Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

tert.am: Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը կարողացավ մտնել համայնքապետարանի շենք։ Ոստիկանները, որոնք տևական ժամանակ փակել էին համայնքապետարանի մուտքը, բացեցին այն։ Գրիգորյանը ծանոթացավ աշխատակիցների հետ և հայտարարեց, որ հաջորդ օրվանից սկսելու է բնականոն աշխատանքը։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, մինչև այս պահը չենք ծանոթացել դրան։ Ընտրություններից հետո էլ մենք մյուս կողմերին կոչ ենք արել համերաշխությամբ աշխատել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք ցանկանում ենք բոլորի հետ համերաշխ աշխատել և համատեղ ջանքերով զարգացնել համայնքը։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կանցնի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։ Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ոչ մի խնդիր չկա և չի կարող լինել։ Նա ներողություն խնդրեց ոստիկաններից օրվա ընթացքում հնչած վիրավորանքների համար և նշեց, որ իրենց գործողությունները այդքանով ավարտվում են։ «Մենք իրականացնելու ենք մեր աշխատանքը այստեղ, դատարանն էլ իր գործը կանի, բոլորս գնում ենք տուն»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
16:30 - 23 դեկտեմբերի, 2021
Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

2003 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչ Անդրանիկ Թեւանյանը (խոսքը պատգամավոր Թեւանյանի մասին չէ) Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով։ Հետագայում՝ 2013-ին, երբ այդ արոտավայրերն արդեն Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքների հաշվեկշիռներին էին փոխանցվել, այդ համայնքների ղեկավարները երկարաձգել են վարձակալության ժամկետը՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին չի ներկայացրել արոտավայրի վարձակալության համար կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։ Այսպես, 2003 թվականին, Արարատի մարզպետարանը Ա․Թ․-ին 884 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 1 մլն 135 հազար դրամով, 174 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 80 հազար դրամով։  2009թ. հոկտեմբերին վարչատարածքային բաժանման փոփոխության արդյունքում Արարատի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող այդ արոտավայրերը փոխանցվել են Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին: 2013 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը եւ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան երկարաձգել են Ա․Թ․-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ արոտվայրերի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը։ Մասնավորապես, 2013 թվականին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւս տասը տարով․ Ա․ Թ․-ն իր լիազորած անձի՝ Լ․ Ս․-ի միջոցով դիմում է ներկայացրել Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ նշելով, որ շարունակում է զբաղվել անասնապահությամբ եւ ցանկություն ունի շարունակել վարձակալության իր իրավունքը։ Դվին եւ Վերին Դվին համայնքների ղեկավարներն էլ, առաջնորդվելով Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ քաղաքացի Ա․ Թ․-ի՝ իրենց հասցեագրած դիմումներով եւ ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը․ «Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման եւ պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք»), երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագիրը։  Համայնքապետերը, սակայն, արոտավայրի վարձակալության պայմանագիրը երկարաձգել են այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրերի օգտագործման պլան։ Իսկ այս պահանջը նշված է ՀՀ կառավարության՝ 2011թ․ ապրիլի 14-ի N 389-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։  Infocom-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վ․ Դվինի եւ Դվինի համայնքապետարաններ, որոնց ի պատասխան՝ համայնքապետարաններից հաստատել էին, որ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել։  Արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման այդ կարգի համաձայն՝ կա արոտային թույլատրելի բեռնվածություն, որն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով։ Համայնքապետարաններից հետաքրքրվել էինք նաեւ՝ Ա․ Թ․-ն ներկայացրե՞լ է արդյոք անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք։ Ի պատասխան՝ Վերին Դվինի համայնքապետարանից պատասխանել են, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի պահպանվել։ Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Տամրազովան մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկանքը միանշանակ եղել է, ինքն այն տեսել է, սակայն, ըստ ամենայնի, կորել է, քանի որ համայնքապետարանում առկա փաստաթղթերում այն չեն գտել։ Իսկ ահա Դվինի համայնքապետարանից այդ փաստաթուղթը չէին կցել հարցման պատասխանին եւ մեր հարցին ընդհանրապես չէին պատասխանել։ Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը մեր զրույցում նույնատիպ պատասխան տվեց՝ հավաստիացնելով, որ Ա․ Թ․-ն տեղեկանք ներկայացրել է, սակայն իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթում այն եւս առկա չէ։  Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը կեղծելու դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվում, մեկ տարի անց՝ կարճվում Նախորդ տարի՝ 2020 թվականին, արոտավայրը վարձակալության տալու պայմանագրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ Ա. Թ․-ն անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դվին եւ Վ. Դվին համայնքների ղեկավարները, առանց հաշվի առնելու ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 14-ի թիվ 389-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, այն է՝ մինչեւ արոտվայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան՝ հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը եւ արոտավայրերի բերքատվությունը, եւ 12-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են կոնկրետ գործակիցներով, Ա․ Թ․-ի կողմից անասուններ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնելու պայմաններում 10 տարի ժամկետով երկարաձգել են 2003-ին կնքված պայմանագրի ժամկետը։  Արծրուն Աբրահամյանը, աղբյուրը՝ irates.am Մասնավորապես, Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը 441 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 595,000 ՀՀ դրամ գումար, իսկ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լ. Պետրովան 574 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 617.915 ՀՀ դրամ գումար: Լյուդմիլա Պետրովան, նկարը՝ ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեսանյութիցԱյս փաստի առթիվ 2020թ. մայիսին ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընդունվել է Արարատի մարզային քննչական վարչության վարույթ: Այս տարվա մայիսի 19-ին, սակայն, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Տեղեկանքը կորում է երկու համայնքապետարաններից, չկա նաեւ Քննչական կոմիտեում Վերադառնալով կորած փաստաթղթին՝ նշենք, որ անասնագլխաքանակի վերաբերյալ ենթադրյալ տեղեկանքը, որ պետք է ներկայացրած լիներ Ա․ Թ․-ն, չկա նաեւ Քննչական կոմիտեում։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ քրեական գործի նյութերում չկան Դվինի եւ Վերին Դվինի համայնքապետարաններից առգրավված փաստաթղթերի բնօրինակներ։ Պատասխաններ ստանալու համար ստիպված ենք եղել տասնյակ զանգեր կատարել համայնքապետարաններ։ Բանն այն է, որ մեր գրավոր հարցմանը Դվինից ու Վերին Դվինից նախ պատասխանել էին, թե հայցած փաստաթղթերը համայնքապետարաններում չեն, եւ որ դրանք տրամադրել են քննչական բաժնին։ ՀՀ քննչական կոմիտեից էլ պատասխանում էին, որ քրեական գործը կարճվել է, իսկ իրենց մոտ փաստաթղթեր չկան։ Փորձում էինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունից ճշտել՝ արդյոք քրգործում եղած փաստաթղթերը վերադարձվե՞լ են համայնքապետարաններին, թե՞ ոչ, քանի որ համայնքների ղեկավարները պնդում էին՝ իրենց մոտ չկան փաստաթղթեր։ Մարզային քննչական վարչության քաղաքային հեռախոսահամարներն