Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը»
 |aravot.am|

«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը» |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանը։ Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն էր նախորդ 4 տարիներին, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Հայկուհի Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ուզում է ներկայացնել 4 հաջողության պատմություն։ «Հաջողության պատմություն առաջին՝ ներդրված եւ արդյունավետ կիրառված բարեվարքության ստուգման համակարգը, որը դատավորին, դատախազին, հակակոռուպցիոն քննիչներին պաշտոնի նշանակելուց առաջ ապահովում է աշխատանքային գործունեության, նախկին, ներկա հարստության եւ կապերի ուսումնասիրությունը, համոզում է, որ նրանք չեն օգտագործել իրենց անձնական կապերն իրեն օգտին կամ իրենց օգտին որոշումների կայացման ու հարստացման համար։ Այս տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից տրված մոտ 1000 եւ ավելի եզրակացությունները որոշումների կայացման այնպիսի սխեմա ու ազդեցություն են ապահովել, որ նույնիսկ հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա դատավորների թեկնածուները հանվել են նշանակման ենթակա ցուցակներից»,- ասաց նա։ Երկրորդ հաջողության պատմությունը, Հայկուհի Հարությունյանի խոսքով, հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակն է։ «Հաջողության պատմություն երրորդ՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանում ընդունվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագիրքը։ Հաջողության պատմություն չորրորդ՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթաժողովի ընթացքում հանձնաժողովի գործունեությունն ու ջանքերն արժանացել են շնորհակալության։ Իսկ ի՞նչ է տեսել ՀՀ քաղաքացին կամ ի՞նչ է փոխվել նրա կյանքում։ Փաստեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխության վրա։ Քաղաքացին տեսել է, որ ՀՀ-ում պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղումն անթույլատրելի է։ Առաջին անգամ ՀՀ-ում հանձնաժողովն իրավական գնահատական է տվել այս երեւույթին, որը նաեւ իրավական հետեւանք է առաջացրել պաշտոն զբաղեցնող սուբյեկտների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:47 - 06 դեկտեմբերի, 2023
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը
 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Մրցութային խորհրդի անդամ, ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց թեկնածուին: Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը: Հարությունյանն այս տարվա հոկտեմբերի 25-ին հայտ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, և նոյեմբերի 20-ին մրցութային խորհուրդը հաստատել է նրա թեկնածությունը:
13:14 - 06 դեկտեմբերի, 2023
«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։  2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։  Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։   Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։  Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։  Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։  Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։    Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։ Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։  Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։  Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։ Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։ Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։ Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։ Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։  Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։   Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։  Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում: Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։  Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։ Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։  Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։  «2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։   Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը   Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։  Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։  Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։    Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը 2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։  ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։ 2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։   Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։ Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։  ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։   Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը»  2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։ Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։ Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը:  ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։   Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։ Լյուսի Մանվելյան
17:16 - 29 նոյեմբերի, 2023
Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն

Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն

2020 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի նախագծման և ստեղծման գործընթաց, որի արդյունքում ենթադրվում էր նաև համակարգի հանրային հատվածի, մասնավորապես՝ հայտարարագրերի հրապարակային ռեեստրի բարելավում, հայտարարագրերի ուսումնասիրության գործիքների ընդլայնում։ 2023 թվականին գործարկված նոր ռեեստրում, սակայն, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստանալը, ստուգելն ու վերլուծելը։ Հանձնաժողովն է հրապարակում հայտարարագրերը և վարում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրը, սահմանում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի ներկայացման կարգը, դրանց վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները, ինչպես նաև քննում և լուծում հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց 2019-ի նոյեմբերին՝ հայտարարագրման գործընթացի կանոնակարգման մասով, ըստ էության, փոխարինելով նախկինում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Նոր կառույցի ձևավորումից հետո, սակայն, հայտարարագրերի ստացումը, ստուգումը, վերլուծությունը և հրապարակումը շարունակվեց իրականացվել հին համակարգով։ Հանձնաժողովի ձևավորումից միայն 2 տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկեցին հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի ստեղծման աշխատանքները, որը, ինչպես նշված է Հանձնաժողովի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, Հանձնաժողովը նախագծել էր 2020-ին։  2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում է. «2020 թվականի ընթացքում, ելնելով հայտարարագրերի վերլուծության արդյունավետությունն ու օգտակարությունը մեծացնելու անհրաժեշտությունից, Հանձնաժողովը մշակել է ամբողջությամբ ավտոմատացված, արհեստական բանականության հիմքով ռիսկային ցուցիչների վերլուծություններ իրականցնող էլեկտրոնային համակարգի նախագիծ, որն օբյեկտիվորեն հավակնում է կոռուպցիայի դեմ պայքարում թվային տեխնոլոգիաների ներդրման լավագույն փորձերից մեկը հանդիսանալ։ Այն ներառում է ոչ միայն հայտարարգրերի վելուծության, այլ նաև բարեվարքության գնահատման բաղադրիչները, հայտարարատուների կողմից համակարգի օգտագործման և հանրային մատչելիության ապահովման արդյունավետ գործիքներ»։  Հանձնաժողովի ձևավորումից ավելի քան երեք տարի անց, 2023-ի փետրվարի 1-ից  Հանձնաժողովը գործարկեց հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը, որից 4 ամիս անց՝ հունիսի 9-ին գործարկվեց նաև հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրի նախնական տարբերակը։   Խնդիրներ հին և նոր ռեեստրներումՆոր ռեեստրում հայտարարատուների ընտանիքի անդամների հայտարարագրերը գտնելն ավելի է բարդացել  Հին հայտարարագրերի հրապարակային ռեեստրում հայտարարատուի վերաբերյալ բոլոր տվյալները ներկայացված էին նրա անվանական էջում։ Այդ էջը ներառում էր հայտարարատուի լուսանկարը, ընթացիկ պաշտոնի և ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ։ Պաշտոնյայի էջում, բացի իր հայտարարագրերից, տեղադրված էին նաև նրա ընտանիքի անդամների՝ բոլոր տարիներին ներկայացրած հայտարարագրերը։ Այսպիսով, հեշտությամբ հնարավոր էր մի կետից ուղիղ հասանելիություն ստանալ թե պաշտոնյայի, թե նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերին, միաժամանակ վերլուծել դրանք և ստուգել՝ արդյո՞ք նրանք ներկայացրել են օրենքով պահանջվող բոլոր հայտարարագրերը։ ։ Վերոնշյալը կարևոր հնարավորություն էր լրագրողների, քաղհասարակության և հանրության անդամների համար, քանի որ հայտարարատու պաշտոնատար անձի բարեվարքության, նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանման, շահերի բախման իրավիճակի առկայության, գույքային վիճակի բարելավման կամ ծախսի՝ օրինական եկամուտներով հիմնավորվածության, հայտարարագրերում ներկայացված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը ենթադրում է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Ձախից՝ հին ռեեստրում հայտարարատուի անվանական էջը, աջից՝ նոր ռեեստրում հայտարարատուի տվյալներով որոնման արդյունքները Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը որոշակիորեն բարդացնում է այս վերլուծության իրականացումը․ հայտարարատու պաշտոնական անձանց համար առկա չեն առանձնացված անվանական էջեր։ Նոր ռեեստրում նախ պետք է փնտրել պաշտոնատար անձի հայտարարագիրը, այնուհետև դրանում գտնել ընտանիքի անդամների տվյալները, որից հետո կրկին հատ առ հատ փնտրել ու գտնել ընտանիքի անդամների հայտարարագրերը։ «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը կարծում է, որ ռեեստրի բարեփոխումն ավելի շատ ձևական բնույթ է կրում. ֆունկցիոնալ բարելավում տեղի չի ունեցել։ «Ռեեստրի ամենամեծ խնդիրն այն է, որ եթե նախկինում պաշտոնյայի հայտարարագրի ներքևում երևում էին նաև նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, հեշտ էր դա գտնելը։ Հիմա մեկ առ մեկ պետք է որոնման դաշտում գրես իր անունը, որ բերի»,- «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց Բալասանյանը։Հին ռեեստրից պետական մարմինների և այդ մարմինների հայտարարատու անձանց  ցանկը անհետացել էր, նորում՝ խնդիրը լուծվել Հին ռեեստրում ժամանակին առկա էր պետական մարմինների և այդ մարմիններում աշխատող հայտարարատու անձանց ցանկը, որը վերջին տարվա ընթացքում անհետացել էր։ Սա էապես բարդացնում էր լրագրողների աշխատանքը։ Պետական մարմինների ցանկը հին ռեեստրում Առանց այս ցանկի դժվար է կողմնորոշվել, թե քանի հայտարարատու անձ կա պայմանական պետական մարմնում և ովքեր են նրանք։ Այսինքն, առանց պետական կառույցի հայտարարատու անձանց ցանկն ունենալու՝ հայտարարագրերի ուսումնասիրությամբ զբաղվողը չի կարողանա գտնել տվյալ կառույցի բոլոր հայտարարատու պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը։  Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ Հանձնաժողովի հետ բաց և փակ հանդիպումների ժամանակ, բանավոր հարցումների միջոցով։ Պարբերաբար հավաստիացնում էին, որ խնդիրը կկարգավորվի։ Հետագայում Հանձնաժողովը, ի պատասխան այս հարցերի, հորդորեց սպասել նոր ռեեստրի գործարկմանը, որտեղ նման ֆունկցիոնալ առկա կլինի։ Նոր ռեեստրի գործարկմամբ այս խնդիրը լուծվեց, բայց ոչ ամբողջովին․ նոր ռեեստրում արտացոլված են միայն 2021 և 2022 թվականների հայտարարագրերը, իսկ 2011-2020 թվականների հայտարարագրերը շարունակում են մնալ միայն հայտարարագրերի հին ռեեստրում, հետևապես նշված տարիների հայտարարագրերի ուսումնասիրության համար այս խնդիրը դեռևս արդիական է։ Հայտարարագրերի լրացման անճշտություններ Եվ հին, և նոր ռեեստրներում հրապարակված հայտարարագրերում հաճախ հանդիպում են անճշտություններ, վրիպակներ կամ բացակայող տվյալներ։ Սա ևս բարդացնում է հրապարակային ռեեստրներից օգտվողների աշխատանքը, քանի որ ամեն մի վրիպակ և անճշտություն անհրաժեշտ է լինում ստուգել լրացուցիչ հարցումների միջոցով։ Թվարկենք մի քանի օրինակ. Հին ռեստրում հրապարակված հայտարարագրերում երբեմն կարող էին բացակայել պարտադիր լրացման ենթակա որոշ տվյալներ։ Ստորև ներկայացված հայտարարագրում, օրինակ, բացակայում է տարվա վերջում առկա փոխառության արժույթը, ինչը խառնաշփոթի և անճշտությունների հիմք է տալիս։ Մասնավորապես, տարվա ընթացքում պաշտոնյան հայտարարագրել է 1․7 մլն ՀՀ դրամի վերադարձված փոխառություն, իսկ տարվա վերջում առկա փոխառության դաշտում լրացված է միայն գումարի դաշտը՝ 3612, բայց անհայտ է՝ ՀՀ դրա՞մ, ԱՄՆ դոլա՞ր, Եվրո՞, թե մեկ այլ արժույթ։ Արժույթի դաշտում նշման բացակայությամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր) Նոր համակարգում արժույթները միացված են թվային արժեքներին և արժույթը նշելը դարձել է պարտադիր, սակայն այստեղ էլ են հանդիպում անճշտություններ։ Ստորև ներկայացված օրինակում որպես կանխիկ հայտարարագրվել է XXX անհայտ արժույթով գումար։ Անհայտ արժույթով կանխիկի նշմամբ հայտարարագրի օրինակ (նոր ռեեստր) Այս խնդիրը կարող էր չծագել, եթե որոշակի սահմանափակումներ դրվեին նշված դաշտերում։ Այդպիսով, հայտարարատու անձը, հերթական հայտարարագիրը լրացնելիս, չէր կարողանա համակարգ մուտքագրել այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում պահանջվող ձևաչափին։ Հայտարարագրման համակարգում առկա են սահմանված դաշտերին չհամապատասխանող տվյալների լրացման հնարավորություններ։ Հին համակարգում, օրինակ, հայտարարատուներից մեկին հաջողվել էր պաշտոնի դաշտում գրել «չեմ աշխատում»։Պաշտոնի դաշտում պաշտոն չարտահայտող այլ տեքստի լրացմամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր)Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս է համակարգը թույլ տվել պաշտոնի փոխարեն լրացնել որևէ պաշտոն չարտահայտող այլ տեքստ կամ, եթե տվյալ պաշտոնյան 2021 թվականին չի աշխատել, ապա ինչպե՞ս է ներկայացրել տարեկան հայտարարագիր։ Եվ հին, և նոր ռեեստրում որոշ հայտարարագրերի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում, ընտանիքի անդամի գործատուի փոխարեն նշված է պաշտոնյայի գործատուի անունը։ Այս սխալները, հավանաբար, պաշտոնատար անձանց անուշադրության կամ հայտարարագրի լրացման ուղեցույցին չհետևելու արդյունք են։ Բայց նմանատիպ խնդիրներից կարելի է խուսափել, եթե համակարգը հայտարարատու պաշտոնատար անձի և ընտանիքի անդամի գործատուի տվյալների համընկնման պարագայում՝ լրացուցիչ ազդանշանային պատուհանում նախազգուշացնի այդ մասին հայտարարագիրը լրացնողին։ Ընտանիքի անդամի գործատուի փոխարեն պաշտոնյայի գործատուի նշման օրինակներ (վերևում՝ հին ռեեստր, ներքևում՝ նոր ռեեստր) Համակարգում տվյալների ներկայացման հստակ ձևաչափերի, դրանց սահմանափակումների, շփոթություն առաջացնելու հավանականություն ունեցող դաշտերի համար լրացուցիչ նախազգուշացումների/վերահաստատումների համակարգի առկայության դեպքում՝ հնարավոր կլինի խուսափել տվյալների ոչ լիարժեք կամ սխալ ներկայացնելու բարդություններից, որոնք կարող են ազդել և՛ Հանձնաժողովի, և՛ արտաքին դիտարկողների աշխատանքի արդյունավետության վրա։   Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ ի՞նչ ունենք այսօր Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը դիտվում էր որպես նախորդ համակարգի խնդիրների լուծման հիմնական միջոց։ Հանձնաժողովի և լրագրողական համայնքի միջև քննարկումների ժամանակ նշվում էր, որ նոր համակարգը գալիս է լուծելու առկա տեխնիկական և ֆունկցիոնալ խնդիրները, ավելին՝ ստեղծվելու են հայտարարագրման ինստիտուտի հանրային վերահսկողության բազմաթիվ հնարավորություններ։ 2023-ի մարտին՝ նոր համակարգի գործարկմանը զուգահեռ, «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը» հրապարակեց «Ժողովրդավարության թվայնացումը. ինչպես են տեխնոլոգիաները փոխում կառավարությունների հաշվետվողականությունը» էսսեների ժողովածուն, որում ներառված էր նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ «Կոռուպցիայի հակազդումը Հայաստանում՝ կիրառելով արհեստական բանականությունը» էսսեն։  Էսսեում նշվում էր, որ Հանձնաժողովը 2020-ի մարտից մեկնարկել է մի թվային նախագիծ, որի նպատակն է դյուրացնել պաշտոնյաների հաշվետվողականության ապահովումը։  «Հանձնաժողովը որոշել է պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հավաքելու, պահելու և վերլուծելու համար մշակել նոր թվային հարթակ՝ օգնելու հետաքննողներին, լրագրողներին և հանրությանը վերլուծել տվյալները և գտնել պաշտոնյաների չարաշահումների նշաններ։ Այս նախագծի շրջանակներում Հանձնաժողովը նախատեսում է կիրառել արհեստական բանականության/մեքենայական ուսուցման հնարավորություններով ալգորիթմական գործիք՝ հազարավոր էլեկտրոնային հայտարարագրերը մաղելու և «կարմիր դրոշներ» գտնելու համար»,- նշվում է հոդվածում։ Էսսեում Հարությունյանը թվարկում էր նախորդ համակարգի մի շարք թերություններ և նշում, որ գործնականում հայտարարագրերի նախորդ հարթակն ավելի շատ միտված էր ազգային հակակոռուպցիոն ռազմավարության պահանջները պաշտոնապես բավարարելուն, այլ ոչ թե պաշտոնյաներին հաշվետու դարձնելուն։ Նույնիսկ եթե հայտարարատու անձինք ընտրում էին հայտարարագիրը լրացնել էլեկտրոնային եղանակով, այդ հայտարարագրերը պահպանվում էին PDF ֆորմատով։ Նման թերությունների պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին վերլուծել հայտարարագրերում առկա տվյալները, պետք է նախ դուրս բերեին դրանք, հետո նոր համեմատեին այլ աղբյուրներում առկա տվյալների հետ։  Հարությունյանը նաև հավելում էր, որ չնայած հայտարարագրերի հրապարակայնությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին դժվար էր աշխատել այդ ձևաչափերով տվյալների հետ։ 7 ամիս առաջ հրապարակված այս էսսեում Հարությունյանը, ի թիվս սպասվող մի շարք նորարարությունների,  նշում էր նաև API-ի ներդրման հնարավորության մասին, որը թույլ կտա լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքացիներին օգտագործել իրենց սեփական ծրագրային գործիքները հայտարարագրերում առկա տվյալների հետ աշխատելու համար։  Այս էսսեի հրապարակումից հետո՝ 2023 թվականի մայիսի 18-ին Հանձնաժողովը լրագրողների հետ կազմակերպեց աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց համակարգի հանրային հատվածի առաջարկվող տարբերակը։ Գործարկվող նոր համակարգը խոստանում էր լուծել հին համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, լրագրողների և հանրության համար ստեղծել բազմաֆունկցիոնալ որոնման նոր գործիքներ, այդ թվում՝ հայտարարագրման պարտավորություն ունեցող, բայց հայտարարագիր չներկայացրած անձանց ֆիքսելու,  excel ձևաչափով հայտարարագիրը ներբեռնելու, ռեեստրի հանրային հատվածի հետ աշխատելու համար API-ի օգտագործման հնարավորություններ։ Այս հանդիպումից օրեր անց գործարկվեց հայտարարագրերի նոր ռեեստրի նախնական տարբերակը։ Այդ մասին տարածված հաղորդագրությունում Հանձնաժողովը նշում էր, որ փորձարկման փուլում է հայտարարագրերը pdf և excel տարբերակներով արտահանելու հնարավորությունը։ Հայտարարագրերի հրապարակային ռեեստրի նախնական տարբերակի գործարկումից 5 ամիս անց, սակայն, հին և նոր համակարգերի ընձեռած հնարավորություններում դեռևս էական տարբերություններ չեն նշմարվում։ Ավելին, նախորդ տարիների հայտարարագրերի մեծ մասը (2011-2020թթ․) շարունակում են արտացոլվել հին ռեեստրում, և դրանց ուսումնասիրությունը ենթադրում է շարունակական առնչություն հին համակարգի խնդիրների հետ։ Ինչպես արդեն նշվեց, նոր համակարգում վերականգնվել է ըստ պետական մարմինների որոնման հնարավորությունը, որոշակի առաջընթաց է գրանցվել տվյալների՝ պահանջվող ձևաչափերին համապատասխան ներկայացման ուղղությամբ։  Բացի այդ՝ ավելացել է ըստ հայտարարատուի հայրանվան, հայտարարագրի տեսակի և հայտարարատուի տեսակի որոնման հնարավորություն։ Փոխարենը, սակայն, վերացվել է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերին նույն էջից հասանելիություն ստանալու հնարավորությունը։   Լրագրող Գրիշա Բալասանյանը նշում է. «Հանձնաժողովը նախկինում ամպագորգոռ հայտարարում էր, թե ռեեստրով որոնելու համար գործիքներն ավելի շատ էին լինելու։ Այսինքն՝ նույնիսկ գումարի չափով, գույքի տեսակով, քանակով հնարավոր էր լինելու զտել պաշտոնյաներին ու հայտարարագրերը ստանալ։ Դա ևս չեղավ, բայց այս դարում դա տարրական աշխատանք է»։  Վերջինիս համար ևս անհասկանալի է՝ ինչու՞ այժմ կա երկու ռեեստր՝ 2021 թվականը ներառյալ, և դրանից հետո ինչու՞ չեն միացվել ու սինխրոնացվել այս երկու ռեեստրները. «Իրականում ոչ մի բարելավում չկա, նույնիսկ որոշ բաներ ավելի վատացել են։ Լրագրողները, քաղաքացիները եթե մի քիչ փորձ չունենան, այդ ռեեստրում ուղղակի կխճճվեն»։ Նոր ռեեստրի վերջնական տարբերակի գործարկման ժամկետների, այժմ գործող տարբերակում առկա խնդիրների ու բացակայող գործիքների, բոլոր տարիների հայտարարագրերի տվյալների՝ ամբողջությամբ նոր ռեեստր տեղափոխելու ժամկետների, այլ գործիքների ավելացման անհրաժեշտության և Հանձնաժողովի կողմից այս ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին փորձեցինք զրուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծություն վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ։ Զրույցը այս փուլում հնարավոր չեղավ կազմակերպել՝ պայմանավորված Հակոբյանի խիստ ծանրաբեռնվածությամբ։ Փոխարենը նա խնդրեց Հանձնաժողովին գրավոր ուղարկել մեր արձանագրած խնդիրները։ Սակայն բոլոր խնդիրների, բացակայող կամ առաջարկվող նոր գործիքների վերաբերյալ դետալային քննարկումն ու Հանձնաժողովի տեսակետների հստակեցումը իրատեսական չէ իրականացնել գրավոր ընթացակարգով։   Ի՞նչ լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն կա Ինչպես արդեն նշվեց, հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը, հնի հետ համեմատությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Ստորև ներկայացնում ենք մի շարք գործիքներ, որոնց առկայությունը էականորեն կարող է բարձրացնել լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից պաշտոնյաների հայտարարագրերի արդյունավետ ստուգման և այլ աղբյուրներից ստացվող տվյալների հետ համադրման հնարավորությունը, ինչպես նաև հայտարարագրման գործընթացի և Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը․ API-ի առկայություն, որը հնարավորություն կտա լրատվամիջոցներին, քաղհասարակության ներկայացուցիչներին ստեղծել ռեեստրում առկա տվյալների վերլուծության լրացուցիչ գործիքներ, Հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը որպես մեկ ընդհանուր հայտարարագիր դիտարկելու հնարավորություն։ Այսինքն՝ հաշվիչ, որը կմեկտեղի բոլորի հայտարարագրերի նույնական դաշտերում գտնվող տվյալները և հնարավորություն կտա համալիր պատկեր ունենալ ընտանիքի գույքի, եկամուտների, վարկերի և փոխառությունների մասին։ Հաշվիչը պետք է  հաշվի առնի նաև համատեղ գույքի, միմյանց տրված գույքային և դրամական նվիրատվությունների, համատեղ փոխառությունների, վարկերի առկայությունը։ Ուսումնասիրողի կողմից համակարգում սեփական ռիսկային ցուցանիշների նկարագրման, դրանց համապատասխան տվյալների ֆիլտրացիայի ու արտածման հնարավորություն։ Նման մանրամասն ֆիլտրերի ստեղծման անհնարինության դեպքում առնվազն մի շարք հանրահայտ ռիսկային ցուցանիշներով կամ դրանց  համադրությամբ հայտարարագրերի ֆիլտրման և արտածման հնարավորություն։ Օրինակ՝ ըստ ստացված եկամուտների, ըստ ձեռքբերված գույքի քանակի կամ արժեքի, ըստ կատարված ծախսերի  և այլն։   Մկրտիչ Կարապետյան Կատյա Մամյան
