Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային գործառույթները Երևանում և մարզերում կազմակերպվում են Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով։ Նախորդ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ծառայության միջոցով սոցիալական աջակցություններից օգտված կամ դրա համար Ծառայություն դիմած «ակտիվ» շահառուների թիվը կազմել է 501 329 անձ, որը 21.3%-ով կամ 87 966 անձով ավելի է, քան 2022-ին է եղել։ Նշվել է, որ Ծառայությունը շարունակում է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելու կամ վատթարացումը կանխելու նպատակով ընտանիքների անապահովության գնահատման հիման վրա տրամադրել ընտանեկան, սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն։ Անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստ նշանակված ընտանիքների վերաբերյալ 2021, 2022 և 2023 թթ․ վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը: «18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ «Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։ Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը կրկին տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում: Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։ Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։ Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա: «Ընդ որում՝ ես, որ շփվում եմ մարդկանց հետ, սա բազմակողմ էֆեկտներ ունի, որը չգիտեմ ինչքանով ենք մենք հաշվարկել, բայց առաջինը՝ նախ մարդիկ գյուղերում չեն թողնում, որ իրենց ժողովուրդը գնա արտագնա աշխատանքի։ Ասում են` պիտի մնաք, մեր տները կառուցեք։ Երկրորդը, տնտեսական ակտիվություն է բերում, որովհետև այն ժամանակ, երբ մի տուն է կառուցվում գյուղում, մարդիկ գնում են մարզկենտրոնից, կամ Երևանից, այսպես ասած, իրենց անհրաժեշտ առևտուրն անում են, բերում գյուղ։ Հիմա, քանի որ գյուղերում մի քանի տուն է կառուցվում, արդեն ծառայություններ և բիզնեսներ են ի հայտ գալիս: Մանրածախը գալիս է գյուղ, որովհետև տեսնում է, որ պրոցեսներ կան։ Եվ նաև այդ պրոցեսները ես շատ կարևոր և օգտակար եմ համարում։ Նույնիսկ եթե իրենք հովեկի կարգավիճակով են այդ տունը կառուցում, ամառվա ընթացքում, տարվա ընթացքում մի քանի անգամ գնացին գյուղ՝ հավ են առնելու, ձու են առնելու, միս են առնելու, մածուն են առնելու, և դա կարող է գյուղի տնտեսական ակտիվացման շատ էական էֆեկտ ունենալ։ Եվ այո, հյուրատներ էլ են կառուցում, որը նորմալ է։ Կարծում եմ, որ այո, մենք այդ ծրագիրը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացվել է նաև 114 թեժ գիծ ծառայության 2022-2023 թթ․ կատարած աշխատանքը․ 2022 թ․ համեմատությամբ՝ 2023 թ․ արձանագրվել է ստացվող զանգերի 202% աճ, այն է՝ եթե 2022 թ․ ստացվել է 350,238 զանգ, ապա 2023 թ․ զանգերի կենտրոնը ստացել է 1,057,829 զանգ։ Մանրամասներ են ներկայացվել նաև սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, մասնավորապես՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, վերջինիս առավելությունների, դեպքի վարման համատեքստում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, 114 թեժ գծի լավարկման, ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների խորքային գնահատման գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել կառույցի կողմից զբաղվածության ուղղությամբ 2021-2023 թվականներին իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023-ի ընթացքում ՄՍԾ տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցել է 18 268 գործատուի հետ: Թեև գործող օրենսդրությունը գործատուի համար չի սահմանում թափուր աշխատատեղը ՄՍԾ-ին տրամադրելու պարտադրող նորմ, այնուամենայնիվ, ձևավորված գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործատուի սոցիալական պատասխանատվության արդյունքում հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1 317-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը 2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով: Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Հարկ է նշել, որ աշխատանքի տեղավորվածների մեջ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածների թիվը կազմում է 3 792, որից 2 961-ը ստանում է ընտանեկան նպաստ: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։ Արձագանքելով ՄՍԾ-ի աջակցությամբ քաղաքացիների աշխատանքի տեղավորման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Որևէ ձևով ծառայության հետ գործ ունեցած 10 878 մարդ է ընդունվել աշխատանքի, որից 3 733-ը՝ զբաղվածության ծրագրի միջոցով։ Նաև սեզոնայինի դեպքում մենք իրենց աշխատանքի ենք տեղավորում, այսինքն` գրանցված աշխատատեղերի մասի՞ն է խոսքը»։ Ի պատասխան՝ նշվել է, որ սեզոնային դեպքում քաղաքացին իր հողամասն է մշակում։ «Մենք ունենք ծրագրի հետ կապված հետազոտություն, շուրջ 1100 շահառուներից ներկայացված տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ծախսած գումարը հավելյալ 3 անգամ` 300 տոկոս արժեք է ստեղծել։ Տեսականորեն մենք իրեն տվել ենք 4 հազար դրամ, իրենք միջին հաշվարկով աշխատել են 12 հազար դրամ՝ յուրաքանչյուր ծախսի հատվածով»,- ասել է ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը։ Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք։ Դա խորհրդատվության բաղադրիչն է, որ մարդկանց օգնեն կողմնորոշվել` ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։ Սա շատ կարևոր բան է՝ ելնելով տվյալ տարածքի կլիմայական առանձնահատկություններից և այլնից»: Անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության ոլորտի ընթացիկ և առաջիկա նախաձեռնություններին, այն է՝ զբաղվածության գործառույթների ավտոմատացված տեղեկատվական համակարգի արդիականացում, զբաղվածության մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացում, զբաղվածության ծրագրերի իրականացում և գործատուների հետ համագործակցություն: Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023 թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24,024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝ ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը կարո՞ղ ենք համարել հիմնադրված։Պատասխանատուները դրական պատասխան են տվել և նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել ենք կրկնակի փորձաքննություններն անցկացնել նոր համակարգով։ Անձի ֆունկցիոնալության ներդրման արդյունքում ընդունվող հիմնական որոշումը գրեթե ամբողջությամբ ինքնաշխատ է, և մարդու միջամտությունը նվազեցրած է գրեթե զրոյի։ «Այսինքն` այս տարի, ովքեր ԱՖԳ-ով են գնահատում անցել, ճանաչվել է ուղեգրվածների ընդամենը 68 տոկոսը։ Դա անհավանական ցուցանիշ է։ Օրինակ, մենք մեծ պայքար ենք տարել՝ նաև քրեաիրավական տիրույթում, մեծ թվով մարդիկ ենք ազատել, ճշգրտությունով հասել ենք 80 տոկոսի»,- ասել է ՄՍԾ պետը։ Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2021, 2022 և 2023 թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է 2023 թ․-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն): Խոսվել է նաև ոլորտում իրականացված վարչարարության պարզեցման և առաջիկա նախաձեռնությունների մասին: Զեկուցվել է, որ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել է կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները։
11:01 - 10 փետրվարի, 2024
Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները
 |armenpress.am|

Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները |armenpress.am|

armenpress.am: Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։ Այս մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։ «Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել  1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է»,-պարզաբանել է Մանուչարյանը։ Անդրադառնալով  բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա համար  արդեն իրականացվել են 96 հազար 821 հայրենակցի աջակցության վճարումները։ «Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,-պարզաբանեց նախարարի խոսնակը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 հազար 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 հազար 857-ին, նոյեմբերի համար՝ 87 հազար 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 հազար 787 անձի։ Մանուչարյանը նշել է, որ  ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։
17:35 - 09 փետրվարի, 2024
Ինչպես տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին

Ինչպես տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին

Եթե ուզում եք ստուգել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքի էջում:   «Համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցությունների կարգավիճակը (100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն)»,- նշված է գրառման մեջ։
18:34 - 06 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց․ այդ օգնության շնորհիվ, ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 31-ին՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած միջոցառմամբ, որի ընթացքում բռնի տեղահանված անձինք ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդի և «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդի հետ մասնակցել է միջոցառմանը։ Աննա Ժամակոչյանն այցի ընթացքում ընդգծել է․ «Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023–ի սեպտեմբերին հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը վերսկսելու մարտահրավերի առաջ։ Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին։ Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին մեր տեղական և միջազգային գործընկերներն են, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»։ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023թ-ի