Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ. Արփենիկ Մարության

Հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ. Արփենիկ Մարության

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Արփենիկ Մարությանին հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու վերաբերյալ ավագանու որոշման ընդունման քվեարկությանը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում հայտնեց Արփենիկ Մարությանը, որն այս տարվա մարտին վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը (Արփենիկ Մարությանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ազգակցական կապ չունի)։  Ինպես հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նախաձեռնել են քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։  Այս զարգացումների ֆոնին ավագանու որոշ անդամներ հայտնեցին, որ այս տարվա փետրվարին խմբակցության տարբեր անդամներ ու քաղաքապետարանից դուրս մարդիկ փորձել են սաբոտաժ անել եւ քվորում չապահովելու միջոցով տապալել ավտոբուսների ձեռքբերման համար գումար հատկացնելու մասին հարցի քվեարկությունը։ Արփենիկ Մարությանը այս տարվա փետրվարին մասնակցել է Երեւանի ավագանու այն նիստին, որի ժամանակ քննարկվել է հիշյալ հարցը։ Մարությանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ ինչպես ավագանու այլ անդամներ, այնպես էլ ինքը, նախապես իմացել է, որ սպասվում է այդ հարցի բոյկոտում։ Նա հարցին ձեռնպահ է քվեարկել՝ տեսնելով, որ լարված իրավիճակ է եւ քվորումի խնդիր կա. «Մինչ այդ հարցի քվեարկությունը՝ զանգ եւ ֆեյսբուքյան հաղորդագրություն ստացա Նարեկ Բաբայանից, որը հորդորում էր այդ հարցի քվեարկությանը չմասնակցել, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ»,- մեր զրույցում պատմեց Արփենիկ Մարությանը: Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Մարությանը, իր խոսքով, քաղաքապետի դեմ արշավը խիստ բացասական է գնահատում՝ նշելով, որ եթե դրա պատճառը նրա կուսակցական չլինելն է, դա երիցս անհեթեթ է, քանի որ «ՔՊ»-ի առաջադրած նոր թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, որն այժմ Երեւանի փոխքաղաքապետն է, նույնպես կուսակցական չէ. «Կարծեմ թե ընտրություններում մեծ նշանակություն ունի առաջին համարը, «ՔՊ»-ն որպես առաջին համար ներկայացրել էր պարոն Մարությանին, սրանով ամեն ինչ ասված է»,- մեր զրույցում նշեց նա։ Թե որքանով են իրականությանը մոտ այն պնդումները, ըստ որոնց՝ քաղաքապետն ինքն է լարել հարաբերությունները խմբակցության հետ, Արփենիկ Մարությանը պատասխանեց. «2018 թվականի հոկտեմբեր ամսից եմ ավագանու անդամ, պարկեշտ կլինի խոսել հարաբերությունների մասին այդ պահից սկսած մինչեւ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Հարաբերությունները ջերմ եւ կառուցողական էին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների նիստերին սկսվեցին պրոբլեմներ։ Չմանրանալով՝ ասեմ, որ այն Ժամանակ դա կարեւոր չէր թվում՝ մինչեւ ավտոբուսների գնման հարցը։ Մինչ այդ պահը հարաբերությունները ավագանու եւ քաղաքապետի միջեւ գնահատում եմ կառուցողական»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, քաղաքապետը չի լարել հարաբերությունները։  Նշենք, որ Արփենիկ Մարությանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ մանդատը վայր է դնում, քանի որ ամուսնացել է եւ մեկնում է ամուսնու մոտ՝ Փարիզ։  Վաղը Երեւանի ավագանին քննարկելու է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ խմբակցությունն ապահովել է ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը՝ «փորձ է արվել տապակել որոշման ընդունումը», քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
23:46 - 21 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը վաղը փակագծեր կբացի. ավագանու անդամներն ահազանգում են ճնշումների մասին

 |factor.am|

Հայկ Մարությանը վաղը փակագծեր կբացի. ավագանու անդամներն ահազանգում են ճնշումների մասին |factor.am|

factor.am: Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստը չկայացավ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարած բոյկոտի պատճառով: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ձախողեցին 38 հարցի քննարկում, որոնց թվում էր նաև երևանցիների կյանքը բարելավող 2022 թվականի համայնքային բյուջեի նախագծի քննարկումը: Իմքայլականները հայտնել են, որ բյուջեի նախագիծը կքննարկեն նոր քաղաքապետի ընտրությունից հետո: «Իմ քայլից» ավագանու անդամ Վահե Գևորգյանը, հիշեցնելով Սերժ Սարգսյանի ընտրության օրինակը, կարծում է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանության նոր թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարումը ևս կարող է ձախողվել։ «Իմ քայլի» մեծամասնությունից զատ՝ նիստին ներկա չէին նաև խմբակցության այն անդամները, որոնք կողմ են Մարությանի պաշտոնավարմանը: Վաղը Երևանի ավագանին հատուկ նիստում կքննարկի Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու հարցը: Մինչ Հայկ Մարությանը լռում է իրեն պաշտոնանկ անելու գործընթացի մասին, նրան աջակցող ավագանու անդամները նոր մանրամասներ են բացահայտում՝ բարձրաձայնելով քաղաքական հետապնդումների մասին: Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին չմիացած Լուսինե Մխոյանը հավաստիացնում է, որ նիստերից իր բացակայությունները եղել են հղիության և կորոնավիրուսով վարակվելու պատճառով, իսկ այժմ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանն այդ փաստն օգտագործում են որպես ճնշման գործիք: Ավագանու մեկ այլ անդամ՝ Գրիգոր Երիցյանը նշում է, որ Լևոն Հովհաննիսյանն իրեն փոխանցել է՝ եթե չի միանում քաղաքապետի դեմ արշավին և, միաժամանակ, վայր չի դնում մանդատը, ապա Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» բյուջետային ֆինասավորումը կսառեցվի: Ավագանու իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալաջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չեն հերքում ճնշումների մասին ավագանու անդամների պնդումները: Նրանք հաստատեցին և՛ Լուսինե Մխոյանի, և՛ Գրիգոր Երիցյանի փոխանցած տեղեկությունները: Ցանկացած մեկը, որը չի պաշտպանի քաղաքապետին պաշտոնանկ անելու որոշումը, նրա հետ համագործակցությունն առաջիկայում խնդրահարույց է լինելու, բացահայտ հայտարարում է Լևոն Հովհաննիսյանը: Ի դեպ, նոր փոխքաղաքապետի պաշտոնում շրջանառվում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի անունը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում իր թեկնածությունն առաջադրվել է, բայց Հայկ Մարությանը դեմ է եղել: Երևանի քաղաքապետարանի գործադիր կազմում ևս միանշանակ չի ընդունվում Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը: Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ իշխանությունների սկսած գործընթացը ժողովրդավարական չէ: Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում առկա խորը տարաձայնություններից զատ՝ միանշանակ դիրքորոշում չունեն նաև ընդդիմադիրները: Երեք հոգանոց «Լույս» խմբակցությունից Մարությանի հրաժարականին կողմ է միայն Անի Խաչատրյանը, իսկ Դավիթ Խաժակյանն իր և Թեհմինա Վարդանյանի դեմ լինելը բացատրում է այն հանգամանքով, որ սա ներկուսակցական վեճ է և չեն ցանկանում միջամտել, սակայն Մարությանի աշխատանքից նրանց դժգոհությունը չի նվազում: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ խմբակցությունը միացել է Մարությանին պաշտոնից հեռացնելու գործընթացին: Նրանք, ի թիվս այլ խնդիրների, հիշել են, որ Ծառուկյանի հրավիրած շեյխերին Մարությանը լավ չէր դիմավորել: Այսպիսով, ըստ ամենայնի, Հայկ Մարությանը վաղը պաշտոնանկ կարվի․ այս հարցով գոնե մինչ այս պահը մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել: Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայկ Մարությանը Երևանի առաջին քաղաքապետը կլինի, որը հեռանում է սեփական թիմի կողմից նախաձեռնված անվստահության գործընթացի արդյունքում: Առավել մանրամասն՝ factor.am-ում
20:54 - 21 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ

Երևանի ավագանու նիստը չկայացավ․ Մարությանը հայտնեց, որ շատ հարցերի պատասխաններ կհնչեն արտահերթ նիստի ժամանակ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր պետք է տեղի ունենար Երևան քաղաքի ավագանում հերթական նիստը։ Երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին» Ավագանու նիստին ներկա էր ութ անդամ, ինչի հետևանքով քվորում չապահովվեց, և նիստն ընդմիջվեց։ Դարձյալ հավաքվելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ նիստը համարում են չկայացած։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Մարությանի հայտարարությունից հետո ասաց, որ իր համար «առնվազն տարակուսելի է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը չմիացած մարդիկ ներկա չեն նիստին․ «Որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, քաղաքականությունը սկզբունքների պաշտպանության արվեստ է, դրա համար ջանք գործադրելու տեղ է, և մարդիկ, ովքեր պաշտպանել են ձեզ (Հայկ Մարությանին- խմբ․), կարծում եմ՝ հիմա պետք է այստեղ լինեին»։ Մարությանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, միգուցե աշխատանքի են։ Ավագանու անդամն Վահե Գրիգորյանն էլ կարճ ելույթ ունեցավ․ «Ուզում եմ մեր կոլեգաներին հիշեցնել, որոնք այդպես էլ չկարողացան համոզել, ուղղակի փորձում են տեխնիկապես հարցը լուծել։ Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին Սերժ Սարգսյանն էլ տեխնիկապես մտավ ԱԺ, և ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ»։ Իզաբելլա Աբգարյանն էլ, անդրադառնալով Խաժակյանի խոսքին, ասաց, որ թյուրիմացություն է եղել, և շատերը մտածել են, որ «Իմ քայլի» հայտարարությունը նիստը չկայանալու մասին է։ Նա նաև հարց ուղղեց Հայկ Մարությանին՝ նշելով, թե վերջինս ինչու չի դիմում երևանցիներին, որոնք նրան ընտրել են քաղաքապետ։ Մարությանն էլ արձագանքեց, որ դա նիստի օրակարգում չէ, և այդ հարցերի պատասխանները կհնչեն վաղը կայանալիք արտահերթ նիստի շրջանակում։ Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 
12:02 - 21 դեկտեմբերի, 2021
Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Ներկա է Երեւանի ավագանու 8 անդամ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քվորում չլինելու պատճառով կես ժամ ընդմիջում հայտարարեց: «Ընդմիջում հայտարարենք, մինչեւ բոլորը հավաքվեն, եթե գալու են: Եթե քվորում եղավ նիստը կսկսենք, եթե ոչ՝ կհայտարարենք չկայացած»,-ասաց նա: Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօրվա  կայանալիք հերթական նիստին չի մասնակցելու: Քաղաքապետը նաեւ նշեց, որ մինչեւ ընդմիջում հայտարարելը ցանկանում է երեւանցիներին ուրախալի լուր հայտնել: «Այսօր հայտարարվել է եւս 280 նոր վերելակի մրցույթ: Ստացվում է, որ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր 44-օրյա պատերազմական գործողություների հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: Փաստացի 2022 թվականին Երեւանում մենք կունենանք լրիվ նոր, փոփոխված 1000 վերելակ»,-նշեց Մարությանն ու հայտարարեց ընդմիջում: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
11:45 - 21 դեկտեմբերի, 2021
Այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին, և չի շահում ոչ ոք․ Գրիգոր Երիցյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին

Այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին, և չի շահում ոչ ոք․ Գրիգոր Երիցյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին

Ես այս գործընթացին իրապես չեմ մասնակցել, որովհետև կարծում եմ՝ սա հակաժողովրդավարական գործընթաց է և չի բխում մեր ընտրողի՝ երևանցիների շահերից։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։ «Իհարկե, օրինական գործընթաց է, ավագանին իրավունք ունի օրենքի տառին համապատասխան և ոգուն համապատասխան անվստահություն հայտնել քաղաքապետին, սակայն եթե գնային օրինական հարթություններով, նաև չէր լինի 2018 թ․-ի հեղափոխությունը, ինչի արդյունքում ձևավորվեց «Իմ քայլը» դաշինքը՝ իբրևէ հեղափոխական դաշինք, որի առաջին համարը քաղաքային ընտրություններում Հայկ Մարությանն էր»։ Երիցյանի կարծիքով՝ այդ  որոշումը նեղ կուսակցական է և չի բխում հանրության շահերից․ «Այստեղ մենք քննարկում ենք քաղաքական տարբեր օրակարգեր, բայց չենք քննարկում, թե ինչքանով է սա առհասարակ բխում մեր համաքաղաքացու շահերից, իսկ ես վստահ եմ, որ այս փոփոխությունը իր հետ բերելու է նոր ճգնաժամ, ոչ միայն ճանաչելով Հրաչյա Սարգսյանին, այլ նաև իմանալով, որ սա միայն քաղաքապետի փոփոխություն չէ, սա նաև բոլոր փոխքաղաքապետերի փոփոխություն է։ Սա ենթադրում է վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն, ենթադրում է վարչության պետերի փոփոխություն և համալրում իշխող կուսակցության ներկայացուցիչներով