«Հյուսիս-Հարավ» ճանապարհ

Հյուսիս-հարավ ծրագրով պետք է 556 կմ երկարությամբ ավտոճանապարհ կառուցվի, որն Իրանի հետ սահմանից կձգվի մինչեւ Վրաստանի սահման՝ դարձնելով Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր: Շինարարությունը սկսվել է 2012թ. եւ ի սկզբանե աշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2019 թ.: Սակայն մինչեւ 2017 թվականը հնարավոր է եղել կառուցել ընդհանուր մայրուղու ընդամենը 5,6%-ը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2009 թ. աշնանը՝ Հայաստանի կառավարության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջեւ կնքված վարկային համաձայնագրի ստորագրումից հետո: Ծրագրի վարկատուներ են նաեւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Ծրագիրն իրականացվում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից, որը ենթարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Ճանապարհը պետք է կապվի վրացական մայրուղու հետ, որն էլ իր հերթին ձգվի դեպի Սեւ ծովի ափին գտնվող երկրի ամենամեծ նավահանգիստներ՝ Բաթումի եւ Փոթի: Սակայն Հյուսիս-հարավը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր տնտեսական, այլեւ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

Ի սկզբանե նախագծի բյուջեն կազմել է 962 միլիոն դոլար, սակայն շինարարության տարիներին բյուջեի վերանայման կարիք է եղել եւ այն էապես աճել է։

2013 թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ արձանագրեց ավտոմայրուղու կառուցման գործում: Աշխատանքներն իրականացնում էր իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժը»: Հայտարարվեց, որ ճանապարհաշինարարները չեն ապահովում բետոնե շերտի պահանջվող հաստությունն ու որակը, կառուցումն իրականացվում է տեխնիկական խախտումներով,  ջրահեռացում չի ապահովվում եւ այլն: Արդյունքում պաշտոնից ազատվեց ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, իսկ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է: Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության և բնագավառում նախատեսված բարեփոխումներին: Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:
16:57 - 12 նոյեմբերի, 2021
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին առնչվող հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին առնչվող հարցեր

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է նշյալ ծրագրերի իրականացումը։   Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022 թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։   Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։    
15:15 - 29 հոկտեմբերի, 2021
Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|

Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հավանականության մասին հարցին: Գնել Սանոսյանը թեմային անդրադարձավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված առաջիկայում բավականին մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ, ենթադրվում է, կմասնակցեն, հայտ կներկայացնեն, և ենթադրում եմ, որ ռուսական կողմի մեր գործընկերները նույնպես նման ցանկություն կունենան»,- ասաց Սանոսյանը: Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի,   բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը:  
14:21 - 19 հոկտեմբերի, 2021
Սուրեն Պապիկյանն ու ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին

