Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Կրկժանի վերեւի հատվածում ադրբեջանցիներ են մտել, բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա. Բեգլարյան
 |news.am|

Կրկժանի վերեւի հատվածում ադրբեջանցիներ են մտել, բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա. Բեգլարյան |news.am|

news.am: Ստեփանակերտի Կրկժան թաղամասի սկզբնամասում գտնվող մի քանի տներ ադբեջանական զինծառայողները մտել են դեռ սեպտեմբերի 20-ին կամ 21-ին, դա հայտնի փաստ է, որեւէ նոր բան չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իրեն այս տեղեկությունը հայտնել են հենց բնակիչները: «Տների հիմնական մասը դատարկ է, Կրկժանի ներքեւի հատվածում մարդիկ իրենց տներում են մնացել, բայց այն մասը, որը մոտ է ադրբեջանական զինծառայողներին, բնակիչները լքել են իրենց տները: Բայց դա չի նշանակում, որ անվտանգային առումով խնդիր կա, որովհետեւ տեղում ռուս խաղաղապահները անցակետ են տեղադրել, մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, այնպես չէ, որ իրենք ամեն պահի կարող են Ստեփանակերտ մտնել: Այսինքն անվտանգային խնդր խոշոր առումով չկա»,- ասաց նա: Արտակ Բեգլարյանը նշեց, որ ինքը պաշտոնական աղբյուր չի հանդիսանում, նա թվիթերյան իր միկրոբլոգում անգլերեն լեզվով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է հայտնում լսարանին՝ բնակիչներից, լրագրողներից ստացած ինֆորմացիայի հիման վրա:
16:56 - 23 սեպտեմբերի, 2023
Կրկժանը անվտանգության բարձր ռիսկերի պատճառով դատարկ է․ Արտակ Բեգլարյան

Կրկժանը անվտանգության բարձր ռիսկերի պատճառով դատարկ է․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել դատարկված Կրկժանից և գրել, որ հենց այստեղ է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ «Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Այստեղ է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։ Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»,- գրել է նա։ Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված  վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։  
10:06 - 23 սեպտեմբերի, 2023
Առնվազն 5 երեխա է զոհվել Ադրբեջանի հարձակման հետևանքով. Բեգլարյան

Առնվազն 5 երեխա է զոհվել Ադրբեջանի հարձակման հետևանքով. Բեգլարյան

Արցախում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 5 երեխա է զոհվել։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա տեղեկություններով` ևս 13 երեխա վիրավոր է։ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է ադրբեջանական հարձակումից տուժած 7-ամյա Ռուզան Հայրապետյանի հետ։   Նշենք՝ Արցախի ՄԻՊ-ի հրապարակած վերջին տվյալնըրով Արցախում հրետակոծությունների հետևանքով կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ The video story of 7-year-old Ruzan Hayrapetyan injured by Azerbaijani shelling in Sarnaghbyur. My interviews with some injured children & their relatives discovered new cases. At least 5 children have been killed & 13 wounded.#StopArmenianGenocide2023 pic.twitter.com/TgHTcxqAzs — Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 20, 2023
20:19 - 20 սեպտեմբերի, 2023
Եթե Ադրբեջանը չկատարի պայմանավորվածությունները, ՌԴ-ն պետք է օգտագործի ռեսուրսները՝ Լաչինի միջանցքը ուժով բացելու համար

Եթե Ադրբեջանը չկատարի պայմանավորվածությունները, ՌԴ-ն պետք է օգտագործի ռեսուրսները՝ Լաչինի միջանցքը ուժով բացելու համար

Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին: «Ինչպես այսօր ավելի վաղ հայտնվել է, ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայից մտել է Ասկերան, ապա՝ Ստեփանակերտ՝ մարդասիրական օգնություն հասցնելով ՌԴ կառավարության կողմից։ Ահա մի քանի հիմնական կետեր այս առնչությամբ. Սա առաջին մարդասիրական մատակարարումն է արցախցիներին հունիսի 15-ից ի վեր՝ ադրբեջանական ցեղասպանության պայմաններում։ Դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ նրանց հաջողվեց միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։ Այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում: Կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք, անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ: Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին բացել այն գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։ Համաձայնելով այս գործարքին, կարծես թե, Արցախի իշխանությունները նպատակ են ունեցել ոչ միայն մեղմել մեր ժողովրդի տառապանքները, այլև լրացուցիչ պատասխանատվություն դնել ռուսական կողմի վրա՝ որպես այս գործարքի երաշխավոր, ուժեղացնել ռուսական հնարավոր ճնշումը Ալիևի ռեժիմի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով: Քանի որ ռուսական և ադրբեջանական կողմերից նախկինում եղել են առաջարկներ և խոստումներ՝ Ակնայից առաջին մուտքից հետո 24 ժամվա ընթացքում բացել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, տեսնենք, թե ինչ կլինի մինչև վաղը առավոտյան։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը նոր պատրվակներ ու պայմաններ կգտնի Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը շարունակելու և մեր ժողովրդի տառապանքները խորացնելու համար։ Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։ Եթե որևէ կերպ հնարավոր չէ խուսափել ադրբեջանական երթուղու օգտագործումից, ապա անհրաժեշտ է քննարկել նաեւ այլ ուղիներ: Օրինակ, ինչո՞ւ թույլ չտալ ռուսական բեռնատարի մուտքը Շուշիից՝ Ակնայի փոխարեն, հատկապես, երբ շրջափակումից առաջ նման դեպքեր են եղել: Դա որոշակիորեն կնվազեցնի ադրբեջանական երթուղու բացասական ազդեցությունները։ Արցախի իշխանությունների համար շատ կարևոր է ներդաշնակորեն վարել իրենց ջանքերն ու ռեսուրսները ռուսական, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ և պահպանել թափանցիկ ու ազնիվ հաղորդակցություն բոլոր միջնորդների հետ։ Այս ընթացքում, ադրբեջանական կողմը փաստացի մերժել և չեղարկել է բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններ՝ խաղալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտության վրա։ Մտահոգություն ունեմ, որ առաջիկա օրերին նրանք կարող են նորից կիրառել այս մարտավարությունը։ Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս՝ առաջին քայլից առաջ հստակեցնելու բոլոր մանրամասները: Կարծես թե, ոչ բոլոր մանրամասներն էին նախօրոք փոխհամաձայնեցվել ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքից առաջ, և Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել այդ բացը` վտանգի ենթարկելու ռուսական այս նախաձեռնությունը: Կարևոր մանրամասներից են, օրինակ, ում կողմից, երբ, ինչպես և որտեղից կտրվի մուտքը, առաքվող ապրանքների ծագումն ու բնույթը, նշանակված երթուղիները, Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմը, թույլատրելի օրական ծավալները, խաղաղապահների և ԿԽՄԿ-ի հստակ դերերը: Այս հարցերի շուրջ բանակցությունները, փոխհամաձայնեցումը և երաշխիքների ապահովումը կարևոր են մարդասիրական մատակարարումների վերաբերյալ որոշակիորեն կայուն և միջանկյալ լուծումներ ապահովելու համար: Այս մտահոգություններին չանդրադառնալը և պայմանավորվածությունների կատարման հարցում գերտերությունների անմիջական երաշխիքների չապահովումը կարող է Ադրբեջանին թույլ տալ աստիճանաբար անցնել կարմիր գծերը և շահել ավելին, քան կարող է նման մոտեցման պարագայում: Ի դեպ, խորհրդանշականորեն այսօր լրանում է Արցախի ժողովրդի ցեղասպանական շրջափակման 9-րդ ամիսը: Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական և ցեղասպան ռեժիմին մեզ հպատակեցնելու ադրբեջանական և միջազգային հանցավոր բոլոր ջանքերին»։
21:22 - 12 սեպտեմբերի, 2023
Ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, մենք մեր ղեկավարներին ընտրում ենք ժողովրդավարական ճանապարհով․ Բեգլարյան
 |factor.am|

Ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, մենք մեր ղեկավարներին ընտրում ենք ժողովրդավարական ճանապարհով․ Բեգլարյան |factor.am|

factor.am: Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Արցախի Հանրապետության նոր նախագահի ընտրության վերաբերյալ հայտարարություններ անող միջազգային խաղացողները պետք է հաշվի առնեն հետևյալը. 1․ Մեր ժողովուրդն ունի լիակատար իրավունք ընտրելու իր ղեկավարներին՝ հիմնվելով ինքնորոշման մեր իրականացրած իրավունքի, ինչպես նաև ժողովրդավարական պետության կառուցման և զարգացման մեր արդյունավետ և երկար տարիների փորձի վրա։ 2․ Ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, մենք սովորաբար մեր ղեկավարներին ընտրում ենք ժողովրդավարական ճանապարհով։ 3․ Ցավոք, ադրբեջանական ցեղասպանական շրջափակման և ագրեսիայի սպառնալիքների պատճառով մենք ստիպված ենք անցումային շրջանում խորհրդարանի միջոցով ընտրել մեր նոր նախագահին։ Առանց միջազգային դիտորդների համապետական ​​և ուղղակի ընտրությունների այս անցկացումը մեր քաղաքական իրավունքների լուրջ խախտում է։ 4․Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ենթադրում են մեր իրավունքների, ընտրական գործընթացի և դրա արդյունքների ճանաչում, հատկապես, երբ նրանք պատրաստ են մասնակցել մեր իշխանությունների հետ բանակցություններին»,- գրել է Բեգլարյանը։
19:36 - 10 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ. Արտակ Բեգլարյան

 |factor.am|

Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ. Արտակ Բեգլարյան |factor.am|

factor.am: Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսական օգնությունը ներկայումս մնացել է Ադրբեջանում, իսկ Լաչինի միջանցքը` ամբողջությամբ արգելափակված։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելու ռուսական առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքը բացվի մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը մշտապես վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ անընդհատ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը և պահելով ճնշումը արցախյան կողմի վրա։ Բոլոր միջազգային դերակատարների համար հրամայական է հրապարակայնորեն փաստագրել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ դուրս գալով զուտ խոսքերի մակարդակից և գործնական ճնշում գործադրելով նրա վրա։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»,- գրել է Ա. Բեգլարյանը` որպես հետգրություն հիշեցնելով, որ ինքն այլևս պաշտոնական անձ չի հանդիսանում, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են։  
15:21 - 10 սեպտեմբերի, 2023
Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում. Արտակ Բեգլարյան

Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախի հետ շփման գծում տիրող իրավիճակին, Ադրբեջանի հնարավոր նոր ռազմական ագրեսիային։ Այդ մասին նրա ֆեյսբուքյան գրառումը՝ ստորեւ։  Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ զինտեխնիկա ու զորք է կուտակում: Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ, ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվ հանդիպումները, Իսրայելից, Չեխիայից ու Թուրքիայից սպառազինությունների ներկրման ինտենսիվացումը, հրադադարի խախտման դեպքերի կտրուկ աճը, հայկական կողմերին ուղղված կեղծ մեղադրանքները: Իսկ վերոնշյալ տեղաշարժերն ուղեկցվել են ադրբեջանական սոցցանցային տիրույթում բազմաթիվ տեսանյութերի ու ռազմաշունչ կոչերի հրապարակմամբ, ինչն ակնհայտորեն թույլատրված ու կազմակերպված էր իշխանությունների կողմից: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ՝ հընթացս փորձելով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների ու հասարակությունների վրա, ինչպես նաև ստուգել հայկական կողմերի և տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների արձագանքը: Այս իրավիճակում շատ կարևոր է, որ դիվանագիտական բոլոր գործիքակազմերը կիրառվեն հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման ուղղությամբ՝ բնականաբար, միաժամանակ հնարավորինս պատրաստվելով հավանական ագրեսիան ռազմական միջոցներով դիմակայելուն: Մեկ բան հստակ է. մինչև ռազմական գործողությունների մեկնարկի պահը հնարավոր է կանխել դրանք: Դիվանագիտական ջանքերի արդյունավետության համար այս փուլում չորս հիմնական սկզբունք կառանձնացնեի, որոնք պետք է Հայաստանի ու Արցախի իշխանությունները հաշվի առնեն՝ Հայկական կողմերը երբեք չպետք է միջազգային դերակատարների մոտ ապակառուցողական կողմի տպավորություն թողնեն՝ մշտապես բաց լինելով կառուցողական բանակցությունների ու առաջընթացի համար: Դրա համար շատ կարևոր է արդյունավետ բաց և փակ հաղորդակցությունը բոլորի հետ՝ զգույշ լինելով, որ հանկարծ երկուստեք ավելորդ ակնկալիքներ չձևավորվեն այդ հարաբերություններում և հստակորեն ներկայացնենք ու հիմնավորենք մեր դիրքորոշումները և դրանց հիմքում ընկած շահերն ու պահանջմունքները: Պետք է հատկապես այսպիսի փխրուն ժամանակահատվածներում իշխանությունները զերծ մնան մեր անվտանգային միջավայրի որևէ գործոն թուլացնելու գործողություններից: Այս պահին մեր անելիքը պետք է լինի հակառակը՝ ուժեղացնել բոլոր գործոնները և խուսափել անվտանգային վակուումի ձևավորումից, այլապես այդ վակուումը կարող է դառնալ ցնցում առաջացնող ճեղքը, որին սպասում է Ադրբեջանը: Այդ համատեքստում կարևոր սկզբունքներից է այն, որ մենք պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև հակամարտություններում ակտիվ գործիք լինելուց մյուսների դեմ, քանի որ մեր նման փոքր երկրները բավարար ռազմավարական կապիտալ չունեն գերտերությունների նույնիսկ «խանդին» դիմակայելու համար: Պետք է գտնել Ադրբեջանի այն խոցելի տեղերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կարճ ժամկետում բարձրացնել նրա թշնամական կամ նույնիսկ ապակառուցողական գործողությունների գործնական գինը: Արցախի ցեղասպանական պաշարումը և անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքների գրավումը լավագույն հիմքերն են Հայաստանի համար, որ Եվրոմիությունից ու ԱՄՆ-ից պահանջի Ադրբեջանի և նրա իշխանությունների ու տարբեր հանցագործություններ կատարած անձանց դեմ պատժամիջոցների կիրառում: Կարծում եմ՝ Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում, ինչի հետևանքով Ադրբեջանը լրիվությամբ մարսել է սեպտեմբերյան ագրեսիան ու ՀՀ տարածքների շարունակական օկուպացիան, իսկ հիմա էլ շարունակում է մարսել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը: Քանի դեռ Հայաստանը կոնկրետ գործնական ու հիմնավոր պահանջ-առաջարկներ չի ներկայացրել իր գործընկերներին, նրանք շարունակելու են խաղալ տեխնիկական միջնորդի դեր՝ մոռանալով միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում իրենց պարտավորությունները: Իհարկե, Ռուսաստանի, Իրանի և այլ դերակատարների հետ հարաբերությունների միջոցով նույնպես կարելի է զգալիորեն բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների գինը և դրանով զսպել նրան, բայց այդ հարաբերությունները պետք է անպայմանորեն հաշվի առնեն նաև նախորդ երկու սկզբունքները: Անշուշտ, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպման գլխավոր գործոններից մեկը Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի դիմադրելու կարողությունն է: Մենք որքան ավելի պատրաստ լինենք հնարավոր ռազմական ագրեսիայի գինը բարձրացնելու նաև ռազմական միջոցներով, Ադրբեջանի իշխանություններն այնքան ավելի դժվարությամբ կկայացնեն Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելու որոշումը: Վերջում հիշեցնեմ, որ մենք պատերազմ չենք ուզում և մշտապես պատրաստ ենք խաղաղ բանակցություններով կարգավորելու հակամարտությունները, սակայն դա չի կարող լինել «խաղաղ միջոցներով» մեր ժողովրդին ցեղասպանելու և այլ ծանր հանցագործությունների պայմաններում:
19:47 - 07 սեպտեմբերի, 2023
Ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով. Արտակ Բեգլարյան

