Արամ Սարգսյան

Քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ (1999-2000), նախկին պատգամավոր։

2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։

2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։

«Հոկտեմբերի 27»-ն ունի կազմակերպիչներ, որոնք դեռ պատժված չեն. Արամ Սարգսյան |1lurer.am|

«Հոկտեմբերի 27»-ն ունի կազմակերպիչներ, որոնք դեռ պատժված չեն. Արամ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, պատերազմները դեռ ավարտված չեն, այդ պատերազմներում մեր բարեկամները շատ չեն, և մենք լուրջ հետևություններ պետք է անենք, ամենակարևորը միասնական լինելն է, բարություն տարածելը, բարություն քաղելը, լավ խոսք ասելը և լավ խոսք ստանալը. ինչ քաղես, այն էլ կհնձես: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:    «Մենք դասեր չքաղեցին Հոկտեմբերի 27-ից հետո, դասեր չքաղեցինք Մարտի 1-ից հետո, հիմա էլ չենք ուզում դասեր քաղել, և ունենք այն վիճակը, ինչ ունենք: Շատ բարդ է պարտությունից հետո հաղթած պաշտպանության նախարարի, հաղթած քաղաքական գործչի ծննդյան օրով մի բառ ասել, որովհետև բոլորս ինչ-որ առումով մեզ մեղավոր զգում ենք, չգիտեմ ինչում, բայց մեղավոր ենք. հաստատ իրար հանդեպ հանդուրժող չենք եղել և առայսօր մեր մեջ թշնամի ենք ման գալիս: Պետք է սիրենք հայրենիքը, ինչպես Վազգենն էր սիրում, ասում էր՝ քարի հետևում քար կա, սարի հետևում՝ սար, սա բառերով սիրելու հայրենիք չէ»,- նշեց Սարգսյանը: Անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց. «Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ բանակն իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնելու: Եթե Գլխավոր շտաբը հայտարարել է, դա արդեն իսկ հեղաշրջման փորձ է, եթե տանկերը մտցնեին և ձերբակալեին վարչապետին, կլիներ ռազմական հեղաշրջում: Հեղաշրջումը լավ բան չէ, ճիշտ է ժողովրդի կարծիքը հարցնել ընտրություների միջոցով»:  Սարգսյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ռազմական հեղաշրջումներին: «Մեր երկրում զորքով, զենքով հարցերը լուծելն անթույլատրելի է՝ կլինի Հոկտեմբերի 27, Մարտի 1: Մարտին 1-ին բանակը մտցվեց քաղաք, 10 մարդ զոհվեց, հետո ասում է՝ ես չեմ իմացել, Միքայել Հարությունյանն է որոշել... Հայաստանում առաջացած ներքաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլընտրանք չկա»,- ընդգծեց նա:  Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ այս իշխանությունը չի կարող կազմակերպել ընտրություններ, Սարգսյանն ասաց, որ դա ասում են մարդիկ, որոնք մշտապես իրենք են կեղծել ընտրությունները, որի հետևանքով «Մարտի 1» է տեղի ունեցել, և այդ կեղծիքի հետևանքով է, որ 2018-ին մարդիկ փողոց դուրս եկան:  Հաջորդ դիտարկմանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, պատերազմ չէր լինի, Սարգսյանը նշեց. «Ադրբեջանը համագործակցել է Թուրքիայի հետ՝ պատերազմում օգտագործելով մեծ ծավալի առաջադեմ զինտեխնիկա, մի քանի անգամ ավելի մարդուժ, և այդ պայմաններում մենք դատապարտված էինք պարտվելու, ով էլ լիներ երկրի ղեկավար, չէինք հաղթելու: Երբ հակառակորդդ քեզնից այդքան ուժեղ է, նախագահդ ով ուզում է լիներ՝ հանճար լիներ, Սողոմոն իմաստունը, պատերազմը չէր հաղթելու: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է»:  Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-ին վարչապետին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը՝ Սարգսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը կողմերի հետ պայմանավորվել էր հրադադարի մասին, սակայն հակառակորդը չպահպանեց պայմանավորվածությունները:   Հարցին ի պատասխան՝ արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բոլո՞ր մեղավորներն են պատժված, Արամ Սարգսյանն ասաց. «Հեկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը հայտարարեց, որ այդ հինգն են, ու վերջ: Շատ մարդիկ՝ Անդրանիկ Մարգարյանից սկսած մինչև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, չէին կիսում այդ տեսակետը, որ կազմակերպիչներ չկան, այդ հինգն են, սակայն Քոչարյանը գտնում է, որ բացահայտված է գործը, անելիք չկա, այդ հինգն են, ու վերջ: Ես գտնում եմ, որ Հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչներ, պատահական չեմ համարում հանցագործների՝ Ուկրաինայով Թուրքիա այցելելը, պատահական չեմ համարում ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի առաջարկած տարբերակը, որը դեռ պետք է ստուգվի, պատասհական չեմ համարում, որ ռուս-ադրբեջանական-թուրքական պայմանավորվածությունների արդյունք էր թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ վերջին Արցախյան պատերազմը, և դա Հոկտեմբերի 27-ի հիմքերի հիմքն է»:
17:00 - 05 մարտի, 2021
Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. Արամ Սարգսյանը հանդիպել է վարչապետի հետ |1lurer.am|

Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. Արամ Սարգսյանը հանդիպել է վարչապետի հետ |1lurer.am|

1lurer.am: «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վարչապետի հրավերով էի եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաև վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին: Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշեց, որ վարչապետի հետ քննարկել է նաև հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը: «Նաև քննարկել ենք ճանապարհների հետ կապված խնդիրները, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրները, նախկինում աշխատած երկաթգծի հարցը, որովհետև նախկինում երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Իրանի հետ, թե՛ Թուրքիայի հետ: Այդ փորձն էր ուզում իմանալ»,- նշեց Սարգսյանը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանի ապաշրջափակման հեռանկարին: «Աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել, և որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այն ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պետք է ասենք այո, բայց դա բազմաթիվ հարցեր ու խնդիրներ ունի, բարդություններ ունի, որոնց պետք է նայվի»,- հայտարարեց նա: Սարգսյանի խոսքով՝ այսօր կա հոգեբանական խնդիր: «Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս տարածքից չի հեռանալու, ոչ էլ մենք ենք հեռանալու: Սա էլ այնպես չէ, որ բազմաբնակարան շենք է, մենք երրորդ հարկում ապրում ենք, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ հոգնեցինք, տունը վաճառենք, գնանք ուրիշ տեղ ապրենք: Պետք է փորձենք իրավիճակը հարթել, պետք է փորձենք իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ, իսկ այդտեղ մեզ համար շահեկան կլինի, եթե մենք ուժեղ պետություն ունենանք, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինել բանակը»,- մանրամասնեց Սարգսյանը:
14:37 - 14 հունվարի, 2021
Մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել․ Արամ Սարգսյան

Մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությանը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ առաջնահերթ քայլերին եւ հայտարարել, որ իր գլխավորած կուսակցությունը ընտրությանը կմասնակցի միայն համախմբմանը և ապագային միտված ծրագրերով։ Ստորեւ՝ Արամ Սարգսյանի հոդվածը։ Մեզ այլընտրանք տրված չէ. 21 տարի է,ինչ ես Ամանորի գիշերը գնում եմ Եռաբլուր: Այս տարվա տեսածս, միմյանց տներ չգնալը, «շնորհավոր» բառն անպատեհ համարելը նորից ստիպեցին մտորել ու հոդված գրել... Մենք պատերազմում պարտվեցինք, և պատերազմն այսօր էլ սողալով, բայց շարունակվում է, որովհետև պարտության գլոբալ պատճառները մի կողմ դրած՝ մենք մոլեռանդի մոլուցքով զբաղված ենք մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրելով, որի հետևանքով ինքներս մեզ կոչնչացնենք` հուրախություն և ի շահ մեր հակառակորդների։ Հանրության մի որոշակի հատված համարում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ավելի ռադիկալ մասը գտնում է, որ ոչ միայն պիտի հեռանա, այլև Լինչի դատաստանի ենթարկվի... Հասարակության մյուս հատվածն էլ գտնում է, որ իշխանությանը մեղադրողներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն և ճիշտ կանեն նստեն տեղները կամ՝ ինքնասպան լինեն։ Իշխանությունն այս ամենին պատասխանում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, ավելին` հակված է ընտրություններում հաղթել և վերընտրվել։ Այս երկու թևերը փորձում են ամբողջ քաղաքական դաշտը տեղավորել իրենց տեսակետների մեջ։ Կամ 17-ի կողմից ես, կամ ՔՊ-ի ու վարչապետի... Սև-ի ու սպիտակ-ի բաժանումը և առճակատումը ամենավտանգավոր տարբերակը կդառնա, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը։ Մենք կարող ենք պարտվել թշնամուն, բայց իրավունք չունենք պարտվել ինքներս մեզ։ Իրար հակադրվող կողմերը պետք է ոչ թե ուլտիմատումներ ներկայացնեն, կամ փորձեն հանրությանը հարկադրել տեղավորվել իրենց ձևավորած կաղապարների մեջ և թշնամանալ ու կռվել միմյանց դեմ, այլ` կոմպրոմիսների գնալ։ Կոմպրոմիսների պետք է հասնեն առաջին հերթին հանրության քվեն ստացած խորհրդարանական ուժերը։ Իրական և վերանձնային կոմպրոմիսի մի քանի տարբերակներ կան, որոնք նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, որովհետև համոզված եմ, որ թե Փաշինյանը, թե Ծառուկյանը, թե Մարուքյանը շատ լավ գիտեն իրենց հնարավորությունների սահմանը, ու բարձրաձայնումս կարող է ոչ միայն չօգնել, այլ փչացնել մինչ այս եղած ներքին համընկնումները։ Համոզված եմ, որ միայն կոմպրոմիսային տարբերակով կազմված ճանապարհային քարտեզի պարագայում հնարավոր կդառնա երկիրը հասցնել անցնցում և տրամաբանված քաղաքական ընտրությունների, ցանկացած այլ տարբերակ թշնամին օգտագործելու է։ Թշնամին այսօր էլ քաղաքական, բարոյահոգեբանական ու տնտեսական դաշտերում է օգտագործում իր հաղթանակը, մեր միմյանց հանդեպ թշնամանքը, ճշգրիտ և քաղտեխնոլոգների մշակած քարոզչության ու քայլերի միջոցով մեզ մղում ինքնաոչնչացման։ Թուրքիայի հետ իրենց ապագա ծրագրերը ներկայացնելով, ռազմագերիների վերադարձի խնդիրն անընդհատ շահարկելով ու ձգձգելով, Հայաստանի հետ սահմանները, ռուսների լուռ համաձայնությամբ, արագացված տեմպով ու ուլտիմատումների միջոցով սահմանազատումով մեզ պահում են ցնցումների մեջ և տրամադրում իրար դեմ։ Սա բոլորս ենք տեսնում և հասկանում, բայց շարունակում ենք տանը, աշխատանքի վայրում և համացանցում իրար հետ կռվել, միմյանց մեղադրել: Փոխարենը ,հիմա մենք էլ պիտի խոսենք ապագայի մեր ծրագրերից,  պարտադրելով եռակողմ հայտարարության երրորդ կողմին առաջնահերթություն տալ և գործել նաև ՀՀ-ին ձեռնտու ճանապարհների ծրագրերից, մասնավորապես` Սյունիքը երկաթգծով Իրանին, Չինաստանին և Հնդկաստանին, իսկ մյուս կողմից Երևանին և Փոթիին միացնող ծրագրերից։ Նոր և հինգերորդ սերնդի ռազմական տեխնիկայի գնումը, ՀՀ և ԱՀ սահմանապահ զորքերի ձևավորումը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերարժևորումը պետք է դառնան մեր գործունեության, քարոզչության և քննարկման հիմնական թեմա։ Զանգեզուրի անվտանգության մասով՝ օր առաջ պետք է գնել 100 միլիոնին համարժեք չինական արտադրության 110-120 հարվածային անօդաչու սարք, ոչ թե փողը վառել տեխնոլոգիական առումով հին և միայն հետախուզական նպատակների ծառայող ռուսական արտադրության «Օռլան« սարքեր գնելով։ Անօդաչուների հիմնական մասը պետք է տեղակայվի Սյունիքում, որը կբարձրացնի բանակի և տեղի խիզախ բնակչության ոգին։ Մեր բնական ռեսուրսներն առանց սահմանափակումների օգտագործելով,և պետության կողմից խստագույնս վերահսկելով՝ եկամուտները պետք է ուղղենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն և սահմանապահ զորքեր ձևավորելուն։ Անհրաժեշտ է նաև հարվածային զորամասեր տեղակայել Սյունիքում, որովհետև առաջիկա տարիներին բացառված չէ պատերազմը Իրանի դեմ, որից մենք պետք է աշխատենք ոչ միայն չտուժել, այլ նաև օգտվել։ Սյունիքի սահմանակից վիճահարույց ճանապարհների խնդիրը լուծելու համար, բանակցային գործընթացին զուգահեռ, պետք է սկսենք կառուցել և վերանորոգել ալտերնատիվ ու շրջանցող ճանապարհներ։ 21֊25 կմ նոր ճանապարհ կառուցելը մեծ ծախս չէ, առավել ևս, որ վերաբերում է հանրային անվտանգությանը։ Մենք մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է, մենք ամեն ինչ պետք է անենք խաղաղությունը պահելու, իսկ այդ ժամանակ երկիրը ու պետականությունը ուժեղացնելու համար։ Մեզ այլընտրանք ուղղակի տրված չէ։ Ուստի 2021-ի մեր առաջնահերթ ու պարտադիր քայլերը պետք է լինեն. 1. Հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը. մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել՝ թշնամու հաղթանակը բազմապատկելու ու երկարացնելու համար: 2. Ազգային անվտանգության խնդիրների լուծման դիվերսիֆիկացումը, Հայաստանի ազգային բանակը պետք է վերականգնի տարածաշրջանի խաղաղության ու կայունության երաշխավորի իր դերը: 3. Օգտագործելով մեր և մեր սփյուռքի ռեսուրսները `արագ պետք է վերականգնենք կորոնավարակից ու պատերազմից ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը՝ զարգացնելով արդյունաբերությունը ու նոր աշխատատեղեր ստեղծելով: Ու այս խնդիրները վերաբերում են ոչ միայն իշխանությանը և ընդդիմությանը, այլև՝ ամբողջ հասարակությանը: Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրոհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշնամիների ծրագրով: Հ.Գ.Ես` «Հանրապետություն» կուսակցությամբ և իմ ընկերներով, ընտրությանը կմասնակցեմ միայն համախմբմանը և ապագային միտված ծրագրերով։
10:43 - 05 հունվարի, 2021
Ընտրությունները չի կարելի հիմա անել. ժամանակ է պետք՝ ուշքի գալու ու նախապատրաստվելու

Ընտրությունները չի կարելի հիմա անել. ժամանակ է պետք՝ ուշքի գալու ու նախապատրաստվելու

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։ Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։ Այնուհանդերձ, հայտարարությունը կայացած փաստ է: Ռուսական զորքերն՝ իրենց ոչ բնորոշ արագությամբ ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են Արցախի տարածքում, ու դրա դեմ գնացող և խոչընդոտող ցանկացած գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, և շատ խիստ կպատժվի պատերազմով ու պատերազմի աշխարհագրության փոփոխությամբ, որ կործանարար կլինի մեզ համար։ Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսներն այս խնդրում չեն խնայում նաև իրենց հինգերորդ շարասյանը։ Ակնհայտ է նաև, որ պատերազմի նման ցավոտ արդյունքը, որ անսպասելի էր բոլորիս համար, որովհետև այլ կերպ էր լուսաբանվում՝ վերջնական հաղթանակի հույս ու հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունը և թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը շատ բարդ և ժամանակ պահանջող խնդիր է։ 5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը, իսկ դրա համար պիտի կարողանանք. 1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու տարբերակին։ 2) Համահայկական ողջ ներուժն ուղղենք աշխարհի բոլոր երկրներում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի վրա։ 3) Օգտագործենք ՀՀ տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զինտեխնիկա ու բանակ ունենալու համար։ Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ հայ տղամարդուց խիզախ տղամարդ աշխարհում չկա ,և միայն այդ դեպքում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։ Ընտրությունները, բնականաբար, չի կարելի անել հիմա՝ շոկային և լարված տրամադրություններով.ժամանակ է պետք՝ուշքի գալու ու նախապատրաստվելու: Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգնաժամ և հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելը և հանրային համերաշխության ու միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Համոզված եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միմիայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության ու նախագահի ինստիտուտի ամբողջական կիրարկմամբ»։
00:36 - 14 նոյեմբերի, 2020
Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Զ․ Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեւանա լճի կանաչելու խնդրին։ Նախապես նշելով, որ ինքը բնապահպանական հարցերից չի հասկանում՝ Սարգսյանը գրառման մեջ մի այսպիսի հարց է հնչեցրել․ «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում եւ գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։ Սարգսյանը շարունակել է, թե՝ չեն անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, ակնարկելով, որ ամիսներով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները՝ իր խոսքով՝ բնապահպանները, այդ պայքարի համար գումար են ստանում․  «Իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը՝ վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»,- եզրափակել է նախկին վարչապետը։ Infocom․am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է, թե որքանով են Արամ Զավենի Սարգսյանի գրառման մեջ տեղ գտած պնդումները համապատասխանում իրականությանը եւ թե ինչ մանիպուլյացիոն երանգներ ունեն դրանք։ Ամուլսարի պահպանման համար պայքարողները․ բնակի՞չ, թե՞ բնապահպան Արամ Սարգսյանն իր գրառման մեջ դիմել է, իր բնորոշմամբ, «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ»»-ին՝ ակնարկելով, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ գումար են ստանում դրա համար։ Նախ հարկ է նշել, որ չնայած Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված են նաեւ իրենց բնապահպան դիրքավորող մի շարք խմբեր եւ անհատներ, սակայն հենց հանքի շրջակայքում պայքար իրականացնողներն ու ճանապարհներ փակողները ազդակիր համայնքների բնակիչներն են։  2018 թվականի մայիսի 19-ին քաղաքացիները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները։ 4 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհները բացելուց հետո ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի տարածքում որեւէ շինարարական աշխատանք եւ հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, որոնք իրավական եւ բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին: Բնակիչները հայտնել էին, որ դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու:  Արդեն հունիսի սկզբին Ջերմուկ քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Ամուլսար տանող ճանապարհն ու ավելի քան տասը օր թույլ չէին տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակեր հանքի կառուցման աշխատանքները: Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը նկատել էր՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու՝ վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։ Ցուցարար մեկ այլ բնակիչ էլ ասել էր, որ աշխատանքների ընթացքում ընկերությունը ջրատար խողովակ էր վնասեր, դրա պատճառով էլ ցեխաջրերը լցվել էին համայնք։ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:  2019 թվականի օգոստոսին՝ շուրջ 1 տարի անց, երբ արդեն հայտնի էին ELARD-ի փորձաքննության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում էին իրենց բողոքի ակցիաները՝ պնդելով, որ հանքը չպետք է շահագործվի։ Ջերմուկցիներից մեկը Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իրենց հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. իրենց կբանակցեն միայն հանքի փակման համար։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշել էր, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։  Ընդ որում, այդ շրջանում Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ պատժամիջոցներ էր իրականացնում, ինչի վերաբերյալ հայտարարություն էին տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ մի խումբ իրավապաշտպաններ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ շուրջ 1500 բնակիչ ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրել էր այցելել տներ եւ ակցիային չմասնակցող բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ ջերմուկցի չէր հանդիպել։ Փաշինյանը նաեւ ելույթ էր ունեցել Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ եւս տարաձայնություններ էր ունեցել Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ եւս հիշեցրել էին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի էր ունեցել առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացել էին իրենց դիրքորոշմանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաեւ Սարավան եւ Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ եւ դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան եւ Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 եւ 478 բնակիչ, իսկ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 եւ 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։ Ջերմուկցիներն այսօր էլ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարները։ Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է խնդրի լուծման այլ ելքեր փնտրի։ Սակայն, փաստորեն, Արամ Սարգսյանը չի նշել, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարուն են հենց տեղի բնակիչները, այլ ոչ թե բնապահպանները, իսկ բնակիչներն իրենց երբեք որպես բնապահպան չեն դիրքավորել։ Բնապահպանները Սեւանի համար Թեեւ Սեւանա լճի խնդիրներով պետք է զբաղվի պետությունը՝ համապատասխան գերատեսչություններով ու կառույցներով, այնուամենայնիվ անհատ բնապահպանները կամ բնապահպանական խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, հնարավոր լուծումներ առաջարկել, ինչը կամ անտեղյակության պատճառով կամ էլ միտումնավոր՝ չի նկատել Արամ Սարգսյանը։ Այսպես, 2010 թվականի հուլիսին, երբ Սեւանա լճի մակարդակը հասել էր 1899մ-ի, տասնյակ շինություններ, Սեւանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ մնացել էին ջրի տակ։ Այդ ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել, եւ հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը: 2011 թվականի նոյեմբերին բնապահպաններն ահազանգեցին, որ Սեւանը բնապահպանական աղետի եզրին է․ շարունակում էր շահագործվել Սոթքի հանքը։  Թեեւ բնապահպաններին 2009թ.-ին հաջողվել էր կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն 2011-ի մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին օրենքը» եւ չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանա լճի աղտոտման եւ հանքավայրի ազդեցության մասին, հայտարարել էր, որ Բնապահպանության նախարարությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.-ից: Սանասարյանն ընդգծել էր, որ Սեւանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է: Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրել էր, որ մի քանի անգամ եղել է Սեւանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր եւ նյութեր, որոնք Սոթք գետով լցվում են լիճ։ Ի դեպ, այդ շրջանում բնապահպանները հետեւողականորեն զբաղվում էին հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․ մտահոգություն կար, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի:  2012 թվականի նոյեմբերին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց, որ Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ, եւ բացի կոյուղաջրերը՝ Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ։ Բնապահպանն այդ ժամանակ կարծիք հայտնեց, որ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է․ այդ տարի լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը, Զարաֆյանի պնդմամբ, հիմնավորված չէր, եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել էր: 2014 թվականին Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգել էին, որ կառավարության 2 նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը։ Նախագծերից առաջինը վերաբերում էր լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում էր մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել էր «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում էր Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով:  Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերի թեմայով 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել, որին ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրել էին Սեւանա լճի համար օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` կառավարությունը ծրագիրը մշակել էր առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշել էին, որ  Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում (արդեն վերանորոգվել է,- հեղ․), Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեին, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվեր նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովել:  2016 թվականի մայիսին բնասերների մի խումբ նախաձեռնել եւ իրականացրել էր համաՍեւանյան աղբահավաք՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն եղել տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բնապահպանական կազմակերպություններ, արշավական խմբեր, ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սեւան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։ 2017 թվականին «Հայկական բնապահպանական ճակատն» ու մի շարք բնապահպանական կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացրել էին միջազգային անկախ փորձագետների իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։  Դիմումի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, եւ բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաեւ Սեւանա լիճը։  Բնապահպանական հկ-ները շեշտել էին, որ պետք է հաշվի առնել՝ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել լճի, նրա որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):  2018 թվականի օգոստոսին բնապահպանները հայտարարել էին, որ Սեւանա լիճն այդ տարի հայտնվել է աղետալի վիճակում եւ ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեեւ, ըստ կոմիտեի, դա կօգներ խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն, բնապահպանների կարծիքով, Սեւանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։ Նույն շրջանում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտել էր, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սեւանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացրել, որ հասկանալի լինի՝ այդ ջուրն ինչի համար եւ ուր է գնում։ Զարաֆյանը տեղեկացրել էր «S.O.S. Սեւան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սեւանի բոլոր համայնքները, նաեւ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, այդ ջուրը տեղ հասնում է, թե ոչ։ 2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր ծավալուն հոդված՝ մանրամասն անդրադառնալով Սեւանի ջրի մակարդակի բնականոն աճի խաթարման խնդրին, առաջարկելով հնարավոր լուծումներ։ Հոդվածում նախանշվել էր, որ Սեւանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատեւման երաշխիքը եղել եւ մնում է նրա մակարդակի շարունակական եւ անշեղ բարձրացումը՝ առանց զարտուղի եւ դավադիր ուղիներով  նրա մակարդակի բնականոն աճի կասեցման՝ մի խումբ ապազգային, անհայրենիք, իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։  Նախորդ տարի՝ 2019-ին, լճի ծաղկելու խնդիրը դարձյալ անտարբեր չի թողել բնապահպաններին։ Բնապահպանների հիմնական քննադատությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ոչինչ չի արել ամեն տարի առաջացող այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին, նա նշել էր, որ Սեւանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբեւէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․ «Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երեւույթներին, այլեւ կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սեւան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սեւանա լճում, եւ պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»: Ամուլսարից՝ Սեւան Արամ Սարգսյանը պնդում է արել, ըստ որի՝ «հայրենասեր բնապահպանները» Սեւանի համար չեն պայքարում, որովհետեւ, գումար չեն ստանում դրա դիմաց, իսկ ահա Ամուլսարի դեպքում՝ հակառակը։ Իրականում, ինչ-որ չափով նաեւ Ամուլսարի շահագործումն է Սեւանա լճին սպառնացող վտանգ հանդիսանում։ Եւ սա արդեն պնդում են ոչ թե բնապահպանները, ոչ թե տեղի բնակիչները, այլեւ վերը հիշատակված ELARD-ի փորձագետները։ Ի սկզբանե, երբ պատվիրվել է այս փորձաքննությունը, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն,  միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել ազբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Ովքե՞ր են գումարով բնապահպան աշխատողները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այս երկու տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հանրային-քաղաքական գործիչը այդ պայքարի մասնակիցներին ներկայացնում է որպես որեւէ տեղից գումար ստացող բնապահպաններ։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանն էր մի այդպիսի հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե կան ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է, բայց, ըստ իրեն, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի: Այս հայտարարության վերաբերյալ բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել էր դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջ են ներկայացրել, որպեսզի հերքի այդ տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորվում են: Դատարանը, սակայն, որոշել էր մերժել քաղաքացիական գործով հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Նույն հարցը տվեցինք Արամ Սարգսյանին․ ո՞ւմ է նկատի ունեցել եւ արդյոք իր պնդման վերաբերյալ փաստական հիմքեր ունի՞։ Սարգսյանը եւս պատասխանեց, որ իր գրառումը հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։   Սեւանա լճի խնդրի արմատները Սեւանա լճի ծաղկման գործընթացը նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվել է դեռեւս 1930-ականներին՝ էներգիայի արտադրության եւ ոռոգման համար ջրի անխնա օգտագործման պատճառով։ Թերեւս, մասնագիտական շրջանակներից, բնապահպաններից ու տեղացիներից բացի՝ հանրության մի ստվար զանգվածի եւս հայտնի է, որ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վատթարացել է հատկապես վերջին