դեկտեմբերին և կտևի 6 ամիս։ Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը։ «2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին։ Այս միջոցներն օգտագործվում են տրամադրելու ամեն ինչ՝ ներառյալ սնունդ և հոգեսոցիալական աջակցություն՝ օգնելու տեղահանված անձանց հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ։ Աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները։ «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդն իր ելույթում նշել է․ «Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են։ Մեր նպատակն է՝ նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար՝ ծրագիրը գործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»։ Միջոցառման մասնակիցները հետևել են մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցել շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար։
09:53 - 05 փետրվարի, 2024
Երեխայի ծննդով պայմանավորված որ նպաստներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

Երեխայի ծննդով պայմանավորված որ նպաստներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)` մայրության նպաստ. երեխայի ծննդյան միանվագ նպաստ. խնամքի նպաստ։ Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության նպաստի նշանակման համար (որպես չաշխատող անձ)։ Չաշխատող անձանց դեպքում՝ նպաստի չափը ներկայում 172.500 դրամ է։ Նշենք, որ հայրենակիցներին ՀՀ-ում մայրության նպաստ նշանակելն ապահովող պարզեցված ընթացակարգեր են սահմանվել։ Ըստ այդմ՝ նպաստը նշանակվում և վճարվում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Եթե տեղահանված անձը նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել) կամ ծննդաբերել է ԼՂ բժշկական կազմակերպությունում, ապա նրան մայրության նպաստ կնշանակվի, եթե ԼՂ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նրան ԼՂ-ում նպաստ չի նշանակվել։ Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Տվյալ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով: Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Եթե նորածին երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե այնտեղ այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, եթե դիմող ծնողը և երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Այն դեպքում, երբ երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 12 ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են՝ առաջին երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ. երկրորդ երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ. երրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ. չորրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։ Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար նշանակվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։ Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքջում։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: ՀՀ-ում մինչև 2023 թ․հունվարի 1-ը ծնված երեխաներին նպաստ նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը ՀՀ-ում գտնվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ ՀՀ գյուղական բնակավայրի հասցեով ծնողը հաշվառված է 1 տարի անընդմեջ, իսկ երեխան՝ դիմելու օրվա դրությամբ: Այս դեպքում, նպաստի չափը կազմում է 31.600 դրամ: Լեռնային Ղարաբաղում գրանցված գործատուի մոտ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ խնամքի նպաստ նշանակելու համար: Հետևաբար, օրինակ, եթե երեխան ծնվել է 2022 թ․ ԼՂ գյուղական կամ քաղաքային բնակավայրում, ծնողներից առնվազն մեկը ԼՂ-ում գտնվել է խնամքի արձակուրդում, ապա վերջիններս ՀՀ-ում չեն կարող ունենալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։ Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, վերջինս ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար։ · եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31.600 դրամ, · եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37.500 դրամի չափով Ընդ որում՝ ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։ Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջում։
17:32 - 31 հունվարի, 2024