Ինքս ինձ չեմ համարում նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ երեկ մի տելեգրամյան ալիք բացարձակ կեղծ տեղեկություն է հրապարակել, թե իբր տարբեր ներքին ու արտաքին ուժեր լոբբինգ են անում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության օգտին: Կարող եմ միանշանակորեն պնդել, որ ընդհանրապես նման թեմա չեմ քննարկել որևէ մեկի հետ, նույնիսկ այդպիսի գաղափար չի անցել մտքովս, քանի որ նման ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ ունեցել եմ: Իսկ արտաքին որևէ ուժի հետ ինձ կապողները թող իրենց պատվիրատուների մասին մտածեն: Ես ձեր տեսակից չեմ, որ ներքին որևէ հարց լուծելու համար արտաքին ուժի դիմեմ: Ավելին կասեմ, ես ինքս ինձ չեմ համարում Նախագահի դիրքի համար համապատասխան անձ՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով: Ես պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս իմ ողջ կարողություններով, բայց յուրաքանչյուր ոք պետք է իրեն համապատասխան դիրքում ու միջոցներով ծառայությունն իրականացնի: Ով էլ ընտրվի Հանրապետության նախագահ Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ես պատրաստակամ եմ հնարավորինս աջակցելու նրան, որ հատկապես այս ծանրագույն շրջանում կարողանա Արցախն առաջնորդել մեր առջև ծառացած ահռելի մարտահրավերները պատվով հաղթահարելու ուղով: Ես ինչի մասին եմ մտածում, ոմանք՝ ինչի»:
10:30 - 05 սեպտեմբերի, 2023
Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
 |armenpress.am|

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։ Բանախոսներն հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Թանկյանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին՝ իրենց նպատակին հասնելու համար, և այդ ճանապարհին օգտագործում են նաև ադրբեջանական նավթի մատակարարումների հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ արցախյան հիմնախնդիրը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտում, մինչդեռ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, գտնվում են սովահարության եզրին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է շուրջ 9 ամիս։  «Ամբողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, երկու միջազգային հեղինակավոր դատական ատյաններ նույնպես այդ առթիվ կայացրել են որոշումներ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել այդ ամենը։ Հարցն այն է, թե այժմ մենք բոլորս գործելու ե՞նք, թե պատրաստվում ենք հանդուրժել արցախահայերի ցեղասպանությունը, որը կարող է տեղի ունենալ 21-րդ դարում»,- ասել է Թանկյանը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ պատերազմից հետո, երբ կնքվեց զինադադար, Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը բաց մնաց հումանիտար բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, սակայն ինն ամիս առաջ Ադրբեջանն ապօրինաբար փակեց այդ կյանքի ճանապարհը։ Արտակ Բեգլարյանն իր հերթին նույնպես պնդել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այն պահից, երբ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, արցախցիները դարձել են նաև այդ հակամարտության զոհը։ «Միջազգային հանրության ուշադրությունը գլխավորապես սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի կապեր ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը, դժբախտաբար, չի կարողանում արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում և կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը»,- ասել է Բեգլարյանը։ Նախկին պետնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որն ամբողջովին հայտնվել է մեկուսացման մեջ, քանի որ միջազգային կառույցները, նույնիսկ հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում մուտք գործել ԼՂՀ տարածք, անգամ ՄԱԿ-ն է զրկված այդ հնարավորությունից։ «Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն արցախահայերին, արգելափակել է ոչ միայն հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, այլ նաև դեմ է, որպեսզի միջազգային դիտորդական խմբերն այցելեն այստեղ։ Նույնիսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին թույլ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիս 15-ից ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին ու ռուսաստանցի խաղաղապահներին թույլ չի տալիս ո՛չ սնունդ, ո՛չ էլ դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանը չի խոչընդոտում միայն «Կարմիր խաչի» միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան հիվանդների տեղափոխմանը, ոչ ավելին»,- նշել է Բեգլարյանը և ցույց տվել այն մեծ խանութի դատարկ փեղկերը, որտեղից ուղիղ տեսակապ է հաստատվել նրա և BBC-ի միջև։   ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։ Չկա նաև համապատասխան քանակի վառելիք, որպեսզի շրջաններից այլուր տեղափոխեն Ստեփանակերտ։ Հղի կանանց 90 տոկոսը զրկված է բժշկի այցելելու հնարավորությունից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:31 - 02 սեպտեմբերի, 2023
Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը: 11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը: Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում: Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար: Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ»:
15:36 - 31 օգոստոսի, 2023
Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են. Արտակ Բեգլարյան

Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են. Արտակ Բեգլարյան

Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագաի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը: Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին՝ Եթե այդքան շատ եք անհանգստանում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞ այսքան ժամանակ չեք բացում Բերձորի (Լաչինի) միջանցքը և չեք թույլատրում, օրինակ, հուլիսի 26-ից միջանցքի մուտքի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքը: Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում՝ ձեր կողմից հարուցված սննդի և այլ կենսական ապրանքների սուր սղության պատճառով: Եթե դա իրոք հումանիտար բեռ է, ապա ինչու՞ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով չեք ուղարկել բեռը, այլ ստիպված ներգրավել եք ձեր փաստացի ենթակայության տակ գործող Կարմիր մահիկին՝ միաժամանակ փչացնելով այդ կառույցի չեզոք ու ապաքաղաքական հեղինակությունը: Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն՝ ձեր իսկ կողմից խրախուսված հայատյացության ու հայասպանության քաղաքականության ոգով: Արդյո՞ք հարցրել եք Իսրայելի իշխանությունների ձեր «արժանապատիվ» ընկերներին կամ այս ցեղասպանության սցենարի խորհրդատուներին, թե ինչ կանեին, եթե հայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարում և 261-օրյա կամ նույնիսկ 77-օրյա հալածանքներից հետո հանկարծ Հիտլերի «հումանիստ» անվամբ ճոխ ընթրիք առաջարկվեր նրանց: Արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջը հարցնեք իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ինչպես ընդունված է ողջ հումանիստական աշխարհում: Կարո՞ղ է հանկարծ ձեր սցենարիստները խորհուրդ տված լինեին ձեզ, որ նախօրոք ծանոթանայիք միջազգային իրավունքի հումանիտար սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը և անկախությանը, որոնք ամրագրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46/182 և 58/114 բանաձևերով: Եթե այո, ապա կասե՞ք, թե այդ չորս սկզբունքներից որ մեկին է համապատասխանում ձեր էժանագին շոուն:
22:42 - 29 օգոստոսի, 2023
Արտակ Բեգլարյանը հորդորում է տուրք չտալ տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր

Արտակ Բեգլարյանը հորդորում է տուրք չտալ տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր

Արտակ Բեգլարյանը հորդորում է տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր: «Հարգելի՛ հայրենակիցներ, Պարզապես խնդրում, հորդորում և նույնիսկ պահանջում եմ տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր: Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև: Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա: Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը: Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար: Հ.Գ. այս թեմային երկար ժամանակ խուսափում էի անդրադառնալ, սակայն վերջին օրերի տեղեկատվական միտումների համատեքստում ստիպված եմ հրապարակայնորեն խոսել դրա շրջանառության անթույլատրելիության մասին»,- գրել է Արցախի նախագահի խորհրդականը:
16:43 - 29 օգոստոսի, 2023
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար, «Ազատությանը» հայտնեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Ազատություն». - Տեղեկություն ունե՞ք, որ բացի այդ անձանցից, շատերն են հարցաքննվել, երեքին են միայն ձերբակալել։ Արտակ Բեգլարյան. - Այո, երեքից ավելի մարդ, ընդ որում առաջին անգամ չէ, հարցաքննվել են, չգիտեմ՝ հարցաքննվել կոչենք դա, թե չէ, հարցաքննվելը իրավական տերմին է, լրացուցիչ տվյալներ են ճշտել ավելի շատ քաղաքացիներից, քան երեքն են։ «Ազատություն». - Իսկ ռուս խաղաղապահներին Արցախի իշխանությունները դիմել են, և ի՞նչ են ասում։ Արտակ Բեգլարյան. - Իհարկե, դիմել ենք։ Բանակցում են։ «Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ռուս խաղաղապահները թույլատրել են ընդհանրապես իրենց ուղեկցությամբ երիտասարդներին առևանգել և տանել։ Արտակ Բեգլարյան. - Դատապարտելի է բոլորիս համար և ռուս խաղաղապահների կողմից, և Կարմիր խաչի կողմից տեղափոխությունների ժամանակ մեր քաղաքացիների առևանգումը։ Բնականաբար, մեզ համար ընդունելի չէ այս տարբերակը։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցիները Բերձորի (Լաչինի) միջանցքից մեկ քաղաքացու են առևանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ միջանցքից ձերբակալվել է երեք հոգի, ովքեր ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ 2021 թվականին «անարգել են ադրբեջանական դրոշը»։ Արցախի ՄԻՊ-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։
18:24 - 28 օգոստոսի, 2023