Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

 Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը․ վարչապետը մասնակցել է աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը․ վարչապետը մասնակցել է աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է եղել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը: Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ ծառայողներ,Ղեկավար անձնակազմ,Ոստիկանության հարգելի՛ պետ,Կառավարության հարգելի՛ անդամներ,Գործադիր իշխանության ներկայացուցիչնե՛ր,Ազգային ժողովի պատգամավորնե՛ր,Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետնե՛ր,Հարգելի՛ գործընկերներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել, որ 2022 թվականի Ոստիկանության օրը նշում ենք ահա այսպիսի նորամուծությամբ, երբ Շիրակի և Լոռու մարզերում իր աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել: Այդպիսով հիմք է դրվում նոր հարաբերությունների, որը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը: Ցանկանում եմ ընդգծել` մեր նպատակն ու տեսլականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը: Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում: Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Պարեկային ծառայության այն ծառայողներին, ովքեր 2021 թվականի հուլիսից իրենց ծառայությունն են սկսել մայրաքաղաքում և այս ընթացքում աներկբա ձևով վաստակել են քաղաքացիների հարգանքը: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ոստիկանության, պայմանական ասած, հին ծառայողներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքը, նվիրվածությունը փոխանցել են, փոխանցում են և կփոխանցեն պարեկային ծառայությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են բերում այս չափազանց կարևոր, անկյունաքարային բարեփոխումներին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներին, վարչապետի աշխատակազմին, մեր միջազգային գործընկերներին՝ ընդգծելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր իրենց դերակատարումն են ցուցաբերում և ամեն ջանք գործադրում, որպեսզի այս բարեփոխումները մենք պարբերաբար հասցնենք կատարելության, որովհետև, եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը: Հարգելի ներկաներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրը` Պարեկային ոստիկանության մեկնարկով Շիրակի և Լոռու մարզերում: Օրը տոնական է, և շատ վառ երանգներով ենք մենք այսօր Ոստիկանության օրը դիմավորում: Եվ այս ֆոնին, հատկապես, ես ուզում եմ, որ մենք հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն ոստիկաններին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր նահատակվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում և այս ընթացքում Հայրենիքի ու իրավակարգի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած լինելով: Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին ստորաբաժանումները հենց ոստիկանական ստորաբաժանումներ էին, որոնց հենքի վրա հետագայում ձևավորվեց Հայոց բանակը: Եվ ուրեմն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով այսօր ոստիկանության ծառայողներին»: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո վարչապետը դիմելով պարեկային ծառայողներին` նշել է. «Այսօր դուք առաջին անգամ պաշտոնապես իրականացնելու եք ձեր ծառայությունը, և ես ուզում եմ, որ ձեր ծառայության և Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օրինապահ քաղաքացին իրեն զգա վստահ, ապահով, անվտանգ, հարգված, գնահատված, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու: Եվ դա ոչ թե քմահաճույք է, այլ հանրության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտ գործողություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության օրվա առիթով և բարի երթ մաղթում Շիրակի մարզի պարեկային ոստիկանությանը»: Կառավարության ղեկավարն այնուհետև մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների: Մասնավորապես՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիության մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր Երվանդ Նիկոյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Ավետի Ղազարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Բաղդասար Աբրահամյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Գրիգոր Շահինյանը: Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։ Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։
16:19 - 16 ապրիլի, 2022
Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։ «Կատարվել  են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել: Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան: Արմենուհի Մխոյան
11:04 - 06 ապրիլի, 2022
Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։  Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
16:57 - 14 փետրվարի, 2022
ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

armtimes.com: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից: Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Պատգամավորի խոսքով՝ ռազմաբազայի վերաբերյալ նման խոսակցությունները որևէ հիմնավորում չունեն. «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»: Նշենք, որ լուրերի համաձայն` եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է: «Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», - ասաց Հովակիմյանը։
12:26 - 25 հունվարի, 2022
Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է   |armenpress.am|

Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում, հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է եւ ոչ գազի արտահոսք: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն էր պատճառել քաղաքացիների շրջանում: Ավելի ուշ նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, սոցիալական ցանցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հորդորել է ընկերությանը հետայսու բնակչությանը տեղեկացնել նմանատիպ միջոցառումների մասին: «Ցանկացած պարագայում նման փորձարկումների մասին պետք է նախապես ծանուցել բնակչությանը, ինչը պատշաճ ձեւով չի իրականացվել: Շիրակ ԳԳՄ-ի ղեկավարությանը հորդորել եմ հետայսու ցանկացած աշխատանքի իրականացման պարագայում տեղեկացնել Շիրակի մարզպետարանին և հետևողական լինել իրենց գործում»,- նշված է հայտարարության մեջ:
11:01 - 21 հունվարի, 2022
Ամեն ջանք կգործադրենք Գյումրիում աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին

Ամեն ջանք կգործադրենք Գյումրիում աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. վարչապետն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետեր՝ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Վարչապետը ողջունել և շնորհավորել է նրանց՝ Գյումրու քաղաքապետի ու փոխղքաղաքապետների պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.  «Ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժերը կայացրին որոշում՝ կենտրոնանալ Գյումրու խնդիրների լուծման վրա։ Պետք է ասենք, որ վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել և, իհարկե, կարիք չկա ասելու, որ կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրու մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրու աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար։ Կրկին շնորհավորում եմ և ողջունում»: Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն: «Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։ Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրու 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկագմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը: «Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը: Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրու քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ: «Այսօր հանդիպում ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում: Երևանի փորձը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ համագործակցությունը Երևանի գործընկերների հետ հաջողությամբ ընթանում է: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում առաջիկայում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:    
20:40 - 14 հունվարի, 2022
ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի («Հայփոստ»-ի) միջոցով: Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար անձամբ դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Այն կենսաթոշակառուներն, ովքեր կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված «Հայփոստ»-ի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին «Հայփոստ»-ի տված տեղեկանքը։ Կենսաթոշակառուները հետագայում ցանկության դեպքում կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն և փոխել վճարող կազմակերպությունը։
10:05 - 03 հունվարի, 2022
Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը․ շուրջ 107 մլն դրամ է ծախսվել

