Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Ա․ Գուտերեշը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Մնացականյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները: Նախարար Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը: Այս առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զոհրաբ Մնացականյանը համապարփակ ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ Արցախի և Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:  ԱԳ նախարարը շեշտել է նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում: Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
09:40 - 14 նոյեմբերի, 2020
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:  Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:  Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:  Արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի: 
20:32 - 13 նոյեմբերի, 2020
Եվրամիության բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՄԽ համանախագահության ձևաչափին

Եվրամիության բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՄԽ համանախագահության ձևաչափին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ԱԳՆ-ն: Նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված արցախահայության շահերի լիարժեք հասցեագրմանը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովման հրամայականը: ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձրացրել է Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագիրը։ Նա, ըստ ԱԳՆ հաղորդագրության, որպես առաջնահերթություն ընդգծել է դրանց պահպանության առնչությամբ անհապաղ քայլերի ձեռնարկումը՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի են արժանացել մինչ այժմ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմամշակութային կոթողները: Այս առնչությամբ ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների պահպանման կարևորությունը: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և տեղում դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի, քննարկել այդ ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը։
20:18 - 13 նոյեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:  Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:  ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչներն անդրադարձան նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերին, որն արտահայտվեց ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ՝ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով: Նա հստակ ընդգծեց Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանը կարևորեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում շուտափույթ քայլերի ձեռնարկումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորը մտահոգություն հայտնեց Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում Նախիջևանում, բուն Ադրբեջանի տարածքում և Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները:  Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:
20:53 - 12 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց կրակի դադարեցման իր հանձնառությանը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, քանի որ երեք անգամ Ադրբեջանը ուղղորդվել է Թուրքիայի կողմից: Այսպիսով, երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր ստանձնած հանձնառությունն իրականացնելու հարցում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադարի հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ հանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը»,- հստակեցրեց նախարարը:  Մնացականյանը նշեց, որ գերակա հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կրակի դադարեցման համաձայնությունը։ Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, և համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը ևս մնում են շատ կարևոր։ Պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այսօր ՀՀ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել:  
12:34 - 05 նոյեմբերի, 2020
Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար

 |armenpress.am|

Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշանակում է Արցախն առանց հայերի. Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այսօրվա իրողությունները, այսօրվա իրավիճակն ավելի ընդգծում է մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի: Դա չի լինելու, դա առավել ընդգծված նպատակ է»,-ասաց նախարարը:   Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ համազգային ռեսուրսն ուղղված է դրան՝ բոլոր առումներով: «Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որ երկրում էլ գտնվի, կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր մեր ինքնության ամրության պահապանն են, կարող են ենթարկվել վտանգի»,-ասաց նա ու շեշտեց, որ չափազանց էական է աշխատել միասին:
12:20 - 05 նոյեմբերի, 2020
Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»: ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը:
12:08 - 05 նոյեմբերի, 2020
Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր: Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը: Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:
11:30 - 05 նոյեմբերի, 2020
Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը:  Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:  Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: 
11:08 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակեց «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը: Նախարարական հանդիպման շրջանակներում նշվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով: Նախարար Մնացականյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին․ «Պարոն նախագահող, Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է: Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված: Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։ Մենք կիսում ենք նրա գնահատականները: Կիսում ենք նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները: Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։   Իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի։ Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը: Շնորհակալություն:» 
18:43 - 04 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:  Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:   ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:  Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:  Նախարար Մնացականյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»: 
01:05 - 04 նոյեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կատարված ահաբեկչության առնչությամբ: «Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է Մնացականյանը:
19:04 - 03 նոյեմբերի, 2020
Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Զոհրաբ Մնացականյան. Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել: Հարց. Արդյո՞ք Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում եք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը: Հարց. Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:   Զոհրաբ Մնացականյան. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։  Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։   Հարց. Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյան. Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ: Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:  Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:
12:41 - 01 նոյեմբերի, 2020