ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ

Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։  Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։ Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։11-ին, մարվել՝ ժամը 10։23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։ Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
11:38 - 17 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան |aysor.am|

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան |aysor.am|

aysor.am: ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։ «Աշխատողներից են, նկուղային հարկում իրենց տեղն ունեին»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ պայթյունը տեղի չի ունեցել բուհի լաբորատորիայում։ ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը, ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։ Նա նշեց, որ սխալ է շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը։ «Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-տեղեկացրեց խոսնակը։ Նա նշեց, որ ուսանողներն ու աշխատակիցները շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։ Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։
11:27 - 17 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է․ ԱՆ

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է․ ԱՆ

Ինչպես արդեն հայտնել էինք,  հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: «Նախնական տվյալներով երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։ ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանն էլ հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Խոսնակը նշել է, որ ավելի ուշ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։
10:44 - 17 նոյեմբերի, 2023
Ձերբակալվել են Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ

Ձերբակալվել են Դավիթ Սարգսյանն ու Ցոլակ Ակոպյանը ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը: «Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն(Դավիթ Սարգսյանը-խմբ.) և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:58 - 25 սեպտեմբերի, 2023
Հստակեցվել են Արցախից բռնի տեղահանվածներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները․ ԵՊՀ

Հստակեցվել են Արցախից բռնի տեղահանվածներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները․ ԵՊՀ

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները։ Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։  «Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։ Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։ Տեղեկացնում ենք նաև, որ ԵՊՀ-ն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ակտիվորեն հաղորդակցվում է պետական մի շարք գերատեսչությունների հետ։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող մեր տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար»։
14:26 - 25 սեպտեմբերի, 2023
Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց. Խաչիկ Աբաջյան

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը: «Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին»,- նշել է նա: Ավելի վաղ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի օրակարգում եղել է նաեւ ԵՊՀ-ի կողմից հայտարարության տեքստ, որը կոնսենսուսի դեռ չի հասել. «Մեկը ես եւ էլի մարդիկ, դեմ են քվեարկել այդ տեքստին: Քանի որ կոնսենսուս չի եղել, որոշել ենք քննարկում անել, գալ համապատասխան լուծման, նաեւ որոշել այս բարդ իրավիճակում ԵՊՀ-ի անելիքները որպես մայր բուհ եւ որպես մի տեղ, որտեղ մտավորականներ են աշխատում»,- նշել էր նա:
12:29 - 25 սեպտեմբերի, 2023
ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Ցոլակ Ակոպյանը

