Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:  Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր: Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց: Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված: «Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը: Այսպիսով՝ ըստ ԱԺ փոխնախագահի՝ՍԴ չդիմելու որոշման առաջին պատճառը ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքն է: «Երկրորդն այն է, որ կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել, ուզում ենք ասել և ասում ենք»,-ասաց Ռուբինյանը: Նա նաև ընդգծեց, որ ՔՊ խմբակցությունը չի մանդատներից զրկելու հարցը օրակարգ բերել, կա ընթացակարգ՝ երբ պատգամավորների բացակայության շեմը հատվում է, ավտոմատ կերպով հարցը մտնում է խորհրդի քննարկման տիրույթ: Եթե հաջորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները չգան խորհրդարան, ապա Ռուբինյանն ասաց, որ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիմքով ՍԴ դիմել-չդիմելու հարց և իրենք կքննարկեն: «Եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ,  այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,-ասաց նա: 
19:27 - 14 հուլիսի, 2022
Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը 

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը 

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։  Առաջարկվող փոփոխություններից մեկով համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար կնախատեվսեն առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:  Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ: Նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշել են, որ այս դրույթը ուժի մեջ կմտնի 2023 թ․-ի հունվարի 1-ից, քանի որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են և կարող են ի հայտ գալ տեխնիկական խնդիրներ։ Հովհաննսիյանը նաև նշեց՝ օրինագծով սահմանվում է, որ կուսակցությունների, դաշինքների անունները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ։  «Ընտրություններից առաջ դաշինքներ են ձևավորվում անուն-ազգանունով։ Մենք ընտրել ենք համամսանական ընտրակարգը և հաջողել ենք այս ընտրակարգում, ընտրական գործընթացներում գրանցել ենք առաջընթաց, և ըստ էության, անուն ազգանուններով, դաշինքներով մասնակցելը ընտրություններին մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունն է»,-ասաց Հովհաննիսյանը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայներով։
17:10 - 14 հուլիսի, 2022
Ներհամայնքային փոխադրումների մրցույթների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պահանջ

 |armenpress.am|

Ներհամայնքային փոխադրումների մրցույթների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պահանջ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագիծը քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն: Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանված է, որ մատչելի կամ հարմարեցված տրանսպորտային միջոցները պետք է լինեն ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով: Ըստ նախագծի հեղինակի՝սակայն, այս պահանջը, սակայն չի բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի պահանջից: Ըստ նրա՝առկա կարգավորումը նաև բավարար չափով չի ապահովում հատկապես ներհամայնքային փոխադրամիջոցների մատչելիությունը, որով պայմանավորված է նաև քաղաքացիների այլ հիմնարար իրավունքների իրացումը: «Առաջարկում եմ ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցվող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում, սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար,  նաև սահմանել մատչելիության պարտադիր պահանջ՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում»,-ասաց Բաթոյանը: Ըստ նրա՝ այս բարեփոխումը բխում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլ նաև համայնքների զարգացման անհրաժեշտությունից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
15:27 - 14 հուլիսի, 2022
ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի

 |armenpress.am|

ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հուլիսի 14-ի արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը: « Առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավորի քարտուղարի պաշտոնի համար, որը դիվանագիտական պաշտոն է, կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ: Իսկ դիվանագիտական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է  10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շրջանակը պետք է մեծացվի: Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից: Ըստ հեղինակի՝ օրենքի փոփոխությունը շատ կարևոր է ԱԳՆ-ի հետագա գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ նախագիծը չի քննարկվել իրենց հանձնաժողովում:
13:41 - 14 հուլիսի, 2022
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը
 |1lurer.am|

Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ալխաս Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված և պատշաճ քննությունն ապահովելու և համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխությունների իրականացմանը: «Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում հստակ արձանագրված է, որ գործադիրն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում փոխնախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի գործարկմանը: Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանի հավանությանը:
13:24 - 14 հուլիսի, 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը
 |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին և ընդունեցին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ: «Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:  Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Ըստ էության, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչպիսին ԱԺ ընտրություններն են: Պրակտիկան ցույց է տվել, որ սրանով նվազում են նաև անվավեր քվեաթերթիկների քանակը և ավելի են բարելավվում ընտրական գործընթացները»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ: Առաջարկվում է նաև սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են և որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ արագացված կարգով՝ կոլեգիալ կազմով: Մյուս առաջարկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել և այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ: Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ ԿԸՀ անդամի համար նախատեսվելու են նույն չափորոշիչները, որոնք նախատեսված են Ազգային ժողովի պատգամավորի համար: Առաջարկվում է վերանայել նաև ԿԸՀ անդամների վարձատրության չափերը: Հովհաննիսյանի խոսքով՝  առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին: Արթուր Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՔՊ խմբակցության անդամները: «Հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ-ների կարծիքներն ու դիտարկումները»,- եզրափակեց պատգամավորը:
12:53 - 14 հուլիսի, 2022
Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր

Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկստագի միջև համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարևորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում հայ և շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը՝ նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը: Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին: Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև սերտ համագործակցությունից: Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
18:09 - 13 հուլիսի, 2022
ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը վաղը նիստ կգումարի, որի օրակարգում է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։  ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներին, և «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորների՝ Հայկ Մամիջանյանին, Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին և Աննա Մկրտչյանին մանդատներից զրկելու համար։  Մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանին փոխարինող Մարտուն Գրիգորյանին, ինչպես նաև Թագուհի Թովմասյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարց օրակարգում չկա։  Հիշեցնենք, որ վերջերս Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել և Իշխան Սաղաթելյանին հեռացրել էր ԱԺ նախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ավելի վաղ կառավարող խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից կարող են զրկվել բացակայությունների հիմքով։
10:18 - 13 հուլիսի, 2022
Քննարկվել են 2023 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը

Քննարկվել են 2023 թ. պետբյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում: Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը: 2023 թ. պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաև փոխառու միջոցներ: Պարտքի սպասարկման գործում կարևորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը: Նշվել է նաև, որ 2023 թ. կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում: Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարևոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաև նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկման տոկոսային վճարներին, Ֆինանսների նախարարության հատկացումներին և այլն:մջռջ
19:49 - 12 հուլիսի, 2022
Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը կմիավորվեն ՆԳՆ կազմում․ Սարգսյան

Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը կմիավորվեն ՆԳՆ կազմում․ Սարգսյան

Ներքին գործերի նախարարության մեջ կներառվեն երեք ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը։ Այս մասին Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։  «Բարեփոխումները ի սկզբանե միտված են եղել Ոստիկանութան կառուցածքային և գործառութային վերանայմանը։ Բայց հասել ենք այն փուլին, երբ այս բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վերջին մի քանի ամիսների քննարկումները տանում էին այն ուղղությամբ, որ իրապես պետք է ունենալ ներքին գործերի նախարարության շատ ավելի արդիական կառուցվածք, որը համահունչ կլինի միջազգային ստանդարտներին, և բացի միջազգային ստանդարտները, կկարողանա մեր Հանրապետության մակարդակով ճիշտ կառավարելի դարձնել աղետները, արտակարգ իրավիճակները, ճգնաժամային իրավիճակները»։ Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարության տանիքի ներքո կլինեն 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և միգրացիոն ծառայությունը։ Փոխնախարարը հավելեց՝ պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ․ «Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»։ Նա նաև նշեց, որ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը, ըստ էության, համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։
13:43 - 12 հուլիսի, 2022
ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել արտաքին հետախուզական մարմնի ձևավորման վերաբերյալ. Գրիգորյան

ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել արտաքին հետախուզական մարմնի ձևավորման վերաբերյալ. Գրիգորյան

Հանրային այս լսումները ևս մեկ անգամ հաստատում են ՀՀ-ի ընտրած ժողովրդավարական ճանապարհը, և բարեփոխման գործընթացներում հանրային լայն շերտերի ներգրավելու պատրասկաամությունը։ Այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։ Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներըր երկրի անվտանգությունը ապահովելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն․ «Երևի բոլորդ տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի մեր քաղաքական թիմի հետ երեք ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում․ դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներ են, մյուսը Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարեփոխումներն են, և այս բարեփոխումների համատեքստում նախատեսում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և ԱԽ-ն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման վերաբերյալ»։ ԱԽ քարտուղարը նշեց՝ Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել․ «Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը, որովհետև 2018 թ․-ից սկսած մեր կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը նաև կարևոր է անվտանգության, կայունության և մեր կարողությունների ավելացման տեսանկյունից։ Անվտանգության համակարգի տեսանկյունից մենք նաև կարևոր ենք համարում Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը։ Մեր փորձից կարող եմ ասել, որ ԱԽ նիստերին հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, բայց նաև ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում ենք պաշտպանությանը։ ԱԽ-ում ԱԻՆ-ը ներգրավված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, որովհետև ՆԳ նախարարը՝ որպես արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին  հնարավորություն կունենա անվտանգության խորհրդում քաղաքականության մշակման գործընթացում և՛ ներգրավված լինելու, և՛ հարցերը լուծելու մասով»։
12:50 - 12 հուլիսի, 2022
Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին

Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ․ Անդրեասյանը՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումներ է հրավիրել։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը իր ելույթում նշեց, որ նախարարության ստեղծումը մեծ քայլ կլինի Հայաստանի իրավապահ համակարգի համար․ «Կատարված մեծ աշխատանքը մոտ է իր լրումին։ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ընդ որում՝ ուզում եմ հատուկ շեշտել, ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր, մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ամենևին չեմ նսեմացնում այն ամբողջ ճանապարհը, որ անցել է մեր հարգարժան Ոստիկանությունը, մեր նախկին ներքին գործերի նախարարությունները։ Ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել, որ այն կոնցեպտը, որը ներկայացվելու է իմ գործընկերների կողմից, լիովին նոր նախարարության, լիովին նոր հայեցակարգի մի մոտեցում է, որտեղ Ոստիկանությունը չի անվանափոխվում և դառնում ՆԳՆ։ Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց Ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարևոր մասը, քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը»։ Անդրեասյանը անդրադարձավ նաև քննադատություններին, որոնց համաձայն Ներքին գործերի նախարարության ստեղծումն ուշացել է․ «Այս ամիսները ձգձգվեցին, նաև իմ պաշտոնավարման ամիսների ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց, որպեսզի մենք գտնենք Ներքին գործերի նախարարության ստեղծման ամենաարագ և օպտիմալ լուծումը։ Եվ այս ուշացումը, հավատացեք, չի ուշացնի այն երազանքներն ու ցանկությունները, որ մենք դրել ենք այս հայեցակարգի հիմքում»։ Նրա խոսքով՝ ստեղծվելու է այնպիսի նախարարություն, որը լրացուցիչ բեռ չի դնի պետության վրա․ «Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք ամենաարագ լուծումը և զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հենքը։ Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքը նաև այն էր, որ այնպիսի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, զրոյից չհավաքի մի նոր կառույց, այլ եղած Ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ և կարողանանք միասին ստեղծել մի նոր, հետաքրքիր կառույց»։ Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերներին փորձագիտական աջակացության համար․ «Փորձագիտական աջակցության շնորհիվ մենք կարողացանք համադրել  այս բոլոր կարևոր օղակները մեկ պոտենցիալ  նախարարության մեջ։ Սա շատ կարևոր հանգամանք է, ընդ որում՝ ուզում եմ նաև ընդգծել, որ սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ։ Այս դեպքում էլ Փրկարար ծառայության, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունների շատ կարևոր մի համակցություն պիտի անենք։ Այդ իմաստով Ներքին գործերի նախարարության կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ  շատկարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ՝ առանձին մի քանի մարմիններ դրանց փոխարեն պահելու համար»։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց նաև ԵՄ գործընկերներին, քաղհասարակության ներկայացուցիչներին։ Անդրեասյանը ասաց, որ 10-օրյա ժամկետում նախատեսում են օրենսդրական փաթեթի լրամշակում և հույս հայտնեց, որ սեպտեմբերին խորհրդարանական գործընկերները հավանություն կտան օրենսդրական այդ  փաթեթին։
11:53 - 12 հուլիսի, 2022
Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Այս մասին ասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին ի արձագանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պատասխանում: «ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել: Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։ Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։ Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է Թրեյսիի պատասխանում»։
12:52 - 09 հուլիսի, 2022
Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) ղեկավար Արամ Ղահրամանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։ Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ Սփյուռքի ներուժը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի՝ տեղական ֆուտբոլի հետագա կատարելագործման եւ սփյուռքի մեր հայրենակիցներին այդ գործընթացին ներգրավելու նպատակով: Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն: Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի հիմնական գործառույթը սփյուռքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու ներգրավումն է հայկական ֆուտբոլում: PAYFA-ի առաջին հավաքը կայացել է Լոս Անջելեսում, ընդգրկված են եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի՝ 2009 թ. ծնված հայազգի երեխաները: Նրանցից 8 լավագույնները եկել են Երեւան: Արամ Ղահրամանյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաեւ սփյուռքի այլ համայնքներում:
16:44 - 07 հուլիսի, 2022