օրեր շարունակ չէին աշխատում։ Ուստի կապ հաստատեցինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի հետ, որը մեր զրույցում ասաց, որ այդ գործով իրենց մոտ փաստաթղթերի բնօրինակներ չեն եղել, ինչ եղել է՝ քրեական գործի մեջ է, իսկ գործը ՔԿ-ում արխիվացվել է։ Թադեւոսյանը հեռախոսազանգով մեր մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ ինչ կա, պատասխանվել է։ Նորից դիմեցինք համայնքապետարաններ՝ այս անգամ ուղիղ կապ հաստատելով համայնքի ղեկավարների հետ։ Լյուդմիլա Պետրովան եւ Արծրուն Աբրահամյանը մեր զրույցում ասացին, որ որոշ փաստաթղթեր իրենց մոտ կան, դրանք կարող են ուղարկել։ Մեր հարցին՝ իսկ ինչու գրավոր հարցման պատասխանում դրանք չէին տրամադրել, հստակ պատասխան չտրվեց։ Ի վերջո տրամադրեցին համայնքապետարաններում առկա փաստաթղթերը, որոնցում, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էին անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքն ու արոտավայրի օգտագործման պլանը։ Համայնքապետերը նաեւ նշեցին, որ իրենք չեն ստացել քրեական գործի կարճման որոշումը։ Համայնքապետարաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2013-2020 թվականներին Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ն տարեկան վճարել է 595 հազար դրամ, Վ․ Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար՝ տարեկան 617 հազար 915 դրամ։ Այս տարվա վճարը դեռեւս չի արվել։  Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են արոտավայրը վարձակալության տրամադրելու՝ 2003թ․ պայմանագիրը, արոտավայրերի հատակագծերը, Արարատի մարզպետի՝ Դվին գյուղական համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ արոտավայրի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին, ժամկետը երկարաձգելու մասին Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ի՝ ամեն տարի վճարած գումարի տեղեկանքները, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Հարցին՝ այլ փաստաթղթեր չկա՞ն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը պատասխանեց՝ ինչ գյուղապետը տրամադրել է, ուղարկել են, եթե չեն ուղարկել, ապա, ըստ ամենայնի, իրենց մոտ այլ փաստաթղթեր չկան։ Վերին Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են մարզպետի դիմումը համայնքապետին, Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Նշենք, որ արոտավայրերը վարձակալության տրամադրելու համար մրցույթ չի հայտարարվել։  Այսպիսով, քաղաքացի Ա․ Թ․-ն 2003թ․-ին Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա արոտավայր վարձակալելու մասին պայմանագիր՝ տասը տարի ժամկետով։ Հետագայում արոտավայրերը փոխանցվել են մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո երկու համայնքների ղեկավարները եւս տասը տարով երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագրերը այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրի օգտագործման պլան, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստի առիթով նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ Ա․ Թ․-ն նաեւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել, հարուցել են քրեական գործ, բայց մեկ տարի անց կարճել այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն այդ տեղեկանքը՝ լինի կեղծ, թե իրական, այժմ չկա ոչ Քննչական կոմիտեում, ոչ էլ համայնքապետարաններում։ Համայնքապետարաններից ստացած պատասխանների համաձայն՝ այդ փաստաթուղթը կորել է։ Ընդ որում՝ համայնքապետարաններից հստակ պատասխանում են՝ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել, բայց նույնպիսի հստակությամբ չեն պատասխանում՝ ուր է կորել անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը։ Հայարփի Բաղդասարյան
10:08 - 13 դեկտեմբերի, 2021
Մոնթեավանի համայնքապետարանի աշխատակիցը hանձնաժողովի անդամներին ցուցումներ էր տալիս |hetq.am|