ԵՊՀ-ից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Ցոլակ Ակոպյանը

ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմացից բերման են ենթարկվել լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահներ Ցոլակ Ակոպյանը և Արմեն Խաչիկյանը։ Ըստ Ազգային կոմիտեի տարածած տեսանյութի՝ վերջիններս ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիր բերետավորները մտան միջանք և բերման ենթարկեցին։ Նշենք, որ բերման էր ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, ձերբակալվել է։ Ըստ ՀՀ ոստիկանության՝ ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 142 է։  Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Ազգային կոմիտեն» սկսել է անհնազանդության ակցիաները՝ փակելով տարբեր փողոցներ։  Ընդդիմության երեկվա հանրահավաքին Սաղաթելյանը  ասել էր, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա․ կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։   «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,- նշել էր Սաղաթելյանը։  Լրացում Արմեն Խաչիկյանը ավելի ուշ հայտնել է, որ իրեն բերման չեն ենթարկել։ 
11:00 - 25 սեպտեմբերի, 2023
Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Կախված առաջարկվող կրթական ծրագրերից և գիտական աստիճաններից՝ համալսարանները լինում են տարբեր։ Բուհերը սովորաբար իրենց դիրքավորում են կա՛մ որպես հետազոտական համալսարաններ (research universities), կա՛մ որպես կրթական համալսարաններ (teaching universities)։ Լինում են նաև հիբրիդային՝ այսինքն՝ համալսարաններ, որոնք ներառում են երկու ուղղություններն էլ։  Գիտահետազոտական բաղադրիչը չափազանց կարևոր է բուհերի համար։ Այն նպաստում է գիտելիքների ընդլայնմանը, խթանում նորարարությունը և բարձրացնում կրթության որակը: Դասախոսների՝ դասավանդմանը զուգահեռ հետազոտություններում ներգրավվելը հնարավորություն է տալիս առաջատար լինել իրենց ոլորտներում և հարստացնել ուսումնական գործընթացը ժամանակակից գիտելիքներով:  Հայաստանյան բուհերը, սակայն, իրենց հստակ չեն դիրքավորում որպես հետազոտական կամ ոչ հետազոտական համալսարաններ. այդ տեղեկությունը բուհերի կայքերում չգտանք։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական կարողությունների գնահատումը հատկապես կարևոր է գիտահետազոտական կազմակերպությունները ՀՀ պետական բուհերին միացնելու մասին խոսակցությունների ու քայլերի համատեքստում։ Տրամաբանությունը հուշում է, որ վարվող այս քաղաքականության և իրականացվող փոփոխությունների հիմքում պետք է լինեն նաև այս պահին բուհերի ունեցած հետազոտական ներուժն ու կարիքները արտահայտող ցուցանիշներ։ Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ցուցանիշներ առկա չեն, իսկ գոյություն ունեցող որոշակի տվյալներն էլ ոչ ամբողջական են։ Այս հոդվածում փորձել ենք ցույց տալ բուհերի գիտահետազոտական արդունքները վերջին երկու տարիների ընթացքում՝ հենվելով բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակված հոդվածների քանակական տվյալների վրա։ Մինչ դրան անցնելը, սակայն, պիտի փորձենք հասկանալ՝ ինչ է գիտությունը համալսարանների համար։ Դա հասկանալու համար զրուցել ենք Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ներկայացուցիչների հետ։   Հայաստանյան բուհերը կարևորո՞ւմ են, որ դասախոսները զբաղվեն գիտությամբ Հարցազրույցների ընթացքում առաջին հարցը, որին անդրադառնում էինք, գիտության դերն է համալսարանների համար․ փորձում էինք հասկանալ, թե որքանով են բուհերը կարևորում դասախոսների՝ գիտությամբ, հետազոտական աշխատանքով զբաղվելը։ Նկարներում ամփոփել ենք բուհերի ներկայացուցիչների պատասխանները վերոնշյալ հարցին։ Բուհերի ներկայացուցիչների հետ զրուցելով՝ արձանագրեցինք, որ դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը և հետազոտական աշխատանքներում ներգրավվելը կարևորում են բոլորը։    Խոսենք թվերով Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ապրիլին ներբեռնեցինք տվյալներ այն մասին, թե այնտեղ ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու ինչ ցուցանիշներ ունեն հայաստանյան բուհերը։ Web of Science-ը մեկն է ամենահայտնի ու կիրառելի շտեմարաններից, որտեղ ինդեքսավորված ամսագրերը համապատասխանում են գիտաչափության ստանդարտներին, իսկ տպագրված հոդվածներն ու հետազոտությունները վերաբերում են գիտության գրեթե բոլոր ոլորտներին։ Դիտարկել ենք Web of Science շտեմարանում 2021-2022 թվականներին հրապարակված գիտական հոդվածները։  Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից, բայց նախորդ տարիների փորձը դիտարկելով՝ նշենք, որ տվյալների տատանումը սովորաբար շատ մեծ չի լինում և ընդհանուր պատկերի օբյեկտիվ ըմբռնման վրա գրեթե ազդեցություն չի ունենա։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ԵՊՀ-ն տարեկան մոտ 300 հոդված է տպագրում Web of Science կամ Scopus միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Web of Science շտեմարանից վերցված տվյալները հուշում են, որ ԵՊՀ-ն 2021-22 թվականներին հրապարակել է շուրջ 500 հոդված. հրապարակումների ամենամեծ կտորը՝ շուրջ 52%-ը, բաժին է ընկնում ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի ոլորտներում հետազոտություններին։ Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հոդվածները միջազգային ինդեքսավորված շտեմարաններում շատ քիչ են։ Մյուս բուհերի հետ համեմատած՝ ԵՊՀ-ն այս ցուցանիշով առաջատարն է, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ԵՊՀ-ն նաև ամենամեծ բուհն է թե՛ ենթակառուցվածքների և թե՛ անձնակազմի հաշվարկով։ Մոտավոր տվյալներով Երևանի պետական համալսարանում աշխատում է 1350 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 233 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 17 հոդված։ Հրապարակումների թվով երկրորդը Երևանի պետական բժշկական համալսարանն