Սուրեն Պապիկյանն ու ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, մանրամասնելով, որ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։ «Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույց է ունեցել «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին։ Քննարկվել են նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը»,- նշված է Սուրեն Պապիկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
15:22 - 15 հոկտեմբերի, 2021
Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարության նիստին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն։ Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,–ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:38 - 24 սեպտեմբերի, 2021
Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցումն, ամեն դեպքում, ծախսատար է. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է: Փոխվարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած այն տեղեկությանը, որ կառավարությունը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության համար: «Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն այդ պրոյեկտի վերաբերյալ հնարավոր կլինի ինդիկատիվ բյուջե նշել: Դրա գործընթացը հետևյալն է. նախ և առաջ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ դա բավական ծախսատար է, ամեն դեպքում՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի: Բայց, գիտեք, եթե ես հիմա նույնիսկ ինդիկատիվ բյուջե ասեմ՝ այն կլինի շա՜տ մոտավոր, քանի որ մինչև նախագծային աշխատանքների գոնե կես փուլը չանցնի՝ դրա մասին խոսելը վաղ է», - հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ, այո՛, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է:
13:50 - 17 սեպտեմբերի, 2021
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախագծումը կապ չունի անկլավների և ԽՍՀՄ քարտեզների հետ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը եզրափակիչ ելույթում, խոսելով Սյունիքի մարզում առաջացած խնդրից, անդրադարձավ հյուսի-հարավ ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը նախագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Վարչապետը այսպիսի ձևակերպումներով փորձում է հիմնավորել, որ անկլավների և վիճարկելի այլ տարածքների խնդիրը ոչ թե նոր է օրակարգային դարձել, այլ նախկինում ևս օրակարգային է եղել, ինչի ապացույցը, ըստ նրա, հյուսիս-հարավ ավտոճանապարհի Տիգրանաշենով և Որոտան-Շուռնուխ հատվածով չանցնելն է։ Սակայն վարչապետի պնդումը մանիպուլյատիվ է։ Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի այս ճանապարահահատվածը, որի մասին խոսել է վարչապետը, տրանշ 4-ն է։ Համաձայն հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ի նախագծման աշխատանքների խորհրդատուն իտալական ընկերություն է։ Նախագծված ճանապարհը ներառում է Արտաշատ-Ագարակ ճանապարհահատվածը։ Համաձայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ տրանշ 4-ը բաղկացած է 3 ենթահատվածից՝  Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ։  Վարչապետի հայտարարույթան իսկությունը ստուգելու նպատակով կապ հաստատեցինք Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ առկա նախագիծը դեռևս նախնական է, որը պարզապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե մոտավորապես որ հատվածով է ճիշտ ճանապարհի անցկացումը և ինչքան կարժենա։ «Հիմա քանի որ այս հատվածի վերաբերյալ ունենք ընդամենը նախնական նախագիծ, մենք բանակցություններ ենք վարում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որ ստանանք դրամաշնորհ այդ հատվածի վերջնական նախագիծը պատվիրելու համար։ Գործընթացը քննարկումների փուլում է, հենց դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցինք, մրցույթ ենք հայտարարելու վերջնական նախագծի համար։ Հենց ունենանք վերջնական նախագիծը, նոր հստակ կարող ենք ասել՝ Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ։ Հիմա էնքան նախնական է ամեն ինչ, որ չենք կարող սրա հիման վրա մրցույթ հայտարարել»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Ճշտող հարցին, թե ամեն դեպքում նախնական նախագծով ճանապարհը Տիգրանաշենով անցնելու է, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ Տիգրանաշենով անցնելու է, սակայն մանրամասները դեռ հստակ չեն և չգիտեն կամուրջ է լինելու, թունել թե այլ բան։ Ճանապարհային դեպարտամենտի կայքում առկա քարտեզի համաձայն՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, սակայն ոչ թե Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհով, այլ նոր կառուցվող երթուղիով։  Սակայն պետք է նշել, որ մեր զրուցակցի խոսքով քարտեզում նույնպես կարող են լինել անճշտություններ, քանի որ ծրագիրը նախնական է, իսկ քարտեզը պատրաստել են իրենց IT ոլորտի մասնագետները։ Ինչ վերաբերում է վարչապետի մյուս հայտարարությանը, թե ինչու հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է այնպես, որ թունելներ կառուցվեն, մեր զրուցակիցն ասաց, որ հաշվի է առնվել Մեղրիի լեռնանցքի բարձրությունը, ինչի հետևանքով ձմռանը կարող են երթևեկության հետ կապված խնդիրներ առաջանալ, բացի դրանից թունելի միջոցով որոշակիորեն կրճատվում է ավտոճանապարհի երկարությունը, և սա ամենաօպտիմալ լուծումն է․ «Նախագծման համար հայտարարված մրցույթով ընտրված միջազգային կազմակերպությունները մեզ առաջարկում են ամենաօպտիմալ տարբերակները, որով էլ նախագծվում է Հյուսիս-Հարավ ճանապարհը»,- նշել է Կարեն Ջեյրանյանը։ Մեր հարցին, թե նախագծումը կարո՞ղ է որևէ կապ ունենալ անկլավների կամ ԽՍՀՄ քարտեզով ադրբեջանական տարածքների հետ, զրուցակիցն ասաց, որ նախագծումը որևէ աղերս չունի այս խնդիրների հետ․ «Ընտրված տարբերակը որևէ կապ չունի անկլավների և Ադրբեջանի ճանապարհի (Որոտան-Շուռնուխ հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհի,- խմբ․) հետ, որովհետև նախագիծը մշակվել է մինչև պատերազմը․ հետևաբար չէր կարող որևէ կապ ունենալ։ Սակայն հիմա վերջնական նախագծման ժամանակ պետք է հաշվի առնենք նոր իրողությունը, որն