Ինֆոքոմ

ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ  2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղելիս ասաց, որ Միրզոյանն արձագանքի Ալիևի այս հայտարարությանը։ Արարա Միրզոյանը նշեց, որ բանակացությունները եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։  «Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- եզրափակեց Միրզոյանը։
14:51 - 15 մարտի, 2024
Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու զեկույցում անդրադարձ չկար 2023թ․ տեղի ունեցած կարևոր իրադարձությանը՝ ԼՂ հայաթափմանը․ «Դուք հայաթափման հետ կապ չունե՞ք»։ «Դուք, որ ասում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունեք, իհարկե, կապ չունենք։ Մենք ուզում էինք, որ ԼՂ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում՝ իր պատմական բնօրրանում, և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Մենք բոլորս կհիշենք, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը և նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, և ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Էն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ինչ եղավ»,- արձագանքեց Միրզոյանը։ Գրիգորյանը տեղից հարցրեց, թե դա՞ էր հայաթափման պատճառը, ինչին ԱԳ նախարարը պատասխանեց, որ պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց։  «ԼՂ քաղաքական էլիտան, որ զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով ընդդիմությանը իրենց փնտրած պրոցեսների մեղավորությունը իրենց՝ իշխանության ուղղությամբ չփնտրել։ Արձագանքելով Աննա Գրիգորյանն ասաց, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է․ «Դուք չեք կարող չունենալ ձեր պատասխանատվությունը։ Դուք եք բանակցել, պրահյան գործընթացը Ձեր բանակցածն է, որտեղ քննարկվում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, հիմա դրա տերը ո՞վ է լինելու։ Հիմա Դուք ամբողջությամբ ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր։ Դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Էն ժամանակ էլ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել»։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու, այլընտանքային ճանապարհը բացելու․ «Ստեփանակերտը, այո, իր դիրքորոշումներն ուներ, բայց հեռու մի երկիր է՞ր, բա գործընկերային հարաբերություններ չունեի՞ք, քննարկեի՞ք։ Աննա Գրիգորյանը նաև հարց էր ուղղել Սահմանադրության փոփոխության գործընթացների վերաբերյալ և այդ համատեքստում նշել, որ իշխանությունը Ադրբեջանի պատվերն է կատարում։ ԱԳ նախարարը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց․ «Ուրեմն՝ ուշադիր լսեք․ Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ և Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր [եք կատարում]»։ Ապա Միրզոյանը ասաց, որ մի դրվագ կպատմի, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ այդ գիծը տանողը կատարում է այդ պատվերը։ «Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց իմ կողմից գնահատական ավելացնելու։ Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին։ Հայկական կողմը համաձայնություն է հայտնում ամբողջ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը և հարձակվում է ՀՀ-ի վրա։ ՀՀ-ն փորձում է գործի դնել անվտանգային մեխանիզմները և, այսպես ասած, զանգում է այն ինստացիաներ, որտեղ էդ հարցը պետք է հասցեագրվի։ Էդ հարցը ոչ միայն չի հասցեագրվում, այլև պատասխանը լինում է այն, որ «մենք չենք կարող ասել՝ դա հարձակում է ՀՀ-ի վրա, թե չէ, որովհետև մենք չգիտենք ՀՀ սահմանները որտեղ են, որովհետև ըստ էության ՀՀ-ն ոնց որ թե սահմաններ չունի առնվազն այդ երկրի հետ»։ Որից հետո ՀՀ-ն դա ընդունում է որպես ի գիտություն և փորձում է իրավիճակը կառավարելու և իր գոյությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել, ինչպես ցանկացած ադեկվատ մարդ կամ կառավարություն կաներ։ Եվ մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը, Հայաստանը և 2 այլ մասնակիցները՝ Ֆրանսիայի նախագահը և ԵՄ խորհրդի նախագահը,  ասում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և իրականացնեն սահմանազատման գործընթաց մի փաստաթղթի հիման վրա, որը 1991թ․ ասել է, որ էս են սահմանները»,- ավարտեց Միրզոյանը Նա հավելեց, որ եթե կապը տեսնում են, լավ, եթե չեն տեսնում, ապա պետք է կրկնի այն, ինչ ասել է սկզբում․ «Դուք կատարում եք պատվեր»։ Ի պատասխան Աննա Գրիգորյանը կոռեկտության կոչ արեց, Միրզոյանն էլ ասաց, որ երբ Գրիգորյանն էր ելույթ ունենում, ինքը չէր արձագանքում։ «Դուք կատարում եք պատվեր Ձեզ համար լավագույն դեպքում չգիտակցված, որովհետև վատագույն մեկնաբանությունը էդ իրավիճակի Ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,- նշեց Միրզոյանը։