է՝ շուրջ 300 հոդվածով։ ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշում է, որ բուհում փորձում են մեծացնել սեփական հոդվածների թիվը։ Այսինքն՝ այն հետազոտությունների, որոնք կատարվել են բուհում՝ դասախոսների կամ գիտաշխատողների կողմից․ «Եթե 2015-2016 թվականներին մենք խոսում էինք Web of Science-ի 16 հոդվածի մասին, 2022 թվականը փակել ենք Web of Science-ի 101 հոդվածով։ Այո՛, մենք հիմա երկրորդն ենք համալսարանների շարքում՝ տպագրություններով զիջելով ԵՊՀ-ին, որը մուլտիդիսցիպլինար է։ Մենք պրոֆիլային ենք»։  Պարոն Ենկոյանը նշում է, որ բուհի ցուցանիշները բարելավելու համար ընտրել են գերակա ուղղություններ։ Կարևորում են սեփական հոդվածները և կարծում, որ ավելի լավ է ունենալ քիչ հոդվածներ, որոնք տպագրված կլինեն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում և հասանելի կլինեն միջազգային գիտական հանրությանը․ «Դու կարող է քանակը քիչ էլ տաս, կարող ես տպագրել, օրինակ, տասը հոդված, մեկ ուրիշ հաստատություն ունենա երկու հարյուր, բայց քո էդ 10-15-ով քեզ ավելի շատ ճանաչեն։ Որովհետև դրանք կլինեն այստեղի կատարած արդյունքը, իրենք շատ հղումներ կունենան, դաշտում ճանաչելի կդարձնեն քեզ։ Մենք ընտրեցինք գերակա ուղղություններ և  սկսեցինք զարգացնել դրանք»։ ԵՊԲՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ բուհում աշխատում է 1100 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 150 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 14 հոդված։ Տպագրությունների թվով երրորդ բուհը Հայ-ռուսական համալսարանն է` շուրջ 160 հոդվածով։ Հոդվածների շուրջ 82%-ը տպագրվել է բնագիտության ոլորտում։ Բուհի ներկայացուցչից մեկնաբանություն չունենք, քանի որ բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և մեկնաբանել ինչպես տվյալները, այնպես էլ իրենց ռազմավարությունը։ Չորրոդ տեղում Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ շուրջ 50 հոդվածով։ Հոդվածների 39%-ը տպագրվել է բժշկագիտության ոլորտում։ «Այժմ մենք անգամ մոտ չենք այն արդյունքին, որին ձգտում ենք հասնել։ Դասախոսներին աշխատանքի ընդունելիս մենք շեշտը դնում ենք հետազոտական կարողությունների վրա։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այն մարդիկ, որոնց աշխատանքի ենք ընդունում կարող են հետազոտական աշխատանքներ կատարել, ունեն տպագրվելու կարողություն և հետաքրքրություն։ Այսպիսով, մենք գոհ չենք ներկայիս արդյունքից, բայց դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան. առաջինը՝ մենք չունենք ասպիրանտական ծրագրեր, երկրորդը՝ մեզ մոտ մեծ է դասավանդման ծանրաբեռնվածությունը։ Բայց այս ամենի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը (հարցազրույցի պահին նա դեռ պաշտոնավարում էր)։ Հինգերորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում շուրջ 45 հոդվածով։  «Մենք տարվա կտրվածքով ունեցել ենք հոդվածի տեսքով 450 հրապարակում, ևս 22-ը՝ պատենտի տեսքով։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղական ամսագրերում, այսինքն՝ Պոլիտեխնիկի գիտական ամսագրերում, շատ անգամ ավելի ակտիվ է, և հրապարակումները շատ են»,- նշում է բուհի ռեկտորը։ Նշելով, որ տեղական ամսագրերում տպագրվելը շատ լավ է, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասում է, որ պետք է գնալ ոչ միայն միջազգային գիտական ամսագրերում հրապարակվելու ճանապարհով, այլ մեր գիտական ամսագրերը պետք է միջազգային վարկանիշավորում անցնեն, որպեսզի տեղական ամսագրերում հրապարակումը արդեն իսկ համարվի ազդեցության գործոն ունեցող միջազգային գիտական ամսագրում հրապարակված աշխատանք․ «Հակառակ դեպքում, եթե մենք միայն բռնենք ճանապարհը և խրախուսենք, որ ազդեցություն ունեցող գիտական ամսագրերում հրապարակումներ լինեն, ապա կգա մի պահ, որ տեղական գիտական ամսագրերում ուղղակի հրապարակումներ չեն լինի»։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում հարյուրից ավելի գիտական ամսագրեր կան, բայց դրանցից մոտ վեցն են ինդեքսավորված համապատասխան միջազգային շտեմարաններում․ «Ինչի՞ համար է դա պետք։ Երբ գիտնականը նոր իդեա է գեներացնում, դա չի արվում իր սեփական լաբորատորիայի ներսում մնալու համար, պետք է տեսանելիությունը մեծացնել։ Եթե լավ գաղափար է, ինչո՞ւ չտարածել միջազգային շուկայում։ Այս շտեմարաններն այն միջավայրն են, որտեղ կարող ես ներկայացնել քո աշխատանքը»։ Որպեսզի ամսագիրը կարողանա ինդեքսավորվել միջազգային շտեմարաններում, պետք է համապատասխանի միջազգային ստանդարտների՝ տեխնիկական (օրինակ՝ կայքի համապատասխանություն),  էթիկական (այսինքն՝ խմբագրության կողմից էթիկական նորմերը պահելը, որակական բովանդակություն ապահովելը)։ Այս երկուսի համապատասխանության դեպքում խմբագրությունը կարող է հայտ ուղարկել միջազգային շտեմարաններ, որտեղից միջինում վեց ամսվա ընթացքում կստանա պատասխան։ Շուշանիկ Սարգսյանը նշում է նաև, որ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար ներդրումներ են պետք ու ռեսուրսներ՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային։  Պոլիտեխնիկական համալսարանում դասավանդում է շուրջ 700 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 24 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 3 հոդված։ Web of Science շտեմարանից վերցված տվյալների համաձայն՝ վեցերորդ տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է՝ շուրջ 30  հոդվածով։ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ասում է, որ տարեկան հրապարակումների ընդհանուր թվի տեղաշարժ կա, աճի տենդենց կա, որը անդրադառնում է նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների վրա․ «Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվել է 281 գիտական աշխատանք, որից 118-ը՝ արտերկրի տարբեր պարբերականներում և գիտաժողովների նյութերում։ Նախորդ տարի եղել է 181։ Ընդհանուր