Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Նիկոլ Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ. Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Նիկոլ Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ. Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը,  ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն...»:Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը:Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը:Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ: Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին:Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից: Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ:Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց:Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը: Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները:Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը: Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին:1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ:
10:34 - 24 մայիսի,2021
Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում․ «Հայ Ազգային Կոնգրես»

Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում․ «Հայ Ազգային Կոնգրես»

«Հայ Ազգային Կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք. Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։   Լեւոն Տեր-Պետրոսյան Երեւան, 21 մայիսի 2021թ.»
16:10 - 21 մայիսի,2021
Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Այդ կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը ընդունել է նաև հետևյալ հայտարարությունը․ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները և տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։ Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից և չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության և ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ և անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել կարող և արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը և բռնել առաջընթացի ուղին։
18:33 - 18 մայիսի,2021
Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում

Այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․«Հարգելի, սիրելի եւ կարոտած ընկերներ,Կարճ եմ խոսելու, որովհետեւ դեռ լիովին չեմ ապաքինվել: Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը, նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերը: Հարց առաջին. Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը: Պատասխան. Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ: 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը: Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետեւ մտադիր եմ օրերս հանդես գալ այդ հարցին նվիրված ծավալուն հոդվածով: Հարց երկրորդ. Եթե այս ամենը գիտակցում էի, ապա ինչու՞ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից: Պատասխան. Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Հարց երրորդ. Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ: Պատասխան. Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է: Հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ եւ բարոյականության տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Եւ դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ նաեւ այդ հանելուկի բանալին: Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր ՀՀ երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Հարց չորրորդ. Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Պատասխան. Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձեւավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ եւ կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։ Հարց հինգերորդ. Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց իմ առաջարկը։ Պատասխան. Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ: Հարց վեցերորդ. Իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից՝ չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին եւ Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ եւ հակասություններ, այլեւ կոշտ հակամարտություն: Պատասխան. Ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձեւավորվում են հենց այն ուժերի միջեւ, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ եւ նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում: Եթե այս հանգամանքը չլիներ, Ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձեւավորման կարիք չէր լինի: Նման կարիք առաջանում է այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին եւ հանուն պետականության, նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի: Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի ու ներկայի միջեւ՝ դրանով ազդարարելով պետության կայունացման եւ զարգացման նոր հանգրվանի սկիզբը: Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ավանդույթը կիրառվել է նաեւ Հայաստանում: Իրականում այդպիսին էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը կոմունիստներ էին, նախկին պետական պաշտոնյաներ: Խորհրդային կոմունիստական իշխանությունների եւ Ղարաբաղյան ու Հայոց համազգային շարժման հակասություններն ու հակամարտությունները շատ ավելի դաժան էին, քան ՀՀ երեք նախագահների միջեւ: Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը: Հարց յոթերորդ. Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունեմ առաջիկա ընտրություններից: Պատասխան. Առաջին՝ նախեւառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը եւս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր դեմ։ Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը: Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին: Հարց ութերորդ. Ի՞սկ ինչով է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը: Պատասխան. Վտանգավոր է նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ ավելի է սաստկանալու, եւ իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության հետ կապված, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով: Նույնքան վտանգավոր է նաեւ երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող ապակայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, եւ մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր եւ տեւական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաեւ մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետեւաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։ Հարց իններորդ. Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է, արդյո՞ք, առաջիկա ընտրոււթյուններին։ Պատասխան. Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի:  Շնորհակալություն ուշադրության համար։  Երեւան, 16 մայիսի 2021թ.»
15:44 - 16 մայիսի,2021
Նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով․ Լևոն Տեր-Պետրոսյան

Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով։ Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ասաց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։«Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը (անուններ չեմ տալիս) հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությանը և ինձ, փաստորեն, զրկել քաղաքական ուժերի աջակցությունից։ Մի տերմին կար, ասում էին՝ առնետավազք․ այդ է տեղի ունեցել»,- ասաց Տեր-Պետրոսյանն ու ավելացրեց, որ այդ առիթով ուզում է մի գաղտնիք բացահայտել․«Անշուշտ, իշխանության ներսում՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից։ Շատերի, այդ թվում՝ բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն։ Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը։ Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Չեմ չափազանցնում․ Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։
15:30 - 16 մայիսի,2021
Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Ինչ վերաբերում է Կոնգրեսի` ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։ Այս մասին քիչ առաջ ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից։ «Նախևառաջ, թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, հարյուր տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում։ Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում։ Եվ ես իրեն անկեղծորեն ասել եմ, որ նույնքան կատաղի ստիպված եմ պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ։ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին»,- ասաց Տեր-Պետրոսյանը։
15:12 - 16 մայիսի,2021
Իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ ավելին շահելու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցնելով արդեն շահածը․ Լևոն-Տեր Պետրոսյան

Իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ ավելին շահելու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցնելով արդեն շահածը․ Լևոն-Տեր Պետրոսյան

Կարճ եմ խոսելու, որովհետև դեռ լիովին ապաքինված չեմ։ Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը՝ նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարևոր հարցերը։ Այս մասին քիչ առաջ «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ասաց Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և բարձրաձայնեց առաջին հարցը՝ ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։ «Պատասխան․ Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից որդեգրած՝ ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է, և վերջ, սադրիչ հայտարարությամբ, ինչը եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց, որ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են ուժերի հարաբերակցություն, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։ «Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Սա պարզագույն բան է, քաղաքականության այբուբենն է։ Պատկերավոր ասված, այդ իշխանությունները 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով ու ցնորքներով նոր խաղադրույքներ են կատարել, այդպիսով կորցնելով նաև արդեն իրենց շահածը։ Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, քանի որ մտադիր եմ օրերս հանդես գալ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։
14:50 - 16 մայիսի,2021
Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ

Երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե  բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա  Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- ասված է հայտարարության մեջ:
18:54 - 07 մայիսի,2021
Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց իմ այս առաջարկն էլ մերժվեց նրա կողմից․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց իմ այս առաջարկն էլ մերժվեց նրա կողմից․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այդ առաջարկը մերժվել է։ ilur.am կայքում հրապարակված անդրադարձը ներկայացնում ենք ստորև․ «Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաև այդ հայտարարության տեքստը: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունը   Նկատի ունենալով՝ • պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը, • ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը, • իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները, • ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը, • ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը, Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։ Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։ Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։   Լևոն Տեր-Պետրոսյան Սերժ Սարգսյան Երևան, 1 մայիսի 2021թ. Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը: Անկարևոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաև մի ուրախալի երևույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում: Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը: Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել: Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ»:
16:39 - 07 մայիսի,2021
ՀՀԿ-ն արդեն հայտնել է ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումը․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի՝ դաշինքով հանդես գալու առաջարկին

ՀՀԿ-ն արդեն հայտնել է ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումը․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի՝ դաշինքով հանդես գալու առաջարկին

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրության գնալու առաջարկի, որը ներկայացնում ենք ստորև․ «Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել: Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»։
21:30 - 05 մայիսի,2021
Արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ․ Քոչարյանի գրասենյակը՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

Արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ․ Քոչարյանի գրասենյակը՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրության գնալու առաջարկի, որը ներկայացնում ենք ստորև․ «Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ Ինչեւէ։ Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել։ Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել։ P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»։      
20:22 - 05 մայիսի,2021
Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով. ilur.am

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով. ilur.am

Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։ Այս մասին ilur.am-ում հրապարակված հոդվածում հայտնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`արձագանքելով «Առավոտ»-ում հրապարակված հոդվածին: Լրագրող Էմմա Գաբրիելյանը այսօր, մայիսի 5-ին հրապարակած «Եթե երեք նախագահները միանային» խորագիրը կրող իր հոդվածում, մասնավորապես, գրել է հետեւյալը. «Հնարավո՞ր էր այսօր Հայաստանում ունենալ նախընտրական լիովին այլ մթնոլորտ: Հնարավոր էր, բայց ամենաանհավանական ու ոչ ստանդարտ կոնֆիգուրացիայով. եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի նախկին երեք նախագահները միասնական հանդես գալու համարձակություն ունենային: Կարեւոր չէ, թե այդ եռամիասնությունը որքան տոկոսներ կհավաքեր, սակայն պարզ է, որ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Խեղճացած, ընկճված Հայաստանը ոտքի կանգնեցնելու ճանապարհին ղարաբաղյան պատմության տարբեր դրվագներում յուրաքանչյուր փուլում իրենց հաղթանակը կնքած նախկին երեք նախագահների միավորումը փոքր-ինչ կմեղմեր պարտված երկրում ծանր մթնոլորտը եւ նրանց այդ քայլը, հնարավոր է, բավական տպավորիչ ու գործուն դառնար»։ ՀՀ առաջին նախագահը նախ հրապարակել է մի փաստ, որը մինչ այժմ գաղտնիք է մնացել հասարակության համար։ «Ինչպես հայտնի է, ս.թ. մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Վերջինս կայացել էր իմ նախաձեռնությամբ եւ իմ կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով. ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը Նկատի ունենալով՝ • պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը, • ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից և բախումներից խուսափելու հրամայականը, • իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետևանքները, • ինչպես նաև, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձևավորման և հանրային համերաշխության համազգային սպասումը, Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։ Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։ Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Երևան, 25 մարտի 2021թ. Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որևէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:
17:37 - 05 մայիսի,2021
Առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am: Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
17:09 - 26 ապրիլի,2021