Արուսյակ Ջուլհակյան

Արուսյակ Ջուլհակյանը 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1983թ. հունվարի 21-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը: 2005թ.՝ ՀՊՃՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Հանրային կառավարման մագիստրոս: 2010թ.՝ Վարշավայի համալսարանի (Լեհաստան) իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։

2005-2013թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009թթ.՝ Տնտեսագիտության եւ իրավագիտության (USEL) համալսարանի դասախոս: 2011-2014թթ. եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հկ մի շարք ծրագրերում:

2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ մի շարք ծրագրերի իրավաբան։

Համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետ (2010թ. մարտ-հունիս): Մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը (2016թ., «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program) (2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր, ԱՄՆ):

23.09.2018-11.01.2019թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2018թ.՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր:

Համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի, հեղինակ՝ մի շարք հոդվածների:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արուսյակ Ջուլհակյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին

Արուսյակ Ջուլհակյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարևորության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին: «Հարգելի՛ գործընկերներ, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքներից մեկն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է: Իսկ ինչո՞ւ է կարևոր պայքարել կոռուպցիայի և կլեպտոկրատիայի դեմ: Դա կենսական է, քանզի, իմ համոզմամբ, կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է: Այն խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է օրենքի գերակայությունը՝ ազդելով իրավապահ մարմինների և դատական համակարգի վրա, այն ազդում է պետական մարմինների արդյունավետության, տնտեսական միջավայրի վրա եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության կորստի: Կոռուպցիան նաև կարող է ավտորիտար առաջնորդների առաջացման պատճառ դառնալ, առաջնորդների, որոնք օգտագործում են հանրային պաշտոնն անձնական օգուտի համար՝ դրանով վտանգելով ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Կոռումպացված առաջնորդները կառչում են իշխանությունից իրենց հովանավորչական ցանցերի միջոցով և շահագործում օրենքի գերակայությամբ առաջնորդվող երկրներին՝ թաքցնելու և պաշտպանելու համար իրենց գողացված ակտիվները: Այս ղեկավարները նաև սովոր են ռազմավարական կոռուպցիան օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Կարծում եմ՝ ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ՝ կոտրելով «գողանալ, քողարկել, ծախսել» շղթան: 2018թ. հայկական խաղաղ հեղափոխությունից հետո, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված այլ բարեփոխումների, ՀՀ կառավարությունն անդրադարձել է նաև նշված խնդրին: 2020 թ. փետրվարից Հայաստանում գործող ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի և շահառուների մասին հայտարարագիր: Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի և շահառուների համար ստեղծվել է բաց ռեգիստր, որը հանրության համար նրանց դարձնում է թափանցիկ: Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը, 2020 թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախատեսում է գույքի բռնագանձում առանց մեղադրական դատավճռի: Այն ոչ միայն կօգնի վերականգնել գողացված ակտիվները Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այլ նաև կիրառելի կլինի կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ դեպքերի համար: Օրենքի մշակման և ընդունման ժամանակ հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների փորձը նշված ոլորտում: Այս օրենքի հիման վրա Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, և