ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ 

ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)

ՀԱԿ-ը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում |ilur.am|

ՀԱԿ-ը կոչ է անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում |ilur.am|

ilur.am: Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը՝ մեր սիրելի Վանոն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։ «Արձակագիր Վանոյի արժեքը և իրական տեղը հայ գրականության մեջ լավագույնս ներկայացված է մեծն Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերում․ «Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր։ Արձակի անունով հարյուրավոր, հազարավոր էջեր էինք լրացրել․ երբեմն շատ հաջողված՝ Ստեփան Զորյան, Ակսել Բակունց, Հակոբ Մնձուրի, Աղասի Այվազյան։ Մեծ արձակի ծարավի ընթերցողն, այնինչ, իր համաշխարհային պրոզայի ղողանջն ուզում էր լսել իր՝ հայոց լեզվի աշխարհից, իր լեզվի, իր մշակույթի, իր արձակի պատվախնդիր այդ ընթերցողը իր գրողից հայցում էր այն էջերը, որ կհայտնաբերեին իր և իր լեզվի կարողությունը՝ հարաբերվելու աշխարհի պատումային մեծ արվեստի հետ։ Վանոն ահա լեցնելու էր և լեցնում էր այդ պարապը։» Անուրանալի է Վանոյի դերը ղարաբաղյան շարժման կազմակերպման, Հայաստանի անկախության նվաճման, պետականության կերտման և ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի գործում։ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էր, որ սեղմ ժամկետում արմատախիլ արեց հանցավորությունը և անհաշտ պայքար մղեց հանցագործ աշխարհի դեմ, նաեւ թույլ չտալով վերջինիս մասնակցությունը քաղաքական գործընթացներին (մի քաղաքականություն, որը գլխովին շրջվեց քոչարյանական կառավարման տարիներին)։ Երկուսուկես տարի տևած արյունալի պատերազմում հաղթանակն անհնարին կլիներ, եթե Վանոյի ղեկավարած նախարարությունը չապահովեր Հայաստանի ներքին անվտանգությունն ու կարգուկանոնը և օրհասական պահին չկազմակերպեր Լաչինի միջանցքի պաշտպանությունը։ Հետագայում, 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, ուրանալով Վանո Սիրադեղյանի մեծագույն ներդրումը հայոց պետականության կայացման գործում, Ռ․ Քոչարյանի վարչակազմը շինծու և ստորագույն մեղադրանքներով հալածանքներ սկսեց նրա նկատմամբ, ինչի հետևանքով Վանոն դարձավ քաղաքական վտարանդի։ Ցավոք սրտի, Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չարեցին քոչարյանական ռեժիմի գործած այդ ապօրինությանը վերջ դնելու համար։ Ժամանակն է վերականգնելու պատմական արդարությունը։ Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության եւ պետական կառավարման բնագավառներում  հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում»,- նշված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ։
22:39 - 17 հոկտեմբերի, 2021
Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Infocom-ը քարոզարշավի ընթացքի, համայնքային խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Կարեն Լազարյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Գորիսում հոկտեմբերի 17-ի ընտրությունից առաջ ուժերի վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում․ «Թեեւ քարոզարշավը երկու օր է՝ ինչ մեկնարկել է, բայց մինչ այդ էլ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր հույսները դրել են սոցցանցային, քոմենթային կռիվների վրա, ինչն իրականացվում է նաեւ ֆեյքային հայհոյանքների միջոցով»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք հրապարակավ մերժել են այդ գործելակերպը եւ մրցակից քաղաքական ուժերին պատշաճ մրցակցության, գաղափարական, ծրագրային մրցակցության հորդոր հղել: Ըստ Լազարյանի՝ Գորիսը հիմա այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած, որ իրենք իրավունք չունեն տրվել միջկուսակցական եւ սոցցանցային կռիվներին: «Մենք նաեւ կողմերին կոչ ենք արել բանավիճել բացառապես այն խնդիրների եւ ծրագրերի շուրջ, որոնք առնչվում են համայնքային խնդիրներին: Վերջին օրերի արտառոցություններից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական քաղաքական թիմերի նախընտրական ցուցակներից ավագանու անդամի թեկնածուների արտահոսք է նկատվում՝ ինքաբացարկի տեսքով: Եվ դա՝ ոչ միայն Գորիս, այլեւ Տեղ ու Տաթեւ համայնքներում»,- նկատեց Գորիսում ՀԱԿ-ի թեկնածուն եւ նշեց, որ նաեւ իրենց նախընտրական ցուցակից էլ երկու հոգի դուրս են եկել․ պատճառները դեռ ուսումնասիրում են: Սակայն թեկնածուն հեռու է մտքից, որ դա ինքնաբուխ եւ բնական գործընթաց է, եւ ավելի շատ ինչ-որ ճնշումների կամ գայթակղիչ խոստումների հետեւանք է: «Ինքներդ դատեք․ Գորիս համայնքի ամեն բնակավայրում մի քանի հոգու (միանգամից) խոստացել են նշանակել գյուղի վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն… Եվ հիմա յուրօրինակ մենամարտ է՝ մի կողմից՝ տարածքային իշխանության վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ համայնքի վարչական ռեսուրսի միջեւ»,- ասաց Կարեն Լազարյանը: 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Գորիսի համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է համայնքապետի պաշտոնում, ինչ նախաձեռնություններ կամ առաջարկներ ունի։ Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների եւ խնդիրների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական (աշխարհազորային) ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Գորիս համայնքի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում, թեկնածուն եւ իր թիմը պատրաստվում են ՀՀ կառավարությանն առաջարկել Գորիսում հրավիրել կառավարության արտագնա նիստ եւ քննարկել առկա խնդիրները: Իսկ մինչ այդ՝ կփորձեն Գորիս հրավիրել ԱԺ խմբակցություններին՝ Գորիսի անվտանգության հարցերով միասնական մոտեցում մշակելու համար: «Միեւնույն ժամանակ համարում ենք, որ ոչ պակաս կարեւոր է մեր հողի վրա ապրող, այդ հողը շենացնող մարդու կյանքի համար բարեկեցիկ պայմանների ստեղծումը, համայնքի զարգացման եւ բարգավաճման հեռանկարի երաշխավորումը: Այդ ուղղությամբ նույնպես ունենք առաջարկություններ եւ ծրագրեր»: Իսկ Գորիսում, ըստ Կարեն Լազարյանի, առաջնահերթ լուծում պահանջող շատ խնդիրներ կան․  «Համայնքի վարչական տարածք համարվող Սեւ լճի մերձակայքում 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինվորականներն են ներխուժել: Ադրբեջանցիների հսկողության ներքո են Որոտան, Քարահունջ գյուղերի երբեմնի տարածքների որոշ հատվածներ, ինչպես եւ Շուռնուխ գյուղի արեւելյան մասը: Վերիշենի եւ Ակների արոտավայրերի մի մասն ադրբեջանցիների կողմից վերահսկվող դիրքերի հայացքի ներքո են, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Անորոշություններով լեցուն է Գորիս-Կապան մայրուղին, որը, միջպետական նշանակությունից զատ, Գորիս քաղաքը համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի, նաեւ Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ գյուղատեղիների հետ հաղորդակցության միակ ուղին է: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրատեսական չի լինի մյուս հարցերի առաջնահերթ քննարկումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ իրենց կոնկրետ առաջարկություններն արտացոլված են իրենց նախընտրական ծրագրում, որի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Թե բացի անվտանգային խնդիրների հնարավոր լուծումներից՝ համայնքային զարգացման ինչ նախաձեռնություններով են հանդես գալու ընտրվելու պարագայում, Լազարյանը ներկայացրեց, որ նախ պետք է լուծվի Բարձրավանի, Ներքին Խնձորեսկի եւ Վերիշեն գյուղերի գործող ճանապարհների հիմնանորոգման կամ գոնե բարեկարգման խնդիրը: Խնձորեսկում նաեւ խմելու ջրի խնդիր կա, որ չի լուծվել տասնամյակներով։ «Կան նաեւ բնապահպանությանն առնչվող խնդիրներ. խոսքը, մանսվորապես, Վարական գետն աղտոտումից զերծ պահելն է Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերի եւ Գորիս քաղաքի տարածքում»,- ասաց թեկնածուն եւ նկատեց՝ որքան էլ տարօրինակ է՝ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չի տրվել Ակներ եւ Վերիշեն գյուղերին, որոնք մոտ 11 կմ սահման ունեն Ադրբեջանի հետ: (Գորիսի խոշորացված համայնքի 12 բնակավայրերից 5-ը (Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն եւ Բարձրավան գյուղերը) պաշտոնապես ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ,- հեղ․)։ Այս ամենից զատ՝ Գորիսում համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Լազարյանի համոզմամբ՝ կա մեկ այլ լրջագույն խնդիր եւս՝ համայնքում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը: Հայարփի Բաղդասարյան
17:21 - 24 սեպտեմբերի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ

ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց․ ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․   «Ամփոփելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբերից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելով ԿԸՀ պաշտոնական տվյալները, ինչպես նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հետևյալ նախնական արձանագրումները․   1․ Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների՝ իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը՝ այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտմամբ իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։   2․ Թեև ընդունման համար պատրաստ էին և քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցված՝ Ընտրական և Քրեական օրենսգրքերի այնպիսի փոփոխությունները, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը, իշխանությունները հրաժարվեցին և, ի զարմանս բոլորի, հետաձգեցին դրանց կիրառումը։ Արդյունքում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում։   3․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին: Դրանից բացի՝ իշխող ուժը սոցիալական ցանցերում ներդրել էր հարյուրավոր, այսպես կոչված` «ֆեյքերի» մի ամբողջ բանակ, որի գլխավոր խնդիրը կեղծիքի տարածումն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ապակողմնորոշումը։ Ի հավելումն կատարվածի՝ Հանրային հեռուստաընկերությունը, օրենքի խախտմամբ, արգելեց մի շարք կուսակցությունների մասնակցությունը հունիսի 18-ի հեռուստատեսային ամփոփիչ բանավեճին։ «Օրենքի պահապան» իշխանությունը նույնիսկ դիմեց լռության օրվա պահանջի կոպիտ խախտման։   4․ Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից։ Դրա գլխավոր խնդիրը՝ տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողների հավաքագրումն ու ուղղորդումն էր քվեարկության, իսկ փաստի լավագույն ապացույցը՝ առավոտյան ժամերին միայն ուղղորդվող քվեարկությանը բնորոշ մեծ կուտակումներն էին տեղամասային կենտրոններում, ինչպես նաև՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ, տարբեր անկյուններից ծալված քվեաթերթիկների բազմաքանակությունը։   5․ Ողջ ընտրարշավն ուղեկցվեց իշխող կուսակցության և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդների կողմից՝ միմյանց ուղղված հայհոյախոսություններով, սպառնալիքներով, «կոմպրոմատներով», հաշվեհարդարի ու բռնության կոչերով՝ ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների լուռ հայացքի ներքո։ Երևույթ, որ տեղ չէր գտել նախորդ ընտրություններից և ոչ մեկում։   6․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել շուրջ 800 000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է Ազգային ժողովի՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։   Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։
20:55 - 25 հունիսի, 2021
«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին

«Վհատվել չկա». ՀԱԿ փոխնախագահը դիմել է թիմին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին ու դիմել թիմին: «Սիրելի թիմ Կոնգրես 2021, Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը եւ սերը մեր երկրի նկատմամբ: Ընդամենը 30 օրվա ընթացում մենք կարողացանք ներկայացնել մեր հասարակությանը ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, Հայաստանի զարգացման մեր ծրագրերը, իրատեսական քաղաքականության վերադարձի անհրաժեշտությունը: Ցավոք, աղքատության եւ կախվածության մեջ գտնվող մեր ժողովրդի վրա ադմինիստրատիվ ռեսուրսի ու պետական/մասնավոր գործատուների ճնշումները, ինչպես նաեւ օլիգարխներին պատկանող փողն ու լրատվամիջոցները գերի են վերցրել մեր ընտրական եւ, լայն իմաստով, քաղաքական համակարգը: Նման համակարգում հաղթում են փող եւ լծակ ունեցող, հետեւաբար, նաեւ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տեր քաղաքական ուժերը, եւ ոչ ռացիոնալիզմը կամ քաղաքական միտքը։ Վհատվել չկա։ Որեւէ ազգ միեւնույն է չի կարող առաջընթաց ունենալ առանց ռացիոնալ քաղաքական մտքի եւ սթափ հաշվարկի վրա կառուցած ծրագրերի։ Հենց այդ սկզբունքների եւ գաղափարների շնորհիվ մեզ հաջողվեց մեր կողմ բերել մտածող մարդկանց զգալի հատվածին եւ, ինչն ամենաոգեւորիչն է, ուսման, գիտության, արվեստի եւ գործարարության մեջ հաջողակ երիտասարդությանը: Մեզ ընդամենը պետք է պահպանել եւ ընդարձակել ընտրարշավի ընթացքում ստեղծված հոյակապ նոր թիմը եւ աջակիցների հենարանը հետագա քաղաքական մարտերի համար: Այս իշխանությունների երեք տարվա կառավարումն ապացուցել է, որ նրանք կատարյալ ձախողակ են պետական կառավարման եւ հաջողել են միայն դեմագոգիայի եւ հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործում: Կասկած չունեմ, որ շատ շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերը նրանց ձախողումների հետեւաքները հաղթահարելու եւ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր թեկնածուներին, աջակիցներին, ֆինանսական ներդրում կատարողներին, քարոզիչներին եւ շտաբային աշխատանք կատարողներին: Ռացիոնալիզմը եւ արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»:
16:20 - 24 հունիսի, 2021
Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|

hetq.am: «Մենք դառնագույն պարտություն ենք կրել, առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ՝ ինչպիսի ուժեր են ներգրավված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում։«Լրջանալու պահն արդեն հնացած է։ Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեց առաջին նախագահը։ Նրա խոսքով՝ կար դուրս գալու հեշտ, քաղաքակիրթ լուծում, դա երկու նախագահներին արված իր առաջարկն էր, թեև Տեր-Պետրոսյաի խոսքով՝ իրենց շարքերում ևս եղել են մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց առաջարկը․ «Այս քայլով կարող էին երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանները գիտեիք, ոչ ես, ոչ իրենցից մեկը չէինք հավակնում պետական որևէ պաշտոնի, ստեղծում էինք տեխնոկրատների մի կառավարություն, լուրջ մի կառավարություն, և հնարավորություն էր ստեղծվում 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը»,- նշեց առաջին նախագահը՝ հավելելով, որ դրանից հետո «Նիկոլի ֆենոմեն» չէր լինի։ Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրենց հայտնվելը խորհրդարանում կլինի զսպող, կկատարեն արբիտրի դեր։ Նա կոչ արեց պայքարել մինչև վերջ։
21:58 - 18 հունիսի, 2021
ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան |armenpress.am|

armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը: Նա նախ նախընտրական բանավեճը համարեց կարևորագույն իրադարձություն: «ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից»,-ասաց Զուրաբյանը: Նա շեշտեց՝ ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի  մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները: ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով: ՀԱԿ-ը պատրաստվում է շատ արագ դիմել Վերաքննիչ դատարան: Զուրաբյանը նշեց, որ իրենք այդ բանավեճին գլխավոր հարցերն էին ուղղելու, կարևոր հարցադրումներ ունեին թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին:  Զուրաբյանը հնչեցրեց այն հարցերը, որոնք պետք է ուղղեին երկու գործիչներին էլ՝ խնդրելով լրագրողներին դա փոխանցել նրանց: Սկզբում նա ներկայացրեց այն հարցը, որը ՀԱԿ-ը բանավեճին պետք է ուղղեր Փաշինյանին. «Իմանալով, որ պետք է վերադարձվեր ընդամենը 5 շրջանը, լիներ արժանապատիվ հարատև խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով Հայաստանի և Արցախի համար, իմանալով մեր բանակի իրական վիճակը, ունենալով ԳՇ զեկույցները՝ բանակի վիճակի մասին և  պահանջը՝ հարցը լուծել հնարավորինս դիվանագիտական տարբերակով, ինչո՞ւ նա չգնաց արժանապատիվ խաղաղության պլանի ընդունմանը և հայ ժողովրդին տարավ միակողմանի սպանդ հանդիսացող պատերազմի՝ Ադրբեջանի հետ»: Ռոբերտ Քոչարյանի համար ՀԱԿ-ի հարցերը պետք է լինեին հետևյալը. «Ինչո՞ւ նա վիժեցրեց 1997-1998 թթ Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, Ադրբեջանը համաձայնել էր կապիտուլյացիա ստորագրել, իսկ հետո փոխարենը ոչ մի բան չբերեց՝ որպես խաղաղության պլան, որպես Հայաստանի և Արցախի համար ելք: Եվ իր իշխանավարության միակ արդյունքը այն եղավ, որ Արցախին դուրս շպրտեց բանակցությունների սեղանից: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա չպատրաստվեց պատերազմի: Իրականում 1994 թվականից սկսած ոչ մի բան չի ավելացել՝ ռազմաճակատի ամրացված գծերին: Եվ երրորդը՝ ինչո՞ւ նա չի ցանկանում կրել պատասխանատվություն, որ հենց ինքն է ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, որի շնորհիվ կարողացավ մեր ժողովրդից թալանել միլիարդներ….Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը՝ նրա արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»:
15:48 - 18 հունիսի, 2021
Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան |armenpress.am|

Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան |armenpress.am|

armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետութունը փրկելու հատուկ օպերացիա: Այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին ՝ նա  շատ տրամաբանական համարեց, որ այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան այն խնդիրների վրա, թե Հայաստանն անկախությունից ի վեր իր ճանապարհն արդյոք ճի՞շտ է անցել, ո՞ր ուղղություններով է սխալ գնացել: «Դա է պատճառը, որ այս ընտրություններում գլխավոր մրցակիցները դարձան այն ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներկայացրել են ՀՀ իշխանություններին: Եվ արդեն կարելի է ասել, որ հենց այդ ուժերն էլ խորհրդարանում կունենան իրենց ծանրակշիռ ներկայությունը»,-ասաց Զուրաբյանը: Նա, սակայն հավելեց, որ սակայն դեմոկրատական ընտրություններում ամեն ինչ հնարավոր է: «Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա»,- ասաց Զուրաբյանը: Ընտրական ցուցակի անդամ Աննա Դավթյան-Գևորգյանն էլ նշեց.  «Քարոզարշավի շրջանում մեր կարևոր ուղերձներից մեկն էր նաև տեղ հասցնել այն մտայնությունը, որ այն, ինչ ունենք այսօր, ամենևին նույն խաղաղությունը չէ, ինչ կունենայինք, եթե արժանապատիվ խաղաղության գնայինք և ընդունեինք բանակցային ճանապարհով հարցը լուծելու տարբերակը»: Նա հավելեց՝ ներկա իշխանությունները անվերջ փորձում են հենց այդ ցույց տալ, որ այս գլխիկոր վիճակը խաղաղության հոմանիշ է: «Եվ այն ուժերն էլ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին բանակցային ճանապարհով հարցի լուծումը, ուզում են ցույց տալ, որ իրենք այնքան էլ սխալ չէին, քանի որ այդ նույն արդյունքն էր լինելու»,-ասաց նա: Դավթյան-Գևորգյանը երկուսն էլ համարեց մոլորության տանող պնդումներ: «Ես վստահ եմ, որ քաղաքացիները մուրճի և մանգաղի այդ պարտադրված երկընտրանքից դուրս են գալու, որովհետև վստահ եմ՝ կա այն ընկալումը, որ միակ սառը զենքը, որ մեզ անհրաժեշտ է խորհրդարանում, սուր միտքն է, սառը դատողությունը և ողջախոհությունը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
15:02 - 18 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը 12-րդ օրը սկսելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժամը 11։00-ին՝ Պրահայի այգու սկզբնամասում։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ տեղի կունենա Ani Grand հյուրանոցում ժամը 17։00-ին։ Քաղաքական ուժը հանդես կգա նաև ասուլիսային ձևաչափով՝ ժամը 13։00-ին։ Բանախոսները կլինեն Լևոն Զուրաբյանը և Աննա Գևորգյանը։ Նրանք կամփոփեն քարոզարշավի ընթացքը։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կանցկացնի հանրահավաք ժամը 19։00-ին։ Ընտրողների և համակիրների հետ հանդիպումը կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի բոլոր թեկնածուները հունիսի 18-ին ժամը 11։00-ին կլինեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Նրանք կամփոփեն քարոզարշավը, կներկայացնեն պատգամավորական կազմը և այլընտրանքային կառավարության կազմը։ «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը և պատգամավորի թեկնածու, գրող, լրագրող, իրավապաշտպան Լուսինե Ղազարյանը մամուլի ասուլիս կունենան ժամը 12։00-ին։  «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Երևանում։ Այս քաղաքական ուժը նույնպես ասուլիսով հանդես կգա։ Ժամը 11։00-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, սպասվող ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ «Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում նույնպես ասուլիսային ձևաչափով կներկայանան։ Ասուլիսին կմասնակցեն ԱԺԲ խորհրդի անդամները։
09:38 - 18 հունիսի, 2021
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, նշում է․«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության, կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը։ Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն։ Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից։ Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։ Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ Շնորհակալություն»։