թվի էական տեղաշարժ կա։ Բացի դրանից՝ էական տեղաշարժ կա նաև բարձր ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակման գործընթացում։ Եթե 2021 թվականին հրապարակվել է 25 հոդված, ապա 2022-ին այդ թիվը դարձել է 39»: Ագրարային համալսարանում դասավանդում է շուրջ 250 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 19 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 8 հոդված։ Հաջորդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ շուրջ 20 հոդվածով։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը կարծում է, որ 20 հոդվածը, իհարկե, փոքր ցուցանիշ է, սակայն հաշվի առնելով, որ Տնտեսագիտական համալսարանը պրոֆիլային բուհ է հասարակագիտական գիտությունների ուղղությամբ՝ պատկերն այդքան էլ վատ չէ․ «Հասարակագիտական գիտությունների պարագայում բարդ է, որովհետև բնական գիտությունների պարագայում եթե արեցին փորձ, այն հաջողվեց, ապա ենթակա է հրապարակման․ հասարակագիտության մեջ այդպիսի ընթացակարգով հրապարակումը բարդ է»։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հրապարակումների փոքր թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դասախոսների որոշ տոկոս համատեղությամբ է աշխատում բուհում, դասավանդելը նրանց հիմնական աշխատանքը չէ, ուստի հոդվածներում որպես պատկանելություն (affiliation) Տնտեսագիտական համալսարանը չեն նշում։ Նշենք, սակայն, որ հոդվածներում պատկանելությունը ցույց է տալիս այն տեղը, որտեղ հետազոտությունը կատարվել է։ Հեղինակներն իրենք են որոշում՝ որ հաստատությունը նշել որպես աֆիլյացիա։ Ընդ որում՝ որոշում են ոչ միայն հաստատության անվանումը, այլև քանակը։ Եթե հեղինակը հոդվածի վրա աշխատանք կատարել է մի քանի հաստատություններում, օրինակ՝ մի տեղ կատարել է գիտափորձեր, մեկ այլ տեղում կատարել է տվյալների հետ աշխատանք ու մի երրորդ հաստատությունում կատարել է տեսական ուսուսմնասիրություններ, ապա կարող է երեք հաստատություններն էլ նշել որպես աֆիլյացիա։  Պարոն Մկրտչյանը հետազոտական ցածր արդյունավետությունը մեկնաբանելիս նշեց նաև, որ երկար ժամանակ ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում տպագրության որևէ պահանջ չի եղել․ «Երկար ժամանակ պահանջի բացակայությունը բերել է ոլորտային «ռազբռոսի»։ Անցյալ տարի մենք փորձեցինք ուսումնասիրել, թե մեզ հետ աֆիլացվող դասախոսները որքան հոդվածներ ունեն Scopus-ում կամ Web of Science-ում, պարզվեց, որ մարդիկ հրապարակվել են՝ առանց իմանալու, որ դա Scopus-ում կամ Web of Science-ում հրապարակում է։ Չի եղել պահանջ, իրենք պարզապես հրապարակվել են իքս ժուռնալում, հետո այդ ամսագիրը, պարզվել է, որ ինդեքսավորվել է Scopus-ում կամ Web of Science-ում, ու մարդիկ չգիտեն դրա մասին, ու դա նորմալ է»։ Բուհերի ցանկում նախավերջինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է՝ 11 հոդվածով։ Բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և տվյալները մեկնաբանել։ Մեր ցանկի վերջին տեղում Հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 10 հոդվածով։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին հարցրինք՝ ինչպես կգնահատի բուհի արդյունքը՝ 11 հոդված։ Նշեցինք նաև, որ մեր վերցրած տվյալները դեռ վերջնական չեն, ու հնարավոր է փոքր տատանում։  «Երևի հենց աֆիլյացիան հաշվի առնելով՝ իրական պատկերն այդ պահին ամփոփված չի եղել, ամփոփելով տվյալները՝ բավակին բարձր են և շատ գոհացնող են, նվազում չունենք, ակնկալում ենք, որ ավելի բարձր ցուցիչներ կունենանք ապագայում»,- պատասխանեց տիկին Իսպիրյանը։ Մանկավարժական համալսարանում դասավանդում է շուրջ 600 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 5 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 1 հոդված։ * Այս ինֆոգրաֆիկայի ցուցանիշները հաշվարկել ենք 2021-ին յուրաքանչուր համալսարանի WOS-ում հրապարակած ընդհանուր հոդվածների քանակը բաժանելով դասախոսների թվին և բազմապատկելով 100-ի։   Իսկ ինչպե՞ս են բուհերը խրախուսում դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը Գրեթե բոլոր բուհերի դեպքում մեխանիզմը նույնն է՝ խրախուսման մեխանիզմներ՝ լրավճարների ու հավելավճարների տեսքով։ Տարբեր են միայն լրավճարների ու հավելավճարների չափերը։ Գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական ամսագրերը սովորաբար բաժանվում են չորս քառորդի՝ Q1, Q2, Q3, Q4: Այս բաժանումն իրականացվում է՝ ըստ ամսագրերի ազդեցության գործոնի՝ «գիտական վարկանիշի»։ Եթե բոլոր գիտական ամսագրերը դասավորենք՝ ըստ ազդեցության գործոնի նվազման, ցուցակի առաջին 25%-ը՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցողները, կհայտնվեն Q1 քառորդում։ Q2-ում կլինեն 26-50%-ի խմբում հայտնված ամսագրերը, Q3-ում՝ 51-75%, իսկ Q4-ում՝ մնացածը։ Համալսարանները լրավճարներ սահմանելիս առաջնորդվում են հենց այս բաժանմամբ։ ԵՊՀ-ն Q1 քառորդում տպագրված հոդվածի համար, եթե այն ունի մեկ հեղինակ ու մեկ աֆիլյացիա՝ ԵՊՀ, տրամադրում է 440 000 դրամ, Q2 քառորդի համար՝ 330 000 դրամ, Q3-ի համար՝ 220 000 դրամ, իսկ Q4-ի համար՝ 110 000 դրամ։ ԵՊՀ-ն լրավճարներ է սահմանել նաև տեղական ամսագրերում տպագրությունների, արտերկրում տպագրված գրքերի, մենագրությունների համար։ Իհարկե, այս լրավճարները զգալիորեն ավելի փոքր են։ Այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը փոխհատուցում է Web of Science և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում տպագրական ծախսերը, սակայն, պրոռեկտորի խոսքով փոխհատուցումից բացի նախատեսում են ներդնել նաև լրավճարների տրամադրման կարգ, որը կկապվի ազդեցության գործոնի հետ։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հնարավոր է նաև խրախուսման մեկ այլ տարբերակ, որ Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրվելու համար չվճարեն, սակայն Q1-ում վճարեն ավելի շատ։ Նրա խոսքով այս դեպքում