ՀՀ-ում որ կենսաթոշակներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ-ում որ կենսաթոշակներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։   «ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար. աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի). զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում): Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն ՀՀ-ում նրանց նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։   Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։   ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։   Ըստ այդմ՝   ․ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 31 600 է. ․ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21 500 դրամ). ․ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1 150 դրամ). ․ տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ): Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։   ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին:   Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է կանխիկ եղանակով:   Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/3h99yYU)։ Եթե անձը 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ ԼՂ-ում եղել է կենսաթոշակառու, և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը կարող է ներկայացնել առցանց՝ www.socservice.am կայքէջում։   ԼՂ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են օգտվել նաև 10 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 դրամը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը»,- ասված է հաղորդագրությունում։
18:44 - 30 հունվարի, 2024
Անկանխիկ վճարումից հրաժարվելու դեպքում տնտեսվարողը տույժի կենթարկվի

Անկանխիկ վճարումից հրաժարվելու դեպքում տնտեսվարողը տույժի կենթարկվի

Առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից օգտվող քաղաքացիները, ովքեր ցանկանում են անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:  «Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում՝ քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով։  Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար․ ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները»,-նշված է հաղորդագրությունում։
16:02 - 29 հունվարի, 2024
Նարեկ Մկրտչյանն ու Աննա Մարիա Շիկոն քննարկել են ԼՂ-ից տեղահանված երեխաների ամառային արձակուրդը Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը

Նարեկ Մկրտչյանն ու Աննա Մարիա Շիկոն քննարկել են ԼՂ-ից տեղահանված երեխաների ամառային արձակուրդը Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։  Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է նաև վերջիններիս կենսապայմանների բարելավման և զբաղվածության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկվել է իրականացվող մի շարք ծրագրերում հունգարական կողմի ներգրավման հարցը։      Աննա Մարիա Շիկոն ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում։ Դեսպանի առաջարկով՝ քննարկվել է տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդների ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը։ Նախարար Մկրտչյանը ողջունել է դեսպանի առաջարկը և նշել, որ նմանօրինակ ծրագիր արդեն իսկ իրականացվել է Սլովենիայի և Կիպրոսի հետ, որի շրջանակում ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաները հնարավորություն են ունեցել այցելել տվյալ երկրներ ու մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր միջոցառումների։    Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ 
17:37 - 22 հունվարի, 2024
Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա. ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները |armenpress.am|

Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա. ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ  ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես այն։ Մենք իրականության մեջ տեսնում ենք, որ շատ հաճախ այդ պահանջը չէր պահպանվում։ Լինում էր այնպես, որ աշխատողները տարիներով չէին գնում արձակուրդ, նույնիսկ 15, 20 տարով։ Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը, գործատուները նշում էին, որ աշխատողները դիմում չեն գրել, իսկ աշխատողներն էլ ասում էին, թե ցանկացել են, սակայն գործատուները հնարավորություն չեն տվել։ Մենք առաջարկեցինք փոփոխություն՝ լուծում գտնելու համար»,- զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Առաջարկվող լուծումը հետևյալն է. 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա սկսելուց հետո, աշխատողն ունի մեկ տարի իր ամենամյա արձակուրդն օգտագործելու համար։ Եթե ինքը տվյալ տարվա իր ամենամյա արձակուրդը չօգտագործի, ապա իրավունք ունի մինչև 18 ամիս այն տեղափոխելու։ Եթե դրանից հետո էլ չի օգտագործում իր արձակուրդը, դիմում չի գրում արձակուրդ գնալու համար, ապա  գործատուին հնարավորություն է տրվում այլևս առանց աշխատողի դիմումի նրան ուղարկել արձակուրդ։ Սա նոր գործիք է լինելու տրված գործատուին, որ արդեն չսպասի աշխատողի դիմումին։ «Ամեն դեպքում, եթե գործատուն, ունենալով այդ իրավունքը, չիրացնի, այսինքն՝ աշխատողին առանց իր դիմումի չուղարկի արձակուրդ, ապա գործատուն տույժ է վճարելու աշխատողին յուրաքանչյուր չտրամադրված օրվա համար միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձի չափը։ Այս փոփոխությունները նպատակ ունեն, որ առնվազն 2026 թվականին և դրանից հետո աշխատողների մոտ չլինեն արձակուրդային կուտակված օրեր»,-ասաց Ժորա Սարգսյանը։ Այս կարգավորումը չի վերաբերում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից առաջ կուտակված արձակուրդներին։ Այս փոփոխությունը վերաբերում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո սկսվող աշխատանքային տարիներին։ Մինչ այդ կուտակված ամենամյա արձակուրդները կշարունակվեն պահպանվել, կհամարվեն կուտակված և աշխատողները կամ ընթացքում կկարողանան օգտագործել ընթացիկ ամենամյա արձակուրդներին զուգահեռ, կամ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում կտրվի վերջնահաշվարկ։  
