Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները

Քննարկվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները

Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: ՀՀ գլխավոր դատախազը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ այն խոշոր և արդեն կայցած հարթակ է քննարկելու ժամանակակից գլոբալ մարտահրավերների համատեքստում երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև միջազգային և ազգային մակարդակներում գործարարությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու ունիվերսալ կառուցակարգերի կատարելագործման հնարավորությունները: Այս առումով Արթուր Դավթյանը շեշտել է, որ վերջին շրջանում արձանագրվել է ՌԴ բազմաթիվ քաղաքացիների, գործարարների ներհոսք Հայաստան և ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում է պահում վերջիններիս անվտանգության, իրավունքների, գործարար շահերի պաշտպանության խնդիրները՝ այդ նպատակով կայուն կապ պահպանելով նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ: ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ մասնացկությունը պետերբուրգյան տնտեսական կարևոր ֆորումին: Իգոր Կրասնովը նաև գոհունակություն է հայտնել երկու երկրների դատախազական կառույցների միջև  տարեցտարի ամրապնդվող համագործակցության բարձր մակարդակի առթիվ, շեշտել դրանում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած դերը և գործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի, իրավական փոխօգնության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արժևորել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված բազմավեկտոր համագործակցության ծրագրերի իրականացման արդյունավետ ընթացքը: Երկուստեք արձանագրվել է, որ այդ ծրագրերով նախատեսված համատեղ միջոցառումներն օգնում են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում երկուստեք առաջնային համարվող ուղղություններով փորձի փոխանակմանը: Հանդիպմանը քննարկվել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրները: Մասնավորապես՝ շեշտվել է հրադադարի հանցավոր խատումների և դրանց հետևանքների համատեղ հետաքննության, միջադեպերի վերաբերալ տեղեկատվության փոխանակման ձևաչափերը ձևական չդարձնելու կարևորությունը:  Արթուր Դավթյանն Իգոր Կրասնովին շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորման հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև հաղորդակցության ձևաչափ գործարկելու հարցում ցուցաբերած անձնական լուրջ ներդրման համար: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ չնայած Ադրբեջանում պահվող բոլոր անձանց և ռազմագերիների անվերապահ վերադարձը տարածաշրջանային խաղաղության, անվտանգ գործակցության առանցքային գործոն է: Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այս հիմնահարցի շուտափույթ լուծմանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:58 - 16 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշելով, որ Արցախի Զինված ուժերում արձանագրվել է հանցագործությունների նվազում «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: ՀՀ գլխավոր դատախազը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի կազմակերպման խնդիրները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, ինչպես նաև շփման գծի ԶՈՒ հսկողության գոտիների անվտանգության հետ կապված հարցերը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ 2022թ. անցած ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է առանձին հանցատեսակներով հանցագործության դեպքերի նշանակալի նվազում: Էականորեն նվազել են զինվորական ծառայության կրման, զինծառայողների ներքին փոխհարաբերությունների հետ կապված հանցագործությունները: 2022թ. ընթացքում Արցախի զինված ուժերում ներքին հարաբերությունների հետ կապված սպանության դեպքեր և սպանության փորձեր տեղի չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, Արցախի Զինված ուժերում հանցավորության վիճակի վերլուծությունը փաստում է, որ բանակում բարձրացել է կանոնադրային կանոնների պահպանման, ընդհանուր կարգապահության մակարդակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 3 զինծառայողի սպանության և 16 զինծառայողի սպանության փորձի դեպքեր: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման, զինծառայողների, բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին: Կարևորվել է առաջնագծում ԶՈւ զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավման, դիրքերի կահավորման՝ արդյունավետ շարունակվող գործընթացի նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբին սպասարկող ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի պահպանման անհրաժեշտությունը: Արթուր Դավթյանը կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին հանձնարարել է ԶՈՒ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխարգելման խնդրի կարևորությունից ելնելով՝ հաճախակի լինել դրանց տեղակայման վայրերում, հրամանատարական կազմի և շարքային զինծառայողների հետ տանել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև զինծառայողների պարագայում իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բացատրական աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ: ՀՀ գլխավոր դատախազը նաև հորդորել է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ԶՈւ-երում հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դրանց նպաստող պատճառների և պայմանների վերհանման, այդպիսիք վերացնելու նպատակով իրավասու պետական մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու իր հանձնարարության կատարման հարցում:
16:04 - 10 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այցի շրջանակում Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայկական երկու պետությունների գլխավոր դատախազները հանդիպել են Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամներին: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առաջացած նոր իրողությունների և մարտահրավերների պայմաններում երկու դատախազական կառույցների միջև փոխգործակցության ներդաշնակեցմանը, քրեական հետապնդման մարմինների գործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Դավթյանը հետաքրքրվել է ստեղծված նոր իրավիճակում Արցախի դատախազության բնականոն գործունեության ապահովման, մասնագիտական կարողությունների զարգացման և այլ կարիքներից, այդ ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալվող աջակցությունից: Նա վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպաստելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը՝ ելակետ ունենալով օրինականության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ներքին անվտանգության ապահովման հենքին Արցախում բնականոն հանրային կյանքի երաշխավորման առաջնահերթությունը: Հայաստանի և Արցախի գլխավոր դատախազներն արժևորել են դատախազական համակարգերի միջև ավանդական փոխվստահության բարձր մակարդակը: Նրանք ընդգծել են հատկապես քրեական վարույթների շրջանակներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կայուն գործարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների իրավասու մարմիններում քննվում են այնպիսի գործեր, որոնց փաստական հանգամանքները միմյանց փոխկապակցված կամ վերաբերելի են: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերին, որոնց շրջանակում հանգամանքների լիարժեք պարզումն ու իրավական գնահատականներ տալը երկուստեք համարվում է բացարձակ առաջնային խնդիր: Քննարկվել են նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր:
16:52 - 09 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները,  հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները: Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև  ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը շեշտել է, որ պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում առաջնահերթություն է նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ սահմանային պաշտպանության և անվտանգության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմանների ապահովման պահանջների կատարման, ինչպես նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող սոցիալ-տնտեսական, լոգիստիկ բազում ծրագրերի նպատակային և որակով իրականացման խնդիրները: Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել Դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձնել մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը: Գլխավոր դատախազը խորհրդակցության ժամանակ ինչպես Սյունիքի մարզի դատախազությանը, այնպես էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է նախանշված այս առաջնահերթություններից բխող կոնկրետ հանձնարարություններ: Քննարկվել են նաև մինչդատական վարույթում գտնվող գործերով քննությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:   
17:36 - 07 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների. նրանք ընդունել են շրջադարձային նշանակության 400-ից ավելի ակտ

ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների. նրանք ընդունել են շրջադարձային նշանակության 400-ից ավելի ակտ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար: «Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար: Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները: Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև՝ ամբողջ վարույթի օբյեկտվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգորության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,-ասել է Արթուր Դավթյանը:
20:57 - 02 հունիսի, 2022
Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազներն ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայաստանի և Եգիպտոսի գլխավոր դատախազներն ստորագրել են համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ամրապնդված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության 5 տասնյակից ավելի ստորագրված փաստաթղթերով: Դրանց կարևոր մաս է կազմում նաև 2007թ. Կահիրեում կնքված քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրիրը, որով կարգավորվում են հարաբերությունները իրավական փոխօգնության ոլորտում և որի հենքին ՀՀ դատախազությունը տարիներ շարունակ ՀՀ արտգործնախարարության միջոցով համագործակցել է ԵԱՀ իրավասու մարմինների հետ: «Ներկայում երկու երկրների դատախազությունների միջև գործակցության խորացման անհրաժեշտությունը Արթուր Դավթյանը պայմանավորել է նաև վերջին շրջանում քաղաքացիների փոխայցելությունների կտրուկ ավելացման հանգամանքով, ինչը առաջ է քաշում նաև միմյանց երկրներում նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն միջոցների և երաշխիքների ապահովման խնդիր: Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին իր երկրում գտնվելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ այցը նոր խթան կհանդսանա երկու երկրների դատախազությունների միջև հարաբերություններին նոր մեկնարկ տալու համար: Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազներն արժևորել են Եգիպտոսի հայկական համայնքի դերը ինչպես երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտների, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև կապերի ամրապնդման, իրավական փոխօգնության, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Արթուր Դավթյանը և Համադա Էլ Սավին ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջինս ուղղված է ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների, ներառյալ՝ կազմակերպված հանցավորությանն, կոռուպցիայի, կիբեռհանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործակցությանը, երկու երկրների իրավական համակարգի, օրենսդրության, ահաբեկչության, փողերի լվացման և այլ հարցերով փորձի փոխանակմանը, իրավական օգնության և հանձնման հարցումների շուրջ խորհրդատվությանը: Նշվում է, որ փորձի հարստացման, կարողությունների զարգացման, դատախազական գործառույթների իրացման արդյունավետության բարձրացման շրջանակներում հուշագրով նախատեսվում են նաև դատախազների, փորձագետների փոխայցելություններ: Հուշագրի ստորագրումը գնահատելով որպես  գործընկերային հարաբերությունների իրավական հիմքերի ամրապնդման կարևոր քայլ՝ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական քննարկելու հետագա համագործակցության հնարավորություններն ու եղանակները:
18:32 - 17 մայիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

