Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստորև ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 200-ը։ Այլ թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ նախնական տվյալները՝ այստեղ։ Լերմոնտովոյի ավագանու անդամի ընտրություններում 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը։ Նախնական տվյալները՝ այստեղ։ Այս համայնքում կայացել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ․ 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը, մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, 17 ձայն է հավաքել։ Նշենք, որ Լերմոնտովոյում քվեարկելու իրավունք ունեցող 679 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 196-ը։
11:20 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգող ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Իջևան և Ստեփանավան համանքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ստորև․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 705 ձայն կամ 13․8%«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 218 ձայն կամ 4․26%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 004 ձայն կամ 78.4% Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրելու իրավունք ուներ 13 343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 5107-ը։ Ստեփանավանում ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ի ցուցակը՝ Հարություն Ղարագոզյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  
09:55 - 15 նոյեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն (լուսանկարներ)

Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն (լուսանկարներ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ինգա Ստանիտե Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին: Տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում: Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք: Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը: Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։ Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար: Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։ Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
15:52 - 06 նոյեմբերի, 2021
Ստեփանավանի նախկին համայնքապետը կկալանավորվի․ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Ստեփանավանի նախկին համայնքապետը կկալանավորվի․ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությանը մասնակցել է նաև գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:  Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այնուհետ,  գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին»:
14:24 - 01 նոյեմբերի, 2021
Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան

Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան

Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը։ Վերջինս, Infocom-ի հետ զրույցում խոսելով քարոզարշավի մասին, պատմում է, որ այն ընթանում է խաղաղ ու հանգիստ․ «Ներկայացնում ենք մեր ծրագրերը ու գաղափարները, կետ առ կետ լուսաբանում ենք այն, ինչ ներառված է մեր ծրագրում։ Բակային հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ, նրանք իրենց հարցերն են առաջ քաշում, մենք որքանով կարողանում ենք, պատասխանում ենք հարցերին»։ Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը, Ղարագյոզյանի կարծիքով, աշխատատեղերի ստեղծումն է․ «Մեր նախընտրական ծրագրում ունենք մի քանի կետեր, քիչ գրել ենք, շատ պետք է անենք, բայց առաջնահերթ և առաջնային խնդիր այստեղ աշխատեղերի հարցն է, որը շատ լուրջ է։ Ես յոթ կետից բաղկացած ծրագիր եմ ներկայացրել, ծրագրում ամեն ինչ գրված է՝ քաղաքաշինություն, կրթություն, սպորտ, մշակույթ, կանաչապատում, տուրիզմ․ այս