տասնամյակներին։ Դրա համար հիմք են հանդիսացել ջրի մակարդակի իջեցումը, թունաքիմիկատների եւ օրգանական նյութերի հոսքը, անթրոպոգեն բացասական ազդեցությունը՝ լճի հարուստ կենսաբազմազանության վրա եւ այլն։ Լճի ջրի կորուստն առաջ է բերել ադապտացիոն ներուժի կրճատման, օրգանական նյութերի հանքայնացման, լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների ու ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտման, ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման: Այս գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ճահճացման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4°C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը, քանի որ այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Բայց երբ ջրի ծավալը եւ խորությունը նվազում է, այդ պաշտպանիչ շերտը վերանում է, լիճը սկսում է ճահճանալ:  Վերջին տարիներին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափի թեման մշտապես արդիական է եղել։ Օրինակ, 2015 թվականին Սեւանից իրականացվելիք ջրառի չափաքանակ է սահմանվել շուրջ 170.0 մլն խոր. մետր, 2016 թվականին՝ դարձյալ նույնքան, 2017 թվաքանին ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 270.0 մլն խոր. մետր, 2018 թվականին՝ 170, 2019-ին՝ նույնքան։ 2019 թվականին Սեւանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է եղել վերջին 5 տարիների ընթացքում․ նոյեմբերի 1-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56,076 մլն խմ-ով: ՀՀ կառավարության 06.06.2019թ «Ոռոգման նպատակով 2019թ Սեւանա լճից ջրառի մասին» N698-Ա որոշմամբ սահմանված մինչեւ 170 մլն խմ ջրառի չափաքանակից պակաս է բաց թողնվել 26,140 մլն խմ-ով։   Պետությունը Սեւանի համար 2017 թվականի վերջի դրությամբ, (վերջին 5 տարիների ընթացքում Սեւանից ջրառի ամենամեծ չափաքանակն է նախատեսվել հենց 2017-ին) Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ (1900.46մ) նվազել է 0.04մ-ով:  2017 թվականի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270մլն խմ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2017-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրածածկ անտառտնկարկներով տարածքներից մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա-ը՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ՊՈԱԿ-ի կողմից, 14,1 հա՝ ֆիզիկական անձանց կողմից՝ ՊՈԱԿ-ի հետ կնքված ջրածածկ անտառների մաքրման պայմանագրերով։ 2017 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով պարկի տարածքում իրականացվել են 8.48 հա անտառավերականգնման աշխատանքներ:  ՀՀ կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 որոշմամբ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի, վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման՝ 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը։  Ծրագրով նախատեսվում էր բարելավել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգը, անտառմաքրման աշխատանքներ իրականացնել լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում, նոր անտառշերտ հիմնել լճի շրջակայքում, իրականացնել ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքներ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, կենդանական ռեսուրսների հաշվառում անել լճի եւ դրա ջրահավաք ավազանում, սահմանել օգտագործամն թույլատրելի չափաքանակներ, մաքրել լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերը, համալրել ձկան պաշարները, կանխել ապօրինի աղբավայրերի գոյացման ընթացքը եւ այլն։ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի ընթացքում Սեւանա լճի վիճակը վատթարացել է: Նշված է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ են հանդիասանում լճի ջրի տաքացումը եւ լճում կենսածին տարրերի, հատկապես, ֆոսֆորի առկայությունը: Բացի այս՝ լճի աղտոտման հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց կենսաբանական մաքրման արտահոսքերը Սեւանի ՋԿՏ-ի գետեր կամ անմիջապես Սեւանա լիճ: 2019թ. «Անտառային մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է 1901.5 բացարձակ նիշն ընկած տարածքների մանրամասն ուսումնասիրություններ եւ գնահատում, ինչպես նաեւ ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ նախարարության եւ «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված 2019-2021 թվականների համար Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված էր 2019 թվականին մաքրել ընդհանուր 98 հա տարածք, որից 4-ը՝ ջրածածկ։ Լիարժեք մաքրված տարածքները կազմում են շուրջ 30 հա, եւս 50 հա անտառածածկ տարածքներում հիմնականում ավարտվել են ծառերի, թփերի հատման աշխատանքները։ Անտառածածկ տարածքների աննախադեպ խտությունը, անկանխատեսելի խորությամբ ճահճուտները, եղանակային անբարենպաստ պայմանները նախատեսվածից ավելի կոճղերի առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար։ Ի դեպ՝ 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, որով բացառել է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառ իրականացնելու հնարավորությունը: Կառավարությունն այսուհետ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորության համար կարող է դիմել միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։  2019 թվականի հունիսին ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանի եւ վերը նշված մի շարք բացասական գործոնների համադրության արդյունքում Սեւանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում, բայց նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն եւ կնվազեն աղտոտումները։  Հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է խնդիրը, երկրորդ փուլն են սկսում։ ՇՄ նախկին նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ է՝ կեղտաջրերը չպետք է լցվեն Սեւան, մաքրման կայաններ պետք է լինեն, մաքրվեն ջրի տակ մնացած բուսական հատվածները, եւ այլն։ Նախարարությունը վստահեցրել էր, որ մինչեւ 2021-ը 770 հա տարածք կմաքրվի, մինչդեռ նախկինում տարեկան 80հա պլանային մաքրումներ էին նախատեսված։  Օրեր անց՝ հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:  Երեկ արդեն՝ հուլիսի 21-ին, ՇՄ նախարարությունը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Բացի այդ՝ սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները, եւ, ըստ նախարարության հայտարարության, համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Իսկ մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ ՇՄ-ն հավելել է, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Այսպիսով, Արամ Սարգսյանի գրառումը մանիպուլյատիվ ու խնդրահարույց պնդումներ է պարունակում․ քաղաքական գործիչը, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե ՌԴ-ից օրավարձով գումար ստացող բնապահպաններն են փակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, այնինչ բազմաթիվ են վկայությունները, այդ թվում՝ վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի տեսքով, որ հանքի շահագործմանը դեմ են տեղի ու հարակից համայնքների բնակիչները, որոնք իրենց երբեւէ չեն ներկայացրել որպես բնապահպան։ Իսկ բնապահպաններն իրենց՝ գումարով ակցիա անելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունից հետո վերջինիս դեմ դատական հայց էին ներկայացրել՝ զրպարտության համար։ Ինչպես Ավինյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը, մինչ այս պահը որեւէ փաստ չեն ներկայացրել բնապահպանների՝ որեւէ տեղից ֆինանսավորվելու մասին։ Հաջորդիվ, Սարգսյանը պնդել է, որ բնապահպանները Սեւանի հարցով լռել են, քանի որ դրա համար գումար չեն ստացել։ Սակայն, ինչպես արդեն ներկայացրինք, բնապահպանները դեռ 2000-ականներից են ահազանգում Սեւանա լճի խնդիրների մասին։ Բացի այդ, նախկինում Սոթքի, այսօր արդեն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր խնդիրների մասին խոսելիս բնապահպանները ինքնըստինքյան խոսում են ի շահ Սեւանա լճի, մանավանդ, ինչպես նշված է ELARD-ի փորձաքննության մեջ, երկրաշարժի դեպքում Ամուլսարի հանքից թունավոր նյութեր կարող են լցվել լիճ՝ այս անգամ Կեչուտի ջրամբարով։ Հավելենք նաեւ, որ երեկ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի գրառման վերաբերյալ՝ ներկայացնելով, թե վերջինս ինչ կապ ունի Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ըստ հրապարակման՝ վերջին շրջանում Ամուլսարում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորումները ներկայացել են «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ, իսկ այս ընկերությունը համագործակցում է «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է, որն էլ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում էր։ Ի վերջո, եթե նույնիսկ բնապահպաններ կամ բնապահպանական խմբեր չլինեն, պետության տարածքում էկոլոգիական խնդիրները կանխում կամ լուծում են կառավարությունները՝ համապատասխան գերատեսչություններով, եւ բացի անհատական-քաղաքացիական պատասխանատավությունից՝ որեւէ մեկը այլ պարտավորություն չունի ամեն օր հայտարարել, որ Սեւանա լիճը ծաղկում է, վերջնակետը ճահճացումն է, եւ այլն, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն կամ որոշեն լուծել հարցը։  Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է։ Հայարփի Բաղդասարյան, Ասպրամ Փարսադանյան
13:54 - 23 հուլիսի, 2020
Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի Ամուլսարի վերաբերյալ գրառման հետ կապված։ «Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին (տեսեք այստեղ՝ https://bit.ly/3jkW62H)։ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը պարբերաբար նախազգուշացումներ է հնչեցնում, որ Ամուլսարի շուրջ հանքահենային հիմնական տակտիկան բռնի գործողություններ սադրելն է՝ ներքաշելով Ամուլսարի պահապաններին և դրանով հիմնավորելով ոստիկանական միջամտությունը։ Այս տակտիկան սնանկացած և նոր տերեր ունեցող ընկերությունն իրագործում է կապալառու խմբավորումների ու ընկերությունների միջոցով։ Այս լարումների ֆոնին ակտիվացել է Լիդիան Արմենիայի գովազդային բաժինը, որը վերջին օրերին վճարովի ռեպորտաժներ է պատվիրել հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների։ Գովազդային այս գրոհին միացել է նաև քաղաքական պատմության մեջ վաղուց մոռացության մատնված Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի պայքարի, բնապահպանների, ջերմուկցի պահապանների մասին զազրախոսություններ ու ստեր է գրում։ Այս համընկնումները պատահական չեն։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորման մասին մեր հավաքած տեղեկությունների ու Արամ Սարգսյանի բարձրացրած աղմուկի համընկնումների վրա։ Այսպես, հարձակվողական տակտիկայով դեպի Ամուլսար ներխուժող խմբավորման ներկայացուցիչները ներկայացել են իբրև «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ։ Ըստ իրենց հավաստումների, «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի Լիդիան Արմենիայի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարի, և նրանք պարբերաբար ներխուժման փորձեր են անում այդ պայմանագիրը կատարելու նպատակով։ Ընկերության հիմնադիրներից է Վայքի բնակիչ Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը: Իսկ ահա, թե ինչու է աղմկում Արամ Սարգսյանը, պարզ է դառնում նրա քաղաքական դաշինքի կազմն ուսումնասիրելով։ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Էկո Բիլդինգ»-ի տնօրեն Կառլեն Մինասյանը ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում, որը գլխավորում էր Արամ Սարգսյանը: Կառլեն (Կարեն) Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ակտիվորեն տարածում է Արամ Սարգսյանի՝ Ամուլսարի դիմադրական պայքարը վարկաբեկող հարցազրույցներն ու գրառումները: Կան նաև լուրեր, որ բացի Լիդիանի կապալառուների հետ այս քաղաքական կապերից, Արամ Սարգսյանին հետաքրքրում է նաև հանքի շահագործումը՝ որպես կիր մատակարարելու բիզնես հնարավորություն։ Ամուլսարի պայքարի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում հասկանալ Լիդիանի