Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Դեսպան Իմանբաևը ԲՏԱ փոխնախարարին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին

Դեսպան Իմանբաևը ԲՏԱ փոխնախարարին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր ստեղծվող արժեքների ստեղծման գործում։ Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 202 4թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հերթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։ Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։
15:59 - 16 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյանը ՏՏ համայնքի հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծերը

Մխիթար Հայրապետյանը ՏՏ համայնքի հետ քննարկել է ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծերը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Սա նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նման ձևաչափով անցկացված առաջին հանդիպումն էր տեխնոլոգիական համայնքը ներկայացնող ընկերությունների, վերազգային կազմակերպությունների և միությունների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտների զարգացման խթանմանն ու աջակցությանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությանը՝ կարևորելով մտքերի փոխանակումը նշված ձևաչափով և հույս հայտնելով, որ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական է լինելու: Նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խթանման  և ԲՏ ոլորտի զարգացման մասին օրենքի նախագծերի նախնական տարբերակները, որոնք կազմվել են ոլորտային ընկերությունների համատեղ ջանքերով և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի մշակման և ընդունման քայլերի հաջորդականությունը՝ նշելով, որ քննարկումից և մշակումից հետո օրինագծերը ներկայացվելու է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ: «Ինչպես գիտեք՝ վաղուց արդեն հանրային տարատեսակ ընկալումներում հարցադրումներ են լինում, թե ինչու է պետությունն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում տնտեսության այս կամ այն ճյուղին: Շատ կարևոր է ցույց տալ, որ ոլորտի զարգացումը, ոլորտում ավելի ու ավելի շատ ռեսուրսների կենտրոնացումը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից», - նշել է նախարարը: Օրինագծերի աշխատանքային տարբերակները մշակելիս՝ հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման դինամիկան, տնտեսական ցուցանիշները, ոլորտի շրջանառությունն ու ներուժը, տնտեսական ընդհանուր միջավայրը՝ դիտարկելով առաջարկվող տնտեսական ազդեցության տարբեր սցենարներ: Նախագիծը նաև տալիս է բարձր տեխնոլոգիական ոլորտի սահմանումը՝ ներառում է ՏՏ և ինժեներական ոլորտները: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող նախագծի վերաբերյալ, հնչել են տարբեր կարծիքներ: Ուշադրություն է հատկացվել նաև գիտահետազոտական աշխատանք իրականացնող ընկերությունների խրախուսման, մասնագիտական կրթության խթանման և ուղեղների արտահոսքի և ներհոսքի հարցերին: Նշվել է, որ առաջիկայում նախարարին է ներկայացվելու ՏՏ և ԲՏ ոլորտների զարգացման խթանմանն ուղղված օրինագծերի մի քանի սցենար, որոնք ներառելու են շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ տեխնոլոգիական համայնքի և այլ գերատեսչությունների կարծիքները:
16:28 - 09 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյանը կարևորել է ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ

Մխիթար Հայրապետյանը կարևորել է ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 6-ին 3-րդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Նախարարը կարևորել է հանդիպումների նման ձևաչափը, ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ, նշել է, որ յուրաքանչյուրի ղեկավարած կառույցի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը շատ կարևոր է՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Նախարարը նաև ընդգծել է, որ կան հնարավորություններ, համապատասխան միջավայր, որոնք պետք է ճիշտ կիրառել՝ զարգացնելով ոլորտի ենթակառուցվածքները։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավորություններ, Հայաստանի ռազմարդյունաբերության բնագավառի զարգացմանն ուղղված առաջարկներ, որոնց հիման վրա կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կառավարության որոշումների ձևաչափեր։
10:00 - 07 փետրվարի, 2024
ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

aysor.am:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել: «Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», - նշեցին նախարարությունից: «Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասաց, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։  
11:04 - 06 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյան․ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող, օգտակար պետության վերածվող Հայաստան
 |aravot.am|

