Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են»
 |azatutyun.am|

Բլինքեն․ «ԱՄՆ-ն և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են» |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։ Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։ «Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
14:50 - 09 մարտի, 2024
Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մտադրության մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հարցազրույցը՝ ստորեւ։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, որ տարածաշրջանն անցնում է փոխակերպումների շրջան, հետխորհրդային տարածքի երկրներն անցնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով։ Նայելով Հայաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում՝ տեսնում ենք, որ այն ընդլայնել է դաշնակիցների իր ցանցը՝ ավանդական դաշնակիցներից անցում նոր դաշնակիցների։ Որպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, ի՞նչ հետագծով եք ցանկանում տանել ձեր երկիրը։ Պատասխան. Հիրավի, տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։ Հարց. Խոսեցիք ԵՄ մասին. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։ Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։ Հարց. Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։ Պատասխան. Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում, և նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, տեսնում ենք Հայաստանի աջակցությունը Թուրքիային, սահմանին կամուրջի բացումը, որը փակ էր շատ երկար ժամանակ։ ՀՀ վարչապետը ժամանեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Թվում է, թե դա նոր խթան է հանդիսացել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում կարգավորման գործընթացն այս պահին, ի՞նչ է պակասում հաջորդ քայլն անելու համար։ Պատասխան. Խոսելով երկրաշարժի և Հայաստանի արձագանքի, ցուցաբերած աջակցության մասին՝ կցանկանայի սա առանձնացնել կարգավորման գործընթացի համատեքստից. կարգավորումը քաղաքական գործընթաց է, իսկ երբ խոսում ենք երկրաշարժի մասին, մարդկային կյանքի կորստի, ողբերգության, զոհվածների ընտանիքների անդամների մասին, դրանք այլ արժեքներ են, մի իրավիճակ, որում մեզ առաջնորդում են լիովին այլ զգացողություններ։ Մենք աջակցություն տրամադրեցինք ի սրտե, քանզի գիտեք՝ մենք ինքներս տեսել ենք ավերիչ երկրաշարժի արհավիրքը Հայաստանի հյուսիսում, և այն ժամանակ աջակցության մի մասը Հայաստան հասավ Թուրքիայի հետ սահմանով, ուստի այս անգամ էլ սահմանը բացվեց մեր ուղարկած փրկարարների, մարդասիրական աջակցության համար։ Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա գիտեք, որ մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, ովքեր ունեցել են ակտիվ քննարկումներ, եղել են հանդիպումներ նախարարարկան մակարդակում, զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի միջև։ Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի  քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ։ Հարց. Ընդհանուր առմամբ, երբ առնչվում ենք կարգավորման գործընթացի և, ինչպես Դուք նշեցիք, վստահության ձևավորման միջոցների մասին, տնտեսությունը սովորաբար շատ կարևոր դեր է կատարում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը։ Պատասխան. Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն, կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին։ Հարց. Խոսենք նաև Ադրբեջանի մասին։ Դուք հանդիպումներ եք ունեցել վերջին մի քանի ամիսներին, կարող ենք ասել տարիներին։ Ինչպե՞ս եք գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի։ Հասկանալիորեն դա դեռ ենթադրում է երկար ճանապարհ, բայց դիվանագիտական ճակատում ի՞նչ փուլի եք հասել։   Պատասխան. Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։  Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։ Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։ Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։ Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն։  Հարց. Եղել են շատ հարթակներ, որոնք փորձել են Հայաստանին ու Ադրբեջանին բերել մի սեղանի շուրջ. Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան փորձել են դա անել։ Հասկանում եմ, որ երկար ժամանակ թշնամանք է եղել երկու երկրների միջև, ուստի պարզամիտ կամ շատ լավատեսական կլինի մտածել, որ դիվանագիտությունը կարող է միանգամից նպաստել թշնամանքի վերացմանն ու կառուցողական քննարկումներին։ Այդուհանդերձ, ո՞ր հարթակներն եք Դուք համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար։   Պատասխան. Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը։  Հարց. Թուրքիայի հետ քննարկե՞լ եք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն կողմերին միավորել որոշ հարցերի շուրջ։ Պատասխան. Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում։  Հարց. Մի հարց էլ առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝   «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։   Պատասխան. Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։  Հարց. Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։ Պատասխանել. Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։  Հարց. Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։ Պատասխան. Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։
10:41 - 09 մարտի, 2024
Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|

Reuters. ԱՄՆ-ը և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափում։ Դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ վաղը նախատեսված բանակցությունները։ «Թուրք-ամերիկյան շփումների գլխավոր օրակարգային թեմաներն են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը և Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս» խմբավորման միջև ծավալված պատերազմը», - նշում է Reuters-ը՝ հավելելով, որ այս «համապարփակ բանակցությունների» միջոցով Վաշինգտոնը և Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։
18:18 - 07 մարտի, 2024
2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան
 |tert.am|

2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան |tert.am|

tert.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում: Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Միրզոյանի խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։ Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ  սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։ Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել: «Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,- նշել է ԱԳ նախարարը։ Ըստ Միրզոյանի՝  Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Նա հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։ «Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա», - ասել է նա:
17:42 - 07 մարտի, 2024
Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
 |armeniasputnik.am|

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։ Նախարարները հանդիպել են մարտի 1-ին` Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի ժամանակ։   «Օրակարգում շատ հարցեր կային և բացի երկկողմ համագործակցությունից, մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,– ասել է Ֆիդանը։
15:08 - 03 մարտի, 2024
Մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ․ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը

Մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ․ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․ «Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք ավելի լավ ենք հասկանում միջազգային առևտրի և կապերի կարևորությունը։ Մենք ոչ միայն դեպի ծով ելք չունենք, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմա է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բավական կլինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ։ Ինչպես նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Մենք հավատում ենք, որ աճող փոխկախվածությունը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլև, ինչպես արդեն նշեցի, հանգեցնում է փոխկախվածության, որն իր հերթին մեծ գործոն է դառնում խաղաղության հասնելու ճանապարհին։ Զարգացնելով տարածաշրջանային կապվածության թեման՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ և ցանկանում ենք ներգրավված լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առևտրում և այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը , որի վերնագրից արդեն դուք կարող եք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնույթի է կրում, այլ, ինչպես նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղության հաստատման գրավական հանդիսանալ։ Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցվածքների բացման համար, և ես հիմա կներկայացնեմ դրանք. հիմնված լինելով արդարացի դնդումների վրա, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։ Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում։ Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են։ Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։ Կցանկանայի նշել նաև այդ գործընթացների հնարավոր դյուրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է դյուրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթե կա քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրեց․ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով, կան մարնամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի, քան պատրաստ ենք։» 
21:04 - 02 մարտի, 2024
Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի սկզբունքների հարգման կարևորությանը

Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի սկզբունքների հարգման կարևորությանը

Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարների հանդիպումը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում: Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։
15:50 - 02 մարտի, 2024
Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
 |1lurer.am|

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Լավ է հնչում, երբ խոսում ենք փոխկապակցվածություն, միջազգային առևտրի և տարանցման, մշակութային և մարդկանց միջև հաղորդակցության խորացման մասին. տնտեսության տեսանկյունից փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության մեծացումը շահավետ կլինի: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Իմ երկիրը՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք շատ լավ ենք հասկանում վերոնշյալի կարևորությունը եթե ոչ ավելի, առնվազն ոչ պակաս, քան այս սենյակում հավաքված մարդիկ: Բացի դրանից՝ մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը: Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին: «Ուստի Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները դրանք արդար կհամարեն: Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:
13:00 - 02 մարտի, 2024