Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով․ հակառակորդը հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսարևելյան անտառոտ հատվածում հարձակման փորձ են իրականացրել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում:   Հովհաննիսյանի խոսքով՝ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, սակայան  կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել։ «Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում  ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Ժամեր առաջ ՀՀ  տարածքում խոցված ԱԹՍ-ների վերաբերյալ Հովհհանիսյանը տեղեկություն չփոխանցեց, շեշտելով, որ  դրանք  շատ արագ և ուշ ժամի են խոցվել, մութ ժամանակահատվածի մասին է խոսքը: 
22:24 - 04 նոյեմբերի, 2020
Մեր ԶՈՒ-ն շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում է և բնագծերի փոփոխություն կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր ԶՈՒ-ն շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում է և բնագծերի փոփոխություն կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս հայտնեց, որ վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Հովհաննիսյանի խոսքով՝ ողջ օրվա ընթացքում հայկական  ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։  «Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել»,- հայտնեց Հովհհանիսյանը։  Պն ներկայացուցիչը լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ  կան հակասություններ  և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։  «Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է ։ Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 
22:23 - 03 նոյեմբերի, 2020
Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել

Հադրութի տարածաշրջանում մեր դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ թշնամին թողել է 15-16 դիակ ու փախել

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել»,- ընդգծեց նա։ ՊՆ ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ադրբեջանը արդյո՞ք ունի արբանյակային հետախուզության հնարավորություն, ասաց՝ քանի որ այստեղ փաստացի ունենք Թուրքիայի՝ մարտական գործողությունների լիարժեք վերահսկողությունը կամ կառավարումը, շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություն ունենան։ «Բայց դա կատաստրոֆիկ երևույթ չէ, որովհետև մենք ևս ունենք որոշակի հնարավորություններ՝ նույն հետախուզությունն իրականացնելու։ Այդ պատճառով մենք ոչ թե պետք է մտածենք միայն, թե ինչպես անենք, որ չտեսնեն, այլ ինչպես անենք, որ խաբենք, որ լավ քողարկենք մեր շարժերը, տեղերը, գործողությունները, միջոցները»,- նշեց Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսայնն իր խոսքը եզրափակեց՝ ասելով․ «Պատերազմը շարունակվում է, հակառակորդը ամեն կերպ ամեն ուղղությունից փորձում է նոր հարձակողական գործողություններ ձեռնարկել՝ փոքր, միջին, մեծ ուժերով։ Ակտիվորեն փորձում է կիրառել իր կրակային ներգործության որոշակի առավելությունը՝ հրետանի, հրթիռային միջոցներ, ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։ Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք, հիմնականում մեծ կորուստներ պատճառելով՝ հետ ենք շպրտում հակառակորդին։ Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ՝ մեր զորքերը տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում թշնամուն, ավելի լավ են հասկանում նրա մտահղացումները, ավելի լավ են պատկերացնում ու կարողանում գտնել այն հակաթույները, որոնք նա օգտագործում է որպես բարձր տեխնոլոգիական միջոցներ»։
22:51 - 02 նոյեմբերի, 2020
Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Թշնամու հարձակման փորձերը տապալվել են, բայց Ճարտարի ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Արծրուն Հովհաննիսյան

Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ «Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Ոչ որոշիչ հաջողություն ունեցան՝ երկու դիրքի հետ կապված, բայց երեկոյան կողմ հուժկու հրետանու կրակով մեր թողած դիրքերում իրենց բավականին մեծ վնասներ ենք պատճառել»,- հավելեց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։ «Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է․հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։ 
22:23 - 02 նոյեմբերի, 2020
Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ,  որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Որևէ մեկը չի կարող պնդել և ապացուցել, որ մենք պատրաստ չէինք դրան (պատերազմին - խմբ․): Եթե մենք առաջին 10-15 օրերին կռվում էինք մեզանից մինչև 10 անգամ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ, և եթե թշնամուն հաջողվել է որոշակի տարածքներում առաջ գալ, չի նշանակում, որ մենք 100%-ով պատրաստ չէինք: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] «Եվ ոմանց ընկալման մեջ եթե մենք 100 տոկոսով, իրենց պատկերացմամբ, պատրաստ լինեինք, ինչ է, մի միլիմետր պետք է հետ չքաշվեի՞նք։ ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երը, գտնվելով պատերազմի մեջ, նման մեծ դաշնակից ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում, իր պոտենցիալի սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս և ավելի։ Այո՛, ծանր կորուստների գնով, այո՛, երբեմն տարած կոր գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- նշել է նա։ Նա նաև ասել է, որ վերջին շրջանում ակտիվորեն ուղղակի ձեռքներից (զինվորների - խմբ․) օրենքի ուժով հավաքում են բոլոր տեսակի կապի միջոցները։ «Ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա»,- ընդգծել է նա։
21:58 - 02 նոյեմբերի, 2020
Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտունի և Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս առանձին ռազմաճակատային բնագծում են ընթանում մարտերը։ Առանձին օջախային մարտեր են ընթանում նաև անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային ուղղությամբ մինչև Բերձոր։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։ Պատասխանելով օգտատերերի հարցերին ֆոսֆոր պարունակող զենքերի վերաբերյալ՝ նա ասել է․ «Ֆոսֆորային արկերից բացարձակ պաշտպանություն չի կարող լինել, որովհետև այն իր սպեցիֆիկան ունի, և ինչ էլ դու իրականացնես, այն փորձելու է իր ազդեցությունը տալ։ Այն, միևնույնն է, պայթուցիկ է, հետևաբար պաշտպանվել որպես այդպիսին հնարավոր չէ»։ Անդրադառնալով անհանգստություններին, որ զինծառայողների հերթափոխ չի իրականացվում՝ Հովհաննիսյանը նշել է, որ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելը մի տեսակ աբսուրդ է, որովհետև երբ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, այդտեղ հնարավոր չէ իրականացնել հերթափոխ, և տրամաբանական էլ չէ։ «Եթե տվյալ դիրքի, քաղաքի, գյուղի վրա հարձակվում են, դու շնչելու ժամանակ չունես, դու զորք չես կարող այստեղից հանել, փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա, և դու ինչ-որ հրաշքով կարողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանես, հաջորդին բերես նույն տեղում պաշտպանության, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ հին զորքը, որը ինչքան էլ հոգնած լինի, տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդը ինչ էր ուզում անել և ինչու չստացվեց և ինչու կարող է ստացվել։ Նոր զորքի ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջաններում»,- հավելել է նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ »հակառակորդի մեջքը կոտրված է» արտահայտությունը հակառակորդի ցամաքային զորատեսակների, հիմնականում հետևակային խմբավորումների և զրահատեխնիկայի խմբավորումների մասին է։ «Հակառակորդի հրետանային զորքերը ավելի շատ կորուստ են կրել, քան հետևակը, քան տանկերը։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու․ ո՛չ, այսօր էլ են հարձակվել։ Այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ցամաքային, հետևակային պոտենցիալը կոտրված է, չի նշանակում, որ նրանք չեն շարունակելու հարձակվել, շարունակում են վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ»- ընգծել է ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև հայտնել է, որ թիկունք պահելու պրոբլեմ այս պահին չկա։ «Ժողովուրդը միասնական է՝ թիկունքի ապահովման գործերում․ թե՛ կամավորի պակաս չկա, թե՛ կազմակերպչի։ Միգուցե կազմակերպվածության ձևի ու եղանակի հղկում է պետք, ժամանակը ցույց կտա․ պատերազմն իր կանոններն ու բովանդակությունը փոխում է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
19:34 - 02 նոյեմբերի, 2020
Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի ԶՈՒ այլևս գոյություն չունեն․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ իրենք շատ լավ հասկանում են՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ «Մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն»,- ասաց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ այս ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսևորեց, Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը։ «Եվ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից հիացմունքով նշվող Ադրբեջանի ռազմական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեին Ադրբեջանի հետ․ դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է, որը հիմնականում ամառվա խայտառակությունից սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»,- նշեց նա Հովհաննիսյանը նաև ասաց՝ տեխնիկական առավելությունը ևս երկար չի տևելու։ «Այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»,- նշեց նա։
22:32 - 01 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ։ Այս մասին այսօրվա ճեխազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկաայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- նշեց նա։  Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ բազում անակնկալներ կան, ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։ «Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տալիս, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Պետք է ասել, որ նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց նա։   Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է ֆոսֆոր, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով։  
22:16 - 01 նոյեմբերի, 2020
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղեկություններ չունի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչների մասին, քանի որ, որպես կանոն, այդ բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են: Անդրադառնալով գերիների ու դիերի փոխանակման, ինչպես նաև հրադադարի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Կուզենայի առաջին հերթին ֆիքսել մի բան, որ ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ հարցադրումներ և առաջարկներ մեր ԶՈՒ-ն սեղմ ժամկետում մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»: Հովհաննիսյանը խոսքով՝ արդեն մի ամիս և մի քանի օր շարունակվում է պատերազմը, սակայն կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը։ Ինչ վերաերում է հակառակորդի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերին և դրանց հետևանքներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ այդ ամենը ուսումնասիրվում է։ «Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի նորից փաստել, որ նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»,- ասաց նա։
22:55 - 31 հոկտեմբերի, 2020
Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Այսօր տեղի ունեցած ճեխազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ: «Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց նա: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում: «Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց նա:
22:43 - 31 հոկտեմբերի, 2020
Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ «Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ»,-հայտնեց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը դեռ ուսումնասիրվում է։ «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են մարդկանց դեմ արգելված զինատեսակներ, և սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի հայությունը ենթարկվում է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և եթե որևէ մեկը այսքանից հետո աշխարհի ցանկացած մասում կարծում է, որ Արցախը չունի լեգիտիմ իրավունք՝ Ադրբեջանի տարածքում նշելու և ոչնչացնելու թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան Արցախի հայության դեմ, ապա պետք է այս ամենի մասին ուղղակի մտածի»,-ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված ռազմական տարբեր օբյեկտներից, մասնավորապես՝ այն օդանավակայաններից, որտեղ Ադրբեջան և Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող տեխնիկա կա, իրականացվում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է թիրախավորելու և ոչնչացնելու այդ օբյեկտները։ Հովհաննիսյանը շեշտեց, որ առաջին հերթին Արցախի բնակչությունն է ենթարկվել ագրեսիայի։ Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած, խորհրդային արտադրության, շատ դեպքերում հին խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբկյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված խաղաղ բնակչությանը, կարող են խոցել և վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, և Ադրբեջանը ավելի թիրախային օգտագործում է դրան։ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հակառակորդը Շուշիի եկեղեցուն և Ստեփանակերտի ծննդատանը սխալմամբ չէր հարվածել։   «Այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչն ուղղակի ծիծաղելի է, մեղմ ասած։ Թող մտածեն Ադրբեջանում, թե ինչպես պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- ասաց նա։
22:35 - 30 հոկտեմբերի, 2020
Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ «Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ։ Բայց մարտերը շարունակվել են, և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չեմ կարող»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ։ «Առաջինը՝ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,- տեղեկացրեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց, որ  նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ (Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի ուղղությամբ), չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են։ «Փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, ականադաշտերը հաղթահարելու կենդանի, առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։ Պատերազմը, Հովհաննիսյանի խոսքով, սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ են լինում են, լինում են հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ «Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,- ասաց նա։ 
22:18 - 30 հոկտեմբերի, 2020
Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան

Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան

Բազաներ ստեղծելու նպատակը հարձակումն ավելի մեծացնելն է։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին տված հարցազրույցում։ «Եթե դու դիվերսանտներով գալիս ես, մի տեղ ամրանում ես արդեն, այդ տարածքը դառնում է քոնը, ուժերդ սկսում ես մեծացնել, որ հարձակողական պոտենցիալդ ավելի մեծ լինի և զուտ դիվերսիոն չլինի։ Իրենք (Ադրբեջանական կողմը - խմբ․) այդ հարցն էին ուզում լուծել, որը տապալեցինք գիշերը»,- նշել է նա։ Պատասխանելով հարցին, թե փորձագիտական որոշ շրջանակներ ասում են՝ ինչու «օդը չեն փակում», որ ԱԹՍ-ները չգան, Հովհաննիսյանն ասել է, որ Փորձագիտական շրջանակներում նման տերմին («օդը փակել» - խմբ․) չի հանդիպել, որովհետև շատ ոչ փորձագիտական տերմին է։ «Աշխարհի ամենահզոր, ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր հարվածային, օդային միջոցներից ինչ-որ տոկոսը անցնում է։ «Օդը փակել» հասկացությունը սիրողական ընկալում է, և ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, և հանրությունը սկսում է հավատալ, որ կա մի միջոց օդը փակելու, որը չի կիրառվում։ Ոչ թե պետք է ասել «օդը փակեք», այլ պետք է ասել մեզ պետք է բարելավել ՀՕՊ մակարդակը։ Այո՛, մենք պետք է ձգտենք այնպիսի ՀՕՊ միջոցների, որ տասը ԱԹՍ-ից մեկ, երկու, հինգը խոցելու փոխարեն, խոցենք ութը»,- ընդգծել է նա։ Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, ոչ Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես իրենց օպերատիվ պլաններում հավանաբար դրված է եղել, ինքը պատերազմը չէր սկսի։ «Միանշանակ, իր ԶՈՒ-ն, վստահ եմ նաև Թուրքիայի ԶՈՒ-երը, ունեցել են շատ «վարդագույն» պատկերացումներ իրենց մասին և շատ «մատների արանքով» պատկերացումներ՝ մեր մասին»,- ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը։  
16:52 - 30 հոկտեմբերի, 2020
Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան

Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան

Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը։ Ավելի վաղ վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։  «Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում»,- հավելեց նա։ Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ «Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,- ասաց նա։ Խոսելով Ադրբեջանական ուժերի՝ անտառներով առաջ գալու մասին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ բաց ճակատում դժվար է իրենց համար առաջ գալը, դրա համար ուղիղ առճակատման չեն ուզում գնալ և փորձում են շրջանցելով, փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն։ «Ռազմական նշանակությունը խուճապ տարածելն է, մեր փոքր խմբերին վնասելը, կապուղիները կտրելը։ Քաղաքականը այն է, որ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրերում, իսկ այս դեպքում Շուշին է կամ Շուշիին հարակից բնակավայրերը, որ, պարզ է, այլ հնչեղություն կստանա»,- ընդգծեց նա։
14:16 - 30 հոկտեմբերի, 2020
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Արցախի նախագահի ուղերձին

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է Արցախի նախագահի ուղերձին

Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նման իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈՒ հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում հակառակորդի դիվերսիոն գործողությունների, նրանց փորրձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով, որում շեշտել է, որ առաջիկա օրերին պետք է բեկում մտցնել ճակատում: Նա ընդգծել է, որ թշնամին Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, առավելագույնը՝ 5:
23:00 - 29 հոկտեմբերի, 2020