Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում. Արման Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում. Արման Թաթոյան

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։ Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։ «Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։ Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։ Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։ Նա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:  
12:28 - 12 մայիսի, 2023
ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Անահիտ Մանասյան
 |aysor.am|

ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Անահիտ Մանասյան |aysor.am|

aysor.am: Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Վստահեցնում եմ, որ եթե գործը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք մեր մանդատի շրջանակներում են, բնականաբար, դրա վերաբերյալ եզրահանգումներ ու հստակ դիրքորոշումներ լինելու են։ Քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ-ին, և անհատական բողոքի քննության շրջանակներում կարող ենք իրավունքի պաշտպանության հետ կապված գործընթաց իրականացնել», - ասաց պաշտպանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու ՄԻՊ-ը հասցեական չի անդրադարձել դեպքին, երբ քաղաքացուն աշխատանքից ազատել են «Նիկո՛լ, դավաճան» հայտարարությունն անելու համար։ Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք ուզում է ասել, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ստատուս գրո՞ղ է՝ Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Ես, բնականաբար, ո՛չ պարոն Թաթոյանի, ո՛չ Մարդու իրավունքների այլ պաշտպանի վերաբերյալ գնահատական չեմ տվել, բացառիկ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր գործընկերներին»։
13:00 - 27 ապրիլի, 2023
«Թաթոյան» հիմնադրամը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում փաստահավաք աշխատանքներ է իրականացրել

«Թաթոյան» հիմնադրամը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում փաստահավաք աշխատանքներ է իրականացրել

«Թաթոյան» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացված փաստահավաք աշխատանքներից։   «Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրեր ու վարելահողեր: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո: Այս ամենին էլ գումարվում է ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը: Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։ Այցի արդյունքներն առավել մանրամասն հատուկ սկզբունքով կվերլուծվեն, կամփոփվեն և զեկույցով կհրապարակվեն։ Դրանք կուղարկվեն նաև միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:05 - 14 ապրիլի, 2023
Ադրբեջանական այսօրվա կրակոցներն այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս․ Արման Թաթոյան

Ադրբեջանական այսօրվա կրակոցներն այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս․ Արման Թաթոյան

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:   Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․   «Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ և այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։   Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում:   Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի: Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով»:
19:28 - 11 ապրիլի, 2023
Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ. «Թաթոյան» հիմնադրամ

Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։ Այս մասին ասվում է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարությունում:«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։ 1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։ 2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։ 3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» եւ ստուգել բոլոր անձանց։ 5. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։ 6. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում: 7. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծված իրավիճակում, ստիպված վերադարձել են Գորիս։  Մարդիկ զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից։  Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։  Կատարվածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկությունները Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկությունները։  Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» իրական մտադրությունների, նրանց հայատյաց քաղաքականության ու ադրբեջանական իշխանությունների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկույցում, որը ուղարկվել է միջազգային կառույցներին։Այս հայտարարությունը նույնպես կուղարկվի միջազգային կառույցներին:Զեկույցի հղումը՝»:
10:17 - 06 ապրիլի, 2023
Արցախի ՄԻՊ-ն ու «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները

Արցախի ՄԻՊ-ն ու «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները։ Այն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։ 79 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։ Առկա իրավիճակը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երեխաների՝ բավարար կենսամակարդակի ապահովման, պատշաճ սնվելու, ազատ տեղաշարժի, կրթության, ընտանիքներում ապրելու իրավունքների և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար։ Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։ Զեկույցը հասանելի է Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով։
11:05 - 01 մարտի, 2023
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»` մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով։ Այս մասին հայտարարություն է տարածել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը՝ հրապարակելով կենտրոնի մասնագիտական ուսումնասիրությունը․ «Որքան էլ որ վարժական հավաքներն ունեն մեծ կարևորություն երկրի անվտանգության համար, միևնույն է` չպետք է անցկացվեն Սահմանադրության և օրենքի նպատակների խեղաթյուրմամբ։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ քրեական պատասխանատվության։ Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում եմ փաստացի մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։ Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։ Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներն իրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները` ըստ զինվորական մասնագիտացման: Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ, որով կարծես պետք է փոխված լիներ վարժական հավաքների փիլիսոփայությունը (ինչպես պաշտոնապես հայտարարվել էր),սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։ Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից, ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝ «մարտական հերթապահություն»։ Հիմա հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել մեկ այլ՝ իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի՝ նրանց ներգրավելով մարտական հերթապահության։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մեզ հմտություններով և գիտելիքներով կատարելագորված պահեստազորայիններ են պետք, թե՞ միայն կոնկրետ քանակի «դիրքապահներ»։ Իսկ ինչպե՞ս են այդ մարտական հերթապահությունն անցնելու պահեստազորում հաշվառված այն քաղաքացիները, որոնք ժամանակին ազատվել կամ տարկետում են ստացել պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կոնկրետ կանոնների պահպանմամբ (պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վարժական հավաքների ներգրավվելու են բոլորն առանց բացառության)։ Ի՞նչ է՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացուն ներգրավելու են ծառայության և տալու ենք մարտական առաջադրա՞նք (չմոռանանք, որ պարտադիր զինծառայությունից և վարժական հավաքներից ազատվելու հիմքերը տարբեր են, այսինքն՝ անձը կարող է, օրինակ, իր ընտանեկան դրության բերումով ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց ենթակա լինել վարժական հավաքների, և այդ անհամաչափությունը վերանայելու մասին բազմիցս խոսել ենք)։ Որևէ մեկը գնահատե՞լ է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ քաղաքացիների համար։ Կամ որևէ մեկը մտած՞ել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջացնել տևական մարտական պատրաստություն չանցած քաղաքացիները։ Կան նաև այլ խնդիրներ, որոնք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ (2016-2022 թթ.) զորամասերում մշտադիտարկումների շրջանակում արձանագրվել էր վարժական հավաքների ներգրավված անձանց խախտված իրավունքների մասով, որոնք, ինչպես ցույց են տալիս բողոքները, ամբողջությամբ չեն լուծվել առ այսօր։ Կառավարությունը պետք է հրապարակի իր նպատակներն ու առաջ եկած իրական խնդիրները, իսկ յուրաքանչյուր խնդրի լուծումը տա բացառապես Սահմանադրության և օրենքի սկզբունքներին համահունչ։ Կառավարությունը պետք է վերանայի Հայաստանում վարժական հավաքներ անցկացնելու իր քաղաքականությունը. սա թելադրված է երկրի անվտանգության և մարդու իրավունքների գերակա շահով։ Եվ այստեղ դժվար է գերագնահատել Ազգային ժողովի ժողովրդավարական վերահսկողության դերը, որը, ցավոք, երբեմն ի սպառ բացակայում է։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն առաջնահերթ է համարում բանակի առաջ ծառացած խնդիրների լուծումը և իր փորձագիտական կարողությունների ու փորձի շրջանակներում մշտապես պատրաստակամ է նպաստել ոլորտում առկա խնդիրների կարգավորմանը»։  
15:46 - 20 փետրվարի, 2023
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը

Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արցախի ՄԻՊ-ի հետ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները: Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը:  Հիմնադրամի լրատվականի փոխանցմամբ՝ տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։  Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:  Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։ «Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով: Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։  Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում  են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը: Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։
12:06 - 30 հունվարի, 2023
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները
 |armenpress.am|

«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության  և Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում  հունվարի 23-ին, շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում» կլոր սեղան-քննարկում՝ միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ: Նախաձեռնությանը ներկա էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։ Կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո իրականացված փաստահավաք առաքելությունների արդյունքները, համաձայն որի՝ խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց Արցախի բնակչության կյանքի Ճանապարհի՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում` ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո 120 հազար քաղաքացիական բնակչության կյանքն Արցախում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ՝ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը: Քննարկվեցին ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունները, ուրվագծվեցին հետագա քայլերը:
10:08 - 25 հունվարի, 2023
Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք.«Թաթոյան» հիմնադրամ

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք.«Թաթոյան» հիմնադրամ

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք։ Հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի վրա։   Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ մուտքի թույլտվություն տալիս է Ներքին գործերի նախարարությունը՝ քաղաքացու գրավոր կամ էլեկտրոնային դիմումի հիման վրա:   Ուսումնասիրությունները վկայում են, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել միայն պետականորեն կազմակերպված կոնկրետ այցերի շրջանակներում և հիմնականում այն քաղաքացիները (մեծ մասամբ պետական և մշակույթի գործիչներ, լրագրողներ), որոնց նախապես տեղեկացվում է տվյալ այցի կազմի մեջ ընդգրկվելու մասին:   Այլ կերպ ասած, ոչ պաշտոնյան կամ ոչ հանրային գործիչ քաղաքացին իր հայեցողությամբ չի կարող ազատ մուտք գործել կամ հանգիստ տեղաշարժվել նշված տարածքներով:   Ի դեպ, ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի ուսումնասիրությունը հաստատում է, որ Ադրբեջանում ներկայում առկա է թույլտվություններ ընտրովի տալու պրակտիկա, և այդ քաղաքականությունը դժգոհություններ է առաջացրել հենց Ադրբեջանում։ Ադրբեջանի քաղաքացիներից շատերը, ըստ որոշ լրատվամիջոցների և ադրբեջանական սոցիալական մեդիայի, դժգոհում են, որ թույլտվություն ստանում են բացառապես պետության կողմից կազմակերպված միջոցառումների մասնակիցները, իսկ մասնավոր այցերի համար մուտքը թույլատրվում է միայն մերձիշխանական շրջանակներին: Օրինակ` 2021 թ. փետրվարին Ադրբեջանի Հանրապետության Աղջաբադի շրջանի 6 բնակիչ գնացել են Ֆիզուլի և Հադրութ, որից հետո կանգնեցվել են ոստիկանության կողմից: Ինչպես նշում է BBC News-ի ադրբեջաներեն բաժինը, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն իրենց հայտնել է, որ այդ մարդկանց արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրություններ են կատարվում կամ տարվում է քննություն: Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկո-ակտիվիստներ» հռչակած, բայց իրականում ապացույցներով հաստատված են, որ Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք։
12:37 - 20 հունվարի, 2023
Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր՝ փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր՝ փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը: Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով: Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ամբողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- նշված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։
10:50 - 17 հունվարի, 2023
Ադրբեջանի նախագահը կեղծ փաստերով փորձում է ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը կեղծ փաստերով փորձում է ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (...) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»: Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով: Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։ Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- գրել է նա։
10:38 - 14 հունվարի, 2023