Արման Եղոյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ծնվել է 1984թ. հունիսի 28-ին Երևանում: 2001-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014-2015թթ. սովորել է Եվրոպայի քոլեջում (Վարշավայի համալսարանական ավան)՝ ստանալով Եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016-2018թթ.մասնակցել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական երկամյա ծրագրին:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման և 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2010-2013թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2016թ.՝ «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակ (Թբիլիսի). նախագծի համակարգող:

2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: 2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Աղաջանյանի, Եղոյանի եւ Հակոբյանի բացակայությունների քանակում էական տարբերություններ կան․ «Ժողովուրդ» օրաթերթի համեմատությունը վիճահարույց է

Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։ Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։ Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։ Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։ Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։ Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից  Թովմասյանը բացակայել է։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։ Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։ Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով,  պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։ Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։ Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։  Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։  Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով  որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։  Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա  նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու  իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։ Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։    Միլենա Խաչիկյան  
18:32 - 21 հուլիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից; Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:
18:13 - 28 հունիսի, 2022
2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել:  Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը: «Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով:  «Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին: Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:
17:45 - 06 հունիսի, 2022
Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և ԵՄ խորհրդի նախագահը որոշել է հնչեցնել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից ձևակերպումների շուրջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը մեջբերում արեց Բրյուսելի հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: Ըստ Եղոյանի՝ հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել: «Շահարկվեց նաև, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»,- ասաց Եղոյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով: «Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ ընդ որում այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ: «Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
18:08 - 25 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին

 |armenpress.am|

Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։ «Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը:
21:26 - 04 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։ Մեծապես կարևորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի ապաէսկալացիային։
22:07 - 29 մարտի, 2022
Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Չենք տեսնում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ուժերին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ է կատարում․ Եղոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․  «Այս իրադրությունը հիշեցնում է 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի հայտնի դեպքերը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ նույնպես խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Բայց մինչև օրս այդ հատվածում խաղաղապահների գործողությունների կամ անգործության մասին նույնպես պատասխաններ չունենք: Այս պահին կարող ենք ասել, որ գործողությունները ավելի խոսուն են, քան բառերը, որովհետև մենք չեն տեսնում, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին իր պատասխանատվության գոտուց դուրս մղելու գործողություններ կատարում է»:
14:12 - 25 մարտի, 2022
Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|

Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է, որ Արցախի կարգավորման հարցով բանակցային գործընթացում Հայաստանի ներկայացրած կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել: Եղոյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք գործող իշխանությունը չի հատի ադրբեջանցիների, թուրքերի հետ բանակցություններում, ինչո՞ւ հստակ չի ձևակերպվում, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արման Եղոյանը նշեց՝ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել, որ երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու: «Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները՝ գործել ապագայում»,-ասաց պատգամավորը: Վերադառնալով 1991-1992 թթ՝ նա ասաց, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե հստակ հայտարարություններ, գուցե, այսօր շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր ՀՀ դիվանագիտությունը: Նա ընդգծեց, որ կարմիր գծերը պետք է պահպանի ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ ընդդիմությունը: Արման Եղոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կարմիր գծեր ունի իշխանությունը, հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարմիր գծեր են իրենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018 թվականին, փաստաթղթավորված ձևով, ո՞րտեղ է եղել այդ կարմիր գիծը: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը՝ Արցախի կարգավորման հարցով,  2018 թվականից հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել»,-ասաց Արման Եղոյանը:
13:22 - 24 մարտի, 2022
Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Մեր քննարկմանն ընդգծվել է հայ ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Կալյուրանդ

Այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: Կալյուրանդն իր ելույթում շեշտեց, որ տեսնում են ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի բարեփոխումները և ձեռքբերումները։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում։  Կալյուրանդը տեղեկացրեց, որ կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը։  «Ես ասացի, որ պատերազմը երբեք լուծում չէ, անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը միակողմանի։ Լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։  Մենք ընդգծեցինք նաև Բաքվում գտնվող ռազմագերիների, պահվող անձանց վերադարձի կարևորությունը։ Մենք կշարունակենք սա կրկնել, մինչև ՀՀ վերջին քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Կալյուրանդը։ Կալյուրանդի խոսքով՝ բոլորն ունեն խաղաղության ու բարգավաճման իրավունք, դրան կարելի է հասնել դիվանագիտության միջոցով։ «Ես իրապես ցավում եմ այն կյանքերի համար, որ կորսվել են, ցավում եմ բոլոր ընտանիքների տառապանքների համար»,- ասաց նա։
14:24 - 24 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղմանը: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու  ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում: Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա  կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:
22:07 - 22 փետրվարի, 2022
Ցանկանում եք ինքներդ ձե՞զ համոզել, թե՞ մյուսներին. Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորին |armenpress.am|

Ցանկանում եք ինքներդ ձե՞զ համոզել, թե՞ մյուսներին. Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել՝ որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են դա համոզել՝ իրենք իրենց և մյուսներին: Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որում պատգամավորը պնդել էր, թե իբր ԼՂ հակամարտությունն ավարտվել է:   «Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունը ավելի ու ավելի է խորանում»,-ասաց Եղոյանը: Նա որպես ապացույց հիշեցրեց Ադրբեջանի ջանքերը՝ վերացնելու հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից և դրանք ներկայացնելու որպես ալբանական: Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու ջանքերին՝ Եղոյանը հարցրեց, թե ո՞րտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում՝ որտե՞ղ են նրանք հիմա, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերը որտե՞ղ են: «Ո՞րտեղ են այդ հայերը, ո՞ւր են անհետացել, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է: Ես չգիտեմ՝ դուք փորձում եք համոզել ինքներդ ձե՞զ, թե՞ ձեր շուրջն այլ մարդկանց»,-հարցրեց Եղոյանը: Պատգամավորը շեշտեց՝ խաղաղությունն ամեն գնով հնարավոր չէ: «Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի և սեփականության իրավունքն արդյոք երաշխավորվա՞ծ է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը՝ Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»: Եղոյանը առաջարկեց մտածել այն մասին, հաշվի առնել դա, երբ փորձ է արվում լուծումներ առաջարկել: Արցախի դեմ 44-օրյա պատերազմը սանձազերծած Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պատվիրակ Սոլթան Մամադովն էլ պնդեց, թե իրենք պատերազմ չեն ուզում: Վերջում էլ նշեց, թե իրենց այցը լավ քայլ է՝ երկու երկրների միջև հարաբերությունների համար:
12:50 - 22 փետրվարի, 2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձեւերի համար: Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան: Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:
10:46 - 02 փետրվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021