշխանությանը ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում մինչ օրս ուժի մեջ է, և այն խախտելը հակազգային, հակապետական ու հակասահմանադրական է: Մենք քանիցս բարձրաձայնել ենք Նիկոլ Փաշինյանի նշված մտադրությունների մասին՝ հղում անելով նրա ադրբեջանանպաստ հայտարարություններին, բացահայտ զիջողական ու պարտվողական քայլերին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների պարագայում արագորեն սահմանագծում և սահմանազատում անցկացնելու քաղաքական ուղեգծին: Իսկ վերջին հայտարարությունները հերթական անգամ վկայեցին, որ նա, հանուն խաղաղության կեղծ օրակարգի իրականացման, ինչպես նաև սեփական իշխանության գոյության երկարացման պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ընդունելով վերջինիս հետ հարաբերությունների արագ կարգավորման գնալը ևս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Ավելին՝ նա նաև պատրաստակամ է հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջատիրությունից, ինչի վկայություններն առկա են նաև դեկտեմբերի 24-ի հարցազրույցի որոշ դրվագներում»։
10:54 - 27 դեկտեմբերի, 2021
Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

«5165 շարժումը» հաղորդագրություն է տարածել շարժման անդամների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որը ներկայացնում ենք ստորև. «Նոյեմբերի 22-ին «5165 շարժման» անդամներս և մի խումբ մեր հայրենակիցներ դիմեցինք ՀՀ Ազգային Ժողովին ու նախագահին՝ կոչ անելով գործադրել իրենց սահմանադրաիրավական լիազորություններն ու կարողությունները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը հանրությանը ներկայացնելու հարցում: Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված մեր գրավոր դիմումի՝ նոյեմբերի 30-ին «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը հանդիպում ունեցան նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները. 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ: 2. Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից: 3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին: 4. Գործող իշխանություններին հայտնի են նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականներն ու տեսակետները Հայաստանի զարգացման ռազմավարական մոտեցումների, Արցախի հարցում ՀՀ քաղաքականության վերաբերյալ, որոնք սակայն, Շարժման անդամների ստացած տպավորությամբ, գործող իշխանությունների կողմից կա՛մ հաշվի չեն առնվում, կա՛մ չեն ըմբռնվում: 5. Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ:  Անկախ հանդիպման արդյունքներից՝ մենք մնում ենք այն կարծիքին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա՝ առանց հաշվի նստելու իշխանական այլ մարմիների կարծիքի հետ, կայացնելով միակողմանի վտանգավոր որոշումներ համազգային կարևորության ու անվտանգային մեծ նշանակության հարցերում։ Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք հնարավորություն չունի ազդելու որևէ գործընթացի վրա և կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգավոր զարգացումները։ Փաստացի մի ամբողջ ժողովուրդ դատապարտված է կրել Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չհաշվարկված և ոչ կոմպետենտ կառավարման ծանր հետևանքները։ Այս ամենից հետևում է, որ ամբողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացման շուրջ համախմբելը օրվա հրամայականն է, այլապես կորուստները շատ ավելի մեծ են լինելու»։
14:50 - 03 դեկտեմբերի, 2021
«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|

«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|

tert.am: «5165» շարժումը ՀՀ անվտանգությանը, տարածքային անվտանգությանն ուղղված սպառնալիքները և Արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով շարժման հայտարարությունը։ ««5165» շարժման հանրային բողոքի գործողությունները հետևեցին Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի այն հայտարարությանը, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթուղթ»,-հիշեցրեց նա՝ նշելով, թե իրենց նախնական պահանջն էր բացահայտել այդ փաստաթղթի էությունը՝ ինչ քարտեզներ են հիմքում, որոնք են հայկական կողմի «կարմիր գծերը»։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ փաստաթուղթ, մինչդեռ խոսել էր հանձնաժողովի ստեղծման մասին։ «Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության հարցերում որոշումների ընդունումը մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար, այս գործելակերպը վերջնականապես քանդում է ՀՀ-ում առանց այդ էլ խարխուլ պառլամենտարիզմը, անդառնալի հարված հասցնում սահմանադրականությանը, քանի որ իշխանության մյուս թևերը չեն իրականացնում վերահսկման ու հավասարակշռման իրենց գործառույթները»,-ներկայացրեց նա՝ հավելելով, թե պատրաստվում են հանդիպումներ իրականացնել բոլոր քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ, որոնք համաձայն են Կառավարության հրաժարականի պահանջին։
12:57 - 29 նոյեմբերի, 2021
Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան

Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է գալիս 1 շաբաթ արդեն շարունակվող «Ազատագրական շարժումից» ու իր պայքարը կշարունակի առանձին։ «Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից: Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք: Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու..... համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա: Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված: Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- նշված է գրառման մեջ։
19:46 - 28 նոյեմբերի, 2021
Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Միթե՞ որևէ մեկին չի հետաքրքրում` ինչ են անելու մեր հայրենիքի հետ, հերթական անգամ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց էլ տեղ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։Վերջինս նշեց, որ իշխանություններն անվստահություն են ներշնչել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, ուստի մարդիկ վախենում են դուրս գալ փողոց։«Այսուհետ մենք վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց, փաստաթղթի պահանջը դեռ սկիզբն է, մենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ։ Մենք վստահելու ենք այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական է։ Պահանջելու ենք խորհրդարանական ընդդիմությունից կատարել իրենց դերը հենց խորհրդարանում։ Այս պայքարը պարբերաբար բնույթ է կրելու, դուռ առ դուռ արթնացնելու ենք բոլորին` ուսանողությանը, մտավորականներին ե այլն»։ Ակցիայի մասնակիցներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մի տեղում հավաքվել են տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և շեշտեց, որ սա վերկուսակցական գործընթաց է։«Վտանգը հասել է ՀՀ սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ չպաշտպանեց զոհերից և կորուստներից։ Շատ կարևոր է ստորագրվելիք փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու ժողովրդի հետ, այս իշխանության հովանավորները ևս դա հասկանում են, պետք է մի կողմ դնել սևերի ու սպիտակների տարանջատումը և միավորվել»։
16:35 - 22 նոյեմբերի, 2021
Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։ Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։  ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։ Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։
15:03 - 22 նոյեմբերի, 2021
«Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի»․ «5165 շարժման» հայտարարությունը

«Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի»․ «5165 շարժման» հայտարարությունը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․  «Մոտենում է նոյեմբերի 9-ի ամոթալի համաձայնագրի տարելիցը, համաձայնագիր, որ գործող իշխանությունների կողմից մատուցվեց իբրև փրկօղակ, բայց իրականում արտահայտում էր նրանց տենչը՝ ձերբազատվելու Արցախից ու արցախյան հարցից: Այժմ էլ որոշ գերտերությունների ղեկավարների կամ փորձագետների շուրթերից հնչում են արտահայտություններ, Հայաստանի գործող ղեկավարներից ու նրանց մերձավոր լրատվամիջոցներից դուրս են սպրդում լուրեր այն մասին, որ դեռևս ցավոտ զիջումներ են սպասվում Հայաստանին, որ առջևում Արցախի հարցը գերեզմանող, Սյունիքի վրայով թուրանական միջանցքի բացում նախատեսող, ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան ներքո թշնամուն հանձնել պատրաստվող գործարքներ կան: Նշվածի կապակցությամբ հայտարարում ենք. Առաջին՝ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները, տեր կանգնելու Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներն օրինական տիրոջը վերադարձնելու գործընթացին: Հայաստանը հաստատակամորեն պետք է հրաժարվի իր կենսական շահերին հակասող որևէ գործարք ստորագրելուց, ինչը հնարավոր է համոզիչ կերպով ներկայացնել Հայաստանի վրա ենթադրյալ ճնշում գործադրող ցանկացած ուժային կենտրոնի, և ինչը հնարավոր է իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանային համակարգի ներսում առկա հակասություններն ու համաձայնությունները ճիշտ ընկալելով: Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի հարցի կարգավորման համատեքստում, ինչը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում և Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև հուսալի սահմանի գոյություն: Երրորդ՝ խաղաղության անվան տակ Հայաստանից նոր զիջումներ կորզող ցանկացած գործարք խաղաղության չի հանգեցնելու, ընդհակառակը, ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը: Չորրորդ՝ ի լուր Հայաստանի գործող իշխանությունների ու նրանց թուլություններն օգտագործող ուժերի, հայտարարում ենք, որ Հայաստանին անգամ բռնության գնով ցավոտ զիջումներ պարտադրելուն հետևելու է հայ ժողովրդի արժանապատիվ մի հատվածի պարտիզանական պայքարը»։
16:12 - 08 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Նախարարությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց հանդիպման հրավերն ընդունելու ու բոլոր քաղաքական ուժերին միավորող ամենակարևոր հարցի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու կառուցողական տրամաբանության մեջ երկխոսելու պատրաստակամության համար։ Քննարկման սեղանին երեք հիմնական հարց էր՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված հարցերի վերաբերյալ։
11:26 - 09 սեպտեմբերի, 2021
5165 շարժումը գործող իշխանություններին  նախազգուշացնում է  այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը գործող իշխանություններին նախազգուշացնում է այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակմանը՝ նշելով, որ այդ դեպքերն ի դերև են հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը․ «Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները, խաթարվում է երկրի տնտեսական բնականոն կյանքը, մասնավորապես բարեկամական Իրանի հետ հաղորդակցությունը և այլն: Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերը այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն: Ադրբեջանական այս սադրանքին արժանի և խելամիտ արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտել իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում: Նույնիսկ եթե դա չի արվում՝ ելնելով իրավիճակը չսրելու նկատառումից, ապա պետք է նկատել, որ անպատիժ մնացող այս քայլերով նախ՝ չի հանգուցալուծվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ թշնամուն դարձնում է էլ ավելի սանձարձակ՝ տալով նրան նորանոր անպատիժ ներխուժումներ իրականացնելու հնարավորություն: Ասվածը ավելի համոզիչ է դառնում՝ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի տարածք ադրբեջանցիների անպատիժ ներխուժման փաստը հաշվի առնելով: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ գործող իշխանությունները ինչպես մայիսի 12-ի ներխուժման, այնպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհի առանձին հատվածների փակման առնչությամբ ստեղծված ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ չեն տալիս, չեն մեկնաբանում իրավիճակը հանգուցալուծել չկարողանալու պատճառները, այլ, փոխարենը, երկրի համար կենսական նշանակության այս հարցերի շուրջ խոսույթը տեղափոխում են «նախկինների մեղավորության» թեզերի դաշտ: Ինչ խոսք, գուցե քաղաքական որոշ դերակատարների խոսքն ու վարքը ստեղծում են «նախկին-ներկա» խոսույթի ակտուալացման հիմքեր, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուզում ենք հիշեցնել, որ նրա պարտականությունը երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումն է: Վստահության այն քվեն, որ տրվել է 680.000 ընտրողի կողմից, որքան էլ մանիպուլյացիայի և վարչական լծակների աջակցությամբ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միևնույն է, տրվել է առաջին հերթին կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջակությունը, մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները: Ուստի, պաշտոնական անկեղծ տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչպես նաև վերլուծելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նրա շուրջ առկա աշխարհաքաղաքական իրադրությունը, համադրելով հատկապես վերջին շրջանի իրողություններն ու իրադարձությունները, անվտանգային ճգնաժամի չհանգուցալուծման հետ կապված անում ենք հետևյալ մեկնաբանությունները.Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունների, ադրբեջանական զորքերի ներխուժումների, ավտոճանապարհների արգելափակման հանդեպ առկա թողտվությունն ու կրավորականությունը՝ • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ ստեղծել հիմք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն արագ իրականացնելու համար՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով բախտի քմահաճույքին և ՀՀ-ի կողմից փաստացիորեն դուրս գալով կարգավորման գործընթացից, • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ առաջ բերել հանրային կեղծ պահանջ՝ Տավուշի և Արարատի մարզի բնակավայրերը ադրբեջանական անկլավների անվան ներքո թշնամուն հանձնելու հարցում:Կառավարության նիստին բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներ վկայակոչելը, այն պարագայում, երբ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Վարդենիս անվանման փոխարեն պահանջում է գործածել Բասարգեչար անվանումը, ապացուցում է ադրբեջանական օրակարգն առաջ տանելու, դրանով ադրբեջանցիներին թաքնված ուղերձներ փոխանցելու փաշինյանական մարտավարությունը:Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ադրբեջանական այս սադրանքն ու դրան համարժեք պատասխան չտալը կունենա և կարող է ունենալ հետևյալ հետևանքները. • Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկորցնի առանց այն էլ խարխուլ վստահությունը պետության ու պետական կառույցների, և որ ամենավտանգավորն է, բանակի հանդեպ, ինչը կարող է տեղիք տալ հայրենիքը թողնելուն և ապահով վայրերում կյանք փնտրելու նոր միտումների, • Ինչպես Սյունիքի նշված բնակավայրերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող այլ բնակավայրեր կհայաթափվեն, • առաջ կգա հանրային կեղծ պահանջ ու օրակարգ՝ երկրի անվտանգությունը միջազգային այլ սուբյեկտներին ի պահ տալու և դրանով իսկ Հայաստանի ինքնիշխանությունը դե յուրե զիջելու առումով:«5165 շարժումը». • պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն, • պահանջում է խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից ձեռք առնել ճնշման ինստիտուցիոնալ բոլոր լծակները՝ երկրի ազգաբնակչության անվտանգության, պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ոլորտներում իշխանություններին իրենց պարտականությունները կատարել տալու հարցում, • այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, • զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին»,- ասված է հայտարարության մեջ:
11:44 - 28 օգոստոսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

«5165 շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․   «Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։   Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։ Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։   5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»։   Հիշեցնենք՝ երեկա հանրահավաքի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել ընտրություններին մասնակցած քաղաքական այն ուժերի հետ, որոնք այդպիսի ցանկություն կունենան։ Փաշինյանն այսօր ունեցել է արդեն մի քանի հանդիպումներ։
20:58 - 22 հունիսի, 2021
«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը»,-այս մասին հայտարարություն է տարածալ «5165» շարժումը: «Միևնույն ժամանակ պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները: Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար, և մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայի և Հայաստանի»,-ասված է հայտարարության մեջ:
16:09 - 21 հունիսի, 2021