ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 09-ին ժամը 08:39-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ 64-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վիրավորում սրտի վնասումով, հեմոպերիկարդ, պնևմոհեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքները ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 55-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 9-ի առավոտյան երթուղային ավտոբուսի ուղևորի՝ 55-ամյա տղամարդու և նույն ավտոբուսի վարորդի՝ հիշյալ 64-ամյա տղամարդու միջև վիճաբանություն է առաջացել  տրանսպորտում ծխելու շուրջ, ինչից հետո վերջինս, ըստ նախնական տվյալների, երկաթյա առարկայով հարվածել է ուղևորի գլխին, իսկ ուղևորն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վարորդի սրտի և թոքի շրջաններին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել՝ պատահական անցորդների միջամտության և ցուցաբերված առաջին բուժօգնության արդյունքում, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարորդը ճանաչվել է տուժող: Քննությամբ տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործություն կատարած տղամարդու, ինչպես նաև՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ. վերջինս բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում երթուղային ավտոբուսի սրահից հայտնաբերվել և վերցվել է ծխախոտ, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի կրիչները, որոնք ենթարկվել են զննության, հարցաքննվել են վկաներ: Տուժողի և կասկածյալի՝ միմյանց փոխադարձ հասցված մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:20 - 10 հունիսի, 2022
Արթուր Ասատրյանը և նրա կնոջ ազգականը Վաղարշապատում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել քրգործից

Արթուր Ասատրյանը և նրա կնոջ ազգականը Վաղարշապատում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել քրգործից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, Դոն Պիպո մականվամբ Ա.Ա.-ն (Արթուր Ասատրյան) և նրա կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու: Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում: 2021 թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ: Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել: Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից: Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն: Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին: Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին: Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:30 - 08 հունիսի, 2022
Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անկարգությունների գործով 10 անձ կալանավորվել է․ ՔԿ

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անկարգությունների գործով 10 անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է Քննչական կոմիտեն։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով: Հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը: Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր  ստացիոնար բուժման մեջ: Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում: Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունները պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
20:59 - 07 հունիսի, 2022
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական գործը դատարանում է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ  Երևան քաղաքի բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով, իր ազգականի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 77,8 գրամ «Մեթամֆետա­մին», 0,18 գրամ քաշով՝ «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ», խոշոր չափերի՝ 0,3 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, դրանք ապօրինի պահել իրենց փաստացի բնակության վայրում: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված անձինք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի վաճառքի արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ ինտերնետային հավելվածների միջոցով նամակագրություններ են վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, որից հետո պահանջել են գումարը փոխանցել «Իդրամ» համակարգի՝ իրենց կողմից ստեղծված և կառավարվող էլեկտրոնային դրամապանակին, իսկ երբ հավաստիացել են, որ գումարը փոխանցված է, գնորդներին տեղեկացրել են թմրամիջոցի գտնվելու վայրի մասին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին և նրա ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ձեռք բերած երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս մեկին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս ազգականի և թմրամիջոց ձեռք բերած երեք անձանց նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հինգ մեղադրայլի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
18:50 - 07 հունիսի, 2022
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրականացված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ․ՔԿ

Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրականացված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ. կատարվում են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ՝  տվյալ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։ «Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:Այդ կոչերից անմիջապես հետո, ժամը 20:30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել են հասարակական անվտանգությունը:Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունների արդյունքում ոստիկանության` չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից մի մասն այս պահին ստանում է ստացիոնար բուժում:Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 13 անձ:Նախաքննությունը շարունակվում էԾանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
16:04 - 04 հունիսի, 2022
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ԱԱԾ-ում հարուցված, հետագայում Քննչական կոմիտեում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը: «Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել  նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին: Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող  կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով:  Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը: Այսպես. Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից:  Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո: Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն:  Մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու: Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք: Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ: Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները:  Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին,  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և  դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:56 - 03 հունիսի, 2022
Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում․ ՔԿ պաշտոնյան՝ զոհված զինծառայողների հարազատներին |tert.am|

tert.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց էին։ 5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։   Ծնողներին ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանի և ծնողների միջև հանդիպումը այսօր չի կարող կայանալ, քանի որ Քյարամյանը տեղում չէ։ «Լրացուցիչ հանդիպման հետ կապված օր, ժամ կպայմանավորվենք։ ՔԿ-ում տեղյակ չէին, որ ծնողները պետք է գային, դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ եկել եք այստեղ։ Պարոն Քյարամյանը երբեք ոչ մի հանդիպում չի մերժել ծնողների հետ, հեռագա հանդիպման համար կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։ Ծնողների հարցին, թե լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ, ՔԿ պաշտոնյան պատասխանեց․ «Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։
13:59 - 01 հունիսի, 2022
Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց զանգվածային անկարգությունների քրգործով 8 անձ է ձերբակալվել. ՔԿ

Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց զանգվածային անկարգությունների քրգործով 8 անձ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ: 2022 թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ: Արդեն Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդկերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ: Դրանից հետո, հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե իբրև հեռանում են նշված վայրից և շարունակում երթը Հանրապետության փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա, իսկ այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Սայաթ-Նովայի պողոտայի հատման վայր: Այդկերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը և հասնելով մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները, խմբերով, տարբեր ուղղություններով վազել և կրկին առաջացել են դեպի Կառավարական 3-րդ տուն և, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ, սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով՝ նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել: Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված 8 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:45 - 31 մայիսի, 2022
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին ժամը 12:30-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:45 - 30 մայիսի, 2022
Պարզվում են «Թաքնված ջրվեժ»-ում քաղաքացու անհետանալու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Պարզվում են «Թաքնված ջրվեժ»-ում քաղաքացու անհետանալու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին:  ՔԿ-ն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ մայիսի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, վերոհիշյալ 28-ամյա կինն ընկերոջ հետ արշավի է մեկնել «Թաքնված ջրվեժ»-ի ուղղությամբ, որտեղ կինը սայթաքել և ընկել է ջուրը, սակայն կարողացել է դուրս գալ՝ օգնության կանչելով ընկերոջը, ումից որևէ արձագանք չի ստացել:  ԱԻՆ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 2022թ. մայիսի 29-ին՝ ժամը 07:25-ին, նշված վայրում` ջրի մեջ, հայտնաբերվել է երիտասարդի դին: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
15:31 - 30 մայիսի, 2022
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է ընդդիմության հավաքի ևս մեկ մասնակից

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է ընդդիմության հավաքի ևս մեկ մասնակից

Պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ  հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել ու նա կալանավորվել է: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «կենդանի պատը», որի ժամանակ մասնակիցներից մեկը նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իջեցրել է նրա ձեռքի վահանը և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելով՝ ուժգին հարվածել գլխի շրջանին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
14:47 - 30 մայիսի, 2022
Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի՝ մահացած մասնակցին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ Քննչական կոմիտե

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի՝ մահացած մասնակցին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական գործի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում Արթուր Սեդրակյանին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոցներ իրացնող անձանց բացահայտելու և պարզելու նպատակով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում իրականացված 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, մարիխուանա, հաշիշ, կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղաքացի Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ մեթամֆետամին, 950 գրամ մարիխուանա, 1055 գրամ ափիոն, 72,8 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ: Ա.Վ.-ն ձերբակալվել է:   «Տեղեկացնենք, որ քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքների ժամանակ՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:55-ին, մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանի մահվան դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինիս մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդով /DELTA-9-THC, JWH-018, JWH-203, RCS-8, Cannabipiperidethanone/ և բենզոդիազեպիններին պատկանող տարատեսակ միացություններով /2H-1, 4-Benzodiazepin-2-one, 7-Chloro-2-menthylthio-5-phenyl-3H-1,3-4-benzotriazepine/ սուր թունավորման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է:
18:49 - 25 մայիսի, 2022
Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից) Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) 1-ին մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:08 - 24 մայիսի, 2022
Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:   ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:   Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, Երևան քաղաքի Չարենցի փողոցով անցնելու ժամանակ, հավաքի մասնակիցներից մեկը երթի մեկ այլ մասնակից հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բարձրաձայն հայհոյելով, անտեսելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է քննությամբ դեռևս չպարզված անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով։   Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ խուլիգանություն կատարած հիշյալ անձանցից մեկի ինքնությունը: Վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել է՝ որպես կասկածյալ, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։   Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 24 մայիսի, 2022
Մամիկոն Ասլանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ Քննչական կոմիտե

Մամիկոն Ասլանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, երեք անգամ  առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր երեք դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, նշված փաթեթը լրամշակման վերադարձվելուց հետո, չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջները և գիտակցելով, որ համայնքի ղեկավարը չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա, իր որոշմամբ փոփոխելու լիազորություն, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, համայնքապետարանի  հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի օժանդակությամբ, կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են համայնքի ղեկավարի համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Բացի այդ, 2021թ. օգոստոսի 12-ին կայացրած որոշումներով նշված հողերի գործառնական նշանակությունը սահմանվել է որպես կոմունալ ենթակառուցվածքների (մասնավոր գերեզմանատների) գործառնական նշանակության հողեր: Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ասլանյանը, Վանաձոր համայնքի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները,  ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ, իբր, հիշյալ փողոցներում  գտնվող  հողատարածքները բնակավայրերի այլ հողերից փոխվում են հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարն իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը նշված հողատարածքների նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը  օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության: Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով հետևել, որպեսզի իր մտերիմի կնոջ մորը սեփականության իրավունքով  պատկանող՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասն օգտագործվի ըստ նպատակային նշանակության, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. 2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ հիշյալ հասցեում արդեն իսկ 14 գերեզմանների և առանց համապատասխան թույլտվության պարսպի կառուցված լինելու պայմաններում՝ սահմանափակվել է միայն գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացնելու համար՝ իր մտերիմի կնոջ մորն ընդամենը մեկ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելով: Ավելին, շարունակելով դրսևորել կողմնակալ վերաբերմունք՝ Մ.Ասլանյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նույն տարածքում 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում շուրջ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և իրավաբանական բաժնի պետի հանցավոր գործողությունների արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ)  և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ իրավաբանական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:39 - 24 մայիսի, 2022