18:19 - 11 նոյեմբերի, 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 և 2020 թվականներին չի հրապարակել իր գործունեության մասին կիսամյակային և տարեկան հաղորդումներն ու բարեվարքության համակարգի վիճակի մասին տարեկան հաղորդումը, որոնք պահանջվում են օրենքով։ Իսկ 2021 և 2022 թվականներին հրապարակվել է այս հաշվետվությունների միայն մի մասը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) Հայաստանում կոռուպիայի կանխարգելան կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։  Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։ 2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։ 2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։ Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում առանձնակի մեծանում է հանձնաժողովի հաշվետվողականության ու թափանցիկության կարևորությունը։    Ինչպե՞ս պիտի ապահովվեն Հանձնաժողովի հաշվետվողականությունը և թափանցիկությունը Հանձնաժողովի հաշվետվողականությանը և թափանցիկությանը վերաբերող հարցերը կարգավորվում են «Կոռուպիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 6-րդ հոդվածով։ Օրենքն, ըստ էության, պահանջում է ներկայացնել 3 տեսակի հաշվետվություններ։ Առաջինը կիսամյակային հաղորդումներն են, որոնք կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, պետք է տեղադրվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Երկրորդը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաղորդումներն են, որոնք պետք է ներկայացվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ընթացքում։ Երրորդը բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումներն են, որոնք պետք է Հանձնաժողովի կայքում տեղադրվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա չորրորդ-հինգերորդ ամիսներին։ Հաղորդումը պետք է շոշափի հանրային ծառայողների բարեվարքության ընդհանուր մակարդակին առնչվող հարցեր։  Բացի վերոնշյալ 3 հաշվետվություններից՝ Հանձնաժողովը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները։ «Ինֆոքոմ»-ն ուսումնասիրել է, թե ինչպես է Հանձնաժողովն ապահովել օրենքով պահանջված հաշվետվողականությունը։   2019 և 2020 թվականներ․ 0 հաշվետվություն Ինչպես վերը նշեցինք, օրենքը Հանձնաժողովի հաշվետվողականության և թափանցիկության 4  ուղղություն է սահմանում՝ կիսամյակային և տարեկան հաղորդումներ, որոշումների հրապարակում և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդում։ 2019 և 2020 թվականներին, սակայն, Հանձնաժողովը ո՛չ տարեկան հաղորդում է ներկայացրել խորհրդարանին, ո՛չ էլ պահանջվող կիսամյակային հաշվետվություններն ու բարեվարքության մասին տարեկան հաղորդումն է հրապարակվել։  Եթե դրանք ներկայացված լինեին, ապա օրենքի պահանջով պետք է  տեղադրված լինեին Հանձնաժողովի կայքում։ Սակայն կայքում այս հաշվետվությունները չկան։   Փաստացի, 2019 և 2020 թվականներին Հանձնաժողովն իր հաշվետվողականության շրջանակում հրապարակել է միայն որոշումներն ու եզրակացությունները։ 2019-ին հրապարակվել է ընդամենը 1 որոշում և 1 եզրակացություն։ 2020-ին Հանձնաժողովը հրապարակել է 4 եզրակացություն և 8 որոշում։  2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումների բացակայությունը հնարավորություն չի տալիս հասկանալու Հանձնաժողովի գործունեության արդյունքները և դրանք համեմատության մեջ դնելու հաջորդող տարիների արդյունքների հետ։ «Ինֆոքոմը» Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչու Հանձնաժողովը չի ներկայացրել 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումները։ Վերջինս առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել։ «Ճիշտ կլինի գրավոր դիմում գրել, համապատասխան մասնագետները պատասխանեն։ Իրավասու չեմ պատասխանել․ դա իմ կոմպետենցիաների մեջ չէ։ Որ բացեք իմ լիազորությունները, կտեսնեք, որ ինֆորմացիա չեմ կարող տալ հաշվետվության մասին»,- ասաց նա։  Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Արամայիս Փաշինյանը, կասկած հայտնեց, որ հաշվետվությունները կարող են կայքի այլ բաժիններում լինել, քանի որ կայքում փոփոխություններ են եղել։ Նա խոստացավ հարցը կոմունիկացնել Հանձնաժողովի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե  որտեղ են Հանձնաժողովի երկու տարվա տարեկան հաշվետվությունները։ Ավելի ուշ Փաշինյանը փոխանցեց, որ հարցի պատասխանը հնարավոր է ստանալ միայն գրավոր հարցման միջոցով։  Մենք գրավոր հարցմամբ կդիմենք հանձնաժողովին և պատասխան ստանալու դեպքում այն ևս կներկայացնենք։   2021-2022-ի հաշվետվությունները՝ կիսատ 2021 թվականի համար Հանձնաժողովը  ներկայացրել է տարեկան հաղորդում։ Բացի այդ՝ Հանձնաժողովը հրապարակել է նաև այդ տարվա առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվություն։ 6 էջից բաղկացած կիսամյակային հաշվետվությունը ներառում է բացառապես կատարված ուսումնասիրությունների ու վարույթների վերաբերյալ քանակական տվյալներ պարունակող աղյուսակներ և ինֆոգրաֆիկաներ։ Ընդ որում, հաշվետվությունը հրապարակվել է 2021-ի նոյեմբերին, թեպետ օրենքը պահանջում էր այն հրապարակել մինչև հուլիսի 10-ը։ Հանձնաժողովի՝ 2021-ի երկրորդ կիսամյակի հաշվետվությունը բացակայում է։ Բացակայում է նաև 2021-ի համար բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։ Հանձնաժողովը 2021-ին հրապարակել է նաև տեղեկանք՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված մեդիա հրապարակումների ուսումնասիրության մասին։ Բացառությամբ 2021-ի սեպտեմբերի՝ Հանձնաժողովը նմանատիպ տեղեկանք չի հրապարակել։  2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ընդամենը 13 որոշում և 3 եզրակացություն։  2022-ի համար ևս Հանձնաժողովը ներկայացրել է տարեկան հաղորդումն ու առաջին կիսամյակի հաշվետվությունը։ Վերջինը, ինչպես և նախորդ տարի, հրապարակվել է հրապարակման՝ օրենքով սահմանված ժամկետի ուշացմամբ։ 2022-ի համար ևս Հանձնաժողովը չի հրապարակել երկրորդ կիսամյակի հաղորդումը  և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։  2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ավելի քան 130 որոշում և եզրակացություն։ 2023-ին Հանձնաժողովն արդեն ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առաջին կիսամյակի հաշվետվությունը, այս անգամ՝ հրապարակման ժամկետների պահպանմամբ։ 2023 թվականին հանձնաժողովն արդեն հրապարակել է 46 որոշում և եզրակացություն։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում ասաց՝ Հանձնաժողովի հաշվետվողականության մասով խնդիրներ կան։ «Առկա հաշվետվությունները հեռու են բավարար լինելուց։ Հանձնաժողովը թերանում է այս հարցում․ թե՛ խնդրահարույց է հաշվետվությունների բովանդակությունը,  թե՛, առհասարակ, խնդիրներ կան որոշ հաշվետվությունների առկայության հետ»,- նշեց նա։     Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
15:44 - 01 նոյեմբերի, 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա

Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերում արձանագրված խնդիրների, ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ «Ինֆոքոմը» նախորդ ամիսներին հրապարակել էր մի շարք հոդվածներ։ Դրանցում առկա որոշ փաստեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից ընթացք են ստացել։  Այդ մասին հոկտեմբերի 3-ին տեղեկացրել են Հանձնաժողովից՝ պատասխանելով այն հարցին, թե այդ հրապարակումների մասով Հանձնաժողովն ինչ  գործընթացներ է նախաձեռնել։ Ստորև ներկայացնում ենք այդ հրապարակումներով արձանագրված խնդիրներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքը։   Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան Այս տարվա մարտին «Ինֆոքոմ»-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «Բյուրեղ» բնակելի համալիրում իր հարևաններից էականորեն ցածր գնով բնակարան է ձեռք բերել։ Մասնավորապես, Սասուն Խաչատրյանի ձեռք բերած բնակարանի մեկ քառակուսի մետրի գինն ավելի ցածր է եղել, քան նույն մասնաշենքում նույն ամսում բնակարան գնած 3 այլ քաղաքացիների դեպքում։ Բնակարանի գնման գործարքում, ըստ էության, Խաչատրյանին կառուցապատողի տրամադրած ընդհանուր «զեղչը» կազմել էր մոտ 28.5 մլն դրամ։ «Բյուրեղ»-ի կառուցապատողը գործարար Աշոտ Արսենյանին ու նրա ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ն էր։  Հակակոռուպցիոն կոմիտեում մինչ այս գործարքը քննվում էր մի գործ, որն առնչվում էր Վայոց ձորում 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելուն․ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։   Արդյունքում այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեց Մալիշկայի համայնքապետը, իսկ Արսենյանին առնչվող դրվագով նախաքննությունը կասեցվեց։ Այս գործընթացները նախորդել էին բնակարանի առքուվաճառքին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչով սահմանված պաշտոնների ցանկում է, և հանձնաժողովն իրականացնում է Սասուն Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների 2021-2022 թթ հայտարարագրերի վերլուծություն, և դրա համատեքստում այս հրապարակումը ևս կներառվի։  Հատկանշական է, որ նշված հոդվածի հրապարակման հաջորդ օրը Հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասել էր՝ թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։ «Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է Գլխավոր դատախազություն»,- ասել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։ Թե ինչպես է ավարտվել այս ուսումնասիրությունը, Հանձնաժողովը մեր հարցման պատասխանում չի նշել։   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և քույրը երկու տարի շարունակ՝ 2020, 2021 թվականներին, չեն ներկայացրել պահանջվող հայտարարագրերը։  Հանձնաժողովը Հայկուհի Հարությունյանի ընտանիքին ծանուցել էր հայտարարագրման պարտականության մասին, սակայն մեկ ամիս անց ծանուցագրերը վերադարձվել էին։ Հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չէին ձեռնարկվել, ինչը Հանձնաժողովը հիմնավորում էր հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի կառուցմամբ պայմանավորված սահմանափակումներով։ Փաստացի ստացվում էր, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2 տարի շարունակ գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագիր չէին ներկայացրել, սակայն դա որևէ հետևանք չէր առաջացրել նրանց համար։ Սա այն դեպքում, որ հենց Հանձնաժողովն է, որ պետք է կանոնակարգի հայտարարագրման գործընթացը, ստանա, ստուգի և վերլուծի ներկայացված հայտարարագրերը։ 2023-ի մայիսի 22-ի նիստում Հանձնաժողովը  քննարկել էր «Ինֆոքոմ»-ի այս հոդվածն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։  Սեպտեմբերի 25-ին, պատասխանելով այդ վերլուծության արդյունքների վերաբերյալ հարցմանը, Հանձնաժողովից տեղեկացրել են․ «Հանձնաժողովն իրականացրել է Հանձնաժողովի անդամների հայտարարագրերի վերլուծությունները, սակայն գործընթացն այս պահին ավարտված չէ, քանի որ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամների պարզաբանումները դեռևս չեն ստացվել։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի անդամների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կհրապարակվեն Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամներից ստացված պարզաբանումների գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո»։   Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյան Օգոստոսի 31-ին գրել էինք Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի հայտարարագրում առկա խնդիրների մասին։  Ղազարյանի 2021-ի հայտարարագրից պարզ է դառնում, որ դատարանի նախագահը տարվա ընթացում 65.4 միլիոն դրամ այնպես է ծախսել, որ չի առաջացել դրանք հայտարարագրելու անհրաժեշտություն։  Հարցին, թե ինչի վրա է ծախսվել 64.5 մլն դրամը, Ղազարյանն պատասխանել է, որ դրա մեծ մասը ներդրվել է բանկում որպես ավանդ հաշվետու տարվա ընթացքում։ Նրա այս պատասխանը նոր հարցեր է առաջ բերում, քանի որ, ըստ հայտարարագրի, Ղազարյանն ավանդն ունեցել է տարվա սկզբի՝ հունվարի 1-ի դրությամբ, իսկ եկամուտները նա ստացել է տարվա ընթացքում։  Հակակոռուպցիոն դատարանի նախագահը նշել է, որ ավանդը ներդրվել է տարվա ընթացքում, և  տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը վրիպակ է։ 2021-ի հայտարարագրի եկամուտների բաժնում Խաչիկ Ղազարյանը նաև չի հայտարարագրել Lexus մակնիշի մեքենայի վաճառքից ստացված գումարը։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։ Հանձնաժողովն, անդրադառնալով Ղազարյանի հայտարարագրի այս դրվագներին, հայտնել է, որ 2022-ի հունվարին Հանձնաժողովը Ղազարյանի վերաբերյալ իրականացրել է բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արյունքում կատարվել է վերջինիս գույքային դրության ուսումնասիրություն, և «դուրս են բերվել որոշակի անհամապատասխանություններ, որոնք արձանագրվել են բարեվարքության խորհրդատվական եզրակացությունում»։  Հանձնաժողովից նաև հայտնել են, որ ներկա օրենսդրական կարգավորումներով բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Մայիսին