Մոնթեավանի համայնքապետարանի աշխատակիցը hանձնաժողովի անդամներին ցուցումներ էր տալիս |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի hetq.am:  Արմավիրի մարզի Մոնթեավանի (մինչև խոշորացումը՝ Շահումյանի թռչնաֆաբրիկա)՝ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի աշխատասենյակի դիմաց է գտնվում 15/65 ընտրատեղամասը։ Լյուդվիգ Յայլոյանը Խոյ խոշորացված համայնքի (Մոնթեավանը դառնում է Խոյի բնակավայր) ավագանու թեկնածու է։ Նա իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարն է։ Միջանցքից բացվող համայնքապետի աշխատասենյակի դուռը ԿԸՀ-ի կպչուն ժապավենով փակվել էր, սակայն ընդունարանից աշխատասենյակ գնացող դուռը միայն բանալիով էր փակած։ Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները տեղավորվել էին համայնքապետի աշխատասենյակի ընդունարանում։ Համայնքապետի աշխատասենյակը հանգստի տարածք է օգտագործվում նաև ՔՊ-ի վստահված անձանց համար։ Նրանք անարգել ելումուտ են անում։ ՔՊ վստահված անձանցից Վահագ Խաչատրյանը, որը համայնքապետի ընդունարան ակտիվ ներսուդուրս անողներից էր, ներս մտնելիս բարձր ասում էր, թե իբր մտնում է դեղ խմելու։ Ստացվում էր, որ Խաչատրյանը 10 րոպեն մեկ դեղ է խմում։ Թիվ 15/65 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Անի Սարգսյանն ասաց, որ համայնքապետի դուռը կպչուն ժապավենով փակելու գաղափարն իրենցն է եղել, ինչը կարող էին չանել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:58 - 05 դեկտեմբերի, 2021
Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

Արմավիրի համայնքապետի միակ թեկնածու Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ խնդիրների մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա տարիներին

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Արմավիրում մեկ թեկնածու է առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը։ ՔՊ-ն Արմավիրում 46 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Արմավիրում միակուսակցական ավագանի է լինելու։ Infocom-ի հետ զրույցում Դավիթ Խուդաթյանը կարծիք հայտնեց, որ իրենց նախընտրական քարոզարշավն ընթացել է դրական մթնոլորտում՝ չհաշված այն պահը, երբ նոյեմբերին սահմանային իրավիճակը սրվեց․ այդ ժամանակ Արմավիրում ՔՊ-ի թիմը, ինչպես մյուս համայնքներում այլ քաղաքական ուժեր, դադարեցրել էին քարոզարշավը։  Խոշորացված Արմավիրում, որտեղ քաղաքին միացած եւս տասը բնակավայր կա, ՔՊ-ի թիմը քարոզարշավն իրականացրել է բնակիչների հետ հանդիպումներով ու զրույցներով․ «Բնակիչների հետ բազմամարդ հանդիպումներ ենք ունեցել, հարց ու պատասխաններ։ Այսօր էլ հանդիպում ունենք բնակիչների հետ, բայց ավելի շատ քայլերթի տեսքով, քայլելու ենք քաղաքում, մարդկանց ներկայացնելու ենք մեր թիմը, մեր արած աշխատանքներն ու ապագա անելիքները, իսկ երեկոյան 18:30-ին ամփոփիչ հավաք ենք ունենալու Արմավիրի մշակույթի տան դահլիճում»,- մեր զրույցում ասաց համայնքապետի թեկնածուն։ Դավիթ Խուդաթյանի վստահեցմամբ՝ տարածաշրջանին ինքը լավ ծանոթ է, խնդիրներն իր համար նոր չեն․ «Բնակիչների հետ բազմիցս առիթ ենք ունեցել շփվելու, նրանց բարձրացրած խնդիրները գրեթե միատեսակ են։ Այդ խնդիրները մենք բաժանել ենք երկու մասի՝ կարճաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, եւ խնդիրներ, որոնց լուծումը բավականին երկար ժամանակ է պահանջելու։ Այնպես որ, կենսական անհրաժեշտության բոլոր խնդիրները լուծելն առաջիկա հինգ տարում շատ հավանական է, եւ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ»։ Արմավիրը, մեր զրուցակցի դիտարկմամբ, գյուղատնտեսական տարածաշրջան է, ուստի այստեղ բնակիչներին անհանգստացնող հիմնական խնդիրները վերաբերում են գյուղատնտեսությանը․ կան ոռոգման ջրի խնդիրներ, բերքի իրացման խնդիրներ։ Բնակիչները Խուդաթյանի հետ զրույցներում բարձրացրել են նաեւ ենթակառուցվածքների հարցը, մարդկանց մտահոգում է նաեւ նախադպրոցական կրթական անհասանելիությունը․ «Համայնքների մեծ մասում Խորհրդային Միության փլուզումից հետո մանկապարտեզներ չեն եղել, մեզ համար սա եւս առաջնային լուծում պահանջող խնդիր է»,- շեշտեց համայնքապետի թեկնածուն։ Համայնքի բյուջեն գուցե բոլոր խնդիրների լուծման համար չբավարարի, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, հնարավորություններն ավելի մեծ են, քան բյուջեն․  «Խոսքը ե՛ւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, ե՛ւ ամբողջական պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի, ե՛ւ դոնոր-կազմակերպությունների հատկացրած գումարներով իրականացվող ծրագրերի մասին է։ Այնպես որ, այդ գումարները ճիշտ նպատակին ուղղելու դեպքում չեմ ասում՝ իդեալական պատկեր ենք ստանալու, բայց որ բնակիչները շատ արագ նկատելու են դրական լրջագույն փոփոխություն, այդպես է»։ Համայնքի ներքին զարգացման համար Դավիթ Խուդաթյանը կարեւոր ուղղություն է համարում նաեւ տուրիզմի ոլորտը․ խոշորացող Արմավիրի տարածքում է, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրը, որը․ ըստ մեր զրուցակցի, տուրիստական էական ուղղություն է ամբողջ հանրապետության համար․ «Նաեւ գյուղատնտեսական՝ էկոտուրիզմի լավ հնարավորություններ ունի այս հատվածը, այնպես որ պատրաստ ենք նաեւ այս ուղղությամբ աշխատել, ե՛ւ հավանական ներդրողների հետ, ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ պետության հետ՝ այս հատվածը ներառելու Հայաստանի տուրիզմի ամենաշատ այցելվող տեղերի մեջ»։  Եւ խոսքը միայն ներքին տուրիզմի մասին չէ։ Վերջին տարիներին, Խուդաթյանի համոզմամբ, Արմավիրի մարզում փոքր գինեգործական ընկերությունները սկսել են լայն թափով աշխատել․ «Եւ սա հետաքրքիր ուղղություն կարող է դառնալ ոչ միայն տեղացիների համար, այլ նաեւ Հայաստան եկող մեր հյուրերի համար»։ Այս ընտրություններում Դավիթ Խուդաթյանն ու իր թիմը քաղաքացիներից քվե են ակնկալում ոչ թե նրա համար, որ առաջադրված միակ քաղաքական ուժն են, այլ կարծում են, որ բնակիչների հետ երեք տարիների իրենց համատեղ աշխատանքը Արմավիրում հաջողությամբ է պսակվել․ «Եւ քաղաքացիները պետք է որ վստահություն ունենան, որովհետեւ մենք էլ վստահություն ունենք, որ արդեն խոշորացված համայնքում հետագա համատեղ աշխատանքը եւս ստացվելու է։ Այնպես որ, մեզ համար շատ կարեւոր է քաղաքացիների մասնակցությունը, եւ կարեւոր է, որ քաղաքացիները վստահ լինեն՝ այն խնդիրները, որոնք բարձրացրել են, մեր ուշադրության կենտրոնում են լինելու, եւ դրանց մեծ մասը լուծում է ստանալու առաջիկա հինգ տարիներին»,- ասաց մեր զրուցակիցը, եւ հարցին՝ չի՞ վախեցնում, որ խոշորաված՝ ավելի մեծ համայնքն ավելի շատ աշխատանք ու ջանք է պահանջելու, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Չի վախեցնում, ավելի է պարտավորեցնելում»։ Լուսանկարը՝ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:59 - 03 դեկտեմբերի, 2021
Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Այգեկ համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել Այգեկ համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով  համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ ջերմոցներ և բնակելի տներ կառուցելու մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:01 - 26 նոյեմբերի, 2021
Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, արմավիրցիներին հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ  մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և ա3  տարիների ընթացքում փորձել է անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացն ապահովելու և ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար: Ուղերձի մյուս մասը ներկայացնում ենք ստորև. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Ես դադարեցրել եմ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում: Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, հանգամանքների բերումով ուղղակի չկարողացա հանդես գալ իմ պաշտոնավարման երեք տարիները ներկայացնող հաշվետվությամբ: Սակայն խոստանում եմ, որ անպայման ժամանակ կգտնեմ և Ձեզ կներկայացնեմ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առարկայական տվյալներ, որոնք ես համարում եմ համատեղ ձեռքբերումներ: Իհարկե, ես և իմ գործընկերները երբեք չենք սահմանափակվել մեր հաջողություններով և ձգտել ենք ավելիին: Եվ ի ուրախություն բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեի նախագծով, պետական այլ միջոցներով, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերով գալիք տարվա համար սահմանել ենք մարզի զարգացմանն ուղղված առավել բարձր նշաձող, որը, վստահորեն կարող եմ ասել, իրականացվելու է մեծ պատասխանատվությամբ և ամբողջ ծավալով: Ինձ հարազատ մարզի սիրելի բնակիչներ և գործընկերներ, Հավատացնում եմ բոլորիդ, որ Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Արմավիրի մարզն ամբողջությամբ փոխելու է իր դիմագիծը՝ հետևում թողնելով անլուծելի համարվող բոլոր խնդիրներն ու հարցերը: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, Կառավարության, Ազգային ժողովի գործընկերներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատվաբեր ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները: Հարգելի գործընկերներ, թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի և ծառայի Արմավիրի մարզի շենացմանը, բնակչության բարօրությանն ու պետության հզորացմանը: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար՝ խոստանալով, որ անելու եմ հնարավորը՝ արդարացնելու իր և մեր հայրենակիցների սպասումները: Ամենայն լավն ու բարին բոլորիդ: Ձեզ շատ հարգող, Ձեր խոնարհ ծառա, արմավիրցի Համբարձում Մաթևոսյան»:
10:01 - 26 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՔՊ-ի Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը․ այն գլխավորում է Արմավիրի գործող քաղաքապետը

Հրապարակվել է ՔՊ-ի Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը․ այն գլխավորում է Արմավիրի գործող քաղաքապետը

ՔՊ-ի Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը։  Այն ներկայացնում ենք ստորեւ․ Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի Սարգսյան Վարշամ Լյովայի Իսկանդարյան Նարինե Սարդարի Մկրտչյան Կարեն Սարգսի Միքաելյան Արթուր Արեւշատի Խլղաթյան Նարե Մանվելի Եղիազարյան Արթուր Հովհաննեսի Արոյան Արտակ Նորիկի Դավթյան Նուշիկ Աշոտի Բաղդասարյան Տիգրան Հարությունի Շիրվանյան Արմեն Միխաելի Մկրտչյան Արմինե Բենիկի Բարսեղյան Հայկ Լեւոնի Հակոբյան Արմեն Գեղամի Մատինյան Սուսաննա Ավետիսի Դոլինյան Հայկ Արմենակի Հարությունյան Խաչիկ Պապիկի Մկրտչյան Հերիքնազ Շաքրոյի Աբգարյան Հայկ Ռաֆիկի Հովհաննիսյան Դավիթ Արմենի Պարոնյան Աննա Միհրանի Աղախանյան Կարեն Արամի Կարապետյան Արշակ Վահագնի Գիրգորյան Լուսինե Արշալույսի Մուրադյան Վաղուշ Նորիկի Մարգարյան Ռոման Ռաֆիկի Գրիգորյան Թամարա Արշալույսի Մարգարյան Հարություն Մանուկի Շահինյան Մամիկոն Սերյոժայի Մնացականյան Աստղիկ Հովիկի Ավետիսյան Դավիթ Տարոնիկի Ստեփանյան Էդգար Ռազմիկի Գալոյան Լուսինե Սերգեյի Նազարյան Ստեփան Վարազդատի Մելեքյան Հայկ Անդրանիկի Ղազարյան Արմինե Գեւորգի Դարբինյան Անդրանիկ Շուրիկի Խաչատրյան Նարեկ Հարությունի Դավթյան Գայանե Սեյրանի Հարությունյան Արմեն Վարազդատի Կարապետյան Կարեն Կամոյի Ղեւոնդյան Լուսինե Ալբերտի Քանդոյան Ժորա Հրանտի Հարությունյան Լիպարիտ Գուրգենի Կարապետյան Հասմիկ Ֆրունզիկի Հակոբյան Հակոբ Հովհաննեսի
17:56 - 12 նոյեմբերի, 2021
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, Էջմիածինը և Ոսկեհատը բոլորիս տունն են: Մեր միասնական նպատակն է ապահովել մեր խոշորացվող համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ ու ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։ Անցած տարիների ընթացքում Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն իր ներուժով, նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների բնականոն զարգացումը, գործարարության և ներդրումների հոսքի խթանումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, հանգստի գոտիների ստեղծումը, մշակութային ու սպորտային ենթակառուցվածների բարելավումը առաջիկա հինգ տարիներին լինելու են իմ եւ մեր թիմի գործունեության հիմնական ուղղությունները:    Այս նպատակներն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմն ունի ձեզնից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ մենք կկարողանանք ունենալ սոցիալապես ավելի պաշտպանված, տնտեսապես ավելի աշխույժ, ավելի բարեկարգ ու ավելի հյուընկալ համայնք»։
09:18 - 11 նոյեմբերի, 2021