ամեը նշված ունենք, բայց եթե մարդը չունենա աշխատելու ունակություն, սոցիալապես անապահով վիճակում գտնվի, նա ինչպե՞ս կարող է բարեկեցիկ կյանքից օգտվել։ Ինչ ուզում ես կառուցի, այդ մարդու «աչքը չի գալու», եթե տանը ունի սոցիալական խնդիր, ապրելու խնդիր, աշխատելու խնդիր»։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես են աշխատատեղեր ստեղծելու Ստեփանավանում, Ղարագյոզյանը հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, գործարաններ ունի, կարող են այդ գործարանների մասնաճյուղերը նաև Ստեփանավանում բացել․ «Ստեփանավանը կունենա այն գործարանների մասնաճյուղերը, որոնք այսօր Գագիկ Ծառուկյանն ունի Աբովյանում։ Օրինակ, սրբիչի գործարանը, կարի արտադրամասերը, որոնք Ստեփանավանում եղել են և կվերականգնվեն։ Մեր ղեկավարի միջոցներով քաղաքում կլինեն այդպիսի աշխատատեղեր։ Ստեփանավանում նաև տուրիզմը կարող է զարգանալ, մեր կլիման, բնական ռեսուրսները այդ հնարավորությունը տալիս են։ Գագիկ Ծառուկյանը գործարարների միջոցով կարող է մեծ ներդրումներ բերել, ինչի արդյունքում քաղաքում կստեղծվեն մշակութային վայրեր, սրճարաններ և այլն»։ Համայնքապետի թեկնածուն կարծում է, որ Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրը կարող է լուծվել բարերարների և կառավարության համատեղ աջակցությամբ․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Դրանք, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։ «Աշոտաբերդ թաղամասում 24 շենք է՝ 1024 փաստացի բնակիչով։ Պետք է այս մարդկանց համար կառուցվեն բազմաբնակարան շենքեր։ Պետք է հասնել նրան, որ պետական բյուջեի միջոցներով ներդրում արվի՝ կլինի 10%, 20%, 30%, 40% , իսկ մնացած մասը բարերարների աջակցությամբ կարող է արվել։ Մենք հնարավորություն ունենք դրսից ներդրում անելու մեր քաղաքում։ Կան մարդիկ, որ պատրաստ կանգնած են և յուրաքանչյուր պահի կարող են օգնել, եթե, իհարկե ժողովրդի վստահությունը ստանանք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բարերարների հետ նախնական պայմանավորվածություններ արդեն ունեն, և նրանք խոստացել են մարդկանց բնակարաններով ապահովել։ Ստեփանավանի օդանավակայանի վերաբերյալ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում որևէ կետ ներառված չէ։ Ղարագյոզյանը մեր զրույցում ասում է, որ օդանավակայանի գործարկումը միայն բարերարների աջակցությամբ հնարավոր չէ, պետք է դրսից ներդրումներ արվեն։ Արմանիսի հանքավայրի շահագործման հարցն էլ, Ղարագյոզյանի պատկերացմամբ, պետք է մասնագետների միջոցով որոշվի։ Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ հանքի շահագործումը կարող է վնաս պատճառել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, ապա այն միանշանակ չպետք է աշխատի։ «Նախկինում Ստեփանավան համայնքից մոտ 400 հոգի հանքում աշխատում էին, բայց մենք չպետք է նայենք միայն աշխատատեղին։ Եթե այդ 400 մարդը պետք է աշխատի, բայց կարող է վնաս պատճառվի 10.000 մարդու, բնականաբար չպետք է աշխատի, ինչի՞ մասին է խոսքը»։ Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։  Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։  2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։     Նանե Ավետիսյան
18:15 - 30 հոկտեմբերի, 2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Այդ մասին Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես եմ գալու որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, ինչը ինձ համար մեծ պատիվ է: Մեծ պատիվ է ինձ համար հավակնելու ստանձնել այն համայնքի կառավարման ղեկը, որը ծննդավայր է, հայրենի տուն, օջախ. յուրաքանչյուր հայի համար սրբազան անուններ, որոնք պարտավոր ենք պահել ու պահպանել աչքի լույսի պես: Հարուստ ու փառապանծ պատմություն, անցյալ ու վստահ եմ՝ մոտ ապագայում նույնքան պայծառ ապագա է ունենալու մեր սիրելի համայնքը, ու մեր միասնական ջանքերն