կամ իրենց մոտ կանգնած անձերով»,-ասաց Երիցյանը՝ նշելով, որ քաղաքն այդ ամենին պատրաստ չէ։ Ամփոփելով՝ Երիցյանը նշեց, որ այս գործընթացի հետևանքով տուժում է երևանցին և չի շահում ոչ ոք․ «Կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես չի շահում այս գործընթացից, այս քաղաքական որոշումը կայացվում է հանրային աջակցության տոտալ բացակայության պայմաններում և նաև քաղաքական առումով շահավետ չէ կուսակցությանը, ուստի ես կարծում եմ՝ սրանք անձնական խնդիրներ են, որոնք բերվել են հանրային դաշտ, և անձնական խնդիրները պատասխանատու առաջնորդությամբ չլուծելու հետևանքով տուժում է մեր քաղաքացին»։ Գրիգոր Երիցյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր․ նա դեկետմեբերի 17-ին վայր էր դրել ավագանու անդամի մանդատը, իսկ ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։ 
11:30 - 21 դեկտեմբերի, 2021
Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի

Պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու մասի

Մենք չենք միացել այդ նախաձեռնությանը, որովհետև այն պատճառները, որոնք հնչեցին, ավելի շատ ներկուսակցական են, ավելի շատ ներքաղաքական խնդիրներից են բխում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին չմիանալու պատճառներին։ «Մենք այդտեղ վերապահում որպես այդպիսին չունենք և գտնում ենք, որ եթե իրենք նոր այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա իրենց իրավունքն է, մենք այդտեղ անելիք չունենք»։ Խաժակյանն ընդգծեց նաև, որ որպես ավագանու անդամներ կրկին հանձնառու են վերահսկել նոր քաղաքապետի գործունեությունը․ «Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը գոնե այն մասով, որքանով մենք փոխհարաբերվել ենք քաղաքային տնտեսության վերաբերյալ, ցուցաբերել է բանիմացություն և հույս հայտնեմ, որ մենք առնվազն որևէ մասով հետընթաց եղած վիճակից չենք ունենա»։ Նա նաև հիշեցրեց, որ Հայկ Մարությանի գործունեության արդյունավետության վերաբերյալ վերջին տարիներին շատ է խոսել․ «Ես մշտապես հայտարարել եմ և թվերով էլ ի ցույց եմ դրել, որ այն կառավարումը, որը իրականացվել է,  ձախողված կառավարում է եղել, մենք տեսնում ենք նաև, որ այդ ձախողումը արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության մեջ, այլ նաև քաղաքական փոխհարաբերությունների մեջ, որովհետև Երևանի ավագանին քաղաքական մարմին է, Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Ես նաև հասկանում և ընդունում եմ, որ մեր քաղաքացիներից շատերի համար այս տրամաբանությունը անընկալելի է և այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Մարությանի գործունեությունը դրական անդրադարձ է ունեցել, իրենք չեն հասկանում իշխանության՝ քաղաքապետի փոփոխության շարժառիթները, բայց այդուհանդերձ ֆիքսենք, որ քաղաքապետը առաջնային մանդատ չունի և ավագանին, այո, կարող է այդ փոփոխությունը իրականացնել»։ Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը օրեր առաջ հայտարարել էին, որ չեն միանալու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ կգումարի։   
10:50 - 21 դեկտեմբերի, 2021
Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝  «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցությունը․   «Հարգելի երևանցիներ,   հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:   Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
22:01 - 20 դեկտեմբերի, 2021
Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներ, մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել․ Հայկ Մարության

Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներ, մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Հայկ Մարությանը գրել է․  «Մատչելիությունն ու ներառականությունը մեզ համար առաջնահերթ են:Հատկապես պատերազմից հետո խնդիր ենք դրել ամեն ինչ անել՝ մեր հերոս եղբայրների հոգսը հնարավորինս թեթևացնելու համար: Այցելել եմ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Օսիպյանին, որը ոչ միայն վստահ է, որ հաղթահարելու է պատերազմի թողած հետքերը, այլև պատրաստվում է դառնալ բժիշկ-կինեզիոլոգ ու օգնել իր նման հերոս տղաներին:Երևանյան 54 բարձրահարկ շենքերում, որտեղ ապրում են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներ, այս տարի մատչելիությանն ուղղված ծրագրեր ենք արել՝ տեղադրելով նոր վերելակներ, թեքահարթակներ, լայնացնելով մուտքերը և այլն:Ծրագիրը շարունակական է լինելու:Սա նվազագույնն է, որ կարող է անել համայնքը Հայրենիքի պաշտպանի համար»:
21:56 - 20 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:  Գայանե Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Հարգելի՛ երևանցիներ, ընկերներ, գործընկերներ, 2018-ի սեպտեմբերին ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներառական մի միավոր էր, որն ամբողջությամբ արտահայտում էր հեղափոխության արժեքներն ու գաղափարախոսությունը: Ավագանու անդամի պատասխանատվությունը ստանձնել եմ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար և երեք տարվա մեջ փորձել եմ դա անել ամեն օր, անտրտունջ ու մեծ նվիրումով: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Քանի որ ավագանու և մեր խմբակցության կազմում մշտապես փորձել եմ առաջ շարժվել արդարամտորեն ու հետևելով խղճիս ձայնին` հիմա էլ փորձեմ մեր գործունեությանն այդպիսի հետադարձ հայացք գցել:  Ընտրվելուց հետո մեծ եռանդով լծվեցինք գործի: Խմբակցությունով աշխատում էինք շատ ակտիվ` թե՛ անհատապես, թե՛ աշխատանքային խմբերով, բոլորն իրենց անելիքն ունեին: Քաղաքապետը ևս հաճախ էր մասնակցում մեր նիստերին, միասին քննարկում էինք անելիքները, լավատեղյակ էինք ամենին, ինչ կատարվում էր քաղաքապետարանում: Սակայն, հետզհետե իրերի դրությունը փոխվեց: Իմ խորին համոզմամբ` մեր խմբակցությունը բավականին թուլացավ 2018-ի ԱԺ ընտրություններին մեր գործընկերների մի մասի` պատգամավոր դառնալու և դրանից հետո էլ կազմի անընդհատ շարունակվող փոփոխության պատճառով: Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:  Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին` ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:  Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ: Արդյունքում ստացվեց այնպես, որ ես ու մի շարք իմ գործընկերներ շարունակում էինք մեր աշխատանքը` հանուն Երևանի՝ հաճախ տարբեր խնդիրների մասին բավարար տեղեկատվություն չստանալով երկու կողմից էլ: Օրինակ, ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է ավտոբուսների ձեռքբերման արդեն հրապարակային քննարկվող սաբոտաժին մասնակցած իմ որոշ գործընկերների դրդապատճառը` բացառությամբ «ուզում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ ներկրել» ընդհանրական պնդման:  Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում` տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել: Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում` ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես, ի սկզբանե, կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության և այն մատուցվել որպես վերջնական: Ուստի, դեկտեմբերի 17-ին դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին, խմբակցությանը և ավագանու մյուս անդամներին, քաղաքապետարանի, վարչական շրջանների իմ գործընկերներին համատեղ երեք տարվա աշխատանքի համար և ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից գործս կիսատ թողնելու համար: Այսպիսով փակում եմ իմ կյանքի` Երևանի ավագանու անդամի գործունեության էջն ու այս հարցին այլևս չեմ անդրադառնալու»:
17:07 - 19 դեկտեմբերի, 2021
Ավտոբուսից 1 պակաս․  երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Ավտոբուսից 1 պակաս․ երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։ «․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։ Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։ Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով,  զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։ Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։ «1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։ 2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։ 3․ Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։  Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։  Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։   511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։    Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։ Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։ Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն  ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։ Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս 2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։  Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։ Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։ Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։ Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։  Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։  Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։ Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։ Նարեկ Մարտիրոսյան
15:45 - 19 դեկտեմբերի, 2021
Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում ասվում է․   «Վերջին օրերին սրվել են գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ գործադիր իշխանության միջև հարաբերությունները։ Հարցազրույցներից և հայտարարություններից ակներև է, որ այս հակադրության մեջ ակտիվորեն ներքաշվել են նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ականներ։   Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի մասը գործադիր և օրենսդիր իշխանությունների դրդմամբ նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Լուրեր են շրջանառվում, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամները, որոնք սատարում են Մարությանին, ենթարկվում են տարաբնույթ ճնշումների․ նրանց սպառնում են, ստիպում հանդես գալ քաղաքապետի դեմ կամ մանդատը վայր դնել։   Սույն իրավիճակը կտրուկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանության տարանջատման սկզբունքին, հակասում է պետական հաստատությունների իրավասությունների և պարտավորությունների տարանջատմանը։   Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն լրջագույն թերացումներ է նկատել քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության (կամ անգործության) մեջ․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ֆիզիկայի գիտավանի կառուցապատման և մի շարք այլ դեպքերում քաղաքապետարանի գործունեությունը կարելի է գնահատել բացասական։ Միաժամանակ արժի նշել, որ այդ դեպքերում նույնպես ակներև է գործադիրի կողմից քաղաքի կառավարմանն անհարկի միջամտությունը։ Նաև անընդունելի են Մարությանի կադրային քաղաքականության մի շարք դրսևորումներ, մասնավորապես՝ քաղաքային պլանավորմանը (քաղաքաշինությանը) առնչվող որոշ նշանակումներ։   Չնայած այս թերացումներին, կոմիտեն համարում է, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն նման ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ, քանի որ վերջիններս արդար կերպով ընտրվել են Երևանի համայնքի կողմից։ Կոչ ենք անում կառավարությանը և օրենսդրին չսրել իրավիճակը:   Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք աչալուրջ լինել և խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,-ասված է հայտարարության մեջ։ 
13:47 - 19 դեկտեմբերի, 2021
Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։ Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։ Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար: Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։ Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։ Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։ Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։ Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։  Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։  Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։ Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
18:22 - 18 դեկտեմբերի, 2021
Փորձ է արվել տապալել 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը․ ավագանու առանձին անդամներն ու «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր կերպ են մեկնաբանում