Մխիթար Հայրապետյան․ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող, օգտակար պետության վերածվող Հայաստան |aravot.am|

aravot.am: «Առաջարկում եմ՝ ավարտենք մշտապես շարունակվող բանավեճը եւ մեզ համար արձանագրենք, որ պետք է արդեն մտածենք, թե ինչպես ներդնենք արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության մեջ, թվայնացման համակարգում, ռադիոհաղորդակցության, տեղեկատվական գիտության ոլորտում»,-այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ մարդու մտածելակերպի եւ ընկալման ու հույզերի մեջ երկու մոտեցում կա․ «Այսինքն, այսօր էլ մենք գուցեեւ փորձում ենք գտնել լուծումներ, մյուս կողմից էլ առկա են վախեր։ Տեխնոլոգիական տարբեր հեղափոխությունների փուլերում այդ վախերը եղել են, դրանք նույնանման են այսօրվա այն վախերին, որոնք ունենք արհեստական բանականության հետ կապված»։ Հայրապետյանն ասաց՝ այն պետությունները, սուբյեկտներն ու ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, իրենք հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից․ «Այս առումով ունեմ մտավախություն, որ մենք տեղ-տեղ արդեն ուշացել ենք։ Հետեւաբար, թռիչքային աճի համար մեզ պետք են տասը անգամ արագ որոշումներ եւ գործողություններ։ Սրանով է պայմանավորված մեր ապագա զարգացումը»։ Նախարարի ներկայացմամբ՝ այսօր պետական տարբեր գերատեսչություններում, երբ առաջարկվում է նոր ռազմավարություն եւ մոտեցումներ, դժվարությամբ կգտնեք այդ թղթերում «արհեստական բանականություն» բառակապակցությունը։ Նա վստահեցրեց, որ ԲՏԱ նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն, որպեսզի արհեստական բանականության շուրջ խոսակցությունները ճիշտ ներկայացվեն հասարակությանն ու գերատեսչություններին․ «Այն վախերը, որոնք նույնիսկ պետական ապարատում կան, պետք է կոտրենք եւ հենց հիմա պիտի անենք դա։ Ինչ թվայնացման կամ փաստաթղթաշրջանառության կամ պետական ապարատի արդյունավետ կառավարման մասին է խոսքը, եթե ունենք այդ վախերն անգամ որոշումներ կայացնողների մակարդակով։ Այդ վախերը կոտրելով, վստահ եմ, Հայաստանն աշխարհում կարող է դառնալ մրցունակ ու ամբիցիաներ ունեցող երկիր, ունենալ կարեւոր դեր աշխարհում՝ մոլորակի մարդկանց ինչ որ լուծումներ առաջարկելով, ինչը վերափոխելու է Հայաստանը եւ հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը։ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող եւ օգտակար պետության վերածվող Հայաստանի հանրապետություն»։
12:30 - 02 փետրվարի, 2024
Բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է հայ-բրիտանական համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել. Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է հայ-բրիտանական համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից: «Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակը և համակարգվող ուղղությունները, անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթի նախապատրաստմանը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունն ունեն համատեղ գործակցության լայն շրջանակ՝ սկսած օրենսդրական փոփոխությունների իրագործումից մինչև գործնական քայլերի իրականացում, ճիշտ որոշումների կայացում և փորձագետների ներգրավում: Միացյալ Թագավորության դեսպանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շեշտել տեխնոլոգիական ոլորտի կարևոր դերը երկկողմ միջպետական և գործարար հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Թագավորության գերնպատակը տեխնոլոգիական գերհզոր ուժ դառնալն է, և դրան հասնելու համար իրենք ձգտում են ամուր կապեր հաստատել տեխնոլոգիական մասնագետներ ունեցող երկրների հետ: Ջոն Գալագերը պատմել է նախորդ տարի Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած ոլորտային կարևոր միջոցառումների մասին: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը ներկայացված կլինի այս տարի Միացյալ Թագավորությունում կայանալիք «Ֆինանսական տեխնոլոգիական շաբաթ» միջոցառմանը: Նշվել է, որ բոլոր այդ միջոցառումները կարող են նպաստել տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ գործակցության զարգացմանը: Մխիթար Հայրապետյանը կարևորել է փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը՝ նշելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայության մասին: Նախարարի խոսքով՝ դրանով է պայմանավորված Հայաստանում համաշխարհային մի շարք խոշոր ընկերությունների ներկայացվածությունը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև բրիտանական ընկերություններին Հայաստան բերելու հնարավորությունների ստեղծումը: Նախարարը նկատել է, որ պատմականորեն հայ-բրիտանական փոխգործակցության ներուժն ամբողջությամբ իրացված չէ, և այս առումով, բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:53 - 29 հունվարի, 2024
Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուբեն Սիմոնյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
14:08 - 29 հունվարի, 2024
Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարն ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է, կան մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համատեղ ուժերով։ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Մխիթար Հայրապետյանը լսել է, թե ինչ ակնկալիքներ ունեն ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունները նախարարությունից, ինչ խնդիրներ ու առաջարկներ ունեն, նաև ինչ մեխանիզմների կիրառմամբ են պատկերացնում ոլորտի զարգացման խթանումն ու առաջմղումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների հաղթահարման մի շարք հնարավորություններ։ Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում առանձնակի կարևորվել է ինժեներական կրթության ուղղությամբ նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որակյալ կադրերի պատրաստումն ու սերնդափոխության ապահովումը:
15:40 - 26 հունվարի, 2024
ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Զարեհ Սինանյանը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել հետագա պաշտոնավարման ընթացքում: «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր հեռանկարներ կարող է ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար: Այս ոլորտը մեծ կարևորություն ունի մեր պետության համար, և համակարգային ուժի առկայությունն ու ներգրավվածությունը լուրջ խթան կարող են դառնալ դրա զարգացման գործում․ այստեղ մեր առավելությունը կարող է դառնալ նաև Սփյուռքի մասնագիտական ներուժը»,- նշել է Զարեհ Սինանյանը: Նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքի համար և ընդգծել, որ համագործակցության լայն դաշտ է տեսնում: «Համագործակցության լուրջ նախադրյալներ կան տարբեր ոլորտներում, հատկապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարող ենք շոշափելի արդյունքներ գրանցել»,- ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրրության մի շարք հարցեր, նախանշվել են համագործակցության առկա հնարավորությունները:
19:24 - 05 հունվարի, 2024
Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: Հայտնում են Վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։ Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները և հավելել, որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել: «Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել»,- նշել է վարչապետը: Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության և պաշտոնավարելու հնարավորության համար: «Վերջին երկու տարիները եղել են բուռն և կարելի է ասել ոլորտի համար հաջող, ինչի մասին վկայում են նաև այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք։ Բայց, իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք այս ընթացքում լուծել։ ՏՏ ոլորտի համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, աշխատանքներն արդեն սկսվել են։ Հույս ունեմ, որ գործընկերները կշարունակեն և բոլոր խոստումները, որոնք համայնքին տվել ենք` ժամանակին և պատշաճ կերպով կկատարվեն։ Ես իմ կողմից պատրաստ եմ ցանկացած պահի հնարավորությունների չափով աջակցել»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: Իր հերթին, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում որպես պատգամավոր և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն սերտորեն համագործակցել է ԲՏԱ նախարարության հետ: «Բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական աշխարհի քարտեզում իր ուրույն և առաջատար տեղն ունենալ: Հույս ունեմ, որ և գործադիրում, և օրենսդիրում ունեցած պաշտոնավարման փորձս կօգնի պատասխանատու պաշտոնում։ Մյուս կողմից նաև հույս ունեմ, որ նախարարության ողջ թիմը կհամախմբվի իմ շուրջ և մենք կկարողանանք աշխատանքի արդյունքում ստանալ անհրաժեշտ արդյունքը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը: Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը, և բոլորիս մաղթել հաջողություն՝ 2024 թվականին մեր Կառավարության առաջ դրված խնդիրները լուծելու, այն է` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու գործում։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ, բայց կարծում եմ՝ դա մի ցուցանիշ է, որը միջինացված ցույց է տալիս, թե մենք ինչքանով ենք լավ աշխատել»:
20:57 - 30 դեկտեմբերի, 2023