ուղղվելու են այդ սրբազան նպատակի իրականացմանը: Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում պետք է գործի վերածենք այն տեսլականը, որն ունենք համայնքի արագընթաց զարգացման հետ կապված, ընդ որում դա հավասարապես վերաբերելու է թե՛ Վանաձոր և թե՛ Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերին: Այդ տեսլականը մենք վերածելու ենք ռազմավարական ծրագրի և հստակ ժամկետներով սահմանված գործողությունների իրականացմամբ արձանագրելու ենք անընդհատ զարգացում: Հարգելի քաղաքացինե՛ր իմ՝ որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, անցած ճանապարհը շատերիդ է հայտնի: Հայտնի է, որովհետև նախ՝ ապրում ենք փոքր համայնքում, ապա նաև՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու կարգավիճակից, մշտապես գործել եմ բաց և թափանցիկ, մարդկանց հետ շփվել, հարաբերվել եմ անկեղծ ու շիտակ, քաղաքիս փողոցներով մշտապես քայլել եմ պարզճակատ, որովհետև երբևէ թաքցնելու ոչինչ չեմ ունեցել իմ հայրենակիցներից: Ինչպես որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամրագրել է 2018թ.-ին և վերահաստատել 2021թ. ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում ևս առաջնային է լինելու ժողովրդի խոսքը, որոշում կայացնող միակ սուբյեկտը ժողովու՛րդն է լինելու: Սիրելի՛ համաքաղաքացիներ, ենթադրվում է, որ ընտրապայքարը բավականին ակտիվ է լինելու, որովհետև դաշտ են նետված բավականին շատ քաղաքական ուժեր, նորաստեղծ դաշինքներ և դուք պետք է ընտրություն կատարեք մտքի ու խղճի, համոզմունքի թելադրանքով: Չտրվե՛ք մանիպուլացիաների, կեղծիքի՛ հատկապես ձեզ՝ անցած երեսուն տարիներից քաջ հայտնի այն ուժերի ու նրանցից «ծնված» կուսակցությունների ու դաշինքների կողմից, ովքեր կփորձեն հերթական անգամ խաբե՛լ ձեզ: Այս առումով տեղին է արձանագրել, որ այն մեծածավալ ծրագրերը՝ այգիների, պուրակների, մարզական ու մշակութային օջախների, փողոցների վերանորոգումներ և այլն, որոնք իրականացվել և շարունակվում են, կյանքի են կոչվել միայն 2018-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և վերահսկողությամբ: Իսկ ինչ վերաբերում է անցած տասնամյակներում քաղաքում տեղի ունեցած ապօրինություններին, ապա դրանց մեծ մասը հենց ձեր աչքի առջև են՝ ինքնակամ ու ապօրինի շինությունների, զավթված տարածքների տեսքով և ոչ միայն… Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ, քարոզարշավի ընթացքում մենք ձեզ ներկայանալու ենք բացառապես մեր կատարած աշխատանքով և ապագայի ծրագրերով՝ առանց խաբելու ու մանիպուլացնելու ՝ միայն այն վստայությամբ որ Վանաձորում ապագա կա՛: Հաջող մեկնարկ եմ մաղթում բոլորիս, գաղափարական ընտրապայքար և հաղթական ելք»։
11:29 - 30 հոկտեմբերի, 2021
Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան

Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այս տարվա նոյեմբերի 14-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանն իր թիմի հետ սկսել է քարոզարշավը, ասում է՝ ընտրություններում հաղթելու ակնկալիք ունեն։ Վստահությունը, նրա խոսքով, պայմանավորված է կատարված աշխատանքով․ «Տրամադրված ենք միայն և միայն ծառայելու ի շահ համայնքի, ի շահ մեր բնակիչների։ Արդեն իսկ մի տարի է՝ համայնքապետի պաշտոնակատար եմ, և այդ ընթացքում ահագին ծրագրեր ենք կյանքի կոչել, որոշ բաներ ավարտվել են, որոշ բաներ ավարտական փուլում են»,- ասում է նա՝ հավելելով, որ ճանապարհների բարեկարգման, կապիտալ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումներ են իրականացրել։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ ճանապարհաշինությունը կարևոր նախապայման է զբոսաշրջության զարգացման համար․ «Զբոսաշրջության ակտիվության հետ կապված նաև աշխատատեղեր կստեղծվեն։ Աշխատատեղերն առաջնային կարևորություն ունեն․ այստեղ մենք չունենք մեծ գործարաններ, արտադրություններ, դրա համար որոշել ենք