Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ:  Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում: Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ: Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը:  Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:
11:20 - 27 ապրիլի, 2019