նաև գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Հանձնաժողով չի ներկայացրել 2021-ի տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022-ին ամուսնու կողմից պաշտոնի ստանձնման հանգամանքով պայմանավորված պահանջվող հայտարարագիրը։   Հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել են, որ 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ Արմինե Պետրոսյանը չի ներկայացրել միայն 2021 թ․ տարեկան հայտարարագիրը, ինչի վերաբերյալ վերջինիս ուղարկվել է թղթային ծանուցում։  Այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան հայտարարագիրը  ներկայացված է։   Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյան Ապրիլի 10-ին գրել էինք, որ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է՝ տարբեր առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ դատախազը տնօրեն է «Ժայռ» ՍՊԸ-ում և «Ջի էքս պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։  Դատախազը վստահեցրել էր՝ վաղուց էր դիմել ռեգիստր՝ տնօրենի լիազորությունները դադարեցնելու համար և չգիտի՝ ինչու այդ տվյալները թարմացված չեն։ Հանձնաժողովը հայտնել է, որ հիմք ընդունելով մեր հարցումը՝ Հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողական վարչությունում կնախաձեռնվի ուսումնասիրություն։    Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյան Այս տարվա օգոստոսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանի հայտարարագրերում առկա ուշագրավ տվյալներին։  Խաչատրյանն, օրինակ, 2019-ի հայտարարագրում՝ տարվա սկզբին առկա տրանսպորտային միջոցների բաժնում, չի հայտարարագրել Infiniti FX 35 մակնիշի ավտոմեքենա, հայտարարագրում առկա չեն նաև տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ, բայց նույն հայտարարագրում ներկայացրել է, որ վաճառել է այդ մեքենան։  2020 թվականի տարեկան հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թ․ ընթացքում 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թ․ հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։  Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը վաճառել է ավտոմեքենաներ, որոնք չի ունեցել։ Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ էին առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների մասով։  Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի (դեկտեմբերի 31) դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։  Նմանատիպ իրավիճակ է նաև Վահե Խաչատրյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում։։  Հանձնաժողովը հայտնել է, որ «Ինֆոքոմ»-ի այս հոդվածում նշված անձանց վերաբերյալ կիրականացնի ուսումնասիրություն, ինչի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կկատարի հայտարարագրերի վերլուծություն։   Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյան 2023-ի հունիսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերին։ Գրել էինք, որ Թադևոսյանի՝ 2021-ին կատարած 40 մլն դրամի ծախսերը որևէ կերպ հայտարարագրում չեն արտացոլվում։ Թադևոսյանը «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էր, որ հայտարարագրի առնչությամբ հաշվետու է միայն Հանձնաժողովին։ Հանձնաժողովը հայտնել է, որ Թադևոսյանի վերաբերյալ ևս կիրականացնի ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության՝ կվերլուծի հայտարարագրերը։    Հրապարակումների հիման վրա ուսումնասիրության իրականացումը Հանձնաժողովի գործառույթներից է լրատվամիջոցների՝ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող հրապարակումների հիման վրա հայտարարագրերի վերլուծությունը իրականացնելը։ Վերոնշյալ բոլոր հոդվածները «Ինֆոքոմը» հրապարակել է 2023 թվականի մարտ-օգոստոս ամիսներին։ Որոշ հրապարակումներից անցել է արդեն 6-7 ամիս, որոշ հրապարակումներից՝ 2-3, սակայն դրանցից միայն երկուսի հիման վրա է Հանձնաժողովը գործողություններ ձեռնարկել․  Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների՝ հայտարարագիր չներկայանելու մասին հոդվածի քննարկման արդյունքում նախաձեռնվել և իրականացվել է Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն, սակայն այս գործընթացն էլ այս պահին դեռևս ավարտված չէ, Խաչիկ Ղազարյանի կնոջը՝ Արմինե Պետրոսյանին, ուղարկվել է թղթային ծանուցում։ Միայն մեր հարցումից հետո Հանձնաժողովը նշել է, որ ևս 4 պաշտոնատար անձանց վերաբերյալ կնախաձեռնվեն ուսումնասիրություններ կամ հրապարակումը կներառվի իրականացվող վերլուծությունում։   Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
21:20 - 31 հոկտեմբերի, 2023
Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 

Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 

2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները, և առաջիկայում պետք է ընտրվեն Հանձնաժողովի նոր անդամներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։  Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների,  Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։ 2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։ 2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։ Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում չափազանց մեծ նշանակություն է ստանում հարցը, թե ովքեր և ինչպես կարող են դառնալ Հանձնաժողովի անդամ։   Հանձնաժողովի անդամի ընտրության կարգի փոփոխությունները Վերջին 4 տարում Հանձնաժողովի անդամների ընտրության կարգը 2 անգամ փոփոխվել է։  2017 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ (Խորհուրդ), որը պետք է կազմված լինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) նշանակված մեկական անդամներից։ Ձևավորված Խորհուրդը կազմակերպելու և անցկացնելու էր Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ։ Մրցույթը պետք է անցկացվեր երեք փուլով․ առաջինը՝ փաստաթղթային ստուգման, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը հարցազրույցի փուլն էր։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը պետք է ներկայացներ Ազգային ժողովի նախագահին, որից հետո Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ պետք է ընտրեր կամ չընտրեր թեկնածուներին։ 2018 թ. իշխանափոխությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացը կաթվածահար եղավ։ Չնայած նրան, որ 2018 թ․ կար ձևավորված Մրցութային խորհուրդ, այնուամենայնիվ Հանձնաժողովի ձևավորման գործընթացն այդպես էլ առաջ չգնաց։  Արդյունքում Հանձնաժովի անդամ ընտրելու կարգը հիմնարար փոփոխության ենթարկվեց։ 2019-ի աշնանը Ազգային ժողովն ընդունեց Արարատ Միրզոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով փոփոխվում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը։ Այս փոփոխությամբ վերացվում էր Մրցութային խորհրդի միջոցով Հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության մրցութային կարգը, և Հանձնաժողովի անդամի պաշտոնի թեկնածուի ուղիղ առաջադրման հնարավորություն էր տրվում Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրին և ԲԴԽ-ին։  Ընդ որում, այս փոփոխությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար սահմանվում էր պաշտոնավարման 3 տարբեր ժամկետ․ Կառավարության և Ազգային ժողովի կառավարող խմբակցության առաջադրած թեկնածուները նշանակվում էին 6 տարի ժամկետով, ընդդիմադիր խմբակցությունների առաջադրածները՝ 4 տարի ժամկետով, իսկ Բարձրագույն դատական խորհրդինը՝ 3 տարի ժամկետով։ Այս կարգով 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամ ընտրեց Կառավարության կողմից առաջադրված Լիլիթ Ալեքսանյանին (6 տարի ժամկետով), «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ Էդգար Շաթիրյանին (6 տարի), «Բարգավաճ Հայաստանի» կողմից՝ Նարեկ Համբարձումյանին (4 տարի), «Լուսավոր Հայաստանի» կողմից՝ Հայկուհի Հարությունյանին (4 տարի), Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ Արամայիս Փաշինյանին (3 տարի)։ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած Հայկուհի Հարությունյանը նորաստեղծ Հանձնաժողովի առաջին նիստում ընտրվեց Հանձնաժողովի նախագահ, իսկ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Էդգար Շաթիրյանը նույն օրը հրաժարվեց հանձնաժողովի անդամի պաշտոնից։ Հանձնաժողովի ձևավորումից ընդամենը 4 ամիս անց Կառավարությունը Ազգային ժողով բերեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որն էլ 2020 թ․ մարտի 25-ին ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Այս նախագծով, կարելի է ասել, վերադարձ էր կատարվում 2017 թվականին ընդունված օրենքով սահմանված՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության կարգին։ Մասնավորապես, նշվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ։ Այս դեպքում, սակայն, մասնակի փոփոխվել էր Խորհրդի անդամներին նշանակող կառույցների ցանկը։ Ինչպես 2017 թ․ կարգավորմամբ էր, Խորհրդի անդամի թեկնածուներ կարող էին առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) և Հանրային խորհրդի փոխարեն Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման լիազորություն էր տրվում Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովին (բոլոր խմբակցությունների կոնսենսուսով) և Կառավարությանը։ Ստացվում է, որ եթե խորհրդարանական կառավարման պայմաններում կառավարող ուժը և նրա ձևավորած կառավարությունը 2017 թ․ կարգավորմամբ որևէ կերպ չէին մասնակցում Խորհրդի ձևավորմանը, ապա հիմա Խորհրդի մեկ անդամի նշանակում է Կառավարությունը, իսկ կառավարող ուժը հնարավորություն ունի ազդելու Ազգային ժողովի կողմից մեկ այլ անդամի նշանակման գործընթացի վրա։   Մրցութային խորհուրդների ձևավորումն ու Հանձնաժողովի անդամի ընտրությունները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում 2020 թ․ կատարված փոփոխությունից ավելի քան 1 տարի անց՝ 2021 թ․ փետրվարի 19-ին, ձևավորվեց Մրցութային խորհուրդը, որում Կառավարությունը նշանակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանին, Ազգային Ժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, ԲԴԽ-ն՝ Արմեն Հարությունյանին, ՄԻՊ-ը՝ Միքայել Խաչատրյանին, Փաստաբանների պալատը՝ Իրինա Փիլոյանին։ Այս Խորհուրդը իր կողմից անցկացված մրցույթի հիման վրա 2021-ի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսի 4-ի փակ գաղտնի քվեարկությամբ չընտրվեց Հանձնաժողովի անդամ: Եվս մեկ մրցույթի անցկացման արդյունքում 2021 թ․ սեպտեմբերին Խորհուրդը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջաջադեց Մարիամ Գալստյանին։ Վերջինս Ազգային Ժողովի կողմից ընտրվեց Հանձնաժողովի անդամ։ 2022 թ․ նոյեմբերի 19-ին լրացավ Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի պաշտոնավարման ժամկետը։ Քանի որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերի 20-ին ձևավորվեց նոր Խորհուրդ։ Խորհրդի կազմում Կառավարությունը նշանակել էր Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին, Ազգային Ժողովը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, ԲԴԽ-ն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանին, ՄԻՊ-ը՝ ՄԻՊ խորհրդական Ազգանուշ Թոթոլյանին, իսկ Փաստաբանների պալատը՝ Պալատի խորհրդի անդամ Մանե Կարապետյանին։ Խորհուրդը 2023 թ․ մարտի 23-ին մրցույթի հաղթող ճանաչեց Արամայիս Փաշինյանին։ Ապրիլի 12-ին Ազգային ժողովը վերջինիս կրկին ընտրեց Հանձնաժողովի անդամ։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։  Քանի որ նույն անձը անընդմեջ կարող է մինչև երկու անգամ նշանակվել Հանձնաժողովի անդամ, նրանք ևս կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամի թեկնածուի մրցույթին։ Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաև բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այսինքն, կարող է լինել մի իրավիճակ, որ Հանձնաժողովը ստուգի մրցույթին մասնակցող իր ներկա կամ նախկին անդամների հարցաթերթիկները։ Ազգային Ժողովի նախագահի կարգադրությամբ 2023 թ․ սեպտեմբերի 8-ին արդեն ձևավորվել է Մրցութային խորհուրդ։    Ովքե՞ր են այժմյան մրցութային խորհրդում Ձևավորված նոր Խորհրդում Կառավարությունը կրկին առաջադրել է Վարչապետի աշխատակազի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին։ Վերջինս շուրջ 15 տարի պաշտոնավարել է Պետեկամուտների կոմիտեի համակարգում։ 2019-2021-ին եղել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Այդ ժամանակահատվածում նա հիմնականում աշխատել է Արայիկ Հարությունյանի հետ։ 2021-ին, երբ Հարությունյանը դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց նրա տեղակալ։  Ազգային ժողովը  Խորհրդում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։ Նա 2005-2013 թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009 թթ.