Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Կաթողիկոսի պատգամը

Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Կաթողիկոսի պատգամը

Կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնի առթիվ պատգամ է հղել, որում ասվում է. ​««Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.քանզի լուսո պտուղներն են բարությունը,արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): ​Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արևելք եղար և խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»։ Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու և միշտ Տիրոջ հետ լինելով՝ արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության։ Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում։ Սուրբ Ծնունդը այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, և ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիները տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում։ Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1.5): Սիրելի բարեպաշտ զավակներ ի հայրենիս և ի սփյուռս, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայրապետիս պատգամն է, որ մեր սրտերը չդարձնենք հուսահատության, տրտմության մութ ու ցուրտ անձավներ, այլ Քրիստոսի ներկայությամբ լուսավորված մսուրներ, որտեղ մանուկ Հիսուսին աստվածահաճո գործեր ընծայելու մղումն ու ձգտումն են թագավորում։ Արդ, ապավինենք մարդեղացյալ Տիրոջը, ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո և ճշմարտի  առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի։ Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները, ինչպես Ավետարանում է ասվում. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16)։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին։ Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, և ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով՝ «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, և Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի 51.5): Այս հուսառատությամբ ու հավատով, Սուրբ Ծննդյան ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Փրկչի օրհնությունն ու զորակցությունը և գահակալության արևշատ ու արդյունալի տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարյաց մաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Սուրբ Ծննդյան շնորհաբեր այս օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Փրկիչ մեր Տերը։ Ով մանկացյալ Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, մեր փրկության համար մարմնացար և աշխարհ եկար ու մարդկության հանդեպ անսահման սիրովդ երկնառաք շնորհների լույսը ծագեցրիր բոլոր Քեզ հավատացողների հոգիներում։ Խաղաղություն ու բարօրություն պարգևիր աշխարհին ու մեր հայրենիքին։ Ազատիր մեզ ամենայն չարից ու չարիքից, մխիթարություն շնորհիր պատերազմի արհավիրքներից ու ծանր կորուստներից խռովահույզ ու վշտակիր մեր սրտերին։ Ներիր և թողություն շնորհիր մեզ, որպեսզի մեղքերն ու անկումները չփակեն մեր առջև ճանապարհը մեր տեսիլքների իրագործման և ակունքները Քո անբավ բարիքների և անսպառ ողորմության։ Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին։ Շուտափույթ վերադարձ պարգևիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլև անհայտ կորած մեր զավակներին։ Երկնային երանական հանգստության և լուսեղեն օթևանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին։ Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի Քեզանով զորացյալ դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
12:46 - 06 հունվարի, 2024
Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն
 |tert.am|

Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն |tert.am|

tert.am: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ, որին մասնակցեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադրի մարմինների տարբեր պաշտոնյաներ: Պատարագին ներկա էին նաև հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ: Մինչ պատարագը Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագա վերադարձի հետ կապված «Ազատության» հարցերին: Պատարագին մասնակցող արցախցի պաշտոնյաները նույնպես խուսափեցին հարցազրույցից: Իսկ Արցախից տեղահանվածները նշում էին, թե այնտեղ կվերադառնան միայն այն դեպքում, եթե Արցախն այլևս չլինի Ադրբեջանի վերահսկողության տակ: Հարցերի չպատասխանեց նաև Վեհափառ հայրապետը: Ամենայն Հայոց կաթողիկոսն անպատասխան թողեց իշխանության հետ լարված հարաբերությունների մասին հարցերը:
21:02 - 05 հունվարի, 2024
Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. հայտարարություն

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. հայտարարություն

Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված  ժամին։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողների խորհրդից։ «Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։ Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։ Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։ Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի  համագործակցության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։  
17:52 - 03 հունվարի, 2024
Հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին․ Գարեգին Բ-ի ուղերձը

Հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին․ Գարեգին Բ-ի ուղերձը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Ամանորի առթիվ․   «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,   Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։   Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։ Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։   Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարև, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության և հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելի տենչանքով: Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին։ «Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31)։   Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։ Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։ «Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,- ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։   Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում և մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։ Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։   Սուրբգրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը և մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), և այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության։   Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը և ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհները և հաղթության պարգևը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր և միշտ և հավիտյան. ամեն:   Բարի, օրհնյալ Նոր տարի»։
10:08 - 01 հունվարի, 2024
Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ

Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ՀՀ վարաչապետի ուղերձից առաջ առանձին հաղորդմամբ։ «Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտնում են Մայր Աթոռից։
22:14 - 31 դեկտեմբերի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։ Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։ Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը և առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը։ Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (տե´ս Ղևտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին և Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգևի (տե´ս Ղևտ. ԻԶ 3-8)»։ Հայր Մովսեսն ընդգծեց նաև, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և մեր հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։ Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։ Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
14:31 - 02 դեկտեմբերի, 2023
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ժողովն ատենապետել են Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվել  արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Մտահոգությամբ անդրադարձ է կատարվեց ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։ Ժողովում որոշվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի թեմը ստեղծված կացության պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը և գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։ Հանրակրթության ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկվածության և կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես է եկել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել 2023-24 թթ․ նոր չափորոշիչների հիման վրա հրատարակված հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որում առկա են ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի է համարվել, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակության մեջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպես և Եկեղեցու կողմից նվիրագործված սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակետներ ու վարկածներ։ Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել պատկան  կառույցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթության ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։ Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրի առնչությամբ ԳՀԽ-ն որոշել է թեմակալ առաջնորդների և համապատասխան մասնագետների ընդլայնված քննարկումներ կազմակերպել՝ կարևորելով սերունդների հոգևոր դաստիարակության ու կրթության առաքելությունը։ Հայաստանում ամուսնությունների և ծնելիության նվազման, ամուսնալուծությունների աճի, թմրամոլության տարածվածության, կրոնական կազմակերպությունների մարդորսական գործունեության մասին զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ աղանդագիտության դասախոս Տ․ Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։   Արձանագրվել է, որ երկրի ապագայի և ազգային անվտանգության համատեքստում խիստ սպառնալից են հիշյալ ոլորտներում տիրող իրավիճակները և ահագնացող միտումները։ Առկա հանգամանքները նկատի առնելով՝ կարևորվել է հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում հատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զորացում ընտանեկան, ազգային և բարոյական արժեհամակարգի։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:
17:57 - 04 նոյեմբերի, 2023
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
 |tert.am|

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը |tert.am|

tert.am: Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ինչպես նշեց Արցախի թեմի առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի թելի լուծարումը տեղի չի ունենա։ «Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - նշեց Արցախի թեմի առաջնորդը։ Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
10:47 - 04 նոյեմբերի, 2023
Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին դեղորայքային օգնություն կտրամադրի արցախահայությանը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ՀՀ առողջապահական ոլորտում դեղորայքային օգնություն կցուցաբերի արցախահայությանը օգնելու համար։ Այդ մասին նշվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Տ. Գեորգիոս արքեպիսկոպոս Պապաքրիստոմուի օգնական Նեոպոլիսի Պորֆիրիոս եպիսկոպոսի` Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն այս դժվարին օրերին հայրենազրկված արցախահայությանը և Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար։ «Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն պատմական համանմանություններ, և իրենց զորեղ հավատքով կարողացել են դիմագրավել բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում Գարեգին 2–րդն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Իր հերթին Պորֆիրիոս Սրբազանը նշել է, որ իր այցը նպատակ ունի նաև Կիպրոսի ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին։
22:48 - 24 հոկտեմբերի, 2023
Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Գարեգին Բ

Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Դուրս են բերվել տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ, այդ թվում՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, սրբազան պատարագ է  մատուցվել «Սուրբ Տրդատ» բաց խորանում։Ստորև ներկայկացնում ենք Գարեգին Բ-ի ուղերձը. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։ Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։ Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։
15:41 - 01 հոկտեմբերի, 2023
Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել: «Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար: Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով: Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։ Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։ Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։ Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին: Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։
13:57 - 21 սեպտեմբերի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։  Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար: Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին: Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։ Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
13:07 - 19 սեպտեմբերի, 2023
Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Արցախի նախագահին

Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Արցախի նախագահին

Սամվել Շահրամանյանին Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, և, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես և միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը: Մեծարգո պարոն Նախագահ, Վկայությունն ունենալով տարբեր բարձր պաշտոններում Ձեր բարեխիղճ, անձնվեր և նախանձախնդիր ծառայության՝ լիահույս եք, որ Ձեր փորձառությամբ և հեղինակությամբ պիտի նպաստեք Արցախում համերաշխ միասնականության ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը և ժողովրդի ոգու և լավատեսության զորացմանը ՝ ի նպաստ արցախահայության անկախ ու անվտանգ կյանքի և բարօր գալիքի կերտման:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր զորակցությունն եք բերում Ձեզ՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնության ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ հայրենի մեր Արցախ աշխարհի»:
15:58 - 10 սեպտեմբերի, 2023
«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները: Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։ Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։ Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:32 - 02 սեպտեմբերի, 2023
Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորալան ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Վեհափառի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու դաստիարակել են ազգի, հայրենիքի ու Եկեղեցու արժանավոր զավակներ, ամրապնդել նրանց աստվածասիրությունը, հայրենանվիրումն ու ազգային ինքնագիտակցությունը։ Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»: Աղոթում ենք, որ Տերը աննվազ եռանդ ու կորով շնորհի կրթության ասպարեզում իրենց ծառայությունը բերող բոլոր նվիրյալներին և լուսավորի միտքը աշակերտ և ուսանող մեր զավակների՝ նախանձախնդրությամբ գիտելիք ամբարելու և այն ծառայեցնելու մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր ապագայի կերտմանը։ Թող Տիրոջ օրհնությամբ այս նոր ուսումնական տարին բարեզարդվի բարի արգասիքներով՝ ի զորացումն մեր հայրենիքի և մեր ժողովրդի»։
10:45 - 01 սեպտեմբերի, 2023