մոտիվացիան ոչ միայն հրապարակվելը կլինի, այլ նաև հրապարակվելը ավելի բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրում, որը նաև հետազոտական գործունեության խրախուսում է։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Q1 քառորդում ընդգրկված ամսագրերում հրապարակումների համար նախատեսում է  200 000 դրամ լրավճար, մյուս քառորդների դեպքում արդեն որոշակի նվազում կա։ Սահմանված են նաև լրավճարներ Բարձրագույն որակավորման կոմիտեում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունների համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ասիստենտից դոցենտ և դոցենտից պրոֆեսոր առաջխաղացումը պահանջում է հետազոտական արդյունավետություն: Իսկ առաջխաղացումը նաև ենթադրում է աշխատավարձի բարձրացում, նոր, ավելի բարձր կարգավիճակ։ Սրանից բացի դասախոսների խրախուսման համար կան ներդրված այլ մեխանիզմներ․ դրանցից է, օրինակ, այն, որ դասախոսները կարող են դիմել դասավանդման ժամերի կրճատման համար։ Նրանք առաջարկ են ուղարկում իրենց հետազոտական գաղափարով, որի վրա ուզում են աշխատել, իսկ համալսարանն ամեն տարի մրցութային հիմունքներով մի շարք դասախոսների տալիս է այդ հնարավորությունը։ Այդպիսով նրանք մեկ դասընթաց պակաս են դասավանդում, փոխարենը ավելի շատ ժամանակ են հատկացնում հետազոտական աշխատանքին։ Համալսարանը նաև տրամադրում է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դրամաշնորհներ. այն է՝ որոշակի գումար գիտաժողովների, աշխատարանների մասնակցելու, հոդվածների հրատարակչական ծախսերը վճարելու կամ հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեկ այլ հնարավորություն, որը բուհը տրամադրում է, այն է, որ եթե դասախոսները կարողանում են ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համար, նրանք կարող են «գնել» դասավանդման գործընթացը։ Սա նշանակում է, որ դրամաշնորհից որոշ հատված ծածկում է նրանց աշխատավարձի մի մասը, և նրանք ավելի քիչ են դասավանդում, ուստի ավելի շատ ժամանակ են ծախսում հետազոտության վրա։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, անդրադառնալով դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը խրախուսելուն, նշեց. «Համալսարանը, խրախուսելով իր դասախոսների և ասպիրանտների՝ գիտությամբ զբաղվելու հանգամանքը, նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ֆինանսավորում է նրանց վճարովի տպագրությունը այդ հեղինակավոր ամսագրերում, որպեսզի վճարման բեռը նրանց ուսերին չմնա»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Q1, Q2, Q3, Q4 քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրությունների համար տրամադրում է լրավճարներ 150 000 - 350 000 դրամի սահմաններում։ Ռեկտորի խոսքով նպատակ ունեն լրավճարների չափը բարձրացնել։  «Դրա շնորհիվ այսօր պրոֆեսորները, 720 - 1 080 ժամ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, ստանում են 540 000 - 810 000 հազար դրամ աշխատավարձ», - նշեց Գոռ Վարդանյանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը պատմեց, որ խրախուսման մեխանիզմներ ներդնելը բուհում սկսել են՝ պահանջ դնելով, որ բոլոր նախապաշտպանությունների ժամանակ մարդիկ ներկայացնեն աշխատություններ, որոնք ունեն տպագրություններ Web of Science-ում․  «Բերեցինք նրան, որ հիմա դոկտորական դիսերտացիայի մակարդակով թեմա չեն էլ կարող հաստատել, եթե առաջին կամ վերջին հեղինակ չեն։ Թեկնածուականները հիմա մեզ մոտ դուրս են գալիս նախապաշտպանության միայն այն դեպքում, երբ ատենախոսությունը պաշտպանող և ներկայացնող անհատը ունի տպագրություն Q1-Q4 քառորդում՝ առաջին հեղինակությամբ»։ Եթե ամսագրի ազդեցության գործոնը մեկ է, հեղինակը ստանում է 100 000 դրամ։ Եթե հետազոտությունն ամբողջությամբ արված է ԵՊԲՀ-ում, 100 000-ը բազմապատկվում է 1,5-ով (150 000 դրամ), այլ տոկոսադրույք է սահմանված, եթե հետազոտությունն արվել է արտասահմանցի համահեղինակների հետ, բայց պատասխանատու՝ առաջին կամ վերջին հեղինակը, բուհի դասախոսներն են։  Շատ բուհերի ներկայացուցիչներ նշեցին, որ փոխհատուցում են տպագրության ծախսերը, ու նաև ասացին, որ եղել են դեպքեր, որ դասախոսներն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրում չեն տպագրվել ոչ թե այն պատճառով, որ հոդված չեն ունեցել, այլ այն պատճառով, որ տպագրվելը բավականին թանկ է, և համապատասխան միջոցներ չեն ունեցել։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը բացատրեց, որ կան միջազգային ամսագրեր, որտեղ տպագրվելու համար պետք է վճարել․ դա փոքր գումար չէ՝ 1000 և ավելի դոլար կամ եվրո։ Հիմնականում վճարովի են այն ամսագրերը, որոնք բաց հասանելիությամբ են տպագրվում․ այդ տարբերակը կոչվում է open access․ «Եթե ուզում ես քո հոդվածը բաց, հասանելի լինի միջազգային հանրությանը, դրա համար պետք է վճարես։ Կան մի շարք այլ ամսագրեր, որտեղ դու ոչինչ չես վճարում, ուղղակի այդ հարթակներում քո հոդվածի միայն մետատվյալներն են երևում, հոդվածի համար փոքրիկ գումար է՝ մոտավորապես 30 եվրո, որ պետք է վճարես հրատարակչությանը և էլ փոստին ստանաս տվյալ հոդվածը»։   Դասախոսների ո՞ր տոկոսն է միայն դասավանդում Բուհերի ներկայացուցիչներին հարցրինք՝ արդյո՞ք կա վիճակագրություն՝ դասախոսների որ տոկոսն է միայն դասավանդում, և որ տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում նաև հետազոտական աշխատանքով։  Մեր հնչեցրած հարցին բուհերի ներկայացուցիչների ամբողջական պատասխաններերը կարող եք տեսնել տեսանյութում։   Գիտությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտները Մեր ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ մեծ թվով դասախոսներ, այնուամենայնիվ, չեն զբաղվում հետազոտական աշխատանքով կամ հետազոտություններ անում են հազվադեպ։ Ուստի փորձեցինք պարզել նաև, թե ինչ խոչընդոտներ են հետ պահում դասախոսներին հետազոտական աշխատանքից։ Բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաև դասախոսների հետ զրույցներից առանձնացրինք երկու հիմնական խոչընդոտ՝ դասավանդման ժամերի ծանրաբեռնվածությունը և լեզվական խոչընդոտները։ Մեկ ուսումնական տարում դասախոսների լրիվ դրույքաչափով ծանրաբեռնվածությունը կազմում է 700-1080 ժամ, որը ներառում է ոչ միայն բուն դասավանդման գործընթացը, այլև դասին պատրաստվելու, հանձնարարություններ պատրաստելու-ստուգելու և դասընթացի հետ կապված այլ աշխատանքների կատարումը։ Չկա որևէ հստակ սահմանում՝ արդյո՞ք այս 700-1080 ժամը ներառում է կամ կարո՞ղ է ներառել հետազոտական աշխատանքով զբաղվելը, թե՞ ոչ։ Դասախոսները նշում են, որ այսպիսի գրաֆիկով դասավանդելու պարագայում հետազոտական աշխատանքին շատ քիչ ժամանակ է հնարավոր հատկացնել։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով ԵՊՀ-ում դասախոսի մեկ դրույքաչափ ծանրաբեռնվածությունը կազմում է 700 ժամ․ «Մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ դասախոսները զգալի էներգիա են ծախսում, զգալի ժամանակ են ծախսում դասավանդման համար, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ դա այդքան մեծ խնդիր է։ Կիսելով այդ խնդիրը, փորձելով դա նվազեցնել՝ չեմ կարծում, որ գլխավոր ազդող կետը հենց դա է»։  Պարոն Բարխուդարյանը նշում է, որ կան օրինակներ, երբ դասախոսները 1,5 դրույքաչափ են աշխատում, նույնիսկ երկու համալսարաններում՝ մեկական դրույքաչափ։ Ուստի նա ամբողջությամբ չի կիսում այն կարծիքը, որ ծանրաբեռնվածությունը մեծ խոչընդոտ է հետազոտական աշխատանքով զբաղվելու համար։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ փորձում են մշակել մի նոր հնարավորություն, որի դեպքում հետազոտական աշխատանքով զբաղվելը կներառվի դասախոսների անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Դասախոսները կկարողանան մեկ կիսամյակի ընթացքում մեկ դասընթաց պակաս դասավանդել, փոխարենը կատարել որևէ հետազոտական աշխատանք։ ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի խոսքով դասախոսները շաբաթվա ոչ բոլոր օրերին են դասավանդում։ Համալսարանում այդ ծանրաբեռնվածությունը հաշվի առնված է, լրացուցիչ դրույք չեն տրամադրում, և եղած պայմանները լրիվ հարմար են գիտական աշխատանքով զբաղվելու համար։  ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ դասախոսների դասավանդման ժամերը հաշվարկելիս հաշվի են առնվում գիտահետազոտական այնպիսի աշխատանքներ, ինչպիսին է, օրինակ, ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարումը։ ՀԱՀ-ում ամբողջ դրույքաչափով աշխատող դասախոսներից ակնկալում են երեք գործողություն՝  դասավանդում, հետազոտական աշխատանք և ծառայություններ։ Դասախոսները յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդում են երեքական առարկա։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի խոսքով ծանրաբեռնվածության մեջ ներառված են գիտահետազոտական աշխատանքները, թեզերի ղեկավարումը, ավարտական աշխատանքների, մագիստրոսական, ասպիրանտական, դոկտորական խորհրդատվությունները։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ավելի քան վստահ է, որ պոլիտեխնիկական համալսարանում դասաժամերի ծանրաբեռնվածությունը խոչընդոտ չէ։ «Եթե այդ ժամաքանակը դասական տարբերակով վերցնենք՝ մեկ դրույքը՝ 720  ժամ, այս դեպքում շատ մեծ քանակությամբ ժամանակ է մնում գիտությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելու համար։ Գիտությամբ զբաղվող մարդու համար ժամանակի խնդիրը մի քիչ չափազանցված է, որովհետև գիտությամբ զբաղվող մարդկանց համար ցանկացած րոպեն կարելի է օգտագործել»։  Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը, որ նաև դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, նշեց՝ իդեալական տարբերակն է, որ դասախոսը դասավանդմանը զուգահեռ նաև գիտության մեջ ներգրավված լինի, բայց դա կախված է նրանից, թե նա դասախոսական ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի․ «Եթե դասախոսը առավոտյան 9:30-ից մինչև 4-5-ը դասավանդում է, չեմ կարծում, որ հինգից հետո կարող է նոր իդեա գեներացնել, հոդվածի վրա աշխատել, նորարարական միտք զարգացնել և այլն։ Իմ փորձից կարող եմ ասել, որ դասախոսություններից, դասերից հետո ես սպառվում եմ։ Դրանից հետո ի վիճակի չեմ նորարարական ինչ-որ բանով զբաղվել, դրանից հետո ես անում եմ իմ հետազոտության տեխնիկական կտորը»։ Գիտական հոդվածները միջազգային ամսագրերում տպագրելու համար դրանք պետք է գրված լինեն մեծամասամբ անգլերենով։ Որոշ ամսագրերի դեպքում հոդվածի անգլերեն լինելը պահանջ է։ Իսկ մյուս կողմից էլ անգլերենը կարելի է համարել գիտության միջազգային լեզու, քանի որ հետազոտողների մեծ մասը հենց այդ լեզվով է հաղորդակցվում։ Ու եթե անգամ անգլերենով տպագրվելը պարտադիր չէ, խիստ ցանկալի է, քանի որ այդ կերպ հնարավոր է գիտական արդյունքը ներկայացնել հնարավորինս լայն լսարանի։ Հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալը՝ դասախոսների որոշ մասը անգլերենին չի տիրապետում ընդհանրապես, մի մասն էլ չի տիրապետում հետազոտական աշխատանքները միջազգային ամսագրերում տպագրելու մակարդակի։ Բուհերի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Ամերկյան համալսարանի, քանի որ այնտեղ ուսուցումը մեծամասամբ անգլերեն է) համաձայն են, որ օտար լեզվին չտիրապետելը ինչ-որ չափով խոչընդոտում է հետազոտական արդյունավետությանը, սակայն նշում են նաև, որ շատ բան հենց դասախոսներից է կախված։ Բուհերի մեծ մասում կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, ներկայացուցիչների մի մասն էլ նշեց, որ պատրաստ են նմանատիպ դասընթացներ կազմակերպել, եթե դասախոսները ցանկություն հայտնեն բարելավելու իրենց՝ օտար լեզուների իմացությունը։   Ի՞նչ է ասում Գիտության կոմիտեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործում է Գիտության կոմիտեն, որի միջոցով է ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում գիտությունը պետական և ոչ պետական տարբեր հաստատություններում։  Գիտկոմի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի խոսքով 2021 թվականին Կառավարության որոշմամբ դադարեցվել են որոշ բուհերում բազային ֆինանսավորումները, քանի որ այդ բուհերը վերջին հինգ տարիներին Scopus-ում առնվազն մեկ հոդված չունեին, կամ արդյունավետությունը շատ ցածր էր։ Գործող բազային ֆինանսավորում ստացող բուհերից են ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՃՇՀԱՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն։  Պարոն Մովսիսյանը նշում է, բուհի աշխատողների մեծ մասը դասախոսներ են, բայց նույնիսկ հիմա կան բազային ֆինանսավորման մեջ ներգրավված մասնագետներ, որոնք ուսումնական պրոցեսին մասնակից չեն։ Կան նաև դասախոսներ, որ ներգրավված չեն բազային ֆինանսավորման մեջ, բայց ակտիվ զբաղվում են գիտությամբ։  «Հեծանիվ հորինել պետք չի, պետք է նայել՝ մյուս տեղերում, աշխարհում ոնց է կառուցված համակարգը։ Կան դասախոսներ՝ այսպես ասած teaching professor-ներ, որոնց գործը միայն ուսումնական պրոցեսի մեջ ներգրավվելն է։ Կան դասախոսներ, որոնք և՛ գիտությամբ են զբաղվում, և՛ ներգրավված են ուսումնական պրոցեսում։ Բակալավրում սովորական գիտելիքներ տալիս շատ պարտադիր չէ, որ դասախոսը լինի նաև հետազոտող։ Ավելի բարձր կուրսերում, օրինակ՝ մագիստրատուրայում, երբ արդեն իսկ մագիստրատուրայի թեզը հետազոտական աշխատանք է, խիստ ցանկալի է, որ լսարան մտնեն հետազոտող դասախոսներ»,- ասաց Արթուր Մովսիսյանը։   Նա նաև նշեց, որ բուհերում կան հետազոտողներ, որոնք ներառված չեն ուսումնական գործընթացում, և դա, ըստ նրա, պետք է փոխել։ Այն հետազոտողները, որոնք զբաղվում են մրցունակ գիտությամբ և պատրաստ են մասնակցել նաև ուսումնական գործընթացին, պետք է հնարավորություն ունենան։ Խոսքը վերաբերում է նաև գիտական կազմակերպությունների այն հետազոտողներին, որոնք ցանկանում են ժամանակ տրամադրել, շփվել ուսանողների հետ, որոշակի կուրսեր կարդալ։ Պետք է նրանց հնարավորություն տալ՝ ներգրավվելու ուսումնական գործընթացում։  «Պետք է ցավով նշեմ, որ տարիներ շարունակ մեր տպագրված հոդվածների քանակը Web of Science, Scopus համակարգերում նվազում է։ Հուրախություն մեզ՝ 2022 թվականին նվազումը կարծես դադարել է, նույնիսկ աճ ունենք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Որպեսզի մենք խրախուսենք, որ, օրինակ, դասախոսներն ավելի շատ տպագրվեն, մենք մրցույթով տրվող դրամաշնորհների քանակն ենք շատացրել, որը կախված չէ բազային ֆինանսավորումից։ Այն դասախոսների առջև, որոնք ունեն գիտությամբ զբաղվելու հակում, ունակություն, ձգտում, բացվել է առնվազն 5-6 անգամ ավելի շատ հնարավորություն, որպեսզի գիտությամբ զբաղվելուց բացի նաև գիտությունից մրցունակ գումար ստանան»,- նշեց պարոն Մովսիսյանը։   Ամփոփում Մեր հավաքած տվյալներն ամփոփելով՝ 2021-2022 թվականներին Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում հայաստանյան բուհերը միասին հրապարակել են մոտ 1030 հոդված։ Ինչպես նշեցին մեր զրուցակիցները, գիտության ոլորտում ֆինանսավորման բարձրացումը, ինչպես նաև բուհերում խրախուսման մեխանիզմների ներդրումը, անշուշտ, դրական է ազդել ցուցանիշների վրա։ Սակայն դրական կողմին զուգահեռ կան նաև խոչընդոտներ, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից Բուհերի ներկայացուցիչները կարևորում են գիտության դերը, փորձում են խրախուսել դասախոսներին՝ զբաղվելու հետազոտական աշխատանքով։ Բայց ավելի բարձր հետազոտական արդյունավետություն ապահովելու համար բուհերի առջև պետք է դրվեն հստակ պահանջներ, որոնք, սակայն, պետք է լինեն հիմնավորված և ոլորտի կարիքներին համապատասխան։ Ինֆոգրաֆիկան պատկերում է հայաստանյան բուհերի հրապարակումների դինամիկան վերջին տասը տարիներին։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից   Ինչ էինք ուզում ու ինչ ստացվեց Ինչպես սկզբում նշեցինք, ի սկզբանե որոշել էինք հաշվել՝ բուհերում դասախոսների քանի տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում հետազոտական աշխատանքով։ Թվում էր, թե այդ տոկոսը շատ հեշտ կլիներ հաշվել. պետք էր պարզապես մի քանի տվյալ ստանալ բուհերից։ Բուհերին հարցումներ ուղարկելու առաջին փորձից տեղափոխվեցինք իրականություն, երբ իմացանք, որ մեզ անհրաժեշտ տվյալները բուհերը կամ չունեն, կամ ունեն, բայց չեն ուզում տրամադել, կամ չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Իհարկե, մեզ այդպես չեն պատասխանել, ամեն ինչ ավելի պարզ է, մեզ կամ թերի տվյալներ են ուղարկել, կամ շատ ավելի հեշտ ճանապարհով են գնացել՝ պարզապես չեն պատասխանել։ Իսկ մենք հայցել էինք այնպիսի տվյալներ, որ առաջին հայացքից բուհերը պիտի ունենային. ֆակուլտետներն ի՞նչ գիտական հոդվածներ են հրապարակել։ Խնդրել էինք տրամադրել ցանկն ըստ ամբիոնների՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, հոդվածի ամբողջական վերնագիրը, հոդվածի հղումը, ամսագրի անվանումը, հրապարակման ամսաթիվը։  Որոշեցինք այլ տարբերակով հասնել մեր նպատակին. ինչպես նշել ենք՝ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ներբեռնեցինք այդ շտեմարանում ինդեքսավորված ամսագրերի բոլոր այն հրապարակումները, որոնք արվել են հայաստանյան բուհերի կողմից։ Շտեմարանից ստացած տվյալները հայաստանյան՝ վերը հիշատակված 9 բուհերի մասին էին՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայ-ռուսական համալսարան։ Web of Science-ից վերցված տվյալները վերլուծելուց հետո փորձեցինք կապ հաստատել բուհերի հետ՝ զրուցելու ռեկտորների կամ գիտության գծով պրոռեկտորների հետ։ Զրուցեցինք 9 համալսարաններից 7-ի ներկայացուցիչների հետ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները հրաժարվեցին հարցազրույցից։ Լյուսի ՄանվելյանԿատյա Մամյան
16:04 - 23 օգոստոսի, 2023
ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է