զբոսաշրջությանը առաջնայնություն տալ, դրանով էլ պայմանավորված է ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների զարգացումը»։ Համայնքապետի թեկնածուն հրատապ է համարում նաև Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրների լուծումը․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Փայտաշեն տները, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ՝ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։ Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ ուսումնասիրել են խնդիրը, կառավարության հետ նախնական որոշ համաձայնություններ են ձեռք բերել, և նպատակ ունեն կառավարության աջակցությամբ լուծել խնդիրը․ «296 բնակարան ունենք, որից տվյալ պահին 168-ն են համարվում պետական։ Մյուս դեպքերում բնակարանները կա՛մ գնել են, կա՛մ վերավաճառել։ Պետությունը չի կարող երկու դեպքերում էլ միանման մոտեցում ցուցաբերել»,- ասում է նա՝ հավելելով, որ պետությունը պարտավորություն ունի այն մարդկանց նկատմամբ, որոնք երկրաշարժի հետևանքով են հայտնվել փայտաշեն տնակներում։ Նրա կարծիքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կկարողանան բնակարաններով ապահովել աղետից տուժած ընտանիքներին։ Անդրադառնալով Ստեփանավանի օդանավակայանի գործարկման հնարավորություններին՝ Գրիգորյանը պատմում է, որ նախնական ծրագիր ունեն, որը մոտ ապագայում կյանքի կկոչվի․ «Չեխիայից ներդրողներ կան, որոնց հետ բանակցել ենք, ուզում ենք փոքր, տուրիստական ինքնաթիռների արտադրություն սկսել։ Արդեն իսկ կա առաջարկը, որ փորձ ունեցող 6-7 մասնագետների (զոդող և այլն) ուղարկենք Չեխիայում վերապատրաստման։ Չեխական կողմի շահերից էլ է բխում, որ օդանավակայանը գործի, որտեղ իրենց փոքր ինքնաթիռների փորաձարկումները կլինեն։ Կառավարության հետ  նույնպես քննարկումներ կան, մեր շահն էլ առաջնային նրանում է, որ օդանավակայանը վերանորոգվի և գործարկվի»։ Գրիգորյանը հավելում է, որ չեխական կողմի հաշվարկներով՝ այս ծրագրի իրականացման դեպքում Ստեփանավանում մինչև 100 աշխատատեղ կստեղծվի։ Շարունակելով օդանավակայանի թեման՝ նա նշում է, որ ՄԱԿ-ի UNDP-ի հետ համատեղ Ստեփանավանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային կից ֆակուլտետ է բացվելու, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան սովորել ավիացիային առնչվող մասնագիտություններ․ «Տեղը հատկացրել ենք, ավարտվել են շինարարական աշխատանքները, երեք լսարան ենք հատկացրել, նույնիսկ մինչև տարեվերջ կարող է գործի։ Այստեղ կարող են ուսանել ավիացիային առնչվող մասնագիտություններ»։ Խոսելով Արմանիսի բազմամետաղային հանքավայրի մասին՝ Գրիգորյանը նշում է, որ հանքը այս պահին չի աշխատում, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, հանքավայրի պատասխանատուներն էլ վստահեցրել են, որ նոր տեխնոլոգիաներ են կիրառելու․ «Իմ մոտեցումը լինելու է այսպես․ եթե լրիվ միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվի, մենք թույլ կտանք գործարկումը, չէ՝ ամբողջ համայնքով դեմ կկանգնենք և թույլ չենք տա։ Եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջանան, միանշանակ դեմ կլինենք։ Ամեն դեպքում պետք է այդ համեմատականը դնենք, թե ինչքանով է գործելու, ինչ վնաս կհասցնի զբոսաշրջությանը, և դրա դիմաց ինչ ենք ստանալու։ Եթե տեսնենք, որ կան վնասներ, դեմ կլինենք»։ Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։  Ամփոփելով զրույցը՝ Գրիգորյանը ընդգծում է, որ ստեփանավանցիներն են որոշելու՝ ում պետք է ընտրեն, և վստահեցնում, որ իրենք պատրաստ են աշխատել․ «Շատ բաներ կարելի է կյանքի կոչել։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը շատ ըմբռնումով կմոտենա այդ ամենին և նաև իմ՝ տարբեր կառույցներւմ երկար տարիներ աշխատելու փորձն էլ պետք է դրական ազդեցություն ունենա»։  Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։ 2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։     Նանե Ավետիսյան