Փորձ է արվել տապալել 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը․ ավագանու առանձին անդամներն ու «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր կերպ են մեկնաբանում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանը, Իզաբելլա Աբգարյանը, ավագանու մանդատն օրերս վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառումներով հանդես եկան, որոնցում խոսում էին այս տարվա փետրվարին քաղաքապետարանում կազմակերպված մի սաբոտաժի մասին, որով փորձ է արվել տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Վահե Գեւորգյանը գրառմամբ հայտնել է, որ 211 նոր ավտոբուսների գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին, սակայն նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել՝ ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի եւ նոր ավտոբուսների գնումը տապալվի․ «Դա կնշանակեր, որ երեւանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլև այն ժամանակ նաեւ կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձը արվում է՝ ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միեւնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետեւ ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ»,- գրել է Գեւորգյանը՝ նշելով, որ, նիստն, այնուամենայնիվ, մեծ ջանքերի շնորհիվ կայացել է, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, ավագանու որոշ անդամների հետ հատ-հատ հաշվել են՝ քանի հոգի է նիստին մասնակցելու․ «Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։ Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երեւան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։ Հարգելի երեւանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական եւ կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»,- եզրափակել է ավագանու անդամը։ Գրիգոր Երիցյանը եւս նշել է, որ այս տարվա փետրվարին խմբակցությունը փորձել է տապալել քաղաքապետի մեկնարկած՝ 211 նոր ավտոբուսների գնման գործընթացը՝ քվորում չապահովելու միջոցով սաբոտաժի ենթարկելով ավագանու նիստը․ «Այնուամենայնիվ, քաղաքապետի եւ ավագանու մի քանի անդամների մեծ ջանքերի շնորհիվ նիստը կայացավ եւ որոշումն ընդունվեց։ Երբ ավտոբուսները սկսեցին Երեւան հասնել, սաբոտաժի մասնակիցները, իրար հերթ չտալով, փորձեցին այս գնումը վերագրել հենց կառավարող խմբակցությանը»,- գրել է Երիցյանը՝ հավելելով, որ այս սաբոտաժի փորձը ավելի խորացրեց քաղաքապետի եւ կառավարող խմբակցության միջեւ ճգնաժամը։ Իզաբելլա Աբգարյանն էլ գրել է, որ նիստի նախօրեին իրեն է զանգահարել քաղաքապետը եւ խնդրել հաջորդ օրը ներկա լինել նիստին, քանի որ այն փորձելու են տապալել․ «Նիստի նախօրեին զանգեց Հայկը... Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երեւանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում․․․»։ Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը: Հալալ էր նաեւ ԲՀԿին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին: Երեւանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարեւոր «Իմ քայլի» համար,- գրել է Աբգարյանը: Իզաբելլա Աբգարյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փետրվարին տեղի ունեցած այդ արտահերթ նիստով պետք էր շտապ հաստատել ավտոբուսների գնման համար գումար տրամադրելու հարցը, որպեսզի հնարավոր լիներ ավտոբուսները ժամանակին ստանալ։ «Ինչպես գրել եմ՝ փաստորեն, նիստի նախօրեին տեղի էր ունեցել պլանավորված սաբոտաժ, եւ աշխատանք էր տարվել հենց «Իմ քայլի» ներսում, որպեսզի մի խումբ պարզապես չգրանցվի, քվորում չլինի։ Դա էր, որ քաղաքապետին հայտնի էր դարձել, շատ քիչ ժամանակ կար, դրա համար էր ուշ երեկոյան զանգահարել»,- ասաց Աբգարյանն ու նշեց, որ իր համար տարօրինակ չէր, քանի որ տեղյակ էր՝ սաբոտաժներ պարբերաբար լինում էին, բայց դրանք չէին հասնում նիստերի դահլիճ․ «Այս անգամ իրենց կարծես հաջողվելու էր, եւ, բառիս բուն իմաստով, եթե ես, օրինակ, ներկա չլինեի, չէինք կարողանալու գնել ավտոբուսները՝ ուղիղ մեկ ձայն տարբերությամբ»,- ասաց Աբգարյանը՝ նշելով, որ քվեարկության ժամանակ ավագանու անդամներն ուղղակի դուրս էին եկել նիստերի դահլիճից։ Թե ինչ շրջանակներից են փորձել սաբոտաժ անել, ինչ անուններ կարող է հնչեցնել, նա հիշեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն իրեն ասել է՝ սրանք վատ ավտոբուսներ են, Տիգրան Ավինյանն ասել է՝ մի քիչ համբերեն, նոր ավտոբուսներ կգնեն․ «Տեսաք, վերջերս կառավարության