՝ Տնտեսագիտության և իրավագիտության համալսարանի դասախոս, 2014-2018 թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ մի շարք ծրագրերում, 2015-2018 թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ մի շարք ծրագրերի իրավաբան։ Ջուլհակյանը 2019-ից ԱԺ կառավարող խմբակցության անդամ է, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։  Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արմինե Թումասյանին։ Թումասյանը ներկայումս Դատական դեպարամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնակատարն է։ Դրանից առաջ նա եղել է Դատական դեպարտամենտի՝ Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստ­ման և որոշումների նախագծերի մշակման բաժնի պետ։  Մարդու իրավունքների պաշտպանը առաջադրել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանին։ 2016-ի հոկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը Փիրումյանը եղել է ՄԻՊ խորհրդական։ Դրանից հետո եղել է Սահմանադրական դատարանում ՄԻՊ-ի ներկայացուցիչ և Պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար, նաև աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում։ 2015 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում և Արդարադատության ակադեմիայում։ Փիրումյանը ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար է այս տարվա մայիսից։  Փաստաբանների պալատն էլ առաջադրել է պալատի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։ Վերջինս այդ պաշտոնին է  2021-ից։    Որոշողը, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնությունն է Ինչպես և նախորդ երկու Խորհուրդների դեպքում, այս դեպքում ևս Ազգային ժողովն առաջադրել է իշխող խմբակցության պատգամավորի։ Եվս մեկ անդամի առաջադրել է կառավարող ուժի ձևավորած Կառավարությունը։ Ստացվում է, որ անկախ Խորհրդի ձևավորմանը մասնակցող այլ մարմինների առաջադրած՝ Խորհրդի անդամների վրա ազդեցության առկայությունից կամ բացակայությունից՝ Խորհրդի այս երկու անդամները անմիջականորեն կրում են կառավարող քաղաքական ուժի ազդեցությունը։ Բացի այդ, չնայած Մրցութային  խորհրդի գոյությանը, Հանձնաժողովի անդամի ընտրությունն ունի քաղաքական բաղադրիչ, և եթե կայացվի որոշում, քաղաքական մեծամասնությունը կարող է չընտրել թեկնածուին։ Նման նախադեպ արդեն եղել է․ ինչպես արդեն նշել ենք, 2021 թվականի մայիսին մրցութային խորհուրդը անցկացված մրցույթի հաղթող էր ճանաչել Տաթևիկ Բարսեղյանին, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց հանձնաժողովի անդամ։  Հետևաբար, Խորհրդի կազմավորման, նրա միջոցով մրցութային եղանակով թեկնածուի առաջադրման ներկա կարգը չի նվազեցնում Հանձնաժողովի անդամ ընտրելու հարցում քաղաքական մեծամասնության հայեցողականությունը։ Ավելին՝ ձևավորման այս կարգով և լիազորությունների այս շրջանակով Խորհրդի առկայությունը որոշակիորեն կարող է նվազեցնել  քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունը իրենց կողմից ընտրված Հանձնաժողովի անդամի գործողությունների համար ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով, անկախ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային կարգից, քաղաքական մեծամասնությունը կրում է այդ ընտրության համար պատասխանատվություն։ «Միևնույն է, մեծամասնությունն է կրում պատասխանատվությունը, քանի որ թեկնածուի ընտրության ամենավերջում հենց ինքն է իր քվեարկությամբ ընտրում կամ մերժում Հանձաժողովի անդամի թեկնածուին։ Բացի սրանից՝ կառավարությունն ունի  հակակոռուպցիոն քաղաքականություն, և Հանձնաժողովն այդ քաղաքականության կատարող օղակ է, ու անկախ հանգամանքից՝ մրցութայինո՞վ է ընտրված Հանձնաժողովի անդամը, թե՞ քաղաքական ուժի կողմից, նա իրականացնելու է այդ պահի հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- նշում է Այվազյանը։  Վերջինիս համոզմամբ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային մեխանիզմը սկզբունքորեն ճիշտ ճանապարհ է․ այլ հարց է, թե որքանով է այս մեխանիզմը աշխատում։  «Օրինակ, մարդիկ կարող են չդիմել՝ ելնելով այն կարծրատիպից, որ ընտրվելու է այն մարդը, որին պաշտպանում է ՔՊ-ն, որը կապեր ունի ՔՊ-ի հետ։ Սա կանխարգելում է, որ իրական մրցույթ լինի։ Մրցութային եղանակի մեջ ես սխալ բան չեմ տեսնում․ միգուցե մրցույթը լավ չանցկացվի, լինեն բացթողումներ, բայց մրցույթը բերում է մրցակցություն, կարողունակությունների համեմատություն, ու այն, որ դա այսօր չի աշխատում, չի նշանակում, որ մրցութային կարգը սկզբունքորեն ճիշտ չէ»,- ասում է Սոնա Այվազյանը։    ԿԿՀ անդամին ներկայացվող պահանջները նվազեցվել են 2019 թվականին իրականացված փոփոխություններով նվազեցվել են նաև Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները։ 2017-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովի անդամին ներկայացվում էին այն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։ Սա նշանակում է, որ Հանձնաժողովի անդամ կարող էին դառնալ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող, ընտրելու իրավունք ունեցող, հայերենին տիրապետող անձինք։  Բացի այդ՝ Հանձնաժողովի անդամը պետք է ունենար բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում: 2019-ին արված փոփոխություններով նախ դուրս է եկել Հանձնաժողովի անդամի՝ 25 տարին լրացած լինելու մասին պահանջը, ինչպես նաև վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու ու 4 տարի մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջները։ Պահպանվել է ՀՀ քաղաքացի լինելու պահանջը։ Բացի այդ՝ 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի փոխարեն այժմ բավարար է ունենալ 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): 2019-ի փոփոխություններով նաև սահմանվեց, որ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է լինի բարձրագույն իրավաբանական կրթությամբ, իսկ մյուսը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ։  Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը,  որը դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,  որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում,  որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն: Նշված սահմանափակումները փոփոխության չեն ենթարկվել։   Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
11:28 - 31 հոկտեմբերի, 2023
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարբերաբար խոսում են թափանցիկ եւ հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պաշտոնատար անձինք երբեմն խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների կամ կարգի խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։  Infocom-ն առանձնացրել է այս տարվա երկրորդ եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել է աշխատանքի ընթացքում։ Նախորդ եռամսյակի ամփոփումը կարող եք կարդալ՝ այստեղ։ Քաղաքապետարանը օրենքով սահմանված ժամկեկտի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը Մարտի 28-ին Infocom-ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Այս հարցադրումը ծագել է՝ պայմանավորված նրանով, որ Երեւանի քաղաքապետի՝ այդ ժամանակ գործող որոշման համաձայն՝ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես գիտենք, ոչ թե Տիգրան Ավինյանն է, այլ Լեւոն Հովհաննիսյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել ենք նաեւ հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին զանգահարել ենք Քաղաքապետարանի լրատվության վարչություն, որտեղից, սակայն, հայտնել ենք, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։ Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում պատասխանի տրամադրմանը։ Քաղաքապետարանն ի վերջո պատասխանել է մեր հարցմանը մայիսի 5-ին՝ օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո։  Պատասխանում, ի թիվս այլնի, ասված է, որ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Այսինքն՝ Ավինյանի կողմից խորհրդակցությունը վարելուց օրեր անց դրա համար ստեղծվել են իրավական հիմքեր։  Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է պատասխանել գրավոր հարցմանը Մայիսի 11-ին Infocom–ը դիմել է Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ բողոքարկե՞լ են արդյոք «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ նախաձեռնության 6 անդամները, որ մեղադրվում էին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռով արդարացվել էին։ Գլխավոր դատախազությունն ու Նարեկ Մալյանը բողոքարկել էին դատավճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ էր թողել։  Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնից ասել են՝ գործով նորություն դեռ չկա, որոշելուն պես կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ որոշման հրապարակումից անցել էր ավելի քան երկուսուկես ամիս, որի ընթացքում, ենթադրվում է, այն ուղարկվել էր կողմերին, անհասկանալի է, թե ինչ ասել է՝ գործով որոշում դեռ չկա, հատկապես հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից սկսած։ Ուստի մայիսի 15-ին մենք արդեն գրավոր հարցում ենք ուղարկել Դատախազություն՝ խնդրելով հստակ հայտնել՝ ստացե՞լ են արդյոք Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը, եթե այո, ապա երբ։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ բողոքարկե՞լ են կամ նախատեսո՞ւմ են բողոքարկել հիշյալ որոշումը։ Եթե որոշվել է չբողոքարկել, խնդրել ենք այդ մասին եւս հայտնել։  Մեր գրավոր հարցմանը Դատախազությունը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտամբ՝ մայիսի 24-ին։ Ըստ պատասխանի՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը Դատախազությունում ստացվել է ապրիլի 4-ին։ Սա նշանակում է, որ Դատախազությունն այն կարող էր բողոքարկել մինչ մայիսի 4-ը, ուստի մայիսի 11-ի մեր բանավոր հարցի ժամանակ Դատախազությունը պարզապես չէր կարող այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չունենալ, թեեւ մեզ նման պատասխան տրվեց։ Այնուհանդերձ, գրավոր պատասխանով Դատախազությունն արդեն հաղորդել է, որ քննարկման արդյունքում որոշվել է վճռաբեկ բողոք չներկայացնել։ Ըստ ՏՎԽ–ի՝ ԿԿՀ գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության նորմերին 2023 թվականի մայիսի 11-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Infocom-ի լրագրողից առաջ եւ առանց նրա համաձայնության իր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում հրապարակում էր նրա գրավոր հարցումներն ու դրանց պատասխանները` նման գործելակերպը պայմանավորելով Infocom-ի աշխատանքի վերաբերյալ իր սուբյեկտիվ եւ իրականության հետ աղերս չունեցող գնահատականներով։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու փորձագիտական կարծիք նշված խնդրի եւ այսպիսի գործելակերպով առաջ բերվող ռիսկերի վերաբերյալ։ Դիմումին ի պատասխան՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հունիսի 5-ին տրամադրել է փորձագիտական կարծիք, որով արձանագրել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու այնպիսի կարգ, երբ պետական մարմինը դիմողին գրավոր պատասխան ուղարկելու փոխարեն այն հարցման հետ մեկտեղ հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Ուստի, ըստ ՏՎԽ-ի, պահանջվող տեղեկությունը տրամադրվել է օրենսդրությամբ չնախատեսված կարգով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտմամբ։ Միաժամանակ ՏՎԽ-ն նշել է, որ խախտվել են տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքները երաշխավորող ՀՀ Սահմանադրության 34-րդ եւ 51-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ եւ 10-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» եւ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։ Անկախ փորձագիտական կարծիքի հրապարակումից հետո ԿԿՀ–ն դադարեցրել է այդ գործելակերպը։ Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։    Միլենա Խաչիկյան