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Այդ ծրագրերը չէին իրականացվել համավարակի ու պատերազմի պատճառով։ Դրանց կյանքի կոչման համար կառավարությունը շուրջ 110 մլն դրամ է հատկացրել։ Infocom-ը նախարարությունից հետաքրքրվել է, թե ծրագրերը տարվա ավարտին ինչ փուլում են եւ ինչ առաջընթաց են գրանցել։ Ծրագրերից առաջինով նախատեսվել էր, որ Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի եւ կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Նախանշվել էր, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնը պետք է ունենա տեխնիկական, տեխնոլոգիական եւ բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության եւ մշակութաժամանցային միջավայր: ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ին հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի եւ երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ին տրամադրվել է 58 մլն 579 հազար դրամ: Ներկայումս, նախարարության վստահեցմամբ, իրականացվում են կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2022 թ.-ի գարնանը: Երկրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների եւ սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների համար: Այս նախագծի իրականացման նպատակով «Բյուրական արվեստի ակադեմիա» ՀԿ-ին տրամադրվել է 31 մլն 634.4 հազար դրամ: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 93 հանդիպում-դասընթաց Բյուրականի եւ հարակից համայնքների մոտ 3059 երիտասարդ-շահառուի մասնակցությամբ:  Նախարարությունից հայտնել են, որ ուսումնասիրվել են ձեռներեցություն, մենթորություն եւ քոուչինք, ստեղծարար մտածողություն, առաջնորդություն, հաղորդակցություն, մարզային զբոսաշրջության զարգացում եւ այլ հմտություններ: Հաշվի առնելով, որ լաբորատորիան բացօթյա է, աշխատանքները կշարունակվեն գարնանը: Երրորդ ծրագրով նախատեսվում էր, որ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ եւ օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ պետք է իրականացներ շուրջ 24 մշակութային միջոցառում՝ նպաստելով հայ եւ օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Պետք է ստեղծվեր համապատասխան միջավայր եւ տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջեւ երկխոսության, համատեղ գաղափարների մշակման եւ մշակութային արժեքների ստեղծման համար: ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, Infocom-ին տեղեկացրել են, որ այս նախագծի իրականացումը չեղարկվել է․ ««ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագծի իրականացման համար նախատեսվել է «ԳՈՒՐԲԱՆ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին տրամադրել 4 մլն 792 հազար դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ են առաջացել կենտրոնի ստեղծման գործում, որի պատճառով նախագծի իրականացումը չեղարկվել է»,- հայտնել են գերատեսչությունից: Չորրորդ ծրագրով «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում պետք է իրականացներ «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Հզորացիր, հզորացրու» նախագծի իրականացման համար տրամադրվել է 6 մլն դրամ: Նախագծում առկա բովանդակային փոփոխումյունների կարգավորման արդյունքում ներկայումս 16-30 տարեկան 27 երիտասարդ մասնակցում է մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռներեցության, հայ մշակույթի դասընթացներին, բացվել են առցանց հարթակներ, որտեղ ներգրավել են ծրագրի շահառուները: Նշված նախագիծը, նախարարության փոխանցմամբ, դեռեւս իրականացման փուլում է: Հինգերորդ ծրագրով «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետք է իրականացներ «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար պետք է կազմակերպվեին դասընթացներ: «Ստեղծարար համայնք» նախագծի իրականացման համար «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական ՀԿ-ին տրամադրվել է 4 մլն 400.3 հազար դրամ: Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ Թալինի եւ հարակից համայնքներից հավաքագրվել է 36 երիտասարդ, իրականացվել են Երիտասարդական ակումբի մասնակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքների քարտեզագրման, նյութական բազայի ստեղծման եւ վերամշակման, պատմամշակութային կոթողների մաքրման եւ պահպանման աշխատանքներ՝ համայնքային եւ մարզային ոչ ֆորմալ կամավոր խմբերի ներգրավմամբ կատարելով ինֆորմացիոն տեսահոլովակների նկարահանում, երկու պատմամշակութային կոթողների թվայնացում եւ 3 В մոդելավորում: Վեցերորդ ծրագրով նախատեսվում էր Մասիսի Երիտասարդական կենտրոնում իրականացնել «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է:  Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ այս նախագծի իրականացման համար Մասիսի զարգացման հիմնադրամին տրամադրվել է 6 մլն 408 հազար դրամ: Մասիսի հիմնական եւ ավագ դպրոցներից ծրագրին մասնակցել է 42 դիմորդ: «Ծրագրավորման հիմունքներ» կուրսի ընթացքում նրանք սովորել են ընդհանուր համակարգչային գիտելիքներ, ուսումնասիրել HTML, CSS եւ JavaScript ծրագրավորման լեզուներ, որոնք հնարավորություն են տալու նրանց պատրաստել վեբ կայքեր: Այսպիսով, այս տարվա ապրիլին հայտարարվել էր, որ ՀՀ մարզերում երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված վեց ծրագրեր կիրականացվեն։ Ծրագրերի մեծ մասն, ըստ էության, իրականացվել են, միայն մեկը՝ Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն-նախագիծը, չեղարկվել է՝ նախագծում առկա բովանդակային փոփոխությունների կարգավորման ընթացքում տարածքով պայմանավորված խնդիրներ առաջանալու պատճառով։ Իսկ ահա Վանաձորում եկող տարվա գարնանը, նախարարության վստահեցմամբ, կավարտվեն «ԼՈՖԹ» կենտրոնի հիմնանորոգման եւ կահավորման աշխատանքները։ Հինգ ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 107 մլն 21 հազ․ դրամ։ Լուսանկարը՝ pexels.com հարթակից Հայարփի Բաղդասարյան
14:38 - 24 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:   «Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։ Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։   Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։   Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը»,- նշված է գրառման մեջ։  
18:24 - 22 դեկտեմբերի, 2021
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհները» ծրագիր իրականացնելու համար ավելի քան 1 միլիարդ դրամի համաֆինանսավորում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ներդնում: «Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 միլիոն եվրո է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ 15.4 միլիոն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, իսկ 6.5 միլիոն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: 2019-20 թվականներին բավականին աշխատանքներ արվել են, հիմա շարունակվում են: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի»,-ասաց Սանոսյանը: Ըստ նախարարի` նախատեսված է 26 կմ ճանապարհի ասֆալտապատում, որը ներառում է Գյումրու 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով: Ծրագիրը կավարտվի 2022 թվականին:
12:55 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Գյումրի են այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՌԴ պատվիրակության անդամները մասնակցել են Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցած հոգեհանգստի կարգին, ծաղկեպսակ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Իսկ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում արհավիրքի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետի ժ/պ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Ծաղկեդրման արարողությունը կայացել 2011 թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: «Ինչպես Հայաստանն, այնպես էլ Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են և մեզ համար կենսական խնդիր է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման ուղղությամբ ջանքերի գործադրումը, և մենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք հղում Ճապոնիայի կառավարությանը»,- ասել է Արմեն Գասպարյանը: Ֆուկուշիմա Մասանորին էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների նմանությունն ու կառուցողական գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Դեսպանի խոսքով՝ թե´ Հայաստանը և թե՛ Ճապոնիան բազում արհավիրքներ են տեսել, սակայն շարունակում են ապրել՝ պայքարելով և ոտքի կանգնելով: «Երկրաշարժից տուժած քաղաքներում Հիշատակի արարողությունների մասնակիցներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:33 - 07 դեկտեմբերի, 2021
Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձով է հանդես եկել: Ինչպես  տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի: Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի:
10:49 - 07 դեկտեմբերի, 2021
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02 - 30 նոյեմբերի, 2021