23:25 - 17 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ վարչապետի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Առաջին նախագահը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2010 ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 1 մլն 27 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հողամաս, 3 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Լինքոլն Թաունքար» մակնիշի։ Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 5 մլրդ 130 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Մաղաքելյանը հայտարարագրել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան և 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոտնակ։ Մաղաքելյանը բաժնեմասեր ունի «ՄԳԳ», «Արմմեդպրոմ», «ԿՌՔՎԶ», «Ավտոդավ+», «ԺԲԻ-13» և «Դոնեցկի էքսկավատոր» ընկերություններում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայկ Մաղաքելյանի գրանցումը՝ Անձնագրային և վիզաների վարչության՝ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանքը կեղծելու հիմքով։ Պատգամավորի թեկնածու Գրիգորի Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2 մլն 219 հազար ՀՀ դրամ, 1 մլն 756 հազար 295 ԱՄՆ դոլար, 10 եվրո և 56 ֆունտստերլինգ, որը, դրամի վերածած, կազմում է 899 մլն 733 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանը հայտարարգրել է 3 առանձնատուն, 2 բնակարան, գյուղատնտեսական նշանակության 1 հող և բնակելի կառուցապատման 1 հող։ Գրիգորյանը բաժնեմաս ունի «Արմենիա» և «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն ընկերություններում։ Բագրատ Ասատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն 500 հազար ՀՀ դրամ, 388 հազար 600 ԱՄՆ դոլար և 80 հազար 500 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 251 մլն 898 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ասատրյանը հայտարարագրել է 1 բնակարան։ Վերջինս բաժնեմաս ունի «Գառնի Ինվեստ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Արամ Բարեղամյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 հողամաս, 4 վարելահող և 1 ավտոմոբիլ։ Բարեղամյանը բաժնեմաս ունի «Լեռնաբեկոր» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։ Արտակ Առաքելյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 15 մլն 73 հազար ՀՀ դրամ և 7000 ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 18 մլն 650 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Առաքելյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 ավտոմոբիլ։ Նա բաժնեմաս ունի «Իմպրինտ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է 21 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակելի տուն, 1 բնակարան, 1 շինություն, 1 այգետնակ, 1 նկուղ, արդյունաբերական և այլ արտադրական նշանակության 1 տարածք, 1 հողամաս, 3 ավտոկայանատեղի և գյուղատնտեսական նշանակության 10 հող։ Գաբայանը հայտարարագրել է 10 շարժական գույք՝ 4 բեռնատար ավտոմեքենա, 5 թեթև մարդատար ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։ Գաբայանը բաժնեմաս ունի «Էդ․ Գրիգ Շին» ընկերությունում։ Լևիկ Խաչատրյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 այգեգործական հողամաս, 1 գյուղատնտեսական հողամաս և 1 հողամաս։ Խաչատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար դրամ։ Նա բաժնեմասեր ունի «Կապիտան Վ․ Լ․ Շ․» և «Զարթոնք-90» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածու Վիկտոր Գասպարյանը դրամական միջոց չի հայտարարագրել։ Գասպարյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Վատռա» ընկերությունում։ Վահագն Մամիկոյանը հայտարարագրել է 600 հազար ՀՀ դրամ և 1 շինություն։ Մամիկոնյանը բաժնեմաս ունի «ՏԻԳՎԱ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Սամվել Կարաբեկյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 851 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Կարաբեկյանը հայտարարագրել է 2 բնակարան։ Նա «Հայէկոնոմբանկ» ընկերությունում ունի բաժնետոմս։ Գագիկ Ադամյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար ՀՀ դարմ։ Բացի այդ՝ նա հայտարարագրել է 1 շինություն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա։ Ադամյանը բաժնեմաս ունի «Էլիմո» ընկերությունում։ Ռաֆայել Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 3 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանն ունի 2 հողամաս և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Ռամարտ» ընկերությունում։ Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է, որի գրանցումը, սակայն, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել։ Ընդհանուր առմամբ, կուսակցության պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները, միասին վերցրած, կազմում է 111 մլն 464 հազար 500 ՀՀ դրամ, 12 մլն 340 հազար ԱՄՆ դոլար, 90 հազար 580 եվրո, 80 եվրո և 56 ֆունտստերլինգ։ Ընդհանուր առմամբ, ողջ գումարը, դրամի վերածած, կազմում է 6 մլրդ 470 մլն 786 հազար ՀՀ դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
18:34 - 17 հունիսի, 2021
Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը չի եղել առաջնահերթություն․ Արման Մուսինյան

Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի համար Ղարաբաղյան հարցի կարգավորումը չի եղել առաջնահերթություն․ Արման Մուսինյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը «Ալիք» մեդիայի «Զրույց Թաթուլ Հակոբյանի հետ» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել Հայաստանի գլխին կախված սպառնալիքները։ «Հայաստանը ապրում է խորագույն ճգնաժամ՝ կապված վերջին աղետի հետ, որը վրա հասավ մեր պետության և ժողովրդի գլխին, և մեր խնդիրն է կասեցնել այս աղետալի ընթացքը, որը դեռ շարունակվում է, հատկապես նաև գործող իշխանության պաշտոնավարման արդյունքում, և հնարավորինս արագ վերացնել այն վտանգավոր սպառնալիքները, որոնք այսօր կախված են մեր երկրի գլխին»։ Մուսինյանի խոսքով՝ Հայաստանում հիմա իսկապես հրդեհ է։ «Առաջնահերթ հարցը այդ հրդեհի մարումն է, որի առանցքային հենասյուներն են լինելու անվտանգությունը, դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրների լուծումը, սպառնալիքների չեզոքացումը, և պետության կառավարելիության ապահովումը։ Սրանք են այն երեք գերակա խնդիրները, որոնց այսօր պետք է լծվի իշխանությանը հավակնող քաղաքական ուժը։ Անհամեստություն չլինի, այդ ուժը, որ ունի նման պոտենցիալ, «Հայ ազգային կոնգրես»-ն է, որովհետև փորձով մնացած ուժերը ցույց են տվել այդ հարցում իրենց անկարողությունը»։ Նրա դիտարկմամբ՝ պետության կործանարար ընթացքը շարունակվելու է, քանի դեռ քաղաքականության հիմքում չի դրվում իրատեսությունը։ «Եվ, ցավոք, քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռ շարունակում են ժողովրդին կերակրել այդ կեղծ  պատրանքներով, հեքիաթներով և վտանգավոր գաղափարներով, պոպուլիզմով, ստով, կեղծիքով։ Եթե մենք չկարողացանք հունիսի 20-ին կասեցնել այդ ընթացքը, մեր երկիրը հայտնվելու է էլ ավելի վտանգավոր ուղու վրա»։ Նա նաև նշել է, որ 1998 թ․-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի պատմության ընթացքը բեկվել է վտանգավոր ուղղությամբ։ «Հայաստանի հաջորդ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը ընտրեցին Ղարաբաղի հարցը չլուծելու քաղաքականություն։Երեք իշխանություններն էլ  խնդիր չէին դրել լուծել Ղարաբաղի հարցը, դա իրենց համար առաջնահերթություն չէր այդ իմաստով։ Կգնային, կբանակցեին, կմոտենային ինչ-որ հանգուցալուծման, հետո կստացվեր, թե չէր ստացվի։ Իրենց համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ որպես պետության առաջնահերթություն չի եղել, սա է ցույց տալիս իրենց գործողությունները, ինչքան էլ որ նրանք հրապարակավ այլ բան խոսեն։ Գործողությունները փաստում են, որ նրանց համար դա չի եղել առաջնահերթություն»։