 |armenpress.am|

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։ «Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։ Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
11:13 - 04 մայիսի, 2022
Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դավթյանը։ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
10:57 - 04 մայիսի, 2022
Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ
 |hetq.am|

Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ |hetq.am|

hetq.am: Տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքի և հայհոյանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանվել` կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար: Խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորն անդրադարձել էր հանրության որոշ շրջանակներում առկա  մտահոգություններին, որ վերոնշյալ արարքները քրեականացվել են իշխանություններին պաշտպանելու համար: «Այս արարքը քրեականացվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար, արարքը քրեականացվել է, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող հերքել: Ես շատ ուրախությամբ այս հարցի քննարկմանը տարբեր միջազգային գործընկերների, դեսպանների հետ հանդիպմանն ասում եմ` խնդրում եմ բացեք, մինչև օգոստոս ամիսը նայեք մեր հրապարակային խոսքի որակը և, օրինակ, էսօր: Ակնհայտորեն տարբերություն մենք ունենք»,-ասաց գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը  հիշեցրեց, որ այդ հոդվածի հատկանիշներով 802 քրեական գործ է հարուցվել, որից 425-ը՝ 137.1 հոդվածի առաջին մասով: «Առաջին մասը մասնավոր մեղադրանքի գործ է, այսինքն՝ կեսից ավելին մասնավոր, կենցաղային հարաբերություններում առաջացած դեպքեր են եղել, հարևանը` հարևանին, ընտանիքի անդամը` մյուսին, մարդն իրեն պաշտպանելու համար եկել հաղորդում է տվել: Այ մյուս կեսը հանրային մեղադրանքի գործեր են, որտեղ վիճակագրության մեջ հստակ բացված է՝ թիրախներն ովքեր են` գործող պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, լրագրողներ, իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ: Այսինքն՝ պատկերը շատ ընդհանրական է»,-ասաց նա: Արթուր Դավթյանը նաև անդրադարձավ օրեր առաջ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը, որով Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այս արարքի քրեականացումը: Հիշեցնենք, որ ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը վիճարկում էր խորհրդարանական ընդդիմությունը: ***Անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
16:57 - 03 մայիսի, 2022
2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021թ. արձանագրվել է ինչպես հանցագործությունների դեպքերի, այնպես էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։  Վերջինս ԱԺ է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաշվի առնելով, որ հաղորդումը շատ ծավալուն է եւ հասանելի է նաեւ Դատախազության պաշտոնական կայքում՝ Դավթյանը խոսեց հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։ Նա նախ հայտնեց, որ 2021թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30.245 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 3777-ով կամ 14.3%-ով․ «Ամենապարզ կրիմինալոգիական վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցավորության աճի երկու գլխավոր պատճառների մասին։ Առաջինն այն է, որ քրեականացվել են բազմաթիվ նոր, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ, իսկ երկրորդը՝ այն, որ բարելավվել են հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքները»,- ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ հանցագործության 30․245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը կազմում են ոչ մեծ (17.460 դեպք կամ 57.7%) եւ միջին ծանրության (7988 դեպք կամ 26.4%-ը), այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ամբողջի 1.2%-ը, ծանր հանցագործությունները՝ 14.7%-ը։ Արթուր Դավթյանի խոսքով՝ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը` 22.79 ինդեքսով՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից․ «Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը' 35.79 ինդեքսով, Ռուսաստանը' 51-րդ տեղը»: Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57․7 տոկոս նախորդ տարվա 55․7 տոկոսի դիմաց։ Հաշվետու տարում բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի։ Դավթյանը հայտնեց, որ որոշ հանցագործությունների դեպքում, այնուհանդերձ, առկա է մտահոգիչ պատկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանության եւ սպանության փորձին, որոնց ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 20 եւ 17․9 տոկոսներով, ինչպես նաեւ թրաֆիքինգի, բռնաբարությունների, ապօրինի ծառահատումների, ճանապարհային անվտանգության եւ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին։ Ըստ Գլխավոր դատախազի՝ մտահոգիչ է հատկապես ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ծավալը։   Միլենա Խաչիկյան
16:50 - 03 մայիսի, 2022
Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։ Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։ Դատախազությունց առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։ Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավվել որպես մեղադրյալ։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։  
16:33 - 29 ապրիլի, 2022
Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու
 |news.am|

Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից՝ զոհված զինծառայողների՝ բողոքի հավաք իրականացնող հարազատներին լսելու |news.am|

news.am: Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից: «Նազագույն խոսքը, որ կարող եմ ասել՝ խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղերքի շիրիմների առջեւ: Հազարավոր հերոս տղերք ենք կորցրել այս պտերազմում, տասնյակ հազարավորներն էլ հայրենասիրական ոչ պակաս մղումներով կանգնած են եղել առաջնագծում եւ ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք: Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար իջել եմ այստեղ: Բայց դուք տեսե՞լ եք, որ այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի: Սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ, որ պահի տակ հարցի պատասխան տա: Երբ խոսքը քրգործի մասին է, մենք գործ ունենք օրենքով նախատեսված իրավիճակների հետ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով, եթե խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ զոհված զինծառայողների ծնողների կողմից ներկայացրած հաղորդմանը, իրենք հրավիրել են ծնողներին եւ պարզաբանել, թե ինչ են արել: Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։ «Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ  շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- ասաց Ա. Դավթյանը։ Նա շարունակում էր իր խոսքը, սակայն ծնողներն արդեն նրան չէին լսում, իրենց հարցերն էին փորձում տալ։ Ա. Դավթյանն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսեն, հարցեր տան, ինքն էլ պատասխանի։ Դատախազը շարունակեց. «Եթե պետք է իրար չլսենք, անիմաստ է մեր խոսակցությունը: Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։  Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։  Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել, եկել եք հասկանալու՝ այդ ուղղությամբ գործ արվում է, թե ոչ»,- ասաց Դավթյանը: «Չի արվում»,-  արձագանքեցին զոհված զինծառայողների հարազատները։ Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հեռացավ, ակցիայի մասնակիցները պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։ «Նիկոլ դավաճան»՝ վանկարկում էին դատախազության դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատները։
18:02 - 26 ապրիլի, 2022