10:46 - 22 հունվարի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ |armenpress.am|

armenpress.am: Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվող 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է 112 հազար 80 անձի։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը։ «40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար 104 հազար 27 անձի, նոյեմբեր ամսվա համար 77 հազար 503 անձի, 50 հազար դրամ ծրագրի շրջանակում նոյեմբեր ամսվա համար 69 հազար 429 անձի և դեկտեմբեր ամսվա համար 74 հազար 439 անձի։ Այս բոլոր վճարումներն իրականացնում ենք տարբեր բազաների համադրումների արդյունքում։ Մենք ֆիլտրեր ենք կիրառել և հետաձգել որոշ վճարումներ, բայց մինչև ամսվա վերջ կվերջնականացնենք բոլոր այդ համադրումները բոլոր բազաների հետ, և այդ ֆիլտրերի կիրառումը հնարավորություն է տվել չսխալվելու 20 հազար մարդու տվյալների մասով»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ հունվար ամսին արդեն 15 հազար մարդու աջակցություն է տրամադրվել։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 785 անձի վճարվել է կենսաթոշակ։ «Գործընթացը շարունակական է։ Մենք կրկին բոլոր հայտերը ուսումնասիրում ենք, համադրումները իրականացնում ենք և տրամադրում ենք»,-ավելացրեց նախարարը։
18:56 - 17 հունվարի, 2024
Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց գործադիրիր հունվարի 11-ի նիստին։ Հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, 2023թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։ «Ըստ էության մենք արդեն մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ, և այս նախագիծը ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։ Առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման 3 ուղղություն։ Մասնագիտական ուսուցում, որից հետո 3 ամիս պարտադիր աշխատանք։ Այս դեպքում շահառուին մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում ստանալու համար կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում ամեն ամսվա համար 50 000 դրամ և կրթաթոշակ՝ ամսական 50 000 դրամ։ Երբ նա ներկայացնի տեղեկանքը, որ ստացել է կրթությունը, գործատուի հետ կկնքվի պայմանագիր և 3 ամիս նրան կտրվի ամսական 50 000 դրամ՝ եկամտային հարկ, դրոշմանշային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարները։ Նարեկ Մկրտչյանի խոսքով գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում կամ կրթական կենտրոնում պետք է անցնի վերապատրաստումը։ «Ընդ որում և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ լուծում է այն մինչև 3 ամիս ժամկետի լրանալը, ապա փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի համար պետության կողմից տրամադրված գումարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- հավելեց նա։ Քննարկումից հետո որոշում կայացվեց 5 ամիս տևողությունը փոխարինել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման։ Վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով։ Գործատուի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա․ «Այսինքն՝ գործատուին ամսական մենք տրամադրելու ենք 165 000 դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց նրան վճարվում է ամսական 50 000 դրամ՝ հարկերը վճարելու համար»։ Աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիս լրանալը լուծելուց հետո գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ տրված գումարը։ Բոլորը միասին՝ մասնագիտական կրթություն, վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։ Նախարարի խոսքով այս ծրագիրն արդեն փորձարկված է․ «2016-20թթ․ ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ հետևել ենք ավելի քան 1 տարի և տեսել ենք, որ շահառուների 70%-ից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»։  Նիկոլ Փաշինյանի հարցին, թե որոնք են այն կրթական հաստատությունները, որտեղ պետք է սովորեն շահառուները, արդյո՞ք կա պայման, որ պետք է լիցենզավորված լինեն այդ կենտրոնները, Մկրտչյանը պատասխանեց, որ չկա նման պայման։ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան դրան, ասաց․ «Ամեն դեպքում կարող են տանել, բակում մի տաղավար