ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ լիազոր մարմինն իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն: Այս համատեքստում օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը: Վերոնշյալ փոփոխությունները գործադիրն առաջարկում է «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է գործող սպանդանոցների ցանկով: Նա առաջարկել է ոլորտը կարգավորելուց հետո միայն կիրառել խստացումներ: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ըստ օպերատիվ վերլուծության եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալների՝ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող եւ սեփական կարիքների համար գործող 18 եւ սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց: Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու եւ աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Նախարարությունում քննարկվում է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ դաշտում գործող, սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմը: Նշվել է, որ 2018 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, գումարը կազմել է շուրջ 165,4 մլն դրամ: Հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը: Պատգամավոր Արմեն Խաչատրյանը եւս կարծիք է հայտնել, որ սպանդանոցային տնտեսությունների ոլորտը թերի է կարգավորված: Ըստ նրա՝ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ մարդիկ օգտվեն այդ ծառայություններից: Միայն խստացումներն օգտակար լինել չեն կարող: Պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ անասնագերեզմանոցների խնդիրը մինչ այժմ կարգավորված չի եղել: Ներկա պահին անասնագերեզմանոցներին ներկայացվող կարգը մշակման փուլում է: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը, համաձայնելով, որ առաջարկվող կարգավորումներն ամբողջովին չեն լուծում դաշտում առկա խնդիրները, ընդգծել է, որ փոփոխությունները շարունակական են լինելու, եւ այս փաթեթը կարեւոր ու առանցքային լուծումներ է նախատեսում:
12:32 - 09 ապրիլի, 2024
ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ Կառավարությունից ինձ երեկ պատասխանել են, որ իրենց ուղարկված փաթեթեը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն: Այսինքն, ես նամակ եմ ուղարկում  վարչապետին, և գրում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը և նախարարությանը ենթակա թատրոնը արել են մի շարք ապօրինություններ, և  այդ նամակը վերահասցեագրվում է ապօրինություններ անողներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությամբ ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը: «Մեր դիմումի վերջում մենք խնդրել էինք հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեինք թատրոնի հարցը: Հիմա, եթե դիմումը վերահասցեագրվել է նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը պիտի՞ մեզ թույլ տա վարչապետի հետ հանդիպել: Սա բացահայտ անգործություն է կամ միտում. էս մարդիկ չեն ուզում, որ  հարցը հասնի վարչապետին»,-ասում է թատրոնի կառավարման խորհրդի նախագահը: Սարգիս Արզումանյանի խոսքով, Կառավարությունից ստացած պատասխան ծանուցման մեջ նշված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է 10-օրյա ժամկետում պատասխանել դիմումին: Թատրոնի աշխատակիցները պատրաստ են սպասել նախարարության պատասխանին, սակայն ամեն ինչ անելու են, որ կայանա հանդիպում վարչապետի հետ: Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց ապրիլի 3-ից  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ: Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է: Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
17:16 - 05 ապրիլի, 2024
Կներվեն արցախցիների՝ ոսկու գրավադրմամբ վերցրած վարկերը
 |civilnet.am|

Կներվեն արցախցիների՝ ոսկու գրավադրմամբ վերցրած վարկերը |civilnet.am|

civilnet.am: Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, ովքեր Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 3-ի նիստում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։ Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների հետվերադարձը։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:
12:33 - 04 ապրիլի, 2024
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 միլիարդ։ «2024 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն՝ ապահովելով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ծրագրային բաղադրիչների կատարման նկատմամբ Էկոնոմիկային նախարարության մշտադիտարկումը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավումը և արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը։ Միաժամանակ, ծրագրի ընդունման արդյունքում կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ, ինչպես ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
12:10 - 04 ապրիլի, 2024
Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել․ Մհեր Գրիգորյան

Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Նիստի շրջանակներում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի առանցքային դերը երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի առաջմղման, ինչպես նաև նոր հեռանկարային ուղղությունների բացահայտման գործում: «Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների և մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»,- նիստի ընթացքում նշել է Մհեր Գրիգորյանը: Անդրադառնալով տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման կարևորությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է տարածաշրջանի համար խոշոր ենթակառուցվածքային նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի դերակատարությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում և արդիականացում: Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված առանջին պաշտոնական այցը:
18:20 - 02 ապրիլի, 2024
Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները
 |civilnet.am|

Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները |civilnet.am|

civilnet.am: Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։ #CivilNetCheck-ը առանձնացրել է մի շարք նախագծեր, որոնք արդեն պետք է մեկնարկած կամ ավարտված լինեին, և փորձել է պարզել՝ ինչ փուլում են դրանք։ Հյուսիս-հարավ ճանապարհ Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ տրանշի (Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ)՝ Սյունիքի հատվածում աշխատանքները նախատեսված էր բաժանել երեք մասի՝ Սիսիանից Քաջարան, Քաջարանի թունել, Քաջարանից Ագարակ: Հայտարարվում էր, որ շինարարությունը պետք է իրականացվի ՀՀ կառավարության և միջազգային մի շարք բանկերի համաֆիանանսավորմամբ։ Սիսիան-Քաջարանի շինարարությունը չի սկսվել Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ 2022-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց 70 օր տևող նախաորակավորման մրցույթի մասին, որից հետո պիտի սկսվեր շինարարության աշխատանքների մրցույթը։ Մրցույթները բազմիցս հետաձգվել են։ 60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան մայրուղին «Հյուսիս-հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի ամենաբարդ հատվածներից է, որը պետք է ներառի 12 թունել և 27 կամուրջ ու կունենա։ 2023-ի տարեվերջյան զեկույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնել են, որ տվյալ պահին իրականացվել է միայն հատվածի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների լրացուցիչ գնահատում ու պատրաստվել է կառուցման մանրամասն նախագիծը։ Ֆինանսավորման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, և հստակեցումից հետո կհայտարարվի մրցույթ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների համար։ Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։ 2024-ի փետրվարին Ճանապարհային դեպարտամենտը հայտնեց, որ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, իսկ մարտին, թե հատվածում կատարվում են «մոբիլիզացիոն ու նախապատրաստական աշխատանքներ»։ ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մոբիլիզացիոն աշխատանքները կտևեն նվազագույնը երկու ամիս, իսկ շինարարությունը կմեկնարկի բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։ Մոդուլային դպրոցների կառուցումը չի մեկնարկել   Բացի ճանապարհներից՝ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ խոսում է դպրոցների կառուցման և վերակառուցման տարբեր նախագծերի մասին։ 2022-ի նոյեմբերին կառավարությունը որոշեց կրթական բարեփոխումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան համայնքի 13 բնակավայրում կառուցել 13 մոդուլային դպրոց։ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ 13-ի փոխարեն ընտրվել է յոթ բնակավայր, որտեղ նոր դպրոցների շինաշխատանքները կմեկնարկեն 2024-ին։ Ընտրվածներից վեցի կառուցման համար մրցույթները դեռ չեն կայացել, ու պետք է նոր մրցույթներ հայտարարվեն։ Մոդուլային դպրոցների հարցին վերջերս անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա, եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը»,- նշել էր Փաշինյանը։ Մոդուլային դպրոցների կառոիցումը ավելի խոշոր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլի մաս է։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 
16:17 - 31 մարտի, 2024
Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից: Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:
16:12 - 28 մարտի, 2024
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: «Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծում»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:46 - 28 մարտի, 2024
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
 |azatutyun.am|

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։ Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։
12:49 - 28 մարտի, 2024
Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։ Վերջինս Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ «Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա, առանց անուններ նշելու, ասել է, թե նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Եվ տեսել ենք՝ ինչ են արել այդ հնարավորության հետ»։ «Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք; Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- եզրափակել է Փաշինյանը։
12:22 - 28 մարտի, 2024
Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ
 |armenpress.am|

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաև շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ մինչև 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։ Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
12:16 - 28 մարտի, 2024
«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ |pastinfo.am|

pastinfo.am: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի տեղափոխման հարցը, եթե այո, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքան ժամանակ կպահանջվի դրա համար, որքան կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, արդյոք ընկերությունն այսօր հնարավոր է համարում ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։ Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։ «Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Գաբրիելյանը։ Նա ավելացրել է. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։
13:25 - 27 մարտի, 2024
Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն


 |factor.am|

Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ ստորագրահավաք է կազմակերպել և փոխհատուցման պահանջով դիմել կառավարություն։ Արծվաշենցիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում են Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին։ Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ 1992 թվականին օկուպացված Արծվաշենի վերադարձն իրատեսական է։ «Իրենք այնտեղ ոչ մի շինարարություն չեն արել. ադրբեջանցիները զգուշավորություն են ցուցաբերում նման հարցերում։ Եթե նրանք կադաստրի վկայական չունենան, ոչինչ չեն կառուցում։ Google որոնողական համակարգում էլ, որ մեր գյուղի մասին տեղեկություն ես փնտրում, գրվում է՝ ՀՀ, գ․ Արծվաշեն։ Գյուղը դե ֆակտո է իրենցը, դե յուրե՝ մեր երկրինն է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:16 - 26 մարտի, 2024