14:47 - 15 մարտի, 2024
Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը, որ բանակցային փաստաթղթերին՝ մասնավորապես Խաղաղության պայմանագրի տեսքստին ծանոթանալուց հետո ոչ ճիշտ տեղեկություն են հանրայնացնում։ Նշենք, որ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ «Ակնկալիքն այն չէ, որ ծանոթացողները գնան, ասեն՝ ամեն ինչ պայծառ է։ Սկի մենք չենք մտածում, որ ամեն ինչ պայծառ է։ Բայց ակնկալիքն այն է, որ գոնե դադարեցվի հանրային մակարդակում մատուցումը բաների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։ Միրզոյանը նշեց՝ որևէ կերպ ըմբռնելի չէ, գործընկերային չէ, ազնիվ էլ չէ գալ, տեսնել, որ նման բան գրված չկա, գնալ ու շարունակել նույն նարատիվը․ «Ընդ որում, քավ լիցի, քաղաքական ուժեր ունենք, դուք ձեր  շահն ունեք, ձեր ձևով եք ասում, կարող եք նենց բաներ ասել, որոնք գոյություն չունեն։ Լավ, դա էլ քաղաքական վարքագծի կամ գործելաոճի ձև կարող է լինել (իմ համար ոչ ընդունելի, բայց կարող է լինել)։ Բայց հաշվի առնելով մեծ հոգեբանական սթրեսը, որում մեր հասարակությունը գտնվում է, հաշվի առնելով այս հարցերի զգայունությունը, տեսնել, որ տենց բան չկա, հետո վեր կենալ նորից ասել ինչ-որ X բան, որ գիտեք՝ նորից սթրեսի է ենթարկելու մեր հասարակությանը»,- նշեց նա։ ԱԳ նախարարը հայտնեց, որ կարելի է անհամաձայնություն հայտնել այն հարցերին, որոնք փաստաթղթում կան գրված․ «Հողմաղացների դեմ պայքարել պետք չէ, առավել ևս մեր հանրությանը համոզել, որ էդ թղթում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված, ընդհանրապես պետք չէ»։ Միրզոյանը հավելեց, որ ի վերջո, այդ թուղթը հանրային է դառնալու, և բոլորը տեսնելու են, թե ինչ է գրված։ Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը հայտնել էր՝ ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ «‎Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»»։
12:58 - 15 մարտի, 2024
Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին։ Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ; Այսինքն՝ եթե որևէ մեկը վերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ։ Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։ Քրիստիա Վարդանյանը արձագանքեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ բառախաղ են անում հայկական և ոչ հայկական գյուղերի մասով։ Միրզոյանն էլ պատասխանեց․ «Ես առաջնորդվում եմ, համենայն դեպս էս հարցում, էս համատեքստում, ոչ թե հայկական գյուղ կամ չգիտեմ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա, այսպես ասած։ Ինչ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին։ Էստեղ որևէ գաղտնիք չկա»։ Տեղից հարց հնչեց, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է դրան, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշեց, որ սա հայկական կողմի համոզմունքն է, որին աջակցում են մի շարք այլ գործընկերներ․ «Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»։ Ի հավելումն վերոնշյալին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը, և նշեց, որ ադրբեջանցի գործընկերներին էլ են հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, ընդունել է Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։ «Ուզում եմ ասել, որ փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ, այս հարցով ավելին է, քան օրինակ չգիտեմ մի ամիս առաջ։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության ճանաչման հիմք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմանագիծը ընդունելու մասին հարցի վերաբերյալ է։ Հարցին, թե որտեղ է այդ գիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ գիծը կարելի է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կազմած, իրավական անհրաժեշտ գործընթացները կազմված և դրանք անցած իրավական ակտերում և դրանցից բխող քարտեզներում․ «Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնության այս պահին չկա»։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է 1974-78թթ․ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները դեռևս շարունակվում են։
12:53 - 15 մարտի, 2024
Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին

Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության պայմանագիրը, և դա շրջադարձային կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչաշվիլին Բաքվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 9-րդ հանդիպումը։ «Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում հանգիստ և խաղաղ գոյակցությանը ու պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին»,- ասել է Դարչիաշվիլին։ Խոսելով եռակողմ հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն են։  Նրա խոսքով քննարկվել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրի, պաշտպանության, մշակույթի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում․ «Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մեր համատեղ ջանքերին՝ այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»։
12:15 - 15 մարտի, 2024
Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ

Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով «Տավուշից գյուղեր հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։  Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում էդպիսի ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ։  Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականը արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։ Փաշինյանը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա Ոսկեպար գյուղի հատվածում, որ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։
16:38 - 12 մարտի, 2024
Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու է, առնվազն մինչեւ տարվա վերջ կերկարացնենք: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նրա խոսքով՝ տարվա վերջում հետագայի մասին կմտածեն։ Անդրադառնալով բնակարանային ծրագրին, նա նշեց՝ հարցը հանրային քննարկման փուլում է․ «Մենք ինչ-որ նախնական դիզայն արել ենք, բայց վերջնական որոշումները կկայացնենք՝ լսելով տարբեր կարծիքներ եւ վերլուծելով, բայց մեր տրամաբանությունն այն է, որ եթե մենք  բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետեւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն՝ ՀՀ քաղաքացի լինելով, եւ մենք ուզում ենք մի ծրագիր ձեւավորել, որը հասանելի կլինի նաեւ ՀՀ քաղաքացիներին»։  Փաշինյանը բացատրեց նաև, թե իրենց կարծիքով ինչու ԼՂ-ից տեղահանվածները բնակարանային ձեռքբերման ծրագրից օգտվելու համար պետք է քաղաքացիություն ստանան․  «Կարծում ենք, որ առանց դրա էլի կարող է լարում ստեղծվել, որովհետեւ մարդիկ կարող են ասել՝ մեզ բնակարան, օրինակ, չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպիտի ծառայեն բանակում, մենք ուզում ենք սա չլինի»։ Վարչապետը անդրադարձավ նաև բնակարանների համար տրամադրվող գումարի չափին՝ նշելով, որ երեք մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են լինել եւ ըստ ամենայնի կլինեն գործակիցներ․ «Ըդն որում դրանք կարող են տարբեր լինել՝ այդ թվում ընտանիքի բազմազավակության հետ կապված, զոհվածի ընտանիք լինելու հետ կապված, բայց կարող են կապվել նաեւ կոնկրետ բնակավայրերի հետ»։
14:41 - 12 մարտի, 2024
Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան

Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված էն ինչ կասեմ, նորություն չի լինի, որովհետեւ ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը, եւ մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ լարված։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իչպես է վարչապետը գնահատում Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը և ի՞նչ ռիսկեր է տեսնում։  «Բայց ես էլի ասում եմ հետեւյալը, որ շատ կարեւոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին եւ ինչպես պետք է վերաբերվենք։ Կարծում եմ՝ պետք է վերաբերվենք որպես մի հարց, որի կառավարման պատասխանատվությունը մերն է՝ առաջին հերթին ՀՀ կառավարությանը։ Երբ ասում ենք՝ ՀՀ անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա, ինչ նկատի ունենք, նկատի ունենք սա [ցույց է տալիս ասուլիսի սկզբում ցույց տված քարտեզը]․ նկատի ունենք սա, որ սա ՀՀ տարածքն է, եւ էս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք, որովհետեւ էս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ, եւ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ էս գծից էն կողմ ինչ կա՝ մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է, եւ մեր անվտանգությունը մենք պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ, եւ, իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք ա