նոր տերերի ստրատեգիան և չդառնալ դրա մի մասը: Նրանք իրենց անունից գործողություններ չեն ձեռնարկում, սակայն փոխարենը ֆինանսապես շահագրգռում են տեղական ընկերությունների, նրանց «աշխատանքի պատվեր տալիս» Ամուլսարի տարածքում, որպեսզի վերջիններս հանուն իրենց շահույթի ամեն կերպ փորձեն աշխատանքներ սկսել Ամուլսարում: Մինչդեռ ինչպես հայտնի է, այս ծրագիրը կանխվել է Ջերմուկ համայնքի բնակիչների և բազմաթիվ այլ ակտիվ ու գիտակից մարդկանց ջանքերով, իսկ քանի դեռ ծրագիրը վերջնականորեն չի դադարեցվել ՀՀ կառավարության կողմից՝ դեպը լեռը տանող ճանապարհների մոտ շարունակում են հերթապահել Ամուլսարի պահապանները: Ուստի Ամուլսարում գումար վաստակելու նպատակ ունեցող տեղական ընկերություններն անխուսափելիորեն դիմադրության են հանդիպելու: Լիդիանի վերակազմակերպման արդյունքում նրա նոր տերերը դարձած ներդրումային ընկերությունները տեղի համայնքների բնակիչներին միմյանց դեմ դուրս բերելով նպատակ ունեն մի կողմից բախումներ հրահրել, բռնության սցենարներ սադրել և այդ ճանապարհով չեզոքացնել Ամուլսարի պահապաններից որոշներին ու խաթարել շարժման նկատմամբ հանրային համակրանքը, մյուս կողմից՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել Ամուլսարի տարածքում, ինչը նրանց իրավական գործիքներ կտա ներդրումային արբիտրաժի միջոցով Հայաստանից գումարներ կորզելու համար և մասամբ կհանդարտեցնի Լիդիանի դեմ ֆինանսական ու գույքային պահանջներ ներկայացնող պարտատերերին:Քանի դեռ Ամուլսարում դիմադրական պայքարի շնորհիվ ճանապարհները փակ են, արբիտրաժ մտնելու հնարավորություն Լիդիանի այս նոր տերերն ու ընկերությունները չունեն։ Կրկին շեշտում ենք, որ կարևոր է հասկանալ այս ստրատեգիան և չդառնալ այս բեմադրված սցենարի մասը: Իսկ Արամ Սարգսյանին կոչ ենք անում այլ բիզնես հնարավորություններ փնտրել։   «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն»
15:59 - 22 հուլիսի, 2020
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից |armenpress.am|

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից:Այս մասին Սարգսյանն ասաց փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում: «Քարոզարշավին մասնակցելու եմ, ինչպես մնացած բոլոր քարոզարշավներին, քարոզելու եմ «Այո»-ն, համարում եմ շատ կարևոր: Գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է պասիվ չմնա, պետք է անպայման մասնակցի հանրաքվեին, որովհետև, եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դնող չկա, հիմա ժողովրդի քվեից է կախված ամեն ինչ»,- ասաց Սարգսյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
19:37 - 25 փետրվարի, 2020
«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆ Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը։Միևնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ Աժ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան: «Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր և ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, և վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի: «Հանրապետույթուն» կուսակցություն
20:03 - 11 փետրվարի, 2020
Վարչապետ Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր․ «Հանրապետություն» կուսակցություն

Վարչապետ Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր․ «Հանրապետություն» կուսակցություն

Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաեւ այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել.1. Ոչ ոք չի ժխտում, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կատարյալ չէ ու կա որոշակի անվստահություն թե՛ համակարգի, թե՛ անհատ դատավորների նկատմամբ, բայց դա ամենեւին չի՛ նշանակում ոտնահարել Սահմանադրությունը, որով երաշխավորված է պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:2. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:4. «Հանրապետություն» կուսակցությունը, առնվազն անընդունելի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ գտնում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նա չի կարող պնդել, որ քաղաքական հալածյալ է: Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով:5. Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները եւ կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին: Նրա ամեն խոսքին հետեւում են ոչ միայն Հայաստանում, այլեւ, ու հատկապես, Ադրբեջանում: 2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով արտաքին վտանգը:6. «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին»:
11:30 - 20 մայիսի, 2019
Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ ևս համոզվես, թե որքան ուժեղ և հզոր է եղել նրա մեջ հայկականությունը: Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել: Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաև մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր: «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև արաբական աշխարհ: Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը և այսպես կոչված բանակցային արվեստը: Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերևս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա խոսել է նաև Գյուլբենկյանի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում: «Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր և մեծ հայ: Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլև իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ: Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչև վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ», - ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ: Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան: Վերադառնալու է և իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները: Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք և նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»:
18:11 - 09 ապրիլի, 2019