ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նախագահ Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է: Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի: Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:
11:26 - 25 հունիսի, 2021
Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» առաջիկա անելիքները  |armenpress.am|

Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» առաջիկա անելիքները |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը 8-րդ գումարման ԱԺ-ում չի լինի, որոշակի դադար կվերցնի՝ վերլուծելու անելիքները, հետո կվերադասավորի ներքին կառույցները, աշնանը կդիտարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հնարավորությունը, միաժամանակ ուժերի ներածին չափով կանի ամեն ինչ՝ ծառայելու պետության շահերին: Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում: Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ԼՀԿ-ին՝ վստահեցնելով, որ իրենց քվե տվողները չեն զղջա: Նա հույս հայտնեց, որ 8-րդ գումարման ԱԺ-ում ընդգրկված ուժերը ի շահ պետականության կգործեն: «Ընդունելով ընտրությունների այդ արդյունքները՝ շարունակելու ենք արտախորհրդարանական մեր գործունեությունը»,-ասաց Մարուքյանը: Նա հավելեց, որ արտերկրում ունեցած իրենց խողովակներն ակտիվ կօգտագործեն պետության համար: «Կապ չունի՝ խորհրդարանական ուժ ես, թե արտախորհրդարանական: Այն ամենը, ինչը կուսակցությունը որպես քաղաքական կապիտալ ունի, ավելի է զարգացնելու և ծառայեցնելու է մեր ազգային պետական շահերը սպասարկելուն»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանն է նախաձեռնել հանդիպումներ՝ ընտրություններին մասնակցած ուժերի հետ: «Մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում՝ որևէ քաղաքական ուժի ղեկավարի կամ պետության ղեկավարի հետ: Եվ հանդիպման ժամանակ նա ասել է՝ կա արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ ստեղծելու գաղափար, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի: Ես էլ ասացի՝ երբ կստեղծվի, կքննարկենք»,- նշեց Մարուքյանը: Հանդիպման ընթացքում աշխատանքի առաջարկի հետ կապված որևէ քննարկում չի եղել, ինքն էլ չի ակնկալում: Մարուքյանն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, սակայն վստահեցնում է, որ իր ուժերի ներածին չափով ծառայելու է պետությանը: Նա աշխատանք չի փնտրում հիմա: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու՝ վերաիմաստավորելու ներքին համակարգը, կառույցները վերադասավորելու իմաստով, բայց հավելեց նաև, որ մի փոքր հանգստանալու կարիք ունեն: «Տան երես չենք տեսել ոչ մեկս՝ ոչ միայն այս քարոզարշավի պատճառով: Մեզ նաև որոշակի դադար է պետք՝ իմաստավորելու, վերլուծելու մեր անելիքները»,-ասաց նա: Աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, օրինակ, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում: «Կտեսնենք, որտեղ նորմալ վիճակ ունենք, որտեղ կառույցը, թիմը ուժեղ են, ամբիցիա ունեն՝ մտնելու պրոցեսի մեջ, անպայման կմտնենք, որտեղ չէ՝ կսպասենք»,-նշեց նա:
13:58 - 24 հունիսի, 2021
Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի |armenpress.am|

Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կարծում է, որ 8-րդ գումարման խորհրդարանը որակապես ավելի լավ չի լինի, քան 7-րդ գումարման ԱԺ-ն էր: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում: Մարուքյանն ընդունում է, որ ԼՀԿ-ի համերաշխության, միասնության օրակարգը պարտվել է: «Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Ժողովրդի որոշումն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա: Հարցին, թե խորհրդարանի այդ կազմով հնարավո՞ր է վերականգնել համերաշխությունը՝ Մարուքյանը դժվարացավ պատասխանել: «Կարող է գնան խորհրդարան, համերաշխ, սիրով իրար հետ աշխատեն, կարող է գնան ամեն օր կռվեն: Կտեսնենք, ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը կլինի որակապես շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: Ձայների վերահաշվարկի գործընթացին ԼՀԿ-ն հետևում է: Մարուքյանը նկատեց, որ մեծ հաշվով դրա արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել: «Ես կարծում եմ՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե ապացույցներ լինեն զանգվածային խախտումների վերաբերյալ, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք նման տվյալներ չունեն: Մարուքյանը նկատեց, որ անգամ այն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ  դիմել, ուզում են նաև մանդատները վերցնել: «Հետևաբար, նաև իրենք էլ են ընդունում այդ արդյունքները: Վիճարկելու հարցեր կան, թող վիճարկեն,ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է մեր ժողովրդի որոշումը»,- ասաց նա:
12:21 - 24 հունիսի, 2021
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում․ դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ․ Մարուքյանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:   Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, նաև ափսոսում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել մեր վերջին տարիների քաղաքական կյանքում: Այսօր կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և կուզենայի լսել, թե ինչ լուծումներ եք տեսնում, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, փոխադարձաբար լսելիության ավելի բարձր աստիճան ունենան: Եվ այլ մտքեր, եթե Դուք ինչ-որ գաղափարներ ունեք և հարկ եք համարում, որ այսօր մենք այդ թեմայով քննարկում ունենանք: Էդմոն Մարուքյան - Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ հրավերի համար: Այո, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց հիմնականում համերաշխության, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով: Ըստ էության, մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:   Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
17:59 - 22 հունիսի, 2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության. հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության. հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայունությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»:
16:11 - 21 հունիսի, 2021
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների հետ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր երկիր են ժամանել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ կազմակերպություններ: Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կանիբեկ Իմանալիևի գլխավորությամբ: Մեր երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անկողմնակալ գնահատելու համատեքստում խմբակցությունների ներկայացուցիչները կարևորեցին ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը: Անդրադարձ եղավ նախընտրական քարոզչության իրականացմանը, հետընտրական գործընթացներին, բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորություններին: Արժևորվեց կայունությունն ու խաղաղությունը թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում: Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում: Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին:
15:28 - 19 հունիսի, 2021
ԼՀԿ-ն ակնկալում է խորհրդարանում կրկին երրորդ ուժը դառնալ |armtimes.com|

ԼՀԿ-ն ակնկալում է խորհրդարանում կրկին երրորդ ուժը դառնալ |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ քարոզարշավի վերջին օրն անցկացնում է Երեւանում ընտրողների հետ հանդիպումներով: Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ ակնկալում են կիրակի կայանալիք ընտրությունների արդյունքում խորհրդարանում կրկին երրորդ ուժը լինել, համենայնդեպս, նրա համոզմամբ, զարգացումները արդ ուղղությամբ են գնում: Հարցին, չընտրվելու դեպքում փողոց դուրս կգա՞ն, Մարուքյանը պատասխանեց, որ ԼՀԿ-ն փողոց դուրս կգա միայն այն դեպքում, երբ, օրինակ, ընտրությունների արդյունքները կեղծվեն կամ երկրում արհավիրք  տեղի ունենա: «Ինչի՞ համար: Այսինքն փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չեն անցնո՞ւմ: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալ կարելի է միայն մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում: «Լուսավոր Հայաստանն» այսօր հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով: Ժողովուրդն ուզում է եւ պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե   չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, եւ մենք սա ենք անում»,- ընդգծեց Մարուքյանը: Ըստ նրա, եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն իրենց օրակարգը պարտված է:  «Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ ձևով, որևէ անելիք չունենք: Այսինքն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի: Այդ օրակարգը ժողովրդի պահանջն է: Մեզանից կախվածն արդեն արել, անում ենք, մյուս ուժերից կախվածն է պետք անել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը: Մարուքյանը համոզված է, այն, ինչ առաջարկում են նախկին և ներկա իշխանությունները, պարզապես իրենց տարիներ առաջ ունեցած հարցերը պարզելու համար է:
12:39 - 18 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը 12-րդ օրը սկսելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժամը 11։00-ին՝ Պրահայի այգու սկզբնամասում։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ տեղի կունենա Ani Grand հյուրանոցում ժամը 17։00-ին։ Քաղաքական ուժը հանդես կգա նաև ասուլիսային ձևաչափով՝ ժամը 13։00-ին։ Բանախոսները կլինեն Լևոն Զուրաբյանը և Աննա Գևորգյանը։ Նրանք կամփոփեն քարոզարշավի ընթացքը։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կանցկացնի հանրահավաք ժամը 19։00-ին։ Ընտրողների և համակիրների հետ հանդիպումը կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի բոլոր թեկնածուները հունիսի 18-ին ժամը 11։00-ին կլինեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Նրանք կամփոփեն քարոզարշավը, կներկայացնեն պատգամավորական կազմը և այլընտրանքային կառավարության կազմը։ «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը և պատգամավորի թեկնածու, գրող, լրագրող, իրավապաշտպան Լուսինե Ղազարյանը մամուլի ասուլիս կունենան ժամը 12։00-ին։  «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Երևանում։ Այս քաղաքական ուժը նույնպես ասուլիսով հանդես կգա։ Ժամը 11։00-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, սպասվող ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ «Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում նույնպես ասուլիսային ձևաչափով կներկայանան։ Ասուլիսին կմասնակցեն ԱԺԲ խորհրդի անդամները։
09:38 - 18 հունիսի, 2021
Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|