17:45 - 29 հոկտեմբերի, 2021
Լերմոնտովոյի բյուջեն խոշորացվող համայնքի բոլոր խնդիրների լուծման համար բավարար չէ, պետք է այլ աղբյուրներից միջոցներ գտնել․ Էդիկ Չախալյան

Լերմոնտովոյի բյուջեն խոշորացվող համայնքի բոլոր խնդիրների լուծման համար բավարար չէ, պետք է այլ աղբյուրներից միջոցներ գտնել․ Էդիկ Չախալյան

2021 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Քարորզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, ավարտվելու է նոյեմբերի 12-ին։ Արզնիում ընտրելու են ավագանի․ առաջադրվել են անկուսակցականներ եւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ։ Լերմոնտովոյում ընտրելու են ավագանի եւ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել են անկուսակացական Ռաֆիկ Խառատյանն ու անկուսակցական Էդիկ Չախալյանը։ Վերջինս Լերմոնտովոյի գործող ղեկավարն է, իսկ Խառատյանն Անտառաշեն համայնքի ղեկավարն է։ Անտառաշենն, ի դեպ, միավորվելու է Լերմոնտովո համայնքի հետ։ Ռաֆիկ Խառատյանը, սակայն, որոշել է հանել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասաց Infocom-ի հետ զրույցում՝ նշելով, որ իր առողջությունը չի ների ավելի մեծ համայնք ղեկավարելու հարցում։  Լերմոնտովոյում բնակիչների 80 տոկոսը ռուսներ են, 15-ը՝ հայեր, 5-ը՝ եզդիներ։ Էդիկ Չախալյանը, որ համայնքի ղեկավարն է դեռեւս 1997 թվականից, կարծում է՝ կվերընտրվի։ Մեր զրույցում Չախալյանն ասաց, որ թեեւ բոլոր մոլոկանները չեն մասնակցում ընտրություններին՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, սակայն վերջիններիս հոգեւոր առաջնորդն ասել է, որ բոլորն էլ ուզում են՝ նորից ինքն ընտրվի։ Չախալյանը դեռ չի սկսել քարոզարշավը, պատրաստվում է նոյեմբերի 1-ից հանդիպել բնակիչների հետ։ Մեր զրուցակիցը մտահոգություն չունի, որ համայնքը խոշորացվում է՝ միանալով Անատառաշենին։ Մինչ այս էլ անտառաշենցիները դպրոց, մանկապարտեզ ու փոստ են եկել հենց Լերմոնտովոյում։ Չախալյանի վստահեցմամբ՝ առաջնահերթորեն լուծելու են Անտառաշենի լուսավորության հարցը։ Նպատակ ունեն նաեւ արեւային պանելներ տեղադրել Լերմոնտովոյի մանկապարտեզի վրա, ապա գնել միկրոավտոբուս, որպեսզի անտառաշենցիները կարողանան դպրոց ու մանկապարտեզ գալ։ Նոր տրակտորի ձեռքբերման հարց էլ են դրել իրենց առաջ․ մեր զրուցակցի խոսքով՝ դա գյուղի համար շատ մեծ նշանակություն կունենա։ Համայնքի բյուջեն, սակայն, բոլոր խնդիրների լուծման համար բավարար չէ, սակայն գիշերային լուսավորության հարցը կկարողանան լուծել։ Մնացածի համար պետք է այլ աղբյուրներից միջոցներ գտնեն․ «Ծրագիր պետք է ունենանք, ներդրումներ արվեն։ Իմ կարծիքով՝ լավ պիտի լինի, կաշխատենք, կլինի։ Ես հարց պիտի բարձրացնեմ կառավարության առաջ, որ Անտառաշենում գազ քաշենք, որ գազ քաշենք, արդեն ծառահատումը քիչ կլինի, պատկերացրեք՝ ինչքան են ծառ հատում, որ գազ քաշենք, մեր անտառը կպաշտպանվի։ ժողովուրդն արդեն հարցնում է՝ գազը կքաշե՞ս, այո, ասում եմ, անպայման։ Ջրի խողովակներ կան, որ պետք է փոխենք, դա էլ կանենք, չենք մոռանա»,- վստահեցրեց Լերմոնտովոյի գործող ղեկավար Էդիկ Չախալյանը։ Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են սպասվում նաեւ Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում։ Իջեւանում առաջադրվել են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։ Կապանում ընտրություններին դարձյալ երկու քաղաքական ուժ է մասնակցելու, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքի ղեկավարի պաշտոնում գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությամբ, մյուսը՝ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի թեկնածությամբ։ Իսկ Ստեփանավանում առաջադրվել են երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Քաղաքացիական պայմանագիրը»։ Առաջինի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որն այս պահին չի աշխատում, ՀԱԿ ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է, որը նույնպես չի աշխատում, իսկ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Լուսանկարը՝ past.am-ից Հայարփի Բաղդասարյան