լինի, որովհետեւ սրան պետք ա գումարենք երեք կոմպոնենտ․ առաջինը՝ դե յուրե կոմպոնենտը։ Խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված եւ 2022-ի հոկտենբերի 6-ով եւ 31-ով վերահաստատված դե յուրե գծի մասին։ Պետք ա գնալ, հողի վրա տեսնել՝ էդ դե յուրե գիծը որտեղով է անցնում, էդ գծից էն կողմ ինչ-որ կա մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց՝ շատ կարեւոր է, որ մենք գնանք, տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք, կարողանանք եւ առաջինը դրա դե յուրե հիմնավորումը պետք ա լինի, որը կա, ընդ որում։ «Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը, հիմա պետք ա գնալ տեղում էդ սահմանը նայել։ Մենք պետք ա էդ հարցում մեր վերաբերմունքը պետք ա լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ։ Մենք հարցերին պետք ա պատասխանենք, ընդ որում՝ մենք խնդիր չունենք․ գնա՞նք Տավուշի մարզում նայենք, գնանք, գնա՞նք Վայոց Ձորի մարզում նայենք, գնանք․․․։ Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, ինչո՞ւ, էն պատճառով, որ չե՞նք սիրում  ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, եւ չենք ուզում նոր տառապանքներ բերել էդ ժողովրդին»,- նշեց Փաշինյանը։ Պատասխանելով Բաքվում ԼՂ ղեկավարների գերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ես ձեռնպահ կմնամ ՌԴ նախագահին վերագրվող արտահայտությունը մեկնաբանելուց, ես նման բան չեմ լսել, չեմ բացառում, որ եղել է (որ ՌԴ նախագահն ասել է, թե ԼՂ-ի՝ Բաքվում բանտարկված նախկին ղեկավարներին ՀՀ-ում չեն սպասում)։ Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերաբերող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանց ծանոթանալուց հետո։ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդաների, պահվող այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում։ Ես հասկանում եմ, որ էդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը։
14:01 - 12 մարտի, 2024
Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում

Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրե՞լ է հարց, թե ինչու Ադրբեջանը չի ասում, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 քառ․ կմ տարածքով։ Փաշինյանը առաջարկեց բանակցությունների ներքին քննարկումներից բացահայտումներ չանել, քանի որ այնտեղ էլ մթնոլորտը շատ պոզիտիվ չէ, և պետք չէ ինչ-որ հայտարարությունով եղած հնարավոր պոզիտիվի հնարավորությունն էլ նվազեցնել։ Այս համատեքստում նա հիշեցրեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2023թ․ մայիսին տեղի ունեցած բրյուսելյան բանակցությունները, որտեղ առաջին անգամ քննարկվել է այս հարցը։  Փաշինյանի խոսքով որոշում է կայացվել բանակցություններից հետո դուրս գալ, հայտարարել այն թիվը, որ ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ։ «Ես առաջին գործողությունը, որ արեցի, կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք և ուղարկեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները, տիտղոսաթերթ կա, չէ՞։ Չնայած ես այդ թիվը հիշում էի 29 800 քառ․ կմ։ ԵՄ խորհրդի նախագահը հրապարակեց այդ փոխանցված տվյալները, հետո ես վերադարձա և հրապարակեցի այդ թիվը։ Հետո մենք ավելի մանրամասն դիտարկեցինք և տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան։ Տիտղոսին գրված է 29 800, պարզվեց՝ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա ուրիշ թիվ 29 743 քառ․ կմ։ Հետո այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալը այնտեղ եղել է տասնյակ տարիներ), որտեղ ՀՀ տարածք նշված է 29 743 քառ․ կմ (Փաշինյանը հստակ չէր հիշում թիվը, դրա համար նշեց, որ 29 800 քառ․ կմ-ից պակաս թիվ էր նշված՝ խմբ․)»,- ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ հետո պարզվել է, որ երբ ՀՀ կառավարությունը իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ գրված է մյուս թիվը, որի նկատմամբ 29 800 քառ․ կմ-ը կլորացրած թիվ է․ «Եվ նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետև կա տիտղոսային թիվ, և կա ավելի պարզաբանված թիվ»։ Նա նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ նաև որոշակի լարումներ առաջացան, կամ այդ լարումների շուրջ փոխադարձաբար շատ խոր կասկածներ առաջացան․ «Ես սա ասում եմ, որովհետև կան խոսակցություններ, և մեր հանրությունը չի հասկանում, թե այդ խոսակցությունների մեջ ինչը էն չի»։