armtimes.com: Հանրային ՀԸ-ի՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարաշվի շրջանակներում իրականացվող բանավեճի ընթացքում մասնակցող քաղաքական թիմերի առաջնորդները հայտնեցին, թե որ ուժի հաղթանակի դեպքում են պատրաստ համագործակցել: «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ բացառում է այժմյան իշխանությունների հետ համագործակցությունը. «Բացառում եմ նաև նախկին իշխանությունների հետ կոալիցիայի կազմումը: Մենք կառաջարկենք ազգային համաձայնության կառավարության ձևավորում և չենք համաձայնի վարչապետի թեկնածուներից և ոչ մեկի հետ»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ վստահություն հայտնեց, որ ընտրությունները լինելու են ազատ և անկախ. «Այդպիսի ընտրությունների դեպքում ես շնորհավորելու եմ հաղթող ուժին: Համագործակցելու մասին էլ կարող ենք խոսել ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,-ասաց Սարգսյանը: Էդմոն Մարուքյանն էլ բացառեց կոալիցիայի կազմումը և նախկին, և ներկա իշխանությունների հետ. «Մենք առաջարկում ենք ազգային միասնության կառավարություն: Եթե դա չլինի, ապա երկիրը շարունակաբար մնալու է ցնցումների մեջ»: «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց, որ ընդունելու է իր պարտությունը, եթե տեսնի, որ բացահայտ պարտվել է. «Պետք է ուժերի միավորում, խնդիրը հիմա բարդ է, մեկ մարդու խելքի բան չէ»: ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ժողովրդի կամքն իրենց համար անբեկանելի է. «Մենք չենք ասում՝ կընդունենք ժողովրդի այն որոշումը, որը մեր ճաշակով է: Մենք ասում ենք ժողովուրդը բարձրագույն տեր է ՀՀ-ում: Եթե ժողովուրդը գտնի, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք»: «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գլաստյանն էլ է այն մտքին, որ այս հարցին կարելի է պատասխանել ընտրություններից հետո. «Մեծ մտավախություն ունեմ, որ իշխանությունների կողմից հնաավոր է ընտրությունները կեղծվեն: Բայց այդ պրոցեսներին կանդրադառնանք ընտրություններից հետո»: «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ ՀՀ քաղաքացիները այս օրերին պառակտված են. «Մի մասը մոլորված է, մի մասը՝ անտարբեր, մենք չունենք այնպիսի էլեկտորատ, որը կողմնորոշվելու է ոչ թե անձի միջոցով, այլ ընտրելու է գաղափարախոսությունը, ծրագիրը: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի ընտրություններ կանցնեն: Եթե չլինեն կեղծիքներ, մենք կընդունենք ընտրությունների արդյունքները , բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքական ուժը հաղթահարելու է այն շեմը, որը կա»,-եզրափակեց Սարգսյանը:
09:24 - 18 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ. եթե 2 ուժերը չհաղթեն, ապա պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն. Էդմոն Մարուքյան |tert.am|

Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ. եթե 2 ուժերը չհաղթեն, ապա պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, և ուսումնասիրությունները իրականացվել են խոշոր քաղաքներում և կոնկրետ շփումներով, այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնվում է 3-րդ տեղում, բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այս ընտրությունները նրա համար են, որ մենք լուծում գտնենք, եթե լուծումը չենք գտնելու, ապա ավելի վատ է լինելու: Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, և դա նշանակում է, որ 2 ուժերը չեն հաղթում, եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշեց, որ նախկինում ասել է, իսկ հիմա կրկնում է, որ չի հավակնում դառնալ վարչապետ և այլ ձևաչափով է պատկերացնում երկրի հետագա կառավարումը:
14:01 - 16 հունիսի, 2021
Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|

Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|

armtimes.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական կարեւոր կետերից են կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը, բիզնեսին հավասար հնարավորություններ տալը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելը:  Տնտեսագետ, ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրենց տնտեսական ծրագրի հիմքում սպառողից դեպի «արարող հանրություն» անցում կատարելու գաղափարախոսությունն է: Իսկ թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ընդհանուր առմամբ ինչ է նախատեսել ԼՀԿ-ն իր ծրագրի տնտեսական մասում՝ մեր զրույցում մանրամասնել է Կարեն Սարգսյանը:   - Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը» իր տնտեսական ծրագրում, կարեւոր մի քանի կետ կնշե՞ք: - Կայուն զարգացման, մրցունակ, առաջադեմ, բարձր կենսամակարդակ երաշխավորող պետություն եւ սոցիալական միջավայր ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ կլինեն կարիքից, եւ կերաշխավորվի սեփական կյանքի որակը բարձրացնելու հավասար հնարավորություններ հանրության բոլոր անդամների համար։ ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը: Ֆինանսական շուկաների զարգացման եւ կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձեւավորման ուղղությամբ հստակ քայլեր պետք է իրականացվեն՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրումը, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը եւս առաջնահերթ է: Սկսնակ գործարարների համար ԼՀԿ-ն առաջարկում է «Սկսիր Հայաստանում» պետական աջակցության ծրագիրը ներդնել:  Արտահանումը խթանելու նպատակով դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները վերացումը եւ նոր արտահանման շուկաների հասանելիության ապահովումը եւս մեր ծրագրի դրույթներից է: Կարեւոր է ձեւավորել հայկական արտադրողների եւ նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:  Գյուղատնտեսության ոլորտում կարեւորում ենք համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, «Կանաչ» տնտեսության զարգացումը, էկո ոլորտում ներդրումների խրախուսումը, ագրոարդյունաբերական կլաստերների ձեւավորումը՝ «Հողից մինչեւ վաճառասրահ» սկզբունքով, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, նաեւ՝ փոքր արտադրությունների խրախուսումը՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։ - Կա՞ն օրենքներ, որոնք ԼՀԿ-ն իշխանության գալու դեպքում մտադիր է չեղարկել, օրինակ՝ գույքահարկին դեմ արտահայտվող ուժերից էր: - Այո, նախեւառաջ մենք նախատեսում ենք իրականացնել օրենսդրական դաշտի գույքագրում, վերջինիս արդիականացում եւ պարզեցում, մասնավորապես, ներդրումային ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների իրականացում, ներդրողների երաշխիքների ընդլայնման եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության հստակ օրենսդրական կարգավորումների ամրագրում: Ինչ վերաբերվում է գույքահարկին, ապա պետք է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը: Իսկ առհասարակ, մտադիր ենք պարզեցնել հարկային օրենսդրությունը եւ հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման ու պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին Սահմանադրական օրենքի կարգավիճակ տրամադրել: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:02 - 16 հունիսի, 2021
Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից: Այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները: Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը: Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան: Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար:  «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից: Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:
12:45 - 15 հունիսի, 2021
Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն. Էդմոն Մարուքյան |hetq.am|

Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն. Էդմոն Մարուքյան |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացնում էր Գեղարքունիքի մարզում: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կուսակցականները եղել են Մարտունի, Գավառ, Վարդենիս և այլ համայնքներում: Գավառում քաղաքացիներից մեկը եկել էր «Լուսավոր Հայաստանի» հավաքին և հայտարարում էր, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին այլ թեկնածուի օգտին է քվեարկելու: Էդմոն Մարուքյանը նշեց, թե սա նույնպես ատելության քարոզի, չարության հետևանք է:  «Այ քեզ բան, սա ի՞նչ ձև ա: Սա որերորդ անգամ է տեղի ունենում, մի անգամ չի: Մեկ էլ մեկը հայտնվում է ու ասում՝ պետք է սաղ ընտրեն այսինչին: Եղբայր, դու ընտրում ես, գնա ընտրի, էս ի՞նչ ձևեր ա, չեմ հասկանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Կուսակցության նախագահի խոսքով՝ սա գալիս է ղեկավարության վարքագծից: Ըստ նրա, եթե ղեկավարն անդուրություն է քարոզում, հետևորդներն էլ իրենց անդուրի պես են պահում: «Հունիսի 21-ին սրանք ժողովրդին տանելու են բախումների:  Ես պետք է այլ ձևով սկսեի իմ խոսքը, բայց սա էլ առիթ դարձավ, որ բևեռացումը, ծայրահեղությունը մեզ ոչ մի լավ բան չի տալու: Այս ծայրահեղ պայմաններում բանա՞կն ենք վերականգնելու, տնտեսությո՞ւնը, թե՞ ինչն ենք շտկելու»,-հարցրեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ շատ լավ ծրագիր են ներկայացրել, բայց անհնար է այդ ծրագիրն իրականացնել այս պայմաններում: Մարուքյանի խոսքով՝ իրենք այցելել են Գավառ համերաշխության օրակարգով:  Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները: ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ իրենց պատկերացումների՝ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից:  
19:45 - 14 հունիսի, 2021