այժմ մենք արդեն տեսնում ենք նշված կառուցակարգերը գործողության մեջ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի վերաբերյալ առաջին գործերն արդեն ուղարկվել են հայաստանյան դատարաններ, և մենք այժմ սպասում ենք բռնագանձման գործընթացի առաջին արդյունքներին: Սա նշանակում է, որ ժամանակն է մտածելու, թե ինչպես և ինչի համար ենք օգտագործելու բռնագանձված ապօրինի ակտիվները: Այս տեսանկյունից քննարկվող բանաձևը և համապատասխան հանձնարարականը մեզ համար չափազանց կարևոր և օգտակար կլինեն: Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նշել, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարում, որն իր հերթին կօգնի մեզ ամրապնդել և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրները, ժողովրդավարական համակարգերը շատ հաճախ թիրախ են դառնում՝ օգտագործելով հենց լվացված փողերը: Այսպիսով, կարևոր է հասկանալ, թե ինչ կարող է անել ժողովրդավարությունը իրենց և միմյանց պաշտպանելու համար»,- եզրափակել է խոսքը Արուսյակ Ջուլհակյանը:
11:49 - 29 ապրիլի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներից մեկի այնհայտարարությանը, թե Ադրբեջանն արել և անում է ամենը խաղաղության հասնելու համար։ «Ջուլհակյանն ընդգծել է՝ ինքը հասկացել է, որ, լինելով միևնույն կազմակերպությունում, իրենք, այդուհանդերձ, տարբեր կերպ են ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնարար արժեքները։ «Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները։ Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության։   Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության։ Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության։ Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ։ Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ։ Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղություն չէ։ Հետևաբար, հարգելի կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, և ի վերջո իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Ջուլհակյանը։  
11:12 - 27 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձեւերի համար: Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան: Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:
10:46 - 02 փետրվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Քննարկվել են անհայտ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են անհայտ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Քննարկվել են անհայտ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր: Նազելի Բաղդասարյանը հյուրերին նախ ներկայացրեց այդ հարցում մեր երկրում առկա վիճակը, ձեռնարկված քայլերը: Պատգամավորի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը մեզ կանգնեցրեց այլ իրողության առջև. եթե նախկինում որոշ գերատեսչությունների կողմից օրենքի ընդունումը համարվում էր ժամանակավրեպ, ապա ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի ընդունումն անհրաժեշտություն է: Նշվեց, որ խնդրին միջանկյալ լուծումներ են տրվել օրենսդրական փոփոխությունների, Կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի տեսքով, սակայն ամբողջական և համակողմանի կարգավորում է անհրաժեշտ: Անդրադարձ կատարվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոդելային օրենքին, որը կիրառվել է մի շարք երկրներում: «Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը և մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաև Հայաստանում»,- ասել է Բաղդասարյանը: Քննարկվել են մոդելային օրենքի այն տարբերակները և մոտեցումները, որոնք կարող են համահունչ լինել ՀՀ օրենսդրությանը: Երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց իրավական պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:
21:00 - 31 մարտի, 2021
Վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի այսքան բարձրացումը կարող է խնդրահարույց լինել, նախագծի հեղինակն էլ ասել է, որ պատրաստ է քննարկել տուգանքի շեմի հարցը․ Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

Վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի այսքան բարձրացումը կարող է խնդրահարույց լինել, նախագծի հեղինակն էլ ասել է, որ պատրաստ է քննարկել տուգանքի շեմի հարցը․ Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Տիկին Ջուլհակյան, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ 5 անգամ բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը: Շատերը նշում են, որ սա նաև կարող է լրատվամիջոցների սնանկացման եզրին հասցնել: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, արդյոք արդարացված է տուգանքի 5-ապատիկ բարձրացումը: Ես ԱԺ հանձնաժողովի նիստում նշել եմ, որ տուգանքի այսքան բարձրացումը կարող է խնդրահարույց լինել: Նախագծի հեղինակ Ալեն ՍԻմոնյանն էլ ասել է, որ պատրաստ է քննարկել տուգանքի շեմի հարցը: Մեզ համար կարևոր էր, որ այս նախագիծը մտնի լիագումար նիստ և այնտեղ շահագրգիռ քննարկում իրականացվի: Մեր հանձնաժողովի նիստն էլ ցույց տվեց, որ բավականին մեծ հետաքրքրություն կա այս խնդիրների լուծման նկատմամբ, և մենք կարծում ենք, որր պետք է ԱԺ ամբիոնը օգտագործենք այս կարևոր խնդրի քննարկման համար և այդ քննարկումը հասանելի լինի հանրության լայն շրջանակների համար: Ես կիսում եմ պարոն Սիմոնյանի մտահոգությունը, որ ներկայում տեղեկատվական դաշտում տիրում է տեղեկատվական վակխանալիա, և մարդիկ երբեմն ազատ խոսքը շփոթում են սանձարձակ խոսքի հետ, հաշվետու չեն իրենք իրենց խոսքի համար: Նկատի ունեմ, որ վիրավորանքը, զրպարտությունը շատ լուրջ գործիքներ են մարդկանց լռեցնելու համար: Քաղաքական գործիչը չպե՞տք է պատրաստ լինի դրան: Այս նախագիծը պետք է ավելի շատ միտված լինի ոչ թե պաշտոնյաներին պաշտպանելուն, այլ քաղաքացիներին, որովհետև պաշտոնյաները, այո, պետք է պաշտոն ստանձնելիս պատրաստ լինեն քննադատության ավելի մեծ չափ հանդուրժելու: Բայց մենք այստեղ խոսում ենք ոչ թե քննադատության մասին, այլ անձի արժանապատվությունը նպատակադրված նսեմացնելու դեպքերի մասին: Օրինակ, ինձ այդ հարցն է շատ հուզում: Մենք տեսնում ենք, որ այսօր տեղեկատվական պատերազմի շրջանակներում, երբ անընդհատ խոսում ենք, որ հիբրիդային պատերազմ է և դրա շրջանակներում ոչ մի գործիք չի խնայվում, կարելի է դա համեմատել «առանց կանոնների մարտի» հետ, ստացվում է, որ անձը չունի իր արժանապատվությունը պաշտպանելու միջոց: Բայց սովորաբար ավելի շատ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են հայտնվում վիրավորանքի ու զրպարտանքի թիրախում: Այո, բայց մենք այսօր ընթացող գործ ունենք «Ռեստարտ» ՀԿ-ի տղաների հետ կապված, որոնց պարբերաբար հայհոյելու միջոցով սադրել են: Նրանք սովորական քաղաքացիներ են, որոնք իրենց արժանապատվությունն արդյունավետ պաշտպանելու միջոց չեն ունեցել և, ցավոք սրտի, ենթարկվել են սադրանքին: Ես կհիշեմ նաև վերջերս Արմեն Սիմոնյանի հետ պատահածը, որին նույնպես հայհոյել էին: Անձը այս սադրանքներին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ պետք է ունենա, որ ստիպված չլինի ինքնադատաստանի դիմել: Պետությունը պետք է կարողանա ապահովել անձի արժանապատվությունը պաշտպանելու արդյունավետ միջոցներ: Մենք այստեղ բախվում ենք խնդրի, որը տուգանքի չափը բարձրացնելով չի լուծվում: Տեսեք, ենթադրենք ինձ սադրելու, հունից հանելու նպատակով վիրավորում, հայհոյում են, ես դիմում եմ դատարան, դատական գործընթացները օբյեկտիվորեն դանդաղ են ընթանում, և ստացվում է, որ ես առնվազն 2 տարի դատարաններում եմ անցկացնում, որ 2 տարի հետո իմ հայցը դատարանը բավարարի կամ չբավարարի: Ենթադրենք դատարանը 2 տարի հետո բավարարում է իմ հայցը, բայց այս 2 տարվա ընթացքում այդ անձը շարունակում է ինձ վիրավորել, հայհոյել: Ասենք, դատարանը բավարարում է հայցը, այդ անձը վճարում է 1 մլն դրամ տուգանքը և նույն պահից սկսած շարունակում է հրապարակավ վիրավորել ու հայհոյել ինձ: Մենք նման դեպքեր մեր առօրյայում ունենք, և անհրաժեշտ է խնդիրը կարգավորել: Ես կարծում եմ, որ պետք է քննարկել նույն անձի կողմից պարբերաբար նույն անձի նկատմամբ հայհոյանքը կրկին քրեականացնելու հարցը: Շարունակությունը՝ lragir.am-ում
14:29 - 09 սեպտեմբերի, 2020
Նրանք շատ լավ պետք է իմանային, որ ՄԻԵԴ-ը չէր կարող բավարարել այդ դիմումը |lragir.am|