15:37 - 13 հուլիսի, 2023
ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի

ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնել։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի 2020-2022 թվականների հայտարարագրերը, որտեղ առկա են մի շարք ուշագրավ տվյալներ, որոնք ևս կարող են Հանձնաժողովի վերլուծության առարկա հանդիսանալ։ Նաև փորձել ենք հասկանալ, թե որքանով է արդարացված օրենսդրական այն կարգավորումը, որ Հանձնաժողովն է ստուգում իր անդամների հայտարարագրերը։ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների կողմից 2020, 2021 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրեր չներկայացնելու վերաբերյալ «Ինֆոքոմ»-ի հրապարակումն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 22-ին։ Հանձնաժողովի՝ 2023 թվականի մայիսի 22-ի նիստի արձանագրությունից քաղվածք «Հանձնաժողովի նախագահի և անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կամփոփվեն և պատրաստ լինելուն պես կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- տեղեկացրել են Հանձնաժողովից՝ ի պատասխան Հայկուհի Հարությունյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերում առկա որոշ տվյալների և Հանձնաժողովի անդամների 2021 թվականի հայտարարագրերի վերլուծության մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը։ Հանձնաժողովը նշել է նաև, որ վերլուծության շրջանակում, ի թիվս այլնի, ներառվել են նաև «Ինֆոքոմ»-ի բարձրացրած հարցերը։ Այդ հարցերին դեռ կանդրադառնանք այս հոդվածում։   2021 թվականին զրոյացած բանկային ավանդը Հայկուհի Հարությունյանը 2020 թվականի տարեվերջի և 2021 թվականի տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է շուրջ 30.7 միլիոն դրամ՝ որպես բանկային ավանդ։ 2021-ի տարեվերջին, սակայն, բանկային այս ավանդը զրոյացել է։  2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային ավանդը 2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն դրամը։ Բացի դրանից՝ հայտարարագրման ենթակա է ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն դրամը։ Հայկուհի Հարությունյանի հայտարարագրում ծախսեր չեն արտացոլվել, հետևաբար ողջամտորեն հարց է ծագում, թե 30.7 միլիոն դրամի չափով ավանդը 2021-ին ուր է ուղղվել, և 30.7 միլիոն դրամն ինչպես է իրացվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարով 3 միլիոն դրամը։ «Ինֆոքոմ»-ը ապրիլի 28-ին Հանձնաժողով հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչ ուղղություններով են ծախսվել Հարությունյանի այդ ավանդի գումարները և ինչու չեն արտացոլվել ծախսերի հայտարարագրում։ Հարցմանն ի պատասխան՝ Հայկուհի Հարությունյանը պատասխանել է, որ «ավանդի միջոցները՝ որպես հայտարարագրման ենթակա ծախս, չեն օգտագործվել ու չեն տնօրինվել»։  Ապրիլի 28-ի հարցման պատասխանը Հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ նշված դրամական միջոցները գոյացել են մինչեւ 2018-ի նոյեմբերը, և դրանք ստացվել են աշխատանքային այլ գործունեության արդյունքում։  Մեր զրույցում Հարությունյանը պարզաբանեց՝ հայտարարագրում նշված ավանդը ոչ թե ծախսվել է կամ կորել, այլ տեղափոխվել է ընթացիկ հաշիվներ. «Ավանդն ու դրա վրա հավաքված տոկոսները տեղափոխվել են ընթացիկ հաշիվ։ Դա արտացոլված է 2022 թվականի իմ հայտարարագրում»,- հայտնեց Հայկուհի Հարությունյանը։    Մեկ օրվա ընթացքում զրոյացած դրամական միջոցներ Հայկուհի Հարությունյանի՝ 2020-2021 թվականների հայտարարագրերում կա մեկ այլ ուշագրավ տվյալ։ 2020 թվականի տարեվերջի դրությամբ (դեկտեմբերի 31) Հարությունյանը «Դրամական միջոցներ» բաժնի «Բանկային հաշիվների մնացորդներ» ենթաբաժնում հայտարարագրել է 1 815 554 դրամ, 525 դոլար և 7084 եվրո։ Միևնույն ժամանակ, 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 815 554 դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ տվյալները պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի դրությամբ։ Սա նշանակում է, որ Հայկուհի Հարությունյանի դրամական միջոցներից 7084 եվրոն ու 525 դոլարը մեկ օրվա ընթացքում զրոյացել են։  2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները 2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները Հարությունյանը մեր զրույցում վստահեցրեց՝ այդ միջոցները միանշանակ չեն ծախսվել. «Կարող եմ միանգամից ասել՝ անհնար է, որ դա ծախս է։ Դա կարող է հավաստվել 2022-ի հայտարարագրով, հավանաբար տեխնիկական խնդիր է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը։  Նրա հավաստիացմամբ՝ իր հայտարարագրին առնչվող այս դրվագները ստուգվելու են մայիսի 22-ի որոշման շրջանակում․ «ԿԿՀ անդամների հայտարարագրերի ստուգումն ընթացքի մեջ է, որպեսզի դրա նկատմամբ այլ կասկած, անաչառության հետ կապված խնդիրներ չլինեն, ԿԿՀ-ն այդ ստուգման արդյունքները կամփոփի հանրային տարբերակով։ Նույնիսկ այն տվյալները, որոնց հանրային հասանելիություն չկա, օրինակ՝ բանկային գաղտնիք և այլն, դրանք ևս վերլուծության մաս են լինելու, ու Հանձնաժողովը կներկայացնի հետաքրքրված լրագրողներին»,- ասաց Հարությունյանը՝ չբացառելով, որ այդ հայտարարագրերում կարող են լինել սխալներ։    Առերևույթ խնդիր՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում Հայկուհի Հարությունյանի հայտարարագրերից մեկում առկա մեկ այլ ուշագրավ դրվագ ևս կարող է Հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնալ։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականի ընթացքում Հայկուհի Հարությունյանի հանձնած փոխառություններն աճել են 10.5 մլն դրամով, բանկային ավանդներն ավելացել են 17.8 մլն դրամով, բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների մնացորդներն աճել են 1.7 մլն դրամով, մոտ 3500 դոլարով և 1347 եվրոյով (տարվա վերջին առկա գումարները՝ համեմատած տարվա սկզբին առկա գումարների հետ)։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Հարությունյանի ֆինանսական միջոցներն աճել են ավելի քան 30 մլն դրամով, մոտ 3500 դոլարով ու 1347 եվրոյով, մինչդեռ նրա 2022 թվականի եկամուտները կազմել են ընդամենը 23.5 միլիոն դրամ։  Սրանից հետևում է, որ ֆինանսական միջոցներն ավելի շատ են աճել, քան եղել են եկամուտները։  2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված հանձնված փոխառությունները, բանկային ավանդները և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները Հունիսի 27-ին գրավոր հարցմամբ Հանձնաժողովից պարզաբանումներ խնդրեցինք Հարությունյանի հայտարարագրի այս դրվագի վերաբերյալ։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հարցմամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի և այլ անդամների ներկայացրած հայտարարագրերին առնչվող այլ հարցերը ներառված են համալիր վերլուծության շրջանակում, ուստի հայտարարագրերի վերլուծության արդյունքներն ամփոփելուց և Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո հնարավորություն կունենանք ծանոթանալ դրանց: Հունիսի 27-ի հարցման պատասխանը   Հանձնաժողովի անդամների՝ 2021 թվականի հայտարարագրերը ստուգվել են 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին։ Այս որոշմամբ, ըստ էության, սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց 2021 թվականի հայտարարագրերի ստուգումը Հանձնաժողովի առաջնահերթությունն է։ Այդ ցանկում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականացվե՞լ է վերջիններիս 2021 թվականի հայտարարագրերի ստուգում։ Հարությունյանն ասաց, որ այդ հայտարարագրերը ստուգվել են, ու դրանցում խնդիրներ չեն հայտնաբերվել։ ԿԿՀ-ն, որ կարող է ուսումնասիրել նաև բանկային քաղվածքներ, դրա հիման վրա ստուգումներ է անցկացրել ու անձի եկամուտների և ծախսերի տեսանկյունից օրինականության խնդիր չի արձանագրել ԿԿՀ անդամների հայտարարագրերում։ Հարությունյանի խոսքով՝ քանի որ հրապարակում է եղել (նկատի ունի «Ինֆոքոմ»-ի հրապարակումը՝ իր ընտանիքի անդամների կողմից 2020, 2021թթ հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ), և կասկածները վերացնելու կարիք կա, որոշում են ընդունել ստուգել ԿԿՀ անդամների ոչ թե մեկ տարվա, այլ 2019-ից ի վեր ներկայացված հայտարարագրերն ու դրանք դնել համեմատության մեջ։    Հանձնաժողովի անդամների հայտարարագրերը ստուգում է Հանձնաժողովը ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հանձնաժողովի  անդամի հայտարարագիրը ստուգում է հենց Հանձնաժողովը, իսկ այն անդամը, որի վերաբերյալ կարող է որոշում կայացվել, չի մասնակցում քվեարկությանը (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մաս): Որքանո՞վ է այս կարգավորումն ապահովում հակակշիռներ և զերծ պահում շահերի բախումից՝ հետաքրքրվեցինք Հանձնաժողովի նախագահից։ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց՝ ստուգումներն իրականացնում է ԿԿՀ աշխատակազմը՝ համապատասխան վարչությունը, ԿԿՀ անդամների ու աշխատակազմի միջև կա տարանջատվածություն. «Եթե այդպես չլիներ, դուք չէիք էլ իմանա, որ իմ ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացրել։ Եթե ստուգումների արդյունքները հանրային են, դրանով ռիսկը չեզոքացված է»,- ասաց Հարությունյանը։  «Ինֆոքոմ»-ը Արդարադատության նախարարությունից փորձեց պարզել՝ որքանո՞վ է այս կարգավորումը պահպանում հակակշիռներ, և արդյոք շահերի բախման վիճակ ստեղծելուն նպաստելու ռիսկեր չի՞ պարունակում։ Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են. «​​Նշված մեխանիզմն ընդունելի է և գործում է նաև այլ վարույթների դեպքում, մասնավորապես, տարբեր մարմիններում (օրինակ՝ ՍԴ, ԲԴԽ և այլն,-հեղ․) պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը չի մասնակցում այն անդամը, որի վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթը։ Այս պահի դրությամբ առկա օրենսդրական կարգավորումների փոփոխության հարց չի քննարկվում»։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նկատեց՝ գործող մեխանիզմը տարածված է աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանի դեպքում առանձնահատկությունն այն է, որ ինստիտուտների թերկայացվածություն կա, ինչը ռիսկերը չի բացառում։  «Իդեալական պայմաններում հանձնաժողովի 5 անդամներից 4-ը պետք է ունակ լինեն որոշում կայացնել, բայց այստեղ պիտի քննարկել նաև՝ արդյոք ԿԿՀ աշխատակազմն ունի՞ կաշկանդվածություն, թե՞ ոչ»,- կարծիք հայտնեց Սահակյանը՝ շեշտելով, որ գործող մեխանիզմին այլընտրանք կարող է լինել խնդրի հանրայնացումը կամ Դատախազության կողմից գործընթացի նախաձեռնումը։  Դատախազությունը, ըստ նրա, մամուլի հրապարակման հիման վրա կարող է քրեորեն պատժելի արարքներ հայտնաբերել և ունի որոշակի ինքնուրույնություն, կարող է պահանջել ԿԿՀ անդամի հայտարարագիր և ուսումնասիրել այն։ Բայց Դատախազությունը կարող է միջամտել, եթե առկա է քրեական արարք․ վարչական խախտման դեպքում նրա գործառույթները սահմանափակ են։  «Ներկա կարգավորումը միջազգային ստանդարտներին չի հակասում, մանավանդ երբ գործ ունենք կոլեգիալ անդամների հետ։ Հայաստանում խնդիր կա ինստիտուտների կայացվածության, ու, իմ կանխատեսմամբ, այս մեխանիզմն ավելի շատ չի աշխատի, քան կաշխատի»,- եզրափակեց Սահակյանը։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա ՄամյանԳլխավոր լուսանկարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից
16:07 - 07 հուլիսի, 2023
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել
 |hetq.am|

Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ: Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը՝ հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում՝ փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում: Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը: Բայց արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելը որեւէ առնչություն ունի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ըստ ԱՆԻՖ-ի՝ այո: Ահա թե ինչպես է վերջինս դեռ նախորդ տարվա նոյեմբերին փորձել հիմնավորել այդ առնչությունը. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»: Սակայն ԿԿՀ-ն, ըստ էության, այլ կարծիքի է եղել, ինչն էլ Ավինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Հանձնաժողովը վարույթ հարուցելու որոշման մեջ մեջբերել է ոչ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի սահմանափակումները, այլեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում: ԿԿՀ-ն կասեցրել է վարույթը. ինչու՞ 2022 թ. դեկտեմբերին հարուցված վարույթի վերջնաժամկետը մինչեւ մարտի 12-ն էր, որը ԿԿՀ-ն երկարաձգել էր եւս մեկ ամսով: Սակայն ապրիլի 12-ին, երբ պիտի պարզ դառնար՝ ի վերջո, Տ. Ավինյանը խախտե՞լ է անհամատեղելիության պահանջները, թե՞ ոչ, Հանձնաժողովն այլ որոշում կայացրեց: ԿԿՀ-ն որոշեց կասեցնել վարույթը: Հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց բուն որոշումը, սակայն ապրիլի 17-ին հայտարարեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից»: Այս հայտարարությունն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պարզություն մտցնում: «Հետքի» առաջին հարցումից հետո ԿԿՀ-ն միայն տրամադրեց իր կայքում տեղադրված այս հայտարարության հղումը, սակայն երկրորդ հարցումով խնդրեցինք տրամադրել վարույթը կասեցնելու բուն որոշումը: Մեր այս հարցումից հետո՝ հունիսի 8-ին (որոշումը կայացնելուց շուրջ 2 ամիս անց), Հանձնաժողովն իր կայքում հրապարակեց այն՝ որոշ հատվածներով փակելով: ԿԿՀ-ի որոշման բաց հատվածներում, մասնավորապես, նշվում է, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է դարձել 2019 թ. հուլիսի 8-ին, երբ ՀՀ փոխվարչապետ էր (2018-2021 թթ.): Հանձնաժողովն ԱՆԻՖ-ից պահանջել է 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները: «Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- նշել է ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի գործով վարույթը կասեցնել, իսկ դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ քրեադատավարական ընթացակարգերի շրջանակնում դրանք գնահատելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ ընթացք տալու համար: Այս որոշումն, օրենքի պահանջով, ուղարկվել է նաեւ Տ. Ավինյանին: Քրեական վարույթ է սկսվել Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնել է, որ ԿԿՀ-ից ստացված համապատասխան փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը): Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում
16:55 - 13 հունիսի, 2023
Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի հարազատներին պատասխանատվության կանչելու հարցում
 |hetq.am|

Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի հարազատներին պատասխանատվության կանչելու հարցում |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը եւ չի շտապում որեւէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով: Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ: 2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գեւորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գեւորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ: Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին ու նրա մորը, ապա ԿԿՀ-ն մի տարուց ավելի «չի կողմնորոշվում», իսկ ավելի ճիշտ, ինչ-ինչ պատճառներով խուսափում է նրանց պատասխանատվության ենթարկել, չնայած որ մեր հիշատակածից ավելի շատ խախտումներ է արձանագրել Հակոբյանի ու Մկրտչյանի հայտարարագրերը վերլուծելիս: ԿԿՀ-ն այդպես էլ վարույթ չի սկսել Փաշինյանի հարազատների մասով 2022-ի ապրիլին «Հետքը» գրել էր, որ Փաշինյանի աներորդին ու զոքանչը իրենց 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում չեն նշել, որ Կիմա Մկրտչյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում ունի 70 % փայ, իսկ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում՝ 80 %: Մեր հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն այս անձանց հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն էր սկսել: 2022-ի սեպտեմբերին ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունն ավարտված է եւ ներառված Հանձնաժողովի առաջիկա նիստում: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա ԿԿՀ-ն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 օր ժամկետ։ Եթե այս ժամկետում հայտարարատուն չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա ԿԿՀ-ն նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Գլխավոր դատախազություն: ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2022-ի սեպտեմբերին «Հետքին» հայտնել էր, որ պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չստանալու դեպքում Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի վերաբերյալ գործի նյութերը կուղարկվեն Գլխավոր դատախազություն։ Անդրադառնալով այս ինֆորմացիային՝ նշել էինք, որ Մկրտչյանի ունեցած բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել նաեւ Հրաչյա Հակոբյանի 2021 թ. տարեկան հայտարարագրում (մեր առաջին հոդվածը հրապարակվել էր այս հայտարարագիրը լրացնելուց առաջ), իսկ ինքը՝ Կիմա Մկրտչյանը, 2022-ի սեպտեմբերի դրությամբ 2021-ի տարեկան հայտարարագիր ընդհանրապես չէր ներկայացրել, չնայած դրա վերջնաժամկետը 2021-ի մայիսի 31-ն էր: Սա պետք է պարզած լիներ հենց ԿԿՀ-ն, որը վարչապետի զոքանչի թերացումից հետո պարտավոր էր ծանուցում ուղարկել նրան եւ հայտարարագիրը ստանալ 30-օրյա ժամկետում, չստանալու դեպքում՝ տուգանել Մկրտչյանին: Բայց Հանձնաժողովը փաստացի ուշադրություն չի դարձրել այս հանգամանքին ու սպասել է այնքան, մինչեւ այդ մասին 4 ամիս անց հրապարակել է «Հետքը», ինչից հետո նոր ծանուցում է ուղարկել Փաշինյանի զոքանչին: Բայց նույնիսկ այդքանից հետո Կ. Մկրտչյանը 2021 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել 2 ընկերություններում ունեցած բաժնեմասերը: Այսպիսով՝ ո՛չ Հրաչյա Հակոբյանը, ո՛չ Կիմա Մկրտչյանը 2019-2021 թթ. իրենց 3-ական հայտարարագրերում չեն հիշատակել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, ինչն օրենքի խախտում է: Եթե ԿԿՀ-ն Հայկ Գեւորգյանի հայտարարագրերը վերլուծելուց հետո 2022 թ. նոյեմբերին նրա վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմել, ինչից հետո սկսել էր վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ (վերջնարդյունքում էլ՝ տուգանել Գեւորգյանին), ապա Հակոբյանի ու Մկրտչյանի մասով նման բան չի արել՝ վարույթ չի սկսել: Ըստ ԿԿՀ-ի՝ առերեւույթ խախտումները վերաբերում են լրացման կարգին Հատկանշական է, որ «Հետքի» հերթական հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, թե Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում արձանագրվել են հայտարարագրերի լրացման կարգի առերեւույթ խախտումներ: Սա էական հանգամանք է: Հարցն այն է, որ եթե խախտումը վերաբերում է լրացման կարգին, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը որպես պատասխանատվության միջոց սահմանում է ընդամենը նախազգուշացում: Իսկ եթե խոսքը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու մասին է, ապա կիրառվում է 200.000-400.000 դրամ տուգանք, ինչպես որ եղել է Հայկ Գեւորգյանի պարագայում: Փաստորեն, վարչապետի աներորդին ու զոքանչը 3 տարի շարունակ չեն հայտարարագրել վերջինիս ունեցած փայաբաժինները երկու ընկերություններում, իսկ ԿԿՀ-ն ասում է, որ այդպիսով ոչ թե սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ են ներկայացվել, այլ խախտվել է հայտարարագիր լրացնելու կարգը: Երբ նույն խախտումն արել էր Հայկ Գեւորգյանը, որը 10 % ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում եւ 20 %՝ «Նիկան հրատարակչությունում», ԿԿՀ-ն դա համարել է ոչ ամբողջական տվյալների ներկայացում (սրա պարագայում, ինչպես ասվեց, նախատեսված է 200.000-400.000 դրամ տուգանք): Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:31 - 06 հունիսի, 2023
ԿԿՀ գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության նորմերին․ Տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ ««Ինֆոքոմն» ընդդեմ ԿԿՀ» տեղեկատվական վեճի վերաբերյալ

ԿԿՀ գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության նորմերին․ Տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ ««Ինֆոքոմն» ընդդեմ ԿԿՀ» տեղեկատվական վեճի վերաբերյալ

2023 թվականի մայիսի 11-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում հրապարակում է infocom.am-ի հարցումներն ու դրանց պատասխանները` նման գործելաոճը հիմնավորելով infocom.am-ի աշխատանքի վերաբերյալ իր սուբյեկտիվ և իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատականներով։  Հաշվի առնելով վերոգրյալը՝  infocom.am-ի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ ստանալու փորձագիտական կարծիք նշված խնդրի եւ այսպիսի գործելակերպով առաջ բերվող ռիսկերի վերաբերյալ։  Ստորև ամբողջությամբ և առանց խմբագրման ներկայացնում ենք Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական կարծիքը ««Ինֆոքոմ» լրատվական կայքն ընդդեմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» տեղեկատվական վեճի վերաբերյալ:    Փաստերը 2023 թվականի մայիսի 10-ին infocom.am լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի ընտանիքի անդամ Արմինե Հարությունի Պետրոսյանը ինչո՞ւ 2021-ին չի ներկայացրել համապատասխան հայտարարագիր։ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ԿԿՀ-ն Պետրոսյանի հայտարարագրի առկայությունն ապահովելու համար։ Արդյո՞ք ծանուցվել է Պետրոսյանը նման պարտականության վերաբերյալ, և ի՞նչ արձագանք է եղել։ Հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան» վերտառությամբ հրապարակում հետևյալի մասին. «Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով»: Այնուհետև Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում հրապարակել է լրագրող Մկրտիչ Կարապետյանի տեղեկություն ստանալու վերոնշյալ հարցումը և Հանձնաժողովի պաշտոնական պատասխանը, որում մեկ անգամ ևս նշվել է, որ այսուհետ լրագրողի հարցումների պատասխանները տրվելու են բացառապես հրապարակային կարգով։ Ս. թ. մայիսի 23-ին Հանձնաժողովի կայքում հրապարակվել է մայիսի 12-ին լրատվամիջոցից ստացած հաջորդ հարցումը և Հանձնաժողովի պաշտոնական պատասխանը։ Infocom.am լրատվական կայքի խմբագրությունը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով տրամադրել փորձագիտական կարծիք, թե արդյո՞ք լրագրողի տեղեկություն ստանալու հարցումներին հրապարակային եղանակով պատասխանելը, լրագրողից առաջ եւ առանց նրա համաձայնության նրա հեղինակային աշխատանքի մաս համարվող գրավոր հարցման և դրան տրված պաշտոնական պատասխանի հրապարակումը չի հանգեցրել լրագրողի հեղինակային իրավունքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտման։ Նշենք նաև, որ լրատվամիջոցի և Հանձնաժողովի միջև առկա է մեկ այլ տեղեկատվական վեճ։ Հանձնաժողովը ս.