դնել, ասեն՝ մենք մասնագիտական կրթություն ենք տալիս, 50 000-ները տվեք»։ ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ առկա է երկու իրավիճակ․ «Մեկը ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, և որոշակի որակավորում։ Սա պահանջում է լիցենզիա, և այս պարագայում պարտադիր է, որ կրթական ծրագրի լիցենզիա ունենա հաստատությունը՝ մասնավոր լինի, թե պետական։  Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ մինչև վեց ամիս տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում։ Այսինքն՝ բոլոր կարճաժամկետ ծրագրերը, որոնք տվյալ ծրագրի շրջանակում պիտի անցնեն, կարծում եմ՝ պետք է գրանցված լինեն երաշխավորված ծրագրերի ռեեստրում, որը նախարարությունը վարում է»։ Անդրեասյանը նաև հավելեց, որ քոլեջները ևս կարճաժամկետ ծրագրեր են իրականացնում բոլոր ոլորտներում, և այդ բազան կարող են տրամադրել գործատուներին։
11:59 - 11 հունվարի, 2024
2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

38-ամյա Հարություն Թադեւոսյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վերջին ղեկավարն է։ Նրա 10-հոգանոց ընտանիքը 2020թ․-ից մինչ օրս ապրում է Երեւանի շինարարական քոլեջի հանրակացարանում։ Վերաբնակեցման ծրագրի շրջանակում Հայաստանից տեղափոխվելով Արցախ՝ Հարությունը նախ աշխատել է դպրոցում, ապա՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Զբաղվել է նաեւ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Նա Արցախ է մեկնել 2007 թ․-ին, երբ ամուսնացած էր եւ ուներ դեռ 2 երեխա։ Այժմ բազմազավակ հայր է, ունի 1-19 տարեկան 8 երեխա՝ 2 տղա եւ 6 աղջիկ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմը փոխել է այս ընտանիքի պլաններն ու կյանքի բնականոն ընթացքը։ Նոյեմբերի 29-ին Հարությունը կնոջ ու դստեր հետ վերջին անգամ է գնացել Գանձա՝ իրենց տանը հրաժեշտ տալու․ 2020 թ-ի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը, բացառությամբ Բերձորի, Սուսի, Աղավնոյի եւ Աղանուսի, 128 բնակավայրով հանձնվեց Ադրբեջանին․ «Տունը մաքրեցինք, ավլեցինք, փոշիները սրբեցինք, դուռը փակեցինք, կողպեքի բանալին դրեցինք էդտեղ ու եկանք»,- հիշում է Հարությունը։ Թեեւ 2020 թ․-ին Արցախից տեղահանվածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Հարությունին տրամադրվել է մինչեւ 10 մլն դրամի վկայական՝ Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում մայր գումարի ամսական մարման համար, սակայն նա այդ գնով իր բազմանդամ ընտանիքին համապատասխան տուն մինչ օրս չի գտել։  Հարությունի ընտանիքը, ինչպես 2020-ին բռնի տեղահանված մյուս արցախցիները, Կառավարության աջակցության վերջին ծրագրերի շահառու չեն, քանի որ այդ ծրագրերը նախատեսված են բացառապես 2023-ին տեղահանվածների համար։ Տարիների վաստակածը զրոյացել է մեկ օրում 2020 թ․-ին հաստատվելով Երեւանում՝ Հարությունը, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանի մյուս համայնքների ղեկավարները շարունակել են հեռավար կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները․ «Երբ եկանք, դեռ պարզ չէր՝ ինչ կլիներ, կմնայինք աշխատանքի թե ոչ, բայց քանի որ ժողովրդին աջակցելու, համակարգելու, տեղերը իմանալու խնդիր կար, շտաբ բացվեց, սկսեցինք գնալ-գալ, ժողովրդի հետ կապված խնդիրները բարձրաձայնել․․․ Արցախի ղեկավարությունից հրաման եղավ, որ 2022 դեկտեմբերի 31-ից ինչպես դպրոցների, այնպես էլ համայնքի ղեկավարների աշխատակազմերը լուծարվում են՝ քարտուղար, վարորդ, հաշվապահ։ Մեզ պահեցին, աշխատավարձերը շարունակեցինք ստանալ, ու մինչեւ էսօր աշխատում ենք, բայց այլեւս չենք ֆինանսավորվում»,- պատմում է Հարությունը, ում այս տարի՝ 2023 թ․ հոկտեմբերի 15-ին են տեղեկացրել, որ հոկտեմբերի 1-ից այլեւս չի վարձատրվելու, շարունակելու է աշխատել հասարակական հիմունքներով․ «Շտաբը ցրվեց, ու ամեն ինչ, ովքեր էնտեղ էին, ում կարողանում էինք որեւէ հարցով դիմել, որ իրենք դա հասցնեն ՀՀ կառավարությանը, հիմա չկան էլ, մնացել ենք սենց անորոշ։ Ինչ հարց կա, փորձում ենք մենք մեր ձեւով ճշտել»,- ասում է Հարություն Թադեւոսյանը։ Մինչ այս տարվա հոկտեմբերը աշխատավարձից բացի ընտանիքը Արցախից ստացել է նաեւ իրենց հասանելիք ամենամսյա նպաստը։ 2006 թ․-ից ի վեր Արցախում գործել է բազմազավակության նպաստ՝ ըստ երեխաների քանակի։ 4-րդ երեխայի ծննդից հետո՝ 2010 թ․-ից Հարությունն ու կինը դարձել էին դրա շահառու։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետության կողմից նրանց պետք է հատկացվեր նաեւ բնակարան։ Շինարարությունն ավարտվել էր, վերանորոգման աշխատանքները, սակայն, անավարտ մնացին 2020 թ․ պատերազմի պատճառով։ 13 տարվա ձեռքբերածից Հարությունը կարողացել է Երեւան տեղափոխել միայն հեռուստացույցը, սառնարանն ու լվացքի մեքենան։ Տունը, ավտոմեքենան, 30 հա հողատարածքը, անասուններն ու փեթակները կորսվել են։  44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշեց պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել պետական ֆինանսական աջակցություն, ինչի նպատակով կատարվեց վնասների գնահատում, եւ սահմանվեց փոխհատուցման չափ։ Թադեւոսյանների վնասը գնահատվեց 13 միլիոն դրամ, որից նրանք հասցրել են ստանալ 4 միլիոնը․ «Մենք ունեցել ենք ունեցվածք, այդքան տարիների ընթացքում ինչ-որ բան ենք ձեռք բերել, բնակարան, անասուններ, հող, ես միայն իմ մասին չեմ ասում, ընդհանուր, մարդիկ էդ ամենը կորցրել են, եկել են էստեղ, հիմա ուզում ենք հասկանալ՝ դրա դիմաց որեւէ փոխհատուցում կա՞, թե՞ չէ, ո՞վ պետք է անի, ինչքա՞ն ժամանակում պետք է անի, որ հասկանանք՝ մենք ոնց ենք էստեղ ապրելու, ի վիճակի ենք, թե չէ։ Էս պահի դրությամբ իմ տարիների աշխատանքը զրո է, ու ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ»,- ասում է Հարությունը։ Երեխաներից միակ չափահաս աղջիկն անցյալ տարի ընդունվել է Երեւանի պետական  համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսման վարձի մի մասը Արցախի կառավարությունը փոխհատուցել է։ Այժմ չկա նաեւ այդ փոխհատուցումը։ Մյուս աղջիկը սովորում է «Աբելյան» արվեստի դպրոցում, ֆինանսական խնդիրների պատճառով վտանգված է նրանց հետագա կրթությունը։ Քաղաքացին ակնկալում է, որ Կառավարությունը լուծումներ առաջարկի նաեւ 2020թ-ին բռնի տեղահանվածների խնդիրներին  Հարություն Թադեւոսյանն ասում է՝ մարդը, որպես կանոն, իր կենսակերպը կազմակերպում է՝ հիմնվելով ֆինանսական աղբյուրների կանխատեսելի հաշվարկների վրա, իսկ իրենք միանգամից են կտրվել թե՛ աշխատավարձից, թե՛ նպաստից, այդ պատճառով էլ հիմա անորոշության մեջ են։ Կինը չի աշխատում, քանի որ մանկահասակ երեխա ունեն, ինքը սննդի կետ է վարձել, փորձում է աշխատեցնել, նաեւ տաքսի վարել։ Այնուհանդերձ, դրանով, ըստ Հարությունի, հնարավոր չէ պահել 10-հոգանոց ընտանիքը, նաեւ պարտքեր է վերցրել․ «2020 թ․-ի տեղահանվածների վերաբերյալ Կառավարությունը ոչ մի որոշում չունի, եթե 2023 թ տեղահանվածները որոշակի աջակցություն, կարգավիճակ ստանում են, Արցախի վերաբնակիչների մեծ մասը ՀՀ-ից է գնացել, զրկված է ամեն ինչից, մեզ հետ կապված ոչ մի որոշում չկա, համենայն դեպս, որ կառույցին դիմել եմ՝ Սոցհարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, ասել են՝ ձեզ հետ կապված բան չկա»,- ընդգծում է Հարությունը։ Նա այժմ ակնկալում է, որ Կառավարությունը կայացնի որեւէ որոշում, որն ուղղված կլինի իր եւ իր ճակատագրին արժանացած մարդկանց խնդիրների լուծմանը․ «Եթե խնդիրների լուծումը տրվի, հասկանամ, որ կկարողանամ ապրել էստեղ, շատ ուրախ կլինեմ, շատ եմ ուզում, ես իմ հայրենիքում եմ, իմ երկրում, բայց եթե սենց շարունակվի, ես նույնիսկ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե ինչ-որ բան անեմ, մեկ էլ պարզվի՝ որ սխալ եմ արել, որովհետեւ ինչ-որ լավ բան էր լինելու, չանեմ՝ բա որ պարզվի՝ չի լինելու։ Էս անորոշությանը պետք է վերջ տալ, Էդ խնդիրները լուծելու համար պետք է արագ գործել եւ համ էլ խնդիրը լուծել, ոչ թե մարդուն թողնել խնդրի մեջ ու ասել՝ ինչ ուզում է, թող լինի, ոնց ուզում ես, կարգավորի։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ն ի՞նչ է պատրաստ ինձ համար անելու, որ ես էլ հասկանամ՝ ի վիճակի եմ [ոտքի կանգնել] թե չէ»,- ասում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում Կառավարությունն այս պահին նոր միջոցառում չի նախատեսում «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ հետաքրքրվելով արդյո՞ք նախատեսում են որեւէ սոցիալական աջակցություն սահմանել 2020-ին Արցախից տեղահանված, սակայն եկամտի աղբյուրներից 2023-ին զրկված անձանց համար։ Ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել են, որ այս պահին նման միջոցառում նախատեսված չէ։ Հաշվի առնելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով բազմազավակության նպաստի առանձին տեսակ սահմանված չէ՝ խնդրել էինք հայտնել նաեւ, թե այդ կատեգորիայի մարդկանց համար փոխարինող ի՞նչ մեխանիզմներ կան կամ նախատեսվո՞ւմ են արդյոք։ Ստացված պատասխանի համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք նորածին երեխաների համար ՀՀ-ում կարող են ստանալ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ եւ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 23.12.2021 թ. N 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցություն՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին՝ նրանց տվյալների բավարարելու դեպքում:  Հետաքրքրվել էինք նաեւ՝ 2020 թ․ պատերազմի վնասների փոխհատուցման անհատական գործերը Արցախի կառավարությունը փոխանցե՞լ է ՀՀ կառավարությանը, եւ արդյո՞ք Հայաստանը շարունակում կամ նախատեսում է շարունակել այդ միջոցառման իրականացումը։ Սոցհարցերի նախարարությունից, սակայն, նշել են, որ իրենք պատասխանատու գերատեսչությունը չեն եւ նման գործեր չեն ստացել։ Նույն հարցմամբ դիմել ենք նաեւ Կառավարությանը, որտեղից հարցումը վերահասցեագրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին։  Գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ի պատասխան մեր հարցերին, հայտնել է, որ հիշյալ անհատական գործերը ՀՀ կառավարությանը չեն փոխանցվել, եւ տվյալ հարցի վերաբերյալ քննարկում չի նախատեսվում․ «Չնայած նրան, որ նախկինում Լեռնային Ղարաբաղում իրականացվել են պետական աջակցության տարաբնույթ ծրագրեր, մինչ այս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ եւ միջնաժամկետ կարիքների արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաեւ երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները», – ասված է պատասխանում։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի
20:22 - 10 հունվարի, 2024
Հայաստանում մինչև 2026-ը նախատեսվում է 20 տոկոսով կրճատել նպաստ ստացող ընտանիքների թիվը. Նարեկ Մկրտչյան
 |news.am|

Հայաստանում մինչև 2026-ը նախատեսվում է 20 տոկոսով կրճատել նպաստ ստացող ընտանիքների թիվը. Նարեկ Մկրտչյան |news.am|

news.am: Նախատեսում ենք մինչև 2026 թվականը նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատել 20%-ով: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա հավելեց, որ նպաստները կավելանան, բայց աջակցությունն ավելի հասցեական կդառնա։ «Կարևոր է աշխատել մարդկանց մտածելակերպը փոխելու և նրանց խրախուսելու, որ աշխատանքի միջոցով լուծեն իրենց սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա։ Մկրտչյանն ասաց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով 2024 թվականին կշարունակվի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական ​​աջակցության ծրագիրը։ Նրա խոսքով, 2023 թվականին այս ծրագրով շահառուների թիվը կազմել է 3617 մարդ, իսկ ընդհանուր առմամբ 2020 թվականից սկսած՝ 9069 քաղաքացի։ Նախարարը նշեց, որ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական ​​աջակցության ծրագրով հաստատվել է շուրջ 280 դիմում՝ մինչև 16 մլն դրամի չափով։ «Մյուս կարևոր փոփոխությունն այն էր, որ եթե նախկինում մինչև երկու տարեկան երեխային խնամելուց հետո աշխատանքի վերադառնալիս ծնողին դադարում էր նպաստի վճարումը, իսկ այժմ նպաստի վճարումը շարունակվում է։ Բացի այդ, խնամքի նպաստ է տրամադրվում նաև չաշխատող մայրերին։ Այս բոլոր փոփոխությունները դարձյալ արվել են ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով»,- եզրափակեց նա։
16:19 - 10 հունվարի, 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
 |1lurer.am|

Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգևոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով մենք ընդլայնում ենք անձնական օգնականի ծառայության թիրախ խումբը, և ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվո՞ւմ են նպաստի համակարգում, թե՞ չէ: Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից»,- ասաց նախարարը և հավելեց, որ ծառայության մատուցման համար 1 ժամվա գումարը 1050 դրամ է՝ հարկերը ներառյալ: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին 57 վերապատրաստված անձ կա, նրանք նպաստի համակարգում գտնվող անձինք են, այսինքն՝ նրանք, որ նաև գործազուրկ են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ շահառուն ընտանիքի անդամը կարո՞ղ է դառնալ: ԱՍՀ նախարարը միջազգային փորձը մեջբերեց՝ նշելով, որ ընտանիքի անդամը չէ այս պարագայում թիրախը, քանի որ աշխատանքային պայմանագրի լուծման մասով խնդիրներ կարող են առաջանալ: Մյուս կողմից էլ ընտանիքի անդամը կարող է ասել՝ մասնագիտական վերապատրաստման կարիք չունի և հրաժարվի վերապատրաստման վկայական ստանալուց: Փաշինյանը նկատեց, որ մասնագիտական վերապատրաստումից հրաժարվելու դեպքում չի կարող օգտվել ծառայությունից. «Մեր շահառուն ընտանիքի անդամը չէ, մեր շահառուն այն մարդն է, ում պետք է խնամել, մենք փող ենք տալիս, մեզ հետաքրքիր չէ՝ մենք փողն ում ենք տալիս, մեզ հետաքրքիր է, թե մենք փողն ինչի համար ենք տալիս: Մենք փողը տալիս ենք մեր ստանդարտին համապատասխան խնամք ապահովելու համար: Եթե մենք համոզված չլինենք, որ նույնիսկ ընտանիքի անդամը, ծնողը, կինը, ամուսինն այդ հմտությունն ունի, մենք չենք տա այդ գումարը: Բայց ես ասում եմ՝ չփակենք այդ հնարավորությունը»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև նկատեց, որ այս որոշմամբ նպատակ կա քաջալերելու հաշմանդամություն ունեցող այն անձանց, որոնք ունեն սովորելու ընդունակություն, բայց նաև որպեսզի խանութ գնալու սահմանափակում չունենան: «Ոչ թե մենք սա կարեկցանքից են անում, ոչ թե սա բարեգործություն, հումանիտար քայլ է, ո՛չ, մենք տեսնում ենք, որ մարդիկ պոտենցիալ ունեն, մեծ պոտենցիալ ունեն, և ուզում ենք, որ իրենց պոտենցիալն օգտագործեն և ուզում ենք աջակցել նրանց սեփական պոտենցիալը բացահայտելու և իրացնելու հարցում»,- ասաց Փաշինյանը: Նախարարը  խոստացավ մինչև որոշման ընդունումն ընդունել այս մասով համապատասխան կարգավորումները:
15:25 - 04 հունվարի, 2024