Նրանք շատ լավ պետք է իմանային, որ ՄԻԵԴ-ը չէր կարող բավարարել այդ դիմումը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ-ի որոշումը, որով մերժեց ՍԴ արդեն նախկին երեք անդամների և Հրայր Թովմասյանի դիմումը՝ «միջանկյալ միջոց» կիրառելու վերաբերյալ, որով պետք է կասեցվեին սահմանադրական փոփոխությունները: Նրանք արդեն հայտարարել են, որ շարունակելու են իրենց պայքարը: Այդ որոշումը սպասելի էր, կարծում եմ՝ նաև դիմումատուների համար պետք է դա սպասելի լիներ, որովհետև թե ՍԴ-ի արդեն նախկին անդամներն ու նախագահը, մասնավորապես նրանցից մեկը՝ Ալվինա Գյուլումյանը, որը ժամանակին զբաղեցրել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը, շատ լավ պետք է իմանային, որ այն դիմումը, որ իրենք ներկայացրել էին, պարզապես չէր կարող բավարարվել ՄԻԵԴ-ի կողմից, որովհետև նրանք դիմել էին կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն, այն է՝ երբ առկա է հիմնարար իրավունքների խախտման և անդառնալի վնասի ռիսկ: Նման դիմումները բավարարվում են հիմնականում այն դեպքում, երբ առկա է լուրջ վտանգ մարդու կյանքին ու առողջությանը: Այս դեպքը պարզապես որևէ պարագայում չէր կարող հայտնվել այդ կանոնի գործողության շրջանակներում և այդ մասին նաև ՄԻԵԴ-ում նախադեպային իրավունքն է վկայում: Ես անկեղծ կլինեմ, չգիտեմ, թե ինչ ակնակալիքներով էին նրանք կոնկրետ այս միջոցի կիրառման համար համապատասխան դիմում ուղարկել Եվրոպական դատարան: Այս առումով համարում եմ, որ շատ սպասելի էր ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Հետագայում թե իրենք ինչ կանեն, կներկայացնեն իրենց հիմնական գանգատը ՄԻԵԴ, թե ոչ, ես չեմ կարող ասել: Եթե ասում են, որ կներկայացնեն, շատ լավ, արդեն ժամանակը ցույց կտա, թե բարձր դատարանն ինչ դիրքորոշում կունենա իրենց դիմումի վերաբերյալ: Մի շարք փաստաբաններ հարց են ուղղում՝ տեսնես ՄԻԵԴ-ին ի՞նչ է խոստացել Հայաստանի իշխանությունը, որ այսպիսի որոշում է կայացվել: Ինչպե՞ս եք գնահատում նման պնդումները: Ճիշտն ասած, մի քիչ տարակուսելի է ինձ համար նման բառամթերքով Եվրոպական դատարանի հասցեին խոսելը, միաժամանակ հայտարարելը, թե շարունակելու ենք մեր պայքարը և ներկայացնելու ենք արդեն մեր հիմնական գանգատը: Եթե նրանք ունեն կասկած բարձր դատարանի անաչառության հետ կապված, գուցե չարժե՞ շարունակել իրենց պայքարը այդ դատարանի միջոցով: Եթե իրենք իսկապես այն մասնագիտական ունակություններն ունեին, որոնց մասին իրենք սիրում են խոսել, որ իրենց համարում են լուրջ իրավաբաններ և նաև հանրության որոշ շերտի մոտ նման կարծիք կա, նման համբավ ունեցող իրավաբանը պարզապես չէր կարող ակնկալել, որ կարող է դիմել 39-րդ կանոնով և այդ դիմումը բավարարվի կոնկրետ այս գործի շրջանակներում: Հետևաբար նաև նման դժգոհ կեցվածքը ՄԻԵԴ-ի բավականին սպասելի որոշման հետ կապված, շատ տարակուսելի է: Ըստ էության, բարձր դատարանն ընդամենը ասել է, որ այս դիմումը, որ դուք ներկայացրել եք, 39-րդ կանոնի բան չէ, իսկ դա հասկանալու համար շատ պրիմիտիվ, տարրական գիտելիքներ է պահանջում, որը նրանք պետք է ունենային: Վերջերս վարչապետը հայտարարեց, որ մեզ նոր Սահմանադրություն է պետք: ՀՀ նախագահն էլ հանդիպել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին, որտեղ անդրադառնալով ՍԴ դատավորներին նշել էր, որ ՍԴ դատավորներից երեքին ՀՀ նախագահը պետք է նշանակի, ոչ թե առաջարկի ԱԺ-ին, և ընտրի ԱԺ-ն: ԱԺ նախագահն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել նման մոտեցմանը: Ի՞նչ եք Դուք կարծում: Հայաստանը խորհրդարանական պետություն է, արդյոք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշում կկայացնի կառավարման մոդելի փոփոխություն իրականացնե, ես չեմ կարող ասել: Այսինքն, չի կարող լինել այնպես, որ մենք լինենք խորհրդարանական երկիր, բայց բարձր դատարանը ձևավորվի նախագահի կողմից: Նախկինում ՍԴ-ն կիսով չափ ձևավորվում էր նախագահի կողմից, զուտ ելնելով մեր երկրի կառավարման մոդելից: Այսինքն, մենք կիսանախագահական պետություն էինք, և որպես այդպիսի երկիր բարձր դատարանը ձևավորվում էր կիսով չափ նախագահի, և կիսով չափ ԱԺ-ի կողմից: Հիմա մենք խորհրդարանական պետություն ենք և եթե կառավարման մոդելի փոփոխություն չենք իրականացնում, նման նկրտումները, իմ կարծիքով, այնքան էլ չեն տեղավորվում խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում: Ինչևէ, դա իմ քննարկելու հարցը չէ, դա պետք է որոշի համապատասխան հանձնաժողովը, որը պետք է աշխատի սահմանադրական փոփոխությունների տեքստի վրա: Համենայնդեպս, իմ կարծիքն այն է, որ նախագահի այդ ակնկալիքը մեր կառավարման մոդելին համապատասխան չէ: Շարունակությունը՝ lragir.am-ում
10:21 - 10 հուլիսի, 2020
Վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն կստեղծվի |armenpress.am|

Վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն կստեղծվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արյուսակ Ջուլհակյանը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
11:21 - 03 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տալ |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արյուսակ Ջուլհակյանը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:
16:58 - 02 հունիսի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Ի՞նչ կարծիքի են «Իմ քայլ»-ի պատգամավորները՝ Արցախի նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են նշանակված։ Պայմանավորված կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով ու Արցախում վարակի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ՝ սոցիալական ցանցերում ու դրանցից դուրս սկսվել է «Հետաձգել ընտրությունները» արշավը։ Infocom-ը փորձեց հասկանալ նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետը։ Օրինակ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը կարծիք հայտնեցին, որ Արցախն առանձին պետություն է, եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը՝ ելնելով իրավիճակից։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն, ըստ էության, կիսում է իր ընդդիմադիր գործընկերների այն տեսակետը, որ հայաստանյան իշխանությունները որեւէ կերպ չպիտի միջամտեն Արցախում տեղի ունեցողին։ Թեպետ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել, այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, պետք է զգոն լինել, քանի որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե փոխվող իրավիճակը կտրականապես կարող է փոխել նժարի հակառակ կողմը։ Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանի կարծիքով, քաղաքացիները որոշակի զգուշավորություն կցուցաբերեն, ու դրանից կարելի է ենթադրել՝ ընտրությանը ընդհանուր մասնակցության նվազ ցուցանիշ կարող է գրանցվել։ Այս պարագայում, ինչպես մեր զրույցում ասաց պատգամավորը, այն, ինչ կարող են անել ՀՀ իշխանությունները, որեւէ կերպ չմիջամտելն է Արցախում ստեղծված մինչընտրական իրավիճակին․ «Որովհետեւ ցանկացած միջամտություն տարբեր քաղաքական ուժեր խիստ նեղ կարող են գնահատել ու քաղաքական երանգներ դնել։ Անգամ Հայաստանի պարագայում, երբ պարզ է՝ հանրաքվեն չի կարող անցկացվել արտակարգ դրության ժամանակ, քաղաքական երանգ տրվեց այս ամենին՝ մեկնաբանությամբ, թե՝ մասնակցայնություն չեն կարող ապահովել, արտակարգ դրությամբ հետաձգցեին։ Միակ բանը, որ կարող ենք անել եւ անում ենք՝ չմիջամտելն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։ «Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը, այս իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, նկատեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ ընտրություններ չեն անցկացվում, եթե երկրում պատերազմ է կամ հայտարարված է արտակարգ դրություն․ «Կարծեմ՝ ընտրությունները հետաձգելու համար այլ իրավական հիմք չկա։ Քանի որ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք արանագրված չէ Արցախում, թերեւս, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը բացակայում են, ըստ այդմ՝ ընտրությունները չեն կարող հետաձգվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի՝ ստեղծված իրավիճակը որքանով կխոչընդոտի քաղաքացիների՝ ընտրատեղամաս գնալուն, դա ցույց կտա ժամանակը։ Թե որն է պատճառը, որ Արցախի նախագահի թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, Ջուլհակյանը հիշեց, որ օրեր առաջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ նշված էր, որ ինքն ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։ Իսկ մյուս թեկնածուների հայտարարություններից պատգամավորը տեղյակ չէր։ ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, պատգամվորից հետաքրքրվեցին՝ իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Ջուլհակյանը վստահեցրեց՝ Հայաստանն, իհարկե, հավատարիմ է իր այս հանձնառությանը, եւ այդ կապակցությամբ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը․ «Դիտորդների մեծ մասը, եթե չեմ սխալվում, Արցախից են։ Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ գնացող դիտորդները պարտադիր կթեստավորվեն»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին, Արուսյակ Ջուլհակյանն պատասխանեց․ «Այս հարցը գտնվում է Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տիրույթում։ Եվ նրանք պետք է որոշեն, թե արդյոք կան իրավական հիմքեր և անհրաժեշտություն՝ ընտրությունները հետաձգելու համար, ինչպես նաև ընտրություններն, այդուհանդերձ, անցկացնելու դեպքում ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանների, հակահամավարակային պայմանների, մարդկային կուտակումների բացառման խստագույն պահպանումը»։ Նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն էլ այն կարծիքին է, որ եթե Արցախում վարակման դեպք չունեն, ապա իշխանությունները շարժվում են ըստ իրավիճակի, ու չպետք է միջամտել ընտրությունների անցկացման ժամկետին։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիները մասնակցելու են ընտրությանը, քանի որ ռիսկերն, ըստ էության, այս պահին կառավարվում են, փակվել են նաեւ Հայաստանից Արցախ տանող ճանապարհները, այստեղից մեկնող քաղաքացիներն էլ բուժզննում են անցնելու։Հայարփի Բաղդասարյան
19:28 - 28 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին:  Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ստացավ 114 կողմ ձայն:  Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը: 
11:24 - 06 մարտի, 2020