 |factor.am|

ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է |factor.am|

factor.am: Դատարանի կողմից բավարարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել հայտնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ: Մասնավորապես՝ Գ. Տ.-ն, ֆակուլտետի ուսանողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ առանց նրա գիտելիքները փաստացի ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու գործընթացը կազմակերպելու համար, ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 ՀՀ դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ին: Ստանալով դեկանի համաձայնությունը՝ Գ. Տ.-ն վերջինիս հետ՝ նշված ուսանողին դրական գնահատական նշանակելու խնդրանքով դիմել են քննություններն ընդունող դասախոսներին: Արդյունքում ուսանողն առանց անհրաժեշտ գիտելիքների ստուգման ստացել է դրական գնահատականներ: Բացի այդ, դեկան Հ. Ս.-ն իր տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Ա. Ն.-ի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց Պ. Հ.-ից ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն ժամանակահատվածում ֆակուլտետի երկու այլ ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու՝ քննական գործընթացում առանց վերջիններիս գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց, դեկան Հ. Ս.-ն ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում՝ դոցենտ Գ. Տ.-ի հետ, կաշառք են ստացել նրանցից: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Տ.-ն ֆակուլտետի մեկ այլ դասախոս Ա. Մ.-ի հետ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Ա. Մ.-ի մատնանշած ուսանողների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 2023 թվականի մարտին նշանակված քննությունն առանց գիտելիքների իրական ստուգման դրական գնահատելու գործընթացը կազմակերպելու և իրականացնելու դիմաց ստացել են կաշառք: 24.05.2023 թվականին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են: Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
14:21 - 25 մայիսի, 2023
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ: Այս մասն հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես՝ Գ. Տ.-ն, ֆակուլտետի ուսանողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ առանց նրա գիտելիքները փաստացի ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու գործընթացը կազմակերպելու համար, ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 ՀՀ դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ին: Ստանալով դեկանի համաձայնությունը՝ Գ. Տ.-ն վերջինիս հետ՝ նշված ուսանողին դրական գնահատական նշանակելու խնդրանքով դիմել են քննություններն ընդունող դասախոսներին: Արդյունքում ուսանողն առանց անհրաժեշտ գիտելիքների ստուգման ստացել է դրական գնահատականներ: Բացի այդ, դեկան Հ. Ս.-ն իր տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Ա. Ն.-ի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց Պ. Հ.-ից ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն ժամանակահատվածում ֆակուլտետի երկու այլ ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու՝ քննական գործընթացում առանց վերջիններիս գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց, դեկան Հ. Ս.-ն ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում՝ դոցենտ Գ. Տ.-ի հետ, կաշառք են ստացել նրանցից:   Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Տ.-ն ֆակուլտետի մեկ այլ դասախոս Ա. Մ.-ի հետ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Ա. Մ.-ի մատնանշած ուսանողների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 2023 թվականի մարտին նշանակված քննությունն առանց գիտելիքների իրական ստուգման դրական գնահատելու գործընթացը կազմակերպելու և իրականացնելու դիմաց ստացել են կաշառք: 24.05.2023 թվականին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են: Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 24 մայիսի, 2023
Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանում 2019 թվականին  առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի) շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել համալսարանի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, համալսարանի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն և քարտուղար Ե.Ս.-ն: Բաց ընթացակարգով էլեկտրական սարքավորումների ձեռքբերման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերն ուղարկվել են շրջանակային համաձայնագիր կնքած անձանց էլեկտրոնային հասցեներին և սահմանվել հայտերի ընդունման վերջնաժամկետ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն Երևանի պետական համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, և «Մարինե-90» ՍՊ ընկերությունը։ 2016 թվականի մայիսի 31-ին հանձնաժողովի անդամները նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Է.Մ.-ից պահանջել են ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսին Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու և համալսարանի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին: Հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, հօգուտ Է.Մ.-ի, որոշել են չմերժել Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը, որից հետո Է.Մ.-ն 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ), որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ: Հրավերի տեխնիկական բնութագրից տարբերվող նշված ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ Է.Մ.-ի Ա/Ձ-ի և ԵՊՀ-ի հիմնադրամի միջև՝ ի դեմս ռեկտորի, կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որից հետո Է.Մ.-ի կողմից ՀՀ-ում գործող այլ մատակարարից ձեռք բերված և հենց նրա կողմից անմիջապես Հիմնադրամին մատակարարված 7 մլն 155 հազար 967 դրամի ապրանքների դիմաց ԵՊՀ-ն բանկային փոխանցմամբ Է.Մ.-ի Ա/Ձ-ին վճարել է 12 մլն 830 հազար դրամ. արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար: 2023 թվականի ապրիլի 28-ին նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի դրույթների կիրառմամբ: 2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի և Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում: Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:45 - 11 մայիսի, 2023
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա: Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը 67 տարեկան հասակում մահացել է 2022թ. հունիսի 8-ին: Առայժմ հայտնի չէ, թե նախկին ռեկտորին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել և իրականացվել ուսումնասիրություն: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը կամ բգնագանձման ենթակա գումարի չափը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացատրությունների կամ ապացույցների արդյունքում դրանք կարող են փոխվել:
20:16 - 03 փետրվարի, 2023
ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը

ԵՊՀ ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, կարևորելով որակյալ կրթության ապահովումը, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին և գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին: Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին, այդ թվում՝ ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանը, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին:
15:03 - 31 հունվարի, 2023