առաջացել է պատերազմից հետո»։ Բացի Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանի հետ խոսելուց, փորձեցինք կապ հաստատել տրանշ 4 ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանի հետ։ Վերջինս առանց նույնիսկ մեր հարցը լսելու ասաց, որ պատասխան ստանալու համար դիմենք գրավոր հարցմամբ։ Ուստի պաշտոնական գրությամբ դիմեցինք նույն ՊՈԱԿ-ին։ Պաշտոնական գրությամբ ՊՈԱԿ-ին դիմել էինք օգոստոսի 27-ին․ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ հարցման պատասխանը պետք է ստանայինք 5 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերի 3-ին, սակայն մեր հարցման պատասխանը մեզ տրամադրվեց օրենքի կոպիտ խախտմամբ՝ սեպտեմբերի 9-ին։ Նշված ՊՈԱԿ-ից մեր հարցման պատասխանն ուշացնելը հիմնավորում էին տնօրների գործուղման մեջ լինելով, սակայն օրենքը հստակ է, իսկ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի վարքն օրենքի խախտում է։ Մեզ տրամադրած պատասխանը լղոզված է և ըստ էության չէ։ Մասնավորապես մենք հարցրել էինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի տրանշ 4-ի նախնական նախագծով նախատեսված եղել է, որ ճանապարհն անցնի Տիգրանաշենով․ պատասխանում նշվում է, որ միջազգային խորհրդատու ընկերությունը 2015-2016 թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածի վերակառուցման համար իրականացրել է տնտեսագիտական վերլուծություն և համապատասխան հետազոտություններ։ Ըստ պատասխանի՝ նշված ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսական աղբյուրները հստակեցնելուց հետո պետք է պատվիրվի նախագիծ, որի շրջանակներում կճշտվեն և՛ աշխատակիցների ծավալները, և՛ այլ մանրամասներ։ Այս պատասխանից նույնիսկ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե առայժմ որևէ նախնական նախագիծ չկա և պլանավորվում է առաջիկայում նախագիծ պատվիրել, սակայն և՛ մեր զրուցակիցն ասաց նախնական նախագծի մասին, և՛ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում է նշված, որ նախապատրաստվել է նախնական նախագիծ, և՛ Հյուսիս-հարավ ծրագրի պաշտոնական կայքում է նշված նախագծային աշխատանքներն իրականացնող իտալական ընկերության անվանումը։ Այսինքն՝ նախնական նախագիծ եղել է, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, սակայն Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը խուսափում է պատասխանել նախագծով նախատեսված եղել է ճանապարհի Տիգրանաշենով անցումը, թե ոչ։ Գրությամբ ասվում է, որ նախատեսվող ճանապարհի համար սահմանվում է հաշվարկային 100 կմ/ժ արագություն, ինչպես նաև՝ այս արագության համար պահանջվող բոլոր երկրաչափական պարամետրերը, իսկ կայքում առկա քարտեզն ընդհանուր առմամբ պատկերացում տալիս է ծրագրի վերաբերյալ, որը սակայն, նոր նախագիծ պատվիրելուց հետո կարող է ճշգրտման ենթարկվել։ Այսպիսով՝ թեև պաշտոնական գրությամբ խուսափում են հարցին լիարժեք պատասխան տրամադրել, սակայն ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետի հետ զրույցի և կայքում առկա քարտեզի հիման վրա կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մանիպուլյատիվ  հայտարարություններ է արել, քանի որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի 4-րդ տրանշի նախագիծը նախնական է, իսկ երթուղին նախագծվել է հաշվի առնելով օպտիմալ լուծումները։ Մասնավորապես՝ ըստ նախնական նախագծի՝ ճանապարհն անցնելու է Տիգրանաշենով, հստակ չեն միայն ճանապարհի անցկացման տեխնիկական լուծումները, իսկ Որոտան-Շուռնուխ հատվածի թունելը կառուցվելու է հաշվի առնելով ավտոճանապարհի բարձրությունն ու այլ անհարմարություններ։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 13 սեպտեմբերի, 2021
Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ օտարերկրյա մի քանի քաղաքացիներ են ներգրավվել: Այս դրվագով երկու անձի վերաբերյալ գործը, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի, անջատվել է: Այդ մասով գործն ուղարկվել է դատարան։ Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված օտարերկրյա մյուս անձանց, այդ թվում նաև՝ Միլե Միլենկովսկիի մասով նախաքննությունը շարունակվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:
13:32 - 04 սեպտեմբերի, 2021
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնագիտական հատվածի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 18-ին կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի՝  Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։ Մասնակցում էին Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների,  Քաղաքաշինության կոմիտեի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, այլ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի անդամները քննարկել են  փոփոխված նախագծային փաստաթղթերի փաթեթը՝ ներկայացնելով իրենց դիտարկումները։ Մասնավորապես, անդրադարձ է  եղել  շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում կապալառու կազմակերպության կողմից հնագիտական, պատմական և մշակութային վայրերի պահպանությանն ուղղված միջոցառումների ապահովմանը։ Նշվել է, որ կապալի պայմանագրով նախատեսված է հնագիտության մասնագետի պարտադիր ընդգրկումը կապալառուի հիմնական աշխատակազմում:   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և միջգերատեսչական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ շինարարության փուլում ներդրված են անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, որպեսզի հուշարձանների պաշտպանության բոլոր մեխանիզմները գործեն լիարժեք։ Տիկին Ղալեչյանը շեշտել է, որ այդ ուղղությամբ միջգերատեսչական սերտ համագործակցություն է ընթանում, և պատվիրատուի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ծրագրի իրականացման փուլում այդ հարցում որևէ խնդիր չառաջանա։  Նիստի արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի կմ 29+600-կմ 37+544.68 հատվածի վերակառուցման մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ ամփոփ եզրակացությունը։
10:32 - 19 օգոստոսի, 2021
Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը  |armenpress.am|

Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Հյուսիս-հարավի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Այս տարի նախատեսվում է  ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհի  երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը: Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին  Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարություն: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի: «Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարություն, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի: Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ, ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ ինչպես, որ խողովակով և կատարել մեր հետագա աշխատանքները»,- նշեց Պապիկյանը: Անկախ Եվրամիության աջակցությունից, որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի չի եղել: «Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ, կհասկանանք ինչպես կազմակերպել: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետև 250 մլն դոլար՝ մինչև Ագարակ: Հավանաբար, գումարը բավարար կլինի, եթե ոչ՝ կմտածենք այս մասին»,- նշեց  Սուրեն Պապիկյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:32 - 13 հուլիսի, 2021
Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարևորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության և հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։ Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարևորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։ Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, և առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում և խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։
16:52 - 16 մարտի, 2021
Քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն  Պապիկյանը հունվարի 19-ին  տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։ Իր խոսքում նախարար Պապիկյանը  շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման  կարևորությունից՝ նախարարը նշել է, որ  համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են,   և չինացի  շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։ Զրուցակիցներն  անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։
13:18 - 20 հունվարի, 2021
Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է Հյուսիս -Հարավ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |shantnews.am|

Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է Հյուսիս -Հարավ մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |shantnews.am|