13:49 - 12 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Հունվարի 19-ին հայտարարել էիք, որ մեր մայր օրենքը փոփոխության կարիք ունի, երեկ տեղեկացանք, որ Արդարադատության նախարարությունում արդեն հայեցակարգը մշակված է, խնդրում ենք բացահայտել՝ արդյոք այդ նոր սահմանադրության մեջ կա՞ Անկախության հռչակագիրը, ինչ հետաքրքիր այլ փոփոխություններ կան, որոնց մասին կարող եք բարձրաձայնել, եւ ինչ ժամկետներում եք պատրաստվում հանրաքվե անել։ Նման հարց հնչեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։  Փաշինյանը արձագանքեց՝ ինչ վերաբերում է սահմանադրության հայեցակարգին,գիտենք, որ մենք երկար ժամանակ հանձնաժողով ենք ունեցել, որն աշխատել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա։ «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ դրան, նաեւ էդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ ես հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմաանդրություն։ Չնայած էլի պետք է ասեմ, որ 2020-ի փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր նախատեսված, բայց չեղարկվեց Կովիդի պատճառով, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Եւ հիմա այդ հայեցակարգն արդեն արդի չէ, հիմա ինչ հայեցակարւգ կա․ նոր սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, նոր սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ եւ քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին՝ իր հիմանվորումներով։ Երբ կլինի հանրաքվե․ երբ ես, իմ քաղաքական թիմը եւ բոլորս զգանք, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով [ուղիղ եթերը կտրտում է]․․․։ Ամեն ինչ տեղի ա ունենում էն ժամանակ, երբ տեղի ա ունենում, էս փուլի իմ խնդիրը՝ հանրության հետ ունենալ խոսակցություն էս թեմայով»,- ասաց Փաշինյանը։ 
13:41 - 12 մարտի, 2024
Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան

Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան

Ադրբեջանը Հայաստանի առաջ ի՞նչ պայման է դրել գերիներին վերադարձնելու համար, ինչու վերջին դեպքի հետ կապված, երբ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել էր ՀՀ տարածքում, գեթ մեկ հայ ռազմագերի նրա փոխարեն չվերադարձվեց, և, առհասարակ, այս պահին գերիների վերադարձի հետ կապված քննարկումներ կա՞ն։ Այս հարցը հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։ Վերջինս փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը: Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:  «Շատ վաղուցվանից ՀՀ և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով, այսինքն՝ նպատակ չունենալով, հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։ Այս պայմանավորվածությունը մի իքս պահից՝ 2018-ից առաջ, խախտվել է, և 18-ից հետո էլ խախտվել է, ոչ թե պայմանավորվածությունը, այլ պարզվել է, որ ընկալման շուրջ կան տարբերություններ, որովհետև այն զինծառայողները կամ անձինք, ովքեր կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել են փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով է պարզվել, թե արդյոք անձն անցնել է դիտավորյալ, շփոթությամբ, և Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչ Հայաստանի տրամադրության ներքո հայտնվելը արդյոք արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով․ «Երբ որ պարզվել ա, որ ոչ [ուղիղ եթերը կտրտվում է]․․․։ Մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը որ կողմից կլինի, չգիտենք՝ հաջորդ զինվորը էլի նույն պայմաններում (կարևոր է հիշել, որ զուգահեռ այլ արարք տեղի ունեցած չլինի), և եթե նույն պայմաններում որ կողմից զինվոր շփոթվի և անցնի հակառակ կողմը, ես էլի վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ մենք էլի հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը, եթե ձեզ մոտ հարց ծագի՝ ես համոզվա՞ծ եմ արդյոք, որ մյուս կողմը նույնպես հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը (ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի), եթե այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում։ Բայց սա արվել է այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով։ Տեսեք, մարդուն կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին, անկախ որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»։ Գերիների վերադարձի թեմայով միշտ տարվում է ամենօրյա աշխատանք։ Հասկանալի է, որ մենք հասկանում ենք հարցի և բարոյական, և քաղաքական, և մարդկային կողմը։
13:20 - 12 մարտի, 2024
Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից

Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից

Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության խաղաղության պայամանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել, և դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կքնում են խաղաղության պայմանագիր [այստեղ ուղիղ եթերում դարձյալ ընդհատում կա]»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս են համաձայնության և գալիս են ստորագրման փուլին, չի բացառում, և նույնիսկ տրամաբանական կհամարի երկուստեք նաև նման լուծման գնալը։
13:03 - 12 մարտի, 2024
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ր Հայաստանն «անհապաղ պետք է վերադարձնի 4 գյուղերը»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։ Միևնույն ժամանակ պահանջում է ազատել 4 «օկուպացված» գյուղեր։ «Այս ֆոնին Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել։ Ձեր գնահատականը իրավիճակին, և այս պայմաններում ինչպես եք պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով Փաշինյանին։ «Զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում, թյուրըմբռնում։ Որովհետև եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել (ցուցադրում է Հայաստանի քարտեզ)․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։ Նա առաջարկեց մի պահ մի կողմ թողնել Ադրբեջանին, այլ Հայաստանի ելակետից հանդես գանք․ «Որն է մեր ելակետը, որովհետև ասվում ա, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, և ՀՀ տարածքում, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։ Պատկերը, որ ես ցույց տվեցի, ուղղակի պատկեր չէ, ՀՀ դե յուրե ամրագրված․․․ [այս պահին ուղիղ եթերից մի հատված կտրվում է և Փաշինյանի խոսքն ամբողջությամբ չի լսվում, բայց նա, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է։]»։ Այնուհետև Փաշինյանը շարունակեց խոսել Ալմա Աթայի հռչակագրից։ Նա նշեց, որ որ Ալմա Աթայի հռչակագիրը վերահաստատվել է և դարձել սահմանների և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք, և, հետևաբար, այդ համաձայնության բերումով ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմաններից ինչ գտնվում է պայմանական ասած «այն կողմում» Ադրբեջան է, ինչ այս կողմում՝ Հայաստան է։ «Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա էս պրոցեսում մենք պետք ա արձանագրենք, որ մենք պետք ա ելնենք դե յուրե իրողությունից․ էն, ինչ-որ Հայաստան է, Հայաստան է, էն, ինչ-որ Հայաստան չէ, Հայաստան չէ, էն, ինչ-որ Ադրբեջան է, Ադրբեջան է։ Հիմա կա ուրիշ հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը։ Ամենատարբեր տեսակետներ կան, որ դելիմիտացիան պետք է ամբողջությամբ ծայրից ծայր անել, հետո նոր անդրադառնալ կոնկրետ գործողությունների և այլն։ Էս հարցի վերաբերյալ ես չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և այս գործընթացի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վելուծությունից և Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ։ Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով սահմանի գծի վերականգնմումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել, փոխանակում էն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն էստեղ ա, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով ինչ-որ փոփոխություններ անենք, բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և,, այդ պատճառով ես կարծում եմ, առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք՝ հետևյալ տրամաբանությամբ [այստեղ դարձյալ խոսքն ընդհատվում է]»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ առաջիկայում այլեցություն կունենա Տավուշի մարզ՝ նաև տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար․ «Բայց այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, երբ ես հետևում եմ մեր փորձագետների և ոչ փորձագետների գնահատականներին, տեսնում եմ, որ, այնուամենայնից, էդտեղ ինչ-որ առումով կա շփոթ և մտածողության և դիտանկյան խնդիր, և իմ դիրքորոշումն այն է, որ, ասելով որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր [դարձյալ տեսանյութը ընդհատվում է]»։ Փաշինյանն ասաց, որ երեք կարևոր պայման պետք է ապահովվի․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ ենթակառուցվածքներ և այլն, երրորդը՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի դելիմիտացված սահմանի երկայնքով ապրող մարդկանց անվտանգությունը։ Էս առումով դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք՝ այդ հատվածի հարատև կայունության համար»։
12:46 - 12 մարտի, 2024