թ. մայիսի 10-ին դիմել էր խմբագրությանը՝ պահանջելով հերքում և պատասխանի հրապարակում մեկ այլ նյութի առիթով, ինչպես նաև ամբողջությամբ հեռացնել մայիսի 6-ին կայքում հրապարակված «ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել. վարույթ չի նախաձեռնվել» վերնագրով հոդվածը։ Լրատվամիջոցը մերժել է Հանձնաժողովի պահանջը։   Եզրահանգում Խորհուրդն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքի։ Նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու այնպիսի կարգ, երբ պետական մարմինը դիմողին գրավոր պատասխան ուղարկելու փոխարեն այն հարցման հետ մեկտեղ հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Տվյալ դեպքում, փաստորեն, պահանջվող տեղեկությունը տրամադրվել է օրենսդրությամբ չնախատեսված կարգով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտմամբ։  Այս գործողությամբ խախտվել է նաև Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 22-ին։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածից բխում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, այսինքն Հանձնաժողովը գործել է կամայականորեն և չի առաջնորդվել օրենքով։ Երկրորդ. օրենքի գերակայության սկզբունքից բխում է, որ հանրային մարմինները պարտավոր են պատճառաբանել իրենց որոշումները՝ որպես նվազագույն պահանջ առնվազն վկայակոչելով օրենսդրական նորմը, որի վրա հիմնվել են։ Դա կարևոր է, որպեսզի հնարավոր լինի վերահսկել, թե արդյո՞ք պետական կառույցները գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում։ Լրագրողի հարցմանն օրենքով չսահմանված կարգով պատասխանելիս Հանձնաժողովն առաջնորդվել է ենթադրությամբ, դեռեւս գոյություն չունեցող հոդվածում լրագրողական  բարեխղճության իր սուբյեկտիվ գնահատմամբ, այլ ոչ թե իրավական նորմով։ Երրորդ. Խորհուրդը վիճելի է համարում հարցման տեքստի հրապարակումը Հանձնաժողովի կայքում՝ լրագրողից առաջ և առանց նրա նախնական համաձայնության։ Թեև հարցման տեքստի նկատմամբ լրագրողի հեղինակային իրավունքի տարածման հանգամանքը միանշանակ չէ, և հարցման՝ որպես հեղինակային իրավունքի օբյեկտ լինել-չլինելու վերաբերյալ առկա են տարբեր իրավաբանական մեկնաբանություններ, այնուամենայնիվ, մի բան հստակ է, որ առանց խմբագրության հետ համաձայնեցնելու վերջինիս ուղարկած գրավոր հարցման և դրա պատասխանի հրապարակումը պետական մարմնի պաշտոնական կայքում լրագրողին և լրատվամիջոցին զրկել է հայցվող տեղեկատվության հիման վրա առաջինը (էքսկլյուզիվ) նյութ պատրաստելու և հրապարակելու հնարավորությունից, ինչի հետևանքով խաթարվել է ստեղծագործական պրոցեսը։ Չորրորդ. Խորհուրդը խիստ վիճելի է համարում հարցման տեքստի հետ մեկտեղ լրագրողին նույնականացնող անձնական տվյալների (լրագրողի անունը, ազգանունը, աշխատավայրը և Հանձնաժողովին հարցմամբ դիմելու հանգամանքը միասին վերցված) հրապարակումը առանց լրագրողի նախնական համաձայնության, առանց իրավական հիմքի և օրինական նպատակի, որը հանգեցրել է անձնական տվյալների մշակման օրինականության և համաչափության սկզբունքների խախտման  («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներ։) Բացի այդ,  անձնական տվյալների եւ գործունեության հանգամանքների մասին տեղեկությունների հրապարակմամբ լրագրողի համար որոշակի ռիսկեր կարող են առաջանալ, ինչն անթույլատրելի է հատկապես լրագրողական հետաքննություն իրականացնողի նկատմամբ հնարավոր ճնշումների տեսանկյունից։ Այս պայմաններում լրագրողը նաև զրկված է լինում իր իրավունքներին միջամտությունները կանխատեսելու եւ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից։ Եզրափակելով՝ Խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովը խախտում է թույլ տվել երկու հիմքով. 1) լրագրողի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել է օրենքով չսահմանված կարգով, և 2) առանց դիմողի համաձայնության հրապարակել է նրա հարցումը։ Հանրային մարմնի գործողությունները հակասում են տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության ներպետական և միջազգային նորմերին։ Մասնավորապես, խախտվել են այդ իրավունքները երաշխավորող ՀՀ Սահմանադրության 34-րդ և 51-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածները, ինչպես նաև «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» և «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։   Տեղեկատվական վեճերի խորհուրդ Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Օլգա Սաֆարյան — Փաստաբան
12:05 - 05 հունիսի, 2023
ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2020, 2021 թվականների համար չեն ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի հայտարարագրեր։ ԿԿՀ-ն փորձել է ծանուցել Հարությունյանի ընտանիքի անդամներին հայտարարագրեր ներկայացնելու պարտականության մասին, բայց նրանց ուղղված ծանուցագրերը տեղ չեն հասել, թեպետ Հայկուհի Հարությունյանը, նրա քույրը, հայրն ու մայրը համատեղ են բնակվում (առնվազն 2021-ի դրությամբ): ԿԿՀ-ում հայտարարագրեր չներկայացնելու համար նաև վարույթ չի նախաձեռնվել։    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևում է պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին, կանոնակարգում հայտարարագրերի ներկայացման գործընթացը, ստուգում և վերլուծում դրանք։  Հանձնաժողովի նախագահի 2020 թվականի հայտարարագրում կարդում ենք, որ նրա ընտանիքի անդամներ են համարվում Հայկ Հարությունյանը՝ հայրը, Լույսանուշ Հարությունյանը՝ մայրը, Հասմիկ Հարությունյանը՝ քույրը, և իր ազգականներից Էլինե Ավետիսյանը։ Վերջինս աշխատել է ԿԿՀ-ում։ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները, պարտավորված լինելով ներկայացնել հայտարարագրեր, 2020 և 2021 թվականների համար չեն ներկայացրել դրանք։ ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները կարող էին չներկայացնել նմանաբնույթ հատարարագրեր, եթե դադարեին համատեղ բնակվել, սակայն Հայկուհի Հարությունյանի 2021 թվականի հայտարարագրից ևս պարզ է դառնում, որ նրա հայրը, մայրն ու քույրը շարունակել են համատեղ բնակվել (համատեղ բնակությունը դադարեցրել է Էլինե Ավետիսյանը)։  Կոռուպցիայի կանխերգելման հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ը հետաքրքրվել էր՝ ինչու հանձնաժողովի նախագահի հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր, և ինչ գործողություններ է հանձնաժողովը ձեռնարկել դրա հետ կապված։ Գրավոր հարցմանը պատասխանել է ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանը, ասել՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձինք գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր ներկայացնելու համար կրում են անհատական պատասխանատվություն։ «Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը օրենքով սահմանված հայտարարագրման պարտականության մասին ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին, և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ»,- տեղեկացրել են ԿԿՀ-ից։    ԿԿՀ-ն չի կարողանում ծանուցել հանձնաժողովի նախագահի ընտանիքին Հաջորդ հարցմամբ հանձնաժողովից խնդրել էինք մեզ տրամադրել Հարությունյանի ընտանիքին հայտարարագիր ներկայացնելու համար ուղարկված ծանուցումները հավաստող փաստաթղթեր։ ԿԿՀ-ն մեզ տրամադրել է փոստային առաքմամբ Հարությունյաններին ուղարկված ծրարներն ու դրա վրա առկա մակագրությունները։ Դրանցից պարզ է դառնում, որ 2022-ի նոյեմբերի 29-ին դիմել են Հարությունյանների ընտանիքին՝ հայտարարագիր ներկայացնելու համար, բայց մոտ 1 ամիս անց ծանուցագրերը վերադարձվել են ԿԿՀ-ին «չպահանջված» նշագրումով, ինչը նշանակում է, որ ԿԿՀ նախագահի ընտանիքը, համատեղ բնակվելով հանդերձ, ծանուցագրերը չի ստացել։ Ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձ ԿԿՀ-ն չի ձեռնարկել, բացի այդ՝ «Ինֆոքոմ»-ի մի շարք հարցերի, ըստ էության, հանձնաժողովը չի պատասխանել. այսպես՝ հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԿԿՀ նախագահի ընտանիքը ի վերջո պատշաճ ծանուցվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ, ծանուցագրի վերադարձից հետո ի՞նչ գործողություններ են եղել Հարությունյանների հայտարարագրերը ստանալու համար։ Այս հարցերը մնացել են անպատասխան։ Ըստ առկա կարգավորումների՝ 2020 թվականի համապատասխան հայտարարագիրը պետք է ներկայացվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, 2021 թվականի հայտարարագիրը՝ մինչև 2022-ի մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն նաև չի պատասխանել, թե որ թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար են ծանուցվել Հարությունյանները։  Փաստացի, 2 տարի շարունակ ԿԿՀ նախագահի ընտանիքը չի ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագիր, և դա որևէ հետևանք չի առաջացրել նրանց համար, ԿԿՀ-ն այս փաստի հիմքով նաև վարույթ չի սկսել։  Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.28 հոդվածը նախատեսում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։    Ի՞նչ է պարզաբանում ԿԿՀ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր պատասխանները «Ինֆոքոմ»-ին պարունակում են որոշակի իրարամերժ դրվագներ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ 2023 թվականի ապրիլի 17-ին ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։ Սակայն ուղարկված ծանուցումը հավաստող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2022 նոյեմբերի 29-ին ուղարկված ծանուցագրերը «չպահանջված» նշագրումով վերադարձվել են ԿԿՀ-ին դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ մեր հարցմանը պատասխանելուց ավելի քան 3 ամիս առաջ։ Բացի այդ՝ հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չձեռնարկելը ԿԿՀ-ն փորձում է հիմնավորել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ։ Հանձնաժողովը թեմայի շուրջ «Ինֆոքոմ»-ի հետ ունեցած գրագրություններում շեշտում է՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից հայտարարագրումների պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացը կասեցված է։ Ծանուցումները հնարավոր կլինի վերսկսել հայտարարագրման հին համակարգից դեպի նոր համակարգ տվյալների ամբողջական միգրացիայից հետո. «Առաջարկում ենք Ձեր հարցադրումները վերստին ուղղել Հանձնաժողովին 2023 թվականի մայիսի 31-ից հետո համապատասխան հայտարարագրերը ներկայացրած չլինելու դեպքում»,- պատասխանել են ԿԿՀ-ից։  ԿԿՀ պատասխանը նոր հարցեր է առաջ բերում. օրինակ՝ 2020 թվականին Հարությունյանների կողմից հայտարարագիր չներկայացնելը ինչպե՞ս է խաչվում 2023-ին հայտարարագրերի նոր համակարգի ներդրման հետ։ 2020-ի հայտարարագրերը պետք է ստացվեին, ստուգվեին 2021-ին, հետևաբար ի՞նչ առնչություն կարող է ունենալ նոր համակարգի կառուցումը 2020 թվականի տարեկան հայտարարագրի հետ, չէ՞ որ 2020 թվականի համար ծանուցումների գործընթացը կասեցված չի եղել։  ԿԿՀ-ից հետաքրքրվել էինք՝ ինչու հայտարարագրեր չներկայացնելու համար վարույթ չի նախաձեռնվել, նաև հարց էինք բարձրացրել՝ հայտարարագրման պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացն ինչ իրավական ակտի հիման վրա է կասեցվել։  Այս բոլոր հարցերին ԿԿՀ-ից պատասխանել են՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ինչպես նրանց (Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների), այնպես էլ մյուս բոլոր հայտարարատուների համար փաստացի 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն այս պահին չի ընձեռում։ ԿԿՀ-ն, փաստացի, այդպես էլ չի մանրամասնում՝ ինչու է 2020 թվականի համապատասխան հայտարարագրերը չստանալը կապում 2023-ին նոր համակարգի տեխնիկական աշխատանքների հետ, չէ՞ որ դրանք պիտի ստացվեին 2021 թվականին կամ 2022-ին։    Հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթները Հայաստանում կա մի քանի համանման դեպք, երբ հայտարարագիր չներկայացնելը հայտարարատուների համար հետևանքներ է առաջացրել, ընդհուպ մեղադրական դատական ակտ։ Օրինակ՝ Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալը չէր ներկայացրել հայտարարագիր, ապա նրան ծանուցվել էր հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։ Պաշտոնատար անձը շարունակել էր չներկայացնել, հարուցվել էր քրեական գործ, սկսվել և ավարտվել էր նախաքննությունը, ու գործը մտել էր դատարան։ Պաշտոնյան մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել 1 տարվա ազատազրկման, բայց փորձաշրջան էր սահմանվել, ու ազատազրկման պատիժը չէր կիրառվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության հաղորդումից տեղեկանում ենք, որ ԿԿՀ-ն անցած տարվա ընթացքում գրավոր ծանուցումից հետո հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով 97 վարույթ է հարուցել։ Բացի այդ՝ դատախազություն են ուղարկվել մեկ վարչական վարույթի նյութեր այն հիմքով, որ հայտարարատուի կողմից դիտավորյալ չի ներկայացվել հայտարարագիր։ Ըստ ԿԿՀ 2021-ի հաղորդման՝ հայտարարատուի կողմից օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով հարուցվել էր 30 վարույթ։  Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:15 - 06 մայիսի, 2023
ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը
 |armenpress.am|

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկվում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց թեկնածուին: Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է, ունի մոտ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Իր ելույթում Փաշինյանն ասաց. «Ակնհայտ է, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որքան էլ կարևոր լինի աշխատավարձերի բարձրացումը, ոլորտ բարեվարք հանրային ծառայողների ներգրավումը կամ հանցագործողությունների դեպքում պատժի անխուսափելիությունը, անհրաժեշտ է հնարավորինս փակել կոռուպցիոն գայթակղությունների դռները՝ այդպիսով կանխարգելելով հնարավոր կոռուպցիոն երևույթները»: Ըստ նրա՝ դա հնարավոր է անել համապատասխանության գնահատման միջազգային չափորոշիչների ներդրման, ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմամբ, ներքին աուդիտի ինստիտուտի զարգացմամբ, թվային գործիքների ներդրմամբ, օրենսդրական խութերի վերացմամբ և այլն:
10:46 - 12 ապրիլի, 2023