shantnews.am: Համավարակի սահմանափակումները ավելի քան 60 տոկոսով հետաձգել են Հյուսիս-Հարավ մայրուղու Թալին-Գյումրիի ճանապարհի կառուցման  աշխատանքները ։ Չինաստանից «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մասանգետների վերադարձը, որը նախատեսված էր գարնանը, օդային ճանապարհների արգելքի պատճառով ձգվեց մինչև օգոսոստոս։ 6 ամիսների դադարը բուն շինաշխատանքներից բացի նաև ընկերության ու պատվիրատուի միջև շատ հարցերի քննարկումներ է հետաձգել: Ըստ ընկերության ներկայացուցչի, խոսքը վերաբերում է նախագծային փաթեթի քննարկումներին , որոնք անցած տարվանից էին կիսատ է մնացել: Կողմերը չէին հասցրել վերջնական համաձայնության գալ  Թալին-Գյումրի 46 կմ երկարության ճանապարհահատվածի բետոնապատման հարցի շուրջ, որը նախագծային  փոփոխություն էր  պահանջում։  «Նախագծային փոփոխությունը վերաբերում է հետևյալին ՝ մենք նախապես պայմանավորվել էինք, որ  ճանապարհը բետոնյա շերտով ենք անելու, հիմա փոխում ենք,  ասֆալտապատ է լինելու: Նախկինում այդպես էինք որոշել միջազգային նորմերին համապատասխանեցնելու համար , բայց այն ձեր կլիմային չի դիմանա,ավելի շուտ կքայքայվի ու սպասարկումը կբարդանա, ինչու որովհետև ավելի հեշտ է ասֆալտը վերականգնել, քան բետոնյա շերտը»,- ասել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատու Լու Կաո Կուեյխուա։ Թալին-Լանջիկ հատվածում  անցած տարի շինարարը հասցրել էր նաև կամուրջ կառուցել, հետո բետոնապատել  մոտ 1 ու կես կմ ճանապարհ: Ըստ շինընկերության ներկայացուցչի, համոզվել են, որ արագընթաց մայրուղու կառուցման միջազգային  փորձը Շիրակի մարզում կիրառելն  նպատակահարմար չէ: Բետոնյա շերտի  ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն,որի հիման վրա բետոնը ասֆալտով փոխարինելու որոշում է կայացվել։ Նախագծային փոփոխություններից բացի,  փոխվում է շինաշխատանքների ավարտի ժամկետները:Ի դեպ ընկերությունը դեռ անցած տարվա հունիսին պետք է շահագործման հանձնած լիներ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածը: Հիմա նոր ժամկետների մասին են  խոսում:  «Հիմա կարող ենք ասել՝ աշխատանքներն անում ենք 2 պրոյեկտով․ Թալին -Լանջիկը ավարտում ենք  հուլիսի 14-ին, իսկ Լանջիկ -Գյումրին՝ 2022-ի դեկտեմբերի 31 -ին »,-նշեց «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատուն։ Շարունակությունը՝ shantnews.am-ում
19:53 - 16 սեպտեմբերի, 2020
Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|

Վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքները: Մոտ 46 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ կորոնավիրուսի պատճառով չէին կարողանում Հայաստան ժամանել: Այժմ, սակայն, նրանց մի խումբն արդեն ժամանել է, ինչից հետո էլ շինարարական աշխատանքները վերսկսվել են: «Կորոնավիրուսի համավարակը բավականին վնաս հասցրեց ծրագրի իրականացմանը», - ասաց չինական ընկերության ծրագրի ղեկավար Գաու Գուի Խան: Աշխատանքների ուշ մեկնարկի պատճառով կառուցման ժամկետների փոփոխություներ կլինեն: Հիմա Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շահագործման նոր ժամկետներ են նշվում: «Մեր քննարկումներն ավարտվեցին, որոշումը կայացվել է, մնում է Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատի: 2022 թվականի հուլիսին և դեկտեմբերին կավարտենք շինարարական աշխատանքները», - նշեց «Սինոհիդրո Քորփորեյշըն»-ի ծրագրի ղեկավարը: Այս ընթացքում նաև ծրագրում փոփոխություն եղավ, և արդեն որոշված է, որ Թալին-Գյումրի հատվածը ոչ թե բետոնե ճանապարհ է կառուցվելու, ինչպես նախագծվել էր ի սկզբանե, այլ ասֆալտապատվելու է: Բետոնն ասֆալտով փոխարինելու համար մի շարք հանգամանքներ են նպաստել, ասաց չինացի ճանապարհաշինարարը: Ըստ Գաու Գուի Խայի՝ բետոնի հետագա սպասարկումն ավելի ծախսատար է, քան ասֆալտինը. - «Բետոնն ինքն իրենով մեծ ու ծախսատար աշխատանք է: Ենթադրենք՝ բետոնե ճանապարհը կառուցվեց, դրանից հետո սպասարկումը շատ թանկ է նստում, այսինքն՝ եթե ճաքեր ու վնասված տեղեր լինեն, մի մեծ հատված է քանդվելու, նորից բետոն է արվելու, ինչը բավականին ծախսերի հետ է կապված: Իսկ ասֆալտը սկզբնական շրջանում է ավելի թանկ անելը, բայց հետագայում սպասարկումն ավելի էժան է»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
10:38 - 09 սեպտեմբերի, 2020
Թալին-Գյումրի ճանապարհին սկսվել է ենթահիմքի տեղադրումը

Թալին-Գյումրի ճանապարհին սկսվել է ենթահիմքի տեղադրումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։ Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներում շինաշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուայի հավաստմամբ՝ չինացի 42 մասնագետներ Հայաստանում են։ Առաջիկայում ամբողջովին կավարտվի կապալառուի անձնակազմի մոբիլիզացիան։ Տրանշ-3-ում ներկայում վերսկսվել են հողային աշխատանքները, հիմքի, ենթահիմքի տեղադրումը, նախատեսվում է վերսկսել արհեստական կառուցվածքների իրականացումը։ Նախարարի տեղակալը զրուցել է ճանապարհաշինարարների, տեխհսկողությունն իրականացնող ինժեներների հետ, հետաքրքրվել է աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։ Գաո Գուիհուան տեղեկացրել է, որ ճանապարհի որոշ տեղամասեր պատրաստ են ասֆալտապատման համար։ Շինարարը սպասում է տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների կողմից ճանապարհի հիմքի լաբորատոր փորձաքննության հաստատմանը‚ որպեսզի սկսեն ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը. փորձնական ասֆալտապատումը նախատեսվում է մեկնարկել Մաստարայի հատվածից։ Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ տեղակայված է ընկերության ասֆալտի գործարանը, որը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով և ժամում կարող է արտադրել մինչև 300 տոննա ասֆալտ։ Գործարանի կառուցումն ավարտական փուլում է, և առաջիկայում այն շահագործման կհանձնվի։ Տիկին Ղալեչյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մեքենասարքավորումների պարկի հնարավորություններին։ Կապալառուի բազայում կայացած խորհրդակցության ընթացքում տիկին Ղալեչյանը կարևորել է շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։
16:25 - 02 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։ Առաքելության ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի և այլ մասնագետների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ հատվածի կառուցման հետ կապված հիմնական հարցերին և ժամկետներին։ Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։ ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։ Նախարարի տեղակալ Ղալեչյանը շեշտել է ծրագիրն արդյունավետ իրականացնելու կարևորությունը։
12:18 - 31 օգոստոսի, 2020