նիստին Երեւանի համար վարկ վերցվեց, որպեսզի Երեւանի համար իսկապես ավելի բարձր դասի ավտոբուսներ գնվեն։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ եթե վարկի հնարավորությունը կար, ինչո՞ւ ավելի վաղ չէին վերցնում վարկը, հետո՝ մենք հասկանում էինք՝ բացի ծանր ձմեռից, որ սպասվում էր Երեւանցիներին, կար նաեւ մեկ այլ բան․ շարժակազմը հասել էր կրիտիկական վիճակի, տրանսպորտը կաթվածահար էր լինելու»։ Մեր զրուցակիցը հիշեց՝ բոլոր մեծ նախագծերը՝ մետրոյի կայարան, ճոպանուղի, երբ քաղաքապետարանից գնում էին կառավարություն, այնտեղ դրանց կուրացիայով զբաղվում էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Ես հիմա իրավունք ունեմ կասկածելու, որ հատուկ էին տապալվում Երեւանի այդ մեծ գնումները, որոնց երեւանցիներն այդքան սպասում էին, եւ Հայկ Մարությանն անընդհատ հայտնվում էր հարվածների տակ, թե՝ ասացիր, չարեցիր։ Արթուր Մեսչյանին էին մեղադրում մարդիկ ու ծաղրում, թե՝ ինչ եղավ մետրոն, այնինչ Մեսչյանն իր հասանելիքն արել էր, ամբողջ նախագծերը կային»։ Ըստ Աբգարյանի՝ այն, որ Մարությանը փորձում էր ինքնուրույն կառավարել քաղաքը, դուր չէր գալիս կենտրոնական իշխանությանը․ «Կենտրոնական իշխանությունը ձգտել է՝ ամեն տեղ ինքը կառավարի, դա ուղիղ միջամտություն էր՝ ՏԻՄ աշխատանքին, բայց Հայկ Մարությանը ենթարկվող տեսակ չէ, Մարությանն ունի իր պատկերացումները, նա չի կատարում կուսակիցների որոշումները, եթե գտնում է, որ այդ որոշումները երեւանցիների ու Երեւանի շահերից չեն բխում։ Նա բազմիցս «հանդգնել» է մերժումներ տալ տարբեր մարդկանց, արդյունքում հայտնվել է այդ աննախանձելի վիճակում»,- ասաց Աբգարյանը։ Վերջինս, խոսելով այն մասին, որ «Իմ քայլն» իր հայտարարություններում հիմնական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ քաղաքապետը չի համագործակցում խմբակցության հետ, նշեց, որ իրականում ավագանու խմբակցությունն ամուր հենարան չի եղել քաղաքապետին․ «Եվ քաղաքապետին շատ դժվար է եղել աշխատել, որովհետեւ մի կողմից գիշերներ էր լուսացնում, որ խնդիրներ լուծի, մյուս կողմից՝ ինտրիգներ, խժդժություններ՝ հենց իր խմբակցության ներսում, իր հանդեպ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս գրառումներից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ չնայած Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ), այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել եւ «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները․ «Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երեւանի համար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ»,- ասված է հայտարարության մեջ՝ նշմամբ, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը․ «Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։ Հայարփի Բաղդասարյան
15:04 - 18 դեկտեմբերի, 2021
Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը

Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինքն ու խմբակցության անդամ Պավել Մազմանյանի ստորագրել են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը։ Տեղեկությունը հերքում է նաև Սիփան Ասատրյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)։ Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։ Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների»։ Այս լուրն ի սկզբանե տարածել irakanum. am կայքը՝ հղում անելով իր տեղեկություններին։ Կայքը գրել էր, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին միացել են ավագանու 65 անդամից 43-ը՝ հրապարակված ցանկում նշելով նաեւ Պավել Մազմանյանի եւ Սերգեյ Սարգսյանի անունները։ Հետագայում, սակայն, կայքն այս անուններն այդ ցուցակից հանել է։ Այս լուրն արտատպել են նաեւ news.am, armdaily.am, yerkir.am , armday.am կայքերը, որոնք, սակայն տեքստը չեն խմբագրել, Պավել Մազմանյանի ու Սերգեյ Սարգսյանի անունները չեն հանվել ցուցակից։
13:46 - 18 դեկտեմբերի, 2021
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Երիցյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստրոև․ «Սիրելի երևանցիներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում: Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»։
18:12 - 17 դեկտեմբերի, 2021