18:57 - 28 հոկտեմբերի, 2021
Անտառաշենի գյուղապետը որոշել է հանել թեկնածությունը Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնից

Անտառաշենի գյուղապետը որոշել է հանել թեկնածությունը Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնից

2021 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Քարորզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, ավարտվելու է նոյեմբերի 12-ին։ Արզնիում ընտրելու են ավագանի․ առաջադրվել են անկուսակցականներ եւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ։ Լերմոնտովոյում ընտրելու են ավագանի եւ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել են անկուսակացական Ռաֆիկ Խառատյանն ու անկուսակցական Էդիկ Չախալյանը։ Վերջինս Լերմոնտովոյի գործող ղեկավարն է, իսկ Խառատյանն Անտառաշեն համայնքի ղեկավարն է։ Անտառաշենն, ի դեպ, միավորվելու է Լերմոնտովո համայնքի հետ։  Ռաֆիկ Խառատյանը, սակայն, որոշել է հանել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասաց Infocom-ի հետ զրույցում՝ նշելով, որ իր առողջությունը չի ների ավելի մեծ համայնք ղեկավարելու հարցում։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմում ներկայացնել Տարածքային ընտրական հանձնաժողով՝ թեկնածությունը հանելու վերաբերյալ։ Տարածքային ընտրական հանձնաժողովից Infocom-ին հայտնեցին, որ այս պահին դեռեւս թեկնածուից դիմում չեն ստացել։ Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են սպասվում նաեւ Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում։ Իջեւանում առաջադրվել են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։ Կապանում ընտրություններին դարձյալ երկու քաղաքական ուժ է մասնակցելու, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքի ղեկավարի պաշտոնում գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությամբ, մյուսը՝ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի թեկնածությամբ։ Իսկ Ստեփանավանում առաջադրվել են երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Քաղաքացիական պայմանագիրը»։ Առաջինի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որն այս պահին չի աշխատում, ՀԱԿ ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է, որը նույնպես չի աշխատում, իսկ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Լուսանկարը՝ Ամերիկայի ձայնի տեսանյութից Հայարփի Բաղդասարյան
15:29 - 28 հոկտեմբերի, 2021
Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Համայնքին պատճառվել է ավելի քան 60 մլն դրամի վնաս․ Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի (Սամվել Դարբինյան, համայնքը ղեկավարել է 1999-2016 թթ․) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս: Բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը  371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող՝ տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ  60 մլն դրամի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /4 դրվագ/, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 15 հոկտեմբերի, 2021
Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքները պետության կողմից մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:   Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Արդյունքնում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել: Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը: Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելներով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։
15:56 - 14 սեպտեմբերի, 2021