18:23 - 16 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Արտահերթ ընտրությունները  ծրագրվեցին և հիմա իրականացվում են, որպեսզի վերացնեին 44 օրյա պատերազմից հետո  ստեղծված ճգնաժամը, բայց այս ամբողջ ընթացքը  ցույց է տալիս, որ ոչ միայն չեն վերացնելու, այլև ավելի խորացնում են, որովհետև պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամը նախ և առաջ բոլոր կողմերը վերլուծեին դրա ապատճառները, պետք է հասկանային, թե ինչու հնարավոր եղավ այդ պատերազը, ինչու սկսվեց, ինչու այդ ընթացքն ունեցավ։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ այսօր պետք է շատ  լուրջ վերլուծությւոնների ժամանակաշրջան լիներ Հայաստանում, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ  այս արտահերթ ընտրությունները կողմերը փորձում են օգտագործել ինքնահաստատվելու, սեփական հավակնությունները  դրսևորելու և առաջ տանելու համար։ Պասկևիչյանի կարծիքով դա էլ առաջացնում է այս խոսույթը, եթե չկա լուրջ խոսակցություն, ուրեմն կա հայհոյանք, փոխադարձ մեղադրանք, ընդհուպ սեռական բնույթի արտահայտություններ։ Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից քաղաքական գործիչների՝ ատելության խոսք տարածելու մասին ելույթների վերատառությամբ հոդվածներին, Պասկևիչյանը շեշտեց, որ լրատվամիջոցների մեծ մասը այնպես չեն անում, որ Հայաստանում լուրջ քննարկում տեղի ունենա, դրանց մեծ մասը միշտ գնում է իրադարձությունների հետևից, միշտ փնտրում են «լայք» բերող թեմաներ և իրավիճակներ։ «Մի առիթով ասել եմ և հիմա նորից կրկնեմ, որ այս ատելությունը իր հետ բերեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը չնայած ուներ մեծ լոզունգներ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց ըստ էության առաջին օրերից ատելության խոսք գեներացնող երևույթ էր։ Մենք շատ լավ հիշում ենք, այդ ժամանակներում հանարպետականների տների վրա գնալը, այդ սև պաստառները, դագաղներ, ծաղկեպսակներ և այլն։ Ատելությունը այնպիսի բան է, որ ինքն իրեն վերարտադրվում է, դու ասում ես ատելության խոսք, դիմացինդ էլ է ասում։ Դիմացինդ էլ այնքան կիրթ ու հասուն  չէր, որ ատելությամբ չպատասխանի։ Որպեսզի այս ատելության մթնոլորտը վերանա, կարծում եմ, որ իշխանութունից պետք է հեռանան, կամ իշխանությանը մոտ չգան բոլոր այն ուժերը, որոնք ստեղծում են դա, և՛ ներկայիս իշխանությունն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է,  և՛ այսպես ասած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախկին հանրապետականներն են։ Դրանք պետք է չլինեն, որպեսզի սա չլինի։ Նրանք, եթե եղան խորհրդարանում այդ ամբողջ խոսույթը տեղափոխվելու է խորհրդարանի դահլիճ»,- ասաց Պասկևիչկանը։ Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը այնքան ստրատեգ կամ խորաթափանց գործիչ չէր, որ 2018 թվականի ամռանը կամ 2019-ին մտածեր, թե ոնց Ռոբերտ Քոչարյանին  բերի ասպարեզ, պարզապես նա արեց հիմար քայլեր և դրանց արդյունքում Քոչարյանը վերածնվեց։ Պասկևիչյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի վերածննդի հեղինակն է։ Նա պարզապես վերածնեց Քոչարյանին, անհեռանկար, պոպուլիստական քայլեր անելով։ Այս ընտրությունները ոչ թե արվում են ճգնաժամի հաղթահարման համար, այլ  ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և  ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր- Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ Ինչ էր ասում, ասում էր՝ մենք այս պատերազմի մարդիկն ենք, բոլոր երեք նախագահներս  և Նիկոլ Փաշինյանը, պատերազմը ինչ-որ կերպ ավարտվել է, ցավոք սրտի մեզ համար վատ ելքով, մենք բոլորս դուրս գանք և հնարվորություն տանք նոր ուժերի ստեղծել տեխնոկրատների կառավարություն և երկիրը հանել այս իրավիճակից»։ Պասկևիչյանը նշեց, որ եթե նույնիսկ եթե կողմերից որևէ մեկին հաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել, միևնույնն է այս լարվածությունը վերջ չի ունենալու։ Նրա կարծիքով  պետք է նորից սպասենք արտահերթ ընտրությունների: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք պոպուլիստական քայլ էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատրաստ է իր որդուն գերի հանձնել Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի պայմանով։ Պասկևիչյանը պատասխանեց․ «Եթե իր որդուն գերիների դիմաց փոխանակելու հայտարարությունը պոպուլիստական քայլ չէր, ապա Փաշինյանը տասը րոպե չպետք  է մնա իշխանության ղեկի մոտ, եթե դա քաղաքական գործչի մտածված քայլ էր։ Չկա միջազգային հարաբերությւոնների այդպիսի մեխանիզմ, որ դու տանես քո որդուն հանձնես դրա դիմաց ինչ-որ բան ստանաս։ Ժամանակակից աշխարհում նման բան չկա, եթե մարդը դա չգիտի, ապա  տասը րոպե ավել չպետք է մնա իշխանության ղեկին, իսկ եթե գիտի և ասում է, ուրեմն խայտառակագույն պոպուլիզմ է»,- շեշտեց Պասկևիչյանը, հավելելով, որ իր կարծիքով ընտրություններից հետո շատ անհաջող խորհրդարան ենք ունենալու։         
12:40 - 15 հունիսի, 2021